Եղել է ըմբռնում, որ պահվող անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում․ ԵՄ խորհրդի նախագահ
21:57 - 14 մայիսի, 2023

Եղել է ըմբռնում, որ պահվող անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում․ ԵՄ խորհրդի նախագահ

Եվրամիությունը չունի գաղտնի օրակարգ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելը՝ ամփոփելով այսօր՝ մայիսի 14-ին, Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը՝ իր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։

«Մեր նպատակն է նպաստել կողմերի միջև համապարփակ խաղաղության ձեռքբերմանը»,- ասել է նա՝ հավելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղություն հաստատել։

Միշելը նշել է, որ գնահատում է այդ ջանքերը․ «Միասին մենք դիտարկեցինք մեր օրակարգի բոլոր հարցերը։ Խաղաղության պայմանագրի շուրջ ԱՄՆ-ում վերջերս անցկացված դրական բանակցություններից հետո անհրաժեշտ է պահպանել ձեռք բերված խթանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ վճռական քայլեր անելու ուղղությամբ»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով գերիների ազատ արձակման թեմային՝ Եվրոպական խորհդրի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով նշել է, որ բանակցության մասնակիցների մոտ եղել է ըմբռնում, որ պահվող անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում։

«Զինծառայողները, որոնք պարզապես կորել են ու անցել մյուս երկրի կողմը, պետք է շարունակեն ազատ արձակվել արագացված ընթացակարգով»,- ասել է Միշելը։ 

Նույն ելույթի ժամանակ Միշելը նաև հայտարարել է, որ կողմերը հաստատել են՝ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ։

Ըստ Միշելի՝ քննարկվել է «նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրը»։

ՀՀ վարչապետի աշխատակազմը ևս հաղորդագրություն է տարածել հանդիպման վերաբերյալ՝ նշելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հունիսի 1-ին Քիշնևում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել