Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահն է։ 

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:

1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Հրաժարական է ներկայացրել 2022թ. հունվարի 21-ին:

Ինչո՞ւ Հայաստանը չի կարող լինել բանակցող Եվրոպայի և Ասիայի միջև. ՀՀ նախագահ |aysor.am|

Ինչո՞ւ Հայաստանը չի կարող լինել բանակցող Եվրոպայի և Ասիայի միջև. ՀՀ նախագահ |aysor.am|

aysor.am։ Հայաստանն ունի բավական խոր հարաբերություններ ԵՄ-ի հետ և հանդիսանում է ԵԱՏՄ կարևոր անդամ։ Հայաստանը կամուրջ է, միջնորդ երկու կողմերի միջև, այսօր Մտքերի հայկական գագաթնաժողովի բացմանն ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հայ գործարարները հրաշալի, ֆանտաստիկ բանակցողներ են։ Ինչո՞ւ ուրեմն Հայաստանը չի կարող լինել բանակցող Եվրոպայի և Ասիայի միջև», - համաժողովի հյուրերին հարց ուղղեց Արմեն Սարգսյանը։ Խոսելով հայկական ուժի մասին՝ ՀՀ նախագահը շեշտեց, որ 21-րդ դարը լինելու մարդկային ներուժի դարաշրջան։ «Հայաստանը խոշոր, բազմազգ ընկերությունների բազա դարձնելը հնարավորություն կտա ստարթափների համար լավ բազա ձևավորել։ Մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ ուղեղների գագաթնաժողովը կարող է մի օր ունենալ իր քույր ձեռնարկը՝ Հայ մտքերի գագաթնաժողով։ Մենք, որպես համաշխարհային ազգ, պետք է սովորենք կառավարել մեր ուժը և այն օգտագործել մեր խնդիրները կարգավորելու համար։ Մենք պետք է սովորենք պատեր չկառուցել մեր ազգի ներսում, չպետք է պատերր կառուցել Հայաստանում, սփյուռքում և Արցախում ապրողների միջև», - ասաց Արմեն Սարգսյանը։
09:40 - 08 հունիսի, 2019
«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը կնպաստի համագործակցության էվոլյուցիային. նախագահ Սարգսյանը՝ Դիլիջանում կազմակերպված ընդունելությանը |armenpress.am|

«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը կնպաստի համագործակցության էվոլյուցիային. նախագահ Սարգսյանը՝ Դիլիջանում կազմակերպված ընդունելությանը |armenpress.am|

armenpress.am։ Ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից հունիսի 7-ին Դիլիջանում կազմակերպվել է ընդունելություն: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։Ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր միջոցառումն այս անգամ հյուրընկալվել է Հայաստանում և ստացել «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը՝ մեկ հարկի տակ համախմբելով հայաստանցի և օտարերկրացի ավելի քան երկու հարյուր նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի: Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու բացառիկ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ֆրանսիական Շամոնի քաղաքում ամեն տարի անցկացվող «Մտքերի գագաթնաժողովին»:Ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր Դիլիջանում կազմակերպվել է ընդունելություն:Բարի գալուստ մաղթելով մասնակիցներին և հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, մասնավորապես «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեին և նրա գործընկերներին, ովքեր իրականություն են դարձրել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի կազմակերպումը։«Ես կանխազգացում ունեմ, որ մեր համագործակցությունը, որը երկար տարիների պատմություն ունի, հետագա էվոլյուցիա կապրի Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովի» ձևաչափով»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։Այսօր երեկոյան մասնակիցների համար կազմակերպվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ստարտափների, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող տարբեր նախագծերի ու նախաձեռնությունների շնորհանդեսներ:Հայաստանյան գագաթնաժողովի համակազմակերպիչներն են ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ կենտրոնական բանկը և «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսը»,- նշված է հաղորդագրության մեջ:
07:30 - 08 հունիսի, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մի խումբ ֆիզիկոս գիտնականների

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մի խումբ ֆիզիկոս գիտնականների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհի տարբեր համալսարաններից հայ և օտարերկրացի մի խումբ ֆիզիկոսների, ովքեր այս օրերին Երևանում մասնակցում են Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (International Centre for Theoretical Physics) արտագնա համաժողովին: Հանդիպման ընթացքում խոսվել է գիտության արդի խնդիրների, ապագայում պահանջարկ ունեցող հեռանկարային ճյուղերի մասին: Անդրադարձ է եղել Հայաստանում գիտության զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին: Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է այս ոլորտում իր առաջիկա նախաձեռնությունների ու ծրագրերի մասին: Նա ընդգծել է, որ իր նպատակներից մեկը Հայաստանը գիտական կենտրոն դարձնելն է և մասնավորապես բնական գիտությունների զարգացումը, ինչը մեծ դեր ունի տեխնոլոգիական առաջընթացի գործում:
13:49 - 04 հունիսի, 2019
ՀՀ նախագահը ստորագրել է նախարարներ նշանակելու մասին հրամանագրեր |armenpress.am|

ՀՀ նախագահը ստորագրել է նախարարներ նշանակելու մասին հրամանագրեր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր նախարարությունների նախարարներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել: ՀՀ նախագահի հրամանագրով Էրիկ Գրիգորյանն ազատվել է բնապահպանության նախարարի պաշտոնից ու նշանակվել շրջակա միջավայրի նախարար: Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար՝ ազատվելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից: Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատվելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից: Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ ազատվելով տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից: Հակոբ Արշակյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ ազատվելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից: Օրենսդրական փոփոխություններից հետո ՀՀ կառավարությունը բաղկացած է հետևյալ նախարարություններից. Արտաքին գործերի նախարարություն Պաշտպանության նախարարություն Արտակարգ իրավիճակների նախարարություն Արդարադատության նախարարություն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Շրջակա միջավայրի նախարարություն Առողջապահության նախարարություն Ֆինանսների նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:
12:44 - 01 հունիսի, 2019
Մաթեմատիկա լավ գիտեք՝ կարող եք ցանկացած բան դառնալ. Նախագահը հյուրընկալել է մենթալ թվաբանության օլիմպիադայի հաղթողներին

Մաթեմատիկա լավ գիտեք՝ կարող եք ցանկացած բան դառնալ. Նախագահը հյուրընկալել է մենթալ թվաբանության օլիմպիադայի հաղթողներին

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են մենթալ թվաբանության միջազգային ու հայաստանյան օլիմպիադայի հաղթող մի խումբ երեխաներ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է փոքրիկ հյուրերին, զրուցել, հետաքրքրվել նրանց նախասիրություններով: Երեխաները նախագահին պատմել են օլիմպիադաներում իրենց հաղթանակների, նախընտրած մասնագիտությունների ու երազանքների մասին:«Եթե լավ մաթեմատիկա գիտեք, կարող եք լավ ատամնաբույժ, ֆիզիկոս, ծրագրավորող դառնալ: Ցանկացած բան՝ ընդհուպ մինչև լավ երաժիշտ: Մաթեմատիկան անհրաժեշտ է և կարևոր բոլորի համար»,- դիմելով փոքրիկներին՝ ասել է նախագահը: Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը երեխաներին նվերներ է հանձնել՝ համոզմունք հայտնելով, որ ապագայում ևս երեխաները հպարտանալու շատ առիթներ կտան՝ հաղթանակներ տոնելով տարբեր միջազգային օլիմպիադաներում:
11:46 - 31 մայիսի, 2019
Նախագահը Վահե Գրիգորյանին առաջադրել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու

Նախագահը Վահե Գրիգորյանին առաջադրել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու

Առնվազն մեկ տարի է, Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ներգրավված է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրման նպատակով Ազգային ժողովին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածություն առաջարկելու գործընթացում: Այդ պատասխանատու գործընթացը Հանրապետության նախագահն իրականացրել է հրապարակային ու ժողովրդավարական գործելաոճով՝ հավատարիմ մնալով իր սահմանադրական լիազորություններին, պահպանելով սահմանադրական նորմերը և ելնելով անաչառության և օբյեկտիվության սկզբունքներից: Հնարավոր թեկնածուների առաջարկներ և հավակնորդների վերաբերյալ կարծիքներ ստանալու նպատակով Հանրապետության նախագահը նախաձեռնել է օրենքին չհակասող մի շարք ընթացակարգեր, հանդիպել երկրի իրավական ոլորտի բազմաթիվ մասնագետների, իրավաբանական համայնքի հեղինակավոր ներկայացուցիչների, այդ թվում՝ գիտական ու փաստաբանական շրջանակների հետ: Մեկ տարվա ընթացքում, չնայած մի քանի անգամ հայտարարվել է թեկնածուների հայտերի ընդունման մասին, այդուհանդերձ, հավանական թեկնածուների թիվը եղել է շատ սահմանափակ: ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը փաստորեն սահմանափակվում է տվյալ պաշտոնին համապատասխանող ընդամենը մի քանի անհատ իրավաբանների շրջանակով: Կարևորելով իրավական համակարգի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի գործունեության արդյունավետությունը, նկատի ունենալով, որ ՍԴ անդամի թեկնածուի ընտրության հարցը չի կարող անվերջանալի գործընթացի վերածվել, դառնալ քաղաքական սակարկությունների կամ շահարկումների առարկա, հենվելով իր և իրավական հանրույթի ներկայացուցիչների, ինչպես նաև ՍԴ դատավորի հավանական թեկնածուների հետ վերջին երկու օրերի ընթացքում ունեցած քննարկումների արդյունքների վրա, Հանրապետության նախագահը առաջարկում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Հանրապետության նախագահը հույս ունի, որ, ընտրվելով ՍԴ դատավոր, Վահե Գրիգորյանն իր ավանդը կներդնի Սահմանադրական դատարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման, սահմանադրական արդարադատության, օրենքով Բարձր դատարանի դատավորին վերապահված լիազորությունների լիարժեք իրականացման գործում: Հ. Գ. Հաշվի առնելով անցած մեկ տարվա փորձը, Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարում, որ ապագայում քննարկվի իր իսկ կողմից ՍԴ դատավորի նշանակման հնարավորությունը՝ փոփոխելով գործող ընթացակարգերը՝ նկատի ունենալով Սահմանադրության 138-րդ հոդվածում (Պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը) առկա կարգավորումների տրամաբանությունը:  
09:20 - 31 մայիսի, 2019
Արմեն Սարգսյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը: Սարգսյանը ողջունել է համահայկական խաղերի անցկացումն ու ընդհանրապես համահայկական այդ միջոցառման գաղափարը՝ նշելով, որ խաղերի միավորող ոգին պետք է օգտագործվի նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերն ավելի սերտացնելու համար:Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել խաղերի ծրագիրն ու մանրամասն տեղեկացրել նախատեսվող մրցումների մասին: «Միասնություն՝ սպորտով» նշանաբանով անցկացվելիք համահայկական հերթական խաղերի բացումն առաջին անգամ տեղի կունենա Արցախում: Ամառային խաղերին այս տարի կմասնակցեն սփյուռքի ավելի քան 35 քաղաքների ներկայացուցիչներ: Ծրագրում ընդգրկված 17 մարզաձևից 7-ի մրցումները կանցկացվեն Արցախում: Ակնկալվում է 4000 մարզիկների մասնակցություն Հայաստանից, Արցախից և աշխարհի տարբեր երկրներից:Հանրապետության նախագահը կարևոր է համարել, որ համահայկական խաղերը մարզական մրցաշար լինելուց բացի նաև խթան հանդիսանան համահայկական ինտեգրման համար: Ընդգծելով մարզական այս համահայկական ստուգատեսը Արցախում անցկացնելու առանձնահատուկ նշանակությունը՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ այն նաև Արցախ այցելելու և Արցախին կապվելու հրաշալի հնարավորություն է մեր հազարավոր հայրենակիցների համար: Նախագահի խոսքերով՝ հայրենասիրությունը պետք է արտահայտել ոչ միայն սահմանները պաշտպանելու միջոցով, ինչը շատ էական ու անհրաժեշտ է, այլև՝ հայրենիքը՝ Արցախը, Լոռին, Շիրակը, Սյունիքը, Տավուշը, ողջ Հայաստանը ճանաչելու և իմանալու միջոցով: «Ես ձեր շարժման մեջ մեծ ուժ եմ տեսնում, որի միջոցով կարելի է հայրենիքն ավելի ճանաչված ու ճանաչելի դարձնել»,- դիմելով հանդիպման մասնակիցներին՝ նշել է նախագահ Սարգսյանը:Նախագահն ասել է, որ համահայկական խաղերը լավ օրինակ են այն բանի, որ մենք ապագայում կարող ենք նաև միջազգային մակարդակի մեծ մրցումներ անցկացնել: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել խաղերի անցկացմանը և քաջալերել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ներկայացուցիչներին՝ շարունակելու իրենց նվիրական գործը:
10:26 - 30 մայիսի, 2019
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության նորընտիր նախագահին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության նորընտիր նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էգիլս Լևիտսին Լատվիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է բարեկամ Լատվիայի հետ երկկողմ և բազմակողմ փոխգործակցության խորացումը։ «Համոզված եմ, որ Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հնարավորություններ կընձեռի մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման համար»,- նշել է Արմեն Սարգսյանը։Հանրապետության նախագահը Էգիլս Լևիտսին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Լատվիայի ժողովրդին՝ բարօրություն:
07:21 - 30 մայիսի, 2019
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զևդեին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները զարգանում են վստահության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ «Երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության պատմությունը երկու երկրների միջև կապերն ու համագործակցությունն ավելի ամրապնդելու և խորացնելու ամուր հիմք է»,-ընդգծել է նախագահը: Հանրապետության նախագահը Սահլե-Վորկ Զևդեին հաջողություններ է մաղթել, իսկ Եթովպիայի ժողովրդին` խաղաղություն և բարօրություն։
10:57 - 28 մայիսի, 2019
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։ «Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ: Հայ ժողովուրդն այսօր նշում է դարերի պատմություն ունեցող իր պետականության վերականգնման տոնը՝ հայ ժողովրդի պայքարն ու ձեռքբերումները, անկոտրում ոգու հաղթանակը խորհրդանշող մեր Հանրապետության տոնը։Հայկական ինքնության ձևավորման, հայոց պետականության կերտման ու կայացման ընթացքում հայ ժողովրդի անցած ուղին հերոսական է ու փառավոր՝ մեր կորուստները միայն ամրապնդել են մեր ապրելու ձգտումը, մեր միտքն ուղղված է եղել ստեղծելուն, մեր ուժը՝ խաղաղություն հաստատելուն:Երախտապարտ լինենք բոլոր այն մարդկանց, ովքեր 1918 թվականին կերտեցին Հայաստանի առաջին Հանրապետությունը, 1920 թվականից ի վեր՝ Խորհրդային Հայաստանը, իսկ 1991 թվականին վերածնեցին անկախ Հայաստանի Հանրապետությունը, բոլոր նրանց, ովքեր շուրջ երեք տասնամյակ պահպանել ու պահպանում են այն։Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության ապահովումն ու կայուն զարգացումը համազգային նշանակության խնդիր են: Իսկ համազգային խնդիրները կարող են լուծվել միայն համազգային ջանքերով՝ Հայաստանի, Արցախի ու սփյուռքի ողջ կարողություններն ու ներուժը օգտագործելով:Մենք պետք է ձևավորենք Միասնական Ազգային օրակարգ՝ ընդհանուր կենսական նշանակություն և կարևորություն ունեցող գերակա խնդիրներով ու առաջնայնություններով, մեզանից յուրաքանչյուրը պետք է ներգրավված լինի ընդհանուր հարցերին վերաբերող որոշումների կայացման գործընթացում։Եվ այս առումով անգնահատելի է մեր երիտասարդության դերակատարումը։ Այսօր ես առանձնահատուկ դիմում եմ Հայաստանում, Արցախում, աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր երիտասարդ սերնդին անկախ պետականությամբ հայրենի հողի վրա համախմբվելու կոչով: Այսօր լավագույն հնարավորություններն ունենք ապրել ու զարգանալ սեփական հողում, երազել ու մտածել վաղվա մասին, ամբողջացնել Հայրենիքը որպես միասնական գաղափար և որպես զորեղ ու կենսունակ պետական միավոր: Մենք չենք կարող մեզ թույլ տալ բավարարվել մեր ձեռքբերումներով, այսօր մենք պատմական հնարավորություն ունենք բարելավելու մեր երկիրը, նպաստելու մեր հայրենիքի հզորացմանը և, ավելի քան երբևէ, այսօր մենք կարող ենք և պարտավոր ենք միասնաբար՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի եռապատիկ ուժն ու հնարավորությունները ծառայեցնել Հայաստանին: Շնորհավոր բոլորիս տոնը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Խաղաղություն, հաղթանակ ու հաջողություն բոլորիս ու յուրաքանչյուրիս, մեր երկրին, մեր ժողովրդին, յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր քաղաքացու: Վստահ եմ, որ մեր պետականության գալիք հարյուրամյակների պատմությունը արձանագրելու է հայ ժողովրդի միասնությամբ ու ստեղծագործ աշխատանքով ձեռք բերված նոր հաջողություններն ու հաղթանակները։Աստված բոլորիս պահապան», - ասված է նախագահի շնորհավորական ուղերձում։
05:47 - 28 մայիսի, 2019