ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Արաբկիր համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. համայնքին պատճառված վնասը վերականգնելու համար ձեռնարկվել են միջոցներ

Արաբկիր համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. համայնքին պատճառված վնասը վերականգնելու համար ձեռնարկվել են միջոցներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևանի Արաբկիր թաղային համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր: Ինչպես հայտնում Քննչական կոմիտեից, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ): Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, վերջինս 2005-2007թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ՝ շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների մեջ ընդգրկված «Արաբկիր» զբոսայգու տարածքից 1500 քմ մակերեսով հողատարածքն ուղիղ վաճառքով օտարվել է Արաբկիրի թաղապետարանի ենթակայության «Մաքուր Արաբկիր ՓԲ ընկերության տնօրենին՝ իր սանիկին: Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը Երևանի Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Թբիլիսյան 3/3 հասցեի 2734.6 քմ. մակերեսով շենք-շինությունները, կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գնով՝ 29.800.000 ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել է իր հորը, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Հետագայում  հիշյալ անշարժ գույքը բաժանվել է երկու գույքային միավորների և անհամեմատ բարձր արժեքներով օտարվել այլ անձանց: Նախաքննության ընթացքում Երևանի Արաբկիր թաղային համայնքի նախկին ղեկավարը դիմում է ներկայացրել և խնդրել իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու՝ ոչ արդարացնող հիմքով: Համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման արդյունքում վնաս պատճառելու դեպքերով Երևան համայնքը քրեական գործով ճանաչվել է որպես տուժող, իսկ 450.340.462 ՀՀ դրամի չափով՝ քաղաքացիական հայցվոր: 2022 թվականի  փետրվարի 22-ին որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հանցանքն ավարտված համարելու օրվանից վաղեմության ժամկետներն անցնելու՝ ոչ արդարացնող հիմքով: Վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ ոչ արդարացնող հիմքով կայացված որոշման հիման վրա Երևան համայնքին պատճառված վերոնշյալ չափով գումարը վերականգնելու մասով ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ՝ հայցի ապահովման միջոցներ կիրառելու ուղղությամբ:
17:57 - 17 մարտի, 2022
Պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 16-ին ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանը: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:37 - 17 մարտի, 2022
«Ֆինիկո» անվանումով ընկերության հանցավոր գործունեությունից տուժած անձանց խնդրում ենք դիմել մեզ. Քննչական կոմիտե

«Ֆինիկո» անվանումով ընկերության հանցավոր գործունեությունից տուժած անձանց խնդրում ենք դիմել մեզ. Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողություններ՝ «Ֆինիկո» ընկերության հանցավոր գործունեության արդյունքում տուժած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. մարտից Հայաստանի Հանրապետությունում գործունեություն է իրականացրել «Ֆինիկո» («FINIKO») անվանումով ընկերություն, որը գործել է որպես ֆինանսական ներդրումային գործունեություն իրականացնող ընկերություն և հաճախորդներին առաջարկել է ներդրումներ կատարել՝ հետագայում 25-30 տոկոս եկամտաբերություն ստանալու նպատակով: Ներդրումները կատարվել են կանխիկ գումարները կրիպտոարժույթի փոխարկելու և դրանք ընկերության համապատասխան էլեկտրոնային դրամապանակ մուտքագրելու եղանակով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ստեղծվել և ղեկավարվել է ֆինանսական բուրգ, այսինքն՝ իրականացվել է գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն, որով գույք ներդրողի օգուտը պայմանավորվել է նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին՝ առանց նշված գույքն իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության, որի արդյունքում անձանց պատճառվել է խոշոր չափի վնաս:  Պարզվել է նաև, որ ՀՀ տարածքում «Ֆինիկո» անվանումով ընկերության գործունեությունը ղեկավարվել է Վազգեն Զոբոյանի և վերջինիս կնոջ կողմից, ովքեր 2021թ. հուլիսի 31-ից Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում: Վարույթն իրականացնող մարմինը հորդորում է, որ նշված ընկերության հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիները դիմեն Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն:
12:54 - 16 մարտի, 2022
Հակառակորդի կրակոցներից ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանվելու, ևս մեկի հրազենով վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հակառակորդի կրակոցներից ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանվելու, ևս մեկի հրազենով վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ մեկ զինծառայողի սպանության, ևս մեկ զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ըստ նախնական տեղեկությունների` 2022թ. մարտի 7-ին՝ ժամը 12:55-ին, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում ինժեներական աշխատանքներ կատարելիս, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը՝ ծնված 1985թ., իսկ պայմանագրային մեկ զինծառայող, շարքային (ծնված 1990թ.) ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել բժշկական կենտրոն: Կատարվում է նախաքննություն:
18:46 - 07 մարտի, 2022
28-ամյա կալանավորը ստեղծել և ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում

28-ամյա կալանավորը ստեղծել և ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում

Քննչական կոմիտեն պարզել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, դրան ներգրավելու և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի բոլոր հանգամանքները: Ինչպես հայտնում է կոմիտեի մամուլի ծառայություն, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ  «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը (ծնված 1993թ.՝ Օշական գյուղում) ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ:  Վերջինս «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց նկատմամբ իրականացրել է վերահսկողություն, այսպես կոչված, «կարգուկանոն» պահպանելու նպատակով տարբեր անձանց տվել է կոնկրետ հրահանգներ, մասնավոր հարցերին առնչվող վեճերն ու խնդիրները լուծելու համար տվել է հանձնարարականներ, ինչպես նաև կազմակերպել և վերահսկել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը: Պարզվել է նաև, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող հիշյալ անձը քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորների և դատապարտյալների նկատմամբ իրականացրել է վերահսկողություն. իրեն դիմած տարբեր անձանց խնդրանքներով կարգավորել և վերաբաշխել է քրեակատարողական հիմնարկում գտնվող և նոր տեղափոխված անձանց պահման վայրերը՝ տեղամասերը և խցերը, հետևել է կալանավորների և դատապարտյալների կողմից մոլախաղերի մեջ ներգրավվածությանը՝ արտոնյալներին զերծ պահելով դրանից: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ տարբեր անձինք ևս, ստանալով և կատարելով վերոհիշյալ անձի հրահանգներն ու հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Օշականի բնակիչ հանդիսացող և կալանքի տակ գտնվող անձին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5֊րդ կետերով, երկու քաղաքացիական անձի՝ 223.4-րդ հոդվածի 1 ին մասով, ևս մեկ կալանավորի՝ 223.3-րդ հոդվածի 1-ին մասով և 223.4-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին: 
19:36 - 22 փետրվարի, 2022
«BMW X5»-ի վարորդը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում. 5 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

«BMW X5»-ի վարորդը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում. 5 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում Արզնու խճուղում հինգ մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանակարահանող սարքերի տեսագրությունները, որոնք ենթարկվել են զննության: 2022թ. փետրվարի 20-ին, ժամը 20:30-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արզնու խճուղու միջնամասում միմյանց են բախվել հանդիպակաց երթևեկող «BMW X5» և «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «BMW X5»-ը բախվել է նաև իրեն հանդիպակաց ընթացող «Opel» մակնիշի ավտոմեքենային և կանգնել։ Վթարի հետևանքով «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենայի՝ 1976թ. ծնված վարորդը  և 1982, 2005, 1957, 1988թթ. ծնված ուղևորները տեղում մահացել են, իսկ ուղևորներից մեկը(ծնված 2007թ.)՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի 28-ամյա վարորդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս դեպքի ժամանակ գտնվել է ալկոհոլ օգտագործած վիճակում. վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ դատատոկսիկոքիմիական փորձաքննություն նշանակելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:32 - 21 փետրվարի, 2022
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ թրաֆիքինգի դեմ պայքարի 2020- 2022թթ. ծրագրի ղեկավարին

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ թրաֆիքինգի դեմ պայքարի 2020- 2022թթ. ծրագրի ղեկավարին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն փետրվարի 16-ին հյուրընկալել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության թրաֆիքինգի դեմ պայքարի 2020-2022թթ. ծրագրի ղեկավար Լիլիան Մագետոյին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։  Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը մանրամասն ներկայացրել է վերջին տարիների ընթացքում հանրապետությունում թրաֆիքինգի դեպքերով հարուցված քրեական գործերի վիճակագրությունը, Քննչական կոմիտեի համապատասխան վարչության կողմից կատարված աշխատանքները: «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը ներկայացրել է մինչդատական վարույթի վերաբերյալ տարեկան ցուցանիշների հավաքագրման և ամփոփման տվյալները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ծրագրի ղեկավար Լիլիան Մագետոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համագործակցության համար` հույս հայտնելով, որ Քննչական կոմիտեի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:  
18:48 - 16 փետրվարի, 2022
2021 թ. ՔԿ վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 340 քրգործ

2021 թ. ՔԿ վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 340 քրգործ

ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2021 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 340 քրեական գործ, որից՝ 4-ը քննվել է 104-րդ հոդվածով նախատեսված սպանության, 1-ը` 106-րդ հոդվածով նախատեսված մոր կողմից նորածին երեխայի սպանության, 8-ը՝ 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելու, 4-ը՝ 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելու, 6-ը՝ 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 6-ը՝ 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 44-ը՝ 118-րդ հոդվածով նախատեսված ծեծի, 18-ը՝ 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 4-ը՝ 120-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը` 121-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 9-ը՝ 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելու, 7-ը՝ 132.2-րդ հոդվածով նախատեսված երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգի կամ շահագործման, 1-ը` 133-րդ հոդվածով նախատեսված ազատությունից ապօրինի զրկելու, 2-ը՝ 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 4-ը՝ 138-րդ հոդվածով նախատեսված բռնաբարության, 10-ը՝ 139-րդ հոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, 35-ը՝ 141-րդ հոդվածով նախատեսված 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության, 25-ը՝ 142-րդ հոդվածով նախատեսված անառակաբարո գործողությունների, 2-ը՝ 144-րդ հոդվածով նախատեսված անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, 1-ը՝ 165-րդ հոդվածով նախատեսված անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու, 3-ը՝ 167-րդ հոդվածով նախատեսված ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելու, 25-ը՝ 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 4-ը՝ 168-րդ հոդվածով նախատեսված խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, 1-ը՝ 170-րդ հոդվածով նախատեսված երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 20-ը՝ 173-րդ հոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, իսկ 93-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: 340 քրեական գործից 90-ն ավարտվել մեղադրական եզրակացությամբ և 101 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 102 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 73-ը՝ արդարացնող, իսկ 29-ը՝ ոչ արդարացնող հիմքով, 60 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 14-ը հանցանք կատարած անձին հետախուզելու, իսկ 46-ը` հանցանք կատարած անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ: 17 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 18-ը` միացվել է, 53 քրեական գործ փոխանցվել է 2022 թվական: Վերը նշված քրեական գործերով 182 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից` 2-ը եղել են 14-16 տարեկան, 11-ը՝ 16-18 տարեկան, 96-ը՝ 18-35 տարեկան, 73-ը՝ 35 տարեկանից բարձր: Նրանցից 19-ն ունեցել է բարձրագույն, 142-ը՝ միջնակարգ, 11-ը՝ միջին մասնագիտական, 10-ը՝ տարրական կրթություն: 13 մեղադրյալ նախկինում եղել են դատապարտված: Ըստ կարգավիճակի` 182 մեղադրյալից 73-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամները, իսկ 8-ը` մանկավարժ կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակից: Նշված 340 քրեական գործով 357 անձ ճանաչվել է որպես տուժող, որից 200-ը՝ մինչև 12 տարեկան, 48-ը՝ 12-14 տարեկան, 72-ը՝ 14-16 տարեկան, 37-ը՝ 16-18 տարեկան:
15:48 - 11 փետրվարի, 2022
Վանաձորի նախկին համայնքապետի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվեց
 |azatutyun.am|

Վանաձորի նախկին համայնքապետի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվեց |azatutyun.am|

azatutyun.am: Դատարանը որոշեց երկու ամսով երկարացնել Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի ժամկետը։ Նա պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով կալանավորված է դեկտեմբերի կեսերից։ Մի քանի օր առաջ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ լրացվել է նրա մեղադրանքը պաշտոնավարման տարիներին կատարած ենթադրյալ հանցանքների նոր դրվագներով։ Մասնավորապես իրավապահները նոր փաստեր էին հրապարակել, ըստ որոնց նախկին համայնքապետն անցած 5 տարիներին մի շարք հողատարածքների դեպքում համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն է արել և ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող, սեփականաշնորհման ոչ ենթակա հողերը դարձրել հասարակական կառուցապատման տարածքներ, որի դեպքում թույլատրվել է դրանց աճուրդ-վաճառքը։
20:23 - 10 փետրվարի, 2022
Երեկ ՀՀ վերադարձած ռազմագերիների հարազատները ՔԿ-ի շենքի ապակիները չեն փորձել կոտրել. լուրերն ապատեղեկատվություն են |armtimes.com|

Երեկ ՀՀ վերադարձած ռազմագերիների հարազատները ՔԿ-ի շենքի ապակիները չեն փորձել կոտրել. լուրերն ապատեղեկատվություն են |armtimes.com|

armtimes.com: Երեկ մամուլում լուրեր էին տարածվել, թե Հայաստան վերադարձած 8 հայ ռազմագերիների հարցաքննությունը բավականին բարդ ու լարված է անցել: Հրապարակվել էր կոտրած ապակիներով լուսանկար եւ նշվել, թե իբր մինչեւ քննիչները հարցաքննել են հայրենիք վերադարձած ռազմագերիներին, նրանց հարազատները զայրացած աղմուկ են բարձրացրել եւ փորձել կոտրել զինվորական քննչական վարչության շենքի պատուհանները, իրավիճակը զսպել են ոստիկանության աշխատակիցները։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը հայտնեց, որ հրապարակված լուսանկարը կամայական ընտրված լուսանկար է եղել, քննչական կոմիտեի շենքի հետ որեւէ աղերս չունեցող: Իսկ հրապարակված լուրերը, թե փորձել են կոտրել ապակիները, իրականությանը չեն համապատասխանում: Թադեւոսյանի փոխանցմամբ՝ գերությունից վերադարձած տղաների հարցաքննման ժամանակ նրանց հարազատների մոտ իսկապես լարված իրավիճակ եղել է: «Սկզբնական պահին լարված էին, իրենք դրսում էին, տղաները՝ բավականին ժամանակ ներսում: Անհանգստություն կար, ինչը նման պարագայում բնական է»,- եզրափակեց ՔԿ-ի մամուլի քարտուղարը: Հիշեցնենք՝ Երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։
13:14 - 08 փետրվարի, 2022
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել երեխային բռնության ենթարկելու համար մեղադրվող դայակին կալանավորելու միջնորդությունը |armenpress.am|

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել երեխային բռնության ենթարկելու համար մեղադրվող դայակին կալանավորելու միջնորդությունը |armenpress.am|

armenpress.am: Երևանի մանկապարտեզներից մեկում երեխային բռնության ենթարկելու համար մեղադրվող դայակին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին ասաց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: «Փետրվարի 5-ին միջնորդություն է ներկայացվել դատարան, դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել դայակի կալանքի միջնորդությունը և կիրառել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասաց Թադևոսյանը: Ավելի վաղ, դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որոնք կատարվել են` առանձին դաժանությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով): Ոստիկանությունից փոխանցեցին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 7-րդ կետի հատկանիշերով, այն է` խոշտանգում, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով: Aravot.am-ը տեղեկություն էր տարածել, որ Ա.  Հ.-ն հունվարի 31-ին ոստիկանությանը հաղորդում է տվել, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝  Է. Ու-ն հաճախել է Երեւան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն եւ դաստիարակներ Ի. Ա-ն եւ Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս: Նշվում է, որ պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:
11:49 - 07 փետրվարի, 2022
Մամիկոն Ասլանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել և նոր մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

Մամիկոն Ասլանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել և նոր մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի (Մամիկոն Ասլանյան) կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը, 2016-2021թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, կատարել պաշտոնեական կեղծիք՝ պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել են համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու այլ դեպքեր ևս: Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը 2019-2021թթ. ընթացքում իր կողմից կայացված մի շարք որոշումների մեջ կեղծ տվյալներ ներառելով և չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ սեփականության իրավունքով ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարելու անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, համայնքի գլխավոր հատակագծում ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված՝ մի շարք հողատարածքների գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողերից փոփոխել է հասարակական կառուցապատման հողերի։ Իր ստորագրությամբ հաստատելով Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի կողմից կազմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանքն այն մասին, թե իբր, հիշյալ հողամասերն ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումների ցանկում, համայնքապետի համապատասխան որոշումների հետ միասին ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանում, որոնց հիման վրա գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը հիշյալ հողատարածքների նկատմամբ, նպատակային նշանակությունը ձևակերպվել է բնակելի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման և հողատարածքներն ընդգրկելով համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում՝ Վանաձորի համայնքապետարանում կազմակերպել է աճուրդներ, իսկ որոշ դեպքերում էլ ուղղակի վաճառքով իր որոշումներով դրանք օտարել է իր կողմից նախընտրելի անձանց: Արդյունքում՝ Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն օտարումն արգելված, Վանաձոր համայնքի գլխավոր հատակագծում որպես ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածքներ նշված հողամասերն օտարվել են որպես սեփականություն՝ պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս. համայնքի սեփականությունից դուրս են եկել օտարումն արգելված  հողատարածքներ, համայնքը և պետությունը զրկվել են գլխավոր հատակագծում որպես ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ նշված հողամասերն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է և նոր մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (7 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի  դեռ նրա մեղավորություն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրենքով ուժի մեջ մտած դատավճռով:
16:52 - 04 փետրվարի, 2022
ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի որդու կնոջը մեղադրանք է առաջադրվել. հայտարարվել է հետախուզում

ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի որդու կնոջը մեղադրանք է առաջադրվել. հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ մշակույթի նախկին նախարար,  «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Հասմիկ Պողոսյանի որդու կնոջ` Ֆրանչեսկա Կուտրուպիի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքի հանգամանքները: Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, հանդիսանալով օֆշորային գոտում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության տնօրեն, 2011-2014թթ. ընթացքում վերոնշյալ հասարակական կազմակերպության նախագահի, փոխնախագահի և հասարակական կազմակերպության  նախագահության անդամ, ՍՊ ընկերության տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, ձևական գործարք կատարելու եղանակով թաքցրել և խեղաթյուրել է հասարակական կազմակերպությանը  սեփականության իրավունքով պատկանող, հանցավոր գործունեության արդյունքում ստացված՝ Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ. մակերեսով շենքի և 0,0467 հա. մակերեսով հողամասի ծագման աղբյուրն ու պատկանելությունը: Այնուհետև տիրապետել և տնօրինել է նշված առանձնապես խոշոր չափերի գույքը՝ դրա նկատմամբ իրավունքները վաճառելով և գրանցելով մի շարք անձանց և Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված վերոնշյալ ընկերության անվամբ։  Կոմիտեից նշում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ մշակույթի նախկին նախարարի որդու կնոջը` Ֆրանչեսկա Կուտրուպիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է:
15:22 - 04 փետրվարի, 2022
Դավիթ Արղամանյանն ինքնաբացարկ չհայտնեց. փաստաբանները դատարանին եւս մեկ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել |news.am|

Դավիթ Արղամանյանն ինքնաբացարկ չհայտնեց. փաստաբանները դատարանին եւս մեկ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել |news.am|

news.am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ երեկ դատավորի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել՝ Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու մասին՝ հիմքում դնելով մակագրման ընթացքում օրենքով սահմանված կարգի խախտման հանգամանքը։ Մերժման որոշումը ստանալուց հետո փաստաբանները մեկ այլ հիմնավորմամբ նորից ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին։ Լրագրողների հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ դատարանը մերժման որոշումը տրամադրել է, որում դատավորը վերլուծել է օրենսդրական նորմեր, ըստ որոնց՝ պարտադիր չէ՝ պատահական ընտրությամբ դատավորը քննի քրեական գործը. «Նշված է, որ դատարանի նախագահն է որոշում, թե հերթապահներից ում տա։ Սա բացարձակապես գործերի մակագրման ինստիտուտի, դատավորի անկախության, դրա պահպանման սկզբունքների հետ ոչ մի կապ չունի։ Միակ երաշխիքը, որ անձն իմանա՝ իր գործը ոչ թե տվեցին ինչ-որ դատավորի, որովհետեւ ուզում են այդ դատավորը քննի, այլ ուղղակի օրենքով սահմանված կարգով այս գործն ընկավ այս դատավորի մոտ»։ Փաստաբանները երկրորդ ինքնաբացարկը հիմնավորել են դատավոր Արղամանյանի մասին ԶԼՄ-երում արված հրապարակումներով, ինչպես նաեւ Արղամանյանի քաղաքական հայացքներով. «Բազմաթիվ ԶԼՄ-ների հրապարակումներ ենք ներկայացրել, որոնցում շատ ուղիղ կասկածներ կան, որ Բորիս Բախշիյանին պատժում են իշխանությունները նրա համար, որ կալանքից ազատ է արձակել Քաջարանի համայնքապետին, Գորիսի փոխհամայնքապետին, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Այս անձինք ներկայանում են որպես ընդդիմադիր հայացքներ։ Բացի այդ՝ Դավիթ Արղամանյանը հանդիսացել է «Իմ քայլի» խորհրդատուն, եղել է Սուրեն Պապիկյանի օգնականը, ունի իշխանությունների հետ մտերիմ հարաբերություններ, մշտապես հայտարարություններ է արել «ֆեյսբուքում», ցույց տալով իր քաղաքական հայացքները»։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այն կհրապարակվի ժամը 14։00-ին, իսկ խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի 16։00-ին։
12:44 - 04 փետրվարի, 2022
Մերձավան համայնքին պատճառվել է շուրջ 8մլն դրամի վնաս. գործը դատարանում է

Մերձավան համայնքին պատճառվել է շուրջ 8մլն դրամի վնաս. գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Մերձավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի հանգամանքները, այդ թվում՝ համայնքին պատճառված վնասի չափը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 1996 թվականից Մերձավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, 2007-2008 թվականների ընթացքում, իր ստորագրությամբ հաստատված, համայնքի բնակիչներ չհանդիսացող անձանց տրամադրել է բովանդակությամբ կեղծ քաղվածքներ այն մասին, թե իբր վերջիններիս անունով շրջխորհրդի գործկոմի՝ իրականում գոյություն չունեցող որոշման հիման վրա համայնքում գրանցված են տարբեր չափերի հողամասեր, այդ կերպ համայնքին պատճառելով 8.613.000 ՀՀ դրամ գումարի վնաս և անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Արդյունքում հիշյալ անձինք քաղվածքների հիման վրա, ՀՀ կադաստրի կոմիտեում նշված հողամասերի նկատմամբ գրանցել են իրենց իրավունքներն ու ստացել համապատասխան սեփականության վկայականներ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Մերձավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Կեղծ քաղվածքներն օգտագործած վերոհիշյալ անձինք դիմումներ են ներկայացրել նախաքննական մարմնին այն մասին, որ համաձայն են և չեն առարկում իրենց նկատմամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելուն, բացառությամբ մեկի, ում վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:29 - 02 փետրվարի, 2022