«ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում, որ Ադրբեջանը նույնը կանի». Նիկոլ Փաշինյան
 |armtimes.com|
12:52 - 18 ապրիլի, 2023

«ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում, որ Ադրբեջանը նույնը կանի». Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ՝ առանց երկիմաստությունների և որոգայթների միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն և պարտավորվեն այսօր և երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել»:

Այս մասին այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի մեղադրանքներին, թե Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները։

Ըստ նրա՝ իրականում Ադրբեջանի նախագահի հետ այս մասին պայմանավորվել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում, ինչը արձանագրվել է համապատասխան հրապարակային հայտարարություններով:

«Այսուհանդերձ թե՛ Երևանից, թե՛ Բաքվից հնչում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով դիմացի կողմը մեղադրվում է պայմանավորվածությունները չպահելու համար»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում, որ Ադրբեջանը նույնը կանի՝ հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետությունը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանի այն պնդումները, թե խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանը հրաժարվում կամ հրաժարվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել, ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում, և հնարավոր է ապացուցել:

«Մենք ինքներս ենք առաջարկել, որ պայմանագրին կցվեն հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք: Բայց այստեղ է, որ հասնում ենք ամենամեծ ու ամենաբարդ խնդրին՝ Լեռնային Ղարաբաղին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ կա մի նրբություն, որը, ըստ էության, վերջին 16 տարվա ընթացքում խիստ հրատապ է եղել, բայց դրան այդպես էլ անդրադարձի չի եղել. «Խնդիրն այն է, որ մենք սովորաբար անդրադարձ ենք կատարել ԼՂ ապագային, բայց կարևոր էր և կարևոր է հակամարտության գոյության ողջ ընթացքում որևէ պահի ԼՂ իրավիճակի հարցին նույնպես անդրադառնալ»:

 

Լուսանկարը՝ ՀՀ վարչապատի աշխատակազմի / ԱԺ-կառավարություն հարցուպատասխան, 13․04․2023


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել