ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

2020-ի պատերազմի ընթացքում զոհվածների ընդհանուր թիվը 3788 է, անհայտ է 243 անձի գտնվելու վայրը, գերության մեջ է 40 անձ․ Նարեկ Մկրտչյան |tert.am|

2020-ի պատերազմի ընթացքում զոհվածների ընդհանուր թիվը 3788 է, անհայտ է 243 անձի գտնվելու վայրը, գերության մեջ է 40 անձ․ Նարեկ Մկրտչյան |tert.am|

tert.am: Ըստ քննչական կոմիտեի տվյալների՝ զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 3788 անձ, այդ թվում՝ 3712 զինծառայող, 76 քաղաքացիական անձ, անհայտ է 222 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 40 անձ, այդ թվում 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ։ Մինչ օրս Ադրբեջանի կողմից Հայաստան է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 114 զինծառայող և քաղաքացիական անձ»,-ասաց նա և նշեց, որ այս տվյալները հոկտեմբեր ամսվա տվյալներ են։ Նա հայտնեց, որ սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ վիրավորում և ստացիոնար բուժում է ստացել 7888 անձ, հաշմանդամություն է սահմանվել 1464 անձի համար, այդ թվում՝ 113-ը՝ առաջին խմբի հաշմանդամություն:
15:27 - 17 նոյեմբերի, 2021
Ավարտվել է ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից այլ անձանց հետ չարաշահումներ կատարելու դեպքերով հարուցված բազմադրվագ քրգործի նախաքննությունը. որպես մեղադրյալ է ներգրավվել 22 անձ

Ավարտվել է ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից այլ անձանց հետ չարաշահումներ կատարելու դեպքերով հարուցված բազմադրվագ քրգործի նախաքննությունը. որպես մեղադրյալ է ներգրավվել 22 անձ

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված համակողմանի քննության արդյունքում ձեռք է բերվել փոխկապակցված, հավաստի և բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Հ.Դ-ն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում դրսևորել է հակաիրավական վարքագիծ, որի շրջանակում կատարել է 12 դրվագ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ: Մասնավորապես. Հ.Դ-ն մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է տարբեր, այդ թվում՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերի՝  ընդհանուր շուրջ 8 միլիոն ՀՀ դրամ կաշառքներ, չարաշահել է իշխանությունը և պաշտոնեական դիրքը՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաև զորահավաքի շրջանակներում զորակոչվող անձանց առաջնագիծ չտանելու, իրենց նախընտրած զորամասում ծառայության անցնելու, ծառայության վայրն ինքնակամ թողնելուն նպաստելու, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակցին նախընտրած վայրում աշխատանքի տեղափոխելու և այլնի համար, որպիսի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառել զինվորական ստորաբաժանումների առջև դրված խնդիրների կատարման բնականոն ընթացքին, խախտվել է ստորաբաժանումների մարտական հաշվարկը, խաթարվել է ռազմական դրության ժամանակ զորահավաքի կազմակերպման և զորահավաքային զինծառայողների համալրման բնականոն գործընթացը: Զուգահեռաբար նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների անհրաժեշտ  համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ կոչումով գնդապետ պաշտոնյան, 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իր ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով գտնվելով Սյունիքի մարզի Գորիս քաղաքում,  գաղտնի եղանակով հափշտակել է ռազմական դրության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ 3.680.000 ՀՀ դրամ արժողությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով որպես մեղադրյալ են ներգրավվել ընդհանուր թվով 22 անձ, որոնցից 13-ի մասով քրեական գործը անջատվել է առանձին վարույթում և 2021 թվականի նոյեմբերի 12-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար, իսկ մնացած դրվագներով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:54 - 16 նոյեմբերի, 2021
Արթուր Ղազարյանի, ԱԺ նախկին պատգամավորի և մյուսների սպանության գործով պատգամավորի 3 որդիները կալանավորվել են |factor.am|

Արթուր Ղազարյանի, ԱԺ նախկին պատգամավորի և մյուսների սպանության գործով պատգամավորի 3 որդիները կալանավորվել են |factor.am|

factor.am: Քանաքեռցի Տույ մականվամբ հայտնի Արթուր Ղազարյանի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի և ևս երկու անձի աղմկահարույց սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են պատգամավորի երեք որդիները։ Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։ Սիմոնյանի ձերբակալված մյուս որդին և գործով անցնող Գևորգ Ջաբարյանն ազատ են արձակվել, Թադևոսյանի փոխանցմամբ՝ նրանց մեղադրանք չի առաջադրվել։ Հիշեցնենք՝ նոյեմբերի լույս 11-ի գիշերը, ժամը 2:45-ից սկսած, մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգեր են ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է 6 անձ։ Նրանցից 61-ամյա Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը, գիտակցության չգալով, մահացել են։ Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են սպանվածներից Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տանը։
10:48 - 16 նոյեմբերի, 2021
Հայտարարություն՝ «Ֆիզգորոդոկի» բնակիչ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի բնակարանի խուզարկման վերաբերյալ

Հայտարարություն՝ «Ֆիզգորոդոկի» բնակիչ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի բնակարանի խուզարկման վերաբերյալ

Մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ Ֆիզիկայի գիտավանի բնակիչ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի բնակարանի խուզարկման վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացում ենք ստորև․ «Մենք՝ ներքստորագրյալ կազմակերպություններս, խստիվ դատապարտում ենք վերջին շրջանում Երևանի Ֆիզիկայի գիտավանում ապօրինի շինարարության շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված պետական մարմինների ապօրինի գործողությունները կամ անգործությունը, որոնք իրավախախտումների կանխման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու իրենց պարտականության կատարման փոխարեն զբաղված են ապօրինությունների դեմ բարձրաձայնող բնակիչներին ահաբեկելով կամ դրա վրա աչք փակելով՝ փաստացի ստանձնելով իրավախախտողների պաշտպանի դերը: Վերոնշյալի դրսևորումն են նշված թաղամասի բնակիչ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները և, մասնավորապես, նրա բնակարանի չհիմնավորված խուզարկության փաստը, որն ակնհայտ նպատակ է հետապնդում լռեցնել ապօրինության դեմ պայքարող քաղաքացիների ձայները:  Ֆիզիկայի գիտավանում ակտիվորեն ընթանում են «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ի նախաձեռնած խնդրահարույց կառուցապատման գործընթացները, որի վերաբերյալ տարածքի բնակիչները պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցակազմի առկայության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել իրավապահ մարմիններին:  Համաձայն կառուցապատողի մոտ առկա փաստաթղթերի՝ տեղանքում իբր եղել է նկուղ, որի հիման վրա մասնավորեցվել է նախկինում հանրային և կանաչ տարածքը: Իրականում՝ նկուղի վերաբերյալ որևէ ապացույց առկա չէ։ Բնակիչներն ամիսներ շարունակ բազմակողմանի փորձաքննություն են ակնկալում քննչական մարմնից, պահանջելով տարածքի հողային շերտը ճանաչել որպես իրեղեն ապացույց, սակայն այս գործողությունները չեն իրականացվում։ Զուգահեռաբար՝ «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ն ակտիվորեն շարունակում է փորման աշխատանքներն ու տարածքից հեռացնում հողային շերտը:  Ապօրինության վերաբերյալ փաստարկները հիմնավորվում են նաև այն հանգամանքով, որ բնակիչների բազմաթիվ հարցումները՝ կառուցապատվող տարածքի իրավական կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, այդ թվում՝ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով հողերի փոխանցման սահմանափակումների մասով, հետևողաբար մերժվում են Երևանի քաղաքապետարանի կողմից: Ընդ որում, քննվող քրեական գործի շրջանակներում դրանց առգրավման վերաբերյալ տեղեկատվությունը ևս բացակայում է: Կառուցապատվող տարածքում հողամասի փորման աշխատանքները ցույց տվեցին, որ տեղում որևէ նկուղ կամ նույնիսկ պատ գոյություն չուներ: Փոխարենը բացահայտվեց, որ «ՌԱՏԿՈ»-ի հողահեռացման աշխատանքների արդյունքում վնասվել էին կոմունիկացիաներ՝ ջրային խողովակներ և էլեկտրականության մալուխներ։ Առկա է հողամասի փորման ողջ գործընթացի տեսագրությունը, ինչը բավարար հիմք պետք է հանդիսանար քրեական գործով ուսումնասիրվող հանգամանքները պարզելու համար, սակայն այս ապացույցի առկայությունն անտեսվել է: Փոխարենը՝ քննչական մարմիններն ու ոստիկանությունն ակտիվորեն ընթացք են տվել «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ի հաղորդման հիման վրա բնակիչների դեմ հարուցած գործերի քննությանը, մասնավորապես` ժամանակավոր մետաղյա ցանկապատի վրա կատարված գրությունների առնչությամբ, որն ուղեկցվել է այնպիսի գործողություններով, ինչպիսին է ապօրինի կառուցապատման դեմ պայքարող ակտիվ քաղաքացիներից մեկի բնակարանի խուզարկությունը:  Ակներև է, որ իրավապահ մարմինները  դիտավորյալ են ձգձգում բնակիչների կողմից բարձրացված փաստերով քննությունը, միևնույն ժամանակ` ակտիվորեն ընթացք տալով նրանց դեմ վարվող գործերին, ընդ որում՝ գործարկելով այնպիսի միջոցներ, որոնք կարող են ահաբեկել քաղաքացիներին և ստիպել ետ կանգնել իրենց իրավունքների համար մղվող պայքարից: Թաղամասում վերջին ամիսներին պարբերաբար բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և բնակիչների միջև` ուժի անհամաչափ կիրառմամբ, բռնության գործադրմամբ, անհիմն բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերով:  Հարկ է նշել, որ կառուցապատողի կողմից բազմիցս տարբեր առիթներով իրականացվել է առանձին բնակիչների թիրախավորում։ Մասնավորապես` Հանրային Հեռուստաընկերության եթերում տված հարցազրույցի ժամանակ «ՌԱՏԿՈ» ՍՊԸ տնօրեն Արթուր Մնացականյանը անվանական կերպով մատնանշել է ապօրինի կառուցապատման գործընթացները վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանին և իրավաբան Հայկ Հարությունյանին: Մեկ այլ դեպքում` Ազգային Ժողովում պատգամավոր Անուշ Բեղլոյանի հրավիրած հանդիպման ժամանակ, որին ներկա էին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, գիտավանի բնակիչներ, Ա․Մնացականյանը դիմել է Ս․Գրիգորյանին` ասելով, որ անձամբ իրեն երբեք թույլ չի տա մուտք գործել շինհրապարակ, և հարցին, թե ինչու` նա ցույց է տվել նախապես տպած և իր հետ բերած լուսանկար, որտեղ պատկերված էր Ս․Գրիգորյանը` շինաշխատանքներ իրականացնող բեռնատարներից մեկի առջևում կանգնած: Նման արարքները հստակ խոսում են Ա․Մնացականյանի կողմից առանձին բնակիչների հետապնդման ու թիրախավորման մասին։ Ակնհայտ է, որ անհիմն քրեական հետապնդումն ու խուզարկության հանգամանքը ևս տեղավորվում են ահաբեկման տրամաբանության մեջ` նպատակ ունենալով խոցելի դարձնել Սեդա Գրիգորյանին, միաժամանակ՝ նաև նախազգուշական ազդակ հղելով մյուս բնակիչներին՝ այդպիսով կանխարգելելու նրանց սահմանադրական իրավունքների պաշտպանությանը միտված պայքարը։  Ս․թ․ նոյեմբերի յոթին ժամը 14:00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երկու ոստիկան ժամանել են Սեդա Գրիգորյանի բնակարան` խուզարկություն իրականացնելու վերաբերյալ դատավորի որոշումով: Համաձայն որոշման, խուզարկությունն իրականացվում էր Ալիխանյան 6/1 հասցեում վիճելի կառուցապատումն իրականացնող «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ի շինհրապարակի ժամանակավոր մետաղյա թիթեղների վրա սեպտեմբերի 1-ին արված գրաֆիտի գրությունների («Հանրային տարածք», «Ազատ ծառեր», «Ազատագրենք Գորոդոկը») հետևանքով պատճառված գույքային վնասի շուրջ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ գրաֆիտային ներկանյութի տարան հայտնաբերելու նպատակով: Հարկ է արձանագրել, որ բնակարանի խուզարկության թույլտվություններ տրամադրող դատարանի նման որոշումները մեղմ ասած հիմնավորված չեն՝ հաշվի առնելով ներկանյութով ՌԱՏԿՈ ՍՊԸ-ին պատճառված վնասի հորինված լինելու հանգամանքը: Բնակարանի անձեռնմխելիության սահմանափակումը ենթադրում է դրա արդյունքում հայտնաբերման ենթակա առարկաների՝ գործով բացահայտվող հանգամանքների վերաբերելիության և իրականացվող դատավարական գործողության համարժեքության ապահովման պարտադիր պայման, ինչը քննարկվող իրավիճակում ակնհայտորեն բացակայում է: Բացի այդ, դատարանի որոշման մեջ նշված չի եղել, թե ինչ կարգավիճակով է գործում ներգրավված Ս․Գրիգորյանը, ինչի պատճառով նա հրաժարվել է ստորագրել խուզարկության արձանագրությունը: Ոստիկաններն ասել են, որ ակնկալում են խուզարկության արդյունքում բնակարանում հայտնաբերել կարմիր ներկի այն տարան, որով իրականացվել են գրությունները: Ս․Գրիգորյանն ասել է, որ բնակարանում նման ներկի տարա առկա չէ, ինչից հետո ոստիկանները խուզարկել են ողջ բնակարանը, ինչի արդյունքում ոչինչ չեն հայտնաբերել և չեն առգրավել:   Մենք՝ ներքոստորոգրյալներս, Ֆիզիկայի գիտավանի բնակիչների, և մասնավորապես՝ Սեդա Գրիգոյանի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող անհիմն քրեական հետապնդումները գնահատում ենք ոչ այլ ինչ, քան՝ ահաբեկում՝ ճնշելու ոչ միայն տվյալ տարածքի բնակիչների արտահայտման  ազատությունները և առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, այլև՝ առհասարակ արտացոլում են իշխանությունների վերջերս ավելի ու ավելի նկատելի քամահրական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և հանրային շահի նկատմամբ։  Նման վերաբերմունքը մասնավորապես զգալի է քաղաքաշինության ոլորտում՝ խիստ վիճահարույց պայմաններում և առերևույթ կոռուպցիոն դրսևորումներով ուղեկցվող թույլտվությունների տրամադրման գործընթացներում, որոնք՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ ներկայում, ըստ ամենայնի, հովանավորվում են բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց փոխկապակցված անձանց կողմից։ Ընդ որում, գործընթացներում առկա կոռուպցիոն դրսևորումները կամ կառուցապատման «տանիքի» դերում շրջանառվող բարձրաստիճան պաշտոնյաների առնչությունը համառորեն քննության առարկա չեն դարձվում իրավապահ մարմինների կողմից: Պահանջում ենք․ Կառուցապատողից՝ անմիջապես դադարեցնել Ֆիզիկայի գիտավանի բնակիչների նկատմամբ ճնշումները, ինչպես նաև կանգնեցնել վիճահարույց շինարարությունը՝ մինչև հողի օտարման հիմքերը քննող քրեական գործերի ավարտը և, առհասարակ, պատշաճ հաղորդակցվել տարածքի բնակիչների հետ։  Երևանի քաղաքապետարանից՝ տրամադրել քննարկվող տարածքի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին առնչվող սահմանափակումներն ամրագրող բոլոր փաստաթղթերը: Հակառակ դեպքում իրավապահ մարմինների կողմից դրանց կոծկումը պետք է դառնա քրեական գործի շրջանակում քննության առարկա: ՀՀ քննչական կոմիտեից՝ անմիջապես դադարեցնել շինծու քրեական գործով Ս․Գրիգորյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, և փոխարենը՝ պատշաճ քննել նախկինում հանրային կանաչ տարածք հանդիսացող հողամասի ապօրինի կառուցապատման գործը: ՀՀ արդարադատության նախարարությունից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից՝ քննության առարկա դարձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի՝ Սեդա Գրիգորյանի բնակարանը խուզարկելու իրավունք վերապահող որոշմամբ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով վերջինիս նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը»: Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ Ինֆորմացիայի ազատության կենտրոն  Մեդիա նախաձեռնությունների կենտրոն Երևանի մամուլի ակումբ Կանանց ռեսուրսային կենտրոն Իրավունքի ուժ ՀԿ Ազատ քաղաքացի ՔՆԱԿ ՀԿ  Հեռանկարային զարգացման կենտրոն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե  Իրազեկ քաղաքացիների միավորում  Restart գիտակրթական հիմնադրամ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ  ՄԻՏՔ ՀԿ ուրբանլաբ Խաղաղության երկխոսություն Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն Վելես իրավապաշտպան ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ Ռեստարտ Գյումրի նախաձեռնությունների կենտրոն ՀԿ Գորիսի մամուլի ակումբ ՀԿ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ Հայաստանի իրավական պաշտպանության կոմիտե իրավապաշտպան ՀԿ Իրավունքի գերակայություն ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան ՄեդիաԱկումբ ՀԿ Լուսինե Խառատյան, ՀՀ քաղաքացի Գայանե Շագոյան, ՀՀ քաղաքացի Կարեն Հակոբյան, ՀՀ քաղաքացի
14:07 - 15 նոյեմբերի, 2021
Քանաքեռում 4 անձի սպանության գործով ձերբակալվածների թիվն ավելացել է

Քանաքեռում 4 անձի սպանության գործով ձերբակալվածների թիվն ավելացել է

 ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում՝ 4 անձի սպանության գործի շրջանակներում կա ևս մեկ ձերբակալված՝ 19-ամյա երիտասարդ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ այդ երիտասարդը դեպքի օրը  «Աջ սրունքի դրսային մակերեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել էր Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 2021թ. նոյեմբերի 11-ին 6 անձ, հրազենային տարբեր մարմնական վնասվածքներով, բուժօգնության էր ընդունվել Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ, նրանցից երկուսը, գիտակցության չգալով, մահացել էին: Եվս երկու տղամարդու դիակ հայտնաբերվել էր դեպքի վայրում: Կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում նշված քրեական գործով ձերբակալվել է 5 անձ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:19 - 12 նոյեմբերի, 2021
Քանաքեռում 4 անձի սպանության գործով ձերբակալվել է 4 անձ. ՔԿ

Քանաքեռում 4 անձի սպանության գործով ձերբակալվել է 4 անձ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը. 4 անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ՔԿ-ն: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2021թ. նոյեմբերի 11-ին 4 անձ, հրազենային տարբեր մարմնական վնասվածքներով, բուժօգնության է ընդունվել Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ: Նրանցից երկուսը, գիտակցության չգալով, մահացել են: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերը նշված բոլոր անձինք հրազենային վնասվածքները ստացել են Երևան քաղաքի Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ: Կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ևս երկու տղամարդու դի, ինչպես նաև՝ 28 հատ տարբեր տրամաչափի պարկուճ, 12 գնդակ, 4 ատրճանակ և 2 ինքնաձիգ: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:03 - 11 նոյեմբերի, 2021
Մերձավան համայնքին պատճառվել է շուրջ 8 մլն ՀՀ դրամ գումարի վնաս. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին․ ՔԿ

Մերձավան համայնքին պատճառվել է շուրջ 8 մլն ՀՀ դրամ գումարի վնաս. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մերձավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 2021թ. հուլիսի 18-ին քաղաքացուց դիմում է ստացվել այն մասին, որ Մերձավան համայնքի ղեկավարը համայնքի բնակիչներ չհանդիսացող մի խումբ անձանց, այդ թվում՝անչափահասների, տրամադրել է Մերձավանի տարածքում անհատույց հողամասեր ստանալու վերաբերյալ կեղծ քաղվածքներ: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 325-րդ հոդվածի 1-ին մասերով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողություններով պարզվել է, որ Մերձավան համայնքի ղեկավարը, 1996 թվականից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, 2007-2008թթ. ընթացքում կեղծ քաղվածքներ է տրամադրել այն մասին, որ Էջմիածնի շրջանային սովետի գործկոմի 29.09.1990թ. որոշմամբ՝ համայնքի բնակիչներ չհանդիսացող անձինք ստացել են տարբեր չափերի տնամերձ հողամասեր, որոնց հիման վրա վերջիններս ՀՀ կադաստրի կոմիտեում հիշատակված հողամասերի նկատմամբ գրանցել են իրենց իրավունքներն ու ստացել համապատասխան սեփականության վկայականներ՝ այդ կերպ համայնքին պատճառելով, նախնական տվյալներով, 8.613.000 ՀՀ դրամ գումարի վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ իրականում Էջմիածնի շրջանային սովետի գործկոմի նման որոշում գոյություն չունի, ըստ համայնքի սեփականությունից օգտված անձանց վերաբերյալ գոյություն ունեցող արձանագրության՝ վերոհիշյալ քաղաքացիների անվամբ հողհատկացումներ չեն իրականացվել, իսկ 2006-2010թթ. համայնքային գրքերի զննությամբ հաստատվել է, որ հիշյալ քաղաքացիները նույն համայնքում որպես առանձին ծուխ երբևէ հաշվառված չեն եղել և նրանց անուններով տվյալ մատյաններում որևէ տեղեկատվություն առկա չէ: Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու, վերոհիշյալ քրեական գործին միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Մերձավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:27 - 11 նոյեմբերի, 2021
Քանաքեռում տեղի ունեցած կրակոցների փաստով քրեական գործ է հարուցվել․ Ոստիկանություն

Քանաքեռում տեղի ունեցած կրակոցների փաստով քրեական գործ է հարուցվել․ Ոստիկանություն

Նոյեմբերի 11-ին, ժամը 02.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում մարդ է վիրավորվել։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։ Ժամը 03.55-ին ահազանգեր են ստացվել հիվանդանոցներից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 6 տղամարդ։ Մեկնել է օպերատիվ-քննչական խումբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են 42-ամյա Ա. Ղ.-ի և 37-ամյա Ա. Խ.-ի դիակները՝ հրազենային վնասվածքներով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 45 պարկուճ և գնդակներ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից 38-ամյա Ա. Բ.-ն և 61-ամյա Ա. Ս.-ն մահացել են։ Կատարվում է նախաքննություն։
10:43 - 11 նոյեմբերի, 2021
«Տաշիր Պիցցա» սննդի կետերում սուր աղիքային թունավորման դեպքերի գործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ

«Տաշիր Պիցցա» սննդի կետերում սուր աղիքային թունավորման դեպքերի գործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ

ՀՀ քննչական կոմիտեում մեկնարկել է համապատասխան քննություն՝ պարզելու 2021թ. հոկտեմբերի 3-ից Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գործող «Տաշիր Պիցցա» սննդի կետերում տարբեր տեսակի սնունդ օգտագործելու արդյունքում մի շարք քաղաքացիների սուր աղիքային թունավորում ստանալու դեպքերի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Հավելենք, որ հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ հոդվածի 2-րդ կետով ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթ: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:24 - 11 նոյեմբերի, 2021
Հակառակորդի կողմից Խաչիկ գյուղի բնակչին սպանելու փորձի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Հակառակորդի կողմից Խաչիկ գյուղի բնակչին սպանելու փորձի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

2021 թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, կրակոց են արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի՝ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի վարչական տարածքում «Դուզ» կոչվող հանդամասում վարուցանք կատարող՝ նույն գյուղի բնակիչ Թ. Ասատրյանի վարած «ԴՏ-75» տրակտորի ուղղությամբ: Կրակոցի հետևանքով կոտրվել է տրակտորի ձախակողմյան ապակին: Հակառակորդին, սակայն, չի հաջողվել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ տրակտորում գտնվող Թ. Ասատրյանին հաջողվել է թաքնվել, նա մարմնական վնասվածքներ չի ստացել: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում: Հայ-ադրբեջանական շփման գոտում արձանագրվող հանցավոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվության օպերատիվ փոխանակման վերաբերյալ ՀՀ, ՌԴ և ԱդՀ գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում գյուղտնտեսական աշխատանք կատարող խաղաղ բնակչի սպանության փորձի, դրանով իսկ սահմանամերձ բնակավայրի քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի, բնականոն կենսագործունեության նկատմամբ կատարված հերթական հանցավոր ոտնձգության, նման սադրանքով հրադադարի ռեժիմի խախտման դեպքի վերաբերյալ տվյալները փոխանցվել են ռուսական կողմին՝ պատշաճ և օբյեկտիվ համատեղ քննության նախաձեռնմամբ կատարվածին գնահատականներ տալու նպատակով: Նույն նպատակով ռուսական կողմին է տրամադրվել նաև  2021 թ. նոյմեբերի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ԱՀ Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանքում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի կողմից ազգային ատելության շարժառիթով, խաղաղ բնակչությանն ահաբեկելու համար ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող Արցախցի 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցներ արձակելու, դրա հետևանքով 1 անձի սպանելու, 3-ին հրազենային մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի վերաբերյալ նյութերը:
14:57 - 10 նոյեմբերի, 2021
Քասախի համայնքապետին կալանավորելու որոշում է կայացվել |1lurer.am|

Քասախի համայնքապետին կալանավորելու որոշում է կայացվել |1lurer.am|

1lurer.am: Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին կալանավորելու որոշում է կայացվել։ Տեղեկությունը հաստատել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթման համար։ Նախաքննության սկզբում դատարանը մերժել էր նրան կալանավորելու միջնորդությունը։ Որոշումը, սակայն, դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որն էլ բավարարել է այն և Մկրտչյանին կալանավորելու որոշում կայացրել։ Ըստ ՀՔԾ-ի ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ Արա Մկրտչյանը, օգտագործելով օրենքով իրեն վերապահված` հիշյալ համայնքի բնակիչների իրավունքների ու պարտականությունների հետ կապված մի շարք կարևոր լիազորություններ ունենալու հանգամանքը, ինչպես նաև շահարկելով դստեր` Աննա Մկրտչյանի` «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների ցուցակի 3-րդ տեղում ընդգրկված լինելը և արտահայտելով իր մերժողական դիրքորոշումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ, նախկին տարիներին որպես համայնքի ղեկավար իր լիազորություններն իրականացնելը ներկայացրել է իբրև համայնքի բնակիչների համար կատարած «լավություն»: Այնուհետև, նշելով, որ ժամանակն է կատարվածի դիմաց պատասխան «լավությունը» ստանալու, Արա Մկրտչյանը գույքին վնաս պատճառելու, այն է՝ տարիներ առաջ արված ասֆալտը քանդելու, այդ կերպ տվյալ համայնքի և ընկերության աշխատակիցների աշխատանքային, կենցաղային պայմանները վատթարացնելու սպառնալիքով ժողովին ներկա անձանց հարկադրել է դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միաժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին:
10:12 - 10 նոյեմբերի, 2021
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Հին Թաղեր գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի կալանավորված հրամանատարի գործի վերաբերյալ

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Հին Թաղեր գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի կալանավորված հրամանատարի գործի վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեն  զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա կալանավորվել է գումարտակի հրամանատար: Քննչական կոմիտեից մանրամասնում են՝ պարզվել է, որ Ջ.Մ.-ն, զբաղեցնելով հրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնը և հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, 2020թ. նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հրաման է ստացել մարտական հերթապահություն կատարելով ապահովել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր տեղամասի արևելյան սահմանի թվով 12 մարտական դիրքերի անվտանգությունը, սակայն 2020թ.  դեկտեմբերի 11-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերել է պաշտոնեական անփութություն, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր տեղամասի արևելյան սահմանի 12 մարտական դիրքերն անցել են թշնամու վերահսկողության տակ, վերջինիս ենթակայության ներքո գտնվող թիվ N մարտական դիրքում տեղակայված անձնակազմի զինծառայողները հայտնվել են շրջափակման մեջ, որից ինը զինծառայողներ զոհվել են, երկուսը՝ գերեվարվել: Հիշյալ հրամանատարին դեռևս 2021թ. ապրիլի 30-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով և միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը 2021թ. մայիսի 1-ի որոշմամբ մերժվել էր։ Նշվում է, որ քրեական գործով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից նշված որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը դատարանի կողմից բավարարվել է, և գործն ուղարկվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2021թ. նոյեմբերի 8-ին բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, և մեղադրյալ Ջ.Մ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:30 - 09 նոյեմբերի, 2021
«Տաշիր պիցցա»-ի սննդի հետևանքով 171 քաղաքացու թունավորման փաստով քրեական գործ է հարուցվել. ՔԿ |armtimes.com|

«Տաշիր պիցցա»-ի սննդի հետևանքով 171 քաղաքացու թունավորման փաստով քրեական գործ է հարուցվել. ՔԿ |armtimes.com|

armtimes.com: «Տաշիր պիցցա»-ի սննդի կետերում 171 քաղաքացիների թունավորման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Նշվում է, որ հարուցվել է քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2–րդ մասի, 2–րդ կետով ( Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ, որն անզգուշությամբ վնաս էպատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը): Հիշեցնենք, նոյեմբերի 7-ի ժամը 20:30-ի դրությամբ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրվել է թունավորման ընդհանուր 171 դեպք, ստացիոնար բուժում շարունակում է ստանալ 99 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, 72 քաղաքացի դուրս են գրվել: Առաջին ահազանգը եղել էր հոկտեմբերի 4-ին: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ից ստացված տեղեկատվության համաձայն, այդ օրը Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն էր ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։ Բոլոր քաղաքացիները նշել էին, որ սնվել են «Տաշիր պիցցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող: Այնուհետև թունավորվածների թիվը հասել էր 57-ի,  98-ի, 122-ի, վերջում հայտնի եղավ 171 տուժածի մասին: Հոսպիտալացվածներին այցելել էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Տաշիր պիցցա» սննդի ցանցն էլ հայտարարություն էր տարածել այն մասին, որ իրենց մասնաճյուղերը ժամանակավորապես փակվելու են՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով:
10:25 - 09 նոյեմբերի, 2021
Հարուցվել է քրգործ ճաշարանում հրազենից արձակված կրակոցի հետևանքով ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ

Հարուցվել է քրգործ ճաշարանում հրազենից արձակված կրակոցի հետևանքով ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գրիգոր Սահակի Վարդանյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՔԿ-ն: Նախնական տվյալներով՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանում գտնվող մարտական դիրքում զինծառայողի կողմից խախտվել են մարտական հերթապահության իրականացման կանոնները, ինչի արդյունքում 2021թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 04։20-ի սահմաններում, մարտական դիրքի ճաշարանում, հրազենից արձակված կրակոցից վիրավորում է ստացել նշված մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գրիգոր Սահակի Վարդանյանը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:28 - 08 նոյեմբերի, 2021
Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով մեղադրյալներ չկան․ ՔԿ նախագահի տեղակալ |1lurer.am|

Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով մեղադրյալներ չկան․ ՔԿ նախագահի տեղակալ |1lurer.am|

1lurer.am: Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով առաջիկայում հանգուցալուծում կլինի։ Այս մասին այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։ Նա նշեց, որ տևական ժամանակ է՝ այս գործով քննություն են իրականցրել և մոտեցել են ավարտական փուլին։ Հարցին՝ գործով մեղադրյալներ կա՞ն, Այվազյանը բացասական պատասխան տվեց։ Հարցին ի պատասխան՝ հանգուցալուծումը գործը կարճելու տեսքո՞վ է լինելու, ՔԿ նախագահի տեղակալն ասաց, որ կանխատեսում չի անի։ Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։
14:05 - 03 նոյեմբերի, 2021
Մասիսում քաղաքաշինական նորմերի խախտումներով ավտոգազալցակայան է կառուցվել․ մեղադրանք է առաջադրվել քաղաքապետարանի մի աշխատակցի և բնակչի

Մասիսում քաղաքաշինական նորմերի խախտումներով ավտոգազալցակայան է կառուցվել․ մեղադրանք է առաջադրվել քաղաքապետարանի մի աշխատակցի և բնակչի

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի կողմից իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով Վաղարշապատ-Մասիս հանրապետական նշանակության ավտոճանապարհին ավտոգազալցակայանի կառուցման դեպքի հանգամանքները, որի առթիվ համապատասխան քրեական գործը հարուցվել էր  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան    գրության հիման վրա, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետը, 2019թ. հունիսից զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական լիազորություններով օժտված պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները,  իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ էական վնաս պատճառելով Մասիս համայնքի օրինական շահերին։Մասնավորապես պարզվել է, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Արարատյան փողոցում գտնվող, 0.066 հա մակերեսով հողամասի վրա Մասիս քաղաքի 31-ամյա բնակչի կողմից հեղուկ վառելիքի լիցքավորման կայան կառուցելու էսքիզային նախագիծը 2019թ. ապրիլի 29-ին մերժվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ համապատասխան նորմերի պահանջներին չբավարարելու հիմքով: Շրջանցելով նշված մերժումը՝ 31-ամյա տղամարդը դիմել է Մասիս համայնքի ղեկավարին և համայնքապետարանից ստացել է նախագծման թույլտվություն-ճարտարապետահատակագծայինառաջադրանք՝ նույն հասցեում ավտոլվացման կետ նախագծելու համար:Մասիսի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետը, քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրելով 31-ամյա տղամարդու կողմից ներկայացված փաստաթղթերը, համապատասխան նորմերի և որոշման պահանջների անտեսմամբ, 2019թ. հուլիսի 19-ին Մասիս քաղաքային համայնքի ղեկավարի ստորագրմանն է ներկայացրել շինարարության թույլտվություն, որով նշված անձին թույլատրվել է Մասիս քաղաքի Արարատյան փողոցում կառուցել 2-րդ կատեգորիայի ավտոլվացման կետ։Վերջինս, առանց տեխնիկական հսկողության և շինարարական կապալի պայմանագրերի, մասնավոր շինարարների միջոցով 2019թ. հուլիսից սկսել է իրականացնել շինարարական աշխատանքներ, սակայն շինարարության թույլտվությամբ և նախագծով նախատեսված 85 ք/մ մակերեսով միջին ռիսկայնության ավտոլվացման կետի փոխարեն նշված հասցեի հողամասում, ինչպես նաև այդ նպատակի համար չհատկացված համայնքապատկան հողամասում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, փաստացի կառուցել է 371.94 ք/մ մակերեսով բարձր ռիսկայնության աստիճանի հեղուկ վառելիքի և հեղուկացված նավթային գազերի լիցքավորման կայան։2019թ. հոկտեմբերին հիշյալ 31-ամյա տղամարդը դիմել է քաղաքապետարանի աշխատակցին՝ շինարարության ավարտը փաստագրելու համար: Աշխատակիցը, տեղյակ լինելով վերոնշյալ հասցեում ենթադրյալ ավտոլվացման կետի կառուցման ընթացքում կառուցապատողի կողմից թույլ տրված մեծաքանակ խախտումների մասին, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով վերջինիս հետ՝  դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել վերը թվարկված խախտումներն արձանագրելու, նշված շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, նրան վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։Բացի այդ, տվյալ անձը քաղաքապետարանի աշխատակցի խորհրդով, նախնական համաձայնության գալով ՍՊ ընկերությունների տնօրենների և անհատ ձեռնարկատիրոջ հետ, ձեռք է բերել գործընթացին անհրաժեշտ՝ հետին ամսաթվով կնքված կապալի, տեխնիկական հսկողության վերաբերյալ կեղծ պայմանագրեր, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ կազմել է  ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի կեղծ ակտ, որի համաձայն նշված հասցեում կառուցված շինարարական օբյեկտը իբրև համապատասխանել է նախագծին և գործող քաղաքաշինական նորմերին, որը  ստորագրվել է շինարարության նկատմամբ իբրև թե տեխնիկական հսկողություն իրականացրած անհատ ձեռնարկատիրոջ և  շինարարական աշխատանքներն իրականացրած ՍՊԸ-ի տնօրենի կողմից։ Այնուհետև 31-ամյա տղամարդը նշված կեղծ ակտը, ինչպես նաև կադաստրային չափագրողի կողմից կազմված չափագրման ակտը  դիմումով ներկայացրել է Մասիսի համայնքապետարան: Քաղաքապետարանի աշխատակիցը կազմել և 2019թ. դեկտեմբերի 3-ին Մասիսի քաղաքապետի ստորագրմանն է ներկայացրել նշված հասցեում կառուցված շինության ավարտական ակտը՝ դրանում ներառելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որը ստորագրվել է վերջինիս կողմից:Սակայն 2020թ. հունվարի 17-ին ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից վերոնշյալ շինության պետական գրանցումը կասեցվել է, քանի որ նախագծի գլխավոր հատակագծում բացակայել են շենք-շինությունների տեղակայման չափերը հողամասի եզրից, ինչպես նաև հողամասում տեղակայված շինությունները եղել են ինքնակամ։Պարզվել է նաև, որ Մասիս քաղաքի բնակիչը, առանց քանդելու թույլտվության,  2020թ. մարտ-ապրիլ ամիսներին ապամոնտաժելու եղանակով ոչնչացրել է վերոնշյալ հասցեին կից գտնվող, Վաղարշապատ-Մասիս հանրապետական նշանակության Հ-13 ավտոճանապարհի 17+767կմ հատվածի կամուրջի աջակողմյան մայթի անվահարիչները և ճաղավանդակները, քանի որ դա խոչնդոտ է հանդիսացել վերը նշված հեղուկ վառելիքի լցակայանի տարածք ավտոմեքենաների մուտքին և ելքին,  որի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 814.000 ՀՀ դրամ գույքային վնաս:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քաղաքապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով, Մասիս քաղաքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով,  325-րդ հոդվածի 2-րդ մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։Որոշում է կայացվել չարաշահումներին ներգրավված ՍՊ ընկերությունների տնօրենների, անհատ ձեռնարկատիրոջ և կադաստրային չափագրողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ գործուն զղջալու հիմքով:Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:40 - 02 նոյեմբերի, 2021