Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանը հույս ունի, որ հայ-ադրբեջանական սահմանային խնդիրները կլուծվեն խաղաղ մթնոլորտում |armenpress.am|

Իրանը հույս ունի, որ հայ-ադրբեջանական սահմանային խնդիրները կլուծվեն խաղաղ մթնոլորտում |armenpress.am|

armenpress.am: Պաշտոնական Թեհրանը հուսով է, որ Սյունիքի մարզի սահմանամերձ գոտիներում և հատկապես Կապան-Գորիս ճանապարհային հատվածում առաջացած վերջին տարաձայնությունները կկարգավորեն այնպես, որ չի խափանվի տրանսպորտային ուղիների վերաբացման և ապաշրջափակման նպատակի իրագործումը: Հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպանությունից:  Իրանի դեսպանատնից ասել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանազատման հարցի՝ օրակարգ մտնելուց ի վեր Իրանը լիահույս է եղել, որ կողմերը հրատապ կերպով կհասնեն այնպիսի փոխընդունելի լուծման, որը կապահովի Հայաստանի և իր հարևանների միջև հարաբերությունների բնականոն ընթացքը՝ նվազագույն հետևանքներով: Նաև հիշեցրել են են, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման և ապաշրջափակման հարցը եղել է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով ընդունված եռակողմ հայտարարությունների հիմնական կետերից մեկը: Թեհրանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդհանուր սահմանազատման հետ կապված տարաձայնությունները կլուծվեն խաղաղ մթնոլորտում՝ առանց որևէ լարվածության կամ խափանման հաղորդակցության ուղիներում: «Հուսով ենք, որ կողմերը՝ Սյունիքի մարզի սահմանամերձ գոտիներում և հատկապես Կապան-Գորիս ճանապարհային հատվածում առաջացած վերջին տարաձայնությունները կկարգավորեն այնպես, որ չի խափանվի տրանսպորտային ուղիների վերաբացման և ապաշրջափակման նպատակի իրագործումը: Ցավոք, վերջին երկու օրերի ընթացքում ականատես ենք լինում այն բանին, որ Սյունիքի մարզում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով այս ճանապարհով երթևեկությունը խաթարվել է, ինչը խնդիրներ է առաջացրել ոչ միայն Հայաստանի քաղաքացիական բնակչության բնականոն կյանքի համար, այլև Իրանից Հայաստան բեռնափոխադրում իրականացնող մի շարք իրանական բեռնատարների համար: Այս ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում առկա իրավիճակի բարդությունից ելնելով՝ պահանջվում է, որ կողմերը բարիդրացիության սկզբունքի շրջանակներում ջանքեր գործադրեն՝ հաղորդակցության և երթևեկության բնականոն ընթացքը ապահովելու ուղղությամբ, մինչև այս առումով ճշգրիտ և կոնկրետ իրավիճակի հասնելը: Հետևաբար, մենք դեռ հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդհանուր սահմանազատման հետ կապված տարաձայնությունները կլուծվեն խաղաղ մթնոլորտում՝ առանց որևէ լարվածության կամ խափանման հաղորդակցության ուղիներում», - նշված է Իրանի դեսպանության պատասխան նամակում:  Ինչ վերաբերում է հաղորդակցության բնականոն ընթացքի երաշխավորման կարևորությանը՝ իրանական կողմն ընդգծում է, որ իրենք մշտապես հայտնել են իրենց տեսակետները Հայաստանի իրավասու մարմիններին: «Լիահույս ենք, որ Կապան-Գորիս երթուղու շահագործման շուրջ առկա տարաձայնությունների լուծման ուղղությամբ ընթացող բանակցություններին զուգահեռ՝ սրընթաց կերպով կընթանան նաև այլընտրանքային երթուղիների բարելավման ու զարգացման աշխատանքները, որպեսզի պայմանները ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ Հայաստանի հետ մեր առևտրային հարաբերությունների տեսանկյունից՝ վերադառնան իրենց բնականոն հունին», - հյատնում են Իրանի դեսպանությունից:
17:06 - 27 օգոստոսի, 2021
Կապան-Գորիս ճանապարհի փակ լինելու պատճառով իրանական բեռնատարներն ունեն Երևան հասնելու հետ կապված խնդիր |armenpress.am|

Կապան-Գորիս ճանապարհի փակ լինելու պատճառով իրանական բեռնատարներն ունեն Երևան հասնելու հետ կապված խնդիր |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկային նախարար Վահան Քերոբյանը խիստ մտահոգիչ է համարում Կապան-Գորիս միջպետական ճանապարհին ստեղված իրավիճակը: Լրագրողների հետ զրույցում Քերոբյանը ասաց, որ պրոֆեսիոնալ պաշտոնյաները ամբողջությամբ ընդգրկված են հարցին լուծում տալու համար: «Անտրամաբանական է, որ մենք բոլորս նետվենք ինչ-որ հարցի լուծման համար, որով զբաղվում են պրոֆեսիոնալ պատասխանատուները: Կարծում եմ, որ հարցը շուտով լուծում կստանա»,-  ասաց Քերոբյանը: Նրա խոսքով` Իրանական  մեքենաները Հայաստան մտնելու հետ կապված խնդիր չունեն, ունեն խնդիր Երևան հասնելու հետ կապված: «Խնդիրը լուծվում է շրջանցող ճանապարհով, որն, իհարկե, հարմարեցված չէ բեռնատար մեքենաների համար, բայց այդ ճանապարհը գործում է, և բեռնատար մեքենաները անցնում են: Կրկնում եմ, շատ մտահոգված ենք և շատ անհանգստացած ենք այդ ճանապարհի փակմամբ և ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ ճանապարհը բացվի»,- եզրափակեց Քերոբյանը:
12:41 - 27 օգոստոսի, 2021
Իրանի խորհրդարանը հաստատել է նոր կառավարության 19 նախարարներից 18-ին |azatutyun.am|

Իրանի խորհրդարանը հաստատել է նոր կառավարության 19 նախարարներից 18-ին |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի խորհրդարանը վստահություն է հայտնել նախագահ Էբրահիմ Ռայիսիի առաջարկած 19 նախարարների թեկնածուներից 18-ին: Նախագահը թեկնածուների ցուցակն օգոստոսի 11-ն է փոխանցել օրենսիդրներին: Խոհրրդարանը քննարկումները սկսել է անցած շաբաթ օրը և երեկ է ավարտել: Քննարկումների ընթացքում օրենսդիրներն իրենց կարծիքն են հայտնել յուրաքանչյուր թեկնածուի մասին և դրանից հետո քվեարկել են: Քվեարկության արդյունքները հրապարակել է խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաքեր Քալիբաֆը: Իրանի խորհրդարանը Հոսեյն Ամիր Աբդուլահիանին հաստատել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում: Նավթարդյունաբերության նախարարի պաշտոնը ստացել է Ջավադ Օվջին: Միակը, ով չի հաստատվել պաշտոնում, Իրանի կրթության նախարարի թեկնաշծուն էր: Իրանի օրենքի համաձայն, նախագահը երեք ամսվա ընթացքում կարող է նախարարի նոր թեկնածու առաջադրել: Ելույթ ունենալով խորհրդարանում, նախագահ Ռայիսին ասել է, որ նոր կառավարության նպատակն է պաշտպանել և առաջ տանել սոցիալական արդարության գաղափարները և պայքարել կոռուպցիայի դեմ: Արտաքին ասպարեզում, ըստ նախագահի, Թեհրանը պետք է ակտիվացնի շփումներն աշխարհի բոլոր երկրների հետ և եռանդուն կերպով պայքարի ամերիկյան պատժամիջոցների չեղարկման համար, սակայն հույսը չի դնելու միայն դրա վրա: «Մենք վճռական պայքար ենք մղելու սանկցիաների դեմ, բայց դրանով չի պայմանավորվելու մարդկանց ապրուստը, չի կարելի դրանք իրար կապել, որովհետև այդ դեպքում տնտեսական վիճակը կդառնա անվերահսկելի, եթե այդպես լինի, շուկայի կայունությունը կխաթարվի, և դա նոր խնդիրներ կստեղծի»,- ասել է Ռայիսին: Իրանի ղեկավարների համոզմամբ, պայքարելով պատժամիջոցների դեմ, երկիրը պետք է միաժամանակ աշխատի ներքին ռեսուրսները զարգացնելու ուղղությամբ և տնտեսական բարգավաճումը չկապի միայն սանկցիաների չեղարկման հետ:
13:36 - 26 օգոստոսի, 2021
Իսրայելի վարչապետը ցանկանում է մերձավորարեւելյան կոալիցիա ստեղծել Իրանի դեմ |armenpress.am|

Իսրայելի վարչապետը ցանկանում է մերձավորարեւելյան կոալիցիա ստեղծել Իրանի դեմ |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը մտադիր է աշխատել արաբական երկրների հետ կոալիցիայի ստեղծման վրա, որոնք ցանկանում են սահմանափակել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում: Այդ մասին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենետը հայտարարել է օգոստոսի 24-ին The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում: Վարչապետի խոսքով՝ Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ օգոստոսի 26-ին կայանալիք հանդիպմանն ինքը կներկայացնի այդ հարցի շուրջը նոր ռազմավարական տեսակերպը: «Այն, ինչ մենք պետք է անենանք, ինչով զբաղվում ենք, ռացիոնալ արաբան երկրների տարածաշրջանային կոալիցիայի ստեղծումն է, որոնք մեզ հետ մեկտեղ հակահարված կտան եւ կարգելափակեն այդ էքսպանսիան»,- ասել է նա: Ինչպես նշում է հրատարակությունը, Բենետը չի մտել այդ պլանների մանրամասնությունների մեջ: Օգոստոսին ավելի վաղ Բենետը Թել Ավիվում ընդունել է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բյոռնսին: Նրանք քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունն՝ առանձնահատուկ ուշադրություն նվիրելով Իրանին, ինչպես նաեւ համագործակցության զարգացումը հետախուզության եւ անվտանգության բնագավառում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:53 - 25 օգոստոսի, 2021
Հայաստանի ու Հյուսիսային Խորասանի միջև առևտրային հարաբերությունների ընդլայնումը կնպաստի նահանգի զարգացմանը. Էբրահիմ Ղորբանի

Հայաստանի ու Հյուսիսային Խորասանի միջև առևտրային հարաբերությունների ընդլայնումը կնպաստի նահանգի զարգացմանը. Էբրահիմ Ղորբանի

Հյուսիսային Խորասանի կոոպերատիվների պալատի նախագահ Էբրահիմ Ղորբանին իրանական ISNA գործակալությանը տված հարցազրույցում ներկայացրել է նահանգային պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի արդյունքները: Ըստ պաշտոնյայի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայստանում Հյուսիսային Խորասանի հետ առևտրի զարգացման, իսկ Հյուսիսային Խորասանում՝ Հայաստանի հետ առևտրի զարգացման գրասենյակներ բացելու վերաբերյալ: Ղորբանին շեշտել է, որ Հայաստանը դեպի ԵԱՏՄ դարպաս է, և Հայաստանի ու Հյուսիսային Խորասանի միջև առևտրային հարաբերությունների ընդլայնումը կնպաստի նահանգի զարգացմանը: Նա շեշտել է, որ օտարերկրյա ներդրողների համար նահանգում ապահովվելու են բոլոր անհրաժեշտ պայմանները, և առաջիկայում հայկական զբոսաշրջային ընկերություն է գրանցվելու Հյուսիսային Խորասանում:   Ղորբանին նշել է, որ նախքան Հայաստան պատվիրակություն ուղարկելը ուսումնասիրվել են հայկական շուկայի հնարավորություններն ու կարիքները: Նա հավելել է, որ պատվիրակության կազմում ներգրավված են եղել տարբեր ոլորտների արտադրողներ, ովքեր հայ գործընկերների հետ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել: Ղորբանին ընդգծել է նաև, որ ՀՀ հետ հարաբերությունների ընդլայնման առավելություններից մեկը Երևանում իրանական բանկի առկայությունն է:
18:38 - 17 օգոստոսի, 2021
Տարածաշրջանային զարգացումների ընթացքն առավել կարևորում է երկու երկրների միջև սերտ խորհրդակցությունները. Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Տարածաշրջանային զարգացումների ընթացքն առավել կարևորում է երկու երկրների միջև սերտ խորհրդակցությունները. Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում, մասնավորապես, նշված է.«ՀՀ վարչապետ, հարգարժան պարոն Նիկոլ Փաշինյան, ընդունեք ջերմագին շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Անկասկած, գլոբալ և տարածաշրջանային զարգացումների արագ ընթացքն առավել կարևորում է երկու երկրների միջև սերտ խորհրդակցությունները տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման և երկու ժողովուրդների բարեկեցության և բարգավաճման նպատակով, ինչպես նաև ընդգծում բազմակողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը՝ հատկապես տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում տնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ: Համոզված եմ, որ նախորդ տարիների փոխադարձ և շարունակական ջանքերի շնորհիվ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորվել են բարեկամական, սերտ և բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք հիմնված են բարի կամքի, փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների պատմական կապերի վրա, որոնք Ձեր պաշտոնավարման ժամկետում առավել կզարգանան և կխորանան: Ամենակարող Աստծուց հայցում եմ Նորին Գերազանցությանը առողջություն և հաջողություն, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին երջանկություն և բարօրություն»:
14:29 - 17 օգոստոսի, 2021
Թեհրանում ՌԴ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանների համատեղ լուսանկարը սկանդալի պատճառ է դարձել. ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Թեհրանում ՌԴ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանների համատեղ լուսանկարը սկանդալի պատճառ է դարձել. ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Թեհրանում ՌԴ-ի դեսպան Լևան Ճաղարյանը հինգշաբթի կանչվել է Իրանի ԱԳՆ՝ Իրանի կողմից քննադատված հրապարակման լույսի ներքո, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին: «Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լևան Ճաղարյանը հրավիրվել էր Իրանի ԱԳՆ՝  կապված Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆի հետ համատեղ հրապարակված լուսանկարին իրանական հասարակության վիճահարույց արձագանքի հետ»,- ասվում է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Իրանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել էր, որ ՌԴ դեսպանը հանդիպել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան Սայմոն Շերկլիֆի հետ: Հանդիպումը, ինչպես դեսպանությունը նշել է Twitter-ում, տեղի է ունեցել «այն պատմական աստիճանների վրա, որտեղ անցկացվել է Թեհրանի կոնֆերանսը 1943 թվականին», որի ընթացքում ուրվագծվել են հետպատերազմյան Յալթա-Պոտսդամ միջազգային հարաբերությունների համակարգի ուրվագծերը: Սա հարուցել է իրանցի քաղաքական գործիչների քննադատության ալիքը: Մասնավորապես, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը լուսանկարն անվանել է «ծայրահեղ անպատշաճ», իսկ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը մատնանշել է «վճռական դիվանագիտական պատասխանի» անհրաժեշտությունը, եթե երկու երկրների դեսպանները ներողություն չխնդրեն: Շարունակությունը՝ tert.am-ում։
13:10 - 12 օգոստոսի, 2021
Մենք երբեք չենք լքի Վիեննայի միջուկային բանակցությունները. Իրանի ԱԳՆ |armenpress.am|

Մենք երբեք չենք լքի Վիեննայի միջուկային բանակցությունները. Իրանի ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am:  Թեհրանը չի լքի Վիեննայի միջուկային գործարքի շուրջը բանակցությունները կառավարությունը փոխվելու պատճաով՝ նոր նախագահ Էբրահիմ Ռայիսիի իշխանության գլուխ անցնելու ֆոնին: Օգոստոսի 9-ին այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն: «Մենք երբեք չենք լքի Վեննայի բանակցությունները: Իրանում տեղի Է ունենում իշխանության ժողովրդավարական փոփոխում, եւ դա փոփոխություններ Է մտցնում գործադիր իշխանության կազմում»,- մեջբերում Է նրա խոսքը Fars News Agency-ն, Վիեննայում ապրիլից ընթնում են բանակցություններ Իանի եւ միջազգային հնգյակի (Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի) միջեւ իրանական միջուկային համաձայնագիրն իր սկզբնական տեսքով վերականգնելու խնդրի շուրջը: Կողմերը քննարկում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման, Իրանի կողմից միջուկային պարտավորությունների կատարման, ինչպես նաեւ գործարքին ԱՄՆ-ի վերադարձման հարցերը: Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մասնակից պետությունների ներկայացուցիչերը նաեւ առանձին կոնսուլտացիաներ են անցկացնում ԱՄՆ-ի պատվիրակության հետ՝ առանց Իրանի: Սկզբնապես պատվիրակությունները մտադիր Էին աշխատանքն ավարտել մայիսի վերջին, իսկ այնուհետեւ հունիսի առաջին օրերին: Ռայիսին հաղթել Է հունիսի 18-ին Իրանում կայացած ընտրություններում՝ հավաքելով 17,9 միլիոն քվե (շուրջ 62 տոկոսը)՝ ընտրողների 48,8 տոկոսի մասնակցության դեպքում: Օգոստոսի 5-ին կայացել Է նախագահի պաշտոնակալության արարողությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:48 - 09 օգոստոսի, 2021
ՄԱԿ-ը կոչ է անում խուսափել լցանավի վրա հարձակման հարցով սրացման տանող գործողություններից |armenpress.am|

ՄԱԿ-ը կոչ է անում խուսափել լցանավի վրա հարձակման հարցով սրացման տանող գործողություններից |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ը կոչ է անում ձեռնպահ մնալ «Mercer Street» լցանավի վրա հարձակման հարցով սրացման տանող գործողություններից և հայտարարություններից: Այս մասին հայտնել է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մեզ համար կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը խուսափեն սրացման տանող որևէ քայլերից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են խորացնել լարված իրավիճակը»,-ասել է նա ՝ մեկնաբանելով լցանավի վրա հարձակման վերաբերյալ Իրանի հասցեին հնչող մեղադրանքները: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը Ռումինիայի և Լիբերիայի հետ միասին դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ բարձրացնելով «Mercer Street»-ի վրա հարձակման հարցը: Թեհրանի վարկածով ՝ նրա հասցեին մեղադրանքները քաղաքականապես մոտիվացված են և անհիմն: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Mercer Street»-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկումը տեղի կունենա օգոստոսի 6-ին փակ ձևաչափով:  
22:39 - 05 օգոստոսի, 2021
Իրանը կաջակցի ցանկացած դիվանագիտական ծրագրի, որը կհանգեցնի պատժամիջոցների չեղարկմանը. Էբրահիմ Ռայիսի |armenpress.am|

Իրանը կաջակցի ցանկացած դիվանագիտական ծրագրի, որը կհանգեցնի պատժամիջոցների չեղարկմանը. Էբրահիմ Ռայիսի |armenpress.am|

armenpress.am: Իրանի իշխանությունները կաջակցեն ցանկացած դիվանագիտական ծրագրի, որը կհանգեցնի Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկմանը: Այս մասին երդման արարողության ժամանակ  հայտարարել է Իսլամական Հանրապետության նոր նախագահ Էբրահիմ Ռայիսին: «Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցները պետք է չեղյալ համարվեն: Ցանկացած դիվանագիտական ծրագիր, որը կհանգեցնի այդ նպատակին, մեր կողմից աջակցություն կստանա», - նախագահի խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը: Իրանի նախագահը հավելել է, որ Իրանի միջուկային ծրագիրը միանգամայն խաղաղ է: «Իսլամական Հանրապետությունը, ըստ Իրանի հոգևոր առաջնորդ և ղեկավար Ալի Խամենեիի ֆաթվայի (կրոնական կարգադրություն), արգելում է միջուկային զենքը, և այդ զինատեսակին տեղ չկա երկրի պաշտպանական ռազմավարության մեջ», - ասել է Ռայիսին:
19:47 - 05 օգոստոսի, 2021
Նիկոլ Փաշինյանը եւ Էբրահիմ Ռայիսին քննարկել են հայ-իրանական համագործակցության ընդլայնման հարցերի լայն շրջանակ

Նիկոլ Փաշինյանը եւ Էբրահիմ Ռայիսին քննարկել են հայ-իրանական համագործակցության ընդլայնման հարցերի լայն շրջանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո վարչապետն ուղեւորվել է Իրանի նախագահի նստավայր, որտեղ նրան դիմավորել է ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Հանդիպմանն Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին հրավերն ընդունելու եւ աշխատանքային այցով Իրան ժամանելու համար՝ հավելելով, որ Իրանը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էբրահիմ Ռայիսիին ջերմ հյուրընկալության համար ու եւս մեկ անգամ շնորհավորել նրան ԻԻՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Վարչապետն ընդգծել է, որ Իրանի հետ բազմակողմանի համագործակցությունը մեր երկրի համար ունի առաջնային նշանակություն, որը խարսխված է փոխադարձ հարգանքի եւ ըմբռնման վրա։  «Մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պատմական եւ մշակութային սերտ առնչությունները հիմք են հանդիսանում երկկողմ փոխգործակցությունն առավել զարգացնելու համար։ Մենք պատրաստակամ ենք համատեղ ջանքերով շարունակելու մեր երկխոսությունը եւ առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը։ Այն, որ այսօր ես այստեղ եմ, վկայում է Հայաստանի եւ ԻԻՀ-ի միջեւ ամենաբարձր մակարդակով հարաբերությունները խորացնելու, համագործակցությունն ամրապնդելու մեր հանձնառությունը»,- նշել է վարչապետ Փաշինյանը։ Երկկողմ կապերի ամրապնդման համատեքստում վարչապետն առանցքային է համարել Իրանի հայ համայնքի դերը եւ շնորհակալություն հայտնել երկրի կառավարությանը՝ համայնքի շրջանում ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր հնարավորություններն ապահովելու համար։ Հայաստանի եւ Իրանի ղեկավարները քննարկել են առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, զրուցակիցներն այս ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու խթան են համարել Մեղրիի ազատ տնտեսական գոտու ակտիվ գործունեության ապահովումն ու ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի ռեժիմի կիրառման հնարավորությունը։ Կողմերն առաջնային են համարել տարածաշրջանային կապուղիների զարգացումը, որտեղ առանցքային նշանակություն կունենա Պարսից ծոցից Սեւ ծով տրանսպորտային եւ մալուխային կապի զարգացումը։ Նիկոլ Փաշինյանը ողջունել է իրանական կողմի հետաքրքրվածությունը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի շուրջ եւ հավելել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել Իրանի շինարարական ընկերությունների մասնակցությունը վերը նշված ծրագրի՝ Սիսիան-Մեղրի հատվածի համար հայտարարվելիք միջազգային տենդերին։ Նիկոլ Փաշինյանը եւ Էբրահիմ Ռայիսին անդրադարձել են նաեւ էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին։ Մասնավորապես, կողմերը քննարկել են Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը սկսելու ուղղությամբ իրականացվող քայլերի ընթացքը, կարեւորել գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի ժամկետի երկարաձգումը, 3-րդ բարձրավոլտ գծի շահագործումից հետո գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծավալների մեծացումը։ Կառավարության ղեկավարը կարեւորել է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի գործադրած հետեւողական ջանքերը։ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը, հավելել, որ իրանական կողմը եւս անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելը։ Նիկոլ Փաշինյանը եւ Էբրահիմ Ռայիսին քննարկել են նաեւ առողջապահության, նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին Էբրահիմ Ռայիսին վարչապետ Փաշինյանին մաղթել է ուժ, եռանդ եւ կորով՝ Հայաստանի զարգացման ու նպատակադրումների իրականացման գործում։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մաղթանքների համար եւ Իրանի նախագահին հրավիրել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է։ Զրուցակիցները հանձնարարել են համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ սերտորեն աշխատել հայ-իրանական համագործակցության օրակարգային տարբեր հարցերի առաջ մղման ուղղությամբ։ Երեկոյան Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԻԻՀ նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը։
11:37 - 05 օգոստոսի, 2021
Իրանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 8 մարդ |hetq.am|

Իրանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 8 մարդ |hetq.am|

hetq.am: Ութ մարդ զոհվել, ևս երկուսն անհետ կորել են Իրանի երեք օսթաններում (պրովինցիա) ուժեղ ջրհեղեղների հետևանքով։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 4-ին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Հասան Քուսիյան։  «Այս պահի դրությամբ Կարմիր մահիկի աշխատակիցները Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Թեհրան, Զենջան, Սեմնան, Ղազվին, Քուրդիստան, Քերման, Մազանդարան և Խորմոզգան պրովինցիաներում, ջրհեղեղի պատճառով, իրականացրել են փրկարարական աշխատանքներ… Ցավոք, զոհվել է 8 մարդ, որոնցից վեցը Ղազվին պրովինցիայում, մեկը՝ Արևմտյան Ադրբեջանում և ևս մեկը՝ Մազանդարանում»,- նրա խոսքերը մեջբերել է ISNA գործակալությունը։ Քուսիյան հավելել է, որ Ղազվինում կորել է նաև երկու մարդ, որոնց որոնումները շարունակվում են։ «Ընդհանուր առմամբ, փրկվել է 978 մարդ, որոնցից 3-ը ստացել են վնասվածքներ և տեղափոխվել բուժհաստատություններ»,- նշել է Իրանի Կարմիր մահիկի ներկայացուցիչը։ Իրանի հյուսիսարևմտյան հատվածում արդեն մեկ շաբաթ է շարունակվում են ջրհեղեղները, որը պայմանավորված է հորդառատ անձրևներով։ 
21:07 - 04 օգոստոսի, 2021
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ

Օգոստոսի 3-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ։ Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ: Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը, մտահոգություն հայտնելով երկու երկրների սահմանային վեճերի շարունակության կապակցությամբ ընդգծել է երկու կողմերի զսպվածության և երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Նա իր ցավակցությունն է հայտնել վերջին ընդհարումների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին։ Պարզաբանելով բոլոր կողմերի` միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը, դեսպան Զոհուրին նշել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովումը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից և հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման հարցում:
17:26 - 03 օգոստոսի, 2021