ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Արարատ Միրզոյանը հանդիպել է Բուլղարիայի ԱԳ նախարարին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Բուլղարիայի ԱԳ նախարարին

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Միլկովի հետ։ Արարատ Միրզոյանը և Նիկոլայ Միլկովը բարձր են գնահատել պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-բուլղարական հարաբերությունների մակարդակը և պատրաստակամություն հայտնել առավել զարգացնելու երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը։ Այս առումով կարևորվել է բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունների պարբերական անցկացումը։ ԱԳ նախարարները կարևորել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում` երկու երկրների միջև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության հետագա խորացումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրների։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել իրավիճակը Հարավային Կովկասում, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները:
11:06 - 19 նոյեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը հանդիպել է Անդորրայի ԱԳ նախարարին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Անդորրայի ԱԳ նախարարին

Նոյեմբերի 18-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 43-րդ նստաշրջանի աշխատանքների մասնակցելու նպատակով Թունիսում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Մարիա Ուբակ Ֆոնտի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Այս համատեքստում քննարկվել են զբոսաշրջության, կայուն զարգացման, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում արդյունավետ փոխգործակցության հաստատման հնարավորությունները: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգն ընդլայնելու ուղղությամբ՝ կարևորելով այս առումով երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համագործակցությանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ընդգծվել է Ֆրանկոֆոնիայի հարթակի կարևորությունը երկկողմ շփումների ակտիվացման համար։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը, անդրադարձել Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներին։
10:11 - 19 նոյեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարարն ամփոփել է ՀՀ նախագահությունը Ֆրանկոֆոնիայում և Երևանի հռչակագրով անդամների ստանձնած հանձնառությունների կատարումը

ՀՀ ԱԳ նախարարն ամփոփել է ՀՀ նախագահությունը Ֆրանկոֆոնիայում և Երևանի հռչակագրով անդամների ստանձնած հանձնառությունների կատարումը

Թունիսի Ջերբա քաղաքում նոյեմբերի 18-ին անցկացվող Ֆրանկոֆոնիայի 43-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ամփոփել է 2018թ․ Երևանի գագաթնաժողովում անդամ-պետությունների ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը և անցած չորս տարիների ընթացքում Հայաստանի նախագահությունը կազմակերպությունում։  Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ «Երևանյան գագաթնաժողովի արդյունքում բացի Երևանի հռչակագրից ընդունվել էին վեց բանաձևեր ֆրանսախոս աշխարհում ճգնաժամային, հետճգնաժամային և խաղաղության ամրապնդման իրավիճակների, Փարիզի սկզբունքների 25-ամյակի, քաղաքացիության և մարդու իրավունքների կրթության, անտեսված արևադարձային հիվանդությունների, մշակութային մասնակցության, գիտելիքների փոխանցման և հետազոտությունների խթանման հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Երևանի գագաթնաժողովի արդյունքում ընդունված Երևանի հռչակագրի առանցքային դրույթներն ու հանձնառությունները «Ապրել միասին» գաղափարի շուրջ էին՝ խարսխված մարդասիրական արժեքների, ֆրանկոֆոն համերաշխության և լեզվական ու մշակութային բազմազանությունը հարգելու վրա։ Անցած տարիների ընթացքում անհանդուրժողականության դրսևորումների, ատելության խոսքի և խտրական երևույթների տարածումը ցույց է տվել, թե որքան կարևոր է ստեղծել արդար հասարակություն, խթանել հանդուրժողականությունն ու մշակութային բազմազանությունը։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ անցած չորս տարիների ընթացքում խաղաղությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, լավ կառավարումը և միասին ապրելու հանձնառություններն առավել քան երբևէ գտնվել են Ֆրանկոֆոնիայի ուշադրության կենտրոնում։ Անդամ երկրները հնարավորություն են ունեցել ՖՄԿ աջակցությամբ և մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներգրավմամբ մի շարք միջոցառումներ իրականացնել՝ ի նպաստ խաղաղության և ժողովրդավարության խթանման ու մարդու իրավունքների պաշտպանության: Նախարար Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադրած ջանքերը՝ ուղղված ֆրանկոֆոն աշխարհում խաղաղության ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային գործընկերների հետ ճգնաժամերի կանխարգելման ու հակամարտությունների կառավարման ուղղությամբ հետևողական աշխատանքը, ինչպես նաև կանխարգելիչ դիվանագիտություն և միջնորդություն իրականացնելուն ուղղված քայլերը՝ առաջնորդվելով հավաքական ֆրանկոֆոն համերաշխության գաղափարներով։ Նշվում է, որ հայկական կողմը ողջունել է ֆրանկոֆոն տարածքում լեզվական ու մշակութային բազմազանությունը ամրապնդելու շրջանակներում իրականացված «Ֆրանսերեն լեզու, մշակութային և լեզվական բազմազանություն» նախագիծը, ֆրանսերենի գործածությունը միջազգային հարաբերություններում խթանելուն միտված «Ֆրանսերենը միջազգային հարաբերություններում» ծրագիրը, ինչպես նաև՝ ֆրանսերենի վերաբերյալ Ջերբայում նախատեսված հռչակագրի ընդունումը։ ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև հակամարտությունների կանխարգելման գործում երիտասարդության դերի, կայուն զարգացման, շրջակա միջավայրի, կանանց ու տղամարդկանց հավասարության, արմատականացման ու ծայրահեղականացման դրսևորումների կանխարգելման ոլորտներում կատարված աշխատանքներին։
22:00 - 18 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել ԼՂ բնակչության և Հայաստանի նկատմամբ ու ներկայացնել անհիմն տարածքային պահանջներ. ԱԳ նախարար

Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել ԼՂ բնակչության և Հայաստանի նկատմամբ ու ներկայացնել անհիմն տարածքային պահանջներ. ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանին: Ելույթում մասնավորապես ասվում է. «Պարո՛ն նախագահ,  Ֆրանկոֆոնիայի տիկի՛ն գլխավոր քարտուղար, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Պարոն նախագահ, շատ ուրախ եմ մասնակցելու այս նախարարական համաժողովին Ձեր գեղեցիկ երկրում և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ցուցաբերված հյուրընկալության համար։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին այս դժվարին ժամանակաշրջանում մեր կազմակերպության գործունեությունը պատշաճ կերպով ապահովելու, կարևոր բարեփոխումներ իրականացնելու և գալիք տարիներին սպասվող նախաձեռնություններն ուրվագծելու համար։ Հիրավի, Ֆրանկոֆոնիայի նոր ռազմավարական շրջանակով Ֆրանկոֆոնիայի համար սահմանվում են առաջնահերթություններ և հավակնություններ, որոնց մենք լիովին հավատարիմ ենք: Այսօր մենք այստեղ հավաքվել ենք բազմակողմանիության ճգնաժամի համատեքստում, որն ուղեկցվում է հակամարտությունների քանակի բազմապատկմամբ։ Մենք նկատում ենք, որ ՄԱԿ կանոնադրության սկզբունքների հարգման վրա խարսխված հավաքական անվտանգության մեխանիզմները, մասնավորապես՝ ինքնիշխան իրավահավասարությունը, որևէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժի չկիրառումն այլևս չեն կարող երաշխավորել պետությունների անվտանգությունը որոշ պետությունների ագրեսիվ քաղաքականությունից։ Վերջինիս առաջին զոհերից էր Հայաստանը, որի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ սկսած անցած տարվա մայիսից, վերջին անգամ՝ այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանն իրականացրել է ագրեսիաներ, ինչը հանգեցրել է մեզ բոլորիս հայտնի հետևանքների. ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիա, հարյուրավոր զոհեր ու վիրավորներ, հազարավոր տեղահանվածներ և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացում։ Չմոռանանք նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների, ադրբեջանական զինուժի կողմից հայ գերիների, այդ թվում՝ կին զինծառայողների նկատմամբ իրականացված սոսկալի վայրագությունների մասին, որոնք սարսափեցրել են աշխարհը։ Լարվածությունն այսօր էլ պահպանվում է Ադրբեջանի հետ մեր սահմանին, և չնայած ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու վերաբերյալ ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել Լեռնային Ղարաբաղի բնակչության և Հայաստանի նկատմամբ ու ներկայացնել անհիմն տարածքային պահանջներ։ Այս առումով մենք ողջունում ենք, որ բազում երկրներ ճանաչել են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման փաստը և պահանջել ադրբեջանական ուժերի դուրս բերումը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Հայաստանը հավատարիմ է մնում հակամարտության հետ կապված բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը, և շնորհակալություն է հայտնում միջազգային այն գործընկերներին, որոնք ջանքեր են գործադրում դրան հասնելու համար։ Պարո՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, Վերադառնալով մեր համաժողովի աշխատանքներին․ Հայաստանն իր աջակցությունն է հայտնում մեր հաստատմանը ներկայացված փաստաթղթերին, որոնք վերաբերում են Ֆրանկոֆոնիայի ռազմավարական շրջանակի նախագծին, ֆրանսերենի մասին հռչակագրին և անդամակցության ընթացակարգին վերաբերող կանոնակարգին։ Մենք նաև մեր համաձայնությունն ենք հայտնում Ջերբայի հռչակագրի նախագծին։ Այս կապակցությամբ ցանկանում ենք շնորհավորել Թունիսի նախագահությանը թվայնացումը մեր բոլորի ուշադրության կենտրոնում պահելու համար։ Ինչ վերաբերում է ֆրանսախոս տիրույթում ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ բանաձևի նախագծին, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Հայաստանին վերաբերող պարբերությունների առնչությամբ։ Կարևոր է, որ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրներն ու կառավարությունները համերաշխություն են հայտնել Հայաստանին՝ իրենցը դարձնելով այն հիմնական խնդիրները, որոնք պայմանավորում են կողմերի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը։ Եզրափակելով խոսքս՝ վերջապես ցանկանում եմ վերադառնալ Ալբանիայի պատվիրակության դիմումին՝ վերաբացելու Հայաստանին վերաբերող պարբերությունների քննարկումը, ինչին Հայաստանի պատվիրակությունը համաձայն չէ հետևյալ մի քանի պատճառներով։ Առաջինը և ամենակարևորն այն է, որ այս պարբերությունները շատ հավասարակշռված են և փոխզիջումների արդյունք են հանդիսանում, որոնց ուղղությամբ Հայաստանը ջանքեր է գործադրել։ Երկրորդ պատճառն այն է, որ մենք պետք է հարգենք Փաստաթղթերի համաձայնեցման հանձնաժողովի, նրա նախագահի և անդամների աշխատանքը, որոնք երկար քննարկումներ են անցկացրել՝  խնդրահարույց տարբեր հարցերի վերաբերյալ բոլորի համար ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ։ Այս պարբերությունները նաև այդ աշխատանքի հանգուցալուծումն են հանդիսանում։ Ես կհավելեի ևս մեկ՝ վերջին պատճառը, այն է՝ այս համաժողովի աշխատանքների արդյունավետությունը։ Մենք չենք կարծում, որ Ալբանիայի պատվիրակությունը կարող է ներկայացնել, ինչպես քիչ առաջ հայտարարեց, պարբերությունների նախագիծ, որը կարող է կոնսենսուս գտնել մեր համաժողովի շրջանակներում։ Մենք համարում ենք ոչ արդյունավետ նոր քննարկումների վերսկսումը, որոնք կարող են հանգեցնել միայն փակուղու: Փաստաթղթերի համաձայնեցման հանձնաժողովի քննարկումների ընթացքում Հայաստանին վերաբերող կետերի առնչությամբ արդեն իսկ ձեռք է բերվել կոնսենսուս, և եթե Ալբանիայի պատվիրակությունը որոշակի դժվարություններ ունի այն հաստատելու առնչությամբ, կարող է վերապահում հայտնել այս պարբերություններին, ինչպես որոշ պատվիրակություններ արել են որոշման նախագծի այլ կետերի շուրջ, ։ Շնորհակալություն ուշադրության համար»։
18:43 - 18 նոյեմբերի, 2022
«Շրջանակային պայմանագիրն այն սկզբունքների հավաքածուն է, որի վրա պետք է կառուցվեն երկու երկրների հարաբերությունները»․ փոխարտգործնախարար
 |azatutyun.am|

«Շրջանակային պայմանագիրն այն սկզբունքների հավաքածուն է, որի վրա պետք է կառուցվեն երկու երկրների հարաբերությունները»․ փոխարտգործնախարար |azatutyun.am|

azatutyun.am: Երևանն ու Բաքուն այսօր բանակցում են հիմնական սկզբունքները, որի շուրջ պետք է կառուցվեն երկու հարևան երկրների հարաբերությունները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Փոխարտգործնախարարը շեշտեց՝ ոչ ռուսական, ո՛չ ամերիկյան, ո՛չ ֆրանսիական, ո՛չ Եվրամիության տարբերակ չկա, կա տարբերակ ադրբեջանական և հայկական, այսինքն, ըստ Հովհաննիսյանի, այլ փաստաթուղթ չի ստացվել որևէ մայրաքաղից։ Այժմյան բանակցություններն արտգործնախարարների մակարդակով ընթանում են երկու կողմերի մոտեցումների շուրջ, ասաց Հովհաննիսյանը։ Երեկ Ազգային-ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանն առաջարկել է Ադրբեջանի հետ խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել՝ երբ որ շրջանակն է գծվում, առանց շատ մեծ կոնկրետությունների։ «Ազատության» հարցին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում շրջանակային պայմանագիրը, փոխարտգործնախարարը պատասխանեց․ - «Շրջանակային պայմանգիրն այն սկզբունքների հավաքածուն է, որի վրա պետք է կառուցվեն երկու երկրների հարաբերությունները, որն, իհարկե, ընդգրկում է տարածքային ամբողջականության ճանաչում, այն ձևաչափով, ինչով երկու երկրները ճանաչել են իրենց անկախությունը և տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի արձանագրությամբ և հռչակագրի հիման վրա»։ Պրահայում հաջողվել է դրա շուրջ ինչ-որ համաձայնության հասնել, նկատեց Հովհաննիսյանը՝ շեշտելով՝ այսինքն՝ շարունակել բանակցություններն այդ սկզբունքում։ «Մի փաստաթուղթ, որը երկու երկրներն էլ ստորագրել են և վավերացրել են 90-ականների սկզբին։ Ամբողջ փաստաթուղթը կազմված է ՄԱԿ-ի կանոնադրության, Ալմա-Աթայի փաստաթղթերի, այնտեղ մի քանիսն են և այլ փաստաթղթերի, որը թե՛ Հայաստանը, թե Ադրբեջանն արդեն իսկ ստորագրել և ընդունել են», - եզրափակեց Հայաստանի փոխարտգործնախարարը։ Հիշեցնենք, որ Պրահայում հոկտեմբերի 7-ին կայացած քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն ընդունվեց։ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար։
14:28 - 17 նոյեմբերի, 2022
ԱԳ նախարարը ԵՄ և ԵՄ անդամ երկրների հատուկ բանագնացներին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը

ԱԳ նախարարը ԵՄ և ԵՄ անդամ երկրների հատուկ բանագնացներին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը

Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ժողովրդավարության առաջմղման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերը:  Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգին և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Արձանագրելով, որ ԵՄ հետ առկա է ընդհանուր արժեքների վրա հիմնված բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ Արարատ Միրզոյանը կարևորել է շարունակական և գործուն քայլերով ԵՄ հետ բազմոլորտ համագործակցության զարգացումը, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակում: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ու նշանակության վերաբերյալ: Նախարար Միրզոյանը զրուցակիցներին է ներկայացրել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքները, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում կայնության ու խաղաղության հաստատմանը շարունակում են խոչընդոտել Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև սահմանազատման ու սահմանային անվտանգության գործընթացների, տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների զարգացումները:
14:16 - 15 նոյեմբերի, 2022
Հայաստանի ու Վրաստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են անվտանգային հարցերի լայն շրջանակ

Հայաստանի ու Վրաստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են անվտանգային հարցերի լայն շրջանակ

Նոյեմբերի 14-ին Թբիլիսիում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ կայացել են ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարությունների հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների աճող դինամիկայի լույսի ներքո կողմերը քննարկել են բարձր մակարդակի շփումների և քաղաքական երկխոսության օրակարգը, ոլորտային, ինչպես նաև բազմակողմ և տարածաշրջանային անվտանգային հարցերի լայն շրջանակ։ Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի վարչապետի աշխատակազմի Ծրագրավորման և կառավարական համադրությունների հարցերով վարչության պետ Վախթանգ Կատամաձեի հետ։
09:27 - 15 նոյեմբերի, 2022
ԱԳ նախարարը և Լիլա Պիտերս Յահիան քննարկել են ՄԱԿ-ի համակարգի և գործակալությունների հետ համագործակցությանն առնչվող հարցեր

ԱԳ նախարարը և Լիլա Պիտերս Յահիան քննարկել են ՄԱԿ-ի համակարգի և գործակալությունների հետ համագործակցությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական համագործակցությանը, Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացմանն առնչվող հարցեր: 44-օրյա պատերազմի, ինչպես նաև սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած հումանիտար և այլ բնույթի խնդիրների համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ-ի և մասնագիտացված գործակալությունների առավել ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ իրենց մանդատին համապատասխան առկա մարտահրավերներն արձանագրելու և հասցեագրելու նպատակով:
19:04 - 14 նոյեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը և Իգոր Խովաևը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ

Արարատ Միրզոյանը և Իգոր Խովաևը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն առնչվող վերջին զարգացումները:  Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին եռակողմ հանդիպմանն ու ընդունված համատեղ հայտարարությանը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու կողմերի հանձնառության կարևորությունը՝ նշելով, որ Ադրբեջանն իր ագրեսիվ վարքագծով և առավելապաշտական նկրտումներով շարունակում է խոչընդոտել տարածաշրջանում կայուն ու երկարաժամկետ խաղաղության հաստատումը:  Արարատ Միրզոյանը և Իգոր Խովաևը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:
18:17 - 14 նոյեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ․ «Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած  պայթյունի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարարը։  Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանի ցավակցությունների համար։  Հիշեցնենք, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլում՝ Իսթիքլալ փողոցում, որը զբոսաշրջային հայտնի ուղղություն է։ «Ահաբեկչության միջոցով Թուրքիային և թուրք ազգին վախեցնելու ջանքերը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր և վաղը չեն հասնի իրենց նպատակին»,- ուղիղ եթերում ասել էր Էրդողանը։ Տեղի ունեցած պայթյունը Թուրքիայի իշխանություններն համարում են ահաբեկչություն։ Երկրի ՆԳ նախարարը հայտնել է, որ այն իրականացրած անձը, որը ռումբը թողել էր փողոցում, ձերբակալվել է։ Ըստ նախարարի՝ նա կապ ունի Քրդական աշխատավորական կուսակցության հետ։
11:00 - 14 նոյեմբերի, 2022
Քննարկվել են Հայաստանում իրականացվող տնտեսական և ներդրումային ծրագրերին ֆրանսիական կողմի մասնակցության հարցեր

Քննարկվել են Հայաստանում իրականացվող տնտեսական և ներդրումային ծրագրերին ֆրանսիական կողմի մասնակցության հարցեր

 Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին առևտրի, տնտեսական գրավչության և արտերկրում բնակվող ֆրանսիացիների հարցերով լիազոր նախարար Օլիվիե Բեշտին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանն ու առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերին: Այս համատեքտում երկուստեք կարևորվել է նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը, որտեղ ուղենշվում են ենթակառուցվածքների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների գյուղատնտեսության, առողջապահության և զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության զարգացման հեռանկարները:  Քննարկվել է նաև Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական և ներդրումային ծրագրերին ֆրանսիական կողմի հնարավոր մասնակցության հարցերը: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են հայ-ֆրասիական ապակենտրոնացված համագործակցության բնագավառում հաստատված սերտ կապերը:     
12:33 - 12 նոյեմբերի, 2022
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ

Նոյեմբերի 11-ին Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարուստ օրակարգին վերաբերող հարցեր:  Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման հետ կապված վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի և Ադրբեջաի միջև սահմանազատման գործընթացի, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը:  Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Կատրին Կոլոննային սեպտեմբերի 13-14 ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջնական ագրեսիայի հետևանքների վերացման առնչությամբ ֆրանսիական կողմի սկզբունքային դիրքորոշման համար: Միաժամանակ բարձր է գնահատվել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման գործում։  Երկուստեք կարևորվել է հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը:  Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության և կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելության գործունեությանը վերաբերող հարցերի:
19:25 - 11 նոյեմբերի, 2022
Քննարկվել են հայ-լեհական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

Քննարկվել են հայ-լեհական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

Նոյեմբերի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական երկկողմ օրակարգին առնչվող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ հարցեր։ Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարել 44-օրյա պատերազմի և ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած մի շարք կարևոր հումանիտար խնդիրների։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։
19:41 - 10 նոյեմբերի, 2022
Իսրայելի ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Իսրայելի ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Երկու օր առաջ Հայոց ցեղասպանության թանգարան այցելած Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի և Արևմտյան Բալկանյան երկրների վարչության ղեկավար Սիմոնա Հելպերինը և Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի տնօրեն Միխալ Հերշկովիցը նոյեմբերի 10-ին այցելել են նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի, Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանի, ՀՀ-ում Իսրայելի դեսպան Յոել Լիոնիի և Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ից: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկի պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:  Իսրայելից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հարություն Մարությանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: Այստեղ անդրադառնալով ծագումով հրեա ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գրքին՝ պարոն Մարությանը նշել է, որ հրեա հետազոտողներից ոմանք համեմատել են Մուսա լեռան և նացիստական համակենտրոնացման ճամբարներում հրեաների դիմադրույթունները: Նա նշել է նաև՝ «Հոլոքոստ» տերմինով ժամանակակիցները կոչում էին 19-րդ դարավերջի և 20-րդ դարի սկզբի հայկական կոտորածներն Օսմանյան կայսրությունում՝ հրեաների ցեղասպանությունից տասնամյակներ առաջ: Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը տիկին Սիմոնա Հերպերին նվիրել է “International Journal of Armenian Genocide Studies” անգլալեզու գիտական հանդեսի համարներից:
12:46 - 10 նոյեմբերի, 2022