Ինֆոքոմ

Նախատեսվում է անհատական բնակելի տան կառուցապատող համարվող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ազատել լրացուցիչ ծախսերից․ նախագիծ

Նախատեսվում է անհատական բնակելի տան կառուցապատող համարվող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ազատել լրացուցիչ ծախսերից․ նախագիծ

Ազգային ժողովն այսօր քննարկեց ՔՊ պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Ալխաս Ղազարյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու նախագիծը, որի նպատակը անհատական բնակելի տան կառուցապատող համարվող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց լրացուցիչ ծախսերից ազատելն է։  «Այժմ, երբ մեր քաղաքացիները նոր անհատական բնակելի տուն կառուցելուց հետո 2 տարվա ընթացքում որոշեն վաճառել այն, նրանք ստիպված են վճարել 20 տոկոս եկամտային հարկ: Մենք առաջարկում ենք հանել այդ դրույթը»,- ասաց նախագծի հիմնական զեկուցող Գևորգ Պապոյանը: Նրա խոսքով՝ Հանրապետության բոլոր վայրերում հազարավոր անհատական բնակելի տներ կան, որտեղ մարդիկ ապրում են, սակայն դրանց ավարտական ակտը չկա․ Եթե այսօր քաղաքացին գնա որոշի ավարտական ակտը հանի և վաճառի, ստիպված է լինելու վճարել 20% եկամտային հարկ։ Կամ գյուղերում հազարավոր կիսակառույց տներ կան, մարդը 2 հարկանի տուն է կառուցել, առաջին հարկում ապրում է, երկրորդը չի կարողացել կառուցել, այսօր եթե փորձի վաճառել, ստացվելու է, որ 20% եկամտային հարկ պետք է վճարի։ Հիմա մենք առաջարկում ենք, որ բոլոր այս դեպքերում, երբ մարդը տունը կառուցել է, ուզում է վաճառի,  կիսակառույց վիճակում է գտնվում, ավարտական ակտը չունի, մարդկանց ազատենք 20% եկամտային հարկ վճարելու պարտավորությունից»։
14:08 - 12 սեպտեմբերի, 2022
Պատգամավորներն առաջարկում են նվազեցնել Հայաստան ներկրվող ցեմենտի տուրքը

Պատգամավորներն առաջարկում են նվազեցնել Հայաստան ներկրվող ցեմենտի տուրքը

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Հովիկ Աղազարյանն առաջարկում են Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր կիրառվող 14 հազար դրամ տուրքը նվազեցնել և սահմանել 9 հազար դրամ, իսկ կլինկերի համար կիրառվող 2 հազար դրամ տուրքն ընդհանրապես հանել:  «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը ԱԺ-ում ներկայացրեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նրա խոսքով՝  օրինագծի ընդունումը պայմանավորված է ցեմենտի տեղական արտադրությունը պաշտպանելու, ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ: «Վիճակագրությունը և վերջին 3 տարիների դինամիկան ցույց են տալիս, որ 14 հազար դրամ տուրքը ժամանակին ճիշտ էր ընտրվել, որովհետև որքան էլ մեզ քննադատում էին, որ դրա հետևանքով տեղական ցեմենտ արտադրողները վնասներ կկրեն և կսնանկանան, իրականում տեղի ունեցավ հակառակը՝ հայկական շուկայում ցեմենտի արտադրության ծավալները շեշտակի աճեցին: Միայն այս տարվա 7 ամիսներին արտադրվել է ավելի քան 520 հազար տոննա ցեմենտ: Դա ավելին է, քան սրանից 5-6 տարի առաջ տարեկան կտրվածքով արտադրվածը: Այս ամբողջ արտադրության ծավալի մեջ տեղական արտադրողների կշիռը էականորեն մեծացել է: Խնդիրն այստեղ հետևյալն է, որ երբ մենք այդ ժամանակ առկա տվյալների հիման վրա որոշեցինք, որ տուրքի չափը պետք է սահմանենք 14 հազար դրամ, նպատակը ոչ թե տեղական արտադրողների համար արհեստական գերշահույթներ ապահովելն էր, այլ այնպես անելը, որ շուկան հավասարակշռվեր»: Ըստ Թունյանի՝ այսօր կա մի իրավիճակ, երբ ելակետային պայմանները փոխվել են, իրանական ցեմենտի գինը սահմանին էապես թանկացել է, տրանսպորտային ծախսերն էապես թանկացել են․ «Եթե մենք սրա վրա թողնում ենք 14 հազար դրամ տուրքը, ներմուծումն արհեստականորեն արգելափակվում է, շուկայում տեղի են ունենում գերկենտրոնացում, ցեմենտի դեֆիցիտ, գների աճ»։
12:30 - 12 սեպտեմբերի, 2022
Ազգային ժողովը քննարկեց ազդարարման համակարգի կատարելագործմանը վերաբերող նախագիծ

Ազգային ժողովը քննարկեց ազդարարման համակարգի կատարելագործմանը վերաբերող նախագիծ

Ազգային ժողովն այսօր քննարկեց  «Ազդարարման համակարգի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Նախագծի նպատակը ազդարարման համակարգի կատարելագործումն ու ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն է։  Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը նշեց, որ նախագծով առաջարկվում է ազդարարման հետ կապված հարաբերությունները տարածել նաև մասնավոր ոլորտի կազմակերպությունների և համայնքային կազմակերպությունների վրա՝  ազդարարման համակարգի կիրառության ոլորտում ներառելով ոչ միայն պետական կազմակերպությունները, այլ նաև համայնքային, ինչպես նաև մասնավոր ոլորտի առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները։  «Միաժամանակ նախագծերով առաջարկվել է նախատեսել կոռուպցիոն բնույթի հանցագորոծություն չհանդիսացող իրավիճակներում ազդարարում տալու, այդ թվում՝ անանուն ազդարարելու հնարավորությունը, միաժամանակ սահմանելով ազդարարման նման դեպքերը քննող իրավասու մարմին։ Առաջարկվում է ազդադարման միասնական  հարթակին հասանելիություն տրամադրել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որն իր իրավասության շրջանակում կապահովի միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված յուրաքանչյուր ազդարարման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակում միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի հարուցումը»։ Փոխնախարարի խոսքով՝ նախագծերով առաջարկվում է Մարդու իրավունքների պաշտպանին սահմանել որպես իրավասու մարմին, որն իր տարեկան հաղորդման շրջանակում կամփոփի ազդարարման վերաբերյալ համապատասխան վիճակագրություն, ինչպես նաև ՄԻՊ-ին վերապահել ազդարարների պաշտպանության իրականացմանը հետևելու և այլ լիազորություններ։Բացի դրանից՝ նախագծով սահմանում է ազդարարման նոր տեսակ՝ ազդարարում հանրությանը, որի հիմնական նպատակն է ստեղծել գործուն մեխանիզմներ կոռուպցիայի դեմ պայքարի համար՝ ապահովելով հասարակության իրազեկվածության բարձրացումը, հասարակական վերահսկողւթյան կառուցակարգերի և պետական կառավարման մարմինների նկատմամբ վստահության ամրապնդումը։ Անդրադառնալով վիճակագրական տվյալներին՝ Թումանյանցը նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունում 2021 թվականին ստացվել է 75 ազդարարում, 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին, 10 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ: 75 ազդարարումից 70-ը եղել են անանուն: 59-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 16-ով մերժվել է վարույթի հարուցումը, հարուցված ազդարարման վարույթներով 32-ի դեպքում վարույթը կարճվել է, 47-ն ուղարկվել օպերատիվ հետախուզական մարմին ազդարարումը ստուգելու համար: Ազդարարումը ազդարարի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական հիմնարկներում և կազմակերպություններում, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդումն է։  Իսկ ազդարարը ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ վերոնշյալ խախտումների վերաբերյալ՝ կապված այն պաշտոնատար անձի կամ մարմնի հետ, որի հետ նա գտնվում կամ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական հարաբերությունների մեջ, կամ որին դիմել է ծառայությունների մատուցման նպատակով, կամ որը սխալմամբ ընկալվել է որպես ազդարար:
12:28 - 12 սեպտեմբերի, 2022
ԱԺ-ն քննարկեց Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև նոր վարկային համաձայնագիր վավերացնելու հարցը

ԱԺ-ն քննարկեց Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև նոր վարկային համաձայնագիր վավերացնելու հարցը

Ազգային ժողովն այսօրվա նիստի ընթացքում քննարկեց ՀՀ-ի և և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2022 թ․-ի մարտի 15-ին և մարտի 18-ին ստորագրված պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը։ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը տեղեկացրեց, որ ծրագրի ընդհանուր գումարը 26 միլիոն 500 հազար եվրո է: Նրա խոսքով՝ այս ծրագրի նպատակն է աջակցել պետական կառավարման արդիականացմանը, քաղաքացիական ծառայության շարունակական բարեփոխումներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացմանը, ինչպես նաև մի շարք մի շարք էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման միջոցով։  Նախորդ երեք ծրագրերի շրջանակում ՊԵԿ-ում կատարված բարեփոխումների, ինչպես նաև չորրորդ ծրագրի շրջանակում սպասվող փոփոխությունների վերաբերյալ Մուրադյանին հարց ուղղեց  ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը։ «ՊԵԿ-ին հատկացվող գումարը ամենամեծն է, որովհետև մենք ամենամեծ ծավալի ծրագրերն ենք առաջարկել։ Հիմնական մի քանի ուղղություններ ունենք։ Ուղղություններից մեկը բջջային հավելածների զարգացումն է՝ հարկային և մաքսային ծառայությունների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման բնագավառում։ ՊԵԿ-ում մատուցվող ծառայությունների գերակշիռ մասը, եթե ոչ ամբողջը, իրականացվում են էլեկտրոնային հարթակում, սակայն առկա չեն բջջային հավելվածների միջոցով մատուցվող ծառայություններ, որը որոշակի խնդիրներ է ստեղծում»,- ասաց Մուրադյանը։
11:27 - 12 սեպտեմբերի, 2022
ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում

ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան իր թվիթերյան էջում անդրադարձել է Բաքվից հինգ հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան։ Նա, տարածելով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի գրառումը՝ գերիների վերադարձի վերաբրյալ, գրել է, որ սա իսկապես լավ նորություն է։ «Եվ կարևոր է, որ սա երկկողմ, առանց միջնորդների ջանքերի արդյունք էր: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, որոնք առանցքային են Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման համար»,- գրել է Կոլոմինան։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ ռազմագերի։ Եվրամիությունը և ԱՄՆ-ն ողջունել են հայ ռազմագերիների վերադարձը։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ընգծել էր, որ  հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների։
19:34 - 11 սեպտեմբերի, 2022
Բնակչության 42%-ի կարծիքով ՀՀ-ն գնում է սխալ ուղղությամբ․ ՄՀԻ սոցհարցման արդյունքները

Բնակչության 42%-ի կարծիքով ՀՀ-ն գնում է սխալ ուղղությամբ․ ՄՀԻ սոցհարցման արդյունքները

Հայաստանի բնակչության 42%-ի կարծիքով ՀՀ-ն գնում է սխալ ուղղությամբ, իսկ 31%-ի կարծիքով՝ ճիշտ ուղղությամբ։ Մինչդեռ 2021 թ․-ի հարցումներով 43%-ը կարծիք էր հայտնել, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է գնում, իսկ 20%-ը ասել էր, որ ՀՀ-ն սխալ ուղղությամբ է գնում։ Այս մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի 2022 թ․-ի հունիսին անցկացված սոցհարցման արդյունքները։ Պատասխանելով հարցին, թե քաղաքական որ գործչին կամ անձին են ամենաշատը վստահում, հարցվողները նշել են՝ Նիկոլ Փաշինյան՝ 16%, Ռոբերտ Քոչարյան՝ 3%, ոչ ոքի՝ 64%, այլ պատասխան՝ 8%: Հարցվածների 22%-ը խիստ դրական, 31%-ը որոշ չափով դրական կարծիք ունի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին։ 11%-ը որոշ չափով բացասական, իսկ 22%-ը խիստ բացասական կարծիք ունի Փաշինյանի մասին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասին խիստ դրական կարծիք ունի հարցվածների 8, իսկ որոշ չափով դրական կարծիք՝ հարցվածների 26%-ը։ 25%-ը որոշ չափով բացասական, իսկ 11%-ը խիստ բացասաբար է վերաբերվում Սիմոնյանին։Քաղաքական գործիչների վերաբերյալ հարցման արդյունքները՝ ավելի մանրամասն Այն հարցին, թե ո՞ր քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին ձայն կտային քաղաքացիները, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի օրը, քաղաքացիները նշել են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 25%, «Հայաստան» դաշինք՝ 6%, ՀՅԴ՝ 2%, ՀՀԿ՝ 1%, չի պատրաստվում քվեարկել հարցվածների 25%, ոչ ոքի՝ 15%: Նշենք, որ հարցումն իրականացվել է ՀՌԿԿ-Հայաստան-ի կողմից Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների հետազոտության կենտրոնի անունից։ Տվյալները հավաքագրվել են համակարգչի օգնությամբ իրականացվող հեռախոսային հարցազրույցների միջոցով (CATI) Հայաստանի տարածքում՝ 2022թ․-ի հունիսի 10-ից 21-ը։ Հարցվողների ընտրությունն իրականացվել է պատահականորեն գեներացված համարներին կատարվող զանգի միջոցով (RDD)՝  ըստ շուկայում հեռախոսային օպերատորների զբաղեցրած մասնաբաժնի։ Այն դեպքում, երբ հեռախոսահամարները պատահականորեն են կազմվել, բնակավայրի տիպի համար քվոտաներ են սահմանվել՝ հիմնված 2011թ․-ի մարդահամարի տվյալների վրա։ Դաշտային աշխատանքների երկրորդ կեսի ժամանակ բջջային օպերատների համար քվոտա է ավելացվել։
11:22 - 10 սեպտեմբերի, 2022
Թե ինչպես Նոբելյան մրցանակակիրը սկսեց համագործակցել արվեստագետների հետ՝ գիտությամբ չզբաղվողներին տիեզերքի մասին պատմելու համար

Թե ինչպես Նոբելյան մրցանակակիրը սկսեց համագործակցել արվեստագետների հետ՝ գիտությամբ չզբաղվողներին տիեզերքի մասին պատմելու համար

Քրիստոֆեր Նոլանի Interstellar ֆիլմը դիտելիս գուցե շատերս ենք մտածել այն երկրորդ անգամ դիտելու մասին, քանի որ դժվար է միանգամից հասկանալ ֆիլմի բոլոր գիտական դրվագները։  Թերևս քչերին է հայտնի, որ Interstellar-ն ունեցել է գիտական խորհրդատու․ խոսքը ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Քիփ Թորնի մասին է, որն անգամ գիրք է գրել, որտեղ բացատրել է ֆիլմի հիմքում ընկած գիտությունը։  Պրոֆեսոր Թորնը թիմակիցների հետ 2017-ին Նոբելյան մրցանակ է ստացել գրավիտացիոն ալիքների ուսումնասիրության գործում վճռորոշ ներդրում ունենալու համար։ Լիա Հալլորանը և Քիփ Թորնը Այս օրերին անցկացվող «Սթարմուս» փառատոնի շրջանակում Քիփ Թորնը Հայաստանում է։ Վերջինիս հետ Հայաստան է եկել նաև նկարիչ, արվեստագիտության դոցենտ Լիա Հալլորանը, որի հետ Թորնը համագործակցում է արդեն 12 տարի։ Նրանք այսօր Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հրապարակում (Ֆիզգորոդոկ) բաց դասախոսություն ունեցան, որի ընթացքում պատմեցին սև խոռոչների և իրենց համատեղ նախաձեռնության մասին։ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը ողջունեց ներկաներին, որոնց թվում կային նաև դպրոցականներ, այնուհետև սկսվեց դասախոսությունը։ Անի Ապրահամյանը Պրոֆեսոր Քիփ Թորնը նշեց, որ ինքը մոտ կես դար կենտրոնացած է եղել տիեզերքի աղավաղված կողմի (the warped side of the universe) ուսումնասիրության վրա, մասնավորապես՝ այնպիսի առարկաների և երևույթների, ինչպիսիք են սև խոռոչները․ «70 տարեկանում սկսեցի աստիճանաբար անցում կատարել դեպի նոր կարիերա՝ համագործակցելով արվեստագետների հետ, որ գիտությամբ չզբաղվողներին պատմեմ տիեզերքի աղավաղված կողմի հրաշքների մասին: Այդ համագործակցությունները ներառում են Interstellar ֆիլմը, մի քանի բազմամիլիարդանոց համերգներ, նախորդ «Սթարմուս» փառատոնները»։ Պրոֆեսոր Հալլորանն էլ պատմեց, որ դեռ դպրոցական տարիքում մայրն իրեն նվիրել է Քիփ Թորնի գրքերից մեկը, որը փոխել է իր պատկերացումներն այն մասին, թե ինչպես է պետք նկարներում ներկայացնել տիեզերքի աղավաղված կողմը։ Տարիներ հետո նա ծանոթացել է Քիփ Թորնի հետ, և այդպես սկսվել է նրանց համագործակցությունը։  Երկու տարբեր ոլորտների պրոֆեսորները սկսել են միասին գիրք ստեղծել, որտեղ ամեն մեկն իր տեսանկյունից պատմել է տիեզերքի շատերիս անծանոթ կողմի մասին․ Քիփ Թորնը գրել է, Լիա Հալլորանը՝ նկարել։ Պրոֆեսոր Թորնը նաև որոշել է իր տեքստը չափածո դարձնել, և այդպես նրանց 12 տարվա համատեղ աշխատանքը՝ «Մեր տիեզերքի աղավաղված կողմը» (The Warped Side of Our Universe), դարձել է տիեզերքի մասին պոեզիայով ու նկարներով պատմող գիրք։ Գիրքը լույս կտեսնի հաջորդ տարի, իսկ մինչև այդ Հայաստանում դասախոսությանը ներկա գտնվող մարդիկ հնարավորություն ունեցան գրքից պատառիկներ վայելելու։ Հեղինակներն ընթերցեցին հատվածներ, ինչպես նաև ցուցադրեցին պրոֆեսոր Հալլորանի նկարներից մի քանիսը։ Պրոֆեսոր Թորնը նշեց, որ ներկաներն իրենց գրքի առաջին մեծ լսարանն են։ «Հեռու-հեռո՜ւ մի համաստեղությունումԵրկու պտտվող սև խոռոչ պարում էին իրար շուրջ՝Պատռելով տարածության և ժամանակի գործվածքը։ Գրավիտացիոն ալիքներըԷներգիա էին քաշում խոռոչի ուղեծրից,Այդպիսով, խոռոչները պտտվեցին դեպի ներս՝Մթագնելով մեկը մյուսին, Դեպի վճռական բախում»,- հենց այսպես էր հնչում գիտությունը պոեզիայի լեզվով։ Դասախոսության ավարտին ներկաները նաև հարցեր տվեցին պրոֆեսորներին, լսեցին նրանց պատասխանները, դե իսկ վերջում բոլորով միասին դիտեցին Նոլանի հանճարեղ Interstellar-ը։ Աննա Սահակյան
23:19 - 09 սեպտեմբերի, 2022
Հյուսիսային Կորեան հաստատեց միջուկային պետության կարգավիճակը՝ հրաժարվելով ապամիջուկայնացման բանակցություններից

Հյուսիսային Կորեան հաստատեց միջուկային պետության կարգավիճակը՝ հրաժարվելով ապամիջուկայնացման բանակցություններից

Հյուսիսային Կորեայի Գերագույն Ժողովրդական Ժողովն ընդունել է «Միջուկային զենքի քաղաքականության մասին օրենքը», որն իրավաբանորեն հաստատել է միջուկային պետության կարգավիճակը։ ԿԺԴՀ-ն նաև ընդգծել է, որ չի բանակցելու ապամիջուկայնացման շուրջ, քանի որ միջուկային զենք ունենալը իր օրինական և անքակտելի իրավունքն է։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Ինչպես փոխանցում է TACC-ը, ուրբաթ հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Օրենքը պարունակում է կետեր միջուկային հնարավորությունների կառուցվածքի և հրամանատարության, նպատակների, դրանց օգտագործման պայմանների և համապատասխան որոշում կայացնելու կարգի վերաբերյալ։ Դրանում, մասնավորապես, նշվում է, որ ԿԺԴՀ-ն, լինելով «պատասխանատու միջուկային տերություն», միջուկային զենք չի փոխանցի այլ երկրներ, չի կիսի միջուկային տեխնոլոգիաները, սարքավորումները և դրանց արտադրության համար անհրաժեշտ նյութերը։ «Միջուկային ուժերը զեկուցում են բացառապես Պետական ​​խորհրդի նախագահին։ Միջուկային զենքի վերաբերյալ բոլոր որոշումները կայացնելու իրավունքը պատկանում է Պետխորհրդի նախագահին»,- ասվում է օրենքում։ Միջուկային ուժերի հետ կապված ցանկացած որոշում կայացնում է նաև երկրի ղեկավարը։ Միջուկային զենքի կիրառման պայմաններն են ԿԺԴՀ-ի դեմ միջուկային զենքի կիրառումը կամ սպառնալիքը, հարձակումը երկրի ղեկավարության վրա, այդ թվում՝ ոչ միջուկային զենքի կիրառմամբ, ռազմական հարձակումը ռազմավարական օբյեկտների վրա։ Փաստաթղթում առանձնահատուկ ընդգծվում է, որ նման հակահարված կհասցվի «ավտոմատ կերպով» սպառնալիքը հաստատող տվյալները ճշտելուց հետո։ Ելույթ ունենալով ԿԺԴՀ Գերագույն Ժողովրդական Ասամբլեայի նիստում՝ Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ միջուկային զենք ունենալը իր երկրի օրինական և անքակտելի իրավունքն է, ինչի կապակցությամբ Փհենյանը մտադիր չէ ապամիջուկայնացման շուրջ բանակցություններ վարել․ «Մենք մտադիր չենք հրաժարվել միջուկային զենքից, նոր օրենքը անհնարին է դարձնում ապամիջուկայնացման բանակցությունները»։ «Մենք չենք հրաժարվի ինքնապաշտպանության իրավունքից, որից կախված է երկրի գոյությունը, ժողովրդի և պետության անվտանգությունը, որքան էլ որ իրավիճակը բարդ լինի, որքան էլ բարդ լինի քաղաքական ու ռազմական իրավիճակը կորեական թերակղզում, մենք չենք կարող հրաժարվել միջուկային զենքից, քանի որ դա անհրաժեշտ է միջուկային պետություն ԱՄՆ-ին զսպելու համար»,- հավելել է Կիմ Չեն Ընը։ Նա նաև նշել է, որ երկիրն ամեն կերպ կամրապնդի միջուկային պատերազմի իր պատրաստվածությունը՝ շարունակելով դիվերսիֆիկացնել միջուկային զենքի կիրառման միջոցները, ընդլայնելով միջուկային մարտավարական գործողություններ իրականացնելու տարածքը և բարձրացնելով միջուկային ուժերի գործառնական արդյունավետությունն ու հուսալիությունը։ Հիշեցնենք, որ ապամիջուկայնացման շուրջ բանակցություններն ակտիվացել էին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։ 2018 թվականի հունիսին Սինգապուրում տեղի ունեցավ ԱՄՆ-ԿԺԴՀ առաջին գագաթնաժողովը, որի ավարտին ընդունվեց համատեղ փաստաթուղթ։ Այնուհետև Փհենյանը պարտավորվեց ապամիջուկայնացում Վաշինգտոնի անվտանգության երաշխիքների դիմաց: 2019 թվականի փետրվարին Հանոյում տեղի ունեցավ երկրորդ գագաթնաժողովը։ Թրամփն ու Կիմ Չեն Ընը մի քանի հանդիպումներից հետո, այդ թվում՝ դեմ առ դեմ, չկարողացան համաձայնության գալ և համատեղ փաստաթուղթ չստորագրեցին։ 2019 թվականի հունիսի 30-ին ԿԺԴՀ-ի և Կորեայի Հանրապետության սահմանին՝ ապառազմականացված գոտում, տեղի ունեցավ Թրամփի և Կիմ Չեն Ընի երրորդ հանդիպումը։ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին Միացյալ Նահանգների և ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները հանդիպեցին Շվեդիայում՝ աշխատանքային մակարդակով, սակայն այդ բանակցություններն ավարտվեցին առանց արդյունքի։ Դրանից հետո ԿԺԴՀ-ն կրկին շարունակել է բալիստիկ հրթիռների արձակումը։ Նաև 2022 թվականին հարավկորեական հետախուզությունը տվյալներ է տրամադրել հաջորդ միջուկային փորձարկմանը Փհենյանի հնարավոր նախապատրաստման վերաբերյալ։
10:04 - 09 սեպտեմբերի, 2022
4 սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը․ Իշխան Վահանյանի գործով հարցաքննվեցին սպայական կազմից վկաներ

4 սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը․ Իշխան Վահանյանի գործով հարցաքննվեցին սպայական կազմից վկաներ

#Կարճասած Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ վեց ժամից ավելի՝ մինչ ուշ երեկո, ընթացավ 44-օրյա պատերազմի ժամանակ  իշխանության անգործության եւ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործի քննությունը, որի ժամանակ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին սպայական կազմից առանցքային վկաներ։ Մասնավորապես, նույն գումարտակի ուսումնական վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը, ցուցմունք տալով, պատմեց, որ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին՝ Խուռհատ սարում թշնամու լայնածավալ հարձակման ժամանակ, երբ վիրավորներին օգնություն ցույց տալիս են եղել, Իշխան Վահանյանը, «վախ-վախ» կանչելով, ասել է, թե վիրավոր է, եւ վիրավորների մեքենա նստելով՝ հեռացել։ Արտաքինից, սակայն, վիրավորման մասին վկայող ոչինչ Գրիգորյանը չի տեսել։ Արձագանքելով նրա այս հայտարարությանը՝ Վահանյանը հայտարարեց, որ վկան ստում է․ հենց նա է իրեն գետնից բարձրացրել եւ օգնել մեքենա նստել։ Հայկազ Գրիգորյանը նաեւ հայտնեց, որ Վահանյանի գնալուց հետո, երբ արդեն շրջափակման մեջ են ընկել, չեն իմացել՝ որ ուղղությամբ գնալ, եւ արդյունքում, 200 հոգանոց անձնակազմը բաժանվել է 3 խմբի, եւ ոմանք սխալ ուղղությամբ են գնացել, ինչի հետեւանքով հետագայում զոհվել կամ գերեվարվել են։ Դատավարության մասնակիցների հարցին, թե ներկա 4 սպաներով ինչո՞ւ չեն կանխել զորքի ցաքուցրիվ լինելը, վկան պատասխանեց, որ իրավիճակն այնքան անկանոն էր, որ չեն կարողացել․ ամեն մեկը մի կողմ էր վազում, թաքնվում։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ վկայի խոսքերը հանցագործության տարրեր են պարունակում, եւ հորդորեց առանձին քրեական գործ հարուցել՝ խոստանալով հակառակ դեպքում հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։ Մյուս վկան՝ Գարիկ Վարդերեսյանը, պատմեց, որ դրանից օրեր առաջ Իշխան Վահանյանը վիրավորներին մարտի դաշտից հանելու իր առաջադրանքը լիարժեք չի կատարել, մի քանիսին վերցրել է եւ նրանց հետ միասին՝ գնացել հոսպիտալ, թեեւ ինքը նաեւ դրա թույլտվությունը չէր տվել։ Վկա Հարություն Մարտիրոսյանի խոսքով էլ՝ ինքը Վահանյանին նույն այդ հարձակման օրն է տեսել միայն․ վերջինս զանգել է իրենց, հանդիպել, իր մեքենայի բանալիները փոխանցել՝ խնդրելով հնարավորության դեպքում հանել այն Հադրութից։ Ըստ վկայի՝ Վահանյանը իրենց է փոխանցել նաեւ իր մոտ եղած ռադիոկապը, որի մեջ, ըստ Վահանյանի, լիցքավորում չի եղել։ #Մանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ երեկ՝ մինչեւ ուշ երեկո, շարունակվեց Պաշտպանության բանակի N զորամասի 5-րդ գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը, որն անցավ լարված մթնոլորտում։ Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ  անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ։ Նա կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։  Դատարանը ներկայումս վկաների հարցաքննության փուլում է։ Գործով շուրջ 40 վկա կա, որոնցից ընդհանուր առմամբ հարցաքննվել է 10–ը։ Ինչ վերաբերում է տուժողի իրավահաջորդներին, նրանց թիվը, ըստ գործի նյութերի, 15-ն է, սակայն ենթադրվում է, որ դատարանը նոր տուժողներ եւ տուժողների իրավահաջորդներ է ներգրավելու, ինչը, ըստ Դատախազության մեկնաբանության, նախաքննության փուլում չի արվել ժամկետների սղությամբ պայմանավորված։ Ըստ Հայկազ Գրիգորյանի՝ Իշխան Վահանյանն ի վիճակի է եղել մարտի ղեկավարումը շարունակելու, սակայն «վախ-վախ» ասելով՝ վիրավորների մեքենայով հեռացել է Երեկ հարցաքննված առաջին վկան պատերազմի ժամանակ 5-րդ հրաձգային գումարտակի ուսումնական վաշտի հրամանատար, այն ժամանակ կապիտան, ներկայումս՝ մայոր Հայկազ Գրիգորյան էր, որը նշեց, որ ճանաչում է Իշխան Վահանյանին եւ նրա հետ ունի միայն ծառայողական հարաբերություններ, ընկերական կամ թշնամական՝ ոչինչ։ Դատարանում ցուցմունք տալով՝ Հայկազ Գրիգորյանը պատմեց, որ պատերազմը սկսվելու օրը եղել է պատասխանատու գումարտակում, եւ երբ հակառակորդը հարձակվել է, հրաման է ստացել բարձրանալ պաշտպանության շրջանները եւ դիրքավորվել, ինչն էլ արվել է։ Կոնկրետ իր վաշտը եղել է «Չռիկներ» կոչվող հատվածում՝ բլրի վրա։ Վաշտում եղել են 1-2 ամսվա զինծառայողներ, որոնք, կորոնավիրուսով պայմանավորված, չեն հասցրել կրակային մարտավարության դասընթացներ անցնել, եղել են նույնիսկ այնպիսիք, որոնք երդում դեռ չեն տվել։ Այնուհանդերձ, բոլորը ստացել են իրենց հասանելիք զենքերը եւ դիրքավորվել անհրաժեշտ կետում։ Վկայի կարծիքով՝ այդ նորակոչիկներին մարտի դաշտ տանելու իրավունք չկար։ Լուսանկարում՝ վկա Հայկազ Գրիգորյանը Գրիգորյանը պատմեց, որ առաջին օրվանից մարտը ղեկավարել է գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատարը՝ Սամվել Սահակյանը, որը պատերազմի երրորդ-չորրորդ օրը զոհվել է, նրա զոհվելուց հետո՝ Գարիկ Վարդերեսյանը։ Այդ ընթացքում կապը վերադաս հրամանատարության հետ պահել են ռադիոկապի միջոցով, որի մարտկոցի հետ խնդիրներ են առաջացել․ մեկ-երկու անգամ բերել, փոխել են, սակայն հետագայում դրա հնարավորությունը չի եղել։ Մի քանի օր անց շրջափական մեջ ընկնելով՝ նահանջի հրաման են ստացել․ թե ում կողմից, Գրիգորյանը չկարողացավ ասել։ Նահանջել են դեպի «9-րդ կիլոմետր» կոչվող տարածք, որտեղ մեքենաներ են ուղարկվել՝ իրենց տեղափոխելու համար․ տարել են նախ Հադրութի զորամաս, իսկ հետո, երբ զորամասն են սկսել ռմբակոծել՝ Հադրութի դպրոց, որտեղ էլ հանդիպել է Վահանյանին։ Ըստ Գրիգորյանի՝ զորքն այդ ժամանակ արդեն անմարտունակ էր, ի վիճակի չէր ինչ-որ խնդիր կատարելու, եւ ինքն այդ մասին զեկուցել է բարոյահոգեբանական գծով տեղակալ Աշոտ Մկրտչյանին։ Հադրութի դպրոցում բանակի հրամանատարը անձնակազմի փոփոխություններ է արել․ Իշխան Վահանյանին նշանակել է գումարտակի հրամանատար, իսկ իրեն՝ գումարտակի շտաբի պետ․ «Բայց քանի որ վաշտի հրամանատար չի եղել, ես իմ պաշտոնին եմ մնացել, իմ ստորաբաժանման հետ»։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց, թե ում հրամանով վկան չի ստանձնել իր նոր պաշտոնը, ինչին ի պատասխան՝ նա ասաց․ «Հրամանը անգամ չեն ասել, որ նշանակվել եք, ոչ մեկը ոչ մի բան չի ասել»։ Ճշտող հարցին՝ բանակի հրամանատարի բանավոր հրամանն արդյո՞ք բավարար չէր, վկան պատասխանեց․ «Բավարար էր, բայց քանի որ վաշտի հրամանատար չի եղել, անձնակազմի հետ եմ մնացել»։ Դատավոր Ջոն Հայրապետյանը պարզաբանեց, որ անձնակազմի հետ մնալը անորոշ պատասխան է, այնինչ մեղադրողը  հարցնում է, թե այդ հրամանից հետո վկան կոնկրետ որ պաշտոնում է պաշտոնավարել․ «Շարունակել եմ պաշտոնավարել որպես վաշտի հրամանատար, ոնց կամ, մնացել եմ, ոչ մի փոփոխություն չեմ արել, ոչ ինչ–որ մեկն ասաց՝ մնացեք, ոչ ասաց՝ էդ պաշտոնը ստանձնի, ոչ մի բան չեն ասել»,- արձագանքեց Գրիգորյանը։ Հոկտեմբերի 8-ի մոտակայքում արդեն Գրիգորյանը Վահանյանի հրամանով երկու դասակի հետ գնացել է հայկական գերեզմանների հարակից տարածք, որտեղ գիշերը շրջափակման մեջ են ընկել, ունեցել՝ զոհեր եւ վիրավորներ, ապա դուրս գալով՝ բջջայինով զանգահարել է Վահանյանին, ներկայացրել իրավիճակը եւ հարցրել, թե ինչ անի։ Վահանյանը մեքենա է ուղարկել նրանց հետեւից՝ ասելով, որ կբարձրանան Խուռհատ սար։ Նույն գիշեր այլ անձնակազմի հետ այդտեղ բարձրացել է նաեւ հենց Վահանյանը։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը Ըստ Հայկազ Գրիգորյանի՝ այդ գիշեր հանգիստ է եղել, խոսակցություններ կային, թե առավոտյան հրադադար է սպասվում, ինչը, սակայն, տեղի չունեցավ, եւ հակառակորդը լայնածավալ հարձակում գործեց․ «Հրետակոծում էին հենց սարը ե՛ւ հետեւից, ե՛ւ դիմացից, լիքը տեխնիկա է խոցվել, շատ վիրավորներ ենք ունեցել, որոնք տարհանվել են, եւ այլեւս հնարավոր չի եղել այդտեղ մնալ»։ Վկան պատմեց, որ վիրավորներին օգնություն են ցույց տվել, նստեցրել մեքենա, եւ այդ խառը պահին ինքը լսել է, որ Վահանյանը, «վախ-վախ» կանչելով, ասել է, թե վիրավոր է, եւ նրանց հետ մեքենա նստելով՝ հեռացել է։ Հանրային մեղադրողի հարցին՝ ինքը տեսե՞լ է Վահանյանի վիրավորվելը, վկան բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ երբ մարդ վիրավորվում է, արյուն է գալիս կամ ինքնազգացողությունն է վատանում, բայց նման բան տվյալ դեպքում չի եղել։ Միայն տեսել է, որ Վահանյանը զանգել է գնդի հրամանատարին, հայտնել իր վիրավոր լինելու մասին, բայց թե ինչ պատասխան է ստացել, տեղյակ չէ։ Ըստ սահմանված կարգի՝ գումարտակի հրամանատարի հեռանալու դեպքում վերջինիս գործառույթները պետք է փոխանցվեին Հայկազ Գրիգորյանին, ինչը եւս, ըստ նրա, չի արվել․ «Ինքը նստել ու գնացել է, ուրիշ ոչ մի բան»,- ասաց վկան՝ կարծիք հայտնելով, որ Վահանյանն ի վիճակի է եղել մնալու եւ մարտի ղեկավարումը շարունակելու։ Ամբաստանյալ Իշխան Վահանյանը հայտարարեց, թե որոշ դեպքերում վկան ստում է Արձագանքելով Գրիգորյանի այս հայտարարություններին՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանն ասաց, որ վիրավորվելիս Գրիգորյանը իր կողքին է եղել եւ սկսեց երկխոսել նրա հետ․ «Ինձ ընկած հիշո՞ւմ ես»,- հարցրեց նա վկային։ «Չէ, լսել եմ, որ ասել ես՝ վիրավոր եմ, ես զինվորներին էի օգնում»։ «Ինձ ո՞վ է օգնել՝ կամազ նստեմ»,- հարցրեց ամբաստանյալը, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ չգիտի։ Ամբաստանյալը նշեց, որ հենց Հայկազ Գրիգորյանն էլ եղել է օգնողը, իրեն գետնից բարձրացնողը․ «Գնդի հրամանատարի ասածը փոխանցե՞լ եմ քեզ»,- հարցրեց նա Գրիգորյանին․ «Չէ, ես հետո եմ իմացել, որ գնդի հրամանատարն ասել է, որ դու այն վիճակում չես, որ վիրավորների հետ իջնես»,- պատասխանեց Գրիգորյանը։ «Ռացիան տվե՞լ եմ քեզ»,- դարձյալ հարց հղեց Իշխան Վահանյանը, ինչին Գրիգորյանը բացասական պատասխան տվեց։ Ավելի ուշ Իշխան Վահանյանը հայտարարեց, որ նրա խոսքերում որոշ բաներ իրականությանը չեն համապատասխանում․ «Բաներ կան, որ սուտ է ասում, զորամասի հրամանատարն էլ է գալու, կգա, պարզ կդառնա, որ տենց բաներ չկան։ Ռադիոկապի մեջ զարյադկա չի եղել, ինքն էլ նշեց, որ մեզ ոչ էլ հասցրել են, ես գնդի հրամանատարի հետ խոսել եմ, ասել եմ, որ ի վիճակի չեմ, ասել է՝ հանձնի Գրիգորյան Հայկազին, հանձնել եմ իրեն, ինքն անձամբ է ինձ նստեցրել մեքենան, ես դա չէի հիշում, բայց առերեսման ժամանակ զինվորներ են եղել, իրենք են ասել»։ Ըստ Վահանյանի՝ Հայկազ Գրիգորյանը ստում է նաեւ, երբ ասում է, թե չի ստանձնել նոր պաշտոնը։ Հայկազ Գրիգորյանի խոսքով՝ իրավիճակն այնպիսին է եղել, որ իրենք 4 սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը Շարունակելով իր ցուցմունքը՝ մայոր Հայկազ Գրիգորյանը պատմեց, որ Իշխան Վահանյանի գնալուց հետո, երբ ամեն ինչ արդեն անվերահսկելի է եղել, եւ ըստ էության, գտնվել են շրջափակման մեջ, 4 սպաներով նահանջի որոշում են կայացրել․ եղել են ինքը, Վազգեն Վարդանյանը (նրա ցուցմունքը կարող եք կարդալ այստեղ,– հեղ․), հականետային դասակի հրամանատարը եւ վաշտի ավագը։ Թեեւ վերջինս հադրութեցի էր եւ տեղանքին ծանոթ էր, այնուհանդերձ, չեն իմացել՝ որ ճանապարհով գնալ, քանի որ ուշ են տեղեկացել, որ Հադրութ քաղաքը արդեն գրավված է, եւ ոչ մի ուղղություն այլեւս անվտանգ չէ․ «Մենք, անորոշ իրավիճակում սարի գլխին նստած, մտածում էինք՝ ինչ անենք, որ կողմ գնանք․ որ ուղղությամբ գնում էինք, հակառակորդը կրակում էր, միայն Գոշով որ բարձրացել ենք դեպի Հադրութ, այդտեղ չի կրակել, դուրս ենք եկել անտառի մեջ, արդեն ցրիվ ենք եղել, ամեն մեկը մի ուղղությամբ վազի, թաքնվի, անկանոն մի բան, չեմ կարող բացատրել»։  Դատավարության մասնակիցները հետաքրքրվեցին, թե ինքը, որպես սպա, ինչ գործողություններ է արել, որ անձնակազմը չբաժանվի, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ այնպիսի իրավիճակ էր, որ հնարավոր չէր բոլորի ղեկավարումն իրականացնել, անձնակազմը բացազատված էր․ «Որ շրջափակման մեջ ենք ընկել, անտառ ենք բարձրացել, ում զանգահարել ենք, ոչ ոք չի պատասխանել, չի խոսել, կապը ինչքան տալիս էինք, ոչ ոք չէր պատասխանում, կապի եմ դուրս եկել միայն մեր դիվիզիայի նախկին հրամանատարի տեղակալ, գնդապետ Մելքումյանի հետ, նա է մի երկու բառ բացատրել, ասել՝ սարի դոշով գնացեք էս կողմ, էն կողմ, հետո կապը ընդհատվել է»։ Արդյունքում, 200 հոգանոց անձնակազմը 3 խմբի է բաժանվել․ մոտ 60-65 հոգին է միայն իր հետ նույն ուղղությամբ գնացել։ Ի պատասխան դատավորի հարցին, թե որն է պատճառը, որ մյուսները զոհվել կամ գերեվարվել են, վկան պատասխանեց՝ սխալ ճանապարհով գնալը։ Նրա այս պատասխանները զայրացրին դահլիճում ներկա ծնողներին, որոնցից մեկը՝ Արսեն Ղուկասյանը, բղավեց․ «Եթե մենք ասում ենք, թե որ ուղղությամբ գնաք, ինչո՞ւ եք ընտրել Հադրութի ճանապարհը՝ իմանալով, որ այնտեղ թուրքեր են»։ Նշենք, որ շրջափակման մեջ մնացած զինծառայողների թվում է եղել Արսեն Ղուկասյանի եղբորորդին, որը, ըստ Ղուկասյանի ցուցմունքի եւ առկա ձայնագրության, զանգահարել է իրեն, ասել, որ շրջափակման մեջ են, եւ Ղուկասյանը, կապվելով ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ, փորձել է ուղղություն ցույց տալ։ Դատավորը վերաձեւակերպեց նրա հարցը․ «Ձեզ ինչ–որ մեկը ճիշտ ճանապարհը հուշե՞լ է»,– հարցրեց նա։ «Վազգենի հետ էլ են խոսել, ուղղություն տվել, բայց չգիտեմ՝ ով, ինչ է ասել, ինձ գնդապետ Մելքումյանն է ուղղություն ասել»,– պատասխանեց վկան։ Հարցին, թե ի վերջո, 4 հրամանատարով ինչու են թույլ տվել, որ զորքը ցաքուցրիվ լինի, Հայկազ Գրիգորյանը պատասխանեց․ «Չենք կարողացել հավաքել»։ Դատավորի հարցին՝ եթե ռադիոկապն առկա լիներ, եւ նա հստակ իմանար, թե որ ուղղությամբ է պետք շարժվել, կթողնե՞ր, որ զորքի մյուս մասը այլ ճանապարհով գնար, վկան պատասխանեց․ «Եթե նկատեի, որ ուրիշ ճանապարհով են գնում, թույլ չէի տա»։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը հայտարարեց, որ վկայի հայտնած տեղեկությունները, մասնավորապես, սպաների գործողությունների, շրջափակման մեջ ընկած զորքի դուրսբերման վերաբերյալ, ակնհայտորեն հանցագործության տարրեր են պարունակում եւ կոչ արեց քրեական գործ հարուցել, հակառակ դեպքում մինչ հաջորդ դատական նիստը ինքն է հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու Գլխավոր դատախազությանը։ Ըստ Գարիկ Վարդերեսյանի՝ ամբաստանյալը վիրավորներին մարտի դաշտից հանելու իր առաջադրանքը լիարժեք չի կատարել Հարցաքննված մյուս վկան պատերազմի ժամանակ 5-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Գարիկ Վարդերեսյանն էր, որը նշեց, որ ճանաչում է Իշխան Վահանյանին եւ նրա հետ ունի ծառայողական հարաբերություններ։ Վարդերեսյանի հայտնած տեղեկությունները վերաբերում էին սեպտեմբերի վերջին Ջաբրայիլում տեղի ունեցած այն դրվագին, երբ Վահանյանը վիրավորում է ստացել։ Հիշեցնենք, որ Վահանյանի խոսքով՝ ինքը երկու անգամ է վիրավորում ստացել, այնինչ տուժող կողմը այն համոզմանն է, որ նա միայն մինչ Խուռհատ սարում տեղի ունեցած դեպքերն է վիրավորվել, իսկ սարում պարզապես քչփորել է իր վերքը՝ մարտի դաշտը լքելու պատրվակ ստեղծելով։ Վկա Գարիկ Վարդերեսյանը պատմեց, որ ինքը՝ որպես գումարտակի հրամանատարի տեղակալ, իսկ Վահանյանը՝ որպես գումարտակի շտաբի պետ, պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցել են մարտական գործողություններին։ Դրանցից մեկի ժամանակ, երբ իրենք հրամանատարական դիտակետում են եղել, հրետակոծություն է սկսվել հենց դիտակետի վրա։ Վահանյանը կանգնած է եղել գումարտակի հրամանատարի հետեւում, եւ վերջինիս ոտքերի մոտ ընկած արկից երկուսն էլ վիրավորվել են․ հրամանատարը հոսպիտալի ճանապարհին մահացել է, իսկ Վահանյանին, որը բեկորային վնասվածք է ստացել, բուժակը՝ Կարեն Հովհաննիսյանը (նա եւս հետագայում զոհվել է,– հեղ․), բուժօգնություն է ցուցաբերել, վիրակապ դրել, եւ նա շարունակել է ծառայությունը։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ Վահանյանն ի՞ր կամքով է մնացել դիտակետում, շարունակել ծառայությունը թե՞ վկայի հորդորով, ինչին ի պատասխան՝ վկան մի քանի վայրկյան լռեց, ապա ասաց․ «Իմ կամքով․․․ Ես չեմ թույլատրել, որովհետեւ գումարտակի հրամանատարը զոհվել էր, եթե նա էլ բացակայեր, գումարտակը ի վիճակի չէր լինի այլ խնդիր կատարելու, միայնակ հնարավոր չէր 400-500 հոգու ղեկավարում իրականացնել»։ Ճշտող հարցին՝ Վահանյանի վերքը, իր տպավորությամբ, ի՞նչ աստիճանի ծանր էր, Վարդերեսյանը պատասխանեց․ «Ունեցել ենք գումարտակի հրամանատար, որ, մի ոտքը կտրված, մասնակցել է մարտական գործողությունների, բայց ինձ չի թվում, որ սա այն լուրջ վիրավորումն էր, որ նա կարող էր բացակայել»։ Լուսանկարում՝ վկա Գարիկ Վարդերեսյանը, դատավոր Ջոն Հայրապետյանը Հաջորդիվ հրետակոծություն է եղել Նյուզգար կոչվող տեղամասում, որտեղ բազում զոհեր եւ վիրավորներ ենք ունեցել, ինչի մասին տեղեկանալով՝ Վարդերեսյանը կապ է տվել, որպեսզի մեքենա գա՝ նրանց դուրս բերելու․ «Մեքենան գալիս է, Վահանյանը նստում է, հետո ինձ տեղեկացնում են, որ նա վիրավորների հետ իջել է ներքեւ՝ իր վիրակապը հանելու, դրանից հետո՝ 2-3 օր անց, նորից գալիս, միանում է գումարտակին»։ Մեղադրողի ճշտող հարցին՝ վկայի տված առաջադրանքը՝ Նյուզգարից վիրավորներին դուրս բերելու վերաբերյալ, Վահանյանն ի վերջո կատարե՞լ է, Վարդերեսյանը պատասխանեց, որ նախնական տվյալներով ասվել է, որ վիրավորները դուրս են բերվել, բայց հետո հարցուփորձ անելով պարզվել է, որ գնացել, մի քանի հոգու վերցրել է եւ շատերին մարտի դաշտում թողնելով՝ հեռացել։ Վկա Արսեն Ղուկասյանն էլ հետաքրքրվեց՝ այսինքն՝ Վահանյանը Նյուզգար չի՞ հասել, ինչին Գարիկ Վարդերեսյանը բացասական պատասխան տվեց․ «Ես եմ իրեն ուղարկել՝ վիրավոր բերելու, բայց մի քանի հոգու վերցրել, հետ է եկել, Նյուզգար չի հասել»,– ասաց նա՝ հավելելով, որ ինքն է հաջորդ օրը 15-20 վիրավորի դուրսբերումը կազմակերպել։ Այս պատասխանը խիստ վրդովեցրեց Ղուկասյանին, քանի որ նրա եղբայրը եւս այնտեղ է եղել․ «Եղբայրս Նյուզգարում կենդանության օրոք է գլխատվել, կարող եմ դատաբժշկական եզրակացությունը բերել»,– խոսքն ամբաստանյալին ուղղելով՝ բղավեց նա։ Նշենք, որ Արսեն Ղուկասյանի եղբայրը զոհվել է, իսկ եղբորորդուց առ այսօր որեւէ լուր չկա։ Մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց նաեւ՝ արդյո՞ք Վարդերեսյանը Վահանյանին թույլատրել էր հոսպիտալ գնալ, ինչին վկան բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ այդ մասին վերադաս հրամանատարությանը ինքը զեկուցել է․ «Զեկուցվել է, որ նա նախքան դա վիրավոր է եղել, որ իջել է վիրավորների հետ, եւ դիվիզիայի հրամանատարի հրամանով, չգիտեմ որտեղից, ոնց, իրեն  ճարել, երեք օր անց նորից հետ են ուղարկել»։  Դրանից հետո Վարդերեսյանը ամբաստանյալին հանդիպել է «9-րդ կմ» կոչվող հատվածում, որտեղ որոշակի պաշտպանություն են իրականացրել, ապա՝ միասին իջել Հադրութ։ Դա եղել է հոկտեմբերի 7-ի մոտակայքում։ Այնտեղ արդեն անձնակազմի փոփոխություն է տեղի ունեցել․ որոշում է կայացվել Վարդերեսյանին այլ վայր տեղափոխելու եւ դիվիզիայի հետախուզության սպա, իսկ Վահանյանին՝ նրա պաշտոնին՝ գումարտակի հրամանատար նշանակելու մասին։ Իշխան Վահանյանը հարցրեց վկային, թե ինչ պատճառով նրան տեղափոխեցին, ինչին ի պատասխան՝ վկան ասաց․ «Դիվիզիայի հրամանատարի՝ Կարեն Առուստամյանի հետ խնդիր ունենալու պատճառով»։ Փաստաբան Գուրգեն Գրիգորյանն էլ հետաքրքրվեց՝ խնդիրը կապված է եղել ռազմական գործողությունների՞ հետ թե՞ եղել է անձնական․ «Դիվիզիայի հրամանատարի պատասխանը եղել է այն, որ ես ի վիճակի չեմ խնդիր կատարել»,– պատասխանեց Վարդերեսյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Մեղադրող Գեւորգ Ավետիսյանն էլ հետաքրքրվեց՝ Վահանյանի նախորդ վարքագիծը հաշվի առնելով՝ ինքն ի՞նչ կարծիքի է եղել նրա նշանակման վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Վարդերեսյանն ասաց․ «Իմ առաջին հարցը եղել է Վահանյանին, ասել եմ՝ դու պատրա՞ստ ես գումարտակը ղեկավարելու, նա էլ ասել է՝ հա, դու գնա քո գործերով»,– պատմեց վկան՝ հավելելով, որ Վահանյանը, ամեն դեպքում, փորձառու սպա է․ զինվորականի 20 տարվա փորձ ունի, բայց նրա գործողությունները ինքը չի կարող գնահատել։ Այդ ժամանակ, ըստ վկայի, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը անկայուն էր, եւ ինքը թե՛ բանակի, թե՛ դիվիզիայի հրամանատարին զեկուցել է, որ բանակը մարտունակ չէ, որովհետեւ զորահավաքից հետո եղել է խիստ կարանտին, եւ զինվորները շատ բաների չեն տիրապետել։ Ինչ վերաբերում է կապի միջոցին, ըստ Վարդերեսյանի, ինքը այն փոխանցել է կապի դասակի հրամանատարին՝ ասելով, որ լիցքավորման միացնեն։ Դատավարության մասնակիցները հետաքրքրվեցին, թե առհասարակ ինչպես է այն լիցքավորվում, ինչը պարզաբանելով՝ վկան ասաց, որ լիցքավորվում է հոսանքով, լիցքավորիչ կա, բայց անկախ դրանից, իրենց մոտ շատ մարտկոցներ են ունենում, կապի դասակի հրամանատարի մոտ 10 հատ եղել է, դա դժվար գտնվող բան չէ։ Այնուհանդերձ, Վարդերեսյանը դժվարացավ պատասխանել՝ հնարավո՞ր էր արդյոք, որ հոկտեմբերի 10-ին՝ Խուռհատ սարի գործողությունների ժամանակ, Վահանյանն իր մոտ մարտկոց չունենար։ Տեղափոխվելուց 3-4 օր անց ինքը, տեղեկանալով, թե գումարտակն ինչ վիճակում է, վերադարձել է․ «Ես իմանում եմ, որ Վահանյանը Սիսիանի հոսպիտալում է, ասում եմ՝ արի, գումարտակիդ տիրություն արա, ես չեմ կարող ամեն րոպե էստեղ լինել, նա էլ ասում է՝ վիրավոր եմ, տեսնեմ՝ ինչ վիճակ է, կգամ»։ Ըստ Վարդերեսյանի՝ այդ ժամանակ գումարտակից 25 զինծառայող էր մնացել արդեն։ Դրանից հետո 5-րդ գումարտակը որեւէ խնդիր այլեւս չի կատարել։ Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Ամբաստանյալ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը հարց հղեց վկային՝ նախ արձանագրելով, որ նրա պատմած դրվագը վերաբերում էր մինչ հոկտեմբերի 10-ը եղած դեպքերին, ապա հետաքրքրվելով՝ արդյո՞ք նա որեւէ տեղեկություն ունի Վահանյանի՝ ամսի 10-ին վիրավորում ստանալու մասին։ Վկան բացասական պատասխան տվեց։ «Բացառո՞ւմ եք, որ ամսի 10-ին էլ կարող էր վիրավորում ստանալ»,– հարցրեց պաշտպանը։ «Նույն տեղում նույն ձեւո՞վ»,– ասաց վկան՝ դժվարանալով հստակ պատասխանել այդ հարցին։ Վկա Հարություն Մարտիրոսյանի խոսքով՝ Իշխան Վահանյանն իրենց է տվել իր մեքենայի բանալիները՝ խնդրելով այն հանել Հադրութից Հաջորդ վկան 3-րդ գումարտակի սպառազինության գծով տեղակալ Հարություն Մարտիրոսյանն էր, որը Իշխան Վահանյանի հետ նույն կուրսում է սովորել, իսկ 2018 թվականից սկսած՝ նույն տեղում ծառայել, նրա հետ ունի ծառայողական, նորմալ հարաբերություններ։ Դատարանում ցուցմունք տալով՝ Մարտիրոսյանը պատմեց, որ ողջ պատերազմի ընթացքում ինքը Վահանյանին մեկ անգամ՝ հոկտեմբերի 10-ին է հանդիպել։ Դա այն նույն օրն է, երբ հայկական զորքը, Խուռհատ սարում շրջափակման մեջ ընկնելով, ստիպված է եղել նահանջել․ «Ես ու իրենց (նկատի ունի՝ 5-րդ գումարտակը,–հեղ․) սպառազինության գծով տեղակալը՝ Արտուշ Արզումանյանը, գնում էինք Արտուշի մեքենայով՝ իմ ՈՒՐԱԼ–ի համար ռադիատորի մաս բերելու, էդ ժամանակ Վահանյանը զանգում է Արտուշին, ասում է, որ վիրավոր է, Տողի վերեւը՝ սարի վրա, մի գյուղ կար, էդտեղ էր, Արտուշը ասաց՝ Իշխանը կանչում է, 700 մետր էր, գնացինք, տեսանք իրեն, միայնակ քայլում էր»։ Ըստ վկայի՝ Վահանյանն իրենց տվել է իր մեքենայի բանալիները՝ դրա գտնվելու վայրն ասելով ու խնդրելով, որ հնարավորության դեպքում Հադրութից հանեն, քանի որ ինքը վիրավոր է։ Դա վկայող, ոչինչ, սակայն, Մարտիրոսյանը չի նկատել։ Դրանից բացի, նրա հիշելով, Վահանյանն Արզումանյանին է տվել նաեւ իր ռադիոկապը, բայց թե ինչպես է դա մեկնաբանել, վկան չգիտեր։ Մեղադրողի ճշտող հարցին՝ արդյո՞ք աշխատում էր այն, վկան չմտաբերեց, միայն նշեց, որ ինքը հետագայում գնացել է Հադրութ, բայց մեքենան հանելու հնարավորություն չի եղել։ Ինչ վերաբերում է Խուռհատ սարում տեղի ունեցածին, Հարություն Մարտիրոսյանին շատ մանրամասներ հայտնի չէին, միայն գիտեր, որ նահանջի ժամանակ ցաքուցրիվ վիճակ է եղել։  Լուսանկարում՝ փաստաբան Գուրգեն Գրիգորյանը Փաստաբան Գուրգեն Գրիգորյանի հարցին՝ սեպտեմբերի 27-ից առաջ ուսումնական տագնապ կամ պատերազմը սկսելու մասին որեւէ տեղեկություն ունեցե՞լ են, վկան պատասխանեց, որ 3-րդ եւ 4-րդ գումարտակը 14 օրով առաջնագծում է եղել, սեպտեմբերի 25-ին իջել է, եւ հաջորդ օրը գումարտակների հրետանին, հակառանկային ստորաբաժանումներն են բարձրացել դիրքեր, քանի որ կասկած կար, որ հակառակորդը կուտակումներ է անում, եւ այդ կասկածը, ըստ նրա, կար վաղուց՝ մոտ մեկ–մեկուկես ամիս առաջվանից։ Փաստաբանի հարցին՝ այդ մասին բարձր ղեկավարությունը կարո՞ղ էր տեղեկացված չլիներ, վկան պատասխանեց, որ նման որոշումները, որպես կանոն, ինքնուրույն չեն կայացվում։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 12-ին։   Միլենա Խաչիկյան
23:30 - 06 սեպտեմբերի, 2022
Առնվազն 65 մարդ է զոհվել Չինաստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով

Առնվազն 65 մարդ է զոհվել Չինաստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով

Առնվազն 65 մարդ է զոհվել Չինաստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։ Այս մասին, ինչպես փոխանցում է BBC-ն, հայտնում են երկրի պետական ​​լրատվամիջոցները: Երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի տեղական ժամանակով ժամը 13:00-ին (Գրինվիչի ժամանակով 05:00) Սիչուան նահանգում 10 կմ (6 մղոն) խորության վրա: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրաշարժի հետևանքով խզվել են հեռահաղորդակցության գծերը, և առաջացել են լեռների սողանքներ, որոնք «լուրջ վնասներ» են պատճառել: Պետական CCTV հեռուստաընկերությունը հայտնել է, որ Յաան քաղաքում մահացել է 17 մարդ, իսկ հարևան Գանզի պրեֆեկտուրայում՝ 29: «Եվս 16 մարդ անհետ կորել է, 50-ը՝ վիրավորվել»,- երկուշաբթի ուշ երեկոյան հայտնել է CCTV հեռուստաալիքը։ Լուսանկարը՝ Getty Images
11:00 - 06 սեպտեմբերի, 2022
Երաժիշտը, բանաստեղծն ու մարդաբանը՝ գիտության հանրայնացման Սթիվեն Հոքինգի անվան մեդալի հաղթողներ

Երաժիշտը, բանաստեղծն ու մարդաբանը՝ գիտության հանրայնացման Սթիվեն Հոքինգի անվան մեդալի հաղթողներ

Այսօր՝ Գիտության և արվեստի Starmus VI փառատոնի շրջանակում անցկացվեց SONIC UNIVERSE համերգային ծրագիրը, որի ընթացքում էլ Գիտության հանրայնացման Սթիվեն Հոքինգի անվան մեդալին արժանացան Queen խմբի կիթառահար, փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը, բանաստեղծ, էսսեիստ, նատուրալիստ Դայըն Աքերմանը, պրիմատոլոգ և մարդաբան Դեյմ Ջեյն Մորրիս Գուդալը։ Նրանք շնորհակալություն հայտնեցին փառատոնի կազմակերպիչներին մրցանակի համար։ Սթիվեն Հոքինգի անվան մրցանակի հաղթող դարձան նաև NASA-ի հեռուստատեսությունը, NASA-ի հաղորդակցության բաժինը։ Միջազգային այս փառատոնի ընթացքում Գիտության հանրայնացման Սթիվեն Հոքինգի անվան մեդալ է շնորհվում երաժշտության, արվեստի, կինոյի և այլ ոլորտներում գիտությունը և գիտական բացահայտումները ներկայացնելու և տարածելու գործում մեծ ներդրում ունենալու համար։ Մեդալի վրա պատկերված է Սթիվեն Հոքինգի նկարը, որի հեղինակն է խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը: Սթարմուս փառատոնի շրջանակում այս մրցանաբաշխությունը կազմակերպվում է 2016 թ․-ից՝ երրորդ Սթարմուս փառատոնից սկսած։ Առաջին անգամ այն ստացել են գերմանացի կոմպոզիտոր Հանս Զիմմերը, ֆիզիկոս Ջիմ Ալ Խալիլին, և ամերիկյան փաստագրական ֆիլմը՝ «Մասնիկների ջերմություն» անունով։ 2017 թ․-ին՝ 4-րդ Սթարմուս փառատոնին այս մեդալը ստացել են ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Միշելը Ժարրեն, աստղաֆիզիկոս Նեյլ Դեգրաս Թիսոնը, ինչպես նաև «Մեծ պայթյունի տեսություն» անունով ֆիլմը։2019 թ․-ին 5-րդ Սթարմուս փառատոնին մրցանակ  է ստացել երաժիշտ, կոմպոզիտոր Բրայան Էնոն, միլիարդատեր, Space X-ի հիմնադիր Իլոն Մասկը, տիեզերագնաց Բուզ Ալդրինը, «Apolo 11»  փաստավավերագրական ֆիլմը։
21:34 - 05 սեպտեմբերի, 2022