Ինֆոքոմ

ԱԺ-ն քննարկեց Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև նոր վարկային համաձայնագիր վավերացնելու հարցը

ԱԺ-ն քննարկեց Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև նոր վարկային համաձայնագիր վավերացնելու հարցը

Ազգային ժողովն այսօրվա նիստի ընթացքում քննարկեց ՀՀ-ի և և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2022 թ․-ի մարտի 15-ին և մարտի 18-ին ստորագրված պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը։ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը տեղեկացրեց, որ ծրագրի ընդհանուր գումարը 26 միլիոն 500 հազար եվրո է: Նրա խոսքով՝ այս ծրագրի նպատակն է աջակցել պետական կառավարման արդիականացմանը, քաղաքացիական ծառայության շարունակական բարեփոխումներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացմանը, ինչպես նաև մի շարք մի շարք էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման միջոցով։  Նախորդ երեք ծրագրերի շրջանակում ՊԵԿ-ում կատարված բարեփոխումների, ինչպես նաև չորրորդ ծրագրի շրջանակում սպասվող փոփոխությունների վերաբերյալ Մուրադյանին հարց ուղղեց  ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը։ «ՊԵԿ-ին հատկացվող գումարը ամենամեծն է, որովհետև մենք ամենամեծ ծավալի ծրագրերն ենք առաջարկել։ Հիմնական մի քանի ուղղություններ ունենք։ Ուղղություններից մեկը բջջային հավելածների զարգացումն է՝ հարկային և մաքսային ծառայությունների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման բնագավառում։ ՊԵԿ-ում մատուցվող ծառայությունների գերակշիռ մասը, եթե ոչ ամբողջը, իրականացվում են էլեկտրոնային հարթակում, սակայն առկա չեն բջջային հավելվածների միջոցով մատուցվող ծառայություններ, որը որոշակի խնդիրներ է ստեղծում»,- ասաց Մուրադյանը։
11:27 - 12 սեպտեմբերի, 2022
ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում

ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան իր թվիթերյան էջում անդրադարձել է Բաքվից հինգ հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան։ Նա, տարածելով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի գրառումը՝ գերիների վերադարձի վերաբրյալ, գրել է, որ սա իսկապես լավ նորություն է։ «Եվ կարևոր է, որ սա երկկողմ, առանց միջնորդների ջանքերի արդյունք էր: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, որոնք առանցքային են Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման համար»,- գրել է Կոլոմինան։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ ռազմագերի։ Եվրամիությունը և ԱՄՆ-ն ողջունել են հայ ռազմագերիների վերադարձը։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ընգծել էր, որ  հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների։
19:34 - 11 սեպտեմբերի, 2022
Բնակչության 42%-ի կարծիքով ՀՀ-ն գնում է սխալ ուղղությամբ․ ՄՀԻ սոցհարցման արդյունքները

Բնակչության 42%-ի կարծիքով ՀՀ-ն գնում է սխալ ուղղությամբ․ ՄՀԻ սոցհարցման արդյունքները

Հայաստանի բնակչության 42%-ի կարծիքով ՀՀ-ն գնում է սխալ ուղղությամբ, իսկ 31%-ի կարծիքով՝ ճիշտ ուղղությամբ։ Մինչդեռ 2021 թ․-ի հարցումներով 43%-ը կարծիք էր հայտնել, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է գնում, իսկ 20%-ը ասել էր, որ ՀՀ-ն սխալ ուղղությամբ է գնում։ Այս մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի 2022 թ․-ի հունիսին անցկացված սոցհարցման արդյունքները։ Պատասխանելով հարցին, թե քաղաքական որ գործչին կամ անձին են ամենաշատը վստահում, հարցվողները նշել են՝ Նիկոլ Փաշինյան՝ 16%, Ռոբերտ Քոչարյան՝ 3%, ոչ ոքի՝ 64%, այլ պատասխան՝ 8%: Հարցվածների 22%-ը խիստ դրական, 31%-ը որոշ չափով դրական կարծիք ունի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին։ 11%-ը որոշ չափով բացասական, իսկ 22%-ը խիստ բացասական կարծիք ունի Փաշինյանի մասին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասին խիստ դրական կարծիք ունի հարցվածների 8, իսկ որոշ չափով դրական կարծիք՝ հարցվածների 26%-ը։ 25%-ը որոշ չափով բացասական, իսկ 11%-ը խիստ բացասաբար է վերաբերվում Սիմոնյանին։Քաղաքական գործիչների վերաբերյալ հարցման արդյունքները՝ ավելի մանրամասն Այն հարցին, թե ո՞ր քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին ձայն կտային քաղաքացիները, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի օրը, քաղաքացիները նշել են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 25%, «Հայաստան» դաշինք՝ 6%, ՀՅԴ՝ 2%, ՀՀԿ՝ 1%, չի պատրաստվում քվեարկել հարցվածների 25%, ոչ ոքի՝ 15%: Նշենք, որ հարցումն իրականացվել է ՀՌԿԿ-Հայաստան-ի կողմից Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների հետազոտության կենտրոնի անունից։ Տվյալները հավաքագրվել են համակարգչի օգնությամբ իրականացվող հեռախոսային հարցազրույցների միջոցով (CATI) Հայաստանի տարածքում՝ 2022թ․-ի հունիսի 10-ից 21-ը։ Հարցվողների ընտրությունն իրականացվել է պատահականորեն գեներացված համարներին կատարվող զանգի միջոցով (RDD)՝  ըստ շուկայում հեռախոսային օպերատորների զբաղեցրած մասնաբաժնի։ Այն դեպքում, երբ հեռախոսահամարները պատահականորեն են կազմվել, բնակավայրի տիպի համար քվոտաներ են սահմանվել՝ հիմնված 2011թ․-ի մարդահամարի տվյալների վրա։ Դաշտային աշխատանքների երկրորդ կեսի ժամանակ բջջային օպերատների համար քվոտա է ավելացվել։
11:22 - 10 սեպտեմբերի, 2022
Թե ինչպես Նոբելյան մրցանակակիրը սկսեց համագործակցել արվեստագետների հետ՝ գիտությամբ չզբաղվողներին տիեզերքի մասին պատմելու համար

Թե ինչպես Նոբելյան մրցանակակիրը սկսեց համագործակցել արվեստագետների հետ՝ գիտությամբ չզբաղվողներին տիեզերքի մասին պատմելու համար

Քրիստոֆեր Նոլանի Interstellar ֆիլմը դիտելիս գուցե շատերս ենք մտածել այն երկրորդ անգամ դիտելու մասին, քանի որ դժվար է միանգամից հասկանալ ֆիլմի բոլոր գիտական դրվագները։  Թերևս քչերին է հայտնի, որ Interstellar-ն ունեցել է գիտական խորհրդատու․ խոսքը ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Քիփ Թորնի մասին է, որն անգամ գիրք է գրել, որտեղ բացատրել է ֆիլմի հիմքում ընկած գիտությունը։  Պրոֆեսոր Թորնը թիմակիցների հետ 2017-ին Նոբելյան մրցանակ է ստացել գրավիտացիոն ալիքների ուսումնասիրության գործում վճռորոշ ներդրում ունենալու համար։ Լիա Հալլորանը և Քիփ Թորնը Այս օրերին անցկացվող «Սթարմուս» փառատոնի շրջանակում Քիփ Թորնը Հայաստանում է։ Վերջինիս հետ Հայաստան է եկել նաև նկարիչ, արվեստագիտության դոցենտ Լիա Հալլորանը, որի հետ Թորնը համագործակցում է արդեն 12 տարի։ Նրանք այսօր Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հրապարակում (Ֆիզգորոդոկ) բաց դասախոսություն ունեցան, որի ընթացքում պատմեցին սև խոռոչների և իրենց համատեղ նախաձեռնության մասին։ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը ողջունեց ներկաներին, որոնց թվում կային նաև դպրոցականներ, այնուհետև սկսվեց դասախոսությունը։ Անի Ապրահամյանը Պրոֆեսոր Քիփ Թորնը նշեց, որ ինքը մոտ կես դար կենտրոնացած է եղել տիեզերքի աղավաղված կողմի (the warped side of the universe) ուսումնասիրության վրա, մասնավորապես՝ այնպիսի առարկաների և երևույթների, ինչպիսիք են սև խոռոչները․ «70 տարեկանում սկսեցի աստիճանաբար անցում կատարել դեպի նոր կարիերա՝ համագործակցելով արվեստագետների հետ, որ գիտությամբ չզբաղվողներին պատմեմ տիեզերքի աղավաղված կողմի հրաշքների մասին: Այդ համագործակցությունները ներառում են Interstellar ֆիլմը, մի քանի բազմամիլիարդանոց համերգներ, նախորդ «Սթարմուս» փառատոնները»։ Պրոֆեսոր Հալլորանն էլ պատմեց, որ դեռ դպրոցական տարիքում մայրն իրեն նվիրել է Քիփ Թորնի գրքերից մեկը, որը փոխել է իր պատկերացումներն այն մասին, թե ինչպես է պետք նկարներում ներկայացնել տիեզերքի աղավաղված կողմը։ Տարիներ հետո նա ծանոթացել է Քիփ Թորնի հետ, և այդպես սկսվել է նրանց համագործակցությունը։  Երկու տարբեր ոլորտների պրոֆեսորները սկսել են միասին գիրք ստեղծել, որտեղ ամեն մեկն իր տեսանկյունից պատմել է տիեզերքի շատերիս անծանոթ կողմի մասին․ Քիփ Թորնը գրել է, Լիա Հալլորանը՝ նկարել։ Պրոֆեսոր Թորնը նաև որոշել է իր տեքստը չափածո դարձնել, և այդպես նրանց 12 տարվա համատեղ աշխատանքը՝ «Մեր տիեզերքի աղավաղված կողմը» (The Warped Side of Our Universe), դարձել է տիեզերքի մասին պոեզիայով ու նկարներով պատմող գիրք։ Գիրքը լույս կտեսնի հաջորդ տարի, իսկ մինչև այդ Հայաստանում դասախոսությանը ներկա գտնվող մարդիկ հնարավորություն ունեցան գրքից պատառիկներ վայելելու։ Հեղինակներն ընթերցեցին հատվածներ, ինչպես նաև ցուցադրեցին պրոֆեսոր Հալլորանի նկարներից մի քանիսը։ Պրոֆեսոր Թորնը նշեց, որ ներկաներն իրենց գրքի առաջին մեծ լսարանն են։ «Հեռու-հեռո՜ւ մի համաստեղությունումԵրկու պտտվող սև խոռոչ պարում էին իրար շուրջ՝Պատռելով տարածության և ժամանակի գործվածքը։ Գրավիտացիոն ալիքներըԷներգիա էին քաշում խոռոչի ուղեծրից,Այդպիսով, խոռոչները պտտվեցին դեպի ներս՝Մթագնելով մեկը մյուսին, Դեպի վճռական բախում»,- հենց այսպես էր հնչում գիտությունը պոեզիայի լեզվով։ Դասախոսության ավարտին ներկաները նաև հարցեր տվեցին պրոֆեսորներին, լսեցին նրանց պատասխանները, դե իսկ վերջում բոլորով միասին դիտեցին Նոլանի հանճարեղ Interstellar-ը։ Աննա Սահակյան
23:19 - 09 սեպտեմբերի, 2022
Հյուսիսային Կորեան հաստատեց միջուկային պետության կարգավիճակը՝ հրաժարվելով ապամիջուկայնացման բանակցություններից

Հյուսիսային Կորեան հաստատեց միջուկային պետության կարգավիճակը՝ հրաժարվելով ապամիջուկայնացման բանակցություններից

Հյուսիսային Կորեայի Գերագույն Ժողովրդական Ժողովն ընդունել է «Միջուկային զենքի քաղաքականության մասին օրենքը», որն իրավաբանորեն հաստատել է միջուկային պետության կարգավիճակը։ ԿԺԴՀ-ն նաև ընդգծել է, որ չի բանակցելու ապամիջուկայնացման շուրջ, քանի որ միջուկային զենք ունենալը իր օրինական և անքակտելի իրավունքն է։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Ինչպես փոխանցում է TACC-ը, ուրբաթ հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Օրենքը պարունակում է կետեր միջուկային հնարավորությունների կառուցվածքի և հրամանատարության, նպատակների, դրանց օգտագործման պայմանների և համապատասխան որոշում կայացնելու կարգի վերաբերյալ։ Դրանում, մասնավորապես, նշվում է, որ ԿԺԴՀ-ն, լինելով «պատասխանատու միջուկային տերություն», միջուկային զենք չի փոխանցի այլ երկրներ, չի կիսի միջուկային տեխնոլոգիաները, սարքավորումները և դրանց արտադրության համար անհրաժեշտ նյութերը։ «Միջուկային ուժերը զեկուցում են բացառապես Պետական ​​խորհրդի նախագահին։ Միջուկային զենքի վերաբերյալ բոլոր որոշումները կայացնելու իրավունքը պատկանում է Պետխորհրդի նախագահին»,- ասվում է օրենքում։ Միջուկային ուժերի հետ կապված ցանկացած որոշում կայացնում է նաև երկրի ղեկավարը։ Միջուկային զենքի կիրառման պայմաններն են ԿԺԴՀ-ի դեմ միջուկային զենքի կիրառումը կամ սպառնալիքը, հարձակումը երկրի ղեկավարության վրա, այդ թվում՝ ոչ միջուկային զենքի կիրառմամբ, ռազմական հարձակումը ռազմավարական օբյեկտների վրա։ Փաստաթղթում առանձնահատուկ ընդգծվում է, որ նման հակահարված կհասցվի «ավտոմատ կերպով» սպառնալիքը հաստատող տվյալները ճշտելուց հետո։ Ելույթ ունենալով ԿԺԴՀ Գերագույն Ժողովրդական Ասամբլեայի նիստում՝ Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ միջուկային զենք ունենալը իր երկրի օրինական և անքակտելի իրավունքն է, ինչի կապակցությամբ Փհենյանը մտադիր չէ ապամիջուկայնացման շուրջ բանակցություններ վարել․ «Մենք մտադիր չենք հրաժարվել միջուկային զենքից, նոր օրենքը անհնարին է դարձնում ապամիջուկայնացման բանակցությունները»։ «Մենք չենք հրաժարվի ինքնապաշտպանության իրավունքից, որից կախված է երկրի գոյությունը, ժողովրդի և պետության անվտանգությունը, որքան էլ որ իրավիճակը բարդ լինի, որքան էլ բարդ լինի քաղաքական ու ռազմական իրավիճակը կորեական թերակղզում, մենք չենք կարող հրաժարվել միջուկային զենքից, քանի որ դա անհրաժեշտ է միջուկային պետություն ԱՄՆ-ին զսպելու համար»,- հավելել է Կիմ Չեն Ընը։ Նա նաև նշել է, որ երկիրն ամեն կերպ կամրապնդի միջուկային պատերազմի իր պատրաստվածությունը՝ շարունակելով դիվերսիֆիկացնել միջուկային զենքի կիրառման միջոցները, ընդլայնելով միջուկային մարտավարական գործողություններ իրականացնելու տարածքը և բարձրացնելով միջուկային ուժերի գործառնական արդյունավետությունն ու հուսալիությունը։ Հիշեցնենք, որ ապամիջուկայնացման շուրջ բանակցություններն ակտիվացել էին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։ 2018 թվականի հունիսին Սինգապուրում տեղի ունեցավ ԱՄՆ-ԿԺԴՀ առաջին գագաթնաժողովը, որի ավարտին ընդունվեց համատեղ փաստաթուղթ։ Այնուհետև Փհենյանը պարտավորվեց ապամիջուկայնացում Վաշինգտոնի անվտանգության երաշխիքների դիմաց: 2019 թվականի փետրվարին Հանոյում տեղի ունեցավ երկրորդ գագաթնաժողովը։ Թրամփն ու Կիմ Չեն Ընը մի քանի հանդիպումներից հետո, այդ թվում՝ դեմ առ դեմ, չկարողացան համաձայնության գալ և համատեղ փաստաթուղթ չստորագրեցին։ 2019 թվականի հունիսի 30-ին ԿԺԴՀ-ի և Կորեայի Հանրապետության սահմանին՝ ապառազմականացված գոտում, տեղի ունեցավ Թրամփի և Կիմ Չեն Ընի երրորդ հանդիպումը։ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին Միացյալ Նահանգների և ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները հանդիպեցին Շվեդիայում՝ աշխատանքային մակարդակով, սակայն այդ բանակցություններն ավարտվեցին առանց արդյունքի։ Դրանից հետո ԿԺԴՀ-ն կրկին շարունակել է բալիստիկ հրթիռների արձակումը։ Նաև 2022 թվականին հարավկորեական հետախուզությունը տվյալներ է տրամադրել հաջորդ միջուկային փորձարկմանը Փհենյանի հնարավոր նախապատրաստման վերաբերյալ։
10:04 - 09 սեպտեմբերի, 2022
4 սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը․ Իշխան Վահանյանի գործով հարցաքննվեցին սպայական կազմից վկաներ

4 սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը․ Իշխան Վահանյանի գործով հարցաքննվեցին սպայական կազմից վկաներ

#Կարճասած Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ վեց ժամից ավելի՝ մինչ ուշ երեկո, ընթացավ 44-օրյա պատերազմի ժամանակ  իշխանության անգործության եւ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործի քննությունը, որի ժամանակ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին սպայական կազմից առանցքային վկաներ։ Մասնավորապես, նույն գումարտակի ուսումնական վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը, ցուցմունք տալով, պատմեց, որ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին՝ Խուռհատ սարում թշնամու լայնածավալ հարձակման ժամանակ, երբ վիրավորներին օգնություն ցույց տալիս են եղել, Իշխան Վահանյանը, «վախ-վախ» կանչելով, ասել է, թե վիրավոր է, եւ վիրավորների մեքենա նստելով՝ հեռացել։ Արտաքինից, սակայն, վիրավորման մասին վկայող ոչինչ Գրիգորյանը չի տեսել։ Արձագանքելով նրա այս հայտարարությանը՝ Վահանյանը հայտարարեց, որ վկան ստում է․ հենց նա է իրեն գետնից բարձրացրել եւ օգնել մեքենա նստել։ Հայկազ Գրիգորյանը նաեւ հայտնեց, որ Վահանյանի գնալուց հետո, երբ արդեն շրջափակման մեջ են ընկել, չեն իմացել՝ որ ուղղությամբ գնալ, եւ արդյունքում, 200 հոգանոց անձնակազմը բաժանվել է 3 խմբի, եւ ոմանք սխալ ուղղությամբ են գնացել, ինչի հետեւանքով հետագայում զոհվել կամ գերեվարվել են։ Դատավարության մասնակիցների հարցին, թե ներկա 4 սպաներով ինչո՞ւ չեն կանխել զորքի ցաքուցրիվ լինելը, վկան պատասխանեց, որ իրավիճակն այնքան անկանոն էր, որ չեն կարողացել․ ամեն մեկը մի կողմ էր վազում, թաքնվում։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ վկայի խոսքերը հանցագործության տարրեր են պարունակում, եւ հորդորեց առանձին քրեական գործ հարուցել՝ խոստանալով հակառակ դեպքում հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։ Մյուս վկան՝ Գարիկ Վարդերեսյանը, պատմեց, որ դրանից օրեր առաջ Իշխան Վահանյանը վիրավորներին մարտի դաշտից հանելու իր առաջադրանքը լիարժեք չի կատարել, մի քանիսին վերցրել է եւ նրանց հետ միասին՝ գնացել հոսպիտալ, թեեւ ինքը նաեւ դրա թույլտվությունը չէր տվել։ Վկա Հարություն Մարտիրոսյանի խոսքով էլ՝ ինքը Վահանյանին նույն այդ հարձակման օրն է տեսել միայն․ վերջինս զանգել է իրենց, հանդիպել, իր մեքենայի բանալիները փոխանցել՝ խնդրելով հնարավորության դեպքում հանել այն Հադրութից։ Ըստ վկայի՝ Վահանյանը իրենց է փոխանցել նաեւ իր մոտ եղած ռադիոկապը, որի մեջ, ըստ Վահանյանի, լիցքավորում չի եղել։ #Մանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ երեկ՝ մինչեւ ուշ երեկո, շարունակվեց Պաշտպանության բանակի N զորամասի 5-րդ գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը, որն անցավ լարված մթնոլորտում։ Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ  անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ։ Նա կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։  Դատարանը ներկայումս վկաների հարցաքննության փուլում է։ Գործով շուրջ 40 վկա կա, որոնցից ընդհանուր առմամբ հարցաքննվել է 10–ը։ Ինչ վերաբերում է տուժողի իրավահաջորդներին, նրանց թիվը, ըստ գործի նյութերի, 15-ն է, սակայն ենթադրվում է, որ դատարանը նոր տուժողներ եւ տուժողների իրավահաջորդներ է ներգրավելու, ինչը, ըստ Դատախազության մեկնաբանության, նախաքննության փուլում չի արվել ժամկետների սղությամբ պայմանավորված։ Ըստ Հայկազ Գրիգորյանի՝ Իշխան Վահանյանն ի վիճակի է եղել մարտի ղեկավարումը շարունակելու, սակայն «վախ-վախ» ասելով՝ վիրավորների մեքենայով հեռացել է Երեկ հարցաքննված առաջին վկան պատերազմի ժամանակ 5-րդ հրաձգային գումարտակի ուսումնական վաշտի հրամանատար, այն ժամանակ կապիտան, ներկայումս՝ մայոր Հայկազ Գրիգորյան էր, որը նշեց, որ ճանաչում է Իշխան Վահանյանին եւ նրա հետ ունի միայն ծառայողական հարաբերություններ, ընկերական կամ թշնամական՝ ոչինչ։ Դատարանում ցուցմունք տալով՝ Հայկազ Գրիգորյանը պատմեց, որ պատերազմը սկսվելու օրը եղել է պատասխանատու գումարտակում, եւ երբ հակառակորդը հարձակվել է, հրաման է ստացել բարձրանալ պաշտպանության շրջանները եւ դիրքավորվել, ինչն էլ արվել է։ Կոնկրետ իր վաշտը եղել է «Չռիկներ» կոչվող հատվածում՝ բլրի վրա։ Վաշտում եղել են 1-2 ամսվա զինծառայողներ, որոնք, կորոնավիրուսով պայմանավորված, չեն հասցրել կրակային մարտավարության դասընթացներ անցնել, եղել են նույնիսկ այնպիսիք, որոնք երդում դեռ չեն տվել։ Այնուհանդերձ, բոլորը ստացել են իրենց հասանելիք զենքերը եւ դիրքավորվել անհրաժեշտ կետում։ Վկայի կարծիքով՝ այդ նորակոչիկներին մարտի դաշտ տանելու իրավունք չկար։ Լուսանկարում՝ վկա Հայկազ Գրիգորյանը Գրիգորյանը պատմեց, որ առաջին օրվանից մարտը ղեկավարել է գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատարը՝ Սամվել Սահակյանը, որը պատերազմի երրորդ-չորրորդ օրը զոհվել է, նրա զոհվելուց հետո՝ Գարիկ Վարդերեսյանը։ Այդ ընթացքում կապը վերադաս հրամանատարության հետ պահել են ռադիոկապի միջոցով, որի մարտկոցի հետ խնդիրներ են առաջացել․ մեկ-երկու անգամ բերել, փոխել են, սակայն հետագայում դրա հնարավորությունը չի եղել։ Մի քանի օր անց շրջափական մեջ ընկնելով՝ նահանջի հրաման են ստացել․ թե ում կողմից, Գրիգորյանը չկարողացավ ասել։ Նահանջել են դեպի «9-րդ կիլոմետր» կոչվող տարածք, որտեղ մեքենաներ են ուղարկվել՝ իրենց տեղափոխելու համար․ տարել են նախ Հադրութի զորամաս, իսկ հետո, երբ զորամասն են սկսել ռմբակոծել՝ Հադրութի դպրոց, որտեղ էլ հանդիպել է Վահանյանին։ Ըստ Գրիգորյանի՝ զորքն այդ ժամանակ արդեն անմարտունակ էր, ի վիճակի չէր ինչ-որ խնդիր կատարելու, եւ ինքն այդ մասին զեկուցել է բարոյահոգեբանական գծով տեղակալ Աշոտ Մկրտչյանին։ Հադրութի դպրոցում բանակի հրամանատարը անձնակազմի փոփոխություններ է արել․ Իշխան Վահանյանին նշանակել է գումարտակի հրամանատար, իսկ իրեն՝ գումարտակի շտաբի պետ․ «Բայց քանի որ վաշտի հրամանատար չի եղել, ես իմ պաշտոնին եմ մնացել, իմ ստորաբաժանման հետ»։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց, թե ում հրամանով վկան չի ստանձնել իր նոր պաշտոնը, ինչին ի պատասխան՝ նա ասաց․ «Հրամանը անգամ չեն ասել, որ նշանակվել եք, ոչ մեկը ոչ մի բան չի ասել»։ Ճշտող հարցին՝ բանակի հրամանատարի բանավոր հրամանն արդյո՞ք բավարար չէր, վկան պատասխանեց․ «Բավարար էր, բայց քանի որ վաշտի հրամանատար չի եղել, անձնակազմի հետ եմ մնացել»։ Դատավոր Ջոն Հայրապետյանը պարզաբանեց, որ անձնակազմի հետ մնալը անորոշ պատասխան է, այնինչ մեղադրողը  հարցնում է, թե այդ հրամանից հետո վկան կոնկրետ որ պաշտոնում է պաշտոնավարել․ «Շարունակել եմ պաշտոնավարել որպես վաշտի հրամանատար, ոնց կամ, մնացել եմ, ոչ մի փոփոխություն չեմ արել, ոչ ինչ–որ մեկն ասաց՝ մնացեք, ոչ ասաց՝ էդ պաշտոնը ստանձնի, ոչ մի բան չեն ասել»,- արձագանքեց Գրիգորյանը։ Հոկտեմբերի 8-ի մոտակայքում արդեն Գրիգորյանը Վահանյանի հրամանով երկու դասակի հետ գնացել է հայկական գերեզմանների հարակից տարածք, որտեղ գիշերը շրջափակման մեջ են ընկել, ունեցել՝ զոհեր եւ վիրավորներ, ապա դուրս գալով՝ բջջայինով զանգահարել է Վահանյանին, ներկայացրել իրավիճակը եւ հարցրել, թե ինչ անի։ Վահանյանը մեքենա է ուղարկել նրանց հետեւից՝ ասելով, որ կբարձրանան Խուռհատ սար։ Նույն գիշեր այլ անձնակազմի հետ այդտեղ բարձրացել է նաեւ հենց Վահանյանը։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը Ըստ Հայկազ Գրիգորյանի՝ այդ գիշեր հանգիստ է եղել, խոսակցություններ կային, թե առավոտյան հրադադար է սպասվում, ինչը, սակայն, տեղի չունեցավ, եւ հակառակորդը լայնածավալ հարձակում գործեց․ «Հրետակոծում էին հենց սարը ե՛ւ հետեւից, ե՛ւ դիմացից, լիքը տեխնիկա է խոցվել, շատ վիրավորներ ենք ունեցել, որոնք տարհանվել են, եւ այլեւս հնարավոր չի եղել այդտեղ մնալ»։ Վկան պատմեց, որ վիրավորներին օգնություն են ցույց տվել, նստեցրել մեքենա, եւ այդ խառը պահին ինքը լսել է, որ Վահանյանը, «վախ-վախ» կանչելով, ասել է, թե վիրավոր է, եւ նրանց հետ մեքենա նստելով՝ հեռացել է։ Հանրային մեղադրողի հարցին՝ ինքը տեսե՞լ է Վահանյանի վիրավորվելը, վկան բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ երբ մարդ վիրավորվում է, արյուն է գալիս կամ ինքնազգացողությունն է վատանում, բայց նման բան տվյալ դեպքում չի եղել։ Միայն տեսել է, որ Վահանյանը զանգել է գնդի հրամանատարին, հայտնել իր վիրավոր լինելու մասին, բայց թե ինչ պատասխան է ստացել, տեղյակ չէ։ Ըստ սահմանված կարգի՝ գումարտակի հրամանատարի հեռանալու դեպքում վերջինիս գործառույթները պետք է փոխանցվեին Հայկազ Գրիգորյանին, ինչը եւս, ըստ նրա, չի արվել․ «Ինքը նստել ու գնացել է, ուրիշ ոչ մի բան»,- ասաց վկան՝ կարծիք հայտնելով, որ Վահանյանն ի վիճակի է եղել մնալու եւ մարտի ղեկավարումը շարունակելու։ Ամբաստանյալ Իշխան Վահանյանը հայտարարեց, թե որոշ դեպքերում վկան ստում է Արձագանքելով Գրիգորյանի այս հայտարարություններին՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանն ասաց, որ վիրավորվելիս Գրիգորյանը իր կողքին է եղել եւ սկսեց երկխոսել նրա հետ․ «Ինձ ընկած հիշո՞ւմ ես»,- հարցրեց նա վկային։ «Չէ, լսել եմ, որ ասել ես՝ վիրավոր եմ, ես զինվորներին էի օգնում»։ «Ինձ ո՞վ է օգնել՝ կամազ նստեմ»,- հարցրեց ամբաստանյալը, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ չգիտի։ Ամբաստանյալը նշեց, որ հենց Հայկազ Գրիգորյանն էլ եղել է օգնողը, իրեն գետնից բարձրացնողը․ «Գնդի հրամանատարի ասածը փոխանցե՞լ եմ քեզ»,- հարցրեց նա Գրիգորյանին․ «Չէ, ես հետո եմ իմացել, որ գնդի հրամանատարն ասել է, որ դու այն վիճակում չես, որ վիրավորների հետ իջնես»,- պատասխանեց Գրիգորյանը։ «Ռացիան տվե՞լ եմ քեզ»,- դարձյալ հարց հղեց Իշխան Վահանյանը, ինչին Գրիգորյանը բացասական պատասխան տվեց։ Ավելի ուշ Իշխան Վահանյանը հայտարարեց, որ նրա խոսքերում որոշ բաներ իրականությանը չեն համապատասխանում․ «Բաներ կան, որ սուտ է ասում, զորամասի հրամանատարն էլ է գալու, կգա, պարզ կդառնա, որ տենց բաներ չկան։ Ռադիոկապի մեջ զարյադկա չի եղել, ինքն էլ նշեց, որ մեզ ոչ էլ հասցրել են, ես գնդի հրամանատարի հետ խոսել եմ, ասել եմ, որ ի վիճակի չեմ, ասել է՝ հանձնի Գրիգորյան Հայկազին, հանձնել եմ իրեն, ինքն անձամբ է ինձ նստեցրել մեքենան, ես դա չէի հիշում, բայց առերեսման ժամանակ զինվորներ են եղել, իրենք են ասել»։ Ըստ Վահանյանի՝ Հայկազ Գրիգորյանը ստում է նաեւ, երբ ասում է, թե չի ստանձնել նոր պաշտոնը։ Հայկազ Գրիգորյանի խոսքով՝ իրավիճակն այնպիսին է եղել, որ իրենք 4 սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը Շարունակելով իր ցուցմունքը՝ մայոր Հայկազ Գրիգորյանը պատմեց, որ Իշխան Վահանյանի գնալուց հետո, երբ ամեն ինչ արդեն անվերահսկելի է եղել, եւ ըստ էության, գտնվել են շրջափակման մեջ, 4 սպաներով նահանջի որոշում են կայացրել․ եղել են ինքը, Վազգեն Վարդանյանը (նրա ցուցմունքը կարող եք կարդալ այստեղ,– հեղ․), հականետային դասակի հրամանատարը եւ վաշտի ավագը։ Թեեւ վերջինս հադրութեցի էր եւ տեղանքին ծանոթ էր, այնուհանդերձ, չեն իմացել՝ որ ճանապարհով գնալ, քանի որ ուշ են տեղեկացել, որ Հադրութ քաղաքը արդեն գրավված է, եւ ոչ մի ուղղություն այլեւս անվտանգ չէ․ «Մենք, անորոշ իրավիճակում սարի գլխին նստած, մտածում էինք՝ ինչ անենք, որ կողմ գնանք․ որ ուղղությամբ գնում էինք, հակառակորդը կրակում էր, միայն Գոշով որ բարձրացել ենք դեպի Հադրութ, այդտեղ չի կրակել, դուրս ենք եկել անտառի մեջ, արդեն ցրիվ ենք եղել, ամեն մեկը մի ուղղությամբ վազի, թաքնվի, անկանոն մի բան, չեմ կարող բացատրել»։  Դատավարության մասնակիցները հետաքրքրվեցին, թե ինքը, որպես սպա, ինչ գործողություններ է արել, որ անձնակազմը չբաժանվի, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ այնպիսի իրավիճակ էր, որ հնարավոր չէր բոլորի ղեկավարումն իրականացնել, անձնակազմը բացազատված էր․ «Որ շրջափակման մեջ ենք ընկել, անտառ ենք բարձրացել, ում զանգահարել ենք, ոչ ոք չի պատասխանել, չի խոսել, կապը ինչքան տալիս էինք, ոչ ոք չէր պատասխանում, կապի եմ դուրս եկել միայն մեր դիվիզիայի նախկին հրամանատարի տեղակալ, գնդապետ Մելքումյանի հետ, նա է մի երկու բառ բացատրել, ասել՝ սարի դոշով գնացեք էս կողմ, էն կողմ, հետո կապը ընդհատվել է»։ Արդյունքում, 200 հոգանոց անձնակազմը 3 խմբի է բաժանվել․ մոտ 60-65 հոգին է միայն իր հետ նույն ուղղությամբ գնացել։ Ի պատասխան դատավորի հարցին, թե որն է պատճառը, որ մյուսները զոհվել կամ գերեվարվել են, վկան պատասխանեց՝ սխալ ճանապարհով գնալը։ Նրա այս պատասխանները զայրացրին դահլիճում ներկա ծնողներին, որոնցից մեկը՝ Արսեն Ղուկասյանը, բղավեց․ «Եթե մենք ասում ենք, թե որ ուղղությամբ գնաք, ինչո՞ւ եք ընտրել Հադրութի ճանապարհը՝ իմանալով, որ այնտեղ թուրքեր են»։ Նշենք, որ շրջափակման մեջ մնացած զինծառայողների թվում է եղել Արսեն Ղուկասյանի եղբորորդին, որը, ըստ Ղուկասյանի ցուցմունքի եւ առկա ձայնագրության, զանգահարել է իրեն, ասել, որ շրջափակման մեջ են, եւ Ղուկասյանը, կապվելով ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ, փորձել է ուղղություն ցույց տալ։ Դատավորը վերաձեւակերպեց նրա հարցը․ «Ձեզ ինչ–որ մեկը ճիշտ ճանապարհը հուշե՞լ է»,– հարցրեց նա։ «Վազգենի հետ էլ են խոսել, ուղղություն տվել, բայց չգիտեմ՝ ով, ինչ է ասել, ինձ գնդապետ Մելքումյանն է ուղղություն ասել»,– պատասխանեց վկան։ Հարցին, թե ի վերջո, 4 հրամանատարով ինչու են թույլ տվել, որ զորքը ցաքուցրիվ լինի, Հայկազ Գրիգորյանը պատասխանեց․ «Չենք կարողացել հավաքել»։ Դատավորի հարցին՝ եթե ռադիոկապն առկա լիներ, եւ նա հստակ իմանար, թե որ ուղղությամբ է պետք շարժվել, կթողնե՞ր, որ զորքի մյուս մասը այլ ճանապարհով գնար, վկան պատասխանեց․ «Եթե նկատեի, որ ուրիշ ճանապարհով են գնում, թույլ չէի տա»։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը հայտարարեց, որ վկայի հայտնած տեղեկությունները, մասնավորապես, սպաների գործողությունների, շրջափակման մեջ ընկած զորքի դուրսբերման վերաբերյալ, ակնհայտորեն հանցագործության տարրեր են պարունակում եւ կոչ արեց քրեական գործ հարուցել, հակառակ դեպքում մինչ հաջորդ դատական նիստը ինքն է հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու Գլխավոր դատախազությանը։ Ըստ Գարիկ Վարդերեսյանի՝ ամբաստանյալը վիրավորներին մարտի դաշտից հանելու իր առաջադրանքը լիարժեք չի կատարել Հարցաքննված մյուս վկան պատերազմի ժամանակ 5-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Գարիկ Վարդերեսյանն էր, որը նշեց, որ ճանաչում է Իշխան Վահանյանին եւ նրա հետ ունի ծառայողական հարաբերություններ։ Վարդերեսյանի հայտնած տեղեկությունները վերաբերում էին սեպտեմբերի վերջին Ջաբրայիլում տեղի ունեցած այն դրվագին, երբ Վահանյանը վիրավորում է ստացել։ Հիշեցնենք, որ Վահանյանի խոսքով՝ ինքը երկու անգամ է վիրավորում ստացել, այնինչ տուժող կողմը այն համոզմանն է, որ նա միայն մինչ Խուռհատ սարում տեղի ունեցած դեպքերն է վիրավորվել, իսկ սարում պարզապես քչփորել է իր վերքը՝ մարտի դաշտը լքելու պատրվակ ստեղծելով։ Վկա Գարիկ Վարդերեսյանը պատմեց, որ ինքը՝ որպես գումարտակի հրամանատարի տեղակալ, իսկ Վահանյանը՝ որպես գումարտակի շտաբի պետ, պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցել են մարտական գործողություններին։ Դրանցից մեկի ժամանակ, երբ իրենք հրամանատարական դիտակետում են եղել, հրետակոծություն է սկսվել հենց դիտակետի վրա։ Վահանյանը կանգնած է եղել գումարտակի հրամանատարի հետեւում, եւ վերջինիս ոտքերի մոտ ընկած արկից երկուսն էլ վիրավորվել են․ հրամանատարը հոսպիտալի ճանապարհին մահացել է, իսկ Վահանյանին, որը բեկորային վնասվածք է ստացել, բուժակը՝ Կարեն Հովհաննիսյանը (նա եւս հետագայում զոհվել է,– հեղ․), բուժօգնություն է ցուցաբերել, վիրակապ դրել, եւ նա շարունակել է ծառայությունը։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ Վահանյանն ի՞ր կամքով է մնացել դիտակետում, շարունակել ծառայությունը թե՞ վկայի հորդորով, ինչին ի պատասխան՝ վկան մի քանի վայրկյան լռեց, ապա ասաց․ «Իմ կամքով․․․ Ես չեմ թույլատրել, որովհետեւ գումարտակի հրամանատարը զոհվել էր, եթե նա էլ բացակայեր, գումարտակը ի վիճակի չէր լինի այլ խնդիր կատարելու, միայնակ հնարավոր չէր 400-500 հոգու ղեկավարում իրականացնել»։ Ճշտող հարցին՝ Վահանյանի վերքը, իր տպավորությամբ, ի՞նչ աստիճանի ծանր էր, Վարդերեսյանը պատասխանեց․ «Ունեցել ենք գումարտակի հրամանատար, որ, մի ոտքը կտրված, մասնակցել է մարտական գործողությունների, բայց ինձ չի թվում, որ սա այն լուրջ վիրավորումն էր, որ նա կարող էր բացակայել»։ Լուսանկարում՝ վկա Գարիկ Վարդերեսյանը, դատավոր Ջոն Հայրապետյանը Հաջորդիվ հրետակոծություն է եղել Նյուզգար կոչվող տեղամասում, որտեղ բազում զոհեր եւ վիրավորներ ենք ունեցել, ինչի մասին տեղեկանալով՝ Վարդերեսյանը կապ է տվել, որպեսզի մեքենա գա՝ նրանց դուրս բերելու․ «Մեքենան գալիս է, Վահանյանը նստում է, հետո ինձ տեղեկացնում են, որ նա վիրավորների հետ իջել է ներքեւ՝ իր վիրակապը հանելու, դրանից հետո՝ 2-3 օր անց, նորից գալիս, միանում է գումարտակին»։ Մեղադրողի ճշտող հարցին՝ վկայի տված առաջադրանքը՝ Նյուզգարից վիրավորներին դուրս բերելու վերաբերյալ, Վահանյանն ի վերջո կատարե՞լ է, Վարդերեսյանը պատասխանեց, որ նախնական տվյալներով ասվել է, որ վիրավորները դուրս են բերվել, բայց հետո հարցուփորձ անելով պարզվել է, որ գնացել, մի քանի հոգու վերցրել է եւ շատերին մարտի դաշտում թողնելով՝ հեռացել։ Վկա Արսեն Ղուկասյանն էլ հետաքրքրվեց՝ այսինքն՝ Վահանյանը Նյուզգար չի՞ հասել, ինչին Գարիկ Վարդերեսյանը բացասական պատասխան տվեց․ «Ես եմ իրեն ուղարկել՝ վիրավոր բերելու, բայց մի քանի հոգու վերցրել, հետ է եկել, Նյուզգար չի հասել»,– ասաց նա՝ հավելելով, որ ինքն է հաջորդ օրը 15-20 վիրավորի դուրսբերումը կազմակերպել։ Այս պատասխանը խիստ վրդովեցրեց Ղուկասյանին, քանի որ նրա եղբայրը եւս այնտեղ է եղել․ «Եղբայրս Նյուզգարում կենդանության օրոք է գլխատվել, կարող եմ դատաբժշկական եզրակացությունը բերել»,– խոսքն ամբաստանյալին ուղղելով՝ բղավեց նա։ Նշենք, որ Արսեն Ղուկասյանի եղբայրը զոհվել է, իսկ եղբորորդուց առ այսօր որեւէ լուր չկա։ Մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց նաեւ՝ արդյո՞ք Վարդերեսյանը Վահանյանին թույլատրել էր հոսպիտալ գնալ, ինչին վկան բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ այդ մասին վերադաս հրամանատարությանը ինքը զեկուցել է․ «Զեկուցվել է, որ նա նախքան դա վիրավոր է եղել, որ իջել է վիրավորների հետ, եւ դիվիզիայի հրամանատարի հրամանով, չգիտեմ որտեղից, ոնց, իրեն  ճարել, երեք օր անց նորից հետ են ուղարկել»։  Դրանից հետո Վարդերեսյանը ամբաստանյալին հանդիպել է «9-րդ կմ» կոչվող հատվածում, որտեղ որոշակի պաշտպանություն են իրականացրել, ապա՝ միասին իջել Հադրութ։ Դա եղել է հոկտեմբերի 7-ի մոտակայքում։ Այնտեղ արդեն անձնակազմի փոփոխություն է տեղի ունեցել․ որոշում է կայացվել Վարդերեսյանին այլ վայր տեղափոխելու եւ դիվիզիայի հետախուզության սպա, իսկ Վահանյանին՝ նրա պաշտոնին՝ գումարտակի հրամանատար նշանակելու մասին։ Իշխան Վահանյանը հարցրեց վկային, թե ինչ պատճառով նրան տեղափոխեցին, ինչին ի պատասխան՝ վկան ասաց․ «Դիվիզիայի հրամանատարի՝ Կարեն Առուստամյանի հետ խնդիր ունենալու պատճառով»։ Փաստաբան Գուրգեն Գրիգորյանն էլ հետաքրքրվեց՝ խնդիրը կապված է եղել ռազմական գործողությունների՞ հետ թե՞ եղել է անձնական․ «Դիվիզիայի հրամանատարի պատասխանը եղել է այն, որ ես ի վիճակի չեմ խնդիր կատարել»,– պատասխանեց Վարդերեսյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Մեղադրող Գեւորգ Ավետիսյանն էլ հետաքրքրվեց՝ Վահանյանի նախորդ վարքագիծը հաշվի առնելով՝ ինքն ի՞նչ կարծիքի է եղել նրա նշանակման վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Վարդերեսյանն ասաց․ «Իմ առաջին հարցը եղել է Վահանյանին, ասել եմ՝ դու պատրա՞ստ ես գումարտակը ղեկավարելու, նա էլ ասել է՝ հա, դու գնա քո գործերով»,– պատմեց վկան՝ հավելելով, որ Վահանյանը, ամեն դեպքում, փորձառու սպա է․ զինվորականի 20 տարվա փորձ ունի, բայց նրա գործողությունները ինքը չի կարող գնահատել։ Այդ ժամանակ, ըստ վկայի, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը անկայուն էր, եւ ինքը թե՛ բանակի, թե՛ դիվիզիայի հրամանատարին զեկուցել է, որ բանակը մարտունակ չէ, որովհետեւ զորահավաքից հետո եղել է խիստ կարանտին, եւ զինվորները շատ բաների չեն տիրապետել։ Ինչ վերաբերում է կապի միջոցին, ըստ Վարդերեսյանի, ինքը այն փոխանցել է կապի դասակի հրամանատարին՝ ասելով, որ լիցքավորման միացնեն։ Դատավարության մասնակիցները հետաքրքրվեցին, թե առհասարակ ինչպես է այն լիցքավորվում, ինչը պարզաբանելով՝ վկան ասաց, որ լիցքավորվում է հոսանքով, լիցքավորիչ կա, բայց անկախ դրանից, իրենց մոտ շատ մարտկոցներ են ունենում, կապի դասակի հրամանատարի մոտ 10 հատ եղել է, դա դժվար գտնվող բան չէ։ Այնուհանդերձ, Վարդերեսյանը դժվարացավ պատասխանել՝ հնարավո՞ր էր արդյոք, որ հոկտեմբերի 10-ին՝ Խուռհատ սարի գործողությունների ժամանակ, Վահանյանն իր մոտ մարտկոց չունենար։ Տեղափոխվելուց 3-4 օր անց ինքը, տեղեկանալով, թե գումարտակն ինչ վիճակում է, վերադարձել է․ «Ես իմանում եմ, որ Վահանյանը Սիսիանի հոսպիտալում է, ասում եմ՝ արի, գումարտակիդ տիրություն արա, ես չեմ կարող ամեն րոպե էստեղ լինել, նա էլ ասում է՝ վիրավոր եմ, տեսնեմ՝ ինչ վիճակ է, կգամ»։ Ըստ Վարդերեսյանի՝ այդ ժամանակ գումարտակից 25 զինծառայող էր մնացել արդեն։ Դրանից հետո 5-րդ գումարտակը որեւէ խնդիր այլեւս չի կատարել։ Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Ամբաստանյալ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը հարց հղեց վկային՝ նախ արձանագրելով, որ նրա պատմած դրվագը վերաբերում էր մինչ հոկտեմբերի 10-ը եղած դեպքերին, ապա հետաքրքրվելով՝ արդյո՞ք նա որեւէ տեղեկություն ունի Վահանյանի՝ ամսի 10-ին վիրավորում ստանալու մասին։ Վկան բացասական պատասխան տվեց։ «Բացառո՞ւմ եք, որ ամսի 10-ին էլ կարող էր վիրավորում ստանալ»,– հարցրեց պաշտպանը։ «Նույն տեղում նույն ձեւո՞վ»,– ասաց վկան՝ դժվարանալով հստակ պատասխանել այդ հարցին։ Վկա Հարություն Մարտիրոսյանի խոսքով՝ Իշխան Վահանյանն իրենց է տվել իր մեքենայի բանալիները՝ խնդրելով այն հանել Հադրութից Հաջորդ վկան 3-րդ գումարտակի սպառազինության գծով տեղակալ Հարություն Մարտիրոսյանն էր, որը Իշխան Վահանյանի հետ նույն կուրսում է սովորել, իսկ 2018 թվականից սկսած՝ նույն տեղում ծառայել, նրա հետ ունի ծառայողական, նորմալ հարաբերություններ։ Դատարանում ցուցմունք տալով՝ Մարտիրոսյանը պատմեց, որ ողջ պատերազմի ընթացքում ինքը Վահանյանին մեկ անգամ՝ հոկտեմբերի 10-ին է հանդիպել։ Դա այն նույն օրն է, երբ հայկական զորքը, Խուռհատ սարում շրջափակման մեջ ընկնելով, ստիպված է եղել նահանջել․ «Ես ու իրենց (նկատի ունի՝ 5-րդ գումարտակը,–հեղ․) սպառազինության գծով տեղակալը՝ Արտուշ Արզումանյանը, գնում էինք Արտուշի մեքենայով՝ իմ ՈՒՐԱԼ–ի համար ռադիատորի մաս բերելու, էդ ժամանակ Վահանյանը զանգում է Արտուշին, ասում է, որ վիրավոր է, Տողի վերեւը՝ սարի վրա, մի գյուղ կար, էդտեղ էր, Արտուշը ասաց՝ Իշխանը կանչում է, 700 մետր էր, գնացինք, տեսանք իրեն, միայնակ քայլում էր»։ Ըստ վկայի՝ Վահանյանն իրենց տվել է իր մեքենայի բանալիները՝ դրա գտնվելու վայրն ասելով ու խնդրելով, որ հնարավորության դեպքում Հադրութից հանեն, քանի որ ինքը վիրավոր է։ Դա վկայող, ոչինչ, սակայն, Մարտիրոսյանը չի նկատել։ Դրանից բացի, նրա հիշելով, Վահանյանն Արզումանյանին է տվել նաեւ իր ռադիոկապը, բայց թե ինչպես է դա մեկնաբանել, վկան չգիտեր։ Մեղադրողի ճշտող հարցին՝ արդյո՞ք աշխատում էր այն, վկան չմտաբերեց, միայն նշեց, որ ինքը հետագայում գնացել է Հադրութ, բայց մեքենան հանելու հնարավորություն չի եղել։ Ինչ վերաբերում է Խուռհատ սարում տեղի ունեցածին, Հարություն Մարտիրոսյանին շատ մանրամասներ հայտնի չէին, միայն գիտեր, որ նահանջի ժամանակ ցաքուցրիվ վիճակ է եղել։  Լուսանկարում՝ փաստաբան Գուրգեն Գրիգորյանը Փաստաբան Գուրգեն Գրիգորյանի հարցին՝ սեպտեմբերի 27-ից առաջ ուսումնական տագնապ կամ պատերազմը սկսելու մասին որեւէ տեղեկություն ունեցե՞լ են, վկան պատասխանեց, որ 3-րդ եւ 4-րդ գումարտակը 14 օրով առաջնագծում է եղել, սեպտեմբերի 25-ին իջել է, եւ հաջորդ օրը գումարտակների հրետանին, հակառանկային ստորաբաժանումներն են բարձրացել դիրքեր, քանի որ կասկած կար, որ հակառակորդը կուտակումներ է անում, եւ այդ կասկածը, ըստ նրա, կար վաղուց՝ մոտ մեկ–մեկուկես ամիս առաջվանից։ Փաստաբանի հարցին՝ այդ մասին բարձր ղեկավարությունը կարո՞ղ էր տեղեկացված չլիներ, վկան պատասխանեց, որ նման որոշումները, որպես կանոն, ինքնուրույն չեն կայացվում։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 12-ին։   Միլենա Խաչիկյան
23:30 - 06 սեպտեմբերի, 2022
Առնվազն 65 մարդ է զոհվել Չինաստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով

Առնվազն 65 մարդ է զոհվել Չինաստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով

Առնվազն 65 մարդ է զոհվել Չինաստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։ Այս մասին, ինչպես փոխանցում է BBC-ն, հայտնում են երկրի պետական ​​լրատվամիջոցները: Երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի տեղական ժամանակով ժամը 13:00-ին (Գրինվիչի ժամանակով 05:00) Սիչուան նահանգում 10 կմ (6 մղոն) խորության վրա: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրաշարժի հետևանքով խզվել են հեռահաղորդակցության գծերը, և առաջացել են լեռների սողանքներ, որոնք «լուրջ վնասներ» են պատճառել: Պետական CCTV հեռուստաընկերությունը հայտնել է, որ Յաան քաղաքում մահացել է 17 մարդ, իսկ հարևան Գանզի պրեֆեկտուրայում՝ 29: «Եվս 16 մարդ անհետ կորել է, 50-ը՝ վիրավորվել»,- երկուշաբթի ուշ երեկոյան հայտնել է CCTV հեռուստաալիքը։ Լուսանկարը՝ Getty Images
11:00 - 06 սեպտեմբերի, 2022
Երաժիշտը, բանաստեղծն ու մարդաբանը՝ գիտության հանրայնացման Սթիվեն Հոքինգի անվան մեդալի հաղթողներ

Երաժիշտը, բանաստեղծն ու մարդաբանը՝ գիտության հանրայնացման Սթիվեն Հոքինգի անվան մեդալի հաղթողներ

Այսօր՝ Գիտության և արվեստի Starmus VI փառատոնի շրջանակում անցկացվեց SONIC UNIVERSE համերգային ծրագիրը, որի ընթացքում էլ Գիտության հանրայնացման Սթիվեն Հոքինգի անվան մեդալին արժանացան Queen խմբի կիթառահար, փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը, բանաստեղծ, էսսեիստ, նատուրալիստ Դայըն Աքերմանը, պրիմատոլոգ և մարդաբան Դեյմ Ջեյն Մորրիս Գուդալը։ Նրանք շնորհակալություն հայտնեցին փառատոնի կազմակերպիչներին մրցանակի համար։ Սթիվեն Հոքինգի անվան մրցանակի հաղթող դարձան նաև NASA-ի հեռուստատեսությունը, NASA-ի հաղորդակցության բաժինը։ Միջազգային այս փառատոնի ընթացքում Գիտության հանրայնացման Սթիվեն Հոքինգի անվան մեդալ է շնորհվում երաժշտության, արվեստի, կինոյի և այլ ոլորտներում գիտությունը և գիտական բացահայտումները ներկայացնելու և տարածելու գործում մեծ ներդրում ունենալու համար։ Մեդալի վրա պատկերված է Սթիվեն Հոքինգի նկարը, որի հեղինակն է խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը: Սթարմուս փառատոնի շրջանակում այս մրցանաբաշխությունը կազմակերպվում է 2016 թ․-ից՝ երրորդ Սթարմուս փառատոնից սկսած։ Առաջին անգամ այն ստացել են գերմանացի կոմպոզիտոր Հանս Զիմմերը, ֆիզիկոս Ջիմ Ալ Խալիլին, և ամերիկյան փաստագրական ֆիլմը՝ «Մասնիկների ջերմություն» անունով։ 2017 թ․-ին՝ 4-րդ Սթարմուս փառատոնին այս մեդալը ստացել են ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Միշելը Ժարրեն, աստղաֆիզիկոս Նեյլ Դեգրաս Թիսոնը, ինչպես նաև «Մեծ պայթյունի տեսություն» անունով ֆիլմը։2019 թ․-ին 5-րդ Սթարմուս փառատոնին մրցանակ  է ստացել երաժիշտ, կոմպոզիտոր Բրայան Էնոն, միլիարդատեր, Space X-ի հիմնադիր Իլոն Մասկը, տիեզերագնաց Բուզ Ալդրինը, «Apolo 11»  փաստավավերագրական ֆիլմը։
21:34 - 05 սեպտեմբերի, 2022
 «Մենք քիչ ենք տոնում գիտությունը»․ Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց Starmus VI փառատոնը

«Մենք քիչ ենք տոնում գիտությունը»․ Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց Starmus VI փառատոնը

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց գիտության և արվեստի Starmus VI փառատոնը, որի պաշտոնական բացումն ազդարարվեց մամուլի ասուլիսով։ Ասուլիսի բանախոսները հայտնի գիտնականներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ էին, որոնք խոսեցին փառատոնի կարևորության ու իրենց ակնկալիքների մասին։ Astronomy ամսագրի խմբագիր Դեյվիդ Ջ․ Այքերը բացման խոսքում ասաց, որ իրենց համար հուզիչ է այստեղ լինելը, քանի որ փառատոնը բացառիկ գիտական իրադարձություն է․ «Կարելի է ասել, որ  սա հոբելյանական ոսկե տարի է, և մենք լիահույս ենք, որ դուք նույն հուզմունքը կապրեք գիտնականների դասախոսություններից և միջոցառումներից, որոնք կանցկացվեն փառատոնի ընթացքում։  Նա ընդգծեց, որ տարբեր մասնագիտացված դասախոսություններ կլինեն, ինչպես նաև մարդիկ հնարավորություն կունենան աստղադիտարանից նայել տիեզերքին։  Դեյվիդ Ջ․ Այքերը Կլիմայական գիտության պրոֆեսոր Քրիս Ռեփլին էլ  ասաց՝ գիտությունը, արվեստը և երաժշտությունը կապված են իրար հետ․ «Դրանք մեր էմոցիոնալ արձագանքի, աշխարհում ու տիեզերքում ապրած փորձի մասին են, որը շատ ոգեշնչող է։ Գիտությունը այն պրոցեսն է, որի միջոցով մենք էմոցիոնալ մակարդակում չենք նայում աշխարհին, այլ փորձում ենք հասկանալ տիեզերքի իրական էությունը»։ Ռեփլին ընդգծեց կլիմայական գիտության կարևորությունն աշխարհի համար․ «Ես այս շաբաթվա դասախոսություններում կխոսեմ կլիմայական համակարգը հասկանալու գործում բնագիտության դերի մասին։ Տասնամյակներ շարունակ մենք հասկացել ենք խնդիրը։ Ես աշխատել եմ նեյրոգիտնականների, մարքեթոլոգների, սոցիալական գիտնականների հետ, որպեսզի կոտրեմ բնական գիտությունների ու սոցիալական գիտությունների միջև առկա պատնեշը, և որպեսզի մարդկանց տանք այն մեսիջը, որ անհրաժեշտ է գործել»։ Քրիս Ռեփլին Նոբելյան մրցանակիր, աստղաֆիզիկոս Միշել Մեյըրը, որ 51 Pegas b էկզոմոլորակի  հայտնաբերողներից մեկն է, ընդգծեց՝ փառատոնը  բացառիկ հնարավորություն է մարդկանց հետ խոսելու և բացատրելու, թե ինչպես են տիեզերքն ու մարմինը փոխկապակցված։ «Մենք հիմա ապրում ենք շատ կարևոր ժամանակում։ Վերջին դարաշրջանում աստղաֆիզիկայում լուրջ հաջողություններ են գրանցվել։ Պատճառներից մեկը, որ այսօր այստեղ եմ, այն է, որ ես 20-30 տարի աշխատում եմ Գարիկ Իսրայելյանի հետ և էկզոպլանետներ ենք ուսումնասիրում։ Դեռևս հույն փիլիսոփաները քննարկում էին տիեզերքի բազամազանությունը։ Այսօր մենք ապրում ենք շատ բացառիկ ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս պատասխանել վաղուց հնչող հարցերին։  Ես շատ ուրախ եմ, որ Starmus-ը Հայաստանում  օգնում է բացատրել մարդկանց, թե ինչ է կատարվում գիտության տարբեր ճյուղերում»։ Մայորն ասաց՝ 4 տարի առաջ Նորվեգիայում Starmus-ին մասնակցելով տարբեր գիտնականներից շատ բան է իմացել, և հիմա ուրախ է, որ հանրության հետ հնարավորություն ունի կիսել փորձը։ Starmus-ը, ըստ նրա, լավ հնարավորություն է տալիս տեղեկանալու, թե ինչ է կատարվում գիտության ոլորտում։ Միշել Մեյըրը Նոբելյան մրցանակիր, մանրէաբան, կենսաքիմիկոս Էմանուել Չարպենտիեն էլ ասաց՝ շատ հաճելի է գտնվել Հայաստանում ու ընդգծեց, որ հայկական արմատներ ունի․ «Ինձ համար կարևոր է փառատոնի նպատակը և նշանակությունը։ Այն միավորում է երաժշտությունը և գիտությունը։ Երբ  երիտասարդ էի, զբաղվում էի դասական երաժշտությամբ, դաշնակահար էի և բալետի պարուհի։ Այդ պատճառով ես կապ եմ տեսնում գիտության և արվեստի մեջ։ Պատճառներից մեկն էլ, որ այստեղ եմ, այն է, որ մենք քիչ ենք տոնում գիտությունը և այստեղ երաժշտության հետ միավորելը շատ կարևոր է, հետաքրքիր է նաև գիտության համար»։ Էմանուել Չարպենտիեն Չարպենտիեն կարևորեց նաև, որ տարբեր ոլորտների գիտնականների հնարավորություն կունենան միավորվել մեկ հարթակում և գնահատել միմյանց աշխատանքը։ «Մենք հնարավորություն ենք ունենում մեր ներկայությամբ ցույց տալ մեր աշխատանքը, երիտասարդ գիտնականներին նույնպես ներգրավել գիտության ոլորտում»։ Նանե Ավետիսյան
19:40 - 05 սեպտեմբերի, 2022
Գիտարբուք Գարիկ Իսրաելյանի հետ․ «Սթարմուս» փառատոն և Արեգակից հեռու գտնվող մոլորակային համակարգեր

Գիտարբուք Գարիկ Իսրաելյանի հետ․ «Սթարմուս» փառատոն և Արեգակից հեռու գտնվող մոլորակային համակարգեր

Գիտարբուք ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, «Սթարմուս» փառատոնի հիմնադիր, Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Գարիկ Իսրաելյանի հետ։ 00:01 - Անոնս 01:16 - «Starmus» փառատոնի գաղափարի առաջացման մասին 07:27 - Ռոք աստղերին չզիջող և համերգասրահներ հավաքող գիտնականների մասին 11:50 - Գիտությամբ հետաքրքրվող երաժիշտների մասին 15:50 - Ինչպե՞ս Սթիվեն Հոքինգը դարձավ «Starmus»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ 17:42 - Փառատոնի չհայտարարված անակնկալների մասին 20:18 - Առաջին փառատոնի ու դրան Նիլ Արմսթրոնգի մասնակցության մասին 23:58 - Երկրից հեռու մոլորակների առկայության գաղափարի առաջին հիշատակումների մասին 24:46 - Արեգակնային համակակարգից բացի՝ այլ մոլորակային համակարգերի առկայության վերաբերյալ բանավեճի մասին 29:13 - Երկրի նման մոլորակների առկայության մասին 30:43 - Աստղագիտության՝ տեխնոլոգիաներից կախվածության մասին 34:58 - Երկրագունդը՝ թթվածնագունդ 35:44 - Մոլորակի ներքին ջերմային աղբյուր ունենալը՝ որպես կյանքի նախապայման 37:54 - Յուպիտերը՝ վահան Երկրի համար 41:15 - Գիտության սպասվածից արագ զարգանալու մասին 44:35 - Սոցիոլոգիայով զբաղվելու ցանկության մասին 47:10 - Ֆունդամենտալ հետազոտությունների, տիեզերական տեխնոլոգիաների ու Երկրի վրա դրանց կիրառության մասին 59:52 - Ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ այլ մոլորակի վրա գիտակից կյանք կա 1:04 - Տիեզերքի ընդարձակման մասին 1:07:35 - Աստղերի «բախման» մասին 1:11:29 - Գիտությունը մարդկանց մատչելի բացատրելու մասին 1:21:04 - Մեծ պայթյունի մասին 1:29:17 - Գիտության ֆինանսավորման մասին 2:03:44 - Ժամանակի մեջ ճամփորդության մասին
11:43 - 04 սեպտեմբերի, 2022
Բուհերը պատրաստվում են հյուրընկալել «Սթարմուս» փառատոնի բանախոսներին․ ի՞նչ է սպասվում

Բուհերը պատրաստվում են հյուրընկալել «Սթարմուս» փառատոնի բանախոսներին․ ի՞նչ է սպասվում

Մոտ օրերս Հայաստանում կմեկնարկի գիտության և արվեստի «Սթարմուս» փառատոնը, որը ունի նաև Հանրայնացման ծրագիր։ Այս ծրագրի շրջանակում փառատոնի բանախոսները դասախոսություններ կկարդան Հայաստանի դպրոցներում, բուհերում ու կրթական կենտրոններում։ «Ի համալրումն մեր հիմնական փառատոնային ծրագրի, պարոն Իսրայելյանի շնորհիվ դասախոսություններ են լինելու նաև բուհերում՝ հնարավորություն տալով ավելի լայն շրջանակների ներգրավել։ Յուրաքանչյուր բուհի համար պատիվ է իրենց հարկի տակ ունենալ այսպիսի մարդկանց»,- մեր զրույցում ասաց փառատոնի հաղորդակցության և մարքեթինգի պատասխանատու Սիրանուշ Գյուրջինյանը։ Infocom-ը առանձնացրել է այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենալու Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում այդ օրերին։ Այսպես․ Երևանի պետական համալսարանում սեպտեմբերի 5-9-ը հայտարարվելու է «ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ»։ Այս միջոցառման շրջանակում սեպտեմբերի 5-9-ը համալսարան են այցելելու Նոբելյան մրցանակի դափնեկիրներ․ սեպտեմբերի 5-ին ԵՊՀ կայցելի ֆիզիկոս Քիփ Թորնը, սեպտեմբերի 6-ին աստղաֆիզիկոս Միշել Մայորը, իսկ սեպտեմբերի 7-ին մանրէաբան և կենսաֆիզիկոս Էմանուել Չարպենտիեն։ Բոլոր դասախոսությունները տեղի կունենան 11:00-ին։ Սեպտեմբերի 9-ին` ժամը 11:00-ին էլ ԵՊՀ-ում նախատեսվում է «Տիեզերք և ներշնչանք» խորագրով պանելային քննարկում՝ հայազգի տիեզերագնաց Ջիմ Բաղյանի, ԵՊՀ շրջանավարտ, Սթարմուս փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և գրող Դեյվիդ Ջոն Էյքրի մասնակցությամբ։ Պանելային քննարկման ընթացքում բացման խոսքով հանդես կգա ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ ԵՊՀ-ի լրատվական բաժնից մեզ տեղեկացրին, որ ուսանողներին ներգրավելու համար դասախոսությունների մասին տեղեկությունները համալսարանական ներքին խողովակներով տարածում են, իրազեկման տարբեր ակցիաներ են իրականացնում, հետևաբար բոլորը տեղեկացված կլինեն։ Հայ-Ռուսական համալսարանից տեղեկացրին, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ին, դասախոսությամբ է հանդես գալու Նոբելյան մրցանակի դափնեկիր, ֆիզիկոս (օպտիկա) Դոննա Սթրիքլենդը, սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին՝ աստղաֆիզիկոս, մոլորակագետ և Հարավարևմտյան հետազոտական ​​ինստիտուտի Բոլդեր գրասենյակի տնօրեն Ջոել Պարկերը, սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին՝ Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի ֆիզիկոս, Նյու Մեքսիկոյի համալարանի հրավիրված դասախոս Մարկ Բոսլոունը, իսկ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի կլիմայագիտության դասախոս, NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի հատուկ հրավիրյալ գիտնական, Լոնդոնի կլիմայական փոփոխությունների համագործակցության կազմակերպության ղեկավար Քրիս Ռափլին։ Համալսարանից ընդգծեցին, որ հիմնական թեմաները վերաբերում են ֆիզիկային և այդ դասախոսությունների հիմնական շահառուներն են լինելու ապագա ֆիզիկոսները, բայց մուտքն ազատ է լինելու ու դասախոսություններին կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները. «Բացի այդ՝ մեր համալսարանը ձեռք է բերել 100 տոմս՝ «Սթարմուս» փառատոնի միջոցառումներին մասնակցելու համար և սեպտեմբերի 5-10-ը մեր ուսանողները կարող են ներկա գտնվել «Սթարմուս»-ի բոլոր միջոցառումներին։ Ընդ որում՝ այդ 100 հոգին ֆիքսված չեն լինելու («Սթարմուս»-ի կոնկրետ օրվա միջոցառմանը կարող են ներկա գտնվել տվյալ ուղղության ուսանողներ, իսկ հաջորդ օրվանը՝ այլ ուղղության ուսանողներ)։ Հուսով ենք, որ մեր ուսանողները կօգտվեն այդ հնարավորությունից և ներկա գտնվեն այդ նշանակալի միջոցառումներին»։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը սեպտեմբերի 7-ին հյուրընկալելու է ipod-ի հեղինակ, iPhone-ի համահեղինակ, Nest-ի հիմնադիր Թոնի Ֆադելին։ Ի դեպ, այցի շրջանակում նախատեսվում է նաև Ֆադելի հեղինակած «Build: An Unorthodox Guide to Making Things Worth Making» գրքի շնորհանդեսը։ Սեպտեմբերի 9-ին էլ ՀՊՏՀ-ում դասախոսությամբ հանդես կգա ավիատիեզերական ինժեներ և ESA նախկին գլխավոր տնօրեն Ժան Ժակ Դորդենին։ Տնտեսագիտական համալսարանում այս միջոցառումները նույնպես անցկացվելու են 11:00-ին։ ՀՊՏՀ-ի լրատվական բաժնից մեզ հայտնեցին, որ նախապատրաստվում են փառատոնին, իսկ ուսանողներին հնարավորություն է տրվել ստանալ «Սթարմուս» փառատոնի անվճար տոմսեր։ Ուսանողները տոմսերը ստանալու համար պետք է ներկայացնեն մոտիվացիոն նամակ այն մասին, թե ինչու են ուզում մասնակցել փառատոնին։ Որոշակի հնարավորություններ են ստեղծվել նաև աշխատակիցների համար։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը սեպտեմբերի  6-ին կհյուրընկալի Լոնդոնի համալսարանական քոլեջի կլիմայագիտության դասախոս Քրիս Ռափլին, իսկ սեպտեմբերի 7-ին՝  «Սատլանտիս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, արդյունաբերական ճարտարագետ, տնտեսագետ Խուան Թոմաս Հերնանին։ Ագրարային համալսարանից մեզ տեղեկացրին, որ այժմ իրականացվում են կազմակերպչական աշխատանքներ, իսկ սպասվող միջոցառումների  մասին տեղյակ են պահել ուսանողներին ու աշխատակիցներին։  Բոլոր դասախոսությունների անցկացման ժամը 11:00-ն է։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սեպտեմբերի 5-ին դասախոսությամբ հանդես կգա համակարգերի ինժեներ Նագին Կոքսը, սեպտեմբերի 6-ին՝ ipod-ի հեղինակ, iPhone-ի համահեղինակ, Nest-ի հիմնադիր  Թոնի Ֆադելը, սեպտեմբերի 7-ին՝ ավիատիեզերական ինժեներ և ESA նախկին գլխավոր տնօրեն Ժան Ժակ Դորդեյնը, սեպտեմբերի 8-ին՝  քիմիկոս, կենսաֆիզիկոս Քըրթ Վյութրիխը։ Պոլիտեխնիկական համալսարանից տեղեկացրին, որ այս պահին ընթանում են կազմակերպչական աշխատանքներ, ինչպես նաև օգտագործում են բոլոր հարթակներն ու հնարավորությունները՝ ուսանողներին ներգրավելու համար։ Հայաստանի ամերիկյան համալսարանում էլ սեպտեմբերի 6-ին դասախոսություն կկարդա համակարգերի ինժեներ Նագին Կոքսը, որը կպատմի, թե որքան ակտիվ դեր կարող ենք խաղալ յուրաքանչյուրս տիեզերքի ուսումնասիրման գործում։ Սեպտեմբերի 7-ին Ամերիկյան համալսարանը կհյուրընկալի Լոնդոնի համալսարանական քոլեջի կլիմայագիտության դասախոս Քրիս Ռափլիին, իսկ սեպտեմբերի 8-ին մանրէաբան և կենսաքիմիկոս Էմանուել Չարպենտիեն։ Դասախոսությունները կանցկացվեն 11:30-ին։ Երևանի «Հայբուսակ» համալսարանը սեպտեմբերի 8-ին կհյուրընկալի աստղաֆիզիկոս Խավիեր Բարկոնսին, իսկ սեպտեմբերի 9-ին՝ քիմիկոս, կենսաֆիզիկոս Քըրթ Վյութրիխին։ Երկու դասախոսություններն էլ կանցկացվեն 11:00-ին։ Բոլոր դասախոսությունների մուտքը ազատ է։ Հյուրերը դեռևս չեն բացահայտել դասախոսությունների հիմնական թեմաները։ Նշենք նաև, որ «Սթարմուս» փառատոնը կազմակերպչական աշխատանքների համար ուսանողների է ներգրավել գործընկեր բուհերից։    Նանե Ավետիսյան
17:03 - 02 սեպտեմբերի, 2022