ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Առողջապահության փոխնախարարը և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարն անդրադարձել են ՀՀ-ի վերականգնողական բժշկության ներուժի զարգացմանը

Առողջապահության փոխնախարարը և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարն անդրադարձել են ՀՀ-ի վերականգնողական բժշկության ներուժի զարգացմանը

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար դոկտոր Մարթե Էվերարդի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ-ից, հանդիպմանը քննարկել են վերականգնողական ծառայության և աջակցող տեխնոլոգիաների ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, որի ապահովմամբ հնարավոր է բարելավել վերականգնողական ծառայությունը Հայաստանում: Հանդիպմանն անդրադարձ է եղել վերականգնողական բժշկության ոլորտում Հայաստանի մասնագիտական ներուժը զարգացնելուն ուղղված կոնկրետ քայլերին, որոնց իրականացման արդյունքում ոլորտի մասնագետները հնարավորություն կունենան ձեռք բերել տեսական և գործնական նոր հմտություններ: «Առողջապահության նախարարությունը միշտ պատրաստակամ է նպաստելու որակյալ և պացիենտակենտրոն վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովմանը Հայաստանի քաղաքացիների համար` մեր գործընկերների հետ սերտ փոխգործակցությամբ»,- նշել է Արմեն Գասպարյանը: «Վերականգնողական ծառայության բարելավման գործողությունների ծրագրի և համապարփակ ռազմավարություն մշակելու արդյունքում նախանշել ենք այն հիմնական ուղղությունները, որոնք միտված են ծառայության բարելավմանը»,- ավելացրել է դոկտոր Մարթե Էվերարդը: Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է համագործակցությունը, ինչը կկրի շարունակական բնույթ:
21:06 - 27 հոկտեմբերի, 2023
Հայաստանում կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք է գրանցվել

Հայաստանում կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք է գրանցվել

Հայաստանում կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք է գրանցվել, հայտնում է առողջապահության նախարարությունը։ «Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: Ժամերի ընթացքում երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել է, որից հետո արձանագրվել է մահ: Փոքրիկը կարմրուկի դեմ պատվաստված չի եղել»,- ասված է հաղորդագրությունում։ Նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 471 դեպք: «Ներկայումս հոսպիտալացված է 4 հիվանդ։ Հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքերից 328-ը երեխաներ են, 143-ը` մեծահասակ: Արձանագրված կարմրուկի դեպքերի 93%-ը կարմրուկի դեմ չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք են»,- նշված է հաղորդագրության մեջ։ Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է․ «Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութերով: Յուրաքանչյուր անձ, ով չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա և պատվաստվել: Նշենք, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է»։
14:04 - 25 հոկտեմբերի, 2023
Հանրապետությունում շրջանառվում է քովիդի օմիկրոն շտամն իր ենթաշտամներով. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

Հանրապետությունում շրջանառվում է քովիդի օմիկրոն շտամն իր ենթաշտամներով. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Առողջապահության նախարարությունը շաբաթական կտրվածքով կատարում է սուր շնչառական վարակների մոնիթորինգ, այս պահին վարակիչ հիվանդությունների կտրուկ աճ չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարի խոսքով՝ տեսանելի է քովիդի թվերի աճ: «Նկատում ենք, որ գարնան կամ աշնան ամիսներին քովիդը, ինչպես նաև գրիպը նույն վարքագիծն են դրսևորում, և այս պահին սեզոնային ակտիվացում է դիտվում: Քովիդի շտամների փոփոխություն չի նկատվում: Շրջանառվում է օմիկրոն շտամն իր ենթաշտամներով»,- նշեց Ավանեսյանը՝ ընդգծելով՝ քովիդի ախտանշանները բավական նման են գրիպին՝ քթարտադրություն, կոկորդացավ, հազ, գլխացավեր, ուստի, առանց թեստավորման, մի փոքր դժվար է դրանք միմյանցից տարբերակելը: Ինչ վերաբերում է քովիդից մահվան դեպքերին, նախարարը նկատեց՝ գրիպից էլ են գրանցվում տարեկան մահվան դեպքեր, և եթե անձն ունի առողջական լուրջ խնդիրներ և ճիշտ ժամանակին չստանա պատճաշ բուժօգնություն, կարող են գրանցվել նաև մահվան դեպքեր: Հարցին՝ արդյոք առկա՞ է բավարար քանակությամբ գրիպի դեմ պատվաստանյութ, նախարարը վստահեցրեց՝ պաշարները համալրվել են, և այս պահին պատվաստանյութի պակաս չկա: «Հորդորում եմ օր առաջ պատվաստվել գրիպի դեմ, որովհետև այս ընթացքն ամենաճիշտ շրջանն է պատվաստվելու և պաշտպանված լինելու: Ինչպես գիտեք՝ գրիպի դեմ պատվաստանյութերն ամեն տարի են մշակվում՝ համապատասխանեցվելով ամեն տարի շրջանառվող ամենավտանգավոր շտամներին, և քրոնիկ հիվանդները, 65 տարեկանից բարձր անձինք և մինչև 12 տարեկան երեխաները ռիսկի խմբում են, ուստի շատ կարևոր է պատվաստվել»,- ասաց նախարարը: Ավանեսյանը տեղեկացրեց՝ պատվաստանյութը եվրոպական արտադրության է և գործում է գրիպի 4 շտամների դեմ:
12:43 - 25 հոկտեմբերի, 2023
Արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն. ԱՆ

Արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն. ԱՆ

Ներկայումս Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն` ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության, այնպես էլ` շտապօգնության կանչերում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։Հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է՝ 1․3 անգամ, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 1․6 անգամ։Վերլուծությունն ըստ տարիքային խմբերի փաստում է, որ հիվանդացության 70%-ն արձանագրվել է մինչև 18 տարեկանների շրջանում, որից 57%-ը՝ մինչև 4 տարեկանների։Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։Նշենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել և պատվաստվել:Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում։
12:34 - 19 հոկտեմբերի, 2023
Կյանքին վտանգ սպառնացող և անբուժելի հիվանդություն ունեցող յուրաքանչյուր անձ կարող է ստանալ պալիատիվ բժշկական օգնություն. ԱՆ

Կյանքին վտանգ սպառնացող և անբուժելի հիվանդություն ունեցող յուրաքանչյուր անձ կարող է ստանալ պալիատիվ բժշկական օգնություն. ԱՆ

Պալիատիվ բուժօգնության կարևորությունն ընդգծելու նպատակով հոկտեմբերի 14-ն աշխարհում նշվում է Պալիատիվ օգնության համաշխարհային օրը: Այս տարի այն ունի «Կարեկցող համայնքներ» խորագիրը: Յուրաքանչյուր անձ, որն ունի կյանքին վտանգ սպառնացող և անբուժելի հիվանդություն, կարող է ստանալ պալիատիվ բժշկական օգնություն, ինչը նպատակ ունի մեղմելու պացիենտի ցավը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական և այլ խնդիրները: «Ծառայության հասանելիությունն ապահովելու նպատակով պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տեսակով լիցենզավորվել է 33 բժշկական կազմակերպություն, որոնցից 17-ը ծառայություններ են մատուցում պետական պատվերի շրջանակներում Երևանում և հանրապետության տարբեր մարզերում: Այդ թվում` • ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում» գործում է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ խնամքի կլինիկան: • ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» բացվել է միջազգային ստանդարտներին համապատասխան 30 մահճակալ ունեցող բաժանմունք»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:  
14:22 - 14 հոկտեմբերի, 2023
Այսօր Իսպանիա է տեղափոխվել պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեկ պացիենտ. ԱՆ

Այսօր Իսպանիա է տեղափոխվել պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեկ պացիենտ. ԱՆ

Նեղ մասնագիտական և համալիր բուժումն արտերկրում շարունակելու համար այսօր Իսպանիա է տեղափոխվել պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեկ պացիենտ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:   «Բարձր գնահատելով մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմը և այս օրերին կատարած լայնածավալ ու բարդ աշխատանքը՝ առողջապահության նախարարությունը շարունակում է համագործակցությունը արտասահմանյան գործընկերների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:   Ծայրահեղ ծանր վիճակում Երևանի բժշկական կենտրոններ տեղափոխված շուրջ 2 տասնյակ պացիենտ, որոնց առողջական վիճակը մեր բուժաշխատողների ջանքերի շնորհիվ կայունացել է, տեղափոխվել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի, Բելգիայի առաջատար բժշկական կենտրոններ` բուժումը շարունակելու:
19:07 - 10 հոկտեմբերի, 2023
Արցախից տեղահանվածներից 264–ը դեռ բուժվում են ՀՀ ԲԿ-ներում, 12–ի վիճակը ծայրահեղ ծանր է |armeniasputnik.am|

Արցախից տեղահանվածներից 264–ը դեռ բուժվում են ՀՀ ԲԿ-ներում, 12–ի վիճակը ծայրահեղ ծանր է |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 264–ը շարունակում են բուժումը հայաստանյան տարբեր բուժհաստատություններում, 97-ի վիճակը ծանր է, 12–ինը` ծայրահեղ ծանր։ Այս տվյալները ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։ «7 երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է»,–ասաց նա։ Ջումայանը նշեց, որ առողջապահության նախարարության համակարգմամբ մի քանի բուժառուներ բուժում են ստանում ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում և Բուլղարիայում։ «Գործընթացը շարունակվում է։ Այսօր արդեն կունենանք պացիենտներ, որոնք իրենց բուժումը կշարունակեն Իսպանիայում»,–ասաց նա։ Նրա խոսքով` այս պահին առողջապահության նախարարության առողջության պահպանման առաջնային օղակներում հաշվառված են ԼՂ–ից բռնի տեղահանված 18 786 քաղաքացի, այդ թվում` 5 600 երեխա, ավելի քան 250 հղի։
18:02 - 10 հոկտեմբերի, 2023
Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 319 քաղաքացի, 117-ի վիճակը ծանր է |armenpress.am|

Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 319 քաղաքացի, 117-ի վիճակը ծանր է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 319 քաղաքացի, 117-ի վիճակը գնահատվում է ծանր, 14-ինը՝ ծայրահեղ ծանր: «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող բուժառուների վերաբերյալ տվյալները: «Այս պահին ունենք 319 բուժառու: Նրանցից 117-ի վիճակը գնահատվում է ծանր, 14-ինը՝ ծայրահեղ ծանր: Ուրախալի է, որ ունենք որոշակի դրական դինամիկա՝ հիվանդների վերակենդանացման բաժանմունքից տեղափոխում դեպի բաժանմունքներ և մի քանի դուրսգրումներ»,-ասաց նախարարը: Վերակենդանացման բաժանմունքներում իրենց բուժումն է շարունակում ստանալ 5 երեխա, 3 երեխա առողջական դրական դինամիկայով տեղափոխվել է բաժանմունք, ևս 1 նորածին հոկտեմբերի 5-ին դուրս է գրվել:
21:12 - 05 հոկտեմբերի, 2023
Վերջին տասը ամիսներին ԼՂ-ում հումանիտար իրավիճակի հետ կապված ակնկալում էինք ԱՀԿ-ի հստակ գնահատականը. Անահիտ Ավանեսյան

Վերջին տասը ամիսներին ԼՂ-ում հումանիտար իրավիճակի հետ կապված ակնկալում էինք ԱՀԿ-ի հստակ գնահատականը. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:   «Վերջին տասը ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված ակնկալում էինք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հստակ գնահատականը` հավատալով որ «Առողջություն բոլորի համար» սկզբունքը` որպես համամարդկային արժեք, վերաբերում է բոլորին, առանց որևէ բացառության, ինչպես տարածաշրջանի ցանկացած այլ կետի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղին: Եվ եթե ԱՀԿ-ի օգնությամբ աշխարհի համար այս խնդրի տեսանելիությունը ավելի մեծ լիներ, իրականությունը, հիրավի, գուցե այլ պատկեր կունենար»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:   Նախարարն ընդգծել է, որ թերսնված, սրված քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց բուժսպասարկման կարիքները կառավարությունն իր միջոցներով է իրականացնում, սակայն պատրաստ է ուղղորդել նաև ԱՀԿ հնարավոր աջակցությունը տուժած բնակչությանը:   Հանս Կլյուգեն վստահեցրել է, որ իր այցը արտացոլում է ԱՀԿ հանձնառությունը «Առողջություն բոլորի համար» սկզբունքին: Նա անդրադարձել է նաև արտերկրից բժիշկների ներգրավմամբ, բնակչության հոգեկան առողջության բարելավման և իմունականխարգելման ոլորտում երկարաժամկետ ծրագրերի իրականացման հնարավորություններին:
20:50 - 04 հոկտեմբերի, 2023