ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 զոհված զինծառայողի մարմին |armenpress.am|

Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 զոհված զինծառայողի մարմին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված 2996 զինծառայողի մարմին: Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «Այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 մարմին: Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1816 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից` 993 ԴՆԹ նմուշ»,-հայտնեց Նիկողոսյանը: Դեկտեմբերի 10-ի դրությամբ հարազատների 256 նմուշ և մարմինների 541 նմուշ գտնվում է հետազոտման փուլում: Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 302 մարմին: Հետազոտությունները և նույնականացումները շարունակվում են:
16:54 - 11 դեկտեմբերի, 2020
Ավելորդ քաշն ու ճարպակալումը COVID-19-պայմաններում

Ավելորդ քաշն ու ճարպակալումը COVID-19-պայմաններում

Բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն` կորոնավիրուսային հիվանդություն հաստատված ամենածանր հիվանդներից շատերն ունեցել են ճարպակալում1: Համաշխարհային վերլուծությունը ցույց է տալիս, որ ճարպակալումը կրկնապատկում է COVID-19-ի հիվանդանոցային բուժման անհրաժեշտության ռիսկը և գրեթե 50%-ով մեծացնում մահվան հավանականությունը2: Ընդհանուր առմամբ, 2016 թվականին աշխարհի չափահաս բնակչության 13%-ի մոտ  գրանցվել է ճարպակալում: 5-19 տարեկան երեխաների շրջանում ավելորդ քաշը և ճարպակալումը 2016-ին կազմել է 18%-ից ավելի3: ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) տվյալների համաձայն՝ մեծահասակների շրջանում ավելորդ քաշի կամ ճարպակալման տարածվածությունը կազմում է 51.9% (48% տղամարդկանց և 54.1% կանանց շրջանում)4: Այսպիսով, հասարակության բավականին մեծ զանգված` թե' աշխարհում և թե' Հայաստանում համարվում են կորոնավիրուսի նկատմամբ խոցելի` ունենալով ավելորդ քաշ կամ ճարպակալում:Ավելորդ քաշը և ճարպակալումը սահմանվում են որպես մարդու մարմնում  ավելորդ ճարպի կուտակում, որը կարող է խաթարել առողջությունը: Յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն ախտորոշել այս խնդրի առակայությունը` հաշվելով մարմնի զանգվածի ինդեքսը (BMI-Body Mass Index), որը որոշվում է մարմնի զանգվածը բաժանելով մարմնի հասակի քառակուսուն (կգ/մ2)5: Եթե ձեր BMI- ն 18.5-ից պակաս է, ապա դուք ունեք թերքաշություն: Եթե ձեր BMI- ն 18.5-ից <25 է, ապա ձեր քաշը նորմայի սահմաններում է: Եթե ձեր BMI- ն 25.0-ից 30 է, ապա դուք ունեք ավելորդ քաշ: Եթե ձեր BMI- ն 30.0 կամ ավելի բարձր է, ապա դուք ունեք ճարպակալում: Այն մարդիկ, ում BMI-ը 25 և ավելին է ավելի, անպաշտպան են համարվում կորոնավիրուսի հանդեպ: Հետևաբար, այս անձինք լրացուցիչ ջանքեր պետք է կիրառեն հիվանդությունը կանխելու նպատակով և լինեն չափազանց զգույշ` կրեն դիմակ, լվանան ձեռքերը, խուսափեն մարդկային կուտակումներից և պահպանեն հեռավորություն: Ինչպես ասում է Քեմբրիջի համալսարանի բժիշկ-գիտնական Սթիվեն Օ'Ռահիլին. «ֆիզիկական վարժությունները և նույնիսկ փոքր-ինչ նիհարելը, կարող են բարելավել ճարպակալում ունեցող մարդու նյութափոխանակությունը և դրանով իսկ նվազեցնել COVID-19-ի ծանր ընթացքի հավանականությունը: Եթե ձեր քաշը 100կգ և ավելի է, նույնիսկ ամենաչնչին կշռի կորուստը կարող է չափազանց որոշիչ լինել կորոնավիրուսի ընթացքի ծանրության հարցում»1: Այժմ փորձենք հասկանալ, թե ինչի՞ է ավելորդ քաշը ռիսկի գործոն համարվում կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի և մահվան ելքի համար: BMI –ի 25 և ավելի արժեքի դեպքում մարդիկ սովորաբար հակված են ունենալ մեկ կամ մի քանի ուղղեկցող հիվանդություններ` շաքարային դիաբետ, սրտանոթային և շնչառական համակարգերի խնդիրներ, որոնք էլ կարող են վատթարեցնել COVID-19- ի ընթացքը: Որովայնի խոռոչի ճարպը, սեղմելով դիաֆրագմայի վրա, ճնշում է թոքերի հյուսվածքը և սահմանափակում օդի հոսքը: Թոքերի ծավալը կրճատվում է, օդուղիները` փլուզվում: Թոքերի ոչ լիարժեք ֆունկցիոնալությունը կորոնավիրուսի պայմաններում էլ ավելի է վատթարանում` ծանրացնելով հիվանդության ընթացքը: Ճարպակալում ունեցող անձանց մոտ մեծանում է թրոմբագոյացման ռիսկը: Հայտնի է, որ կորոնավիրուսը վնասում է արյունատար անոթների պատերի էնդոթելիալ բջիջները, որին ի պատասխան ակտիվանում է արյան մակարդման համակարգը` էլ ավելի նպաստելով թրոմբագոյացմանը: Արյունն ավելի մածուցիկ է դառնում և ծանրացնում COVID-19-ի ընթացքը: Հաջորդ պատճառն այն է, որ ճարպակալման հետևանքով թուլանում է իմունային համակարգը, քանի որ ճարպային բջիջները ներթափանցում են իմունային բջիջների արտադրման և պահեստավորման օրգանները, ինչպիսիք են` փայծաղը, ոսկրածուծը, ուրցագեղձը, այսինքն` իմունային հյուսվածքը փոխարինվում է ճարպային հյուսվածքով՝ դարձնելով իմունիտետը պակաս արդյունավետ օրգանիզմը պաշտպանելու հարցում: Ճարպային բջիջներն օրգանիզմում խթանում են բորբոքային պրոցեսները, քանի որ արտադրում են բորբոքման միջնորդանյութեր` ցիտոկիններ: Սա ևս մեծ բեռ է իմունային համակարգի վրա, քանի որ իմունային բջիջները փորձում են առողջացնել օրգանիզմը բորբոքումներից, որոնք կորոնավիրուսով պայմանավորված էլ ավելի են շատանում: Ի վերջո, կորոնավիրուսով հարուցված առօրյա սթրեսին մարդկանց մի մասը արձագանքում է շատ ուտելով և նպաստում ճարպային հյուսվածքի կուտակմանը1: Այսպիսով, լինելով լավ տեղեկացված և վերանայելով մեր վարքագիծը` հնարավոր է ձեռք բերել վերահսկողություն COVID-19-ի նկատմամբ և օգնել ինքներս մեզ` հաղթահարելու այս ծանր հիվանդությունը:  Հղումներ` Wadman M. Why COVID-19 is more deadly in people with obesity—even if they’re young. Science (80- ). Published online September 8, 2020. doi:10.1126/science.abe7010 Coronavirus: Obesity “increases risks from Covid-19” - BBC News. Accessed December 2, 2020. https://www.bbc.com/news/health-53921141 Obesity and overweight. Accessed December 2, 2020. https://www.who.int/news-room/fact-sheets/detail/obesity-and-overweight Ավելորդ քաշն ու ճարպակալումը Հայաստանում խնդրահարույց են | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն. Accessed December 3, 2020. https://factor.am/272751.html Defining Adult Overweight and Obesity | Overweight & Obesity | CDC. Accessed December 2, 2020. https://www.cdc.gov/obesity/adult/defining.html
14:55 - 11 դեկտեմբերի, 2020
Անհետ կորած անձանց ընտանիքի անդամներին բժշկական օգնություն կտրամադրվի պետպատվերի շրջանակներում

Անհետ կորած անձանց ընտանիքի անդամներին բժշկական օգնություն կտրամադրվի պետպատվերի շրջանակներում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «ճանապարհային քարտեզի» իրականացման շրջանակում ընդունվել է որոշում, որի համաձայն՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) բժշկական օգնությունը կկազմակերպվի պետական պատվերի շրջանակներում: Այսինքն բուժօգնության բոլոր ծախսերը կհոգա առողջապահության նախարարությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը. «Ծառայությունից օգտվելու համար նշված խմբերը պետք է բժշկական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքը և դիմումը ուղարկեն [email protected] հասցեին: Անհրաժեշտ փաստաթղթերն են` -Անձնագրի պատճեն -Անհետ կորածի տվյլաներ (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ) -Բժշկական միջամտության, հետազոտության անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանք -Հասցե -Հեռախոսահամար Այլ մանրամասներ ճշտելու համար կարող եք զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:
12:46 - 11 դեկտեմբերի, 2020
ԱՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում է

ԱՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում է

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության Դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) կողմից նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) և այլ վարակիչ հիվանդությունների դեմ հակազդման հարցերով միջազգային գիտագործնական համաժողովին, որին մասնակցում են շուրջ 200 պատվիրակ` 22 երկրից: Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող համաժողովին ներկա ԱՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ԵԱՏՄ, ԱՊՀ, Արևելյան Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջաններից ժամանած առողջապահության ոլորտի պատասխանատուները, մասնագետները և գիտնականները կքննարկեն նոր կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի գործում միջազգային համագործակցության, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հակազդմանն ուղղված երկրների գիտական փորձի և ազգային ներուժի ամրապնդմանն առնչվող հարցերը: Ոլորտի մասնագետները կփոխանակվեն նոր կորոնավիրուսային և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում իրենց փորձով և ձեռքբերումներով: Բացի դրանից՝ միջոցառման շրջանակներում նախատեսվում է մշակել համաճարակային վերահսկողության կատարելագործման մեխանիզմներ, ինչպես նաև որոշել COVID-19-ի հետագա տարածման կանխարգելման հեռանկարները: Միջազգային համաժողովին հայկական կողմը կներկայացնի COVID-19 համավարակի համաճարակաբանությունը և հակազդմանն ուղղված միջոցառումները: Քննարկվելու են հետևյալ թեմաները. Նոր կորոնավիրուսային վարակի համաճարակաբանություն: Կանխատեսում և մոդելներ: Հակահամաճարակային միջոցառումներ:COVID-19 համավարակի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցության փորձը:SARS-CoV-2 մոլեկուլային գենետիկական բնութագրերը:Ախտորոշման և թեստ-համակարգերի փորձարկման նոր մոտեցումները:COVID-19-ի ժամանակ իմունային արձագանքի ձևավորման առանձնահատկությունները:Պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները:
17:32 - 10 դեկտեմբերի, 2020
Ֆրանսահայ բժիշկ Ժորժ Քեփենեկյանը պատրաստվում է մեկնել Արցախ. հանդիպում առողջապահության նախարարությունում

Ֆրանսահայ բժիշկ Ժորժ Քեփենեկյանը պատրաստվում է մեկնել Արցախ. հանդիպում առողջապահության նախարարությունում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոնի «Մերիո» հիմնադրամի բժիշկ-ուրոլոգ Գևորգ (Ժորժ) Քեփենեկյանի և «Մերիո» հիմնադրամի Մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի պատասխանատու Քելիլ Այթուի հետ: Քննարկվել են Ֆրանսիայի կողմից շարունակաբար Հայաստանին աջակցող ծրագրերը` թե՛ կորոնավիրուսային հիվանդության համավարակի հաղթահարման, թե՛ պատերազմի հետևանքով զինվորների բուժօգնության կազմակերպման առումով:  Խոսելով ամռան ընթացքում Covid-19-ի դեմ պայքարում Ֆրանսիայից Հայաստան ժամանած բժիշկների, հումանիտար օգնությունների մասին` կողմերն անդրադարձել են վիրավոր զինվորներին անհրաժեշտ վերականգնողական բուժման կազմակերպման աշխատանքներին:  Ժորժ Քեփենեկյանը նշել է, որ պատրաստ են նաև աջակցություն ցուցաբերել այդ հարցում` հավելելով, որ քննարկումներ են ընթանում  ֆրանսիական Փարիզ, Լիոն և Մարսել քաղաքների և Հայաստանի բժշկական կազմակերպությունների միջև` այս ոլորտում համագործակցություն ծավալելու վերաբերյալ:  «Բոլոր վիրավոր զինվորները տեղափոխվել են Հայաստան և իրենց բուժօգնությունն ամբողջովին կազմակերպվում է այստեղ: Սակայն նրանք կարիք ունեն նաև վերականգնողական բուժման, և այդ ուղղությամբ Հայաստանի առողջապահական համակարգը քայլեր է ձեռնարկում ոլորտը զարգացնելու նպատակով», - բարձր գնահատելով ֆրանսիական կողմի աջակցությունը` ասել է Արսեն Թորոսյանը: Միաժամանակ, կողմերը քննարկել են հումանիտար օգնության հնարավոր տարբերակները` ոչ միայն երկու երկրի կառավարությունների, այլև հիմնադրամների, մասնավորապես «Մերիո» հիմնադրամի և հասարակական կազմակերպությունների միջոցով, ինչի կապակցությամբ էլ Ժորժ Քեփենեկյանը պատրաստվում է մեկնել Արցախ: 
15:07 - 10 դեկտեմբերի, 2020
Շուտով հայտնի կդառնա վերականգնողական նոր կենտրոնի բացման մասին. Արսեն Թորոսյան |1lurer.am|

Շուտով հայտնի կդառնա վերականգնողական նոր կենտրոնի բացման մասին. Արսեն Թորոսյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին՝ կա՞ արդյոք վերականգնողական բժշկության համար անհրաժեշտ ֆինանսավորում՝ պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած տղաների առողջապահական խնդիրները լուծելու համար, ասաց 2021 թ. պետական բյուջեում այդ գծով ավելացում դեռ չկա, բայց կան հաշվարկներ: «Մենք ունենք արդեն հաշվարկներ: Այդ թիվը մոտավորապես 2.8 միլիարդ դրամ է: Կառավարությունում քննարկումների արդյունքում որոշվել է ներառել առաջնահերթությունների ցանկում և տարվա սկզբում այլ առաջնահերթություններ վերանայելու արդյունքում տեղափոխել առողջապահության հատված, որ կարողանանք ծավալն ամբողջությամբ ծածկել»,- պարզաբանեց նախարարը: Իսկ մինչ հատկացումը վերականգնողական ծառայությունները մատուցվում են թողունակության ծավալին համապատասխան, և դադարեցում գումարներ չլինելու պատճառով տեղի չի ունենա: Նախարարը նշեց, որ շուտով հայտնի կդառնա վերականգնողական նոր կենտրոնի բացման մասին: «Որորտն ունի ինստիտուցիոնալ համակարգման խնդիր, ինչի կապակցությամբ էլ մշակում ենք «Վերականգնողական ազգային ծրագիր» անունով փաստաթուղթ, որի ընդհանուր համակարգումը կապահովի այդ ծառայությունները՝ անկախ նաև այս ռազմական գործողություններից՝ ներառելով կենտրոնական խոշոր ծառայությունների, մարզային ծառայությունների»,- նշեց Թորոսյանը:
17:59 - 09 դեկտեմբերի, 2020
Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված ակտիվության աճ

Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված ակտիվության աճ

Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված ակտիվության աճ: ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա հաﬔմատ բարձր է մոտ 1,5 անգամ։ Առողջապահության նախարարությունը նշում է, որ հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա հաﬔմատ, ըստ տարիքային խմբերի, ունի հետևյալ պատկերը. մինչև 4 տարեկանների շրջանում գրանցված ցուցանիշն աճել է 1,5 անգամ, 5-14 տարեկանների շրջանում` 1,7 անգամ, 15-29 տարեկանների շրջանում` 1,4 անգամ, 30-64 տարեկանների շրջանում` 1,3 անգամ, 65-ից բարձր տարիքի անձանց շրջանում` 1,6 անգամ։ Ինչպես փաստում են արձանագրված տվյալները, ընդհանուր առմամբ, հիվանդացության ցուցանիշն աճել է բոլոր տարիքային խմբերում։ Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում ախտորոշված թոքաբորբ հիվանդացության ինտենսիվ ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատությամբ աճել է մոտ 1,1 անգամ։ Շտապ օգնության կանչերից ՍՇՎ-ով պայմանավորված կանչերի տոկոսը կազﬔլ է 13,1%, ինչը նախորդ շաբաթվա հաﬔմատ աճել է 3,3%-ով: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարևորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում սեզոնային գրիպի կանխարգելումը: Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է, առկա է ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում և կիրառվում է ավելի քան տասը տարի:  որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և ռիսկի խմբի բոլոր անձինք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառական օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Բնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը հասանելի է։ Մեկ անգամ ևս հորդորում ենք՝ եթե դեռ չեք պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, դիմեք պոլիկլինիկա և պատվաստվեք՝ պաշտպանելով Ձեզ և Ձեր մտերիմներին:
17:24 - 08 դեկտեմբերի, 2020
Գևորգ Սիմոնյանն ազատվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Գևորգ Սիմոնյանն ազատվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Գևորգ Սիմոնյանն այսօր իր դիմումի համաձայն ազատվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից: «Այսօր դիմումիս համաձայն ազատվեցի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կենտրոնի պրոֆեսիոնալ թիմին, որի գիշեր-ցերեկ քրտնաջան աշխատանքի շնորհիվ մեկուկես տարվա ընթացքում հնարավոր դարձավ իրականացնել մեծամասշտաբ փոփոխություններ, որոնք են․ Պատերազմի ընթացքում մեր վիրտուոզ այրվածքաբանների շնորհիվ որակյալ մասնագիտական բուժօգնություն են ստացել ծանր այրվածքներ ստացած 122 զինծառայող, կատարվել է 75 բարդ վիրահատական միջամտություն։ Պատերազմի ընթացքում Կենտրոնի ենթակայությամբ գործող շուրջ 40 շտապօգնության մեքենաներով կազմակերպվեց սահմանագոտուց վիրավորների տեղափոխման ամբողջական գործընթացը։ Ձեռք են բերվել հետևյալ սարքավորումները. ա․ 1986 թվականի խորհրդային արտադրության ռենտգեն սարքը փոխարինվել է 2020 թվականի արտադրության թվային ռենտգեն սարքով, բ․ ախտորոշիչ լաբորատորիայի անխտիր բոլոր սարքերը փոխարինվել են 2020 թվականի արտադրության ավտոմատ ախտորոշման սարքերով, ինչը, նվազագույնի հասցնելով մարդկային գործոնը, անհամեմատ բարձրացրեց ախտորոշման ճշգրտությունը, գ․ վիրահատական սեղան, վիրահատարանի լույսեր, անզգայացման սարք և վիրահատական գործիքներ, դ․ թոքերի արհեստական շնչառության սարքեր և պացիենտ մոնիտորներ, ե․ շարժական ուլտրաձայնային հետազոտության սարք և այլն. 2019 թվականի հունիս ամսվա դրությամբ անձնակազմի միջին աշխատավարձը կազմում էր շուրջ 130 հազար ՀՀ դրամ, 2020 թվականի հոկտեմբերի դրությամբ արդեն՝ 240 հազար ՀՀ դրամ. 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին դրամարկղի մուտքը միայն լաբորատոր ծառայության գծով կազմել է շուրջ 10 մլն ՀՀ դրամ (2019 նույն ժամանակահատվածում դրամարկղի մուտքը 0 է եղել). ֆինանսական վիճակը, ըստ տարիների՝ 2018 թ․՝ 37 մլն ՀՀ դրամ վնաս, 2019 թ․՝ 9 մլն ՀՀ դրամ վնաս, 2020 թվականն արդեն կփակվի շահույթով: Շնորհակալ եմ հետաքրքիր և արդյունավետ աշխատանքի համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:        
20:02 - 07 դեկտեմբերի, 2020