ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Դատախազությունը բարձրացնում է ապօրինի հարստացման գործերով քննությունների արդյունավետությունը

Դատախազությունը բարձրացնում է ապօրինի հարստացման գործերով քննությունների արդյունավետությունը

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է 2017-2020թթ. ՀՀ քրեական օրենսգրքի 3101-րդ (ապօրինի հարստանալը), 3142-րդ (գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելը) և 3143-րդ (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը, այս մասին տեղեկացրեցին ՀՀ դատախազությունից: Պարզվել է, որ 2017թ. ընթացքում վերոնշյալ հոդվածներով քրեական գործեր չեն հարուցվել, 2018թ.-ին հարուցվել է 3 քրեական գործ, իսկ 2019 և 2020թթ.-ին՝ 5-ական քրեական գործեր:  2018-2020թթ.-ին հարուցված և քննված վերոնշյալ քրեական գործերով ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել 11 անձ, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քննության արդյունքում հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է նշված քրեական գործերից 9-ի վարույթը, 3-ի նախաքննությունը շարունակվում է, 5 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքերով:  Քննված քրեական գործերից 1-ը մեղադրական եզրակացությամբ 2021թ.-ի ապրիլին ուղարկվել է դատարան, որի քննությունն ընթացքի մեջ է: Վերոնշյալ հանցագործությունների դեպքերով իրականացվող քննությունն ունի որոշակի առանձնահատկություններ: Մասնավորապես, ապօրինի հարստանալու հանցատեսակի քննության տեսանկյունից վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապացուցել, որ անձի ունեցած փաստացի և օրինական եկամուտների, գույքի միջև առկա է էական անհամապատասխանություն: Նման անհամապատասխանություն հայտնաբերելու եղանակ է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագիր չներկայացնելու կամ ներկայացված հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելու և/կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հանգամանքը պարզելը: Այսինքն, որպես կանոն, ապօրինի հարստացման հանցակազմի առերևույթ առկայությունը ենթադրում է նաև հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու,  հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հանցակազմերի առկայություն: Հաշվի առնելով ապօրինի հարստացման դեմ քրեաիրավական պայքարի ուժեղացման անհրաժեշտությունը, դրա նշանակությունը սոցիալական արդարության տեսանկյունից՝ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ դատախազության համապատասխան բոլոր ստորաբաժանումներին տվել է նշված հանցատեսակներով քննության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կոնկրետ հանձնարարականներ: Մասնավորապես,  հայտարարագրերում թերի կամ կեղծ տվյալների ներկայացման մեջ դիտավորության առկայության հանգամանքը պարզելու նպատակով խնդիր է դրվել պարտադիր քննության առարկա դարձնել չհայտարարագրված անշարժ գույքերի կադաստրային գործերը, որի արդյունքում հնարավոր կլինի պարզել համապատասխան գույքի համար հարկերի վճարման հաճախականությունը, վճարումներ կատարած անձանց, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել թանկարժեք կամ հայտարարագրման ենթակա այլ շարժական գույքի ձեռքբերման և օտարման փաստաթղթերը հայտնաբերելու և քննության առարկա դարձնելու ուղղությամբ: Բացի այդ, նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 3143-րդ հոդվածով որակյալ հանցակազմի համար պատասխանատվություն է նախատեսում առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրման համար, գույքի արժեքի հետ կապված մեկնաբանելիությունից և շահարկումներից խուսափելու նպատակով  խնդիր է դրվել միջոցներ ձեռնարկել յուրաքանչյուր դեպքում գույքի արժեքը որոշելու նպատակով նշանակել դատաապրանքագիտական փորձաքննություն: ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց առնչվող հանցագործության յուրաքանչյուր դեպքով ապահովել, որպեսզի պատշաճ քննության առարկա դարձվի նրանց կողմից ներկայացված հայտարարագրերը, միջոցներ ձեռնարկվեն նշված սուբյեկտների փաստացի ունեցած գույքի, եկամտի իրական չափը պարզելու ուղղությամբ: Իսկ անհամապատասխանություն հայտնաբերելիս՝ բավարար հիմքերի առկայության դեպքում հարուցել քրեական գործ կամ ձեռք բերված նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ ՀՔԾ-ին քրեական վարույթ հարուցելու հանձնարարություն տալու համար:
11:49 - 21 հուլիսի, 2021
Մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարին

Մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք առաջադրելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: «ՀՀ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել ալեհավաք կայանների տեղադրման համար Լոռու մարզի Ջրաշեն համայնքի հողամասերի տրամադրման գործընթացում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ։ Պարզվել է, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարը, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքում հեռահաղորդակցության օպերատորի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց բարձր վարձավճար վճարելու պատրաստակամության մասին, նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող բարձր վարձավճարների մուտքագրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ՝ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ հետագա տարիներին համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է հրապարակային սակարկություններ: Գլխավորելով հրապարակային սակարկությունները՝ նա կազմակերպել և օրենսդրության  պահանջների խախտմամբ անց է կացրել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու վերաբերյալ ձևական աճուրդ, որով հաղթող է ճանաչվել իր որդին: Արդյունքում 2006թ. հոկտեմբերի 2-ին Ջրաշեն գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող 0,1 հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով 76.590 ՀՀ դրամով օտարվել է վերջինիս, կնքվել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով հիշյալ հողամասը սեփականության իրավունքով հատկացվել է համայնքի ղեկավարի որդուն: Դրանից մեկ ամիս անց վերջինս, ամսական 100.000 ՀՀ դրամ վարձավճարով նույն հողամասը վարձակալության է հանձնել հեռահաղորդակցության օպերատոր ընկերությանը և մինչև 2021թ. հունիսի 30-նն  ընկած ժամանակահատվածի համար հիշյալ կազմակերպությունից ստացել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 17.260.000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ: Դրա հետևանքով ծանր վնաս է պատճառվել համայնքի իրավունքներին և օրինական շահերին՝ համայնքը զրկվել է իր սեփականություն հանդիսացող գույքից և այդ գույքի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 17.260.000 ՀՀ դրամի չափով, եկամուտ ստանալու հնարավորությունից։ Ելնելով նույն շահադիտական դրդումներից՝ համայնքի ղեկավարը մինչ օրս որևէ միջոց չի ձեռնարկել նշված հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու, հողամասի ոչ նպատակային օգտագործումը դադարեցնելու և հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման ուղղությամբ։ Նշված հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար Ջրաշեն համայնքի ղեկավարին 16․07․2021 թվականին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Գործով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղությամբ»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:02 - 16 հուլիսի, 2021
Պարտադիր զինծառայությունից խուսափած 323 անձ համաներվել է |hetq.am|

Պարտադիր զինծառայությունից խուսափած 323 անձ համաներվել է |hetq.am|

hetq.am: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու օրենքի շրջանակում 323 անձի նկատմամբ համաներում է կիրառվել: Այս մասին հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից: «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու» օրենքը կարգավորում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ, 27 տարին լրացած, (պահեստազորի դեպքում` 35) պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները: Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում զորահավաքային զորակոչից, վարժական հավաքից խուսափած անձինք օրենքի շահառու չեն կարող դառնալ: Դատախազությունից հայտնել են նաև, որ ևս 3 անձի նկատմամբ օրենքի դրույթների կիրառման կապակցությամբ կատարվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ: Օրենքի նախագծի խորհրդարանական քննարկմանը արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը հայտնել էր, որ մայիսի չորսի դրությամբ 327 հոդվածի առաջին մասի հատկանիշներով հետախուզվում է 5433 անձ: Հետաքրքրվել էինք նաև, թե նման քաղաքացիները հիմնականում որ երկրներից են վերադառնում և արդյոք Հայաստանից մեկնելու վերաբերյալ տվյալներ հավաքագրվում են: Դատախազությունից պատասխանել են, որ այդ քաղաքացիները հիմնականում ՌԴ-ից են վերադարձել, իսկ Հայաստանից մեկնելու վերաբերյալ տեղեկություններ առկա չեն:
13:12 - 16 հուլիսի, 2021
Գորիս համայնքի Որոտան գյուղում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Գորիս համայնքի Որոտան գյուղում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում վեր է հանվել և դատախազի ցուցումով փաստերն ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին է ուղարկվել 2021թ. հունիսի 10-ին aravot.am լրատվական կայքում «Օրինական կաշա՞ռք, թե՞ ... Գորիսի համայնքի ղեկավարը համաձայն չէ» վերտառությամբ հրապարակումը: Վերջինիս առթիվ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գորիսի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձը, պաշտոնական դիրքն օգտագործելով, համայնքի բյուջեից առերևույթ վատնել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 6.130.000 ՀՀ դրամ: Մասնավորապես՝ խախտելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2019թ. օգոստոսի 20-ի «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 69-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները, ըստ որի՝ համայնքի կամավոր խնդիրներն են համայնքի սոցիալապես անապահով բնակչության սոցիալական օգնության տրամադրման կազմակերպումը, 2021թ. հունիսի 9-ի թիվ 369-Ա որոշմամբ սոցալապես անապահով ընտանիքներ չհամարվող, ինչպես նաև այլ համայնքների բնակիչներ հանդիսացող 115 անձանց, որպես դրամական աջակցություն, տրամադրել է ընդհանուր 6.130.000 ՀՀ դրամ:  Դեպքի առթիվ  հունիսի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղի վարչական ներկայացուցիչ Ս. Օ.-ն 2021թ. հունիսի 20-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նույն գյուղի բնակիչների հետ կազմակերպել է հանդիպումներ, որոնց ներկա է գտնվել նաև Գորիս համայնքի ղեկավար Ա. Ա.-ն, և առաջարկել սոցիալական օգնություն ստանալու համար դիմումներ ներկայացնել Գորիս համայնքի ղեկավարին` երաշխավորելով, որ դրանք միանշանակ բավարարվելու են: Պարզվել է, որ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 09.06.2021թ. որոշմամբ Որոտան գյուղի թվով 31 բնակիչների սոցիալական աջակցվություն ստանալու վերաբերյալ դիմումները բավարվել են և տրամադրվել տարբեր չափի գումարներ: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված դիմումատուների մեծ մասը հանդիսանում են Ս. Օ.-ի ընտանիքի անդամները և հարազատները: Միևնույն ժամանակ, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս. Օ.-ն որոշ քաղաքացիների հայտնել է, որ սոցիալական աջակցույթուն տրամադրելու դեպքում պետք է մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին և քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին: Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված բերված փաստական տվյալներն առերևույթ պարունակում են ընտրակաշառք ստանալու և տալու հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:   Նկատի ունենալով, որ նշված հոդվածներով հարուցված քրեական գործերով նախաքննությունն իրականացվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ ՀՀ գլխավոր դատախազությունից քննչական ենթակայության կարգով քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ: Միաժամանակ, ՀՀ ՔԿ և ՀՀ ՀՔԾ-ի քննիչներից ձևավորվել է քննչական խումբ, որի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական, դատավարական այլ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:42 - 09 հուլիսի, 2021
Արթուր Դավթյանը և Քրիստոս Յակումոպուլոսը քննարկել են Արցախյան պատերազմի հումանիտար հետևանքները

Արթուր Դավթյանը և Քրիստոս Յակումոպուլոսը քննարկել են Արցախյան պատերազմի հումանիտար հետևանքները

Եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների միջազգային համաժողովի շրջանակում Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկկողմ հանդիպում է ունեցել  Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր վարչության ղեկավար Քրիստոս Յակումոպուլոսի հետ: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և ԵԽ-ի միջև առկա հարաբերությունների որակը, արժևորվել է հանցավորության դեմ պայքարում ԵԽ-ի և Հայաստանի միջև երկարամյա համագործակցությունը, որի շրջանակում ՀՀ դատախազությունը ներգրավված է ԵԽ համապատասխան ծրագրերում: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Արցախյան պատերազմի հումանիտար հետևանքները՝ հատկապես մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումների տեսանկյունից: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մասնավորապես, ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ 2020 թ. նոյեմբերի 10-ին հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ընդունումից հետո հայ զինծառայողների, ռազմագերու կարգավիճակում հայտնված անձանց, ինչպես նաև Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող քաղաքացիական անձանց իրավունքների տոտալ ոտնահարումների փաստերը: Գնահատելով դրանք անընդունելի ԵԽ անդամ ցանկացած երկրի պարագայում՝ Արթուր Դավթյանը էական է համարել միջազգային հանրության և, մասնավորապես, մարդու իրավունքների ոլորտում ԵԽ  կառույցների կողմից նման դրսևորումներին պատշաճ արձագանքելու անհրաժեշտությունը: Արթուր Դավթյանը նշել է, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործումը և հումանիտար բնույթի հարցերի ամբողջական և անկեղծ լուծումը կարող է լինել տարածաշրջանում խաղաղության հաստատման, տնտեսական և այլ բնագավառներում համագործակցության երաշխիք: Սակայն ադրբեջանական կողմի ապակառուցողական գործողությունները չեն նպաստում իրավիճակի կայունացմանը և ուղիղ հակասում են եռակողմ հայտարարության պահանջներին։ Որպես ապակառուցողականության ցցուն օրինակ՝ Արթուր Դավթյանը հիշեցրել է Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող անհիմն մեղադրանքներով ապօրինի քրեական հետապնդումների, շինծու դատավարությունների  կազմակերպման մասին՝ նշելով, որ դրանք ուղեկցվում են քրեական վարույթների շրջանակում հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված բազմաթիվ իրավունքների կոպիտ խախտումներով: Արթուր Դավթյանը ներկայացրել է նաև հայկական պատմամշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի զինուժի կողմից ազգային ատելության շարժառիթներով դիտավորությամբ կատարված հանցավոր ոտնձգությունները:     Երկկողմ պատրաստակամություն է արտահայտվել խնդրո առարկայի վերաբերյալ անհրաժեշտաբար իրականացնել տեղեկատվության փոխանակում:
11:31 - 09 հուլիսի, 2021
Արթուր Դավթյանը շեշտել է հայ գերիներին վերադարձնելու գործընթացի անվերապահ շարունակման անհրաժեշտությունը

Արթուր Դավթյանը շեշտել է հայ գերիներին վերադարձնելու գործընթացի անվերապահ շարունակման անհրաժեշտությունը

Սանկտ Պետերբուրգում կայացել է Անկախ պետությունների համագործակցության դատախազների համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների դատախազությունների միջև հաղորդակցության, միջազգային հարթակներում համագործակցության, ԱՊՀ տարածքում հանցավորության դեմ պայքարում անդամ երկրների իրավապահ մարմինների ներուժը կոնսոլիդացնելու և առավել արդյունավետ կիրառելու, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Անդամ երկրների գլխավոր դատախազները վստահություն են հայտնել, որ հանդիպումը նոր խթան կհանդիսանա համակարգող խորհրդի շրջանակներում կապերի հետագա ամրապնդման և անդրազգային հանցավորության առավել արդյունավետ հակազդման համար: Նիստից հետո կայացել է երկկողմ հանդիպում նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի միջև:  ՌԴ գլխավոր դատախազը բարձր է գնահատել ՀՀ իր գործընկերոջ դերը ինչպես երկու երկրների դատախազությունների միջև հարաբերությունների առավել սերտացման, այնպես էլ ԱՊՀ դատախազների համակարգող խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման, միջազգային հարաբերություններում գործընկերության ոգին ամրապնդելու առումով:   Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արցախյան հակամարտության գոտում ստեղծված հետպատերազմյան հումանիտար իրավիճակին, տարածաշրջանում խաղաղության ամրապնդման և Արցախի, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներին: Կարևորելով հայ ռազմագերիների և այլ անձանց վերադարձման հարցում վերջին շրջանում արձանագրվող որոշակի դրական տեղաշարժը՝ Արթուր Դավթյանը շեշտել է գործընթացի անվերապահ շարունակման անհրաժեշտությունն ինչպես միջազգային հումանիտար իրավունքի, այնպես էլ հրադադարի հաստատման 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով նախատեսված պարտավորությունների կատարման տեսանկյունից՝ որպես տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման կարևոր երաշխիք: ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է տարածաշրջանում կայունության ամրապնդման առումով ռուսական խաղաղապահ և այլ ուժերի կատարած աշխատանքը, անձամբ Իգոր Կրասնովի կառուցողական դերը իրավական-հումանիտար խնդիրների լուծման տեսանկյունից՝ մասնավորապես շեշտելով Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և այլ անձանց վերադարձման հիմնախնդրի լուծման շրջանակում անհրաժեշտ տեղեկատվության օպերատիվ փոխանակման, հրադադարի հաստատման եռակողմ հայտարարութան 8-րդ կետի կատարման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ներդրած նրա ջանքերը:   
14:50 - 08 հուլիսի, 2021
Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է գլխավոր դատախազների միջազգային համաժողովին, նախատեսված են հանդիպումներ նաև  գործընկեր երկրների գլխավոր դատախազների հետ

Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է գլխավոր դատախազների միջազգային համաժողովին, նախատեսված են հանդիպումներ նաև գործընկեր երկրների գլխավոր դատախազների հետ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային  այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգ քաղաքում  մեկնարկած եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների համաժողովին: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը: Բարձր մակարդակի այս միջոցառմանը մասնակցելու հրավերը ՀՀ գլխավոր դատախազը ստացել էր Ռուսաստանի Դաշնության իր գործընկեր Իգոր Կրասնովի կողմից՝ այս տարվա ապրիլին վերջինիս՝ Հայաստան կատարած այցի ընթացքում:  «Դատախազի դերը անհատի իրավունքների և հանրային շահի պաշտպանության ոլորտում՝ մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պահանջների լույսի ներքո» խորագիրը կրող համաժողովը կազմակերպել են ՌԴ գլխավոր դատախազությունը, Եվրոպայի խորհուրդը և «Դատախազների միջազգային ասոցիացիան»: Համաժողովի նպատակն է քննարկել ՄԻԵԴ տեսանկյունից դատախազության դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև օրենսդրության կատարման նկատմամբ դատախազական վերահսկողության, քրեական արդարադատությունից դուրս դատախազության ֆունկցիոնալ դերակատարության, կիբերհանցագործությունների, միջազգային ահաբեկչության  հակազդման, իրավական փոխօգնության կառուցակարգերի կատարելագործման խնդիրները, ինչպես նաև նշված ոլորտներում միջազգային համագործակցությանը, լավագույն փորձի փոխանակմանն առնչվող հարցեր: Համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա Հայաստանի Հանրապետության օրինակով անդրադարձել է Մարդու իրավուքնների եվրոպական կոնվենցիայի պահանջների համատեքստում քրեական վարույթի շրջանակում Դատախազության ուղղորդող լոկոմոտիվային դերին: ՀՀ գլխավոր դատախազը, մասնավորապես, ներկայացրել է ՀՀ դատախազության նախաձեռնությունները նախնական կալանքի կիրառման շրջանակում մարդու ազատության և անձնական անձեռնմխելիության պաշտպանության առումով ՄԻԵԴ ձևավորած նախադեպային իրավունքի մանրամասն ուսումնասիրությունների, դրա հիման վրա խափանման միջոց կալանքի միջնորդությունների բովանդակային նոր՝ ՄԻԵԿ 5-րդ հոդվածի իմաստին ու ոգուն համահունչ չափորոշիչներ ներդնելու ուղղությամբ: Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազը բարձրացրել է քրեական վարույթում ներգրավված, սակայն այլ երկրներում գտնվող անձանց հետ մեղադրյալների հակընդդեմ հարցման իրավունքի իրացման առավել արդյունավետ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը՝ ապահովելու համար Մարդու իրավուքնների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորվող իրավունքները: Այս տեսանկյունից, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, առավել խնդրահարույց է շարունակում մնալ հանգամանքը, որ թեև ժամանակակից տեխնոլոգիաները հնարավոր են դարձնում տեսակապի միջոցով հակընդդեմ հարցման իրականացումը, սակայն բազմաթիվ երկրներ չեն միացել «Քրեական գործերով իրավական փոխօգնության վերաբերյալ» եվրոպական կոնվենցիային, կամ խնդրո առարկայի հետ կապված տարբեր երկրներում գործում են խիստ տարբերակված իրավական ընթացակարգեր, որոնք ստեղծում են բարդություններ այդ երկրներում գտնվող անձանց հետ իրավական գործընթացի շրջանակում հաղորդակցման կազմակերպման համար:   Աշխատանքային այցի շրջանակում նախատեսված են նաև ՀՀ գլխավոր դատախազի երկկողմ հանդիպումներ գործընկեր երկրների գլխավոր դատախազների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:   
16:44 - 07 հուլիսի, 2021
Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազությունում հաստատվել է բժշկական կենտրոնի ղեկավարի կողմից այդ բուժհաստատության աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով՝ նրանց պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն, իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկելու և ընտրություններին մասնակցող կոնկրետ կուսակցության օգտին չքվեարկելուն առերևույթ պարտադրելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Ա. Չարչյանի, այսօր ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան. տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Արմեն Չարչյանը, հիշեցնենք, մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու մեջ:    
18:39 - 06 հուլիսի, 2021
Արմեն Չարչյանի պաշտպաններին հորդորում ենք դադարեցնել դատավարական օպոնենտին սևացնելը պաշտպանության տակտիկա դարձնելու ամոթալի դրսևորումները. դատախազություն

Արմեն Չարչյանի պաշտպաններին հորդորում ենք դադարեցնել դատավարական օպոնենտին սևացնելը պաշտպանության տակտիկա դարձնելու ամոթալի դրսևորումները. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի պաշտպաններին հորդորելով մնալ մասնագիտական էթիկայի սահմաններում:  «Այսօր քրեական գործով մեղադրյալ Արմեն Չարչյանի պաշտպաններն իրենց պաշտպանյալի խափանման միջոցի հարցով վերաքննիչ դատական նիստից հետո գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի հասցեին թույլ են տվել էթիկայի և բարոյականության սահմաններն անցնող, իրավաբանին անհարիր որակումներ՝ միաժամանակ ամբողջությամբ խեղաթյուրելով և բացառապես սեփական շահերի դիտանկյունից մատուցելով դատական նիստը հետաձգելու դատարանի որոշման պատճառները:  Նախ՝ դատախազի կողմից դատական նիստը հետաձգելու անհրաժեշտությունը չի  պատճառաբանվել աշխատանքային օրվա ավարտով: Դատարանն ի սկզբանե հայտարարել էր, որ նիստը շարունակվելու է աշխատանքային օրվա ավարտից մի փոքր ավելի՝ վկայակոչելով Վերաքննիչ դատարանում ձևավորված՝ նիստերն աշխատանքային օրվա սահմաններում անցկացնելու պրակտիկան, ինչին դատախազը չի առարկել: Սակայն երբ դատական նիստի ընթացքից դատախազի համար ակնհայտ է դարձել, որ, հաշվի առնելով իր խոսքի, ելույթի ծավալնելը, նիստը կարճ ժամանակում ավարտելու դեպքում հնարավորություն չի ունենալու իր հիմնավորումները ողջ ծավալով ներկայացնել, դատարանին առաջարկվել է հետաձգել նիստը: Ընդ որում՝ դատական նիստի ընթացքում դատախազը ներկայացրել է նիստը հետաձգելու իր առաջարկի պատճառները, որոնց հաշվառմամբ էլ դատարանը կայացրել է նման որոշում: Այդ ամենն արձանագրված է նիստի ձայնագրառմամբ՝ անկախ իրողությունները խեղաթյուրելու և դատավարական հակառակորդին վիրավորելը սեփական փաստարկների սնանկությունը ծածկելու միջոց դարձնելու պաշտպանների անհույս փորձերից: Իրենց խոսքում պաշտպաններն անընդհատ շահարկման առարկա են դարձնում իրենց պաշտպանյալի առողջական վիճակը՝ փորձելով հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե այն կախված է կալանքի վերաբերյալ որոշումից և անհիմն կերպով այդ ամենը մատուցելով որպես հակահումանիստական մոտեցում դատախազության կողմից:  Պաշտպանները ամեն կերպ միտումնավոր կերպով փորձում են անտեսել այն հանգամանքը, որ Ա. Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու պահից սկսած՝ առ այսօր վերջինս քրեակատարողական հիմնարկ չի մտել, գտնվում է իր նախընտրած բժշկական հաստատությունում, իր նախընտրած բժշկի հսկողության ներքո, և որ դատախազի կողմից որևէ քայլ առ այսօր չի արվել նրա բուժօգնության տրամադրությումը որևէ կերպ խոչընդոտելու ուղղությամբ: Պաշտպանները համառորեն փորձում են պատրանք ստեղծել, թե Ա. Չարչյանի առողջական վիճակի վատթարացումը պայմանավորված է եղել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման կայացման փաստով, մինչդեռ իրենք են նշել, որ առողջության վատթարացումը տեղի է ունեցել այդ որոշումը կայացվելուց առաջ:  Ինչ վերաբերում է այն անհեթեթ պնդումներին, թե դատական նիստի հետաձգմամբ դատախազը փորձ է արել ժամանակ ձգձգել և այդ վարքագիծը պատժիչ բնույթ է կրում, ապա ընդամենը մնում է հորդորել պաշտպաններին ավելի չանլրջացնել սեփական պնդումները և չմերկացնել դրանց մերկապարանոց լինելու հանգամանքը: Պաշտպաններն իրենք էին մինչև դատական նիստի մեկնարկը հանրայնացրել, որ Ա. Չարչյանին վերաբերող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Հարկ ենք համարում հիշեցնել, որ նախաքննության ավարտ հայտարարվել է քրեական գործը հարուցելուց ընդամենը 14 օր անց: Ակնհայտ է, որ ձգձգելու նպատակ հետապնդելու պարագայում նման սեղմ ժամկետներում նախաքննության ավարտ չէր հայտարարվի, դատախազի կողմից այդ ընթացքում վարույթն իրականացնող մարմնին քննությունը, անհրաժեշտ դատավարական, քննչական գործողություններն արագացնելու ցուցում չէր տրվի և պատշաճ դատախազական հսկողության ներքո այդ կարճ ժամանակահատվածում, օրինակ, 60 անձ հարցաքննության չէր ենթարկվի: Ուղղակի հորդորում ենք պաշտպանության կողմին դադարեցնել փաստերի աղավաղման, դատավարական օպոնենտին սևացնելը պաշտպանության տակտիկա դարձնելու այս ամոթալի դրսևորումները և մնալ մասնագիտական էթիկայի սահմաններում»,- ասված է հայտարարությունում:
22:34 - 02 հուլիսի, 2021
Հետաձգվել է Արմեն Չարչյանի գործով պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի քննությունը |armtimes.com|

Հետաձգվել է Արմեն Չարչյանի գործով պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի քննությունը |armtimes.com|

armtimes.com: Վերաքննիչ դատարանում ընթացող Արմեն Չարչյանի գործով պաշտպանական կողմի ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեցին Չարչյանի պաշտպանները: Ըստ նրանց, անկախ նախապես ձեռք բերված պայմանավորվածության, համաձայն որի բողոքի քննությունն ընթանալու էր աշխատանքային ժամի ավարտից հետո նաև, դատախազը չի ցանկացել այն շարունակել: «Պայմանավորվածություն ձեռք բերեցինք կողմեն ու դատարանը, որ ժամը 6-ից հետո (18:00) կարող ենք շարունակել մեր աշխատանքը, դատարանը կարող է լսել բոլոր կողմերին և ավարտել բողոքի քննությունը: Դտախազը չառարկեց, այսինքն մենք շարունակեցինք 6-ից հետո աշխատել, սակայն մի պահ դատախազն ինչ-որ հոգեվարքի մեջ հայտնվեց, նեղացավ, հայտարարեց, որ չի ցանկանում բողոքի քննությանն այս պահին մասնակցել, աշխատանքային ժամն ավարտվել է և ցանկանում է իր դիրքորոշումն արտահայտել հաջորդ դատական նիստին»,-տեղեկացրեց պաշտպանը:
19:47 - 02 հուլիսի, 2021
Գլխավոր դատախազը բարձրացրել է պատերազմի մասնակիցների, զինծառայողների հարազատների հոգեբանական օգնությունն ընդլայնելու անհրաժեշտության հարցը |armenpress.am|

Գլխավոր դատախազը բարձրացրել է պատերազմի մասնակիցների, զինծառայողների հարազատների հոգեբանական օգնությունն ընդլայնելու անհրաժեշտության հարցը |armenpress.am|

armenpress.am: Դատախազության գործառույթների իրականացման շրջանակում պարզվել է, որ վերջին ժամանակահատվածում արձանագրված մի շարք ինքնասպանության և ինքնասպանության փորձ կատարելու դեպքեր ուղղակի առնչություն ունեն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ 2020թ.-ին սանձազերծված պատերազմի արդյունքում անձանց մոտ առաջացած հոգեբանական խնդիրների հետ:  ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ մասնավորապես,  2021թ. մայիսի 3-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկում կատարված ինքնասպանության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 1975թ.-ին ծնված անձը, որը պատշգամբից նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել, որպես դիպուկահար, կամավորական հիմունքներով «Աջափնյակ» ջոկատի կազմում մասնակցել է 44-օրյա պատերազմին, գտնվել Հադրութում, Մարտակերտում՝ ողնաշարի և ոտքի շրջաններում ստանալով մարմնական վնասվածքներ: Պարզվել է, որ վերջինս մարտի դաշտում բազմաթիվ զոհեր է տեսել, կորցրել ընկերներին, պատերազմից վերադառնալուց հետո գտնվել դեպրեսիոն հոգեվիճակում, անընդհատ օգտագործել ալկոհոլ և 2021թ.-ի մարտ և ապրիլ ամիսներին ինքնասպանություն գործելու փորձեր կատարել: Մեկ այլ՝ 2021թ. մայիսի 10-ին  Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկում բնակարանի պատուհանից նետվելու միջոցով կատարված ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանկաում պարզվել է, որ ինքնասպանություն գործած անձի որդին՝ ժամկետային զինծառայողը, մասնակցել է 44-օրյա պատերազմին՝ լինելով ամենաթեժ կետերում՝ Շուշիում, Լիսագորում, Քարինտակում: Պատերազմի ընթացքում որոշ ժամանակ որդուց որևէ տեղեկություն չունենալով, տեղյակ լինելով նրա ընկերների զոհվելու մասին, հայրն այցելել է տարբեր դիահերձարաններ՝ փորձելով որոնել ու գտնել նրա դիակը, որի արդյունքում հոգեկան ներաշխարհը խաթարվել է: Բացի այդ, 2021թ. ապրիլի 26-ին Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի շենքերից մեկի բնակիչ, 1993թ. ծնված անձը զանգահարել է ԱԻՆ և հայտնել, որ կյանքին վերջ տալու նպատակով գտնվում է Երևան քաղաքի «Կիևյան» կամրջի մոտ: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքում նա բացատրություն է տվել այն մասին, որ կամավորական հիմունքներով մասնակցել է 2016թ. ապրիլյան և 2020թ. Արցախյան երկրորդ պատերազմի ռազմական գործողություններին: Պատերազմի ավարտից հետո չի կարողանում քնել, աչքերին զոհված զինծառայողների դիակներ են երևում, մշտապես վախի զգացողություն ունի, չի կարողանում քնել ու ապրելու ցանկություն չունի: Այսինքն՝ պատերազմը, ինչպես օրինաչափորեն բնորոշ է նմանատիպ իրավիճակներին, բացասական ազդեցություն է գործում մարդկանց, հատկապես պատերազմի մասնակիցների, զոհերի և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների՝ պատերազմի, որպես սոցիալական արհավիրքի, աղետաբեր հետևանքների անմիջական կրողների հոգեկան առողջության վրա՝ հանգեցնելով տարբեր հոգետրավմատիկ իրավիճակների, ընդհուպ՝ հոգեբանական տարբեր խանգարումների: Հոգեբանական նշված խնդրի ազդեցությունը կարող է լինել բավականին երկարատև և դժվար հաղթահարելի, եթե դրա չեզոքացման համար ձեռնարկվող միջոցառումները չլինեն բազմակողմանի և համալիր, այսինքն նշված անձինք առանձնահատուկ հոգածության կարիք ունեն: Հոգեբանական վերոնշյալ խնդիրների պատճառների և հետևանքների վերլուծությունը, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված գործողությունները ՀՀ դատախազության համար էական են՝ հաշվի առնելով հետպատերազմյան ողբերգական հետևանքները նվազագույնի դարձնելու անհրաժեշտությունը: Ելնելով վերոնշյալից, խնդրի լուծման հրատապությունից և սոցիալական նշանակությունից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ առաջարկելով վերը թվարկված դեպքերը քննարկման առարկա դարձնել պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրների լուծմամբ զբաղվող մասնագիտական շրջանակների հետ, առավել արդյունավետ և ընդգրկուն դարձնել պատերազմական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցած և նրանց ընտանիքների անդամներին տրամադրվող հոգեբանական և հոգեբուժական առաջնային օգնությունը: Առաջարկվել է նաև ընդլայնել հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ծառայությունների տրամադրումը:
16:22 - 02 հուլիսի, 2021