Որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտի խաղաղության հնարավոր պայմանագիրը․ Մարուքյանի արձագանքը՝ միջազգային հանրության կոչերին |armenpress.am|
16:42 - 25 ապրիլի, 2023

Որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտի խաղաղության հնարավոր պայմանագիրը․ Մարուքյանի արձագանքը՝ միջազգային հանրության կոչերին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու մասին միջազգային հանրության կոչերին՝ կասկած հայտնելով, որ Ադրբեջանը կպահպանի խաղաղության հնարավոր պայմանագրի դրույթները։

Մարուքյանը իր կասկածները հիմնավորում է այն փաստով, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, իսկ բոլորովին վերջերս էլ, հերթական անգամ կոպտորեն խախտելով եռակողմ հայտարարությունը, անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում։ Մարուքյանը հարց է բարձրացնում՝ արդյոք կողմերին խաղաղության կոչեր հնչեցնող երկրները պատրա՞ստ են երաշխավորել Ադրբեջանի կողմից հնարավոր պայմանագրի կատարումը։

«Խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը, ինչպես նաև ԵՄ-ն իրենց մտահոգությունն են հայտնել այս առնչությամբ։

Հետաքրքիր է, որ բոլոր այս երեկ երկրները և Եվրոպական Միությունը կողմերին կոչ են անում համաձայնության գալու և խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Այստեղ կարևոր հարց է առաջ գալիս։ Եթե Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այդ դեպքում որո՞նք են Հայաստանի երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտելու նաև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը։

Միջազգային հանրության նույն անդամները՝ ԱՄՆ-ն Ֆրանսիան, Ռուսաստանը և Եվրոպական Միությունը պատրա՞ստ են երաշխավորել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի իրականացումը»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Մարուքյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։ 

Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը:

Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։

Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել