ՀՀ-ն որևէ կերպ չի փորձում օժանդակել ՌԴ-ին՝ շրջանցելու սանկցիաները. Մենք դա բացատրում ենք ԱՄՆ գործընկերներին. Քերոբյան
 |news.am|
11:38 - 21 ապրիլի, 2023

ՀՀ-ն որևէ կերպ չի փորձում օժանդակել ՌԴ-ին՝ շրջանցելու սանկցիաները. Մենք դա բացատրում ենք ԱՄՆ գործընկերներին. Քերոբյան |news.am|

news.am: Բազմաթիվ պարբերականներում հրապարակումներ լինում են, թե ՌԴ-ն շրջանցում է պատժամիջոցները՝ այդ թվում նաև Հայաստանի օգնությամբ, բայց պետք է նկատի ունենալ, որ դրա գլխավոր շարժառիթն այն է, որ Հայաստանը ՌԴ-ի հետ գտնվում է նույն մաքսային և տնտեսական գոտում, ինչը նշանակում է, որ ապրանքների տեղաշարժը երկրների միջև ազատ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Բնականաբար, այդ մտահոգությունը փարատելու համար մենք խոսում ենք մեր ամերիկյան և եվրոպացի գործընկերների հետ, բացատրում ենք, թե որ ապրանքատեսակների առևտրի հիմքերը որոնք են և արդյո՞ք մենք չենք խախտի ԵԱՏՄ պայմանագիրը։ Կարողանում ենք, ըստ էության, բացատրել, որ այն գործողությունները, որ անում են ՀՀ ընկերությունները, նպատակ չունեն Հայաստանը երկրորդային սանկցիաների տակ գցելու, այլ բխում են մեր երկրի տնտեսական և աշխատանքային շահերից», - ասաց Քերոբյանը։

Նա նշեց, թե որևէ կերպ չեն փորձում օժանդակել սանկցիաների շրջանցումը՝ ռուս գործընկերների կողմից. «Այսինքն մենք մեր աշխատանքով փորձում ենք պահպանել ԵԱՏՄ պայմանագրի դրույթները, միաժամանակ ապահովելով որ ՀՀ ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ։ Դա չի նշանակում, որ բացառված չի դա։ Դուք տեսնում եք, որ մի քանի ընկերություններ կան, որոնք արդեն սանկցիաների տակ են ընկել։ Բայց դա այդ ընկերությունների ռիսկն է: Մենք մեր մաքսային, բանկային եւ այլ գործիքակազմով փորձում ենք մաքսիմալ ապահովել մեր երկրի ընկերությունների՝ սանկցիաների տակ չընկնելը», - հայտարարեց նախարարը։

Նա հավելեց, որ Հայաստանը նաեւ հետամուտ է իր տնտեսական շահերը պաշտպանելուն եւ դա կարողանում են պատշաճ ձեւով բացատրել ամերիկյան եւ եվրոպացի գործընկերներին:

Հարցին, թե արդյոք Հայաստանին չեն պարտադրում, որ որոշակի ապրանքների, մասնավորապես, չիպերի ներկրումներ ու արտահանումներ չարվեն, քանի որ չիպերի, պրոցեսորների ներկրումը անգամներով աճել է Եվրոպայից, ԱՄՆ-ից, որոնց 97 տոկոսն արտահանվում է ՌԴ, Քեռրոբյանն արձագանքեց. «Եթե խոսենք ոչ թե տոկոսային, այլ թվային արտահայտությամբ, ապա դա այնքան աննշան է, որ դրա մասին անհանգստանալու հարց չկա: Միաժամանակ մենք փորձում ենք ճշգրտորեն լսել՝ մեզ ինչ են ասում ամերիկյան գործընկերները եւ ռիսկային զոնա չմտնել:

Մինչ այժմ մեր արած աշխատանքը տալիս է ճիշտ արդյունքը. այն է՝ մի կողմից մենք կարողանում ենք ապահովել բարձր երկնիշ տնտեսական աճ, մյուս կողմից ապահովել այն, որ ՀՀ-ի, որպես երկրի բանկային և տնտեսական համակարգը որևէ երկրորդային հարվածների տակ չընկնի։ Մենք միաժամանակ նայում ենք մեր ԵԱՏՄ գործընկերներին, որովհետև իրենց նկատմամբ պարտավորությունները ևս պետք է ըստ պայմանագրային հարաբերությունների պահպանենք, և հանկարծ այնպես չստացվի, որ որոշակի դժվարություններ ստանանք նաև այդ ուղղությունից։ Այնպես որ սա բալանսավորված աշխատանք է, և կարող եմ ասել, որ մեծ թիմ է աշխատում և անընդմեջ է աշխատում։ Նպատակն է ապահովել մեր երկրի տնտեսական անվտանգությունը և տնտեսական շահերը»,- ասաց Վահան Քերոբյանը։

Ըստ The New York Times-ի հոդվածի՝ Ուկրաինայում սկսված պատերազմից հետո Ռուսաստանը Հայաստանի և Ղազախստանի օգնությամբ սկսել է  մի շարք ռազմական ապրանքներ ներմուծել՝ շրջանցելով պատժամիջոցները։ Գրել է պարբերականը՝ անդրադառնալով ԱՄՆ առևտրի նախարարության աշխատակիցների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությունների ընթացքում ներկայացված նյութերին։  «2022թ․ նախորդ տարվա համեմատ ԱՄՆ-ից չիպերի և պրոցեսորների ներմուծումը Հայաստան տարեկան կտրվածքով աճել է 515 %-ով, իսկ ԵՄ երկրներից այն կազմել է 212% (2021 թ.-ի համեմատ): Հայաստան ներմուծված չիպերի և պրոցեսորների 97 %-ն այնուհետ վերաարտահանվել Ռուսաստան»,- պնդում է թերթը՝ ընդգծելով, որ «ներմուծվող սարքավորումները կարևոր նշանակություն ունեն ռուսական ռազմական արդյունաբերության, մասնավորապես՝ հրթիռների արտադրության համար»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել