Մարտերի դադարեցման համար որևէ միջնորդություն չի եղել․ Արմեն Խաչատրյան
12:19 - 12 ապրիլի, 2023

Մարտերի դադարեցման համար որևէ միջնորդություն չի եղել․ Արմեն Խաչատրյան

Այդտեղ բանակցություններ են անընդհատ ընթանում։ [Ադրբեջանցիները] եկել, պահանջել են, որ մերոնք ինժեներական աշխատանքները դադարեցնեն կամ նման մի բան, մերոնք էլ պատասխան են տվել ըստ արժանվույն։ Պատասխանից էլ մարտական գործողություններ են ծագել։ Բանակը իր առջև դրված խնդիրը հստակ կատարել է։ Մեր զինվորները երեկ Ադրբեջանի սանձարձակությանը արժանի պատասխան են տվել։ Այս մասին այսօր՝ Ազգային ժողովի հերթական նիստում հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ 

Մարտերի դադարեցման համար որևէ միջնորդություն չի եղել․ «Դադարեցվել է ՀՀ ուժային գերատեսչության համապատասխան ներկայացուցիչների ու նրանց ներկայացուցիչների միջև խոսակցությունների և բանակցությունների արդյունքում։ Հարցը էսպես ա դրվել՝ շարունակո՞ւմ ենք կռվել, զոհեր, վիրավորներ, դառնում է պատերազմ, էսկալացիա, թե՞ դադարեցվում է։ Հարցն էդպես է դրվում։ Դադարեցման մեջ վստահ եմ՝ մեծ դեր է ունեցել մեր բանակի՝ դիրքերում ամուր կանգնելը և պատասխան հարված տալը»։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: 

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։ 

Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։

Ապրիլի 12-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել