Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը ՀՀ Պետական եկամուտների նախագահն է 2021թ․ օգոստոսի 4-ից։

Իրավաբան, փաստաբան է։ 2019 թվականի հունվարի 27-ից զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

2012-2013 թթ.  եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական եւ հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ , 2013-2014 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ։

2014-2015 թթ.  Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան, 2015թ. մայիսից մինչեւ 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն։ 24.05.2018թ.-19.06.2019թ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ նախագահի 2019 թվականի հունիսի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

2011 թվականին ավարտել է Երեւանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը եւ ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։ 2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում: 

Զինծառայությունից և զորակոչից խուսափածներին համաներում հայտարարելու նախագիծը համարվել է անհետաձգելի և կներկայացվի ԱԺ. Բադասյան

Զինծառայությունից և զորակոչից խուսափածներին համաներում հայտարարելու նախագիծը համարվել է անհետաձգելի և կներկայացվի ԱԺ. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում  ներկայացրել է զինծառայությունից և զորակոչից խուսափած անձանց համաներում հայտարարելու օրինագծի վերաբերյալ: ««Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծն այսօր արժանացավ Կառավարության հավանությանը: Նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած անձանց Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական, հոգևոր, մշակութային ոլորտներում զարգացման համար սեփական ավանդը ներդնելու կարևորությունը և առաջնորդվելով մարդասիրության և համերաշխության սկզբունքներով՝ Կառավարությունը որոշել է հանդես գալ համաներում հայտարարելու առաջարկությամբ: Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ (մինչև Ադրբեջանի Հանրապետության կողմից պատերազմի սանձազերծումը) 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ՄԻԱՅՆ 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ: Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է՝ 1. համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց` ա. որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի, բ. որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, գ. որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի. 2. համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը: Հատկանշական է, որ համաներման շահառու են դառնալու նաև նշված հոդվածի հիման վրա հետախուզման մեջ գտնվող անձինք: Այսինքն՝ նախագծում նախատեսվել է դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաև մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։ Նախնական տվյալներով, այս համաներման շահառուների թիվը կարող է լինել 5000 և ավելի։ Նախագծի համաձայն՝ hամաներումը չի կիրառվելու` 1. այն անձանց նկատմամբ, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, բացի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասից, հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվել են նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այլ հոդվածով. 2. մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան. 3. այն անձանց նկատմամբ, որոնց դեպքում վերջին տասը տարվա ընթացքում` ա. նշանակված պատժաչափը կրճատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, կամ բ. որոնց պատիժը կրելուց ազատել են Հայաստանի Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, կամ գ. որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա: 4. այն անձանց նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարել են մեկ այլ գործով նշանակված՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում սահմանված փորձաշրջանի ընթացքում։ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարվեց անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով»,- տեղեկացրել է Ռուստամ Բադասյանը:
12:54 - 08 ապրիլի, 2021
Կազատականացվեն խոշոր գործարքների վերաբերյալ կարգավորումները. գործադիրը հավանություն տվեց նախագծին |1lurer.am|

Կազատականացվեն խոշոր գործարքների վերաբերյալ կարգավորումները. գործադիրը հավանություն տվեց նախագծին |1lurer.am|

1lurer.am: Կթույլատրվի, որ հասարակ, սովորական բաժենտոմսերը ևս ունենան դասեր:  Կապահովվի ճկունություն, որ որոշակի դասի սովորական բաժնետոմսը կարող է ավելի շատ քվեարկելու հնարավորություն ընձեռել, իսկ մեկ այլ դասի բաժնետոմս՝ հակառակը, ավելի քիչ մասնակցի ընկերության կառավարմանը, բայց ավելի լայն հնարավորություն ունենա շահաբաժին ունենալու՝ Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Բաժնետիրական ընկերությունների» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, թե այժմ մենք ունենք երկու տեսակի բաժնետոմս՝ հասարակ և արտոնյալ:  «Ներդրողների «ճաշակը» շատ տարբեր կարող է լինել: Մեկ անձ կարող է ուզենա ավելի շատ կառավարմանը մասնակցել, մյուսը՝ ավելի շատ շահաբաժին, մյուսն էլ համադրված տարբերակ ընտրի, որ իր ներդրումներն ավելի հաջող իրականացնի: Մենք այս նախագծով տալիս ենք նման հնարավորություն, միաժամանակ սահմանափակում ենք, որ միևնույն դասի բաժնետոմսով առավելագույն քվեարկելու իրավունքը 10 ձայն կհամարվի սեփականատիրոջ համար»,- ասաց Բադասյանը: Նախագծով կազատականացվեն խոշոր գործարքների վերաբերյալ կարգավորումները, հնարավորություն կտրվի, որ խոշոր գործարքներ կնքելու որոշումներն ընկերութունում ճկունություն ապահովեն և ընդհանուր ժողովից շատ դեպքերում տեղափոխվի խորհուրդ կամ գործադիր մարմին: Փոփոխություններ կլինեն նաև աշխատակիցների բաժնետիրացման մասով. կներդրվեն աշխատակիցների բաժնետիրացման ժամանակակից և գործուն մոտեցումներ: «Այդ փոփոխություններով հնարավրություն ենք տալիս, որ գործատուն իր աշխատակցի՝ ընկեերության լքելը կանխելու նպատակով բաբաժնետիրացման շրջանակներում բաժնետոմս կարողանա տալ աշխատակցին արտոնյալ պայմաններով, ինչը կխրախուսի տվյալ աշխատողի աշխատանքն ընկերությունում»,- ասաց Բադասյանը:
12:10 - 08 ապրիլի, 2021
Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» նախագծի վերաբերյալ

Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» նախագծի վերաբերյալ

 «Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» նախագծի մեկնարկի օրվանից՝ 2020 թվականի մարտի 8-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, ծննդօգնություն իրականացնող 9 բժշկական հաստատություններում գրանցվել է 6239 ծնունդ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, 2020 թվականի մարտի 8-ին հայտարարվեց «Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» նախագծի մասին։ Այս պահին ծնունդները տեղում գրանցում են Հայաստանի 9 բժշկական կազմակերպություններ՝ յոթը՝ Երևանում և մեկական՝ Գյումրիում ու Էջմիածնում։ Բացման օրվանից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ծննդօգնություն իրականացնող 9 բժշկական հաստատություններում գրանցվել է 6239 ծնունդ։ Ծրագիրը շարունակական է․ Արդարադատության նախարարությունը հրավիրում է բոլոր ծննդօգնություն ցուցաբերող բժշկական կազմակերպություններին միանալ նախաձեռնությանը»,- գրել է նախարարը:
15:57 - 07 ապրիլի, 2021
Ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն. Բադասյանը՝ դատաիրավական բարեփոխումների մասին
 |armtimes.com|

Ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն. Բադասյանը՝ դատաիրավական բարեփոխումների մասին |armtimes.com|

armtimes.com: «Մեծ ցավ եմ ապրում տեղի ունեցած պրոցեսների համար»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառբալով Մարտի 1-ի գործի շուրջ ստեղծված իրավիճակին: Հարցին՝ արդյոք դատարանի երեկվա որոշումից հետո մարտի 1-ի գործը փակված է, նախարարը պատասխանեց. «Չգիտեմ՝ մարտի 1-ի գործով նախաքննության փուլում, եթե չեմ սխալվում, կա գործ որը դեռ շարունակվում է, բայց այս հարցով պետք է դիմել պատասխանատուներին: Ես ոչ թե չեմ ուզում որևէ մեկնաբանություն տալ, այլ չեմ տիրապետում ամբողջ տեղեկատվությանը»: Բադասյանի խոսքով՝ մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման,  և թե՛ դատաիրավական բարեփոխումների,  թե՛ հակակոռուպցիոն բարեփոխումների ոլորտում իրենք դանդաղկոտություն են ցուցաբերել. «Մենք ունենք հաջողություններ ինստիտուցիոնալ մակարդակում, որոնք չեն երևում հանրությանը: Կենկրետ ամեն մի գործընթացի մասով կա պատասխանատու քաղաքական իշխանության կողմից, բայց կարծում եմ՝ հանրության հետ հարաբերություններում պետք է ազնիվ լինել և պետք է ընդունենք, որ մենք ունենք որոշ ձախողումներ»: Մարտի 1-ի գործին անդրադառնալով՝ լրագրողները  հիշեցրեցին, որ երկրի ղեկավարության մակարդակով հայտարարվեց, որ ըստ էության, մարտի 1-ի գործը բացահայտված է, նախարարը նշեց, որ կան նոր հանգամանքներ. «Բացահայտված են դերակատարները, ովքեր որոշումներ են ընդունել, և այդ որոշումների արդյունքում ինչեր են կատարվել մայրաքաղաքում, բայց կա ՍԴ որոշում, դատարանի կոնկրետ որոշում: Ես հիմնական պատասխանատուն եմ դատաիրավական բարեփոխումների, քննադատության հիմնական թիրախն այն է, որ վեթինգ չի կատարվել: Ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն, եթե վերլուծվի, որ ես եմ պատասխանատու հենց այդ հարցով»: Շարունակությունը կարդացեք Armtimes.com-ում։
12:19 - 07 ապրիլի, 2021
Հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորով. Դատական օրենսգրքի նախագիծը լրամշակվել է

Հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորով. Դատական օրենսգրքի նախագիծը լրամշակվել է

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը:  ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում կատարվել են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ նվազեցվել են Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թիվը, դատարանը կգործի 15 դատավորով, որից առնվազն 10-ը պետք է լինեն մասնագիտացված կոռուպցիոն հանցագործությունների, 5-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի գծով: Նախարարի խոսքով՝ սահմանվել են Վերաքննիչ քրեական և Վերաքննիչ քաղաքացիական դատարաններում առանձին դատավորների միջև գործերի բաշխման առանձնահատակությունները:  Բադասյանն ասաց, որ նախագծից հանվել են Վերաքննիչ դատարանի դատավորների թեկնածուների համար բարեվարքության ուսումնասիրությունն անցնելու պարտադիր պահանջի կարգավորումները:  Նա նշեց, որ Քրեական դատավարության օրենսգրքից էլ հանվել են Հակակոռուպցիոն դատարանին կոռուպցիոն հանցագործություններով միջդատական վարույթի նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասության վերապահման և Վերաքննիչ քրեական դատարանի վերաբերյալ դրույթները՝ հաշվի առնելով, որ Կառավարությունն այդ առումով առաձին նախաձեռնությամբ է հանդես եկել:  Եվս մեկ փոփոխություն՝ նվազեցվել են Հակակոռուպցիոն դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափերը՝ դրանք հավասարեցնելով դատավորների պաշտոնային դրույքաչափերին, միաժամանակ՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար հավելումներ են սահմանվել:  Արդարադատության նախարարը նշեց, որ գլխավոր դատախազությունում ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության իրականացնող դատախազների պաշտոններում կարող են նշանակվել միայն բարեվարքության ուսումնասիրություն անցած անձինք: 
11:50 - 07 ապրիլի, 2021
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իմքայլական եռամյա քրոնիկոնը

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իմքայլական եռամյա քրոնիկոնը

2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ, ի թիվս այլնի բարեփոխումների, օրակարգ բերվեց նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտությունը։ Փողոցային պայքարից եւ նոր կառավարության ու խորհրդարանի ձեւավորումից անցել է մոտ 3 տարի, ոչ հեռու ապագայում նախատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ, սակայն Ընտրական օրենսգրքի բարեփոխումները դեռ քննարկման փուլում են։ Փոփոխությունների նախագիծն այժմ Ազգային ժողովում է, սակայն բանը բուն քննարկմանը դեռեւս չի հասել։ Infocom-ը ներկայացնում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ճանապարհը՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի ներկայացուցիչների մեկնաբանություններով։ 2018 թվականի ապրիլի 21․ Սերժ Սարգսյանի հրաժարականից՝ 2 եւ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց 17 օր առաջ Հանրապետության հրապարակում Փաշինյանը ներկայացրեց քայլերի հաջորդականություն, որտեղ ներառված էր նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: «․․․Կետ առաջին․ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին, ում ժողովուրդը կընտրի այս հրապարակում, երրրոդ՝ ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, մաքսիմալ արագ օրենսդրական փոփոխություններով, Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններով ստեղծվում են օրենսդրական երաշխիքներ, որ առաջիկայում կարող են տեղի ուենալ ազատ, արդար, թափանցիկ խորհրդարանական արտահերթ ընտրություններ․․․»։ Սերժ Սարգսյանի հրաժարականից մի քանի օր անց՝ ապրիլի 29-ին՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, Փաշինյանը կրկին անդրադարձավ խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ ի պատասխան լրագրողի հարցի ասելով, որ «․․․մինչեւ ազատ, արդար ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է լրջագույն փոփոխությունների ենթարկել Ընտրական օրենսգիրքը, եւ ընդհանրապես օրենսդրական դաշտում փոփոխություններ պետք է անել այնպես, որ հապճեպ, ոտի վրա արված փոփոխություններ չլինեն․․․»։ Վարչապետ ընտրվելուց հետո՝ մայիսի 21-ին, Նիկոլ Փաշինյանը դարձյալ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ մինչեւ հունիսի վերջն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների առնվազն նախագիծ կլինի։  2018 թվականի հունիսի 1-ին հրապարակվեց Փաշինյանի ղեկավարած կառավարության ծրագիրը, որտեղ եւս արձանագրված էր, որ իրենք կարեւորում են այնպիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը, որոնք կլինեն իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու նպատակով, գործադիրի համոզմամբ, անհրաժեշտ էր իրականացնել Ընտրական օրենսգրքի եւ ընտրական համակարգի էական բարեփոխումներ:  Հունիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վերահաստատեց ծրագրում արձանագրված իրենց նպատակները՝ շեշտելով, որ, իրենց կարծիքով, արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում։ Նա ընդգծեց, որ գործող կառավարությունն առաջիկա ժամանակը մտադիր է օգտագործել Ընտրական օրենսգիրքը լրջագույն փոփոխությունների ենթարկելու համար, եւ այդ փոփոխությունները կլինեն ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը, ընտրությունների օրինականությունն ու թափանցիկությունը երաշխավորելու տրամաբանությամբ։ Փոփոխությունների շրջանակը քննարկելու համար 2018թ․-ի հունիսի 19-ին ստեղծվեց վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հատուկ հանձնաժողով, իսկ աշնանը ԸՕ փոփոխությունների նախագիծը պատրաստ էր։  Հոկտեմբերին 2-ին՝ լրագրողների հետ զրույցում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին զարգացումներից հետո 2018-ի դեկտեմբերին կանցկացվեն խորհրդարանական արահերթ ընտրություններ։ Հոկտեմբերի 16-ին՝ լրագրողների հետ զրույցում, այն ժամանակ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը չհամաձայնեց այն պնդմանը, թե իրենք այնքան էլ տրամարդված չեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու․ «Գործադիրը նպատակ ունի գնալ ընտրությունների ավելի լավ, ավելի առաջադիմական օրենսգրքով, ավելի առաջադիմական խաղի կանոններով։․․․ մեր անկեղծ ցանկությունն է, որ այս օրենսգիրքը, նաեւ գործընկերների առաջարկությունները հաշվի առնելով, կարողանանք կյանքի կոչել»։ Հոկտեմբերի 22-ին Հանրապետական մեծամասնություն ունեցող Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Նույն օրը Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով սաբոտաժ որակեց նախագիծը չընդունելը։ ԱԺ դեռեւս «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին նույնպիսի որակում արեց լրագրողների հետ զրույցում՝ շեշտելով, որ ՀՀԿ-ն վատություն արեց քաղաքական դաշտին՝ չընդունելով նախագիծը։ Հաջորդ օրն Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ իրենք ամեն ինչ անելու են, որ ԸՕ-ն փոխվի։ Դեկտեմբերին նախանշվել էին արտահերթ ընտրություններ։ Դրա համար անհրաժեշտ էր, որ վեցերորդ գումարման խորհրդանը ցրվի, իսկ դրա համար պետք էր, որ ԱԺ-ն երկու անգամ չընտրի վարչապետ։ Խորհրդարանում հոկտեմբերի 24-ին վարչապետի առաջին ընտրության հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում դարձյալ անդրադարձավ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցին՝ խոսելով փաստաթղթի փոփոխության անհրաժեշտության մասին։  Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում երկրորդ անգամ տապալվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի ընդունումը։ Նույն օրը ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց, որ ԸՕ-ի փոփոխությունների՝ երկրորդ անգամ տապալումից հետո անիմաստ է համարում նախագիծը դարձյալ օրակարգ բերելը՝ ընդգծելով, որ ռեյտինգային ընտրակարգն իրենց թիմի համար ընդունելի տարբերակ է, իրենք այդ ընտրակարգով էլ կարող են հաջողություն ունենալ, իսկ առաջարկվող փոփոխություններն ավելի ներկայացուցչական եւ քաղաքական ընտրություններ ունենալու համար էին։ 2020-ի նոյեմբերի 20-ի ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչու չի իրականացվել իրենց հայտարարած օրակարգի կարեւոր կետերից մեկը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, Փաշինյանը, հակասելով ինքն իրեն, հայտարարեց, թե իրենց պարտավորությունը վերաբերել է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելուն, եւ ոչ թե Օրենսգրքի որեւէ տարբերակով ընտրություններ կազմակերպելուն․ «Հանրապետության հրապարակում մենք չենք քննարկել՝ Ընտրական օրենսգրքի ինչ տարբերակով դա պետք է տեղի ունենա, եւ եթե նույնիսկ քննարկած լինեինք, խորհրդարանական ուժերի քվեարկության արդյունքում պետք է որեւէ օրենք անցնի կամ չանցնի, եւ ամեն ինչ տեղի է ունեցել ձեր աչքի առաջ, եւ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արել է թույլատրելիի սահմանում, որպեսզի այդ օրենսգիրքն ընդունվի․․․»։ (Հանրապետության հրապարակում ԸՕ փոփոխություններից հետո արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը՝ տե՛ս առաջին ակտիվ հղմամբ)։ Ի վերջո 2018-ի դեկտեմբերի խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացվեցին Ընտրական հին օրենսգրքով։ 2019-ի մարտին 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի ամբիոնից քաղաքական ուժերին հրավիրեց միասնական ջանքերով ընտրական բարեփոխումներ մշակելու։ «Ուզում եմ միանգամից հայտարարել, որ մենք չունենք սահմանափակումներ ու խոչընդոտներ՝ այդ թվում՝ սահմանադրական, այսինքն՝ կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել եւ իրականացնել»,- իր ելույթում ասաց Միրզոյանը։ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԸՕ փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանն Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ 1-1,5 տարուց պատրաստ կլինի օրենսդրական բարեփոխումների փաթեթը։  2020-ի հունիսին Ընտրական օրենսգրքում կատարվեցին որոշակի փոփոխություններ, 4000-ից ավելի բնակիչ ունեցող եւ բազմաբնակավայր համայնքներում ավագանու ընտրությունների ընտրակարգը դարձավ համամասնական։ 2020-ի դեկտեմբերին Կուսակցությունների մասին օրենքի հետ որոշ փոփոխություններ կատարվեցին նաեւ Ընտրական օրենսգրքում, սակայն դրանք չէին վերաբերում ռեյտինգային խնդրահարույց համակարգի վերացմանը, ընտրական շեմերին ու մնացյալ հիմնական հարցերին։ 2020-ի սեպտեմբերին ընտրական բարեփոխումների թեման դարձյալ հանրային քննարկման օրակարգում էր։ Ընտրական բարեփոխումների հանձնաժողովը աշխատանքներ էր կատարում նախագծի շուրջ, իսկ աշխատանքները համակարգում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։ Արցախա-ադրբեջանական 44-օրյա պատերազմից հետո հայաստանյան ներքաղաքական իրավիճակն, ի վերջո, հանգեցրեց մի դրության, երբ արտահերթ ընտրություններն անխուսափելի են։ Ընտրությունների օր հաստատվեց այս տարվա հունիսի 20-ը։  2021 թվականի մարտի 19-ին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քաղաքական ուժերի հետ քննարկումներ են ընթանում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ։ Օրեր անց՝ մարտի 22-ին, Արդարադատության գործող նախարար Ռուստամ Բադասյանը կարծիք հայտնեց, որ ԸՕ փոփոխությունները հնարավոր է ընդունել շատ արագ։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն արդեն Ազգային ժողովում է, սակայն դեռեւս քննարկման չի ներկայացվել։ Ու թեեւ դեռեւս համընդհանուր կոնսենսուս չկա փոփոխություններ անելու վերաբերյալ, իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չմեկնաբանեց լրագրողների այն հարցը, թե արդյոք «Իմ քայլը» միանձնյա կորոշի՞ ընդունել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, այդուհանդերձ խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հայտարարեց՝ Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի, եթե անգամ չլինի ընդդիմադիր երկու խմբակցությունների աջակցությունը: Իսկ արդեն երեկ՝ մարտի 24-ին, խորհրդարանի փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցազրույցում ընդգծեց՝ իրենք խմբակցությունում կայացրել են որոշում՝ առաջարկել խորհրդարանին՝ ընտրությունների գնալ համամասնական ընտրակարգով։ Նրա համոզմամբ՝ սա ամենակարեւոր հեղափոխական, նախընտրական խոստումն է, որ իրենք ստանձնել են․ «Ինչ վերաբերում է ԸՕ ամբողջական փոփոխություններին՝ չեմ կարող ասել՝ արդյոք կհասցնե՞նք մանրամասն, լիարժեք քննարկել, որպեսզի խոչընդոտներ չառաջանան փոփոխությունների հետեւանքով, բայց ընտրակարգի հետ կապված ունենք հստակ որոշում»,- ասաց Նազարյանը՝ հավելելով, որ դա էլ դեռ պետք է քննարկվի ու քվերարկվի Ազգային ժողովում։ Այսպիսով, մոտ երեք տարի առաջ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո առաջնահերթ քայլերի մասին, որոնցում կիզակետային նշանակություն ուներ արտահերթ ընտրություններից առաջ ընտրական օրենսդրության փոփոխությունը։ Ինչո՞ւ, քանի որ տարիներ շարունակ տարբեր հարթակներից քաղհասարակության ներկայացուցիչներն ու նախկին ընդդիմադիրները հայտարարել են, որ գործող Ընտրական օրենսգիրքը լայն հնարավորություններ է տալիս ընտրակեղծիքների ու անարդարությունների համար։  Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նախանշվեցին արտահերթ ընտրություններ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն ու պատգամավորները սկսեցին ընտրական օրենսդրության փոփոխությունների նախագծի շուրջ աշխատանքները։ Նախագիծը ներկայացվեց, սակայն երկու անգամ տապալվեց խորհրդարանում, քանի որ այդ ժամանակ պառլամենտական մեծամասնությունը դեռեւս Հանրապետական կուսակցությունն էր։ Քննարկումների այդ ողջ ընթացքում Փաշինյանն ու իր թիմի ներկայացուցիչներն արդեն նախկին իշխանավորներին համոզում էին, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ձեռնտու են հենց նրանց եւ կարեւոր են ընդհանուր քաղաքական դաշտի առողջացման համար, այլ ոչ թե անձամբ իրենց, քանի որ, իրենց համոզմամբ, այդ պահին ունեցած լեգիտիմության ու հանրային վստահության պարագայում իրենք ցանկացած համակարգով կարող են գնալ ընտրությունների ու հաղթել։ Տարբեր առիթներով «Իմ քայլի» ներկայացուցիչները վստահեցրել են, որ ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար նախ եւ առաջ պետք է քաղաքական կամք, ինչն, իրենց վստահեցմամբ, իրենք ունեն։  2018-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին Ընտրական հին օրենսգրքով, ձեւավորվեց 7-րդ գումարման Ազգային ժողովը, որտեղ մինչ օրս քննարկվում է Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը։ Փոփոխությունների նախագիծը վերջապես ուղարկվել է խորհրդարան, սակայն դեռեւս չի դրվել քննարկման։ Մինչեւ հունիսյան ընտրությունները կփոխվի՞ օրենսգիրքը, թե ոչ՝ այս պահին հստակ չէ՝ չնայած «Իմ քայլն» ունի սահմանադրական մեծամասնություն եւ այդպիսով հնարավորություն՝ միայնակ անցկացնելու փոփոխությունները։ Արտախորհրդարանական մի շարք ուժեր եւս կարեւորում են բարեփոխված օրենսգրքով ընտրությունների անցկացումը, ոմանք նույնիսկ անընդունելի են համարում հակառակ պարագան՝ ի տարբերություն ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի», որը 2018-ին աջակցում էր փոփոխությունների օրակարգին, իսկ այսօր կարծում է, որ խաղից առաջ դրա կանոնները փոխելը ճիշտ չէ։ Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը, վերջինս չեզոք դիրքորոշում ունի այս հարցում, իրենք միեւնույն է՝ մասնակցելու են ընտրություններին՝ անկախ օրենսգրքի փոխվել-չփոխվելուց։  Այսուհանդերձ, ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանդիպումների ժամանակ խորհրդարանական խմբակցությունները դեմ չեն եղել ընտրակարգի փոփոխությանը, ուստի «Իմ քայլը» որոշել է, որ կգնան ԸՕ-ի պարզ փոփոխությունների, եւ ընտրություններն կիրականացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ առանց վարկանիշային ընտրացուցակի։ Հայարփի Բաղդասարյան, Աննա Սահակյան
15:11 - 26 մարտի, 2021
Գործադիրը մերժել է դիմակ չկրելու տուգանքների համաներման մասին ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանի առաջարկը

Գործադիրը մերժել է դիմակ չկրելու տուգանքների համաներման մասին ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանի առաջարկը

Կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի՝ դիմակ չկրելու տուգանքների համաներման առաջարկը։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արմեն Եղիազարյանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, հիշեցնեմ, որ սույն թվականի փետրվարի 22-ին դիմել էի վարչապետին Covid-19 շրջանակներում դիմակներ չկրելու համար տուգանված քաղաքացիների նկատմամբ համաներում կիրառելու առաջարկով: Այսօր կառավարությունից ստացել եմ մերժում, անկախ այն հանգամանքի, որ տուգանքները կիրառվել են քաղաքացիների հիմնարար իրավունքների խախտումներով (առկա են բազմաթիվ դատական ակտեր): Կառավարությունը առաջարկում է, որ իրենց կողմից օրենքի էական խախտումներով կիրառված տուգանքները քաղաքացիները վիճարկեն դատական կարգով: Հարգելի՛ քաղաքացիներ, հերթական անգամ ականատես եղանք կառավարության կողմից քաղաքացիների նկատմամբ անտարբերության դրսևորմանը»,– ասվում է գրառման մեջ։ 
15:10 - 26 մարտի, 2021
2018-ից այդ անիվն այլևս հնարավոր չէ հետ շրջել. Բադասյանը բացառում է ընտրությունների կեղծումը |armenpress.am|

2018-ից այդ անիվն այլևս հնարավոր չէ հետ շրջել. Բադասյանը բացառում է ընտրությունների կեղծումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցնում է, որ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում բացառվում է, որ իշխանությունը որևէ լծակ օգտագործի, կեղծի ընտրության արդյունքները: Բադասյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Սրբուհի Գրիգորյանի հարցին, թե ինչ մեխանիզմներ են գործածվելու, որ ընտրություններին բացառվեն խախտումները, իշխանությունը լծակներ չօգտագործի: «Ուղղակի չենք կեղծելու, դա է բանաձև: Ինչի՞ պետք է կեղծենք: Կարծում ենք, որ 2018 թվականից այդ անիվն այլևս հնարավոր չէ հետ շրջել, հնարավոր չէ քաղաքացիների կամքը որևէ կերպ խեղաթյուրել»,-ասաց Բադասյանն ու վստահեցրեց գործող իշխանության քաղաքական կամքի մասին: Նա չբացառեց, որ Քրեական օրենսգրքում կամ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններով ընտրական հանցագործությունների բացահայտման, քննության ավելի արդյունավետ մեխանիզմներ լինեն: Նախարարը նկատեց, որ Ընտրական օրենսգիրքը մնացած մասով բոլոր հնարավորություններն ընձեռնում է նաև քաղաքացիական հասարակությանը, ընդդիմադիր խմբակցություններին, նաև արտախորհրդարանական ուժերին՝ իրականացնել իրենց վերահսկողությունը:
17:33 - 24 մարտի, 2021
ԱԺ-ն քննարկեց Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու, ՀՔԾ-ն լուծարելու նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու, ՀՔԾ-ն լուծարելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հատուկ քննչական ծառայության լուծարում, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում: Նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Որոշվել է օպերատիվ հետախուզական գործառույթներ իրականացնող անձանց կարգավիճակի հետ կապված հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով սահմանել առանձին ծառայության տեսակ, այն է՝ ծառայություն հակակոռուպցիոն կոմիտեում: Վերանայվել են կոմիտեի ծառայողների պաշտոնների խմբերը և պաշտոններին ներկայացվող պահանջները: Կատարված փոփոխությամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցութային խորհրդի առաջարկած 3 թեկնածուների շրջանակից նշանակելու է կառավարությունը, նախկինում սահմանված էր, որ նշանակումը կատարվելու է վարչապետի կողմից «Իրավապահ մարմինների, նաև Հատուկ քննչական ծառայության հետ քննարկումների արդյունքում որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը»,- ասաց Բադասյանը: Մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մրցույթի իրականացումը և դրա արդյունքում նրանց պաշտոնի նշանակելը, Հատուկ քննչական ծառայության քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այդ ընթացակարգով 20 անձ կնշանակվի:
16:22 - 23 մարտի, 2021
Արդարադատության նախարարը ոստիկանության կրթահամալիրում հետևել է անցկացվող դասընթացներին

Արդարադատության նախարարը ոստիկանության կրթահամալիրում հետևել է անցկացվող դասընթացներին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր այցելել է ոստիկանության կրթահամալիր: «Այսօր այցելեցի Ոստիկանության կրթահամալիր՝ հունվարի 18-ից մեկնարկած նոր Պարեկային ծառայության 5-ամսյա դասընթացի մասնակիցներին հանդիպելու և դասապրոցեսին մասնակցելու նպատակով։ Ներկա եղա տակտիկական ուսումնավարժությանը, կրակային պատրաստության, ինչպես նաև էքստրեմալ պայմաններում ավտովարման դասընթացներին։ Տեղեկացնեմ, որ 2021 թվականի հուլիսից կգործի Ծառայության Երևանի ստորաբաժանումը և Օպերատիվ կառավարման կենտրոնը։ Ոստիկանության հետ համատեղ սկսել ենք նաև Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության գործարկման նախապատրաստական աշխատանքները։ Վստահ եմ, որ ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցված, բարեվարք ոստիկանություն ու նոր ոստիկան ունենալուն միտված մեր ջանքերը հաջողելու են»,- տեղեկացրել է նախարար Բադասյանը ֆեյսբուքի իր էջում։
21:28 - 22 մարտի, 2021
Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծն առաջիկայում կքննարկվի կառավարության նիստում |armenpress.am|

Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծն առաջիկայում կքննարկվի կառավարության նիստում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծը վարչապետի աշխատակազմում է, առաջիկայում կքննարկվի գործադիրի նիստում: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը: «Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծը հիմա վարչապետի աշխատակազմում է: Կարծում եմ, որ այն երեքշաբթի օրը կքննարկվի նախարարարական կոմիտեում և կմտնի կառավարության նիստի օրակարգ կամ հաջորդ շաբաթ կմտնի և կներկայացվի ԱԺ-ին»,-ասաց Բադասյանը: Նախարարի խոսքով՝ հիմնական քաղաքականությունը հետևյալն է՝ տարանջատել բուն Ոստիկանական գործառույթները Ոստիկանության կողմից մատուցվող քաղաքացիական բնույթի ծառայություններից: Այս առումով շատ կարևորեց, որ Ներքին գործերի նախարարության անմիջական ենթակայության տակ կգտնվեն հաշվառման քննական բաժինների հետ կապված գործառույթները, Անձնագրերի և վիզաների վարչության, Միգրացիոն ծառայության գործառույթները, որոնք պետք է էլ ավելի քաղաքացիակենտրոն դառնան: «Առհասարական ամբողջ ոստիկանությունը պետք է ունենա քաղաքացիական վերահսկողություն, ինչի ճանապարհը հենց Ներքին գործերի նախարարության ստեղծումն է»,- նշեց նա:  Բադասյանի խոսքով՝ դրանով էլ ավելի լավ հաշվետվողականություն են ապահովում ԱԺ-ի առջև: Հիմա գույքագրվում են համապատասխան աշխատանքները, որոնք ենթադրում են շենքային պայմանների ապահովում և այլ կազմակերպչական խնդիրներ:
12:07 - 22 մարտի, 2021
Համամասնական ընտրական համակարգը կնպաստի քաղաքական բանավեճի կայացմանը. նախարար |1lurer.am|

Համամասնական ընտրական համակարգը կնպաստի քաղաքական բանավեճի կայացմանը. նախարար |1lurer.am|

1lurer.am: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ քննարկումներին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ նո՞ր Ընտրական օրենսգրքով, թե՞ հնով: «Մենք համապատասխան դիրքորոշում կարտահայտենք, բայց կարծում եմ՝ երկար ժամանակ թե՛ քաղաքական ուժերի, թե՛ քաղհասարակության, թե՛ մեր հանրության մեծամասնության դիրքորոշումն այն է, որ ռեյտինգային համակարգը ամենահարմար համակարգը չէ ՀՀ-ի համար: Ռեյտինգային համակարգը տարիներ շարունակ համարվել է քողարկված մեծամասնական համակարգ, իսկ մեր երկրի համար, կարծում եմ՝ ավելի ճիշտ է, ավելի քաղաքական է և նպաստում է քաղաքական բանավեճի կայացմանը, եթե լինի մաքուր համամասնական համակարգ:  Ընտրական օրենսգիրքն ԱԺ-ի կողմից արդեն դրվել է շրջանառության մեջ, ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով»,- նշեց Բադասյանը: Նախարարի խոսքով՝ եթե քաղաքական ուժերի ու հասարակության շրջանում լինի կոնսենսուս, և փոփոխությունները տեղի ունենան արագ, ապա որևէ խոչընդոտ չկա, որ արտահերթ ընտրություններն իրականացվեն մաքուր համամասնական համակարգով՝ կուսակցական ցուցակներով:
11:51 - 22 մարտի, 2021
Հայտարարատու պաշտոնատար անձանց թիվն ընդլայնվել է՝ հասնելով 9000-ի. Բադասյան |1lurer.am|

Հայտարարատու պաշտոնատար անձանց թիվն ընդլայնվել է՝ հասնելով 9000-ի. Բադասյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հիշեցնելով՝ նախորդ տարվա հունվարի 1-ից հանրապետությունում ներդրվել է տուգանային միավորների բալային համակարգը, որը կիրառվում է միայն տեխնիկական միջոցներով արձանագրված խախտումների դեպքում: «2020 թվականի ընթացքում կայացվել է տուգանային միավոր նախատեսող շուրջ 415 հազար որոշում, 45 անձ զրկվել է վարորդական իրավունքից»,- նշեց Բադասյանը: Նախարարը նշեց, որ նախորդ տարի շարունակվել է հակակոռուպցիոն ռազմավարությամբ 2020 թվականի համար սահմանված կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված բարեփոխումների իրականացումը, որի շրջանակում ընդլայնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունների շրջանակը, այդ թվում՝ հանրային և պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց և թեկնածության հավակնոորդների բարեվարքության ուսումնասիրության, դրա հիման վրա խորհրդատվական եզրակացություն տրամադրելու լիազորությունները, ներդրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ուսումնասիրությունների համար անհրաժեշտ գործիքակազմ, օրենսդրական հիմքով հասանելիություն է տրվել պետական տվյալների շտեմարաններին: «Հանձնաժողովը հաշվետու ժամանակահատվածում իրականացրել է 47 անձի, թեկնածուի բերավարքության ստուգում, որից 26-ի առնչությամբ ներկայացվել է դրական եզրակացություն, 16-ի վերաբերյալ՝ դրական՝ վերապահումով, 4-ի վերաբերյալ՝ բացասական, 1-ի առնչությամբ եզրակացություն չի ներկայացվել»,- նշեց Բադասյանը՝ հավելելով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվել է նաև ԲԴԽ-ի անդամների հայտարարագրերի վերլուծություն, որի մասով տեղեկությունը դեռևս ամփոփման փուլում է: Ներդրվել է ծախսերի հայտարարագրման նոր ինստիտուտ, համաձայն որի՝ որոշակի կոնկրետ ծախսերի դեպքում պաշտոնատար անձը պարտականություն է կրում այն հայտարարագրելու: Ներդրվել է նաև իրավիճակային հայտարարագրի ինստիտուտը, որը հանձնաժողովին թույլ կտա երրորդ անձից նույնպես հայտարարագիր պահանջել: «Ներդրվել է մեխանիզմ, համաձայն որի՝ հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունների դադարեցումից հետո 2 տարվա ընթացքում անձի գույքի էական փոփոխության կասկածի դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու կլինի վերջինից պահանջելու ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր: Սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը 8 միլիոնի փոխարեն սահմանվել է 5 միլիոն դրամ կամ դրան համարժեք արժույթ»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ հայտարարատու պաշտոնատար անձանց թիվն ընդլայնվել է՝ 3000-ից հասնելով 9000-ի:
11:17 - 22 մարտի, 2021
Ռուստամ Բադասյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը քննարկել են պրոբացիայի ոլորտում համագործակցության հեռանկարները

Ռուստամ Բադասյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը քննարկել են պրոբացիայի ոլորտում համագործակցության հեռանկարները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Նախարարություն կատարած այցի համար և բարձր գնահատել Ճապոնիայի Կառավարության ջանքերը՝ Կիոտո քաղաքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսի աշխատանքները գերազանց կազմակերպելու համար։ Հիշեցնենք, որ Ռուստամ Բադասյանը, Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել էր նաև 2020 թվականի սեպտեմբերին Թուրքիայի հովանավորչությամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիային՝ նշելով, որ այդ 44 օրերի ընթացքում հայ ժողովուրդն ականատես է եղել միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտումների։ Դեսպանի հետ զրույցում նախարար Բադասյանը կրկին շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Արցախյան պատերազմի հետևանքները չեզոքացնելու նպատակով Հայաստանին տրամադրած 3,6 մլն դոլարի հումանիտար օգնության համար և անդրադարձել Ճապոնիայի արդարադատության նախարար Յոկո Կամիկավայի հետ հանդիպման արդյունքներին։ Դեսպան Ջուն Յամադան կարևորել է երկու երկրների նախարարների հանդիպումն ու ուղիղ երկխոսություն սկսելու հնարավորությունը և տեղեկացրել, որ, թեև ավարտում է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունը, սակայն դժվարությամբ է հեռանալու Հայաստանից և «սիրտը թողնելու է Հայաստանում»։ Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին ի շահ Հայաստանի և Ճապոնիայի համագործակցության անձնական ներդրման համար և նորանոր ձեռքբերումներ մաղթել դիվանագիտական գործունեության ընթացքում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում համագործակցության հեռանկարները։
19:28 - 19 մարտի, 2021