Արցախի նախագահը հայտնում է, որ այս ամսվա աշխատավարձը փոխանցում է կառավարության արտաբյուջեի հաշվեհամարի
12:40 - 22 ապրիլի, 2023

Արցախի նախագահը հայտնում է, որ այս ամսվա աշխատավարձը փոխանցում է կառավարության արտաբյուջեի հաշվեհամարի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ միանում է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի նախաձեռնությանը և այս ամսվա աշխատավարձը փոխանցում կառավարության արտաբյուջեի հաշվեհամարին:

«Ավելի քան 4 ամիս է` Արցախը գտնվում է շրջափակման մեջ, ինչի հետևանքով երկրում առաջացել են սոցիալական լուրջ խնդիրներ: Հազարավոր քաղաքացիներ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից:

Թեև առկա հնարավորությունների սահմաններում պետության կողմից զգալի քայլեր են ձեռնարկվել բնակչության սոցիալական սուր կարիքների բավարարման ուղղությամբ, այնուամենայնիվ, հաշվի առնելով լրացուցիչ ջանքերի գործադրման նյութական և բարոյական անհրաժեշտությունը՝ ողջունում և միանում եմ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի նախաձեռնությանը և այս ամսվա աշխատավարձս փոխանցում կառավարության արտաբյուջեի հաշվեհամարին՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից մեր կարիքավոր հայրենակիցներին լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու նպատակով»,- գրել է Հարությունյանը։

Նշենք, որ Արցախի պետական նախարարը պետական բյուջեից աշխատավարձ ստացող, ինչպես նաև ֆինանսական բավարար հնարավորություններ ունեցող մեր հայրենակիցներին խնդրում, հորդորում, կոչ էր արել կամավորությամբ իրենց աշխատավարձ-եկամտի մի մասը փոխանցել ԱՀ կառավարության արտաբյուջետային հաշվին՝ շրջափակման ընթացքում ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցներին աջակից լինելու և սոցիալական արդարության ու հանրային համերաշխության ապահովման ուղղությամբ մեր կարևոր քայլը կատարելու համար․ «Ես առաջինն եմ ստանձնում այդ պատասխանատվությունը և աշխատավարձիս 50 տոկոսը ուղղում եմ այդ նպատակին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել