ԱՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում է
17:32 - 10 դեկտեմբերի, 2020

ԱՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում է

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության Դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) կողմից նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) և այլ վարակիչ հիվանդությունների դեմ հակազդման հարցերով միջազգային գիտագործնական համաժողովին, որին մասնակցում են շուրջ 200 պատվիրակ` 22 երկրից:

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող համաժողովին ներկա ԱՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ԵԱՏՄ, ԱՊՀ, Արևելյան Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջաններից ժամանած առողջապահության ոլորտի պատասխանատուները, մասնագետները և գիտնականները կքննարկեն նոր կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի գործում միջազգային համագործակցության, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հակազդմանն ուղղված երկրների գիտական փորձի և ազգային ներուժի ամրապնդմանն առնչվող հարցերը: Ոլորտի մասնագետները կփոխանակվեն նոր կորոնավիրուսային և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում իրենց փորձով և ձեռքբերումներով:

Բացի դրանից՝ միջոցառման շրջանակներում նախատեսվում է մշակել համաճարակային վերահսկողության կատարելագործման մեխանիզմներ, ինչպես նաև որոշել COVID-19-ի հետագա տարածման կանխարգելման հեռանկարները:

Միջազգային համաժողովին հայկական կողմը կներկայացնի COVID-19 համավարակի համաճարակաբանությունը և հակազդմանն ուղղված միջոցառումները:

Քննարկվելու են հետևյալ թեմաները.

Նոր կորոնավիրուսային վարակի համաճարակաբանություն: Կանխատեսում և մոդելներ: Հակահամաճարակային միջոցառումներ:

COVID-19 համավարակի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցության փորձը:

SARS-CoV-2 մոլեկուլային գենետիկական բնութագրերը:
Ախտորոշման և թեստ-համակարգերի փորձարկման նոր մոտեցումները:
COVID-19-ի ժամանակ իմունային արձագանքի ձևավորման առանձնահատկությունները:
Պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել