Կարծում եմ՝ ՌԴ-ն կոնկրետ գործողությունների կդիմի՝ վերացնելու եռակողմ հայտարարության դրույթի կոպիտ խախտումը. Արցախի ՄԻՊ |news.am|
10:28 - 25 ապրիլի, 2023

Կարծում եմ՝ ՌԴ-ն կոնկրետ գործողությունների կդիմի՝ վերացնելու եռակողմ հայտարարության դրույթի կոպիտ խախտումը. Արցախի ՄԻՊ |news.am|

news.am: Ադրբեջանը իր գործողությունները նախապես պլանավորված է իրականացնում, և ես տեսնում եմ, որ մի գործողություն անելուց հետո անցնում է մյուս գործոության, նաև տեղեկատվական ֆոն են ապահովում: Այս մասին news.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Կարող ենք նկատել նաև, որ Ադրբեջանի այս հանցավոր գործողություններում հստակ նաև սիմվոլիզմի տարրեր կան, և նրանք իրնեց տարբեր գործողություններ իրականացնում են մեզ համար կարևոր ամսաթվերին, մեզ համար կարևոր օրերից առաջ կամ հենց այդ օրերին և այս առումով կարող ենք չբացառել, որ հենց միտումնավոր էր ընտրված ապրիլի 23-ը՝ մեզ համար այս կարևոր օրվանից առաջ»,- նշեց նա:

Ստեփանյանի համոզմամբ հիմնական քննարկումները ընթանում են ռուսական կողմի և Ադրբեջանի միջև. «Որովհետև ի վերջո եռակողմ արձանագրության մեջ հստակ ամրագրված է, որ միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերհսկողության ներքո, և Ադրբեջանի այս քայլն ուղիղ խախտում է միջանցքի եռակողմ հայտարարությամբ ամրագրված կարգավիճակը. և ըստ այդմ էլ պատասխան գործողությունը կամ պատասխան քայլը պետք է հետևի ռուսական կողմից: Այսօր տեսանք նաև, որ ՌԴ արտգործնախարարության կողմից եղավ հայտարարություն այս առիթով, բայց իմ կարծիքով, եթե այլ դերակատարների, օրինակ ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի կողմից մտահոգության արտահայտումը ինչ-որ տեղ կարող է հասկանալի լինել, որովհետև նրանք ներկայացված չեն տեղում, չունեն համապատասխան մեխանիզմներ գործարկելու, ապա Ռուսաստանի դեպքում բավարարվել միայն մտահոգություն արտահայտելով այնքան էլ ճիշտ չէ, և կարծում եմ՝ Ռուսաստանը խաղաղապահ առաքելության հեղինակությունն ու արդյունավետությունը ապահովելու համար կոնկրետ գործողությունենրի կդիմի վերացնելու եռակողմ հայտարարության դրույթի այս կոպիտ խախտումը: Այլապես կստացվի, որ Ադրբեջանը ամեն անգամ կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարության այս կամ այն դրույթը, օրինակները շատ են՝ սկսած Խծաբերդի, Հին Թաղերի, Քարագլխի դեպքերից և վերջացրած այս շրջափակմամբ և անցակետի տեղակայմամբ»:

Ստեփանյանը հույս հայտնեց, որ առաջիկա օրերին ավելի հստակություն կլինիի այս հարցում, և իրենց ակնկալինքն այն է, որ ՌԴ-ն՝ որպես եռակողմ հայտարարության երաշխավոր, հստակ գործողությունների կգնա Ադրբեջանին սանձելու համար:

«Պարզ է այն, որ ունենք իրավիճակ, որտեղ միջազգային հանրությունը, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունը հստակ գործողություններ չեն ձեռնարկում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Սա այն իրավիճակն է, որում մենք ապրում ենք և փոխադարձ պառակտվածության փոխարեն փորձենք մեր ձայնը բոլոր դերակատարներին հասանելի դարձնենք, պահանջել բոլոր դերակատարներից իրենց աջակցությունը տրամադրել հայ ժողովրդին»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։ 

Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը:

Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։

Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել