Իմ Քայլը

«Իմ քայլը» Հայաստանում գործող քաղաքական դաշինք է, որի հիմքը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Այն ձեւավորվել է 2018 թվականի օգոստոսին Երեւանի ավագանու 2018 թվական ընտրություններից առաջ։ Դաշինքի առաջնորդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

2018 թվականի սեպտեմբերի 23-ին «Իմ քայլը» դաշինքը մասնակցել եւ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հետ հաղթել է Երեւանի ավագանու ընտրություններին՝ ստանալով ավագանու 65 տեղերից 57-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» եւ «Առաքելություն» կուսակցությունները 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների նախաշեմին ձեւավորեցին «Իմ քայլը» դաշինքը։ 

Ընտրություններում հավաքելով 70․37 տոկոս ձայն՝ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 88 պատգամավոր ունենալու մանդատ։

ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները, ոչ մի պատգամավոր երեկվա շրջափակումից հետո չի մնացել շենքում. պատգամավոր |armtimes.com|

ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները, ոչ մի պատգամավոր երեկվա շրջափակումից հետո չի մնացել շենքում. պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: «ԱԺ-ի աշխատանքները շարունկավում են բնականոն հունով: Ես հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, «Իմ քայլ»-ի պատգամավոր իմ գործընկերները նույնպես խորհրդարանում են: Մենք քննարկում ենք այն նախագծերը, որոնք լինելու են առաջիկա նիստերի օրակարգում»,- նշեց «Իմ քայլ»-ի պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ երեկ ընդդիմադիրների՝ ԱԺ-ն շրջափակելուց հետո ոչ մի պատգամավոր ներսում չի մնացել: Խաչատրյանը հավելեց՝ ոչ ոք չի կարող խաթարել պատգամավորների աշխատանքը. «Խորհրդարանն այն կառույցն է, որի աշխատանքները ոչ մի վայրկյան չեն կարող խաթարվել: Դա մի քանի հոգու որոշելիքի հարցը չէ: Մինչ այս պահը ոստիկանությունը հանդուրժող է, բայց խորհուրդ կտամ սահմանները չանցնել»: Խոսելով ընդդիմության երեկվա քայլերի մասին՝ պատգամավորը նշեց, որ դրանց բացասական է վերաբերվում. «Չեն կարող օրենքից դուրս գործընթացներ լինել: Չեն կարող ինչ-որ խմբավորումներ հավաքվեն և որոշում կայացնեն, թե ինչպիսին պետք է լինի մեր երկրի ապագան: Որևէ բան իրենց նշածների մեջ հանդուրժելի չէ, և ես նկատում եմ, որ ընդդիմություն կոչվածը հոգեվարքի մեջ է և այդ հոգեվարքից ելնելով՝ փորձում են կտրուկ քայլերի գնալ, բայց պետք է ասեմ՝ պրակտիկան ցույց է տալիս, որ բոլոր սխալները տեղի են ունենում հոգեվարքի մեջ գտնվող մարդկանց կողմից: Խորհուրդ չեմ տալիս տաք գլխով որոշումներ կայացնել»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:43 - 10 մարտի, 2021
Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտարարությունը հրապարակել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թեւոսյանը մարտի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է հայտարարության մեջ:
17:40 - 09 մարտի, 2021
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դատապարտում են քաղաքական գործիչների տան դիմաց ծաղկեպսակներ դնելու երևույթը |armenpress.am|

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դատապարտում են քաղաքական գործիչների տան դիմաց ծաղկեպսակներ դնելու երևույթը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Սուրեն Գրիգորյանը և Արուսյակ Ջուլհակյանը դատապարտում են քաղաքական գործիչների տների դիմաց ծաղկեպսակներ դնելու երևույթը: Այս մասին պատգամավորներն ասացին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում`անդրադառնալով իրենց խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տան դիմաց ծաղկեպսակ դնելու դեպքին: «Թե՛ նախկինում և թե՛ հիմա ես չեմ ողջունում նման գործելաոճը»,- ասաց Հայկ Կոնջորյանը` նկատի ունենալով նաև 2018 թ. թավշյա հեղափոխության ընթացքում արձանագրված նման դեպքերը: Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց, որ քաղաքական գործիչների նկատմամբ կարող է լինել ամենակոշտ քննադատությունը, բայց իրենց քաղաքական գործունեության շրջանակներում: «Երբևէ իրենց անձի դեմ ուղղված որևէ ճնշում անընդունելի է` անկախ այդ քաղաքական գործիչների քաղաքական ուժի պատկանելիությունից»,- նշեց Գրիգորյանը: «Իմ քայլը» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հավելեց, որ նման երևույթներ առաջին անգամ ի հայտ են եկել ոչ թե 2018 թ., այլ 2008 թվականին՝  ներկայիս ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ: «Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց մի ամբողջ հուղարկավորության տեսարան էր կազմակերպվում օրեր շարունակ: Ես դատապարտել եմ այդ երևույթը 2008-ին, 2018-ին և դատապարտում եմ հիմա»,- ասաց Արուսյակ Ջուլհակյանը:
13:01 - 05 մարտի, 2021
«Իմ քայլն» այսօր չի ընտրելու դատավորի թեկնածու՝ իր դիրքորոշումն արտահայտելով ԲԴԽ նախագահի գործունեությանը. Մակունց

«Իմ քայլն» այսօր չի ընտրելու դատավորի թեկնածու՝ իր դիրքորոշումն արտահայտելով ԲԴԽ նախագահի գործունեությանը. Մակունց

Նախ ուզում եմ նշել, որ ԲԴԽ գործող նախագահը չի առաջադրվել և չէր կարող առաջադրվել «Իմ քայլը» խմբակցության կողմից, չի առաջադրվել խորհրդարանական ընդդիմության կողմից և ոչ էլ կառավարության կողմից, որովհետև դատավորներն առաջադրվում են դատական իշխանության կողմից, և նրանց ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ ցանկանում է հանրությանը ներկայացնել իրողությունը, որպեսզի զերծ մնան ապատեղեկատվություններից։  Խոսելով Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների մասին՝ Մակունցը շեշտեց, որ թեկնածուներին ներկայացնում է ԲԴԽ-ն, և դա է պատճառը, որ այս օրերին նրանց ներկայացնում էր ԲԴԽ նախագահը։ Խմբակցության ղեկավարն իր ելույթում ասաց․ «Ինչպես ակնհայտ էր երեք օրերի նիստերից, «Իմ քայլը» խմբակցությունը ավելի շատ կենտրոնացել էր՝ հասկանալի ու ընկալելի դարձնելու հանրության և մեզ համար 2020 թվականի նոյեմբերի 15-ին ԲԴԽ նախագահի հայտնի հայտարարությունը։ Ցավոք սրտի, ԲԴԽ նախագահի պարզաբանումները ոչ միայն բավարար ու սպառիչ չէին, այլև վերահաստատեցին մեր մտահոգությունները առ այն, որ պարոն Վարդազարյանի հայտարարությունը կանխամտածված քաղաքական էր։ Ուզում եմ հիշեցնել, որ հարցերին արձագանքի ժամանակ պարոն Վարդազարյանը ինքը նշեց, որ այն հանպատրաստից չի եղել»։ Մակունցն իր խոսքում նաև նշեց, որ, լինելով մի մարմին անդամ, որն ըստ Սահմանադրության պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը, պարոն Վարդազարյանը իր գործունեությամբ որևէ կերպ չի նպաստել և չի նպաստում դատական իշխանության անկախության և քաղաքական զսպվածության երաշխավորմանը, ավելին՝ քաղաքականացրել և քաղաքականացնում է իշխանության երեք ճյուղերից ապաքաղաքական դիտարկվող դատական իշխանությունը։ ««Իմ քայլը» խմբակցությունը խորը ակնածանք ունի ներկայացված թեկնածուների՝ պարոն Հայկյանցի և պարոն Մկրտչյանի նկատմամբ։ «Իմ քայլը» խմբակցությունը նաև գնահատում է բազմաթիվ անկախ, ազնիվ, արհեստավարժ դատավորներին, և վստահ ենք, որ դատական համակարգում իրականացվելիք անհրաժեշտ բարեփոխումներին և փոփոխություններին զուգընթաց և դրանից հետո նրանք շարունակելու են ծառայել արդարադատությանը, պետությանն ու ժողովրդին»,- ասաց պատգամավորը։ Որպես ամփոփում Մակունցը տեղեկացրեց, որ, հաշվի առնելով պարոն Վարդազարյանի գործունեության վերաբերյալ իրենց գնահատականը, ինչպես նաև այն, որ պարոն Վարդազարյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորեց առաջնային մանդատով օժտված, լեգիտիմ Ազգային ժողովի նկատմամբ, «Իմ քայլը» խմբակցությունը այսօր չի ընտրելու ներկայացված թեկնածուներին և իր այս քայլով դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների նկատմամբ, այլ հենց պարոն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի գործունեության և հայտարարության վերաբերյալ։ «Մեր այս դիրքորոշումը ամրապնդվում է մեկ այլ հանգամանքով, հասել ենք այնտեղ, որ քրեական ենթամշակույթին առնչվող անձինք միջնորդավորված կապ են հաստատում ԱԺ պատգամավորների հետ՝ ի պաշտպանություն ԲԴԽ նախագահ պարոն Վարդազարյանի։ Այ էստեղ ենք հասել տիկնայք և պարոնայք»,- եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։ 
13:59 - 04 մարտի, 2021
Տվեք ճիշտ օրենքներ և դատավորներից պահանջեք ճիշտ արդյունք․ Տարոն Սիմոնյան

Տվեք ճիշտ օրենքներ և դատավորներից պահանջեք ճիշտ արդյունք․ Տարոն Սիմոնյան

Ես երիցս համոզվում եմ, որ ԱԺ-ն և քաղաքական գործիչները, հատկապես պատգամավորները այն մարդիկ չեն, ովքեր պետք է ընտրեն վճռաբեկ դատարանի դատավոր, որովհետև մենք, իրական թեման թողած, անընդհատ շեղվում ենք, այլ թեմաներից ենք խոսում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ արդեն երեք օր է` Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը շեշտեց, որ հիմնական թեմային անդրադառնալու ժամանակը պատգամավորները ծախսում են այլ թեմայի վրա։ Սիմոնյանը նշեց, որ երեք օրվա ընթացքում գրեթե 7 աշխատանքային ժամ ծախսվել է ոչ թե թեկնածուների վերաբերյալ հարցեր տալու, պատասխաններ ստանալու վրա, այլ ծախսվել է երրորդ անձի հետ կապված քննարկում կազմակերպելու համար։ «Արդյո՞ք մեր պետականությունը այսօր այդ մարտահրավերի առջև է կանգնած, իմ համոզմամբ՝ ո՛չ։ Այն անձը, ում մասին դուք երեք օր շարունակ խոսում եք, այդ անձի թեկնածությանը և այդ անձի՝ ԲԴԽ նախագահ ընտրվելուն մենք ի սկզբանե դեմ ենք եղել, երբ դուք կողմ էիք, բայց դուք նույն էնտուզիազմով մեր վրա էիք հարձակվում, ասում էիք՝ մեր ընտրությունն է։ Իհարկե, դուք անձամբ չէիք ընտրել, կազմակերպել եք այդ ընտրությունը՝ ձեր գործիքների, լծակների միջոցով։ Դուք հարձակվում եք մեր վրա, ասում եք՝ մեր ընտրությունը լավագույնն է, ճշմարտությունը մեր կողմն է։ Հիմա, քանի որ այդ անձը այլևս չի սպասարկում ձեր շահերը, ես չեմ ասում՝ լավ է անում, թե վատ, այլ չի սպասարկում ձեր շահերը, հիմա հարձակվել եք իր վրա, ասում եք՝ մենք ճիշտ ենք, դու սխալ ես։ Չեմ ասում՝ ինչ է ասել, ոնց է ասել, չեմ ուզում անդրադառնալ այդ հարցին, այլ ուզում եմ անդրադառնալ այն բանին, որ դուք անընդհատ փոխում եք ձեր ճշմարտության հենքը։ Կարո՞ղ է դուք եք սխալ, և ձեր ճշմարտությունը սխալ ճանապարհ է ընտրել»,- հավելեց պատգամավորը։ Վերջինս կրկին շեշտեց, որ դատավորները քաղաքական հայտարարություն չպետք է անեն, և դրանում բոլորը համակարծիք են, որովհետև դատավորները արդարադատության կրողներն են։ Սիմոնյանը հստակեցրեց, որ դատավորները արդարադատություն են իրականացնում, նրանք արդարություն չեն իրականացնում։ Պատգամավորն ընդգծեց, որ սրանք մասնագիտական բառեր են, և պարտադիր չէ, որ բոլորը  իմանա դրանք։  «Արդարադատությունը օրենքով սահմանված ընթացակարգ է, արդարությունը բարոյական կատեգորիա է։ Եթե մենք իրականացնում ենք արդարադատություն՝ օրենքով սահմանված եղանակով, օրենքների հեղինակը ԱԺ-ն է։ Տվեք ճիշտ օրենքներ և դատավորներից պահանջեք ճիշտ արդյունք։ Եթե օրենքները այնպսին են, որ չեն ենթադրում ճիշտ արդյունք, ապա մի պահանջեք դատավորներից արդարություն, որովհետև այն բարոյական կատեգորիա է։ Այսքան ժամանակ ծախսելու փոխարեն դուք ընդամենը կարող էիք բացել  դատական օրենսգրքի 585-րդ հոդվածը այնտեղ կարդալ, որ ԲԴԽ անդամի նկատմամբ կարելի է հարուցել կարգապահական վարույթ, եթե նա որոշակի խախտումներ է թույլ տվել։ Երեք անդամի նախաձեռնությամբ կարող էիք անել, ես վստահ եմ, որ երեք անդամի վրա՝ ձեր ազդեցության միջոցով կարող էիք նախաձեռնել այդ գործընթացը»,- նշեց նա։ Սիմոնյանը խոսքով՝ վերը նշված ընթացակարգը չի իրականցվում, իսկ դրա փոխարեն նախընտրելի է  7 ժամ ծախսել այս ամբիոնից անվանարկելու մեկ անձի և նրա հետ մեկտեղ ամբողջ դատական համակարգի։ Պատգամավորն անդրադարձավ այն մտքին, թե խոսքը չի գնում ամբողջ դատական համակարգի մասին այլ անձերին է վերաբերվում, բայց Սիմնոյանի կարծիքով  հասարակության ընկալումը այլ է և այստեղ կարևորվում է պատգամավորների՝ որպես պատգամավորի առաքելության գիտակցումը։ Սիմոնյանը շատ ճիշտ համարեց այն միտքը, որ պատգամավորի յուրաքանչյուր խոսք մեծ արձագանք է ստանում և պետք է  զգույշ խոսել, որովհետև պատգամավորները օրենսդիր մարմին են և իրենց  արտահայտությունները օգտագործվում են օրենքների, օրնենքների մեկնաբանությունների մեջ, և դա հետագայում ազդում է հասարակության վրա։ «Չի կարելի չիմանալով, թե ինչ է արդարադատությւոնը, իրավաբանությունը, թե ինչ է օրենքը, միանգամից հարձակվեք այդ երևույթների վրա, քանդեք առանց այդ էլ խարխուլ դատական իշխանությունը։ Ձեզնից շատ քչերն են առնչվել արդարադատության այն խնդիրների հետ, որոնց ես եմ առնչվել՝ անգամ իմ մաշկի վրա զգացել եմ անարդարության շատ դեպքեր, բայց ես չեմ կանգնում և այնպիսի բառապաշար օգտագործում, որը պետականության կարևոր հիմքերից մեկը խարխլի՝ դատական իշխանությունը։ Խնդրում եմ, պահանջում եմ ուշադիր եղեք ձեր բառապաշարին, դրանք հնարավոր է, և  նաև իսկապես  բացասականորեն ազդում են ամբողջ պետականաշինության գործընթացի վրա»,- ասաց Սիմոնյանը։ Պատգամավորը, անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դատավորների թեկանծուներին, ասաց, որ պատգամավորների առջև կանգնեցին երկու շատ պարկեշտ և մեծ գիտելիքների տեր անձնավորություններ, ովքեր շատ հավանական է այսօր կամ որոշ ժամանակ անց համալրեն դատական իշխանությունը։ Սիմոնյանը հարց ուղղեց՝  «խնդիրներ ունե՞ք նրանց մասնագիտական ունակությունների հետ, նրանց բարոյական կերտվածքի հետ, թե ոչ։ Կարո՞ղ ենք նմանատիպ մարդկանց քանակը ավելացնել դատական իշխանությունում»։  Սիմոնյանի դիտարկմամբ դատական իշխանությունում առկա բացասական երևույթների դեմ պետք է պայքարել նման մարդկանց քանակը ավելացնելով, ոչ թե ամբողջ ռեսուրսը ծախսել՝ վատերին անվանարկելու վրա։ Դրա փոխարեն կարելի է իրավական գործընթաց սկսել ու նրանց հեռացնել համակարգից։ Իշխող ուժն ունի բոլոր լժակները, իսկ իրենց պատրաստ են օգնել։ «Եթե դուք ձեր էներգիան, ռեսուրսները ծախսում եք բացառապես անվանարկելու վրա և չեք օգագործում  այդ ժամանակը նման անձնավորություններով համակարգը համալրելու վրա, ապա ես ձեր ազնվության վրա կասկածներ ունեմ, որովհետև դա իրական, պետական գործչի մտածելակերպ չէ»,- եզրափակեց Սիմոնյանը։
13:49 - 04 մարտի, 2021
Քաղաքական հայտարարություններ անելը ԳՇ գործառույթների մեջ չի մտնում. փոխվարչապետ |1lurer.am|

Քաղաքական հայտարարություններ անելը ԳՇ գործառույթների մեջ չի մտնում. փոխվարչապետ |1lurer.am|

1lurer.am: Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ԳՇ հայտարարությունը բավականին խնդրահարույց է՝ առաջին հերթին այն առումով, որ զինվորականությունը, մանավանդ՝ ԳՇ պետը և ղեկավարությունը, համաձայն մեր Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետի, քաղաքականության հետ չպետք է առնչվեն ու կապ ունենան: «Խնդրահարույց է այն առումով, քանի որ ԳՇ հիմնական խնդիրը պետք է լինի մեր սահմանների պաշտպանությունն ու մեր անվտանգության ապահովումը, և որևէ կերպ քաղաքական հայտարարությունները չեն մտնում ԳՇ գործառույթների մեջ»,- նշեց Ավինյանը՝ ընդգծելով՝ Զինված ուժերը պետք է զբաղվեն այն գործառույթներով, որոնցով լիազորված են՝ ըստ Սահմանադրության:
18:05 - 03 մարտի, 2021
Գերիների հարցը քաղաքականացնելն անընդունելի է. ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին |1lurer.am|

Գերիների հարցը քաղաքականացնելն անընդունելի է. ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարարին խնդրեց մեկնաբանել Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում արված խնդրահարույց ձևակերպումները, մասնավորապես՝ գերեվերված անձանց վերաբերյալ: Արա Այվազյանը նշեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, և յուրաքանչյուրն իր ոլորտում կատարում է իր աշխատանքը:  ԱԳ նախարարը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների վերաբերյալ Արտաքին գործերի նախարարությունը, ինքը և մամուլի խոսնակը արտահայտել են իրենց կարծիքը՝ նշելով, որ հումանիտար այս կարևորագույն հարցը քաղաքականացնելն անընդունելի է, ինչը նաև, Այվազյանի խոսքով, հաստատվում է միջազգային հանրության տարբեր դերակատարների կողմից: Նա ասաց, որ տարբեր երկրների ղեկավարներ, միջազգային կառույցներ արդեն ավելացնում են Ադրբեջանի հանդեպ միջազգային ճնշումն այդ հարցում՝ հավելելով, որ երեկ Իտալիայի խորհրդարանը նույնպես ընդունել է բանաձև՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարևոր հարցին: Անդրադառնալով գերիների վերադարձի շուրջ իրականացվող քայլերին՝ Այվազյանն ասաց, որ տարածաշրջանում Ռուսաստանն ունի կարևոր դերակատարում և տարբեր խողովակներով նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Լավրովի և պաշտպանության նախարար Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այդ հարցի ուղղությամբ: «Ռուսական կողմը հետևողականորեն այս հարցը բարձրացնում է Ադրբեջանի ղեկավարության մոտ: Այս հարցը հատուկ շեշտադրում է ունեցել իմ զրույցներում՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների և արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակում: Այդ հարցը բազմաթիվ իմ հեռախոսազրույցների ընթացքում արտասահմանյան գործընկերների հետ առաջնային կարևորության է արժանանում, միջազգային կազմակերպություններում տարբեր ուղղություններով աշխատանք է տարվում, և եթե հետևում եք արձագանքներին, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանի համար այս հարցը դառնում է իսկապես խնդրահարույց»,- ասաց ԱԳ նախարարը:
17:55 - 03 մարտի, 2021
Եկեք վերջացնենք ատելության, սպանության, իրար վիրավորելու, միայն խոսելու համար խոսելու տրամաբանությունը․ Ալեն Սիմոնյան

Եկեք վերջացնենք ատելության, սպանության, իրար վիրավորելու, միայն խոսելու համար խոսելու տրամաբանությունը․ Ալեն Սիմոնյան

Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով քաղաքական ուժերի մեկնաբանություններին, թե կառավարող ուժը վարչապետի հանրահավաքին մարդկանց մեծ թիվ ապահովելու համար օգտագործել է պետական բոլոր լծակները։  «Աբսուրդ կա և շատ է լինում աբսուրդ, մասնավորապես հայտարարությունների ժամին։ Օրինակ՝ մեր նախկին գործընկեր Սոֆյա Հովսեփյանը խոսում է համախմբվելու մասին, այն պարագայում, երբ միայն վերջերս տարանջատվել է այն թիմից, որի շնորհիվ հայտնվել է Ազգային ժողովում, և նույնիսկ այն ժամանակ, երբ եղել է այդ թիմում, եղել է տարանջատված։ Իհարկե, աբսուրդ է։ Երկրորդ հետաքրքիրը պարոն Միքայել Մելքումյանի և տիկին Զոհրաբյանի ելույթներն էին․ տպավորություն է, որ իրենք իրար հետ չեն շփվում։ Տիկին Զոհրաբյանն ասում է՝ պետական ողջ ռեսուրսը մինչև կոշկակար օգտագործվել է, որ մարդ բերեն հանրահավաքին։ Հաջորդը ելույթ է ունենում պարոն Մելքումյանը, որը երկու անգամ ասում է՝ պետական համակարգը չի գործում։ Հիմա գործո՞ւմ է համակարգը մինչև վերջին մարդը, թե՞ չի գործում։ Թմբուկների վերաբերյալ տիկին Զոհրաբյանը նկատողություն է անում, համացանցում նույնպես հանդիպել եմ քննադատությունների։ Դրա վերաբերյալ խոսում են այն մարդիկ, որոնք չեն հասկանում, թե ինչ է կատարվում կամ ինչ է կատարվել, ինչ է իրենից ենթադրում այդ գործողությունը, որը միասնության, ուժի, համախմբվածության իմաստ ունի։ Միևնույն ժամանակ չեն խոսում այն մասին, որ բեմադրություններ են դնում, որտեղ մարդ են գնդակահարում, երգ ու պար են կազմակերպում։ Շատ երկակի ստանդարտներ են։ Ասում են՝ մարդկանց բերել են, չեմ զարմանա եթե ասեն նաև, որ հետո մարդկանց ստիպել են գոռալ՝ Նիկոլ վարչապետ, հետո քայլել են մարդկանց կողքով և մի քանի հազար մարդու ստիպել են միացնել հեռախոսի լույսերը, հետո ստիպել են գնալ տներ և պատշգամբներից ողջունել վարչապետի քայլեթը։ Չեմ զարմանա, եթե այդ մասին էլ խոսենք։ Չենք խոսում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու մասին՝ ընդդիմության երթի ժամանակ։ Նոնսենս է, այդ մասին այս ամբիոնից չեն խոսում, Հայաստանում չի եղել այդպիսի դեպք, որ ընդդիմության երթի ժամանակ հարձակում գործեն որևէ լրատվամիջոցի լրագրողի վրա։ Էլի բաներ կարող եմ ասել, բայց ուզում եմ կրկնել իմ գործընկերների կոչը։ Մենք բոլորս սիրում ենք Հայաստանը և սիրում ենք յուրովի, եկեք մեզ համար մի որոշում կայացնենք, որ մենք բոլորս պատրաստ ենք հետքայլ անել՝ հանուն ՀՀ կայունության, շահերի և հանուն այն ապագայի, որը կառուցելու ենք։ Եկեք վերջացնենք ատելության, սպանության, արյուն թափելու, իրար վիրավորելո, միայն խոսելու համար խոսելու տրամաբանությունը»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։
17:52 - 02 մարտի, 2021
Ակնհայտ է, որ բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը դիտավորյալ է արվում․ Անդրանիկ Քոչարյան

Ակնհայտ է, որ բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը դիտավորյալ է արվում․ Անդրանիկ Քոչարյան

Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ խոսելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, Գլխավոր շտաբի հայտարարության ու քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների ելույթների մասին։ «Վերջին օրերին ընդդիմության հրավիրված հանրահավաքների ընթացքում Յուրի Խաչատուրովը (նախկին ԳՇ պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար,- հեղ․) ողջունում էր ԳՇ-ի կողմից վարչապետի հրաժարականը պահանջի վերաբերյալ հայատարարությունը։ Երեկվա իր ելույթը նա սկսեց ազգ-բանակ-հաղթանակ վանկարկումներով։ Այս կարգախոսը իրապես ընկած էր Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների կերտման հիմքում, որոնց մեջ իրենց ներդրումն են ունեցել Խաչատուրովը և մի շարք այլ գեներալներ»,- ասաց Քոչարյանը՝ շարունակելով, որ վերոհիշյալ կարգախոսը, սակայն, փոխվեց հոկտեմբերի 27-ից հետո, երբ տարբեր առիթներով Զինված ուժերը քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից դարձան։ Այդ ժամանակ էլ, Անդրանիկ Քոչարյանի խոսքով, բանակ ներթափանցեցին անտարբերությունն ու կոռուպցիան, որոնք էլ հանգեցրին 2016 թվականի Ապրիլյան պատերազմի պարտությանը և ապա 2020 թվականի երկրորդ պատերազմի ընթացքում Զինված ուժերի ղեկավարության կողմից բանակի ոչ պրոֆեսիոնալ կառավարմանը։․ «Ինչպես Խաչատուրովը, այնպես էլ բազմաթիվ գեներալներ իրենց ծառայության ընթացքում բանակը քաղաքական նպատակների սպասարկու դարձնելու համար խրախուսվեցին ավելի բարձր կոչումներով և իրենց ուսադիրներին ավելացրին նոր աստղեր։ Այժմ էլ, այդ նույն գեներալներից ոմանք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Մարտի 1-ի դեպքերի ընթացքում 0038 հրամանով ուղղակիորեն մասնակցել են քաղաքական դրդապատճառներով բանակի օգտագործմանը։ Հիմա, հետպատերազմյան այս բարդ իրավիճակում, բանակը քաղաքական նպատակներով չօգտագործելու կոչեր անելու փոխարեն՝ Խաչատուրովը ողջունում է դրանք»։ Ըստ պատգամավորի՝ ակնհայտ է, որ բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը նախապես մտածված է և դիտավորյալ է արվում՝ ներքին անկայունություն ստեղծելու նպատակով։ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ նախքան ԳՇ հայտարարությունը՝ ընդդիմությունը բանակի գեներալներին ևս մեղադրում էր պարտության մեջ, սակայն ընդդիմադիրներն այժմ փոխել են պարտության վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ մեղադրելով միայն քաղաքական իշխանությանը։ «Պատերազմին հաջորդող ծանր ժամանակներում այս մարդիկ կախվել են բանակի փեշերից ու թույլ չեն տալիս, որ այն ֆիզիկապես և բարոյապես վերականգնվի։ Ի վերջո, Զինված ուժերը միայն այդ հայտարարության տակ ստորագրած գեներալները կամ դրանց մի մասը չեն, այլ նաև զինվորները և սպայակազմը, որոնք հերոսաբար, 44 իրենց ուսերին կրեցին պատերազմի դժվարությունները։ Գլխավոր շտաբի ղեկավարության մի մասը իշխանությունը տապալելու նպատակով բացահայտ հեղաշրջման փորձ է անում, որը պետք է խստորեն դատապարտվի։ Բանակն այս պահին՝ նորանշանակ նախարարի գլխավորությամբ, պետք է աշխատի հրադադարի ռեժիմի պահպանման և զինված ուժերի ռեֆորմները անսասան իրականացնելու ուղղությամբ, իսկ մեզ համար գլխավոր խնդիրն է ներքին անվտանգության և կայունության ապահովումը»,- եզրափակեց պատգամավար Անդրանիկ Քոչարյանը։Ասպրամ Փարսադանյան
16:59 - 02 մարտի, 2021
Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ ԲԴԽ նախագահը տապալել է իր առաքելությունը |armenpress.am|

Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ ԲԴԽ նախագահը տապալել է իր առաքելությունը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը տապալել է իր առաքելությունը: Ազգային ժողովի նիստի ընթացքում Ռուբինյանը Վարդազարյանին հիշեցրեց պատերազմից հետո արված հայտարարությունը, որտեղ Վարդազարյանը հղում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «վնգստացող դատավորներ» բառակապակցությանը: Ռուբինյանը ԲԴԽ նախագահին հարց ուղղեց այն մասին, որ պատերազմի ավարտից հետո, երբ մահափորձ կատարվեց Ազգային ժողովի նախագահի դեմ, հայտնվեցին տեղեկություններ վարչապետի դեմ մահափորձ պատրաստելու մասին, Վարդազարյանը դատավորներին ուղղված հայտարարությամբ արդյոք զսպման, թե չզսպման կոչ էր անում: «Դուք ըստ իս տապալել եք ձեր առաքելությունը, որպես ԲԴԽ նախագահ, դուք անցել եք քաղաքականության գիծը: Հաշվի առնելով այս ամենը, մտածել եք արդյոք հրաժարական տալու մասին, եթե չեք մտածել, արդյոք չեք կարծում, որ կարելի է սկսել մտածել այդ ուղղությամբ»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտնեց, որ հրաժարական տալու մասին չի մտածել: «Թույլ տվեք ես ինքս ընտրեմ այն ժամանակահատվածը, երբ մտածելու եմ այդ հարցի վերաբերյալ»,- նշեց Վարդազարյանը:
16:50 - 02 մարտի, 2021
Մենք պարտավոր ենք ապացուցել մեր ազգին, որ չունենք վնգստացող դատավորներ. Ռուբեն Վարդազարյան |tert.am|

Մենք պարտավոր ենք ապացուցել մեր ազգին, որ չունենք վնգստացող դատավորներ. Ռուբեն Վարդազարյան |tert.am|

tert.am: Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության Մարիա Կարապետյանը հիշեցրեց նոյեմբերի 15-ի դատավորներին ուղղված ուղերձը, որում ասել է. «հայրենիքի նվիրումը ապացուցվելու է այս օրերին և այսօր է առարկայական և այսօր է վերջ տրվելու շուրջ երկու տարի հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը՝ մենք պատերի տակ վնգստացող դատավորներ ենք, թե հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»: Պատգամավորը խնդրեց  պարզաբանել, թե ինչով է պայմանավորված վարչապետի՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդու, քաղաքական խոսքի հղումը. «Ինչու չսահմանափակվեցիք մասնագիտական, իրավական բառապաշարով»: Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց, որ այդ պահին, երբ կրքերը բորբոքված էին, պարտավոր էր նման կոչով դիմել, որպեսզի որևէ կերպ դատարանները չքաղաքականացվեն: «Սա ավելի շատ սթափեցման կոչ էր, քան քաղաքական, ինչպես շատերը գնահատում են: Իմ կոչը և տեղին էր, և իր արդյունքին հասել է, որովհետև իմ անձնական կարծիքով այսօր, քան երբեք դատավորները աշխատում են առավել անկախ»,-ասաց նա և նշեց, որ բազմաթիվ դատավորներ իրեն ևս այդ հարցը տվել են:
16:35 - 02 մարտի, 2021
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ոչ մի քննարկման չեք մասնակցել, չնայած եղել եք մշտական անդամ․ Կոնջորյանը հակադարձեց Աբովյանին

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ոչ մի քննարկման չեք մասնակցել, չնայած եղել եք մշտական անդամ․ Կոնջորյանը հակադարձեց Աբովյանին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը` «Lուսավոր Հայաստան» խմբակցության հետ, հետամուտ լինելով, որ իրավիճակը, լարվածությունը մի քիչ թեթևացնի, առաջարկում է արտահերթ նիստ։ Արտահերթ նիստին ոչ ոք չի գալիս։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։ Նշենք, որ փետրվարի 25-ին և 26-ին խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները ցանկանում էին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ՝ կապված ԳՇ հայտարարության և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետ, սակայն խորհրդարանի մեծամասնությունը չէր ներկայացել ԱԺ խորհրդի երկու նիստերին էլ, ինչի հետևանքով դրանք չէին կայացել։ «Եթե դեմ էիք, գայիք և դեմ քվեարկեիք, ինչո՞ւ եք միտումնավոր պարալիզացնում խորհրդարանի աշխատանքը»,- հավելեց Աբովյանը։ Վերջինս իր ելույթում շեշտեց, որ օրակարգում 19 հարց է, որոնցից միայն մեկն է վերաբերում գերիների հարցին, դա էլ անկախ պատգամավոր է առաջարկել։ Աբովյանի խոսքով՝ մյուս բոլոր հարցերին նայելիս տպավորություն է, որ Հայաստանն առանձին ապրում է իր խնդիրներով, իսկ կառավարող ուժը առանձին օրակարգեր է փորձում գեներացնել։ «Չեք տեսնում, որ ձեր օրակարգը տանում է կատաստրոֆայի, բա ինչպե՞ս ենք դուրս գալու այս իրավիճակից»,- եզրափակեց Աբովյանը։ Վերջինիս հարցադրումներին իր ելույթում արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ ասելով․ «Ձեր ելույթից հետո ցանկացա ելույթ ունենալ, որովհետև դուք մեզ մեղադրում եք և հատկապես մեղադրում եք գերիների հարցով չխոսելու համար։ Ես համաձայն եմ, որ գերիների հարցը այսօր մեր պետության և մեզ համար համար  մեկ առաջնահերթությունն է։ Կարող եմ ընդունել ձեր քննադատությունը, որ մենք չեն օգտագործում  բոլոր հարթակները գերիների մասին, Արցախյան պատերազմի, դրա հետևանքների մասին խոսելու համար։ Ես ուզում եմ կոնկրետ օրինակով պատասխանել Ձեզ և Ձեզ այդ հարցը տալ։ Դուք, նախորդ տարվա փետրվար-մարտ ամիսներից սկսած, հանդիսանոմ եք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության մշտական անդամ։ Երեք մշտական անդամ կա, որից 2-ը՝ իշխանությունից, մեկը՝ ընդդիմությունից։ Մենք այդ պահից սկսած մինչև այսօր ունեցել ենք 14 օնլայն քննարկում, կոնֆերանս ամենատարբեր հարցերի շուրջ։ 14 անգամ դուք հնարավորություն եք ունեցել ադրբեջանական պատվիրակների հետ  բանավիճել, բարձրաձայնել արցախյան հիմնահարցի հետ կապված խնդիրները։ Ոչ մի անգամ չեք մասնակցել»։ Կոնջորյանը նշեց, որ հանձնարարել է քարտուղարությանը, որ անդամները տեղեկանան հանդիպման մասին և ունենան քննարկման հղումները, որ բոլորը մասնակցեն այդ քննարկումներին։ Աբովյանը, Կոնջորյանի խոսքով, երբեք չի մասնակցել քննարկումներին։ Իմքայլական պատգամավորը նաև ընդգծեց, որ փետրվարի 24-26-ը տեղի է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որը պատերազմից հետո առաջին ձմեռային նստաշրջանն էր։ Ըստ պատգամավորի՝ այս նստաշրջանին նույնպես Աբովյանը չի մասնակցել։  «Մենք պայմանավորվել էինք նույնսիկ, թե Դուք որ կոմիտեում եք լինելու, Դուք խոստացել էիք մասնակցել։ Դուք կրկին հնարավորություն ունեիք ադրբեջանցիների աչքերին նայելու, 400 պատգամավորների ներկայությամբ կարող էիք բարձրաձայնել գերիների հարցը։ Դուք գալիս, ասում եք գերիների հարցի մասին չեք խոսում, իմիտացիա եք ստեղծում։ Այո՜, Դուք կարող եք այստեղ մեզ քննադատել, բայց, հանուն արդարության, կատարեք նաև Ձեր պարտականությունները»,- եզրափակեց Կոնջորյանը։ Աբովյանն էլ իր հերթին հակադարձեց Կոնջորյանի առաջ քաշած տվյալներին՝ ասելով․ «Ինչ վերաբերում է իմ գործունեության այդ ուղղությանը՝ Ձեր խմբակցությունում առնվազն երկու մարդ կա, ով շատ լավ տեղյակ է իմ գործունեության մասին, թե ադրբեջանական պրոպականդայի դեմն առնելու, թե բոլոր մնացած հարցերին։ Այստեղ  մանիպուլյացիա մի արեք։ Դուք կարո՞ղ է տեղյակ չեք, որ երկրում քաղաքական ճգնաժամ է։ Ես Ձեզ տեղեկացնում եմ։ Երբ մեղադրանքներ եք հնչեցնում և մի քանի անգամ ասում եք՝ «ադրբեջանցիների ճակատին ասեիք» արտահայտությունը, ասեմ, որ մենք ձեզնից շատ ու ավելի դիպուկ ենք անում դա»։  Աբովյանը նշեց, որ, ըստ անհրաժեշտության, կարող է ներկայացնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների աշխատանքը, որն ուղղված է գերների հարցի լուծմանը։  Կոնջորյանն էլ արձագանքեց Աբովյանին՝ նշելով, որ կասկածի տակ չի դնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների աշխատանքը, սակայն պատգամավորը կրկին շեշտեց ԵԱՀկ խորհրդարանական վեհաժողվոի մշտական անդամի դերն ու կարևորությունը և այն հանգամանքը, որ Աբովյանը մեկ տարվա ընթացքում իր մտքերը չի արտահայտել այդ պլատֆորմում։ 
11:51 - 02 մարտի, 2021
Մարուքյանը նորմա՞լ է համարում, որ ԳՇ պետը եւ ԳՇ պետի տեղակալը պիտի քաղաքական պայմանավորվածության մաս դառնան. Ռուբինյան |armtimes.com|

Մարուքյանը նորմա՞լ է համարում, որ ԳՇ պետը եւ ԳՇ պետի տեղակալը պիտի քաղաքական պայմանավորվածության մաս դառնան. Ռուբինյան |armtimes.com|

armtimes.com: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը տրամաբանական չէ՝ մի շատ պարզ պատճառով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ պարզաբանելով. «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ փաստացի այդ առաջարկով էդմոն Մարուքյանը նորմալ է համարում, որ ԳՇ պետը եւ ԳՇ պետի տեղակալը պիտի դառնան քաղաքական գործոն եւ իրենց նշանակումը կամ ազատումը կամ չազատումը պիտի դառնա քաղաքական պայմանավորվածության մաս: Այդպես չի կարող լինել եւ դա բնականաբար չի կարող նախապայման լինել արտահերթ ընտրությունների համար»:       Ըստ Ռուբինյանի՝ տրամանաբանական կլիներ, որ առանց որեւէ պայմանի Էդմոն Մարուքյանը հայտարարեր, թե իրենք պատրաստ են ստորագրել հուշագիր՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Այդ դեպքում, ըստ նրա՝ հնարավոր կլիներ առաջ գնալ: Լրագրողի դիտարկմանը, թե իշխանությունն էլ է պայմաններ ներկայացնում՝ Ռուբինյանը արձագանքեց, որ Մարուքյանի ասածը պարզապես անընդունելի է. «Պատկերացրեք՝ մի ինչ-որ վերացական աշխարհում, որտեղ պարոն Մարուքյանը դառնում է վարչապետ, եւ դրանից ասենք 2 օր հետո մի զինվորական, որն այդ պահին ԳՇ պետն է, պահանջում է էդմոն Մարուքյանի հրաժարականը: Վե՞րջ, այսինքն դա պիտի դառնա պայմա՞ն, այսինքն մենք պիտի մտնենք մի անվերջանալի ցիկլի մեջ, երբ որ զինվորականությունը պիտի խառնվի քաղաքականության մեջ եւ իրենց ազատումը կամ չազատումը պիտի դառնա որեւէ պայմա՞ն: Դա անընդունելի է ոչ միայն ինձ համար կամ մեր քաղաքական ուժի համար, դա անընդունելի է ժողովրդավարության եւ սահմանադրության տեսանկյունից»,- հավելեց նա: Իսկ ո՞րն է այս իրավիճակի լուծումը, ի՞նչ է առաջարկում իշխանությունը՝ բացի հանրահավաքից. լրագրողի այս հարցին պատասխանելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասաց, որ լուծումը հետեւյալն է. «Օնիկ Գասպարյանը կամ պիտի պաշտոնից ազատման դիմում գրի, կամ Հանրապետության նախագահը ստորագրի Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը, որից հետո կսկսենք կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ, այդ թվում արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ»:
14:27 - 01 մարտի, 2021
Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները և ընտրում սեփական անվերապահ կապիտուլյացիայի ճանապարհը. Դավիթ Խաժակյանը՝ Մակունցի հայտարարության մասին

Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները և ընտրում սեփական անվերապահ կապիտուլյացիայի ճանապարհը. Դավիթ Խաժակյանը՝ Մակունցի հայտարարության մասին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանն առ այն, որ ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկը հետ վերցնելու Մարուքյանի աառաջարկն անգամ քննարկման ենթակա չէ: «Այսօր Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Մարուքյանի առաջարկած ճգնաժամի հանգուցալուծումը իրենց համար անգամ քննարկելի էլ չէ։ Ստացվում է, որ այս իշխանությունները պատրաստ են գնալ զիջումների, ցավոտ զիջումների, միայն Ադրբեջանի առջև, հավանաբար այն պատճառով, որ զիջում են իրենց հետ որևէ կապ չունեցող արժեքներ։ Իսկ երբ խոսքը իրենց իշխանության մի մասը զիջելուն է վերաբերում, հանուն ներքին կայունության և բացասական լիցքերի պարպման, իրենք որևէ զիջման պատրաստ չեն։ Ընդ որում այդ զիջումը ուղղված չէր որևէ քաղաքական ուժի, այլ բացառապես միտված էր բանակի կայունությանը։ Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները և ընտրում սեփական կապիտուլյացիայի՝ անվերապահ կապիտուլյացիայի ճանապարհը»,- գրել է Խաժակյանը:
13:46 - 01 մարտի, 2021
Ազգային ժողովի պատգամավորին հարվածած անձը ձերբակալվել է

Ազգային ժողովի պատգամավորին հարվածած անձը ձերբակալվել է

Փետրվարի 26-ին՝ ժամը 13:30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին Ազգային ժողովի պատգամավորից հաղորդում է ստացվել, որ Ազգային ժողովի շենքի՝ Բաղրամյան պողոտայի անցակետի մոտ անծանոթ անձը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իրենց խմբակցության պատգամավորների հասցեին։ Երբ պատգամավորը փորձել էր կարգի հրավիրել քաղաքացուն, նա բռունցքով հարվածել էր պատգամավորի դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է պատգամավորին հարվածած անձի ինքնությունը։ Փետրվարի 27-ին՝ ժամը 08:45-ին, նախկինում առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար դատապարտված 47-ամյա տղամարդը Նոր Նորքի 8-րդ զանգվածում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն։ Հարուցվել է քրեական գործ։ Տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք՝ բռնության ենթարկվածը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն է: «Իմ քայլը» խմբակցությունն էլ դատապարտել էր հարձակման դեպքը։
11:50 - 01 մարտի, 2021