Ադրբեջանի ՊՆ-ն Շուշիի շրջանում ականի պայթյունի համար մեղադրում է հայկական կողմից, Բեգլարյանը նշում է՝ անտրամաբանական է մեղադրանքը․ տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ է
20:40 - 22 ապրիլի, 2023

Ադրբեջանի ՊՆ-ն Շուշիի շրջանում ականի պայթյունի համար մեղադրում է հայկական կողմից, Բեգլարյանը նշում է՝ անտրամաբանական է մեղադրանքը․ տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ է

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, թե Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով 3 ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։ Գերատեսչությունը հայկական կողմին «կանխամտածված սադրանքի» մեջ էր մեղադրել՝ նշելով, թե մեքենան պայթել է «ճանապարհի ուղղությամբ հայերի կողմից հատուկ տեղադրված ականի վրա»։

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը նշում է, որ այդ հատվածը Ադրբեջանի վերահսկողության տակ է գտնվում, և անտրամաբանական է ասելը, որ ականները նոր և միտումնավոր են տեղադրված։ Նրա խոսքով այդ տարածքում մարտեր են եղել և՛ 1990-ականներին, և՛ 2020-ին, և հնարավոր չէ ասել, թե ով է ականապատել այնտեղ։ Ավելին, երբ այս տարածքը մեր վերահսկողության տակ էր, մեր հովիվներից մեկն էլ ականի վրա էր հարվածել։ Ուստի չեմ բացառում, որ այդ ականները ժամանակին իրենք են դրել ադրբեջանցիները։

Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, թե «կատարվածի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։ Բեգլարյանն ի պատասխան նշում է․ «Ի՞նչ կապ ունի ՀՀ-ն, եթե այդ վայրը Արցախի տարածքում է, և բոլոր ճանապարհները փակված են Ադրբեջանի կողմից, ինչը նշանակում է, որ մի քանի ամիս է՝ Հայաստանից ցանկացած մուտք անհնար է»։

«Ադրբեջանի մեղադրանքներից ու պնդումներից զգացվում է, որ նրանք փորձում են լրացուցիչ պատճառներ ստեղծել նոր սադրանքների և ագրեսիաների համար, մինչդեռ արցախյան կողմը պահպանում է հրադադարը և միշտ պատրաստ է քննարկել և լուծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը, այդ թվում՝ շրջափակման վերացումն ու երկկողմանի ականազերծումը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել