Ինֆոքոմ

Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Հնդկաստանի ներկայացուցիչը՝ ՄԱԿ ԱԽ նիստում

Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Հնդկաստանի ներկայացուցիչը՝ ՄԱԿ ԱԽ նիստում

2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ընթացող կատաղի մարտերը դեռ թարմ են մեր հիշողություններում։ Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորման մասին վերջին հաղորդագրությունները խորը մտահոգություն են առաջացնում։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ  նիստում նշել է Հնդկաստանի ներկայացուցիչը։ «Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և զսպվածություն ցուցաբերել: Այս գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում խաղաղության և կայունության համար: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պարզապես չի կարող լուռ կանգնել և թույլ տալ, որ իրավիճակն էլ ավելի վատթարանա: Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի և ԵՄ-ի միջնորդությամբ իրականացվող գործընթացները օգտակար մեխանիզմ են ապահովում բոլոր չլուծված խնդիրները հանգուցալուծելու համար։ Մեր հետևողական պնդումն է, որ նման վեճերը պետք է լուծվեն դիվանագիության ​​և երկխոսության միջոցով, և որ որևէ հակամարտություն չի կարող ունենալ  ռազմական կամ բռնի լուծում: Մենք խրախուսում ենք երկու կողմերին գնալ դիվանագիտական ​​ուղով՝ հասնելու խնդրի  տևական և խաղաղ լուծմանը»,- հայտարարել է Հնդկաստանի ներկայացուցիչը։
20:30 - 15 սեպտեմբերի, 2022
ՔՊ պատգամավորի և լրագրողի միջև վիճաբանություն սկսեց․ Սիմոնյանը ՊՊԾ աշխատակիցներին հանձնարարեց լրագրողին դուրս հանել ԱԺ-ից

ՔՊ պատգամավորի և լրագրողի միջև վիճաբանություն սկսեց․ Սիմոնյանը ՊՊԾ աշխատակիցներին հանձնարարեց լրագրողին դուրս հանել ԱԺ-ից

Ազգային ժողովում այսօր վիճաբանություն է սկսվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի և լրագրող Անի Գևորգյանի միջև։Վիճաբանությունը տեղի է ունեցել ՍԴ դատավորների փակ գաղտնի քվեարկության ընթացքում։ Վիճաբանության ընթացքում Քրիստինե Պողոսյանը փորձեց հարվածել լրագրողին, սակայն գործընկերները վերջինիս հեռացրին տարածքից։Քիչ հետ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պետական պահպանության  ծառայության աշխատակիցներին հանձնարարեց ԱԺ շենքից դուրս հանել Անի Գևորգյանին և Սյուզի Բադոյանին։ Անի Գևորգյանը պնդեց ցույց տալ ԱԺ շենքից իրեն հանելու իրավական հիմքերը, սակայն աշխատակիցները  հեռացրին նրան։ Վիճաբանություն սկսեց նաև ՊՊԾ աշխատակիցների և օպերատորների միջև։Ավելի ուշ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով միջադեպին, ասաց, որ չի պատրաստվում պատգամավորի վարքագիծը քննության առարկա դարձնել․ «Ես վարվել եմ ԱԺ կանոնակարգ օրենքի նոր ընդունված դրույթներին համապատասխան, որով Ազգային ժողովի գործունեությունը խաթարող լրագրողը պետք է հեռացվի, և այն, ինչ արվել է Հաշվիչ հանձնախմբի անդամի նկատմամբ, խաթարել է հանձնախմբի աշխատանքը, և հաշվիչ հանձնախմբի անդամը ստիպված է եղել լքել և փոխարինվել այլ անդամով։ Դա ի՞նչ է, եթե ոչ գործունեությունը խաթարել։ Կոնկրետ այդ լրագրողները վաղուց էին սպառել իրենց վարվելակերպի և խոսելաոճի լիմիտը, և իրենց շատ վատ էին դրսևորում, պատգամավորներին վիրավորում էին»։
17:43 - 15 սեպտեմբերի, 2022
Երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն․ Ալեն Սիմոնյան

Երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ երեկա հրադադարի հաստատման գործում մեծ դերակատարում է ունեցել ԱՄՆ-ը։ ԱԺ-ում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե միջազգային որ գործընկերներն են գլխավոր դերակատար եղել հրադադարի հաստատման գործում, Ալեն Սիմոնյանը նշեց․ «Բոլոր գործընկերները հավասարաչափ իրենց ներդրումը ունեցել են՝ ՌԴ-ը, Ֆրանսիայի Հանրապետությունը։ Երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ը, և դա շատ ողջունելի է»։ Հիշեցնենք, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հրադադար է հաստատվել։ ՀՀ ՊՆ-ը հայտնել է, որ այսօր՝ Ժամը 11:00-ի դրությամբ, հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: ԱԺ նախագահը նաև անդրադարձավ երեկվա բողոքի ակցիայի ժամանակ պատգամավորների հասցեները հրապարակելու և նարնց տներ գնալու փաստին․ «Դա հայ ժողովրդի հետ կապ չունեցող գործելաոճ է, շատ ավելի բնորոշ է մեր հարևան երկրի բնակիչներին։ Բոլոր մարդիկ, որոնք կարող են իրենց թույլ տալ հրապարակել իմ տան հասցեն կամ իմ գործընկերների տան հասցեն, ինչ-որ մարդկանց ուղղորդել, ես իրենց շատ վաղուց և շատ հեռու ուղղորդում եմ մի կոնկրետ ուղղությամբ։ ․․․․ Ես նշված հասցեում (երեկ հրապարակված հասցեում- խմբ․) չեմ բնակվում և չգիտեմ՝ եկել են, թե չէ։ Մարդիկ կան, որ բնակվում են, նրանց ծնողներն են բնակվում։ Ես երկու մանկահասակ երեխա ունեմ, մեզանից շատերը մանկահասակ երեխա ունեն, և էդ մարդիկ ուղղակի իրենց պատասխանատվություն չեն տալիս իրենց արարքի համար, և վստահեցնում եմ, որ իրենք դրա վերաբերյալ դեռ շատ երկար զղջալու են»։  
16:37 - 15 սեպտեմբերի, 2022
Պետք չէ համախմբվել մեր շուրջ, պետք է համախմբվել պետականության շուրջ․ Ռուբինյանն անդրադարձավ ընդդիմության գործողություններին

Պետք չէ համախմբվել մեր շուրջ, պետք է համախմբվել պետականության շուրջ․ Ռուբինյանն անդրադարձավ ընդդիմության գործողություններին

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց՝ ապշած է լրագրողների հարցերից «ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակումից հետո հնչող հարցերը մոտավորապես պիտի լինեն հետևյալը․ ի՞նչ վիճակ է սահմաններին, ինչ է ձեռնարկում ՀՀ-ն կամ ինչ պիտի ձեռնարկի ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, ինչո՞վ կարող են օգնել լրագրողները։ Բայց ինձ տված հարցը հետևյալն էր․ ըննդիմությունը հայտարարել է իմպիչմենտի գործընթաց, արդյո՞ք միանալու եք։ Սկսենք նրանից, որ հարցը աբսուրդային է, որովհետև ո՛չ, ես չեմ  պատրաստվում Ռոբերտ Քոչարյանին ընտրել վարչապետ, բայց հարցը դա չի։ Հարցը հետևյալն է։ Կա աքսիոմատիկ ճշմարտություն․ երբ երկիրը կանգնած է կոնկրետ սպառնալիքի առաջ, և անհրաժեշտություն է առաջանում ռազմական ճանապարհով պաշտպանել սեփական շահերն էլ չէ, սեփական տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, ամենակարևորը ներքին միասնությունն է, և ներքին կայունության չխաթարումը։ Սա չհասկանալու համար կամ պիտի դավաճան լինես, կամ տրվես էմոցիաների»։ Ռուբինյանն ասաց՝ հանրության ընդդիմադիր հատվածի մոտ կարող է հարց առաջանալ՝ ինչու պետք է համախմբվենք ձեր քաղաքական ուժի շուրջ, եթե ձեզ համարում ենք Հայաստանի շահերը չսպասարկող ուժ․ «Շատ պարզ պատճառով։ Պետք չէ համախմբվել մեր շուրջ, պետք է համախմբվել պետականության շուրջ, պետք է համախմբվել պետականության շուրջ  նույն պատճառով, ինչ ես իմ համախոհների հետ համախմբվել եմ  պետականության շուրջ 2016 թ․-ին։ Ես այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին ամենևին լավ չէի վերաբերվում, բայց իմ մոտ այն ժամանակ վայրկյան անգամ միտք չի առաջացել Սարգսյանին մեղադրել Ղարաբաղի վրա տեղի ունեցած հարձակման համար։ Նրանք հարձակվում են մեր բոլորի վրա, և տվյալ պայմաններում խաթարել կայունությունը փորձել խաթարել երկրի կառավարման համակարգը, ուղղակի անմտություն է»։ Ռուբինյանը անդարդարձավ հարցին, թե ինչու է հայտնվել վարչապետին իմպիչմենտ հայտնելու ընդդիմադիրների առաջարկը․ «Որովհետև երեկ արտերկրից կառավարվող շրջանակները տարածել են սուտ, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ թուղթ է ստորագրել և այդ ստի վրա կառուցել են ինչ-որ իրադարձություն, բայց ընդդիմադիրները ի՞նչ են առաջարկում։ Դա իրենք չեն ասում, բայց բոլորս գիտենք, որ իրենց վարչապետի թեկնածուն իրենց թիմի ղեկավարները պիտի լինեն,  ուրիշ ով պիտի լինի։ Մեկ տարի առաջ իրենք կարծում էին, որ Հայաստանի համար լավագույն վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Հիմա իրենք առաջարկում են հետևյալը․ ժամանակավորապես չունենալ վարչապետ, իսկ հիշեցնում եմ, ըստ Սահմանադրության, եթե հրաժարական է լինում կամ իմպիչմենտի գործընթաց է լինում, միջակայք է լինում, այդ միջակայքում պետական կառույցները սկսում են վատ աշխատել, ստեղծվում է մի անհասականալի մթնոլորտ, և սա է իրենց առաջարկը այն պայմաններում, երբ մեր սահմաններին տեղի է ունեցել հարձակում»։ Ռուբինյանն ընդգծեց՝ այս պահին իրավիճակը առաջնագծում հանգիստ է, բայց դա չի նշանակում, որ կա իրավիճակի վերջնական կայունացում․ «Ես չգիտեմ՝ այդ մարդիկ հատուկ են դա անում, թե ոչ։ Ես չեմ ուզում դրան հավատալ։ Ես հասկանում եմ բոլոր հույզերը, դժգոհությունները, վախերը, անզորության զգացումը, և ուզում եմ ձեզ ասել, որ սա նորմալ է, որովհետև մարդիկ, ի վերջո, իրար ավելի շատ սիրում են, երբ լավ ժամանակներ են։ Ցավոք, վատ ժամանակներում նման դրսևորումներ են լինում, բայց մենք սիրում ենք ասել, որ մենք հզոր ազգ ենք, ունիկալ ազգ ենք, չեմ կարծում, որ մենք չափազանցնում ենք։ Եկել է ժամանակը ցույց տալ մեր լավագույն որակները և թույլ չտալ, որ կասկածի որդը մեզ ներսից կրծի և արթնացնի մեր վատագույն որակները, որովհետև սա մեր մասին է, իմ մասին չէ, անհատապես ձեր մասին չէ, մեր պետության մասին է։ Ռուբինյանը ՀՀ քաղաքացիներին կոչ արեց պահպանել հանգստություն․ «Ես կուզեի ընդդիմադիրնեին կոչ անել գալ ԱԺ նիստերի դահլիճ և համախմբվել պետականության շուրջ, որովհետև այստեղ դիտավորության հոտ է գալիս։ Դրա համար ես մեր ժողովրդին եմ կոչ անում․ պահպանեք հանգստություն։ ՀՀ կառավարությունը, ՀՀ ԱԺ-ի մեծամասնությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաստատակամ է ամեն գնով պաշտպանել ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Առաջնագծում կանգնած զինվորներին ցանկանում եմ ամրություն և ոչ մի վայրկյան չկասկածեք, որ ձեր ետևում որևէ բան տեղի կունենա»։
15:58 - 15 սեպտեմբերի, 2022
Մեր ընդդիմադիր ընկերները իմ մասնագիտական փորձառության, քաղաքական կողմնորոշումների հետ կապված մեղադրանքներ են բարդում ինձ վրա․ այսօր կարող էին այդ հարցերն ուղղել ինձ

Մեր ընդդիմադիր ընկերները իմ մասնագիտական փորձառության, քաղաքական կողմնորոշումների հետ կապված մեղադրանքներ են բարդում ինձ վրա․ այսօր կարող էին այդ հարցերն ուղղել ինձ

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Սեդա Սաֆարյանը Ազգային ժողովում ունեցած եզրափակիչ ելույթի ժամանակ անդրադարձավ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների բացակայությանը․ «Ես այս մարդկանց, մեր ընդդիմադիր գործընկերների հետ տարիներով առնչվել եմ և երևի ամենալավը գիտեմ, թե իրենք որ քրեական գործերով և ինչ են արել, ինչպես են արել, ուր են հասցրել մարդկանց, և քանի որ ես ՍԴ գնում եմ օրենքի գերակայություն ապահովելու համար, ես մի բանի վրա ուզում եմ կանգ առնել։ Մեր ընդդիմադիր ընկերները ամեն տեղ, ամեն ինչից խոսում են, հատկապես իմ մասնագիտական փորձառությունից, քաղաքական կողմնորոշումների հետ կապված մեղադրանքներ են բարդում իմ վրա։ Կարող էին այսօր լինել դահլիճում ու ինձ այդ հարցերն ուղղել, բայց ոչ։ Շատ ավելի հարմար  է պատերի տակ բամբասել, պատասխաններ չստանալ, իրավունքը այլաձևել։ Դու իրավունքից խոսես իրենք քաղաքականությունից խոսեն ու քեզ վերագրեն քաղաքական մոտեցումները»։Սաֆարյանն ասաց՝ այն մարդիկ, ովքեր իր հետ Սահմանադրությունից պետք է խոսեին, դատարանի դահլիճում չէին կարող 1 տարի 8 ամիս Սահմանադրության 3-4 հոդվածի վերլուծությամբ զբաղվել ու առաջ չգնալ․ «Այն մարդիկ, ովքեր անմեղության կանխավարկածի մասին պիտի հարցնեին, չէին կարող իրենց մեդիաներով անձիք, ովքեր դատապարատված չեն, նրանց վերաբերյալ գեղարվեստական ֆիլմեր նկարեն, ու ամեն ինչ անեն, որ դատավորները նրանց դատեն»։Սաֆարյանն ասաց՝ ընդդիմադիրները փորձել են ՍԴ արժանապատվությունը կապել այսօրվա իրավիճակների հետ, բայց ՍԴ-ին իրենք են վիրավորել տարիներ շարունակ։ ՍԴ դատավորի թեկնածուն նշեց, որ ՍԴ-ն իրականացնում է իրավունքի քաղաքականության կամ դատական քաղաքականություն, լուծում սոցիալական վեճեր և իրավապարտադիր մեկնաբանման ենթարկում գործող օրենսդրությունը․ «ՍԴ-ն ապահովում է իր բացառիկ իրավասությանը վերաապահված այլ հարցերով պետական քաղաքականության իրականացումը։Դատական իշխանությունը խստիվ արգելում է զբաղվել կուսակացական գործունեությամբ,  իր գործունեությունը պայմանավորվեոլվ անհատական և խմբային շահերով։ Հետևաբար պետք է  տարանջատել քաղաքականությունը որպես պետության գործառույթ և կուսակցական և խմբակային գործունեությունը՝ որպես անձի վարք, որը հակոտնյա է դատավորի կոչմանը»։  Նա ընդգծեց՝ հարցին անդրադառնալը կարևոր է  համարում, որովհետև դատավորները հաճախ անհարկի կաշկանդվում են հանրային նշանակությամբ դատական գործերը քննելիս և խուսափում են արտադատարանական հարթակում կարծիք հայտնելուց որևէ էական հարցի վերաբերյալ։ «Պահպանելով դատավորների էթիկայի կանոնները՝ դատական իշխանության ներկայացուցիչները  պարտավոր են դրսևորել մասնագիտական  սկզբունքայնություն և քաղաքացիական խիզախություն՝ պահպանելով  անգամ պաշտոնական սահմանափակումները, նրանք պետք է բարձրացնեն մասնագիտական կարծիքը հասարակությանը հուզող իրավական խնդիրների վերաբերյալ»։ Սաֆարյանն ասաց՝ մասնագիտական գործունեության ընթացքում եկել է մի շարք հիմնարար հետևությունների․ «Չի կարելի հետապնդել արդարությանը, այն զսպանակի նման կարող է սեղմվել, բայց մի օր ընդարձակվել ու շառաչուն ապտակ հասցնել ոչ միայն հետապնդողին, այլ բոլորիս։ Պետությունը ուժեղ է, երբ ուժեղ է, երբ ուժեղ ու իրավատեր է իր քաղաքացին, ուժը առանց իրավունքի մերկ է ու բիրտ, ուժն իրավունքով անկասելի է, հետևապես պետք չէ ընկնել մի ծայրահեղությունից մյուս, ուժն է ծնում իրավունք, թե իրավունքը՝ ուժ։ Իրավունքը բերում է ուժ անհատին, պետությանը, իսկ այդ ուժը կայուն ու երաշխավարոված իրավունք ազգից մինչև ոցիալական խմբեր ու քաղաքացիներ, Սահմանադրությունը խոսք չէ, այն պետութթյան կայուն զարգացման գավականն է»։ Սեդա Սաֆարյանը նաև շնորհակալություն հայտնեց բոլորին իրեն աջակցելու համար, նաև կառավարությանը ու Նիկոլ Փաշինյանին՝ այդ պաշտոնում նրան նշանակելու համար։
15:22 - 15 սեպտեմբերի, 2022
Մենք ունենք վարչապետի մի քանի  թեկնածուներ․ Ագնեսա Խամոյան

Մենք ունենք վարչապետի մի քանի  թեկնածուներ․ Ագնեսա Խամոյան

Ազգային ժողովում Գեղամ Մանուկյանի ելույթից հետո կրկին լարվեց իրավիճակը։ Քրիստինե Պողոսյանը մոտեցավ ելույթն ավարտած Գեղամ Մանուկյանին, ներս մտավ նաև Ագնեսա Խանոյանը, այնուհետև վերջինիս ու Գեղամ Մանուկյանին հեռացրին դահլիճից։ Ագնեսա Խամոյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ մտել էր ԱԺ նիստերի դահլիճ՝ պարզելու, թե ինչ է կատարվում։ Ագնեսա Խամոյանի խոսքով՝ ՔՊ-ական պատգամավորների «զրույցներից և բորբոքվածությունից» հասկացել է, որ երեկ մի շարք քաղաքացիներ գնացել են նրանց տներ, եղել են  որոշակի գործողություններ։  «Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն․ մեր խնդիրը ՔՊ-ական պագամավորների ընտանիքների հետ չէ, և ուզում եմ արձանագրել, որ պետք չէ ընտանիքներին խառնել որևէ քաղաքական պրոցեսի մեջ։ Բայց մյուս կողմից, այո՛, իշխանական պատգամավորները, մեծամասնությունը պետք է գիտակցի թե ինչ իրավիճակում ենք հիմա մենք գտնվում, և թե ինչ է կախված իրենց քայլերից»,- նշեց նա։ Ագնեսա Խամոյանը շեշտեց, որ իրենց խմբակցությունից ոչ մեկը պատգամավորների տների հասցեներ չի հրապարակել։ Հիշեցնենք, որ երեկ ԱԺ դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ 5165 շարժման անդամ Կարին Տոնոյանն էր հայտնել, որ իր ձեռքին ՔՊ-ական պատգամավորների տների հասցեներն են, հրապարակեց Ալեն Սիմոնյանի տան հասցեն, և ակցիայի մասնակիցների մի մասը շարժվեց այնտեղ։ Ագնեսա Խամոյանը նաև նշեց, որ երեկվա ակցիան ինքնաբուխ է եղել, պատգամավորները չեն կազմակերպել․ «Պահանջ է հնչել, որ ընդդիմադիր պատգամավորները գան և սկսեն իմպիչմենտի գործընթաց։ Պահանջել են, որ մենք գանք ԱԺ նիստերի դահլիճ, ստորագրենք այդ ձևաթղթերը, և հայտարարություն է հնչել մարդկանց կողմից, ինքնաբուխ ակցիայի մասնակիցների կողմից, որ իրենք բերման են ենթարկելու ՔՊ-ական պատգամավորներին։ Մենք եկել ենք էստեղ, ստորագրել ենք, ընթերցվել է (հանրահավաքի ավարտն էր, և բավական քիչ մարդ էր մնացել) բոլոր պատգամավորների ցուցակը, որոնք ստորագրել են»։ Ագնեսա Խամոյանը նաև անհասկանալի որակեց Էդգար Ղզարյանի պահվածքը։ Վերջինս, հիշեցնենք, ԱԺ դիմաց հայտարարել էր, որ ընդդիմադիրները ոչ թե ստորագրել են իմպիչմենտի փաստաթուղթը, այլ պատրաստակամություն են հայտնել ստորագրելու, և պահանջեց ընդդիմադիրներից վարչապետի թեկնածու առաջադրել։ Խամոյանը նաև անդրադարձավ վարչապետի թեկնածուի հարցին․ «Սա իմ անձնական կարծիքն է․ ես ուզում եմ, որ իրենք (ՔՊ պատգամավորները- խմբ․) գիտակցեն, որ իրենք Նիկոլ Փաշինյանի գերին են, և իրենց պետք է էդ գերությունից ազատել։ Լավ, կարող են իրենք ասել թեկնածուի անուն, ես տարբերակ եմ առաջարկում, բայց այդ թեկնածուն պետք է կապ չունենա պատերազմի ու պարտության հետ։ ․․․․ Մենք ունենք վարչապետի մի քանի  թեկնածուներ առնվազն, բայց ես կարծում եմ, որ երբ հասնի պրոցեսը թեկնածուին, ժողովուրդը պետք է ընտրի»։ Հարցին, թե կարո՞ղ են լինել ՔՊ-ից պատգամավորներ, որոնք իմպիչմենտի գործընթացին կմիանան, Ագնեսա Խամոյանը պատասխանեց․ «Իմ կարծիքն է անձնական, որ այո՛, կարող են լինել, բայց ես ունեմ համոզմունք, որ դա չպետք է լինի սպառնալիքի և բռնության ներքո։ Իրենք պետք է գան էդ գիտակցությանը, հասկանան, որ իրենց ֆիզիկական անվտանգությանը որևէ սպառնալիք չկա, իրենք պետք է վեր կանգնեն իրենց ներթիմային, ներիշխանական էդ ամեն ինչից և հասկանան, որ էս իրավիճակում երկրին պետք է նոր ղեկավար»։   Գլխավոր լուսանկարը՝ ԱԺ-ի
15:18 - 15 սեպտեմբերի, 2022
Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին

Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին

Ասյօր Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյան։ ԱԺ նիստերի դահլիճ էր եկել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որն ուզում էր ելույթ ունենալ։ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, որը վարում է նիստը, ասաց, որ երբ պատգամավորների գրանցում էր հայտարարել, Մանուկյանը դահլիճում չէր, այնուհետև ժամանակ տվեց, որ նա գրանցվի։ Տեղից խոսելու համար նախազգուշացում ստացավ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը, որից հետո Գեղամ Մանուկյանը հրավիրվեց ելույթի։ Նա հայտարարեց՝ ԱԺ-ում չէ քննարկելու ՍԴ դաատվորի թեկնածուի հարցը․ «Այստեղ եմ եկել տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների խոսքը, հորդորը, խնդրանքը փոխանցելու ձեզ, այն մարդկանց, որ հաշված ժամերի ընթացքում ինքնաբուխ երեկ հուզված, զայրացած, նյարդայնացած, վրդովված շտապել էին Բաղրամյան պողոտա՝ ԱԺ շենքի դիմաց։ Այդ մարդիկ ուղղորդված չէին․ որևէ մեկը նրանց չէր ուղղորդել։ Ուղղորդում չկար, պարզապես կար մեկ բան՝ հայրենիքի նկատմամբ անհանգստությունը, Արցախի նկատմամբ անհանգստությունը։ Եթե ասում ենք՝ կար ուղղորդում, ապա մեկ բան՝ երեկ ԱԺ դահլիճի այս ամբիոնից հնչած անթույլատրելի, վտանգավոր այն հայտարարությունը, որ եղել էր»։ Գեղամ Մանուկյանի պնդմամբ՝ երեկ ԱԺ դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում տասնյակ հազարավոր մարդիկ․ «Ժողովուրդ, որը նաև պարտադրեց, որ հաշված ժամերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից ինչ-որ թուղթ ստորագրելու, ՀՀ տարածք ի, Արցախի մասին ոչ մի բառ չասելու պատճառով այդ անհանգստությունից հետո ուղիղ եթերներով, գրավոր հայտարարություններով իշխանության ներկայացուցիչների կողմից եղան բազմաթիվ պարզաբանումներ, հերքումներ, որովհետև հասկանալ էր, որ մարդիկ վրդովված էին։ Հերքումներ, որոնք, այնուամենայնիվ, չհերքեցին այն վտանգավոր հայտարարությունը, չհերքեցին այս օրերին իշխանական պատգամավորների կողմից Արցախի հարցի, Արցախի ապագայի մասին այն բոլոր վտանգավոր հայտարարությունները, որ պարբերաբար հնչում են»։ Գեղամ Մանուկյանը նաև նշեց, որ Երեկ Ստեփանակերտում հազարավոր մարդիկ էին  հավաքված․ «Այդ մարդիկ իրենց դավաճանված էին զգում, այդ մարդիկ իրենց թուրքի դեմ մենակ էին զգում, քանի որ այդ մարդիկ մեկ էլ մի պահ լսել էին, որ ԱԺ այս ամբիոնից այլևս իրենց մասին խոսող չկա»։ Գեղամ Մանուկյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին․ «Երեկ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել է մի արտահայտություն, որ ինչ-որ թուղթ եթե ստորագրի, մարդիկ կարող են քննադատել և ասել դավաճան»։ Մանուկյանի այս խոսքերից հետո ՔՊ-ական պատգամավորները սկսեցին բղավել։ Վահագն Ալեքսանյանը փորձեց նստած տեղից բարձրանալ, Վահագն Հովակիմյանը պահեց նրան։ Հակոբ Արշակյանը ՔՊ պատգամավորներին խնդրեց հանգստություն պահպանել, Գեղամ Մանուկյանին էլ՝ այնպես չանել, որ էլ ավելի լարվի խոսակցությունը։ «Տերմինալոգիա եք օգտագործում, կոնտեքստից կտրում եք որոշ բաներ, որը հուզական արձագանք է ստանում»,- դիմելով Մանուկյանին՝ նշեց Արշակյանը։ Իրավիճակը հանդարտվեց, Մանուկյանը շարունակեց իր ելույթը․ «Երեկ տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությունն այստեղ փաստեց, որ ժողովուրդը պոռթկման եզրին է։ Երեկ տասնյակ հարազարվոր ինքնաբուխ հավաքված մարդիկ սպասում էին քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին։ Չեկան, բայց ժամանակ կա։ Վերջապես հասկացեք, որ իրավիճակն օրհասական է։ Վերջապես հասկացեք, որ իրավիճակի լուծումը մեկն է՝ նոր իշխանություն, նոր կառավարություն, նոր վարչապետ, որն այս վիճակից կարող է դուրս բերել։ Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է»։ Հիշեցնենք, որ երեկ ԱԺ դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները պահանջում էին, որ պատգամավորները վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն։ գործընթացի համար կային ընդդիմադիր 35 պատգամավորների ստորագրությունները, սակայն պակասում էր 18 ստորագրություն։ Ակցիայի մասնակիցները պահանջեցին, որ ՔՊ 18 պատգամավոր գա և ստորագրի փաստաթղթի տակ, որով անվստահություն հայտնելու գործընթացը կսկսվի։ Բողոքի ակցիային նախորդել էր Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե որ դեպքում կստորագրի խաղաղության պայմանագիր․ «Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության։ Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք էդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։ Մենք չենք կարող էսօր վերնագրի ներքո գրել խաղաղության պայմանագիր, տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսվի։ Մենք ուզում ենք, որ ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես շատ այդ որոշումը ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»։   Գլխավոր լուսանկարը՝ ԱԺ-ի
12:11 - 15 սեպտեմբերի, 2022
Օլաֆ Շոլցը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով

Օլաֆ Շոլցը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել հրաժարվել հետագա ռազմական գործողություններից և հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոմական այցով ժամանել Գերմանիա։ Վերջինս և կանցլեր Շոլցը հանդիպում են ունեցել, որից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով։ «Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման մասին հարցին՝ Շոլցը հակամարտությունն անվանել է «անիմաստ» և կոչ արել Հայաստանին ու Ադրբեջանին հրաժարվել հետագա ռազմական գործողություններից և հակամարտությունը լուծել բանակցությունների միջոցով»,- փոխանցում է  Deutsche Welle-ն։ Նշենք, սակայն, որ այս անգամ ռազմական գործողություններ են տեղի ունենում ոչ թե Արցախի Հանրապետությունում, այլ ՀՀ ինքիշխան տարածում։ Ադրբեջանը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը պատերազմ է սկսել Հայաստանի դեմ՝ դիրքային առաջխաղացման փորձեր անելով և հայկական տարածքներ օկուպացնելով։ Հակառակորդի թիրախում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։
12:00 - 15 սեպտեմբերի, 2022
 Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ևս մեկ հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից, փոխանցում է haqqin.az-ը։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ «զրույցի ընթացքում Հասանովը թուրք նախարարին մանրամասն տեղեկացրել է ադրբեջանա-հայկական պետական   սահմանին ներկա օպերատիվ իրավիճակի մասին և նշել, որ հայկական զինված ուժերի բոլոր սադրանքները վճռականորեն ճնշվել են»։ «Իր հերթին Հուլուսի Աքարն ընդգծել է, որ Թուրքիայի զինված ուժերը մշտապես բարոյական աջակցություն են ցուցաբերում ադրբեջանական բանակին։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել հայ-ադրբեջանական պետական   սահմանին տիրող իրավիճակի շուրջ»,- ասվում է ադրբեջանական գերատեսչության հաղորդագրության մեջ։
11:54 - 15 սեպտեմբերի, 2022
ՔՊ պատգամավորի պնդմամբ՝ օպերատիվ աշխատանք է տարվում ակցիայի մասնակից երիտասարդ տղաներին իդենտիֆիկացնելու և առաջնագիծ ուղարկելու ուղղությամբ

ՔՊ պատգամավորի պնդմամբ՝ օպերատիվ աշխատանք է տարվում ակցիայի մասնակից երիտասարդ տղաներին իդենտիֆիկացնելու և առաջնագիծ ուղարկելու ուղղությամբ

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Հանրայինին տված հարցազրույցի ընթացքում, մեկնաբանելով գիշերը ԱԺ դիմաց ընթացող բողոքի ակցիան, նշեց, որ պետք է հասկանալ դեպքերի հաջորդականությունը։ Նրա պնդմամբ՝ երեկ առավոտվանից մեր ԶՈՒ-ն բավականին հաջող գործողություններ են կատարել և նրանց հաջողվել է մի քանի դիրք հետ վերցնել։ «Դրանից հետո ՀՀ վարչապետը գալիս է ԱԺ, անում է մի էսպիսի հայտարարություն․ «ՀՀ-ը միջանցմ իր տարածքից՝ 29 800 կմ-ց, ոչ մի միլիմետր հող չի զիջելու, ու մենք պատրաստ ենք ամեն մի միլիմետրի համար մեռնել»։ Էդ արտահայտությունից հետո մարդիկ՝ որոշակի խումբ, վերցնում կտրում է վարչապետի ելույթից մի կտոր, սկսում դա տարածել ու տիրաժավորել՝ փորձելով ներկայացնել, թե իբր ինչ-որ բան է ստորագրվել արդեն իսկ հետին թվում կամ ստորագրվելու էն պարագայում, երբ որ վարչապետն ասել է ուղիղ հակառակը, որ էն, ինչը հիմա քննարկվում է, մենք պատրաստ չենք ստորագրել ու չենք ստորագրելու, որովհետև չունենք վստահություն դրա նկատմամբ»,- ասաց պատգամավորը։ Ալեքսանյանը, մեկնաբանելով երեկ ԱԺ դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիան, գիշերը նշել է․ «Գործակալական որջերից, պադվալներից, գետնի տակերից դուրս են վազում ինչ-որ առողջ ուժեր, երիտասարդներ, որոնց, ի դեպ, օգտվելով եթերից, շնորհավորում եմ․ նրանք շահել են զինկոմի ուղեգիր: Նրանք էս պահի դրությամբ (սեպտեմբերի լույս 15-ի գիշերվա,- խմբ․), եթե չեմ սխալվում, ունեն մոտ 8 ժամ իրենց իրերը, բանը հավաքեն, որովհետև առավոտյան 9-ից, մենք չենք կարող մեզ թույլ տալ էդ ճոխությունը, որ նման մեծ ոգի ունեցող ռեսուրսը չգնա առաջնագիծ։ Պարոն Անդրանիկ Քոչարյանի հետ էի խոսում, ինքն էլ արդեն խոսել էր զինկոմի հետ․ էս ոգով, ուժեղ երիտասարդները (ակցիայի մասնակիցները,- խմբ․) վաղը առավոտվանից (սեպտեմբերի 15-ի,- խմբ․) կստանան արդեն իրենց ուղեգրերը ու կմեկնեն առաջնագիծ Ձեզ թվում ա, որ էդպիսի ոգով երիտասարդները պիտի մնան Երևանի կենտրոնո՞ւմ։ Տղերքը պայքարում են, որ Հանրապետությունը մնա անսասան, հողերը մնան։ Չօգնե՞նք մարդկանց։ Ես գիտեմ նաև, որ օպերատիվ աշխատանք է տարվում բոլորին (ացիայի մասնակից երիտասարդ տղաներին- խմբ․) իդենտիֆիկացնելու ուղղությամբ։»։ Պատասխանելով հարցին, թե արդյոք դա ընդդիմադիրների նկատմամբ ճնշում չէ, ասաց՝ ոչ։ Հիշեցնենք, որ ԱԺ-հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին ԱԺ շենքի դիմաց։ Խոսքը, մասնավորապես, Փաշինյանի հետևյալ հայտարարության մասին է․ «Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության։ Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք էդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։ Մենք չենք կարող էսօր վերնագրի ներքո գրել խաղաղության պայմանագիր, տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսվի։ Մենք ուզում ենք, որ ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»։ Քաղաքացիները պահանջում էին Փաշինյանի հրաժարականը, և որ պատգամավորները իմպիչմենտ հայտնեն ՀՀ վարչապետին։ Երեկոյան ՔՊ պատգամավորները հերքում էին տարածվող լուրերը, թե որևէ փաստաթուղթ է ստորագրվելու, այնուհետև ինքը՝ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարզաբանեց իր ելույթը՝ կոչ անելով մանիպուլյացիաների չտրվելու․ «Իմ այսօրվա ասածը նշանակում է հետևյալը, որ մենք խաղաղության օրակարգ ենք որդեգրել, և դրա իրականացումը միայն մի կողմից չէ կախված՝ դա կախված է մի քանի կողմերից, որոնք դեր ունեն այս պրոցեսում։ Հայաստանը պատրաստ է խաղաղության օրակարգով առաջ շարժվել։ Մենք հրապարակային ասել ենք մեր դիրքորոշումները։  Խաղաղության պայմանագրի համար Ադրբեջանը ասել  է կետեր, մենք ասել ենք, որ այդ կետերում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք ամբողջական չեն և լրացրել ենք Ադրբեջանի կողմից ներկայացված օրակարգը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և սրանից բխող կարգավիճակը»։ Ընդդիմությունը, որի պատգամավորները ևս միացել էին ցուցարարներին, հայտարարեց, որ պետք է ևս 18 ստորագրություն՝ իմպիչմենտ հայտնելու համար։
10:08 - 15 սեպտեմբերի, 2022
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի պնդմամբ ընդդիմադիր 35 պատգամավոր ստորագրել է վարչապետի իմպիչմենտի փաստաթուղթը

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի պնդմամբ ընդդիմադիր 35 պատգամավոր ստորագրել է վարչապետի իմպիչմենտի փաստաթուղթը

ԱԺ դիմաց անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հայտնեց․ «Խոսեցի Սեյրան Օհանյանի հետ։ Իրենք տեքստը 35 հոգով ստորագրել են, և հիմա պատգամավորներից մեկը գալու է այստեղ և կարդա իմպիչմենտի թղթի բովանդակությունը և այն պատգամավորների անունները, ովքեր ստորագրել են դրա տակ։ Վաղը ԱԺ նիստն է, և նրանք դա դրել են շրջանառության մեջ»։ Ավելի վաղ Էդգար Ղազարյանը հայտարարել էր, որ 35 հոգի պատրաստակամություն է հայտնել, բայց չի ստորագրել։ Իսկ Կարին Տոնոյանը, որն ավելի վաղ հայտնել էր Ալեն Սիմոնյանի տուն գնալու մասին, վերադառնալով հայտարարեց․ «Մենք գնացինք պատգամավորների տներ։ Այդ մարդիկ իրենց տներում չեն, պարզ է, որ այդ մարդիկ հիմա թաքնված են, մենք ապացուցեցինք, որ իրենք իրենց վախերի մեջ են»։
03:34 - 15 սեպտեմբերի, 2022
Պետք է պահանջել, որ ԱԺ պատգամավորները գան այստեղ և հայտարարեն, թե ով է վարչապետի թեկնածու․ Էդգար Ղազարյան

Պետք է պահանջել, որ ԱԺ պատգամավորները գան այստեղ և հայտարարեն, թե ով է վարչապետի թեկնածու․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ԱԺ դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ խոսել է Իշխան Սաղաթելյանի հետ։ «Իրենք ասում են՝ մենք ստեղ ենք, գնացեք բերեք 18 պատգամավոր։ Պատգամավոր բերելու հարցում իրենք ունեն քսան անգամ ավելի լիազորություն, քան այստեղ կանգնած յուրաքանչյուր մեկը։ Ակնկալել, որ ՔՊ 18 պատգամավոր գալու է և որոշում կայացնի, ոչ մի երեխա դրան չի հավատում։ Պատգամավորները, բացի շենք մտնելուց, ուրիշ ոչինչ չեն արել, նրանք նույնիսկ լայվ են արել, որ ակնկալում են, որ ՔՊ պատգամավորները պիտի գան։ Կոնկրետ չեն զանգել ԱԺ նախագահին, որ գա ու ապահովի պատգամավորների ներկայությունը»,- նշեց նա։ Ղազարյանի խոսքով՝ ընդդիմադիր պագամավորներն իրարից տրբերվող տեղեկություն են իրենց տվել․ «Սեյրան Օհանյանն ասաց, որ կա 35 պատգամավորի ստորագրություն, իսկ Իշխան Սաղաթելյանը ասաց, որ պատրաստ են ստորագրել։ Ես հասկացա, որ չկա, բայց պատրաստ են։ Ինչո՞ւ նրանք չեն ստորագրում։ Որպեսզի վարչապետին անվստահություն հայտնեն, Սահմանադրության պահանջն է, որպեսզի իրենք առաջադրեն նոր վարչապետի թեկնածու։ Իրենք այդ թեկնածու չունեն, բայց պատգամավորներն են պարտավոր առաջադրել վարչապետի թեկնածու»։ Էդգար Ղազարյանի խոսքով՝ եթե ընդդիմադիրները առաջադրում վարչապետի թեկնածու, և իրեն էլ չեն առաջադրում, ստացվում է, որ նրանք գործընթացը չեն սկսում․ «Երկիրը անտերության է մատնված, փաստացի Նիկոլ Փաշինյանը իշխանություն չունի։ Պետք է պահանջել, որ ԱԺ պատգամավորները կարճ ժամանակ հետո գան այստեղ և հայտարարեն, թե ով է վարչապետի թեկնածու»։
03:06 - 15 սեպտեմբերի, 2022
Ընդդիմադիր պատգամավորները բողոքի ակցիայի մասնակիցների հորդորով մտել են ԱԺ

Ընդդիմադիր պատգամավորները բողոքի ակցիայի մասնակիցների հորդորով մտել են ԱԺ

ԱԺ-ում շարունակվում է բողոքի ակցիան, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն ԱԺ շենքի ներսում են։ 5165 շարժման անդամ Կարին Տոնոյանը ԱԺ դիմաց հայտարարեց․ «Ես դիմում եմ հայոց բանակին։ Մենք կարիք ենք ունենալու բանակի աջակցությանը։ Դիմում եմ բոլոր այն սպաներին, ովքեր հիմա անգամ զորակոչված են, որպեսզի հիմա հայտարարեն, որ սատարում են այս շարժմանը և մեզ հետ են»։ Նա հայտնեց, որ իր ձեռքին ՔՊ պատգամավորների հասցեներն են, ապա հնչեցրեց Ալեն Սիմոնյանի տան հասցեն և ասաց, որ այս պահին գնում են այնտեղ։ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն էլ հայտարարեց, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ներս են գնացել ԱԺ․ «Աժ-ում արդեն լույսերը վառվում են, պատգամավորներն արդեն ԱԺ-ում են։ Մնաք այստեղ՝ որպես աջակցություն արդեն շենքում գտնվող պատգամավորների, որպեսզի իրենք կազմակերպեն գործընթացը։ Հրավիրվելու են ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը, որոնք նույնպես ի պաշտոնե պարտավոր են ապահովել այս պահին հասարակության պահանջով ԱԺ բնական գործունեությունը»։ «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանն էլ դեմ արտահայտվեց ՔՊ-ական պատգամավորների տներ գնալուն․ «Դա նշանակում է մասնատել ժողովրդին և տալ ոստիկանի ձեռքը։ Մեր ուժը մեր միասնականության մեջ է, հենց այս հրապարակը պիտի մարդաշատ լինի»։ Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Նրանք ՔՊ 18 պատգամավորի պահանջում են միանալ, որ անհրաժեշտ ստորագրությունները հավաքվեն, և անվստահություն հայտնելու գործընթացը սկսվի։
02:08 - 15 սեպտեմբերի, 2022
Հաջողության հասնելու  համար  պետք է ուղղորդել դեպի ՔՊ պատգամավորներ, ստանալ ևս 18 հոգու ստորագրություն Իշխան Սաղաթելյան

Հաջողության հասնելու  համար  պետք է ուղղորդել դեպի ՔՊ պատգամավորներ, ստանալ ևս 18 հոգու ստորագրություն Իշխան Սաղաթելյան

ԱԺ դիմաց ընթացող բողոքի ակցիայի ընթացքում ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ պատմական պահ է, օրհասական վիճակ է։ «Պետք են ճիշտ քայլերով գործողություններ։ Երկու ընդդիմադիր խմբակցությունների 35 պատգամավորներ պատրաստ են ստորագրել [վարչապետի] պաշտոնանկության տակ և սկսել գործընթաց։ Հաջողության հասնելու  համար  պետք է ուղղորդել դեպի ՔՊ պատգամավորներ, ստիպել, պարտադրել, ստանալ ևս 18 հոգու ստորագրություն, որպեսզի հասնենք պաշտոնանկության գործընթացին։ Քիչ հետո կհրապարակվեն հասցեներ։ Մենք եկել ենք՝ ասենք, որ ձեր կողքին ենք: Այսքան մարդու ներուժը և հնարավորությւոնը պետք է ճիշտ ուղղորդել, եթե ուզում եք գործընթացը հաղթական ավարտ ունենա, պետք է բերման ենթարկել 18 պատգամավորի և ունենալ այդ ստորագրությունը»,- հայտարարեց նա։ Հիշեցնենք, որ ԱԺ դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցները պահանջում են պատգամավորներից վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնել։
01:33 - 15 սեպտեմբերի, 2022