armeniasputnik.am: Հայաստանից «մոլորված զինծառայողներ» (ինչպես Շառլ Միշելն է ձևակերպել) Ադրբեջանում չկան, և վերջերս ՀՀ սահմանը հատած ադրբեջանիներին ևս չի կարելի անվանել մոլորվածներ։ Հետևաբար հնարավոր է՝ այդ երկու ադրբեջանցի զինծառայողները փոխանակվեն Ադրբեջանում պահվող հայ մի քանի ռազմագերիների հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Միջազգային կառույցներում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
Մայիսի 14-ին Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն ևս մի քանի ձերբակալվածներ։ Նա ընդգծել է, որ խոսքն այն զինվորների մասին է, որոնք պարզապես մոլորվել և անցել են մյուս կողմը։
«Կան պատերազմում գերեվարվածներ, նոյեմբերի 9-ի հայտարարությանը հաջորդող օրը առևանգվածներ, և, իհարկե, Ադրբեջանի կողմից մոլորեցման և այլ շրջափակման արդյունքում Խծաբերդում գերեվարվածներ։ Զինծառայող, որը մոլորվել է և հատել սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանի զինված ուժերի հսկողության ներքո, նման անձինք հայտնի 33 անձանց մեջ չկան»,- ասաց նա։
Սահակյանն ընդգծում է՝ ՀՀ սահմանը հատած 2 ադրբեջանցի զինծառայողներին էլ չի կարելի համարել մոլորված, քանի որ դա կլինի փաստերի խեղաթյուրում։
«Մենք ունենք նաև դրա արատավոր նախադեպը, երբ ադրբեջանցի երկու դիվերսանտ, որոնք դատապարտվել և պատիժը կրում էին Շուշիում, փոխանակվեցին հայ ռազմագերիների հետ։ Եվ կարծում եմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունն էլ նպատակային լայն ձևակերպում էր տվել՝ գերիներ, պատանդներ, անազատության մեջ պահվող այլ անձինք, իսկ անազատության մեջ պահվող անձանց մեջ ներառվում են նաև պատժի կրման նպատակով անազատության մեջ գտնվողները։ Հիմա ես տեսնում եմ դրա նախադրյալները և քաղաքական պայմանավորվածությունների գոյության պարագայում, անպայման, նման գործարքներ կարող են լինել»,- ասում է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)