Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Արցախի նախագահը հայտնում է, որ այս ամսվա աշխատավարձը փոխանցում է կառավարության արտաբյուջեի հաշվեհամարի

Արցախի նախագահը հայտնում է, որ այս ամսվա աշխատավարձը փոխանցում է կառավարության արտաբյուջեի հաշվեհամարի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ միանում է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի նախաձեռնությանը և այս ամսվա աշխատավարձը փոխանցում կառավարության արտաբյուջեի հաշվեհամարին: «Ավելի քան 4 ամիս է` Արցախը գտնվում է շրջափակման մեջ, ինչի հետևանքով երկրում առաջացել են սոցիալական լուրջ խնդիրներ: Հազարավոր քաղաքացիներ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից: Թեև առկա հնարավորությունների սահմաններում պետության կողմից զգալի քայլեր են ձեռնարկվել բնակչության սոցիալական սուր կարիքների բավարարման ուղղությամբ, այնուամենայնիվ, հաշվի առնելով լրացուցիչ ջանքերի գործադրման նյութական և բարոյական անհրաժեշտությունը՝ ողջունում և միանում եմ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի նախաձեռնությանը և այս ամսվա աշխատավարձս փոխանցում կառավարության արտաբյուջեի հաշվեհամարին՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից մեր կարիքավոր հայրենակիցներին լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու նպատակով»,- գրել է Հարությունյանը։ Նշենք, որ Արցախի պետական նախարարը պետական բյուջեից աշխատավարձ ստացող, ինչպես նաև ֆինանսական բավարար հնարավորություններ ունեցող մեր հայրենակիցներին խնդրում, հորդորում, կոչ էր արել կամավորությամբ իրենց աշխատավարձ-եկամտի մի մասը փոխանցել ԱՀ կառավարության արտաբյուջետային հաշվին՝ շրջափակման ընթացքում ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցներին աջակից լինելու և սոցիալական արդարության ու հանրային համերաշխության ապահովման ուղղությամբ մեր կարևոր քայլը կատարելու համար․ «Ես առաջինն եմ ստանձնում այդ պատասխանատվությունը և աշխատավարձիս 50 տոկոսը ուղղում եմ այդ նպատակին»։
12:40 - 22 ապրիլի, 2023
Արայիկ Հարությունյանը հակաճգնաժամային խորհրդի անդամների հետ քննարկել է Արցախում ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր

Արայիկ Հարությունյանը հակաճգնաժամային խորհրդի անդամների հետ քննարկել է Արցախում ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է  նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի անդամներին՝  կառույցի ղեկավար  Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:  Ինչպես տեղեկացնում  են Արցախի նախագահի աշխատակազմից, քննարկվել են   2020 թվականի պատերազմի ու 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ռազմա-քաղաքական, սոցիալ- տնտեսական  իրավիճակին առնչվող հարցեր: Արայիկ Հարությունյանն իր խոսքում կարևորել է  պետական իշխանության և հանրային շրջանակների միջև համագործակցությունը ճգնաժամային իրավիճակների հաղթահարման նպատակով՝ համոզմունք հայտնելով, որ նորաստեղծ խորհուրդը դառնալու է այդ գործընթացի կարևոր օղակներից մեկը:
10:29 - 19 ապրիլի, 2023
Որոշում կայացվեց վերականգնել անվճար երթևեկությունը դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ. Արայիկ Հարությունյան

Որոշում կայացվեց վերականգնել անվճար երթևեկությունը դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ. Արայիկ Հարությունյան

Այսօր 120 օր է, ինչ Արցախը լիակատար շրջափակման պայմաններում մաքառում է իր արժանապատիվ գոյության համար՝ ի հեճուկս աշխարհի անտարբեր լռության և ոչինչ չասող հայտարարությունների: Մեզ պարտադրվող այդ իրականությունը շարունակաբար հիասթափեցնում, բայց և ավելի ամուր է դարձնում մեր հերոս ժողովրդին: Այդ մասին ասված է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքի էջում:   «Ստեղծված իրավիճակի շուրջ պարբերաբար զրույցներ եմ ունենում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ: Իսկ երեկ մեր ունեցած զրույցի ընթացքում նրա առաջարկով որոշում կայացվեց վերականգնել անվճար երթևեկությունը դեպի մեր դարավոր ուխտավայրեր հանդիսացող Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ: Դարձը մեր ազգային ավանդույթներին ու հոգևոր արժեքներին, նրանց նորովի վերարժևորումը ուժ և ամրություն կներարկեն մեզ՝ դիմակայելու այս ծանր փորձությանը ևս»,- նշված է գրառման մեջ:
16:57 - 10 ապրիլի, 2023
Արցախ աշխարհն էլ մի զավակ է և իր մոր՝ ողջ հայ ազգի հոգածության ու ջերմության կարիքն ունի. Արցախի նախագահի շնորհավորական ուղերձը Ապրիլի 7-ի առթիվ

Արցախ աշխարհն էլ մի զավակ է և իր մոր՝ ողջ հայ ազգի հոգածության ու ջերմության կարիքն ունի. Արցախի նախագահի շնորհավորական ուղերձը Ապրիլի 7-ի առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ապրիլի 7-ի կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի՛ հայուհիներ Մեզ համար այս ծանր ու վճռորոշ ժամանակաշրջանում հայ մայրն այն առանցքն է, որի շուրջ և որով հյուսվում է մեր երազած Հայրենիքի ցանկալի պատկերը: Վիրավոր Արցախի սիրտը շարունակում է բաբախել ամուր ու ամբողջական Հայրենիք ունենալու վեհ նպատակի համար, և Արցախի մայրերը նաև այս օրերին իրենց դրսևորած վարքով դա են հավաստում: Արցախ աշխարհն էլ մի զավակ է և իր մոր՝ ողջ հայ ազգի հոգածության ու ջերմության կարիքն ունի: Ես համոզված եմ, որ հենց մայրերն են անմնացորդ նվիրումով ապրեցնելու Հայրենիքը, ինչպես իրենց զավակներին, ովքեր մեծ գործերով աշխարհին պատմել ու շարունակելու են ներկայացնել Բիբլիական Երկիրը… Հավե՛րժ փառք մեր ժողովրդի ազատության ու անկախության համար բոլոր ժամանակներում մարտնչած նվիրյալներին: Խոնարհումս մեր սուրբ նահատակների հերոս մայրերի, կանանց, քույրերի և դուստրերի ոգու ամրությանն ու կամքի անչափելի ուժին… Շնորհավո՛ր Մայրության և գեղեցկության տոնը»:
09:55 - 07 ապրիլի, 2023
Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր. Արայիկ Հարությունյան

Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր. Արայիկ Հարությունյան

Արցախյան գոյապայքարը բեկելու փորձեր բազմիցս են եղել: Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր: Մենք շարունակում ենք մեր ընթացքը: Եվ քանի դեռ չի մարել հայ ժողովրդի կամքը, արդիական է նրա արդար պահանջը... Այդ մասին ասված է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքի էջում։   «Փա՛ռք Հայրենիքի ազատության համար Անմահների գունդը համալրածներին:   Խունկ ու խոնարհում նրանց լույս հիշատակին…»,- գրել է նա։   Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին։   Նախագահ Հարությունյանին ուղեկցել են ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ:
13:33 - 02 ապրիլի, 2023
Արցախի նախագահն անցկացրել է ԱԽ ընդլայնված արտահերթ նիստ

Արցախի նախագահն անցկացրել է ԱԽ ընդլայնված արտահերթ նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 31-ին հրավիրվել է ԱՀ Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։  Քննարկվել են Ադրբեջանի կողմից ԱՀ շրջափակման խստացման և չդադարող սադրանքների պայմաններում ԱՀ պաշտպանությանը, բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովմանն առնչվող հարցեր։ Զեկույցներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը և պաշտպանության նախարար, գեներալ–լեյտենանտ Կամո Վարդանյանը։ Նախագահ Հարությունյանը կարևորել է ուժային և քաղաքացիական կառույցների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ և համակարգված համագործակցությունը հրատապ և երկարաժամկետ խնդիրների լուծման հարցում։ Քննարկված հարցերի համատեքստում Նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ լիազոր մարմիններին:
17:03 - 31 մարտի, 2023
Մեր խնդիրն է սթափ գնահատել իրավիճակի ողջ բարդությունն ու պատասխանատվությունը. Արցախի նախագահի գլխավորությամբ ԱԽ նիստ է հրավիրվել

Մեր խնդիրն է սթափ գնահատել իրավիճակի ողջ բարդությունն ու պատասխանատվությունը. Արցախի նախագահի գլխավորությամբ ԱԽ նիստ է հրավիրվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Երկրի ղեկավարը նշել է, որ նիստի նպատակն է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում առկա խնդիրների համատեղ քննարկումն ու անհրաժեշտ որոշումների կայացումը: Խոսելով Ադրբեջանի կողմից 2020-ից ի վեր եռակողմ հայտարարության դրույթների պարբերաբար խախտման ու 2022 թ. դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման պայմաններում Արցախի նկատմամբ հումանիտար, սոցիալ-տնտեսական, ռազմական, քաղաքական և հոգեբանական ճնշումների հետևողական մեծացման մասին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ չնայած Արցախի բազմաթիվ հայտարարություններին և հորդորներին, միջազգային դերակատարները շարունակում են սահմանափակվել դեկլարատիվ հայտարարություններով ու գործողություններով, հետևողական չլինել ընդունված ծանրակշիռ որոշումների կատարման հարցում: «Հետևաբար, մեր խնդիրն է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ողջ բարդության ու պատասխանատվության աստիճանը, վերագնահատել եղած բոլոր ռեսուսներն ու հնարավոր նոր վտանգների զսպող մեխանիզմները և կատարել անհրաժեշտ հետևություններ ու գործողություններ: Վստահ եմ, որ մեր ողջամիտ քայլերի միջոցով հնարավոր է հաղթահարել այս ծանր ժամանակաշրջանը նույնպես՝ պահպանելով ու պաշտպանելով Արցախի Հանրապետության կենսական շահերը»,- ընդգծել է նախագահ Հարությունյանը: Նիստում օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Օրակարգային հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Հանրապետության նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ լիազոր մարմիններին:
20:05 - 27 մարտի, 2023
Արայիկ Հարությունյանը Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է երկրում ստեղծված ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը

Արայիկ Հարությունյանը Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է երկրում ստեղծված ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 15-ին ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի վարչակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Քննարկվել է երկրում ստեղծված ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, երկրի ղեկավարը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին: Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին՝ կառույցին գրասենյակ տրամադրելու հարցում աջակցություն ցուցաբերելու համար: Նա նաև տեղեկացրել է, որ Խորհրդի անդամները պարբերաբար հանդիպումներ են անցկացնում բնակչության տարբեր շերտերի հետ, բացահայտում առկա խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում ԱՀ նախագահի աշխատակազմին։ Արմեն Գևորգյանը հավելել է, որ Խորհուրդը հետևողական է լինելու, որպեսզի այդ խնդիրներն ստանան պատշաճ լուծում: Նախագահ Հարությունյանը հավաստիացրել է, որ ըստ ամենայնի աջակցելու է Հանրային խորհրդի գործունեությանը և հույս հայտնել, որ կառույցի հետ համագործացությունը կլինի շարունակական: Հանդիպմանը մասնակցել է հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը:
18:53 - 15 մարտի, 2023
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 12-ին կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ: Քննարկվել են Հանրապետությունում  ստեղծված  ճգնաժամային իրավիճակը և առկա մարտահրավերները: Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ շրջափակման հարուցած մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ, իսկ մարտի 10-ին Հայաստանից մատակարարվող բնական գազի խողովակաշարի հերթական արգելափակումն Արցախում հումանիտար ճգնաժամի խորացմանն ուղղված հերթական քայլն է: Նախագահ Հարությունյանը ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Արցախի ժողովրդի 91-օրյա շրջափակման վրա: Նա ընդգծել է, որ Արցախի Հանրապետությունը փորձում է վերացնել 2020թ.-ի պատերազմի ծանր հետևանքները, սակայն այժմ առերեսվել է շրջափակմամբ և ուժի կիրառման սպառնալիքով պայմանավորված նոր ծանր մարտահրավերների: Հանրապետության նախագահը որոշ հանձնարարականներ է տվել պատկան մարմիններին՝ իրավիճակով պայմանավորված հրատապ ու կարևոր քայլերի իրականացման նպատակով:
16:05 - 12 մարտի, 2023
Արայիկ Հարությունյանը որևէ նպատակ չունի ծանր պայմաններում խուսափելու ստանձնած պատասխանատվությունից․ խոսնակը՝ Արցախի նախագահի հրաժարականի լուրի մասին |armenpress.am|

Արայիկ Հարությունյանը որևէ նպատակ չունի ծանր պայմաններում խուսափելու ստանձնած պատասխանատվությունից․ խոսնակը՝ Արցախի նախագահի հրաժարականի լուրի մասին |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության պետական լրատվական գործակալությունը գրում է, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում ու լրատվական դաշտում լուրեր են շրջանառվում Հայաստանի ու Արցախի պաշտոնատար անձանց միջև բախումների, Արցախում ներիշխանական լարվածության, քաղաքական ամենատարբեր պառակտիչ գործընթացների, Արցախում պաշտոնանկությունների ու հրաժարականների վերաբերյալ։   Շրջանառվող այս լուրերի շարքում ամենաքննարկվող թեմայի` Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականի վերաբերյալ հարցադրում է կատարել նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին, ով ի պատասխան նշել է, որ Արցախի Հանրապետության համար այս բարդ փուլում նախագահ Հարությունյանը շարունակում է իրականացնել իր պարտականությունները։  «Հատկապես այս ժամանակաշրջանում ներքին ցանկացած ցնցում Արցախի համար կարող է կործանարար լինել, և նախագահն իր լիազորությունների շրջանակներում բացառելու է նման իրավիճակները։ Նախագահը քանիցս հրապարակավ անդրադարձել է իր հրաժարականի թեմային և նրա ասածները մնում են ուժի մեջ, այն է՝ ինքը հրաժարական կտա առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ ստացվի ապահովել բնականոն իշխանափոխությունը և խուսափել վտանգավոր ցնցումներից: Արայիկ Հարությունյանը որևէ նպատակ չունի այսպիսի ծանր պայմաններում խուսափելու ստանձնած պատասխանատվությունից»,- ասել է Ավանեսյանը։ Անդրադառնալով ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունների հարցին՝ նա հավաստիացրել է, որ շարունակվում են աշխատանքային հարաբերությունները, քննարկումներն ու, ըստ կարիքի՝ բանավեճերը: «Սակայն ինչ ներքին քննարկումներ ու գործընթացներ էլ տեղի ունենան՝ նախագահ Հարությունյանը համոզված է, որ հայության տարբեր հատվածների միջև պառակտումն ու լարվածության աճն անընդունելի են և վտանգավոր»,- ընդգծել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը։
20:54 - 11 մարտի, 2023
Արցախի նախագահը ստորագրել է հրամանագրեր ու կառավարության որոշումներ

Արցախի նախագահը ստորագրել է հրամանագրեր ու կառավարության որոշումներ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնում են՝ Արայիկ Հարությունյանը մարտի 8-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն՝ Հրանտ Կամոյի Սաֆարյանն ազատվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: Արցախի գյուղատնտեսության նախարար է նշանակվել Գեորգի Լևոնի Հայրիյանը: Արմեն Արտիկի Մանգասարյանն ազատվել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից, և նախարար է նշանակվել Վահրամ Ռուդիկի Առաքելյանը: Արամ Ալեքսեյի Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի պաշտոնից: Արցախի քաղաքաշինության  նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նախարարի տեղակալ Ազատ Վիլենի Համբարձումյանին: Հանրապետության նախագահի ավելի վաղ ստորագրած Կառավարության որոշումների համաձայն՝ Գեորգի Լևոնի Հայրիյանն ազատվել էր Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից, որի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արարատ Սամուրկայի Խաչատրյանին, իսկ Վահրամ Ռուդիկի Առաքելյանն ազատվել էր Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալի պաշտոնից:
19:12 - 08 մարտի, 2023
Ադրբեջանն Արցախին սպառնացել է կոշտ քայլեր ձեռնարկել՝ ինտեգրացիոն քաղաքականությունը չընդունելու դեպքում. Հարությունյանը մանրամասներ է հայտնել

Ադրբեջանն Արցախին սպառնացել է կոշտ քայլեր ձեռնարկել՝ ինտեգրացիոն քաղաքականությունը չընդունելու դեպքում. Հարությունյանը մանրամասներ է հայտնել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:  Ինչպես տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, նիստը սկսելուց առաջ ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով Արցախի ներքին գործերի նախարարության զոհված ոստիկանների հիշատակը, այնուհետև նախագահ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ: Երկրի ղեկավարի խոսքով՝ ստեղծված իրավիճակի հումանիտար և ենթակառուցվածքային խնդիրները քննարկելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության  միջնորդությամբ և ներկայությամբ՝ փետրվարի 24-ին արցախյան կողմը հանդիպել է ադրբեջանական կողմի հետ: Ապա պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպման կապակցությամբ, որը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ: Հանդիպումների օրակարգում չորս հարց էր՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակում, ՀՀ-ից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնում, բնական գազի անխափան մատակարարում և Կաշենի հանքավայրի վերաշահագործում: «Երկրորդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է քննարկել քաղաքական թեմաներ՝ օգտագործելով ինտեգրացիա բառը, սակայն պարոն Շահրամանյանը կանխել է՝ ասելով, որ եթե պետք է  քննարկեն քաղաքական հարցեր, դա պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման թեման: Նա հավելել է, որ քաղաքական հարցերի քննարկման համար իրենք լիազորված չեն և տվյալ հանդիպմանը չեն կարող քննարկել այդպիսի հարցեր»,- ասել է Ա. Հարությունյանը: Երկրի ղեկավարի խոսքով՝ դրանից հետո ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կամ  ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր: «Մենք չենք ընդունել, չենք ընդունում և այսօր ուզում եմ նորից հայտարարել՝ այն միայն Անվտանգության խորհրդի որոշում չէ, այլ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում  ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք: Մենք ընտրում ենք՝ կամ շարունակել պայքարը, որն ընտրել ենք,  կամ եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն: Բայց քանի որ մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, խնդրում եմ առաջին հերթին հարգել մեր որոշումը և ամեն նման մի երևույթի չարձագանքել և ներքաղաքական որևէ ենթատեքստ չտալ»,- ասել է նախագահը: Անդրադառնալով մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն գործողության հետևանքով ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների զոհվելու ողբերգական դեպքին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ առաջիկայում նման սադրանքները, ցավոք, բացառված չեն: «Այն, որ մենք երկար ժամանակ պետք է պայքարենք և այդ պայքարի շրջանակներում լինելու են նման իրավիճակներ, պետք է դա գիտակցենք և կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք: Ես պետնախարարի հետ քննարկել եմ մեր խնդիրները և այսօր ուզում եմ Անվտանգության խորհրդի որոշումով հանձնարարենք Կառավարությանը՝ մշակել ծրագիր պարենային անվտանգության ու էներգետիկ անվտանգության ուղղություններով, որովհետև մենք բոլոր սցենարները պետք է հաշվարկենք»,- ասել է Արայիկ Հարությունյանը: Անվտանգության խորհրդի նիստին օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում, ընդունվել են օրակարգով նախատեսված մի շարք որոշումներ:
17:44 - 06 մարտի, 2023