ՀՀ-ն և Ադրբեջանը խաղաղության պայմանագրի գլխավոր հարցերի շուրջ շարունակում են տարաձայնություններ ունենալ. Ռուբինյան
 |tert.am|
16:33 - 26 հունիսի, 2023

ՀՀ-ն և Ադրբեջանը խաղաղության պայմանագրի գլխավոր հարցերի շուրջ շարունակում են տարաձայնություններ ունենալ. Ռուբինյան |tert.am|

tert.am: Խաղաղության նախատեսվող պայմանագրի համար Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են գլխավոր հարցերի շուրջ տարաձայնություններ ունենալ:

Այս մասին հայտարարեց Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ասուլիսում՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հունիսի 27-ին նախատեսվող բանակցություններից ակնկալիքներին:

«Ակնկալում ենք առաջընթաց: Հայաստանի դիրքորոշումն այն է, որ մենք ուզում ենք ունենալ խաղաղության պայմանագրի այնպիսի տեքստ, որը կբխի մեր շահերից և հնարավոր կլինի ստորագրել: Բնականաբար, գործընթացը բարդ է, կան հարցեր, որոնց շուրջ կան տարաձայնություններ: Կան նաև հարցեր, որոնց շուրջ արդեն կան համաձայնություններ: Բայց գլխավոր հարցերի շուրջ շարունակում են մնալ տարաձայնություններ»,-ասաց Ռուբինյանը:

Ակնկալիքն այն է, որ հնարավոր կլինի ևս մի քանի քայլով մոտեցնել դիրքորոշումները:

Ռուբինյանը չի կարծում, թե ապաշրջափակման համատեքստում ինքնիշխանության և իրավազորության վերաբերյալ համաձայնություն չկա: «Ես տպավորություն ունեմ, որ այդ կետով համաձայնություն կա: Այլ հարց, որ այդ համաձայնությունը դեռ չի ֆիքսվել թղթի վրա, հուսով եմ, որ կֆիքսվի»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահը հավելեց՝ Հայաստանին պետք է ունենալ իր շահերից բխող խաղաղության պայմանագիր հնարավորինս արագ: Հայկական կողմի համար կան ամենասկզբունքային, ամենակարևորն երեք կետեր:

«Առաջինը՝ կոնկրետ քարտեզ դնել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմքում: Երկրորդը՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումն է, որը կարծում ենք, որ պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմով: Երրորդը՝ երաշխիքների ինստիտուտն է»,-ասաց Ռուբինյանը:

Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, օրինակ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խախտվել է: ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ այդ հայտարարության մեջ դժվար է գտնել մի կետ, որ Ադրբեջանը չի խախտել: Հետևաբար` շատ կարևոր է, որ որոշակի միջազգային երաշխիքներ լինեն, որ այդ պայմանագիրը կյանքի կոչվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել