Հայաստանում կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք է գրանցվել
14:04 - 25 հոկտեմբերի, 2023

Հայաստանում կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք է գրանցվել

Հայաստանում կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք է գրանցվել, հայտնում է առողջապահության նախարարությունը։

«Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: Ժամերի ընթացքում երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել է, որից հետո արձանագրվել է մահ: Փոքրիկը կարմրուկի դեմ պատվաստված չի եղել»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 471 դեպք:

«Ներկայումս հոսպիտալացված է 4 հիվանդ։ Հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքերից 328-ը երեխաներ են, 143-ը` մեծահասակ: Արձանագրված կարմրուկի դեպքերի 93%-ը կարմրուկի դեմ չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է․ «Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութերով: Յուրաքանչյուր անձ, ով չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա և պատվաստվել: Նշենք, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել