Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Սոթքի բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից. Գեղարքունիքի մարզպետ |aysor.am|

Սոթքի բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից. Գեղարքունիքի մարզպետ |aysor.am|

aysor.am: Սոթքի բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից, հանքը մասնակի է աշխատում։ Աշխատողներն ունեն խնդիրներ, գրավոր դիմել են ինձ, որը փոխանցել եմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն։ Առաջիկայում նախարարի հետ կքննարկենք, թե ինչպես կարող ենք այդ հարցերը կարգավորել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Մարզպետը նշեց, որ աշխատողներն ասել են, թե իրենց համար ներկա պահին բաց հանքում աշխատանքը, հանքը շահագործելը այդքան էլ օգտակար չէ, և հիմա փակ հանքում են աշխատում․ «Աշխատողների շատ փոքր հատվածի աշխատանքի խնդիրը լուծել ենք, բայց դեռ բավականին խնդիրներ ունենք»,-ասաց նա։ Խոսելով Արցախից բռնի տեղահանվածներին մարզում կեցավայրով ապահովելու մասին՝ Սարգսյանը նշել է, որ այդ հարցերը կարգավորել են, սակայն մի շարք անձինք ունենք հոգեկան խնդիրներ, որոնց մասով ևս աշխատանքներ են տարվում։
12:49 - 07 դեկտեմբերի, 2023
«Այս պահին հիմնականում մեքենաներն անցնում են Լարսի անցակետով». նախարար
 |azatutyun.am|

«Այս պահին հիմնականում մեքենաներն անցնում են Լարսի անցակետով». նախարար |azatutyun.am|

azatutyun.am: Այս պահին հիմնականում մեքենաներն անցնում են Լարսի անցակետով, խորհրդարանում Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Վերին Լարսում ստեղծված իրավիճակին։Նախարարն ասաց նաև, որ խնդիրները առաջացել են ուժեղացված հսկողության արդյունքում. - «Որից հետո մենք նախաձեռնել ենք քննարկումներ... անցած շաբաթ օրվանից մեքենաների թողունակությունը վերականգնվեց», - հավելեց Քերոբյանը։ Նրա ղեկավարած նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է օպերատիվ խորհրդակցություն Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով: Արդյունքում՝ դեկտեմբերի 2-ից Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար։
17:07 - 06 դեկտեմբերի, 2023
Աշխարհաքաղաքական ազդեցություն. կոնյակի սպիրտի արտահանումը նվազում է, խաղողի այգիները՝ քանդվում

Աշխարհաքաղաքական ազդեցություն. կոնյակի սպիրտի արտահանումը նվազում է, խաղողի այգիները՝ քանդվում

Այս տարի կառավարության շենքի դիմաց խաղողագործները բողոքի ցույցեր չարեցին։ Նրանցից ոմանք արդեն գործուն քայլեր են ձեռնարկել. քանդում են իրենց խաղողի այգիները, քանի որ մթերման ներկայիս ցածր գնով խաղողագործությամբ զբաղվելը ձեռնտու չէ։   Հոկտեմբերի 8-ին Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում էինք՝ Համոյի այգում։ Համոն ընտանիքի անդամների և հարևանների հետ խաղող էր հավաքում։ Իր խաղողի այգին հիմնել է 2004 թվականին, ընտանիքով խաղողագործությամբ են զբաղվում։ Աճեցնում են մեղրաբույր տեսակի խաղող։ Մեկումեջ մեղրաբույրի տնկարկների մեջ նկատվում են նաև սպիտակ խաղողներ. «Դրանք փոշոտման համար են»,- նշում է Համոն։  Երբ հասանք, կեսօրն անց էր, բեռնատարն արդեն լիքն էր խաղողի ողկույզներով,  վերջին դույլերն էին դատարկում։ Հավաքված խաղողի կիլոգրամը 110 դրամով հանձնելու են «Վեդի Ալկո» ընկերությանը։  Համոյի համագյուղացին՝ Զաքարը, մեղրաբույր խաղողով լի դույլերն է դատարկում բեռնատարը։ Նա նույնպես խաղողագործությամբ է զբաղվում, ինչպես գրեթե բոլոր քաղցրաշենցիները։  «Ես խաղողագործությամբ զբաղվում եմ 2008 թվականից, Ռուսաստանից եկել, այգի եմ հիմնել։ Ամենաթանկը, որ հանձնել եմ, եղել է 110 դրամը [1կգ-ի դիմաց,- հեղ.], նախորդ տարիներին հանձնել եմ 60, 80, 90 դրամով»,- ասում է Զաքարը։  Խաղողագործներն ասում են, որ մթերման 110 դրամը նույնիսկ խաղողի ինքնարժեքը չի ծածկում, և խաղողի այգի ունենալը ձեռնտու չէ։  Զաքարի կարծիքով այս տարի միակ դրական փոփոխությունը, որ արվել է, խաղողագործների հերթագրումն է եղել. «Համայնքապետարանից եկել, հերթագրել են, օրինակ իմ հանձնելու օրը 14-ն է, ես արդեն պայմանավորվել եմ բանվորի, ավտոյի հետ։ Առավոտը կքաղեմ, իրիկունը կտանեմ, կհանձնեմ։ Գումարն էլ պայմանագրով նշված է՝ մի տարվա մեջ կտան։ Հարցը դրանում չի, կարևորը ես կիմանամ, որ չեմ սպասում օրերով գործարանների դիմաց, իմ բերքը չի թթվում։ Դրանք սաղ անհարմարություններ են գյուղացու համար»,- ասում է Զաքարը։  Բեռնատարն արդեն լիքն է, խաղող հավաքող կանայք և տղամարդիկ նստում են իրենց մեքենաները և շարժվում։ Շուտով խաղողից ճկված բեռնատարը ճանապարհ է ընկնում և դանդաղ ընթացքով անհետանում, իսկ մեր նկարահանող խումբն ուղևորվում է Արմավիրի մարզի Այգեզարդ գյուղ, որտեղ մեզ սպասում է խաղողագործ Ջահանգիրը։    Արմավիրի մարզում 2020-2022 թվականներին 500 հա խաղողի տնկարկ են քանդել Ջահանգիրի այգին հենց գյուղի հարևանությամբ է, բայց մինչև այնտեղ հասնելը՝ անցնում ենք համագյուղացիների խաղողի այգիների մոտով և նկատում, որ մի քանիսն արդեն սկսել են քանդել տնկարկները։  Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020 թվականից հետո Արմավիրի մարզի խաղողի այգիների մակերեսը 500 հա-ով փոքրացել է, քանի որ գյուղացիները քանդել են դրանք։  Ջահանգիրը պատմում է, որ բերքի 30%-ը հանձնել է «Սպայկա» ՍՊԸ-ին՝ 200 դրամ/կգ գնով, իսկ մնացածը հանձնելու է «Շահումյան-վին» գինու գործարանին՝ 110 դրամով։   Ջահանգիրն իր այգին քանդել չի ցանկանում, բայց մթերման գներից դժգոհ է. «Ծախսերը չի հանում։ 150 հազար մենակ թույնին պետք ա տամ։ Մոտ  90 հազար պետք ա ջրին տամ։ Թաղենք, հանենք, կտրենք, կապենք, սաղ փող ա։ Նենց որ տակը բան չի մնում, բայց դե ճարահատված ժողովուրդն ինչ անի, անում են»,- ասում է Ջահանգիրը։ Նրա այգու բերքահավաքը հոկտեմբերի 10-ին էր. այդ օրը նույնպես Այգեզարդ գնացինք։ Խաղող հավաքելուն օգնում էին նաև նրա հարևանները, որոնք նույնպես խաղողի այգիներ ունեն։ Խաղողագործները մեզ հետ զրույցում ասացին, որ խաղող աճեցնելը դարձել է նախասիրություն, ոչ թե եկամտաբեր բիզնես։    Ի՞նչ գործոններ են ազդում խաղողի մթերման գնի անկման վրա Էկոնոմիկայի նախարարությունից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ խնդիրն ի հայտ է եկել 2020 թվականից։ Ըստ նախարարության՝ պատճառներից մեկը կոնյակի սպիրտի արտահանման ծավալների նվազումն է։ Եթե 2019 թվականին արտահանվել է 14.5 մլն կոնյակի սպիրտ, ապա, 2022-ին՝ ընդամենը 3.3 մլն լիտր, որի արդյունքում մթերող ընկերություններում մեծ քանակությամբ կոնյակի սպիրտ է կուտակվել։  «Մթերվող խաղողի ամբողջ ծավալի շուրջ 90%-ն ուղղվում է կոնյակի և կոնյակի սպիրտի արտադրությանը, իսկ միայն վերջին 3 տարիներին մթերված խաղողից արտադրված կոնյակի սպիրտի առկա մնացորդները կազմակերպություններում ավելացել են շուրջ 40 մլն բացարձակ լիտրով։ Արդյունքում խաղողի նկատմամբ պահանջարկը նվազել է, որն էլ հանգեցրել է գների իջեցմանը»- նշված է Էկոնոմիկայի նախարարությանն ուղղված մեր հարցման պատասխանում։  Բացի արտահանումը՝ մթերման գնի անկման պատճառներից մեկն էլ, ըստ նախարարության, լոգիստիկ խնդիրներն են, որոնք պայմանավորված են փոխարժեքի տատանումներով։ «Հատկապես ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ Վերին Լարսի անցակետի հետ կապված լոգիստիկ խնդիրներով, ՌԴ և ԱՄՆ դոլարի փոխարժեքի տատանումներով, դրամի արժեզրկմամբ, արտահանված ապրանքների դիմաց ստացվող արտարժույթը ՀՀ դրամով փոխանակելու ժամանակ առաջացող զգալի վնասներով պայմանավորված՝ առաջացել է խաղողի մթերման գների և խաղողի արտադրության շահութաբերության նվազում» - պարզաբանում են Էկոնոմիկայի նախարարությունից։  Արտահանման խնդիրներին բախված կազմակերպություններից է «Սամկոն» կոնյակի գործարանը, որը այս տարի մթերումն իրականացրել է 90 դրամ/կիլոգրամ գնով։ Գործարանից հայտնում են, որ մինչև ռուս-ուկրաինական պատերազմը և ռուբլու արժեզրկումը մթերումն իրականացրել են կիլոգրամի համար վճարելով 130 դրամ։  «Մեր արտադրանքը հիմնականում արտահանվում է դեպի  Ռուսաստան, իսկ մեր ռուս գործընկերները չհամաձայնեցին գին բարձրացնել։ Օրինակ 110 դրամի դեպքում մեր ինքնարժեքը շատ բարձր էր լինում, մենք չէինք կարող այդ գնով վաճառել, քանի որ գինն ինքնարժեքից ցածր էր լինելու»,- հիմնավորում են «Սամկոն» ընկերությունից։    Կառավարության վարկերի սուբսիդավորման ծրագիրը արդյունավետ չէ փոքր գործարանների համար 2019 թվականից գործում է գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրը, որով կառավարությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով վերցված վարկերի տոկոսները։ Այդ վարկերը տրամադրվում են 1 տարի ժամկետով։ 2023 թվականին որոշման մեջ փոփոխություններ են արվել և մարման ժամկետը երկարաձգել են՝ դարձնելով 3 տարի։ «Սամկոն» ընկերությունից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ չեն դիմել սուբսիդավորման ծրագրին, քանի որ այն արդյունավետ չէր։  «Վարկը ձևակերպելու համար գրավ էր անհրաժեշտ, որը մենք չունեինք։ Բացի այդ՝ ծրագիրը ֆինանսավորում է 5000 տոննայից ավել մթերված խաղողի տոկոսները, պարտադիր պայման է նաև, որ մթերվող խաղողը ամենաքիչը 110 դրամ/կիլոգրամ գին ունենա։ Եթե մենք մթերել ենք 15 000 տոննա խաղող և սուբսիդավորված տոկոսները բաժանենք մթերված բերքի ընդհանուր գումարին, ստացվում է, որ սուբսիդավորվում է միայն 10 դրամը, իսկ 100 դրամով մթերումը մեր ընկերության համար թանկ էր»,- պարզաբանում է «Սամկոնի» ընկերության հաշվապահ Արթուր Դավթյանը։  Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ բացի վարկերի սուբսիդավորման ծրագրից՝ կառավարության կողմից քննարկվում է Հայաստանի գինու ոլորտի զարգացման 2023-2032 թվականների նախագիծը, որի շրջանակներում պլանավորվում է գործարկել Խաղողի ռեեստրը։   Խաղողի ռեեստրը՝ որպես խնդրի լուծում  Դեռևս 2017 թվականին Ազգային Ժողովի նիստերից մեկում գյուղատանտեսության նախարար Իգնատի Առաքելյանը խոսել էր խաղողագործների ռեեստր ստեղծելու գաղափարի մասին։  2020 թվականից գաղափարի իրականացման համար աշխատանքներ է սկսել Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը։ Հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը պատմում է, որ չնայած համավարակի, ապա նաև պատերազմի բարդություններին՝ իրենք կարողացել են քարտեզագրել Հայաստանում խաղողի տնկարկները։  «Մոտավորապես 75% ճշգրտությամբ տվյալները հավաքագրված են, մնացածը կապված էր այն հանգամանքով, որ ֆերմերներից շատերը չեն ուզել տվյալներ փոխանցել, շատերը երկրում չեն եղել, հնարավոր չի եղել իրենց հետ կապ հաստատել։ Կարծում եմ 75%-ը բավարար է, որ մենք ընթացք տանք հաջորդ փուլին, հետագայում՝ [ռեեստրի,- խմբ.] ստեղծվելուց հետո, արդեն մենք անընդնհատ թարմացնելու ենք այն, նաև մնացած մասը, որը բացակայում է, կավելացնենք։»,- նշում է Զարուհի Մուրադյանը։  Խաղողի ռեեստրում պետք է գրանցված լինեն բոլոր խաղողագործները։ Նրանք, ըստ նախագծի, ունենալու են իրենց անձնական էջերը, որտեղ էլ ավելացնելու են իրենց այգու մասին ինֆորմացիան։  Այս պահին մրցույթ է հայտարարված՝ տեխնիկական առաջադրանքը կատարող կազմակերպություն գտնելու համար։ Զարուհի Մուրադյանը կարծում է, որ 2024 թվականին արդեն կգործարկվի ծրագրի պիլոտային տարբերակը, և մթերումը հենց ծրագրի միջոցով կիրականացվի։ Պիլոտային ծրագիրը գործարկվելու է միայն մեկ տարածաշրջանում, արդյունքներից կախված՝ արդեն 2025 թվականին այն կգործարկվի ՀՀ բոլոր մարզերում։ «Պիլոտային ծրագրին զուգահեռ արդեն կսկսենք օրենքի մշակման նախագծերը։ Ռեեստրի ստեղծումից հետո ոլորտը բերելու ենք օրինական դաշտ և հետագծելիությունն ուսումնասիրելով՝ կկարողանանք լուծել նաև ոլորտում առկա խնդիրները»,- հույս է հայտնում Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրենը։  Հիմնադրամը այս ընթացքում դասընթացներ է անցկացրել և գինեգործների, և խաղողագործների շրջանում։ Ծրագրում են նաև համայնքապետարանի աշխատակիցներին վերապատրաստել, որոնք էլ պետք է անհատապես տնտեսվարողներին օգնեն գրանցվել և տվյալները թարմացնել։ Կայքում, ըստ Զարուհի Մուրադյանի, լինելու է խաղողի այգու անձնագիրը. ինչ տեսակի և որքան խաղող կա այգում, ինչքան է այգու բերքատվությունը, մակերեսը և այլն։ Գինեգործներն էլ, մտնելով կայք, կարող են տեսնել իրենց անհրաժեշտ խաղողը որտեղ է աճում և պայմանավորվածություններ ձեռք բերել խաղողագործների հետ։  Համակարգում պետք է գրանցված լինեն ոչ միայն ոգելից խմիչքների պատրաստման համար խաղողի սորտեր աճեցնող տնտեսվարողները, այլև սեղանի սորտերի վաճառքով զբաղվողները։  Ըստ Զարուհի Մուրադյանի՝ անկախացումից հետո Հայաստանում հողակտորները բաժանվել և սեփականաշնորհվել են, և  այսօր 14000 հա խաղողի այգիները պատկանում են 17000 տնտեսվարողի։  «Եթե կարողանանք կոոպերատիվներ ստեղծել, օրինակ, միավորվեն և բոլորի մոտ ներդրվի կաթիլային ոռոգման համակարգ, բոլորը օգտվեն նույն ջրավազանից և սարքավորումներից, ոռոգման խնդիրը կարող ենք լուծել։ Այդ սկզբունքով էլ կլուծվեն նաև այլ խնդիրներ»,- կարծում է Զարուհի Մուրադյանը։  Ջուլիետտա Հովհաննիսյան Օպերատոր՝ Սարգիս Խարազյան Մոնտաժը՝ Ռոման Աբովյանի
17:14 - 05 դեկտեմբերի, 2023
Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում շուկայում հայտնված մսամթերքն առգրավվելու և ոչնչացվելու է. ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ
 |armenpress.am|

Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում շուկայում հայտնված մսամթերքն առգրավվելու և ոչնչացվելու է. ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ |armenpress.am|

armenpress.am: Հանրապետությունում միս-մսամթերքի իրացման շուկայում դեկտեմբերի 6-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ։ Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված միս հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, այն առգրավվելու և ոչնչացվելու է։ Ամբողջ ֆինանսական ծախսը կատարելու է տնտեսվարողը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը նշեց, որ սպանդանոցային պայմաններում մորթի գործընթացը կազմակերպելու պահանջը վաղուց կա, սակայն շատերը չեն հետևում դրան։ Արդյունքում՝ շուկայում արձանագրվել են խախտումներ։ «Անհրաժեշտ է կիրառել հստակ միջոցառումներ, որ տնտեսվարողները զգոն լինեն, իսկ սպառողներն էլ՝ իրազեկված։ Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված միս շուկայում հայտնաբերելու դեպքում ամբողջ խմբաքանակն առգրավվելու և ոչնչացվելու է։ Նախկինում այս դրույթը չկար, հիմա վերահսկողությունը շատ խիստ է լինելու»,- ասաց Աշխեն Շիրվանյանը։ Խոսելով շուկայում հայտնաբերված խախտումներից՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը նշեց, որ գնալով դրանց թիվն ավելանում է։ Մասնավորապես, 2022 թվականին իրականացվել է 270 ստուգում, հայտնաբերվել է 93 խախտում։ Այս տարվա 9 ամիսներին իրականացվել է 261 ստուգում, հայտնաբերվել է 106 խախտում։ «Ինչպես տեսնում եք, սրանք 9 ամսվա տվյալներն են, տարվա կտրվածքով ավելի շատ կլինի այդ ցուցանիշը։ Ամենաշատ հանդիպող խախտումներն այն են, որ միս-մսամթերքն իրացվել են շուկայում առանց համապատասխան այն փաստաթղթի, որը կհավաստեր սպանդանոցային մորթը։ Քիչ չեն դեպքերը, որ փաստաթղթերը կան, սակայն գործնականում սպանդանոցում մորթը կազմակերպված չի եղել։ Խախտումներ արձանագրվել են ինչպես ֆիզիկական, իրավաբանական անձանց մոտ, այնպես էլ մանր, խոշոր տնտեսվարողների»,- ասաց Սոնա Ծառուկյանը։ Այժմ ուժի մեջ են մտնում լրացուցիչ կարգավորումներ, ըստ որոնց անհրաժեշտ փաստաթուղթը հնարավոր կլինի ստանալ այն դեպքում, երբ սպանդանոցային պայմաններում իրականացված մորթի տեսանյութը կներբեռնվի։ Նախատեսվում է նաև փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների մասին օրենքում՝ ավելացնելով տուգանքների չափը։ Ներկայում տուգանքի չափը 30 հազարից 300 հազար դրամի սահմաններում է։ Քիչ չեն դեպքերը, որ նույն տնտեսվարողները մի քանի անգամ են տուգանվել։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ տուգանքները, ֆինանսական լծակը ևս բավարար չափով իր ազդեցությունը չեն ունեցել։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանում գրանցված է մոտ 100 սպանդանոց, սակայն գործում է կեսը, այն էլ ոչ ամբողջ հզորությամբ։ «Խնդիրն այն է, որ սպանդանոցները բացվում են, հետո հասկանում են, որ պահանջարկ չկա, նորից փակվում են։ Հիմա մեր այս կարգավորումները նպատակաուղղված են նրան, որ սպանդանոցները լիարժեք աշխատեն, մորթը կատարվի պատշաճ պայմաններում։ Տնտեսվարողները գիտակցեն, որ գործ ունեն հանրային առողջության հետ և իրենք պարտավոր են պահպանել օրենքի պահանջները»,-հավելեց նախարարի տեղակալը։  
16:09 - 05 դեկտեմբերի, 2023
Լարսի մաքսային անցակետը արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արտադրանք տեղափոխող բեռնատարների համար

Լարսի մաքսային անցակետը արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արտադրանք տեղափոխող բեռնատարների համար

Վերին Լարսի մաքսային անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «2023 թվականի դեկտեմբերի 1-ին Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է օպերատիվ խորհրդակցություն Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով։ Արդյունքում՝ դեկտեմբերի 2-ից Վերին Լարսի մաքսային անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար։ Միաժամանակ, հայտնում ենք, որ ներկայումս երկկողմ աշխատանքային խորհրդակցություններ են ընթանում բուսասանիտարական ոլորտում իրավասու պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների միջև՝ առաջացած խնդիրների հրատապ կարգով լուծման նպատակով »,- նշված է հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ հայկական կողմի բեռնատարները օրեր շարունակ Վերին Լարսի մաքսային անցակետում էին։ Ռուսական «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն էր հայտնել Հայաստանից բուսական մթերքների մատակարարումների ժամանակ հաճախակի խախտումների կապակցությամբ: Ըստ աղբյուրի՝ միայն նոյեմբերի 24-26-ը հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի` Ռուսաստան ներկրման 36 դեպք։ Ավելի ուշ ՀՀ ՍԱՏՄ-ից մտահոգիչ էին համարել այն, որ 2023 թ․ ընթացքում ՀՀ-ից արտահանված բեռներում արձանագրված ընդհանուր 72 խախտումներից կեսը՝ 36-ը, հայտնաբերվել են նախորդ գրեթե 11 ամիսների ընթացքում, իսկ մյուս կեսը՝ ընդամենը 3 օրերի ընթացքում։ 
17:22 - 04 դեկտեմբերի, 2023
ԵԱՏՄ-ի հետ ներքին քննարկումներ կունենանք. Քերոբյանը՝ մեքենաների մաքսազերծման գների մասին
 |armeniasputnik.am|

ԵԱՏՄ-ի հետ ներքին քննարկումներ կունենանք. Քերոբյանը՝ մեքենաների մաքսազերծման գների մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ կառավարությունը 3-րդ երկրներից Հայաստան ժամանակավոր ներմուծված մեքենաների մաքսազերծման գների հարցով ներքին քննարկումներ կանցկացնի ԵԱՏՄ գործընկերների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մինչև տարեվերջ ՀՀ կառավարությունը 40-70 տոկոսով կսուբսիդավորի 3-րդ երկրներից ՀՀ ժամանակավոր ներմուծված մեքենաների մաքսազերծումը։ Միաժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր, որ ներմուծման մաքսատուրքը ՀՀ-ում պետք է նվազեցնել, սակայն խնդիրը ԵԱՏՄ կարգավորումն է, և ՀՀ-ն չի կարող միակողմանի լուծել այդ խնդիրը։ «Այս հարցով մենք ներքին քննարկումներ կանցկացնենք ու ըստ այդմ որոշումներ կկայացնենք։ Օրինակ` էլեկտրական շարժիչներով մեքենաները մաքսատուրքից ազատելու որոշումը ԵԱՏՄ մեր գործընկերների հետ քննարկումներում հենց մեր նախաձեռնությամբ է եղել»,- ասաց Քերոբյանը` հիշեցնելով ՀՀ Ազգային ժողովի ընդունած որոշումը, որով էլեկտրաշարժիչով մեքենաները մինչև 2026 թ. ազատվեցին ԱԱՀ-ից և մաքսատուրքից։ Նախարարն ընդգծեց` ԵԱՏՄ-ն հարթակ է, որտեղ տարբեր երկրներ ունեն հավասար ձայնի իրավունք, և այն խնդիրների դեպքում, որտեղ ՀՀ կառավարությունը առաջարկներ ներկայացնելու կարիք է տեսնում, անում է։ Նա նաև տեղեկացրեց, որ մաքսազերծման սուբսիդավորումը վերաբերում է միայն այն մեքենաներին, որոնք արդեն իսկ ՀՀ-ում են. 2024 թ. հունվարի 1-ից 3-րդ երկրներից ՀՀ ժամանակավոր ներմուծված ու չմաքսազերծված մեքենաների շահագործումը կարգելվի։ Հիշեցնենք` ՀՀ կառավարության մեկ այլ որոշման համաձայն` 2024 թ. հունվարի 1-ից Վրաստանից կամ ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։ Այս պահին ՀՀ-ում կա ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված 9000 ավտոմեքենա։
14:10 - 01 դեկտեմբերի, 2023
«Ռուս գործընկերների հետ քննարկում ենք նախաձեռնել». նախարարը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի մասին
 |azatutyun.am|

«Ռուս գործընկերների հետ քննարկում ենք նախաձեռնել». նախարարը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի մասին |azatutyun.am|

azatutyun.am: «Այս շաբաթ մեր ռուս գործընկերների հետ քննարկում ենք նախաձեռնել», հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությանը: «Էկոնոմիկայի նախարարությունը և Եվրասիատնտեսական հանձնաժողովի մեր գործընկերները, ներքին շուկաների պաշտպանության հարցերով նախարար պարոն Սիմոնյանը և մյուս գործընկերները նախաձեռնել ենք քննարկում, որը պետք է տեղի ունենա այս շաբաթվա ընթացքում, որտեղ մեր ռուս գործընկերների հետ փորձելու ենք հասկանալ, թե ինչ է փոխվել կարգավորումների մեջ, որն առաջացրել է այսպիսի վիճակագրության փոփոխություն», - ասաց Քերոբյանը: Էկոնոմիկայի նախարարը նշեց` «Ռոսսելխոզնադզոր»-ի հրապարակումը և դրա հետ առկա տեղեկատվությունն ուսումնասիրվում է համապատասխան մարմինների կողմից: «Ռոսսելխոզնադզորը» այսօր հայտարարեց, որ արձանագրել է Հայաստանից վնասատուներով վարակված բուսաբուծական արտադրանքի մատակարարումների կտրուկ աճ։ Նշելով, որ վիճակագրությունը ցույց է տալիս, թե անցած ամբողջ տարվա ընթացքում 35 կամ 40-ից պակաս դեպք է տեղի ունեցել, Քերոբյանն ասաց՝ «համաձայն վիճակագրության պետական մարմինների աշխատանքը չի կարող համարվել վատ, որովհետև այսպիսի ցածր վիճակագրություն է»: Նախարարն ընդգծեց, որ ՀՀ տնտեսական քաղաքականությունը միտված է նրան, որպեսզի մենք արտադրենք բարձր ստանդարտների այնպիսի ապրանքներ, որոնք հնարավորություն ունենք արտահանելու տարբեր ուղղություններով: Քերոբյանը հայտնեց, որ Էկոնոմիկայի նախարարության բյուջեն 2024 թվականի համար 92 միլիարդ դրամ է, և «այդ միջոցներն ուղղված են, որպեսզի մեր ընկերությունները դառնան ավելի բարձր արտադրողական, ավելի մրցունակ, արտադրեն ավելի բարձրակարգ ապրանքներ, որը հնարավորություն կտա արտահանել ոչ միայն ԵԱՏՄ այլ նաև այլ շուկաներ»: «Այս եղած իրավիճակը համարում եմ, որ լավ առիթ է, որպեսզի բոլոր արտադրողները նորից վերանայեն իրենց արտահանման ստրատեգիաները և փորձեն գտնել նոր շուկաներ», - նշեց նախարարը։
15:02 - 29 նոյեմբերի, 2023
Քննարկվել են չմշակված ալմաստների ՀՀ մաքսային տարածքով ներմուծման և արտահանման հարցեր. հանդիպում էկոնոմիկայի նախարարությունում

Քննարկվել են չմշակված ալմաստների ՀՀ մաքսային տարածքով ներմուծման և արտահանման հարցեր. հանդիպում էկոնոմիկայի նախարարությունում

Հայաստանի Հանրապետությունը 2002 թվականին միացել է կոնֆլիկտային ադամանդների ապօրինի շրջանառության կանխման նպատակով գործող Քիմբերլի գործընթացին։  Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Քիմբերլի գործընթացի մասնակից պետությունների անդամների պատվիրակությանը, որի կազմում էին Ռուսաստանի Դաշնության, Գանայի և Բելառուսի Հանրապետությունների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում Քիմբերլի պրոցեսին առնչվող իրավական ակտերի, լիցենզավորման գործընթացի, չմշակված ալմաստների ՀՀ մաքսային տարածքով ներմուծման և արտահանման` մաքսային ձևակերպման և ձեռնարկությունների աշխատանքների հետ կապված հարցերը: Պատվիրակության անդամները կայցելեն նաև Արևմտյան մաքսատուն-վարչության «Կարգո» բեռնային համալիր և Նոր Հաճնի ոլորտային մի շարք ընկերություններ։
16:33 - 23 նոյեմբերի, 2023
Էլեկտրոմոբիլների ներմուծումն ու օտարումը ևս մեկ տարով կարող է ազատվել ԱԱՀ-ից և մաքսատուրքից
 |hetq.am|

Էլեկտրոմոբիլների ներմուծումն ու օտարումը ևս մեկ տարով կարող է ազատվել ԱԱՀ-ից և մաքսատուրքից |hetq.am|

hetq.am: Ծրագրվում է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներմուծումն ու օտարումը Հայաստանում ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով։ Դրան զուգահեռ, էլեկտրոմոբիլները նաև կշարունակեն ազատվել ներմուծման մաքսատուրքից՝ համաձայն ԵԱՏՄ կարգավորումների։ Այս մասին նախագիծն այսօր Ազգային ժողովի նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։  Էլեկտրոմոբիլների ներմուծման արտոնյալ պայմանները մեկ տարով հետաձգելու համար հարկավոր է փոփոխություններ կատարել ՀՀ հարկային օրենսգրքում։ Նախագիծը օրենք կդառնա, երբ Ազգային ժողովում այն ընդունվի։  «Ներկայում՝ համաձայն Հարկային օրենսգրքի, նշված տրանսպորտային միջոցները ազատված են ավելացված արժեքի հարկի վճարումից մինչև 2024 թվականի հունվարի մեկը։ Նախագծով նախատեսվում է ավելացված արժեքի հարկի այս արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականը հունվարի մեկը։ Միաժամանակ, ըստ ԵԱՏՄ որոշման, Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների գնային քվոտա` 2022 թվականի համար 7 հազար, 2023 թվականի համար 8 հազար հատ չափաքանակով, որի շրջանակում կիրառվում է մաքսատուրքի 0% դրույքաչափ»,- նշեց Նարեկ Տերյանը։  Ըստ նրա՝ ամենայն հավանականությամբ առաջիկայում ևս ԵԱՏՄ կարգավորումներ կընդունվեն, որոնք թույլ կտան ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան 2024-2025 թվականներին յուրքանչյուր տարի մինչև 8 հազար էլեկտրոմոբիլ ներմուծել 0% մաքսատուրքով։  Էկոնոմիկայի փոխնախարարը շեշտեց, որ ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի վճարման ազատման արդյունքում էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան աճել է վերջին երկու տարիներին։  Մասնավորապես, 2022-ին ոչ ԵԱՏՄ երկրներից ներմուծվել է 2681 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, որը 2021-ի համեմատ աճել է 42.3%-ով: Իսկ 2023 թվականի հունվար-նոյեմբերին այն կազմել է 4496 հատ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով մոտ 2 անգամ։ 
15:44 - 21 նոյեմբերի, 2023
ՀՀ-ում գտնվող Հնդկաստանի քաղաքացիները 30,000-ից քիչ են, նրանք աշխատանքային միգրանտներ են․ Վահան Քերոբյան
 |tert.am|

ՀՀ-ում գտնվող Հնդկաստանի քաղաքացիները 30,000-ից քիչ են, նրանք աշխատանքային միգրանտներ են․ Վահան Քերոբյան |tert.am|

tert.am: ՀՀ-ում գտնվող հնդիկները 30,000-ից քիչ են, նրանք աշխատանքային միգրանտներ են։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա խոսքով՝ Հնդկաստանից զբոսաշրջային հոսքերը մեծ չեն, հետևաբար, այցելողները զբոսաշրջիկներ չեն։ Քերոբյանը մանրամասնեց, որ հնդիկները ՀՀ-ում ընդգրկված են տարբեր ոլորտներում՝ շինարարություն, գյուղատնտեսություն, ծառայություններ։ Ըստ նախարարի՝ այնպես չէ, որ Հնդկաստանից բարձր որակավորում ունեցող մասնագետներ են գալիս, նրանց ցածր որակավորում ունեցող մասնագետներ են և այստեղ բանվորական աշխատանքներ են կատարում։ Քերոբյանը հավելեց, որ բարձր կարգի մասնագետներ մեր երկիրը հիմնականում այցելում են Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից։ «Ասիական շուկան մեզ համար կարևոր նոր զարգացման ուղղություն է։ Մենք այդտեղ պարբերաբար մասնակցում ենք զբոսաշրջային ցուցահանդեսների։ 2025 թվականին պլանավորում ենք ՀՀ-ն Ճապոնիայի հասարակությանը ներկայացնել որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն։ Մենք դիվերսիֆիկացնում ենք զբոսաշրջային ջանքները, որպեսզի կարողանանք զարգացնել մեր զբոսաշրջային հոսքերը տարբեր ուղղություններով։ Սա մեր ստորատեգիայի մեջ  է մտնում»,- նշեց նա։
14:26 - 20 նոյեմբերի, 2023
Կքննարկվեն հայ-ճապոնական համագործակցության հարցեր. Վահան Քերոբյանը Ճապոնիայում է

Կքննարկվեն հայ-ճապոնական համագործակցության հարցեր. Վահան Քերոբյանը Ճապոնիայում է

Նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը գտնվում են Ճապոնիայում՝ «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին հայտավորված երկրների մասնակիցների հանդիպում 2023» միջոցառմանը մասնակցելու և երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի  նախարարությունից:  Այցի շրջանակում Վահան Քերոբյանը նոյեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ առևտրի ընկերակցության (ROTOBO-Japan Association for Trade with Russia and NIS) գործադիր տնօրեն Կյոիչի Սուզուկիի և ասոցիացիայի անդամ Միզուկի Չումանի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը։ «Ռոտոբո» ասոցիացիան խոշորագույն կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է ճապոնական ձեռնարկությունների և Եվրասիայի նախկին սոցիալիստական պետությունների միջև գործարար համագործակցության զարգացման խթանմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սարքաշինության և մեքենաշինության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև այս ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։ Ներկայացնելով Գյումրիի «չոր նավահանգստի» նախագիծը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է ճապոնական կողմին դիտարկել այդ նախագծում ճապոնական ընկերությունների ներգրավման հնարավորությունը։ Նախարարը ներկայացրել է նաև R&D նորարարական գրասենյակների հիմնադրման համար Հայաստանում ստեղծված բարենպաստ պայմանները։
16:52 - 13 նոյեմբերի, 2023
ՀՀ նախագահն ու էկոնոմիկայի նախարարը քննարկել են երկրի տնտեսության տարբեր ճյուղերում և ուղղություններում նկատելի տեղաշարժերը

ՀՀ նախագահն ու էկոնոմիկայի նախարարը քննարկել են երկրի տնտեսության տարբեր ճյուղերում և ուղղություններում նկատելի տեղաշարժերը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախարարը նախագահին է ներկայացրել տնտեսական ակտիվության ընդհանուր ցուցանիշերն ու զարգացման միտումները: Զրույցի ընթացքում քննարկվել են երկրի տնտեսության տարբեր ճյուղերում և ուղղություններում նկատելի տեղաշարժերը, գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից պահանջներին համահունչ մեթոդների և տնտեսության կազմակերպման նորագույն մեխանիզմների ներդրման հեռանկարներն ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնմանն ու արտաքին նոր սպառման շուկաների ձեռքբերման ուղղությամբ արվող քայլերին: Այս համատեքստում երկուստեք շեշտվել է արտահանման խթանման նոր ուղղություններ գտնելուն ուղղված ջանքերի կարևորությունը և այս հարցում հայաստանյան արտահանողներին աջակցությունը:Վահան Քերոբյանը Վահագն Խաչատուրյանին մանրամասներ է հայտնել նաև նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-2-ին Երևանում կայանալիք «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի վերաբերյալ:
17:15 - 09 նոյեմբերի, 2023
Հայաստանի կառավարությունը ձգտում է ընդլայնել երկրի կարողությունները վերականգնվող էներգետիկայի ոլորտում |1lurer.am|

Հայաստանի կառավարությունը ձգտում է ընդլայնել երկրի կարողությունները վերականգնվող էներգետիկայի ոլորտում |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նոյեմբերի 9-ին նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում՝ նվիրված Ջրածնի տնտեսության նախագծի քննարկմանը, որը վարել է նախարար Վահան Քերոբյանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, «Բի-Դի-Օ Ըդվայզորի» ՓԲԸ-ի, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, «Արեգակյան էներջի» ընկերության ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայումս ձգտում է ընդլայնել երկրի կարողությունները վերականգնվող էներգիա արտադրելու ուղղությամբ և քննարկում է «կանաչ ջրածնի» արտադրության ծրագրի իրականացումը։ Այնուհետև քննարկվել են Հայաստանում ջրածնի արտադրության, ամոնիակի վերածման, պահեստավորման, փոխադրման հնարավորություններին, արտադրման տեխնոլոգիաներին, ջրածնի հետ կապված ենթակառուցվածքների կառուցմանը, իրացման արժեշղթաների ապահովմանն առնչվող խնդիրներ։
16:53 - 09 նոյեմբերի, 2023