ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Անահիտ Ավանեսյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է առողջապահական համակարգում գործակցության հարցեր

Անահիտ Ավանեսյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է առողջապահական համակարգում գործակցության հարցեր

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Քննարկվել են առողջապահական համակարգում գործակցությանը վերաբերող հարցերը: Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար, հատկապես COVID-19-ի համավարակի դեմ պայքարում ցուցաբերված օգնության, ներառյալ`  Շտապ բուժօգնության թիմերի (EMT) ժամանման ու հայ գործընկերի հետ համատեղ աշխատանքի համար: Հայաստանում ԵՄ դեսպանը ևս կարևորել է համատեղ իրականացվող ծրագրերը, հույս հայտնել, որ դրանք շարունակական բնույթ կկրեն: «Հույս ունեմ` մեր համագործակցության շրջանակները չեն սահմանափակվի միայն կարճաժամկետ, խիստ հրատապություն ունեցող առողջապահական խնդիրների լուծմամբ, այլև կկարողանանք ընդգրկուն գործունեություն ծավալել ու ավարտին հասցնել նախկինում սկսած մեր բոլոր միասնական ծրագրերը»,- նշել է Անդրեա Վիկտորինը և հետաքրքրվել Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով: «Ուրախ եմ փաստել, որ համավարակով պայմանավորված իրավիճակը մեր երկրում արդեն կայուն է ու վերահսկելի, սակայն մենք չենք կորցնում զգոնությունը, փոխարենը լրջորեն աշխատում ենք պատվաստանյութերի ձեռքբերման և պատվաստումների գործընթացը սկսելու ուղղությամբ»,- ասել է նախարարը: Անդրադառնալով հետպատերազմական խնդիրներին, որոնք, մասնավորապես, առնչվում են առողջապահական համակարգին, Անդրեա Վիկտորինը կարևորել է այդ գործում ՀՀ առողջապահության նախարարության ներգրավվածությունը: Առողջապահության նախարարը հստակեցրել է, որ մասնավորապես վերականգնողական ծրագրերում կառույցն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում: Խոսքը նաև պատերազմ ապրած արցախցիների, ՀՀ քաղաքացիների հոգեկան առողջության վերականգնմանն է վերաբերում: Անահիտ Ավանեսյանը հանդիպման վերջում անդրադարձել է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց բուժօգնության կազմակերպման խնդիրներին:
17:37 - 10 փետրվարի, 2021
Արտասահմանում բուժման կարիք ունեցող զինծառայողների ծախսերը հոգում է պետությունը. առողջապահության նախարար |1lurer.am|

Արտասահմանում բուժման կարիք ունեցող զինծառայողների ծախսերը հոգում է պետությունը. առողջապահության նախարար |1lurer.am|

1lurer.am: Պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներին տրամադրվող բուժօգնությունն իրականացվում է պետության հաշվին ստացիոնար և ամբուլատոր պայմաններում՝ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Նրա խոսքով՝ արտասահմանում բուժման շարունակության կարիք ունեցող դեպքերում գործում է հստակ ընթացակարգ: ՊՆ-ը ներկայացնում է նման դիմումները Առողջապահության նախարարությանը կից գործող մասնագիտական հանձնաժողովին, որն էլ գնահատում է՝ կա՞ արտերկիր մեկնելու կարիք, թե՞ ոչ: Բժշկական ցուցման դեպքում պետությունը նույնպես ամբողջովին փակում է վիրավոր զինծառայողների բժշկական օգնության ծավալը: «Այս պահին էլ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացված 12 դիմում, որոնք ընթացքի մեջ են: Ցուցման դեպքում, Կառավարության համապատասխան որոշման ընդունման շնորհիվ, տվյալ զինծառայողները կմեկնեն բուժման, և պետությունը կփակի նրանց բուժման ծախսերը»,- հայտարարեց նախարար Ավանեսյանը:
17:00 - 10 փետրվարի, 2021
Անահիտ Ավանեսյանն «Արմենիա» ԲԿ-ում ծանոթացել է բազմապրոֆիլային բուժծառայություն մատուցող հաստատության պայմաններին

Անահիտ Ավանեսյանն «Արմենիա» ԲԿ-ում ծանոթացել է բազմապրոֆիլային բուժծառայություն մատուցող հաստատության պայմաններին

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Անահիտ Ավանեսյանը, փոխնախարար Արտյոմ Սմբատյանի հետ աշխատանքային այցով եղել է «Արմենիա» բժշկական կենտրոնում, ծանոթացել բազմապրոֆիլային բուժծառայություն մատուցող հաստատության պայմաններին, հնարավորություններին, վերջին շրջանում իրականացրած փոփոխություններին: Այցի ընթացքում նախարարին են ներկայացրել բուժկենտրոնի զարգացման ծրագրերը. նոր սարքավորումների ձեռքբերում, բաժանմունքների հիմնանորոգում: Նպատակ կա բուժկենտրոնի` պաշտոնապես 24 մահճակալ սպասարկող վերակենդանացման բաժանմունքի ծավալը հասցնել 50-ի, ընդլայնել ամբուլատոր ծառայությունը: Ոլորտի ներկայացուցիչները շրջել են կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նախարարը կարևորել է բազմապրոֆիլ հիվանդանոցների համահունչ զարգացումն ու հույս հայտնել, որ «Արմենիա» ԲԿ-ում կյանքի կկոչվեն նախանշված բոլոր ծրագրերը: Այցի վերջում Անահիտ Ավանեսյանը զրուցել է արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորի հետ ու նրան շուտափույթ ապաքինում մաղթել:
20:31 - 09 փետրվարի, 2021
Անահիտ Ավանեսյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Անահիտ Ավանեսյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Նախարարը, ողջունելով հյուրերին, իր երախտագիտությունն է հայտնել նրանց` ամուր և երկարատև գործակցության համար: Նա նշել է, որ 2020 թվականը մարտահրավերներով լի տարի է եղել առողջապահական համակարգի համար: Մի կողմից կորոնավիրուսային համավարակի պայմաններում ծանրաբեռնված աշխատանքը, մյուս կողմից` արցախյան պատերազմը. «Չնայած լուրջ մարտահրավերներին` առողջապահական համակարգը կարողացել է հաղթահարել իր առջև դրված բոլոր խնդիրները»,-ասել է Անահիտ Ավանեսյանը: ԱՄՆ դեսպանը ևս գնահատել է երկրների միջև սերտ համագործակցությունը, այնուհետև հետաքրքրվել Հայաստանի առողջապահական համակարգի ներկա վիճակի և կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութերի ձեռքբերման մասին, ինչպես նաև մանրամասներ խնդրել նախարարից` հասկանալու հնարավոր աջակցության ուղղությունները: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է դեսպանին հետաքրքրող հարցերի մանրամասները և հավելել. «Հայաստանի Հանրապետությունն այժմ բանակցություններ է վարում պատվաստանյութի ձեռքբերման ուղղությամբ: Մենք բաց ենք բոլոր քննարկումների համար, դիտարկում ենք մեր երկրի համար հարմար և անվտանգ տարբերակները»: Հաշվի առնելով հանրապետությունում COVID-19-ի կայուն և վերահսկելի դրությունը` նախարարը նշել է, որ այժմ համակարգը քիչ թե շատ շնչում է ու հնարավորություն ունի կենտրոնանալու մյուս` ոչ պակաս կարևոր ճյուղերի վրա: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ առողջապահական համակարգի կարևոր ուղղություններից է մոր և մանկան առողջության պահպանման ոլորտը: Չնայած համավարակին` անցյալ տարի մայրական, մանկական մահացության ցուցանիշների նվազում է գրանցվել:   Հանդիպման ավարտին Լին Թրեյսին ասել է, որ համագործակցությունը շարունակական կլինի: Դեյվիդ Հոֆմանն էլ իր հերթին ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ ծրագիրը, որը միտված է Հայաստանի առողջապահության քաղաքականության զարգացմանն ու բարելավմանը: Այն  հնարավորություն կտա ապագայում դիմակայելու նոր համավարակներին:
17:46 - 09 փետրվարի, 2021
Մրցակցությունը հանգեցրել է ուռուցքաբանության զարգացմանը. մեկնարկել է ուռուցքաբանների կոնգրեսը |armenpress.am|

Մրցակցությունը հանգեցրել է ուռուցքաբանության զարգացմանը. մեկնարկել է ուռուցքաբանների կոնգրեսը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արձանագրված քաղցկեղով հիվանդացության, տարածվածության և մահացության ցուցանիշները, ինչպես նաև միջազգային վիճակագրության տվյալները և հիվանդության կանխատեսումները ևս մեկ անգամ պարտադրում են ամենայն կարևորությամբ  մոտենալ  ուռուցքաբանությանը։  «Հայկական ուռուցքաբանական կոնգրես» գիտագործնական միջոցառման ժամանակ իր ելույթում այս մասին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Փետրվարի 4-ը ողջ աշխարհում նշվում է, որպես քաղցկեղի դեմ պայքարի օր՝ ևս մեկ անգամ ընդգծելու, շեշտելու, թե որքան կարևոր ուղղություն է ուռուցքաբանությունը առողջապահական համակարգում։ Միջազգային վիճակագրական տվյալները վկայում են , որ աշխարհում տարեկան արձանագրվում են հիվանդացության շուրջ 12 միլիոն դեպք և մահացության  8 միլիոն դեպք։ Կանխատեսվում է, որ այդ թվերը ունեն տենդենց աճելու և 2030 թվականին մենք ունենալու ենք մոտ 2,3 տոկոս աճ և հիվանդության, և մահացության դեպքերով։ Դեպքերի ավելացումը լրացուցիչ բեռ է հանդիսանալու և առողջապահական համակարգի վրա, և պետության վրա»,- նշեց Ավանեսյանը։     Առողջապահության նախարարը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են իրականացվել ոլորտում։ «Դրանցից կարևորագույններից է առողջության առաջնային օղակում ներդրված և ներկայումս շատ լավ ընթացող ծրագրերից մեկը՝ արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգային միջոցառումները և բոլորվին վերջերս մեկնարկած կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային պիլոտային ծրագիրը, որը դեռևս երեք մարզում է իրականացվում, բայց ,հույս ունենք, շարունակական բնույթ կկրի։ Անհրաժեշտ է նշել, որ ոլորտում կատարված բարեփոխումների շրջանակում 2019 թվականի հունվարից ախտորոշված չարորակ նորագոյացություններով պացիենտների վիրաբուժական բուժում իրականացվում է պետական պատվերի շրջանակներում»,- ընդգծեց Ավանեսյանը։ Նախարարի խոսքով՝ ոլորտում շատ անելիքներ կան, դրանցից են կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ և ծխախոտի դեմ պայքարի, և առողջ ապրելակերպը խթանելու առումով։ «Պետք է ձգտենք, որ քաղցկեղը Հայաստանում չլինի դատավճիռ, այլ հիվանդությունը, որը հաղթահարելի է, որի հաղթահարման ճանապարհին պետությունը, համակարգը կանգնած է քաղաքացու կողքին»,- եզրափակեց նախարարը։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը նշեց, որ կենտրոնը որոշում է կայացրել ամեն տարի այս օրերին Հայաստանի ուռուցքաբաններով հավաքվել և ներկայացնել խնդիրները և նախորդ տարվա ձեռքբերումները։ «Ուզում եմ անդրադառնալ մի կարևոր գործոնի, որը բերել է 20 տարվա ուռուցքաբանության զարգացմանը։ Այդ գործոնը հանդիսանում է մրցակցությունը՝ անհատների միջև եղած մրցակցությունը, իսկ վերջին տարիներին նաև բուժհիմնարկներում ուռուցքաբանական ծառայությունների ներդրումը բերել է մեծ մրցակցության, որը կարևորագույն գործոն է ոլորտի զարգացման հարցում»,- եզրափակեց Մանուկյանը։
12:39 - 06 փետրվարի, 2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Մարիան Քլարկ–Հաթինգին: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև երկար տարիների համագործակցությունը և հետագա համատեղ անելիքները: Հարկ է նշել, որ անկախության տարիներից ի վեր` հիմնադրամը մշտապես աջակցել է, մասնավորապես իմունականխարգելման, մանկական տրավմատիզմի, մոր և մանկան առողջության պահպանմանը վերաբերող ծրագրերին, իսկ վերջին տարվա ընթացքում օժանդակությունն ուղղված է եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին: «Հայաստանի համար շատ կարևոր էր անցյալ տարի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից ցուցաբերված աջակցությունը, հատկապես` հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության և Արցախյան պատերազմի արդյունքում ստեղծված բարդ իրավիճակը: Հուսով եմ, որ ընթացքի մեջ գտնվող առողջապահական ծրագրերը կյանքի կկոչվեն հնարավորինս առաջիկայում և կօգնեն հաղթահարել մեր առջև ծառացած դժվարությունները»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:  Մարիան Քլարկ–Հաթինգը նշել է, որ հոգեկան առողջությունը գերկարևոր ուղղություններից է` հաշվի առնելով նախորդ տարի ստեղծված իրավիճակը` կորոնավիրուսային հիվանդությամբ և պատերազմով պայմանավորված: Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում պատերազմի հետևանքով ժամանակավորապես Հայաստան տեղափոխված երեխաների բժշկական օգնության կազմակերպման, կրթության իրավունքի և հոգեկան առողջության խնդիրների լուծման ուղղությամբ` հավելելով, որ այդ հարցերի լուծումն առաջնային է: Կողմերը խոսել են նաև կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութերի, դրանց ձեռքբերման և հասանելիության վերաբերյալ` նշելով, որ տվյալ հարցում համագործակցություն կարող է ծավալվել ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:
09:41 - 06 փետրվարի, 2021
Հայկական կողմը կազմակերպել է հակառակորդի գերիների պատշաճ բուժօգնությունը և վերադարձը, այնինչ՝ այսօր դեռևս գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ կան. ՀՀ առողջապահության նախարար

Հայկական կողմը կազմակերպել է հակառակորդի գերիների պատշաճ բուժօգնությունը և վերադարձը, այնինչ՝ այսօր դեռևս գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ կան. ՀՀ առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին և «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանին:  Մաքսիմ Լոնգանգեն հետաքրքրվել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով, Արցախյան պատերազմի հետևանքով տուժած և ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների կարիքներով:  Անդրադառնալով պատերազմին և դրա հետևանքներին` Անահիտ Ավանեսյանը նշել է. «Հայկական կողմը թե՛ պատերազմի ընթացքում, և թե՛ դրանից հետո կազմակերպել է ադրբեջանական կողմի գերիների պատշաճ բուժօգնությունը և վերադարձը: Այնինչ, այսօր դեռևս գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ կան և այդ առումով ակնկալում ենք միջազային ատյանների ճնշումը` օր առաջ նրանց վերադարձը կազմակերպելու հարցում»:  Հյուրերը ներկայացրել են նաև Հայաստանում «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի իրականացման հեռանկարները և պատրաստակամություն հայտնել արձագանքել նախարարության կողմից ներկայացվող կարիքներին:  Կողմերը դիտարկել են Հայաստանին ընձեռված հնարավորությունը՝ լինելու առաջին երկիրը, որտեղ իրականացվում է այսպիսի ծրագիր: Այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ ներկայումս նախապատրաստվում են կենսաբժշկության ոլորտում անդամ-պետությունների հետ բազմակողմանի և բազմաչափ համագործակցության նոր նախագծեր:
22:08 - 05 փետրվարի, 2021
Առողջապահության նախարարն այցելել է «Աստղիկ» ԲԿ, զրուցել վիրավոր զինվորների հետ

Առողջապահության նախարարն այցելել է «Աստղիկ» ԲԿ, զրուցել վիրավոր զինվորների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն աշխատանքային այցով եղել են «Աստղիկ» բժշկական կենտրոնում, ծանոթացել հաստատության պայմաններին, առկա հնարավորություններին և վերջին շրջանում կատարված բարեփոխումներին:   Կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է վերակենդանացման և այն բաժանմունքներում, որտեղ բուժում են ստանում Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորները: Անահիտ Ավանեսյանը զրուցել է զինվորների հետ, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով և մաղթել շուտափույթ ապաքինում:   Ոլորտի պատասխանատուները եղել են նաև գլխուղեղի սուր կաթվածի բուժման ծրագրի իրականացման համար առանձնացված ընդունարանում, հանդիպել «Աստղիկ» բժշկական կենտրոնի թիմի հետ: Նշենք, որ փետրվարի 1-ից կենտրոնը միացել է պետական ծրագրին:   Շրջայցի ընթացքում նախարարն ու փոխնախարարը նաև ծանոթացել են նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին: Ասատուր Ասատրյանը ներկայացրել է կենտրոնի առաջիկա զարգացման ծրագրերն ու առաջիկա անելիքները:
12:27 - 05 փետրվարի, 2021
Առողջապահության նախարարն ընդունել է «Վիվա» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

Առողջապահության նախարարն ընդունել է «Վիվա» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

Անահիտ Ավանեսյանն ընդունել է «Վիվա» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության, ցուցաբերված աջակցության համար` ընդգծելով, որ «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամը պատերազմական այս բարդ իրավիճակում մշտապես եղել է մեր կողքին: Հիմնադրամը զգալի ներդրում է ունեցել Հայաստանի բժշկական հաստատությունների տեխնիկական հագեցվածության բարելավման հարցում: «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի նախագահ Տատյանա Հովհաննիսյանը նախարարության հետ համագործակցությունը բարձր է գնահատել և հույս հայտնել, որ այն շարունակական բնույթ կկրի: «Ճիշտ է պատերազմն ավարտվել է, սակայն հետևանքները դեռ մնացել են: Այդ առումով ծանր տարի է սպասվում, ուստի ողջունում ենք մեր բարեգործ-հայրենակիցներին, ովքեր այստեղ չեն ապրում, սակայն ամեն կերպ աջակցում են: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք օգնել այն զինվորներին, ովքեր ստացել են ծանր վիրավորում և պետք է անցնեն վերականգնողական կուրս: Այս առումով անգնահատելի է ձեր աջակցությունը», - նշել է Անահիտ Ավանեսյանը: Հանդիպման ավարտին նախարարը «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամին՝ ի դեմս նախագահ Տատյանա Հովհաննիսյանի, պարգևատրել է պատվոգրով` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում և ռազմական դրությամբ պայմանավորված անձնվեր աշխատանքի, խիզախության, հայրենիքին նվիրումի և անմնացորդ ծառայության համար:
19:17 - 04 փետրվարի, 2021