Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Քիմիայի այն ծավալը, որ ամեն տարի լցվում է Սևանա լիճ, ուղղակի սարսափելի է. վարչապետին ներկայացվել է Ջրային կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Քիմիայի այն ծավալը, որ ամեն տարի լցվում է Սևանա լիճ, ուղղակի սարսափելի է. վարչապետին ներկայացվել է Ջրային կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե՝ վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Տեղեկացվել է, որ 2023 թվականի ՀՀ պետական բյուջեի շրջանակում Ջրային կոմիտեի կողմից իրականացվել է 6 ծրագիր, որոնք ներառում են ընդհանուր առմամբ 40 միջոցառում։ Դրանք ուղղված են եղել ոռոգման համակարգի խնդիրների լուծմանը, Որոտան-Արփա-Սևան թունելի ջրային համակարգի կառավարմանը, կոլեկտորադրենաժային ծառայություններին, ջրամատակարարման և ջրահեռացման բարելավմանը, ջրային տնտեսության ոլորտում ծրագրերի համակարգմանը և մոնիթորինգին: 2023-ի համար առանց վարկային և դրամաշնորհային միջոցների տարեկան ճշտված պլանը կազմել է 22,092.5 մլն դրամ, կատարողականը՝ 98.08 %։ Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են աշխատանքները ջրամատակարարման տևողության ավելացման, ջրի որակի բարելավ¬ման, ինստիտուցիոնալ բարեփոխումների խորացման, վարձակալության պայմանագրի վերահսկման, մատակարարված ոռոգման ջրի դիմաց վճարների հավաքագրման մակարդակի բարձրացման, համակարգի ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման, բյուջետային, վարկային և դրամաշնորհային միջոցների արդյունավետ օգտագործման, ինչպես նաև այլ ուղղություններով։ Ոռոգման նպատակով ջրառ իրականացնող «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության, ինչպես նաև ոռոգման ջուր մատակարարող 15 ջրօգտագործող ընկերությունների գործունեությունների արդյունքներով ապահովվել է 87.96 հազ. հա հողատարածքների ջրամատակարարումը։Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներից հետաքրքրվել է, թե այս պահի դրությամբ Հայաստանում ինչքա՞ն ջուր է ամբարվել: Նշվել է, որ ջրամբարներում ընդհանուր 1.1 մլրդ խմ ջուր է ամբարվել: Հարցին, թե որքա՞ն է մեր երկրի պոտենցիալը, որ հնարավոր է ամբարել՝ պատասխանատուները նշել են, որ ունենք 7.5 մլրդ խմ մակերևութային հոսք, և նախնական գնահատմամբ՝ եթե դիտարկվի ջրամբարների կառուցման հայեցակարգը, հնարավոր կլինի ամբարել ևս 1.7 մլրդ խմ ջուր: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ գործող աշխատանքային խմբի օրակարգում այդ հարցը՝ որպես ջրի կառավարման կարևորագույն խնդիր, ներառված է և պետք է ձևակերպեն անելիքները: «Ինչպե՞ս այսօր 1.1 մլրդ խմ ջրին ավելացնենք այն, որտեղ պոտենցիալ կա, որովհետև մեծ ներդրումների հետ կապված հարցեր են: Պետք է որոշենք նաև, թե եղած ֆինանսական հնարավորություններն ինչ հաջորդականությամբ որ կարիքներին ենք ուղղում»,- ասել է փոխվարչապետը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս պրոցեսի մեջ պետք է նաև որոշակի ֆինանսական սխեմայի հաշվարկ անել: «Մենք պետք է հասկանանք՝ դա ինչ ազդեցություն է ունենալու մեր ջրի օբյեկտիվ սակագնի վրա: Կարող է 10 տարի հետո 10 անգամ բարձր գինը շատ էլ էժան գին է, կամ շատ էլ թանկ գին է: Բայց եկեք արձանագրենք, որ մենք հարցեր ձևակերպում ենք փորձի արդյունքում: Այսինքն՝ քայլում-քայլում ենք, գնում ենք պրոբլեմին բախվում, ձևակերպում հարցը, հետո նորից ենք քայլում, գնում պրոբլեմին բախվում՝ ձևակերպում ենք հարցը: Սա նշանակում է, որ մենք խնդիրն, այսպես ասած, չենք տեսնում տեսության մեջ: Մինչև չենք գնում իրադրության հետ բախվում՝ այդ հարցը մեզ համար չկա, գոյություն չունի: Սա ֆունդամենտալ պրոբլեմ է, մինչդեռ ճիշտ ռեժիմն այն է, որ մենք դա իմանանք և կառավարենք, չթողնենք, որ դա դառնա խնդիր»,- նշել է վարչապետը: Տեղեկացվել է, որ ոռոգման ոլորտում հաշվետու ժամանակահատվածում գանձվել է 71.9% վարձ, որը նախորդ տարիների համեմատ ամենաբարձր ցուցանիշն է: Նշվել է, որ չնայած այս արդյունքին՝ ոռոգման ոլորտի նախորդ տարիների ընդհանուր պարտքը հասնում է շուրջ 28 մլրդ դրամի: Նշվել է, որ 2022 թվականի համեմատ ջրի կորուստի ծավալը նվազեցվել է 1,5 տոկոսով: Անդրադառնալով հավաքագրումների ցածր տեմպերին, ջրի կորստի բարձր ցուցանիշներին, ինչպես նաև ոռոգման բնագավառում առկա բազմաթիվ խնդիրներին՝ վարչապետը նշել է. «Եկեք արձանագրենք, որ ունենք ջրային համակարգ՝ առանց ֆինանսական սխեմայի: Ֆինանսական մոդել չունենք: Մենք չենք ստեղծել մի համակարգ, որը վերարտադրվելու հնարավորություն ունի: Այսինքն, այս համակարգը մահացած համակարգ է և ուզում եմ բացատրել նաև, թե ինչու եմ ասում այդպես: Երբ գիտնականներն ուզում են բացատրել ինչ է կյանքը՝ նշում են, որ կյանքի բնորոշ հատկանիշներից մեկն ինքն իրեն վերարտադրելու հնարավորությունն է, հետևաբար ցանկացած համակարգ, որն իրեն չի կարող վերարտադրել՝ ինքը մահացած համակարգ է: Մենք սա չենք խոստովանում և մեր ժողովուրդն էլ չգիտի դրա մասին: Ֆունդամենտալ խնդիրը սա է: Մի շատ կարևոր առանձնահատկություն կա, որը մեր բոլորի և մեր պետական բացթողումն է: Մարդն իր վարելահողի մեջ ուզում է ստանալ կամ չի ստանում ջուր, ջուրը կա՝ ինքը գոհ է, ջուրը չկա՝ դժգոհ է: Բայց մենք իրեն չենք ասում, թե այդ ջուրը մինչ իր վարելահող հասնելն ինչ ֆիզիկական, կազմակերպչական, իրավական և ֆինանսական ճանապարհ է անցնում: Ես համոզված եմ, որ մարդկանց վերաբերմունքն իրավիճակների նկատմամբ ձևավորվում է այն պատճառով, որ մենք մարդկանց չենք բացատրում, թե ինչ է իրականում տեղի ունենում: Իմիջիայլոց, ես սա ինչ-որ ձևով համեմատում եմ առողջապահության ոլորտում հին և նոր մշակույթի հետ: Հին մշակույթի առանձնահատկությունն այն էր, որ մարդուն չէին բացատրում իր հիվանդությունը, թե խնդիրն ինչի մեջ է, հարազատներին թաքուն էին ասում: Նոր մշակույթով մարդուն բացատրում են, թե իր խնդիրն ինչի մեջ է և դրա հիմնական առանձնահատկությունն այն է, որ պիտի իմանա՝ ինչն է խնդիրը, որ դրա լուծմանն օգնի առնվազն ըմբռնմամբ, թե ինչ է կատարվում իր հետ: Այսօր ես արձանագրում եմ, որ մեր ոռոգման համակարգը մահացած է և առնվազն եթե իր տակ նոր ֆինանսական սխեմա չդնենք՝ հնարավոր չէ նրա վերակենդանացումը: Շատ բարդ և դժվար աշխատանք է, ես հասկանում եմ, թե ամեն մեկ միլիոն դրամ հավաքագրելն ինչ էներգիա է տանում ընդհանրապես մեր կառավարման համակարգից, բայց դա, ըստ էության, սիզիփոսյան աշխատանք է, որն արդյունք չի տալիս: Մենք պետք է սա բացատրենք մարդկանց, որ իմանան, որովհետև մարդկանց մոտ շարունակում է մնալ այն ընկալումը, որ ինչ-որ չար վիշապ նստած է ջրի ակունքի վրա և չի թողնում, որ ջուրը գա, հասնի, ինչը սկզբունքորեն ճիշտ է: Բայց այդ չար վիշապն անարդյունավետ համակարգն է: Եվ մինչև այդ վիշապի գլուխը չկտրենք, չոչնչացնենք այդ վիշապին և նորմալ համակարգ չստեղծենք՝ չի լուծվելու այս հարցը: Հետևաբար՝ այստեղ պետք է հասկանանք, թե ինչ ենք անում»: Նիկել Փաշինյանն անդրադարձել է նաև ցայտաղբյուրների հետ կապված հարցին: «Կարող է ընդհանուր ծավալի մեջ փոքր բան է, բայց մշակույթի առումով ես շատ կարևոր եմ համարում: Ցայտաղբյուրների հետ կապված, մենք ինչո՞ւ չենք կարգավորում, որ ցայտաղբյուրները փականներով գործեն, դա նաև ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն է: Այսինքն՝ ոչ թե արգելենք ցայտաղբյուրների գոյություն, այլ աշխարհում այդ մշակույթը կա, դրանց վրա պարտադիր փական պետք է լինի: Եվ ինչ-որ հորիզոն որոշենք, որ այդ ժամանակից հետո առանց փականի ցայտաղբյուրներն ուղղակի չեն կարող գործել: Շատ հարցեր կան, որ մեր ընկալման փոփոխությամբ պետք է հարթվեն, բայց մենք պետք է հետևողական աշխատենք, որովհետև եթե ընդամենն արձանագրենք այդ փաստը, որ դա այդպես է ու ոչինչ չանենք, այդպես էլ կմնա»: Նշվել է, որ դեռևս 2021 թվականից մեկնարկել է ոռոգման համակարգերում SCADA համակարգով հագեցած ջրաչափական սարքավորումների տեղադրման և շահագործման միջոցառումների գործընթացը: 2023-ին շարունակվել և ավարտին են հասցվել ոռոգման համակարգերի մայր և երկրորդ կարգի ջրանցքների բաժանարար կետերում SCADA համակարգով հագեցած ջրաչափական սարքավորումների տեղադրման աշխատանքները․ ընդհանուր առմամբ տեղադրվել են 2235 հատ SCADA համակարգով հագեցած ջրաչափական սարքավորումներ։ Ոռոգման ոլորտում էլեկտրաէներգիայի ծախսը կազմել է 166.3 մլն կՎտ ժ կամ 7.8 մլրդ դրամ՝ 2022 թվականի 172.2 մլն կՎտ ժ՝ 8.1 մլրդ դրամի դիմաց կամ պակաս է ծախսվել 5.9 մլն կՎտ ժ կամ 300 մլն դրամ:2023-ին շարունակվել են միջտնտեսային և ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցման աշխատանքները։ Վերակառուցվել են երկրորդ կարգի ջրանցքների 45 կմ և ներտնտեսային ցանցերի 17 կմ ընդհանուր երկարությամբ վթարային հատվածներ։ Ոռոգման համակարգերի վերականգնմանն ուղղված միջոցառման շրջանակներում 2023-ին Արմավիրի և Արարատի մարզերում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել թվով 5 օբյեկտներում։ «Որոտան-Արփա-Սևան թունելի ջրային համակարգի կառավարում» ծրագրի «Արփա-Սևան թունելի ընթացիկ շահագործում և պահպանում» միջոցառմամբ նախորդ տարի հատկացվել է 270 մլն դրամ: «Արփա-Սևան ջրային համակարգի տեխնիկական վիճակի բարելավում» միջոցառմամբ աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին․ շուրջ 220.1 մ ընդհանուր երկարությամբ վթարային հատվածներն ամբողջությամբ վերանորոգվել և ավարտվել են նախորդ տարվա ընթացքում: Իրականացվել են 172.5 կմ ընդհանուր երկարությամբ կոլեկտորադրենաժային ցանցի մաքրման, վերականգնման և նորոգման աշխատանքներ: Արարատյան դաշտում տեղադրված 455 դիտողական հորատանցքներում կատարվել են գրունտային ջրերի մշտադիտարկումներ։ Միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել մոտ 6469 հա հողատարածքների աղակալումը։ Անդրադարձ է կատարվել նաև մաքրման կայանների գործունեությանը, այս ուղղությամբ առկա խնդիրներին և դրանց լուծման քայլերին: Վարչապետ Փաշինյանն, այս համատեքստում անդրադարձել է Սևանա լիճ թափվող ջրերի մաքրման հարցին: «Տեսեք ինչ է տեղի ունենում. բնակչությունը, մենք բոլորս օգտագործում ենք, ասենք՝ քիմիա, տարբեր տեսակի՝ լվացքի, ափսեներ լվանալու հեղուկներ և այլն: Այդ ջուրը լցվում է Սևանա լիճ, որտեղ սիգը այդ ջուրը, այդ քիմիան կլանում է, հետո մենք սիգը բերում դնում ենք մեր սեղանի վրա: Այս մեխանիզմը, որ ասում եմ՝ մարդիկ տեղյակ լինեն, սա շատ կարևոր է: Այսինքն՝ սա հետո ի՞նչ հետևանքներ է ունենում առողջապահության ոլորտում: Իսկ Սևանում այսօր դրանք հասել են աննախադեպ ծավալների: Կենցաղային տեխնիկան է զարգացել, կենցաղային քիմիան է զարգացել, էժանացել է, դրանք դարձել են համատարած և այլն: Այն քիմիայի ծավալը, որ ամեն տարի լցվում է Սևանա լիճ, դա ուղղակի սարսափելի բան է: Եվ կարևոր է արձանագրել, որ այդ քիմիան վերադառնում է և մտնում մեր, մեր քաղաքացիների, մեր երեխաների օրգանիզմ, և առողջապահության ոլորտում ունենում ենք համապատասխան հետևանքներ: Մեր սերունդի այդ ընկալումը, ընմբռնումը գալիս է այս կարգի տեղեկատվության հետ հաղորդակցվելուց, որովհետև մարդը գիտակցում է ինչ է անում: Մենք, օրինակ, եկեք խոստովանենք, գեղագիտական է թվում թեման՝ դե Սևան լցվում է, այդքան էլ լավ չէ, խղճի խայթ և այլն, բայց իրականում թեման գեղագիտականից բացի, շատ ավելի մեծ ընդգրկում ունի, որը վերաբերում է ՀՀ ժողովրդի առողջությանը: Ես դեռևս միայն Սևանա լճի օրինակն եմ ասում, Արարատյան դաշտ, մնացած բոլոր տեղերը, գետեր և այլն, սա ֆունդամենտալ պրոբլեմ է: Եվ եթե այսօր կարգավորումները չստանանք, 50, 60 տարի հետո սա այնպիսի աղմկոտ ձևով է արտահայտվելու մեր իրականության մեջ, որ նույնիսկ սարսափելի է մտածել»,- ասել է վարչապետը և ընդգծել, որ ջրային ոլորտի կառավարման ռազմավարության մեջ այս խնդրին պետք է անպայման անդրադառնալ: 2023 թվականի հակահեղեղային առաջնահերթ միջոցառումներից ավարտվել և շահագործման է հանձնվել Ապարանի «ՔՅԱՆԴԱԼ» կոչվող սելավատարի մոտ 2000 մ-ը: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գտնվող և հրատապ լուծում պահանջող համայնքների ջրամատակարարման համակարգերի վերակառուցման ծրագրերի շրջանակներում 2023-ի ընթացքում Արարատի մարզի Դվին, Նոր Կյանք, Շահումյան, Արտաշատ, Ղուկասավան, Ոստան, Սիսավան, Բուրաստան, Արբաթ, Խաչփար բնակավայրերի շինարարական աշխատանքներն ավարտվել և հանձնվել են շահագործման։ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հաշվետվության համաձայն՝ ապահովվել է ջրի որակի համապատասխանությունը գործող ստանդարտներին՝ կազմելով 98.6 %։ 2023-ի ընթացքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում ջրամատակարարման միջին տևողությունը կազմել է՝ Երևան քաղաքում 23.2 ժամ/օր, այլ քաղաքային համայնքներում՝ 20.5 ժամ/օր, իսկ գյուղական տարածքներում՝ 20.2 ժամ/օր: Բարելավվել է հաշվառման համակարգը․ խմելու ջուր մատակարարող կազմակերպության սպասարկման տարածքում 2023 թվականին ջրաչափությունը կազմում է 99.8%՝ նախորդ տարվա 99.76% համեմատ։ Խմելու ջրի մասով գանձվել է շուրջ 95%` 2022 թվականի 94.2%-ի դիմաց կամ ավել է գանձվել շուրջ 0.8%։ Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում ծրագրի շրջանակներում շարունակվում են «Վեդի պատվարի և օժանդակ կառուցվածքների նախագծում և կառուցում» պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացումը։ Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների շինարարական աշխատանքների շրջանակում իրականացվում են մոբիլիզացիոն և գետի ջրի հեռացման համակարգի կառուցման աշխատանքները։ Փոքր և միջին ջրամբարաշինություն ծրագրում ներառված 15 ջրամբարներից՝ Աստղաձորի, Ելփինի, Քասախի, Լիճքի և Արթիկի մասով նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն ավարտման փուլում են, իսկ Արգիճիի ջրամբարի նախագծման աշխատանքների ժամկետներն երկարաձգվել են՝ տարածքում ենթակառուցվածքների (ՓՀԷԿ) առկայության պատճառով։ Մնացած 9 ջրամբարների մասով նախատեսվում է իրականացնել իրագործելիության ուսումնասիրություն: Օրվա կարգավորման թվով 31 ջրավազանների կառուցման և վերակառուցման համար, Ջրային կոմիտեի հետ կնքված համապատասխան պայմանագրերի շրջանակներում Խորհրդատու կազմակերպության կողմից ներկայացվել են օրվա կարգավորման թվով 28 ջրավազանների նախագծանախահաշվային փաստաթղթերի ամբողջական փաթեթները, որոնց վերաբերյալ ստացվել են քաղաքաշինական պարզ փորձաքննության դրական եզրակացություններ։ Ներկայացված փաթեթները գտնվում են համալիր փորձաքննության փուլում, որոնց դրական եզրակացությունների արդյունքում 2024 թվականի առաջին կիսամյակում կմեկնարկեն մրցույթները։ Մեկնարկել են աշխատանքները Ջրի ազգային ռազմավարության մշակման ուղղությամբ։Նշվել է, որ ջրային համակարգի արևային վահանակներով շարունակաբար վերազինումը ևս համարվում է կարևոր նպատակակետ։ ՋՕԸ-ների հետ համատեղ իրականացվել են խոշոր պոմպակայաններում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման հնարավորության ուսումնասիրություն և նախնական գնահատում։Հաջորդ առաջնահերթությունը ոոոգվող հողատարածքների ավելացումն է, կաթիլային ոռոգման անցման խրախուսումը։ Օգտագործելի ջրային ռեսուրսների ամբարման և կառավարման արդյունքում կավելացվեն ոռոգվող հողատարածքները, իսկ իրականացվող ծրագրերի արդյունքում հնարավոր կլինի նաև ընդլայնել կաթիլային ոռոգելի հողատարածքները։ Վերջին տարիներին պետության կողմից իրականացվում են սուբվենցիոն ծրագրեր՝ չսպասարկվող բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի խնդիրների լուծման համար: Աշխատանքներ են իրականացվում նաև վարկային և դրամաշնորհային ներդրումային ծրագրերով։ Ներկայումս Ջրային կոմիտեն համայնքների հետ աշխատանքներ է տանում՝ վերագնահատելու համար սուբվենցիոն և այլ ծրագրերի արդյունքում բարելավված վիճակը։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ պետք է տեղի ունենա ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն: «Իրազեկման հանգամանքը շատ կարևոր է: Մի շարք գյուղերում ասում են, թե մեր սարերի ջուրը մեզ վրա վաճառում եք: Մենք ասում ենք՝ ժողովուրդ, մեր և ձեր սարերի ջուրն անվճար է, դուք վճարում եք միայն նրա համար, որ ոչ թե դույլերով գնաք, սարից ջուր բերեք, այլ որ ձեր տան մեջ այդ ջուրը ստանաք: Շատ դեպքերում, սա թվում է թե պարզ բան է, բայց մարդն իր գործի, իր դարդի, իր հողի հետ միշտ չէ, որ այս նրբությունների մեջ խորանում է: Դա կարևոր է, մեզ համար էլ է կարևոր, որ ինքը դա իմանա, նաև իր համար էլ է կարևոր, որ ինքն իմանա»:
13:26 - 04 ապրիլի, 2024
Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության վարչապետ Լուիշ Մոնտենեգրուին՝ պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ այս պատասխանատու առաքելության մեջ: Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Պորտուգալիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև փոխշահավետ գործակցությունն առավել կընդլայնվի և կամրապնդվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, հատկապես՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին՝ կայուն առաջընթաց և բարեկեցություն»։
15:00 - 02 ապրիլի, 2024
Բաքվին հրավիրե՞լ են բրյուսելյան հանդիպմանը. ԱՄՆ Պետդեպի պարզաբանումը

Բաքվին հրավիրե՞լ են բրյուսելյան հանդիպմանը. ԱՄՆ Պետդեպի պարզաբանումը

Եռակողմ հանդիպումը Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների, նրա ժողովրդավարության, տնտեսության և կայունության մասին է։ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն այս հայտարարությունն է արել ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմը հրավիրվել է Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, որին մասնակցելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը։ Նա ընդգծել է, որ խաղաղության գործընթացը այս հանդիպման առանցքային թեմաներից չէ։  «Դա ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև հանդիպում է՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացիան, հումանիտար օգնությունը, փախստականներին տրվող աջակցությունը, ինչպես նաև այն աջակցություն է Հայաստանի քաղաքական բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը։ Այս հանդիպման առանցքում տարածաշրջանը չէ»,- եզրափակել է Միլլերը։ Հիշեցնենք՝ Բրյուսելում կարանալիք հանդիպման մասին հայտնել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը:
10:08 - 02 ապրիլի, 2024
ՀԱՊԿ-ն արձագանքել է պատասխանատվության գոտու վերաբերյալ Փաշինյանի հարցին |1lurer.am|

ՀԱՊԿ-ն արձագանքել է պատասխանատվության գոտու վերաբերյալ Փաշինյանի հարցին |1lurer.am|

1lurer.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանում իր պատասխանատվության տարածքը համարում է իր ինքնիշխան տարածքը կարգավորված պետական ​​սահմանների շրջանակներում, РБК-ին հայտնել են ՀԱՊԿ-ից։ Այսպես նրանք արձագանքեցին Երևանի պահանջին՝ պարզաբանել հանրապետությունում կազմակերպության պատասխանատվության տարածքի հարցը։ «Պատասխանատվության ոլորտի մասին ձևակերպումը բավականին բարդ է, և այն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան։ Որովհետև, համաձայն 2010 թվականի փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրվել է ՀԱՊԿ-ում, պատասխանատվության գոտին անդամ երկրների ինքնիշխան տարածքն է»,- ասվում է կազմակերպությունում։ Այնտեղ հիշատակված փաստաթուղթը 2010 թվականին Մոսկվայում ստորագրված Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման կարգավիճակի մասին համաձայնագիրն է։ ՀԱՊԿ-ում նշել են, որ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է Հայաստանի և նրա հարևանների միջև երկկողմանի հիմունքներով կարգավորված պետական սահմանը»: Մարտի 12-ին կառավարությունում հրավիրված ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի «այն հարցին, թե որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում»։ Փաշինյանի խոսքով՝ կազմակերպությունը և Ռուսաստանը «հստակ դիրքորոշում» են հայտնել, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը «կարմիր գիծ» է Մոսկվայի և կազմակերպության համար։ «Սակայն, երբ 2021 թվականի մայիսին Ադրբեջանի ներխուժման ժամանակ Հայաստանն արձանագրեց, որ կարմիր գիծն անցել է, ՀԱՊԿ-ը չարեց այն քայլերը, որոնք նշված են կանոնադրությամբ»,- ասել էր վարչապետը։ Այնուհետև եղան «Ադրբեջանի ներխուժումները 2021 թվականի նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերին»,- հավելել է Փաշինյանը։
18:41 - 01 ապրիլի, 2024
ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու պահանջով․ հայտարարություն

ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու պահանջով․ հայտարարություն

«Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը․   «ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը դիմում է ՀՀ ԱԺ երեք խմբակցություններին և անկախ պատգամավորներին՝ ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու և քվեարակության դնելու պահանջով՝ համաձայն ՀՀ սահմանադրության 115 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի։ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հիմքը նրա կողմից 2021 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Ծրագիր Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026 թթ.)» օրենքի ուժ ունեցող փաստաթղթի հիմնական բովանդակության բացարձակ խախտումն է։ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը փաստում է, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ գլխի 146 հոդվածի 2 կետի համաձայն․ «Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը», ինչպես նաև 152-րդ հոդվածի 1-ին կետով․ «Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը»: Հավելում ենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ գխի 7-րդ հոդվածի 1-ին կետով․ «Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք պարտադիր են Կառավարության անդամների համար»։ Մի քանի օրինակներով բացահայտենք վերոհիշյալ ծրագրի հռչակած հատկապես ռազմավարական նշանակության դրույթների և կառավարության իրականացրած քաղաքականության միջև ակնհայտ անհամապատասխանությունը։ Նախաբանի առաջին պարբերությունում նշվածէ՝ «Ծրագիրը հիմնված է 2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի․․․․, ՀՀ քաղաքացիների առջև ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ․ ռազմավարության վրա»։ Ընթերցելով «Նախաբանի» կետերը, համոզվում ենք, որ ՀՀ Կառավարությունը կարևորագույն սկզբունքներ հռչակելով, գործնականում վիժեցրել է դրանց բովանդակային իրագործումը։ Այսպես, խոստում՝ «Կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել հանրային և ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ։ Օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը կառավարության առաջնահերթ խնդիրներից է »։ Ինչպես անում են, առանց մեկնաբանության։ Ծրագրային խոստումները ենթակա էին պարտադիր կատարման, իսկ եթե դրանք ինչ-ինչ պատճառներով պետք է վերափոխվեին, ապա միայն ԱԺ կողմից ընդունված որոշումներից հետո։ Փաստ է, որ կառավարությունը ԱԺ չի դիմել և ինքնագլուխ իրականացրել է հայտարարածին հակառակ քաղաքականություն։ Մասնավորապես, գլուխ առաջին՝ «Անվտանգություուն և արտաքին քաղաքականություն»։ Մեջբերում՝ «Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործոններն են՝ Հայոց արդիականացվող բանակը, հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, բոլոր ուղղություններով նախաձեռնողական և արդյունավետ ներգրավման արտաքին քաղաքականությունը , ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը և այլն»։ Ø Հայոց արդիականացվող բանակն առ այսօր ձեռք չի բերել ժամանակակից սպառազինության այնպիսի տեսակներ, որի առկայությունը կզսպի թշնամու՝ մեր երկրի տարածքների նկատմամբ անհեթեթ և անհիմն պահանջատիրությունը։ Ø Ռազմաարդյունաբերության ոլորտը զարգացման տեսանկյունից, մրցունակ չէ, չի համապատասխանում արդիականացվող բանակի պահանջներին։ Դրա մասին են վկայում լայնածավալ զորավարժությունների բացակայությունը, ռազմական շքերթների իսպառ վերացումը, ինչը ժողովրդին և, հատկապես, թշնամուն, ի ցույց կդներ հայկական բանակի բացահայտ և թաքնված հզորությունը։ Ø Հայ-ռուսական ռազմավարական դաշինքին վերաբերող պարբերությունում ամրագրված արձանագրում-պարտավորությունները, ոչ միայն չեն կատարվել, այլ ամբողջությամբ տապալվել են։ ՀՀ կառավարությունը հարկ չի համարել դիմելու ԱԺ-ին՝ ռազմավարական դաշնակցի հետ իր կողմից խաթարված ծրագրի նոր սկզբունքները հաստատելու համար։ Կեղծ և մոլորեցնող նարատիվը, թե մենք հետապնդում ենք խաղաղության օրակարգ, միայն ոգևորում է թշնամուն՝ Հայաստանին նոր տարածքային պահանջներ պարտադրելու հարցում։ Ø «ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին» պարբերությունում կառավարությունը հավաստիացրել է, որ «շարունակելու է ակտիվրեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին․․․ որը լավագույնս կարտացոլի և կսպասարկի անդամ պետությունների շահերը և համատեղ նպատակները»։ Թե ինչ քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված կառույցի հետ բնականոն կանոնադրական փոխհարաբերությունների խաթարումը, ապագայի քննարկման հարց է։ Սակայն փաստ է, որ ՀՀ կառավարությունը չի տիրապետում կամ միտումնավոր անտեսում է խորքային, արշխարհաքաղաքական գործընթացների կանխատեսումը։ Մեկ այլ օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ենթաբաժնում հատուկ շեշտվում է համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման հարցում։ Ավելին, Արտաքին քաղաքականության ենթաբաժնում ուղղակի նշված է ՝ «Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են՝ Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովումը․․․․․․»։ Որպես կառավարության գլխավոր խնդիր է հայտարարվել «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովումը» և, մասնավորապես, «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»։ Այսինքն, ՀՀ կառավարությունը 2021թ․ չի էլ նախատեսում Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչել։ Իսկ արդեն մեկ տարի անց, ազգային-ազատագրական պայքարի արդյունք Արցախի Հանրապետության տարածքը ՀՀ վարչապետի բանավոր հայտարարությամբ Ադրբեջանի մաս ճանաչելը ոչ այլ ինչ է, քան գործող Սահմանադրության, Անկախության Հռչակագրի կոպտագույն խախտում և ևս մեկ լուրջ հիմք նրան անվստահություն հայտնելու համար։ Հաշվի առնելով, որ սույն Պահանջագրին կցում ենք մեր կողմից կազմված «100 պատճառ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար» գրքույկը, կանդրադառնանք նաև ՀՀ կառավարության վերջին հայտարարություններին միջպետական տարածքային փոփոխությունների վերաբերյալ։ Հիշեցնում ենք, որ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն կամ զիջում, ինչպիսի «հիմնավորում» էլ որ ներկայացվի, կարող է իրականացվել միմիայն համաժողովրդական հանրաքվեի արդյունքում։ Հակառակ պարագայում դա սահմանադրական նորմի խախտում է՝ իր բոլոր հետևանքներով՝ ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ կուսակցությունը 2021 թ․ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է նախընտրական պայքարին և ստացել ՀՀ ընտրողների մեծամասնության քվեն ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական կողմնորոշումներին և նպատակներին վերաբերող այն հիմնադրույթներով, որոնք օգոստոսի 18-ին դարձել են իր ղեկավարած կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի առաջնահերթությունները։ ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ։ Սակայն 2021 թ․ ընտրություններից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը խախտել է իր իսկ ծրագրի գրեթե բոլոր հիմնադրույթները՝ իրականացնեով տրամագծորեն հակառակ ուղեգիծ, այսինքն՝ նա պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից՝ որպես իր ծրագիրը ձախողած, ժողովրդի քվեից զուրկ անձ։ Դիմելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների պատգամավորներին, զգուշացնում ենք՝ յուրաքանչյուրդ կրում եք անձնական պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հայ ժողովրդի ճակատագիրը նախանշելու հարցում։ Հայի ազգային նկարագիրը ձևավորվել է որպես իր ինքնությունը պահպանող, ազգային արժեհամակարգին հավատարիմ, ընտանիքը պաշտպանող, Հայրենիքի և պետության համար մարտնչող, թշնամու առջև չընկրկող, արժանապատիվ մարդ։ Այսօր ձեր անհատական որոշումից է կախված՝ դուք համապատասխանու՞մ եք ներկայացված պահանջներին թե ոչ։ «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժում»։
17:16 - 01 ապրիլի, 2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին՝ Նոր տարվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին՝ Նոր տարվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին` Նոր տարվա առթիվ։ Ուղերձում ասված է․ Հայաստանի ասորական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով: Հաբ-Նիսանը սիրո, բերկրանքի ու պտղաբերության տոն է, որը խորհրդանշում է նաև բնության վերածնունդը: Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը, ինքնատիպ ավանդույթներով հարստացնում և ուրույն բազմերանգություն են հաղորդում մեր երկրին: Թող գարնանային այս պայծառ օրը ձեր տները լցվեն խինդով և ջերմությամբ: Թող ավանդական ուտեստներով համեմված, ազգային երգ ու պարով ուղեկցվող այս գեղեցիկ տոնը համախմբի բոլորիդ և նոր ձեռքբերումների, հաջողությունների ու բարեկեցիկ ապագայի սկիզբ հանդիսանա: Հայաստանում բնակվող, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ բարօրություն և երջանկություն: Շնորհավոր Հաբ-Նիսան:
11:00 - 01 ապրիլի, 2024
Չի կարող տարածքը լինել անորոշ, իսկ իրավունքը` կոնկրետ. Փաշինյան |1lurer.am|

Չի կարող տարածքը լինել անորոշ, իսկ իրավունքը` կոնկրետ. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետության մասին երրորդ զրույցում անդրադառնում է հիմնասյուներից հերթականին` տարածքին, առանց որի պետության գոյությունը հնարավոր չէ: Քաղաքացիությունը կապված է տարածքի հետ, եթե կա տարածք`  կա քաղաքացիություն, չկա տարածք`  չկա քաղաքացիություն, եթե խոսում ենք իրական, ոչ թե միֆական քաղաքացիությունից: Տարածքի հետ կապված են նաև իրավունքը և պարտականությունը. իրավունքը կապվում է տարածքի հետ, որովհետև գործում է տարածքում. չկա իրավունք, որը կապված չէ որևէ կոնկրետ տարածքի հետ: Երբ մենք հատում ենք երկրի սահմանը կամ այլ երկրի սահմաններ, ամբողջությամբ փոխվում է իրավունքների ու պարտականությունների համակարգը. յուրաքանչյուր տարածք ունի իր իրավունքների ու պարտականությունների համակարգերի առանձնահատկությունը»,- նշում է նա: Վարչապետի խոսքով` տարածքը իրավունքի և պարտականությունների մասին է նաև: Նա ընդգծում է` կարևոր է, որ արձանագրենք մեր պատկերացումները ինքնիշխան իրավունքի և պարտականության մասին: «Երրորդ հանրապետության գոյության ընթացքում մեր ինքնիշխան տարածքի վերաբերյալ պատկերացումները հաճախ զրկված են եղել կոնկրետությունից»,- ասում է Փաշինյանը:
10:21 - 01 ապրիլի, 2024
Նոր թունելներ ու դպրոցներ, հին «Հյուսիս-հարավ»․ կառավարության անկատար խոստումները
 |civilnet.am|

Նոր թունելներ ու դպրոցներ, հին «Հյուսիս-հարավ»․ կառավարության անկատար խոստումները |civilnet.am|

civilnet.am: Պետական մարմինները վերջին տարիներին հանդես են եկել շինարարական մի շարք հավակնոտ նախագծերով, որոնք, սակայն, թերի են իրականացվել կամ անգամ չեն մեկնարկել։ #CivilNetCheck-ը առանձնացրել է մի շարք նախագծեր, որոնք արդեն պետք է մեկնարկած կամ ավարտված լինեին, և փորձել է պարզել՝ ինչ փուլում են դրանք։ Հյուսիս-հարավ ճանապարհ Շուրջ 15 տարի առաջ մեկնարկած «Հյուսիս-հարավ» ճանապարհի որոշ հատվածների կառուցման աշխատանքներն այս իշխանությունների օրոք նույնպես դանդաղ են ընթանում։ «Հյուսիս-հարավ» նախագծի չորրորդ տրանշի (Արտաշատ-Սիսիան, Սիսիան-Քաջարան, Քաջարան-Ագարակ)՝ Սյունիքի հատվածում աշխատանքները նախատեսված էր բաժանել երեք մասի՝ Սիսիանից Քաջարան, Քաջարանի թունել, Քաջարանից Ագարակ: Հայտարարվում էր, որ շինարարությունը պետք է իրականացվի ՀՀ կառավարության և միջազգային մի շարք բանկերի համաֆիանանսավորմամբ։ Սիսիան-Քաջարանի շինարարությունը չի սկսվել Կառավարությունը դեռ 2021-ին Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը սահմանել էր որպես առաջնահերթություն։ 2022-ի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց 70 օր տևող նախաորակավորման մրցույթի մասին, որից հետո պիտի սկսվեր շինարարության աշխատանքների մրցույթը։ Մրցույթները բազմիցս հետաձգվել են։ 60 կմ երկարությամբ Սիսիան-Քաջարան մայրուղին «Հյուսիս-հարավ» ճանապարհի չորրորդ տրանշի ամենաբարդ հատվածներից է, որը պետք է ներառի 12 թունել և 27 կամուրջ ու կունենա։ 2023-ի տարեվերջյան զեկույցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ այդ հատվածի կառուցման ուղղությամբ կան մասնագիտական վեճեր, որոնց պատճառով շինարարությունը հետաձգվում է։ #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից (ՏԿԵՆ) հայտնել են, որ տվյալ պահին իրականացվել է միայն հատվածի բնապահպանական և սոցիալական ազդեցությունների լրացուցիչ գնահատում ու պատրաստվել է կառուցման մանրամասն նախագիծը։ Ֆինանսավորման վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են, և հստակեցումից հետո կհայտարարվի մրցույթ շինարարությունն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունների համար։ Այս հատվածի շինարարությունն պետք է սկսվեր 2023-ի աշնանը։ Սակայն հոկտեմբերին նոր միայն կնքվեց շինարարության պայմանագիր իրանական ընկերությունների հետ։ 2024-ի փետրվարին Ճանապարհային դեպարտամենտը հայտնեց, որ Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցման մեկնարկը տրվել է, իսկ մարտին, թե հատվածում կատարվում են «մոբիլիզացիոն ու նախապատրաստական աշխատանքներ»։ ՏԿԵՆ-ից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ մոբիլիզացիոն աշխատանքները կտևեն նվազագույնը երկու ամիս, իսկ շինարարությունը կմեկնարկի բարենպաստ եղանակային պայմանների դեպքում։ Մոդուլային դպրոցների կառուցումը չի մեկնարկել   Բացի ճանապարհներից՝ կառավարությունը վերջին տարիներին ակտիվ խոսում է դպրոցների կառուցման և վերակառուցման տարբեր նախագծերի մասին։ 2022-ի նոյեմբերին կառավարությունը որոշեց կրթական բարեփոխումների շրջանակում Սյունիքի մարզի Կապան համայնքի 13 բնակավայրում կառուցել 13 մոդուլային դպրոց։ ԿԳՄՍՆ-ից հայտնեցին, որ 13-ի փոխարեն ընտրվել է յոթ բնակավայր, որտեղ նոր դպրոցների շինաշխատանքները կմեկնարկեն 2024-ին։ Ընտրվածներից վեցի կառուցման համար մրցույթները դեռ չեն կայացել, ու պետք է նոր մրցույթներ հայտարարվեն։ Մոդուլային դպրոցների հարցին վերջերս անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր մոդուլային դպրոցներն իրականում փոքր շինարարություններ են: Ինդուստրիալ տրամաբանության մեջ եթե դնեն, շատ արագ կարելի է կառուցել, ամեն դեպքում ժամկետները կիսով չափ կրճատել և դուրս գալ: Հիմա, եթե նույն շինարարություններն այդքան հետաձգվում են, դա կոնկրետ տնտեսական ազդեցություն է ունենում բոլորի վրա: Պետք է գնանք առաջ և լուծենք այս հարցը»,- նշել էր Փաշինյանը։ Մոդուլային դպրոցների կառոիցումը ավելի խոշոր՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի առաջին փուլի մաս է։ Ավելի մանրամասն՝ civilnet.am-ում։ 
16:17 - 31 մարտի, 2024
Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ նոր, լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար. վարչապետ. Փաշինյան |azatutyun.am|

Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ նոր, լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար. վարչապետ. Փաշինյան |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար, Արտաշատում իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սրան հետևում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը, թե իբրև  Հայաստանի զինված ուժերի ինտենսիվ տեղաշարժ է նկատվում սահմանի տարբեր հատվածներում, և որում զգուշացնում է, թե «ռազմական սադրանքի ցանկացած փորձ կճնշվի ադրբեջանական բանակի կողմից»։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն այս հաղորդագրությանը դեռ չի արձագանքել։ Մինչ այդ երեկվա հանդիպմանը վարչապետը շեշտել է, որ խաղաղության ձգտումների և օրակարգի առիթով Հայաստանի իշխանություններին շատ հայհոյում են, ապա սուտ է որակել լուրերը, թե իր ղեկավարած կառավարությունը պատրաստվում է Տավուշի մարզի 4 գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Վարչապետը ևս մեկ անգամ հայտարարել է՝ Հայաստանի Հանրապետությունում երբևէ չեն եղել Կըզըլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի), Խեյրիմլի, Աշաղա Ասկիպարա, Բաղանիս Այրում անունով գյուղերը, ընդգծելով, որ Երևանը հավակնություններ չունի նշված գյուղերի տարածքների վրա։ «Սա պետք է շատ հստակ արձանագրել, առավել ևս այն պայմաններում, երբ մեզ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է գտնել, կամ առնվազն մեր գնահատականն է այդպիսին, որ Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ, տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար: Մեր քաղաքական դիրքորոշումը, ուղերձն այն է, որ Հայաստանն ընդհանրապես իր միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս որևէ հավակնություն չունի, ներառյալ նշված՝ Ադրբեջանի կողմից հիշատակվող գյուղերի տարածքների վրա, ընդ որում, ուզում եմ իմանաք, որ Կըզըլ Հաջիլի գյուղը 100 տոկոսով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո այսօր»,- երեկ ասել է Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ շատ կարևոր է ընդգծել, թե որտեղ է գտնվում Հայաստանի սահմանը։ Վարչապետը հույս է հայտնել, որ Ադրբեջանը նույնպես այս ուղղությամբ քայլ կանի:
10:30 - 31 մարտի, 2024
Ըստ Լավրովի՝ ԵՄ առաքելությունը վերածվել է ՆԱՏՕ-ի առաքելության |arm.sputniknews.ru|

Ըստ Լավրովի՝ ԵՄ առաքելությունը վերածվել է ՆԱՏՕ-ի առաքելության |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՀԱՊԿ-ը պատրաստ էր 2021-ին դիտորդական առաքելությունն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու համար։ «Известия» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հակիրճ պատմելով այդ նախաձեռնության ձախողման նախապատմությունը։ Լավրովը հիշեցրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության մանդատը լիովին համաձայնեցվել է 2021 թվականի աշնանը Երևանում կայացած նախարարական հանդիպման ժամանակ, որից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կոնսենսուսի բացակայության մասին և կանչել է Եվրամիության առաքելությունը։ Ըստ նրա՝ դրանից մի քանի օր անց Փաշինյանը Հայաստան կանչեց ԵՄ դիտորդական առաքելությանը՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա ընդամենը 2 ամսով է։ Իսկ 2 ամիս անց ԵՄ-ն կրկնապատկեց այդ առաքելությունը։ «Այժմ Հայաստան զինծառայողներ են ուղարկվում Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից՝ այն վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։ «Վերջին մի քանի տարիների այս ողջ պատմությունը խեղաթյուրվել է պարոն Փաշինյանի, նրա աշխատակիցների և Հայաստանի խորհրդարանի ղեկավարության կողմից»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ Նշենք, որ վերջին ամիսներին փորձագետները արձանագրել են հայ-ռուսական հարաբերությունների հետևողական վատթարացում։ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին և միջոցառումներին ու հրաժարվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Այս ամենը երբեմն ուղեկցվում է փոխադարձ մեղադրանքներով ու դիվանագիտական ​​նոտաներով։
10:33 - 29 մարտի, 2024
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Հայփոստ» ազգային օպերատորի զարգացման ռազմավարության նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների ու զարգացման տեսլականի մասին: Նշվել է, որ ռազմավարությունը մշակվել է միջազգային փորձի ուսումնասիրության և աշխարհում փոստային ոլորտի փոփոխությունների հիման վրա: Ընդգծվել է, որ ռազմավարական նպատակների իրականացմամբ ակնկալվում է ստեղծել արդիական լուծումներով փոստային ցանց, թվային լուծումներով փոստային ծառայություններ, ապահովել փոստային-ֆինանսական ծառայություններ և այլն: Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են կարծիքներ հայեցակարգային հարցերի շուրջ: Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է մշակել նախագծում նշված ռազմավարական նպատակների իրականացման ֆինանսական սխեմա, որի շուրջ առավել առարկայական կշարունակվեն «Հայփոստ»-ի զարգացմանն ուղղված քննարկումները:
17:37 - 28 մարտի, 2024