Երեկ ՀՀ վերադարձած ռազմագերիների հարազատները ՔԿ-ի շենքի ապակիները չեն փորձել կոտրել. լուրերն ապատեղեկատվություն են |armtimes.com|
13:14 - 08 փետրվարի, 2022

Երեկ ՀՀ վերադարձած ռազմագերիների հարազատները ՔԿ-ի շենքի ապակիները չեն փորձել կոտրել. լուրերն ապատեղեկատվություն են |armtimes.com|

armtimes.com: Երեկ մամուլում լուրեր էին տարածվել, թե Հայաստան վերադարձած 8 հայ ռազմագերիների հարցաքննությունը բավականին բարդ ու լարված է անցել:

Հրապարակվել էր կոտրած ապակիներով լուսանկար եւ նշվել, թե իբր մինչեւ քննիչները հարցաքննել են հայրենիք վերադարձած ռազմագերիներին, նրանց հարազատները զայրացած աղմուկ են բարձրացրել եւ փորձել կոտրել զինվորական քննչական վարչության շենքի պատուհանները, իրավիճակը զսպել են ոստիկանության աշխատակիցները։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը հայտնեց, որ հրապարակված լուսանկարը կամայական ընտրված լուսանկար է եղել, քննչական կոմիտեի շենքի հետ որեւէ աղերս չունեցող: Իսկ հրապարակված լուրերը, թե փորձել են կոտրել ապակիները, իրականությանը չեն համապատասխանում:

Թադեւոսյանի փոխանցմամբ՝ գերությունից վերադարձած տղաների հարցաքննման ժամանակ նրանց հարազատների մոտ իսկապես լարված իրավիճակ եղել է: «Սկզբնական պահին լարված էին, իրենք դրսում էին, տղաները՝ բավականին ժամանակ ներսում: Անհանգստություն կար, ինչը նման պարագայում բնական է»,- եզրափակեց ՔԿ-ի մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք՝ Երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել