Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Արցախի նախագահն ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում լրացուցիչ սահմանափակումների մասին

Արցախի նախագահն ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում լրացուցիչ սահմանափակումների մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահի հրամանագրով` արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաև Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին կազմակերպվող հավաքների, որոնք կարող են կազմակերպվել միայն Արցախի Հանրապետության կառավարության թույլտվության դեպքում: Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով՝ սահմանափակվում է կարծիքի արտահայտման ազատությունը, արգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կամ հասարակական կարգի, տնտեսության բնականոն զարգացման վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը:
19:09 - 26 մայիսի, 2023
Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում․ դա է մեր ժողովրդի կամքը․ Արցախի նախագահի ուղերձը

Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում․ դա է մեր ժողովրդի կամքը․ Արցախի նախագահի ուղերձը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ առկա արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ. Սիրելի՛ հայրենակիցներ, Արդեն 163 օր շարունակ Արցախը ապրում է խորացող ադրբեջանական հանցավոր շրջափակման պայմաններում: Մեր շուրջը տեղի են ունենում բովանդակային առումով անընդհատ փոփոխվող իրադարձություններ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրենց ազդեցությունն են թողնում տարածաշրջանի և, մասնավորապես, Արցախի Հանրապետության և մեր ժողովրդի վրա: Չնայած ստեղծված իրավիճակին ու օրեցօր ահագնացող մարտահրավերներին՝ Արցախի ժողովուրդը մաքառում է իր սեփական հողում իր հավաքական իրավունքների ու ազատությունների համար՝ շարունակելով նախնիների սուրբ գործը: Շրջափակմամբ և արտաքին այլ գործոններով պայմանավորված ռիսկերին ավելանում է նաև Արցախի ներքին կյանքի հիմնախնդիրների սրումը և ներքաղաքական ապակայունությունը: Իսկ ահա լայն տարածաշրջանում և Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում նորանոր զարգացումներ են տեղի ունենում, որոնք մեծապես խորացնում են Արցախի մարտահրավերներն ու գոյաբանական վտանգները: Ահա այս ճակատագրական զարգացումները դրդեցին ինձ խոսել Արցախի քաղաքացիների և ամբողջ հայ ժողովրդի հետ՝ ուղերձի ձևաչափով: Արտաքին քաղաքական և անվտանգային ուղղություններում այժմ առկա են մի շարք գործոններ, որոնք ուղղակիորեն ազդում են Արցախի ժողովրդի ներկայի ու ապագայի վրա: Կուզեի դրանցից առանձնացնել հետևյալները՝ Արցախի ավելի քան հնգամսյա շրջափակումը՝ փուլ առ փուլ ահագնացող հումանիտար ու քաղաքական մարտահրավերներով և անվտանգային սպառնալիքներով. • Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների շարունակական խափանման հետևանքով հումանիտար վիճակի վատթարացումը և ռիսկերի մեծացումը.• Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ ռազմական նոր ագրեսիայի ռիսկի շարունակական աճը և էթնիկ զտման իրականացման անթաքույց նկրտումները.• 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված՝ Արցախի ժողովրդի անվտանգության ռուսական երաշխիքների լրջագույն ճեղքումը.• Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածության և Ադրբեջանի ագրեսիվության աճը.• Միջազգային իրավակարգի շարունակական թուլացումը և միջազգային հանրության ձախողումը Արցախի ժողովրդի անվտանգության ու հիմնարար իրավունքների ապահովման, ինչպես նաև՝ միջազգային դատարանների որոշումների կատարման հարցում.• Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերի շարունակական թուլացումը և Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն ուղղված քայլերը:Հաշվի առնելով վերոնշյալ և այլ էական գործոնները՝ դիմում եմ՝• Արցախի իմ հայրենակիցներին՝ չվհատվել և պատրաստ լինել պայքարի շարունակությանը՝ մի կողմ թողնելով ներքին տարաձայնությունները և մեկ բռունցքի պես վճռական կերպով ծառայել նույն նպատակին՝ Արցախի ամրացմանն ու զարգացմանը: Ուրախ եմ, որ այդ հարցում Արցախում առկա է լրիվ միասնական մոտեցում: Այդ առումով, ողջունելով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեկվա հայտարարությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մտքերի վերաբերյալ՝ ընդգծում եմ, որ մեզ համար անընդունելի է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող ցանկացած հայտարարություն և փաստաթուղթ։ Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա է մեր ժողովրդի կամքը, որն ունի բավարար վճռականություն՝ իր իրավունքների ու շահերի համար պայքարելու: Վստահ եմ, որ պայքարողը միայնակ չի մնում, և ոչ միայն համայն հայությունն է շարունակելու սատարել մեր պայքարին, այլև միջազգային դաշտում նույնպես կգտնվեն արժեքահեն աջակիցներ: Այո՛, իրավիճակը ծանր է, բայց ոչ՝ անելանելի, և Արցախի իշխանությունները կատարում և կատարելու են հնարավոր գործնական քայլերը արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ ակտիվ ու վճռական կերպով ապացուցել, որ Արցախը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս և շարունակում եք տեր կանգնել հայոց միասնական հայրենիքի այս կարևորագույն կտորին: Վերջիվերջո, Արցախը բոլոր հայերի հայրենիքն է՝ իր բացառիկ նշանակությամբ թե՛ հայոց պետականության և թե՛ հայ ազգի համար: Հայաստանի ժողովուրդն է Հայաստանի Հանրապետության տերը, և ինքն էլ պետք է վճռի նման համազգային ու կարևորագույն նշանակության հարցերը: Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ թոթափել հիասթափության, անզորության ու անտարբերության զգացողությունը և քաղաքացիության երկրների կառավարություններից ու Հայաստանի Հանրապետությունից պահանջել գործնական քայլեր Արցախի ինքնորոշման իրավունքի և անվտանգության երաշխավորման ուղղությամբ: Ակնկալում ենք, որ յուրաքանչյուր սփյուռքահայ անհատ ու կառույց բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկեն աջակցելու Արցախին և զսպելու ադրբեջանական հանցավոր գործողությունները: Սփյուռքն ունի չիրացված հսկայական ներուժ, որն ի զորու է լրջագույն հաջողություններ ապահովել Հայրենիքի համար ճակատագրական հարցերում: Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ ձեռնպահ մնալ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողությունից ու հայտարարությունից՝ հավատարիմ մնալով ներպետական ու միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորություններին և համազգային իղձերին ու շահերին:  Գիտակցելով հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության խոցելի վիճակը՝ մենք ըմբռնումով ենք մոտեցել տարբեր զարգացումների և գիտակցաբար կրել ու կրում ենք բազմաթիվ զրկանքներ՝ չեզոքացնելու համար մեզ ճնշելու միջոցով Հայաստանի Հանրապետությանը զիջումներ պարտադրելու բոլոր փորձերը: Սակայն կան հստակ սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց խախտումներն անընդունելի և անթույլատրելի ենք համարում: Եվ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն այդ կարմիր գծերից է, որը, վստահ ենք, համայն հայության գերակշիռ մասի համար մնում է այդպիսին: Արցախին առնչվող գործողություններում ու դիրքորոշումներում Հայաստանի Հանրապետության համար գլխավոր ուղենիշը պետք է լինի Արցախի ժողովրդի կամարտահայտությունը, որն աներկբա կերպով դրսևորվել է անկախության և սահմանադրական հանրաքվեներով՝ Հայաստանի Հանրապետության և ողջ հայ ժողովրդի անվերապահ սատարմամբ: Իսկ Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորումը չի կարող տեղի ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունից լրիվ անջատ տրամաբանությամբ և Արցախի ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի հաշվին, որոնք, ի դեպ, կազմում են համայն հայ ազգի կենսական իրավունքների ու շահերի անբաժանելի ու կարևոր մասը: Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապահովել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ բացելով Լաչինի (Քաշաթաղի) միջանցքը, վերացնելով ադրբեջանական բոլոր խոչընդոտները, ազատելով Արցախի 120,000 բնակչությանը ահաբեկչական պատանդառությունից և կանխելով ադրբեջանական ագրեսիվ գործողությունները Արցախի ժողովրդի հանդեպ: Անկախ Եռակողմ հայտարարության մյուս կողմերի գործողություններից՝ Ռուսաստանը ստանձնել է հստակ պարտավորություններ, որոնք լրջագույն հիմք են եղել պատերազմից հետո Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման համար: Ուստի, մենք ակնկալում ենք այդ պարտավորությունների անշեղ ու վճռական կատարում՝ հանուն Արցախի ժողովրդի և Ռուսաստանի դաշնության շահերի, ինչպես նաև՝ հայ ու ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության: Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին՝ վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ ատելության ու ցեղասպանական քաղաքականությանը, պատրաստ լինել իրապես ընդունել ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը և Արցախի հանդեպ բնիկ հայ ժողովրդի տիտղոսն ու իրավունքները: Մենք պատրաստ ենք միջազգային ձևաչափով երկխոսության, հակամարտության կարգավորման և խաղաղության, սակայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, հատկապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Մենք որևէ սպառնալիք չենք ներկայացնում Ադրբեջանի հանդեպ, սակայն, մյուս կողմից, Արցախի ժողովուրդն ունի ինքնապաշտպանության իրավունք, իսկ Արցախի Հանրապետությունը՝ սեփական ժողովրդին պաշտպանելու պարտավորություն: Չնայած Ադրբեջանից եկող մշտական սպառնալիքներին՝ վստահ եմ, որ խաղաղ ու արժանապատիվ միջավայրի կերտումը և դարավոր թշնամության ավարտը բխում են մեր ժողովուրդների շահերից ու ձգտումներից: Միջազգային հանրության բոլոր դերակատարներին և հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ առաջնահերթորեն ապահովել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշման պատշաճ կատարումը Ադրբեջանի կողմից, ինչպես նաև անհրաժեշտ գործիքակազմերի կիրառմամբ երաշխավորել Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ ՄԱԿ-ի սկզբունքներին ու նպատակներին համապատասխան   Սիրելի՛ հայրենակիցներ, Կուզեի անդրադառնալ նաև ներքին կյանքին առնչվող որոշ հարցերի: Պատերազմից հետո Արցախը ժամանակ առ ժամանակ հայտնվում է ներքին վայրիվերումների հորձանուտներում, սակայն այս ընթացքում մեզ հաջողվել է ընդհանուր առմամբ ապահովել ներքին համերաշխության ու կայունության որոշակի մակարդակ: Տարբեր քաղաքական ուժեր ու դերակատարներ տարբեր պահանջներ են ներկայացնում, երբեմն՝ հիմնավոր, երբեմն՝ ոչ: Այս ընթացքում իմ գործունեությունը քննադատվել է ամենատարբեր շրջանակների կողմից՝ մի մասն օբյեկտիվորեն ու անկեղծորեն, մյուս մասը՝ սուբյեկտիվ և ուղղորդված կերպով: Կարևոր է արձանագրել, որ երբեմն արտաքին տարբեր ուժեր ևս փորձում են խթանել ներքին ցնցումներն Արցախում, ինչը լրացուցիչ լարվածության պատճառ է դառնում: Այնուամենայնիվ, անկախ քննադատությունների ու պահանջների բովանդակությունից ու նպատակներից, ներքին իրավական կարգավորումների շրջանակներում ես կատարել եմ առավելագույնը՝ ապահովելու փոխադարձ հարգանքի ու երկխոսության քաղաքական միջավայր և մեզ համար այնքան անհրաժեշտ ներքին կայունություն: Այո՛, երբեմն դա արել եմ շատերի համար անսպասելի չափի հանդուրժողականությամբ, բայց արդյունքում կարողացել ենք զերծ պահել Հանրապետությունը կործանարար ցնցումներից ու ներքին սուր բևեռացումից: Վերջին օրերին Արցախում կրկին կատարվել են ներքաղաքական լարվածություն առաջացնելու փորձեր: Տարբեր քաղաքական ուժեր և անհատներ իրենց հայտարարություններով, գործողություններով կամա թե ակամա ստեղծում են ներքին անհամերաշխության ու ապակայունության լրացուցիչ պայմաններ: Քննարկվել են սահմանադրական փոփոխությունների, ընտրությունների կազմակերպման հետ կապված հարցեր, Ազգային ժողովի նախագահի կողմից հնչել է նախագահի վստահության հանրաքվե անցկացնելու և պետական կառավարման նոր մարմին ստեղծելու մասին առաջարկ: Ես ամենևին կառչած չեմ նախագահի պաշտոնից, հանուն Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության՝ պատրաստ եմ համագործակցության ցանկացած կարող ուժի ու անհատի հետ և իմ գործունեության ընթացքում փորձել եմ անել ամենը, որ այդպիսի երևույթները գնահատվեն որպես սովորական, ժողովրդավարական երկրներին բնորոշ գործընթացներ: Բայց, մյուս կողմից, Արցախում սահմանադրական կայուն կարգը, ներհասարակական համերաշխությունն ու պայքարի համընդհանուր ոգին անսակարկելի արժեքներ են, որոնց պաշտպանության թիվ մեկ պատասխանատուն ես եմ: Պարզ է, որ մեր շուրջը տեղի ունեցող գործընթացներից ամենատեղեկացվածը նույնպես ես եմ, ինչը ինձ տալիս է դրանք բազմակողմանի ու առավել համընդգրկուն գնահատման ենթարկելու համեմատական առավելություն: Հենց այդ հանգամանքն է, որ հաճախ, հանուն երկրի ներքին խաղաղության ու համերաշխության, ինձ դրդում է համագործակցության այնպիսի քայլերի, որոնք շատերի կողմից, կրկնում եմ, անհասկանալի են թվում: Այդուհանդերձ, ոչ մի պարագայում թույլ չեմ տալու ներքին կործանարար իշխանատենչությունը, անձնական նկրտումների բավարարման փորձերը: Այս մոտեցումը որդեգրել եմ՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, քաղաքական խորհրդակցությունները, վերջին օրերին հասարակության բազմաթիվ ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում նրանց կողմից ներկայացված պահանջները, իմաստուն գնահատականները և ներքին կայունության ու ամրության առանձնահատուկ կարևորումը:Արցախի Հանրապետությունում կառավարումը կարող է իրականացվել բացառապես Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջոցով: Պատրաստ եմ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության, որոնք ունեն պետության ներքին ու արտաքին քաղաքականության առնչությամբ տեսակետներ, գաղափարներ ու առաջարկներ: Այդ համագործակցության ինստիտուցիոնալ հիմնական հարթակը Անվտանգության խորհուրդն է, որտեղ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կարող են իմ կողմից հրավիրվել բոլոր ուժերի ներկայացուցիչները՝ առանց բացառության: Այսպիսի ճգնաժամային ծանր պայմաններում դադարեցնում եմ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ բոլոր տեսակի քննարկումները, ինչպես նաև՝ վերջին օրերին Ազգային ժողովի նախագահի կողմից առաջարկված վստահության հանրաքվե կազմակերպելու շուրջ մտքերի փոխանակումները: Հորդորում եմ վերջ տալ ներքաղաքական այդօրինակ գործընթացներին, որոնք կարող են վտանգել մեր երկրի ներքին կյանքի կայունությունը, կրկին ձևավորել ճամբարներ, ինչը մերօրյա պայմաններում անընդունելի է: Միաժամանակ վերահաստատում եմ դեռևս 2020թ. դեկտեմբեր ամսում հնչեցրած հրապարակային խոստումս՝ բարենպաստ պայմանների առկայության առաջին իսկ դեպքում հրաժարական տալու և նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու մասին, որին ես չեմ մասնակցելու: Սահմանափակելու եմ հավաքների ազատությունը: Անընդունելի եմ համարում հատկապես այսպիսի վտանգների պայմաններում, առանց քաղաքական հավասարակշռման, առանց Արցախի ժողովրդի համար հետևանքներն ու մեր երկրի շահերի վրա ազդեցությունը լիարժեք գնահատելու՝ այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի կողմից գործողությունները՝ ուղղված Արցախի անվտանգության հարցում կարևոր նշանակություն ունեցող սուբյեկտների դեմ: Պետական մարմինները գործում են անկաշկանդ, ղեկավարվում են բացառապես Արցախի Հանրապետության ժողովրդի շահերով և, նման հայտարարությունների, կոչերի անհրաժեշտության դեպքում, պատրաստ են ստանձնել այդ պատասխանատվությունը: Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, մասնավորապես՝ ազգային անվտանգության ծառայությանն ու ոստիկանությանը հանձնարարում եմ՝ ուժեղացնել հասարակական անվտանգության պահպանությանն ուղղված ջանքերը և ցանկացած օրինախախտման դեպքում ցուցաբերել համարժեք արձագանք՝ խախտում թույլ տված անձանց ենթարկելով պատասխանատվության: Ներքին կարգապահությունը պետք է լինի մեզանից յուրաքանչյուրի վարքագծի անբաժանելի մասը, որի ապահովման պարտականությունը կրում են իրավապահները: Այդ ամենի առնչությամբ հայտարարում եմ հետևյալը. Ապահովե՛ք ռազմական դրության պայմաններում տեղեկությունների հրապարակման հատուկ կարգով սահմանված պայմանները: Իսկ խախտումներ թույլ տվող և երկրի անվտանգությանն առնչվող տեղեկություններ հրապարակող անձանց ենթարկե՛ք պատասխանատվության և ապահովե՛ք այդ գործընթացի անհրաժեշտ հրապարակայնություն, որպեսզի բոլորին պարզ դառնա, որ նման արարքները անթույլատրելի, անօրինական ու դատապարտելի են: Սիրելի՛ հայրենակիցներ, բոլորին հայտնի է ու անհերքելի, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո ես ունեցել եմ ամենամեծ պատասխանատվությունը, սակայն, այդքանով հանդերձ, երբեք չեմ խուսափել պատասխանատվությունից և շարունակաբար աշխատել եմ պետականապահպանության ուղղությամբ: Այսօր ևս շարունակում եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը՝ ստանձնած ժողովրդի բարձր քվեով, նպատակ չունեմ խուսափել դրանից և բաց եմ համագործակցության ցանկություն ունեցող բոլոր ուժերի ու անձանց համար, ովքեր պատրաստ և կարող են ստանձնել ու կրել իրենց բաժին պատասխանատվությունը: Այս ծանր պայմաններում մենք բոլորս պետք է մեր ուշադրությունը սևեռենք բացառապես արտաքին մարտահրավերների հաղթահարման ջանքերի վրա, և ներքին որևէ գործընթացով չպետք է նպաստենք մեր հակառակորդների նպատակների կյանքի կոչմանը: Հավաստիացնում եմ, որ մեզնից կախված հնարավորինս կատարում ենք շրջափակման վերացման և դրա հետևանքների մեղմացման ուղղությամբ, և այդ ջանքերի մասին պետական լիազոր մարմինները հնարավորության սահմաններում պարբերաբար իրազեկում են հասարակությանը: Վստահ եմ, որ մենք կկարողանանք միասնականությամբ, ներքին համերաշխությամբ ու քրտնաջան աշխատանքով, մեր թիկունքին ունենալով Հայաստանի Հանրապետության ու համայն հայության սատարումը, կանխել արտաքին ու ներքին սպառնալից զարգացումները և ապահովել Արցախի հայկական, ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապագան: Արցախի ժողովրդի ուժն իր կամքի, միասնականության և իմաստնության մեջ է: Լինե՛նք արժանի մեր սուրբ նախնիներին: Լինե՛նք պատասխանատու մեր հաջորդ սերունդների առջև: Ամրություն և խոհեմություն մեր ժողովրդին»:
21:14 - 23 մայիսի, 2023
Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա ներքին ու արտաքին հարցերի շուրջ ուղերձով
 |artsakhpress.am|

Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա ներքին ու արտաքին հարցերի շուրջ ուղերձով |artsakhpress.am|

artsakhpress.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ մայիսի 23-ին, հանդես կգա ներքին ու արտաքին հարցերի շուրջ ուղերձով: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հաստատեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի՝ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ «86, 6 հազար կմ²-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով․․․ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ 29,8 հազար կմ² տարածքային ամբողջականությունը»,- ասել էր Փաշինյանը։
12:58 - 23 մայիսի, 2023
Որոշել եմ ընդառաջ քայլ կատարել․ Արայիկ Հարությունյանը՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցների հայտարարության առնչությամբ

Որոշել եմ ընդառաջ քայլ կատարել․ Արայիկ Հարությունյանը՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցների հայտարարության առնչությամբ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցների հայտարարությանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցների հայտարարությունը: Ելնելով ԱՀ Սահմանադրությամբ իմ ստանձնած պարտավորություններից ու լիազորություններից, հավաքին մասնակցած մեր քաղաքացիների նկատմամբ հարգանքից, հաշվի առնելով լսված լինելու նրանց իրավունքը՝ որոշել եմ ընդառաջ քայլ կատարել: Ուստի, հավաքի ներկայացուցիչներին առաջարկել եմ վաղվանից սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ եմ օգտագործել յուրաքանչյուրի գիտելիքները և փորձը՝ ի նպաստ մեր երկրի անվտանգության, խաղաղության և մեր ժողովրդի բարօրության: Միաժամանակ ընդգծում եմ, որ հատկապես այս ճգնաժամային պայմաններում մենք պարտավոր ենք ցուցաբերել զսպվածություն, խոհեմություն և պատասխանատվություն՝ առաջնորդվելով բացառապես Արցախի Հանրապետության ու մեր ժողովրդի շահերով»,- գրել է Հարությունյանը։
18:09 - 15 մայիսի, 2023
«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվեց հանրահավաք |armenpress.am|

«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվեց հանրահավաք |armenpress.am|

armenpress.am: Մայիսի 9-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման խմբի նախաձեռնությամբ կազմակերպված հանրահավաքը: Հանրահավաքը մեկնարկեց Տերունական աղոթքով: Ներկաները լռության րոպեով հարգեցին Մեծ Հայրենական և Արցախյան պատերազմներում նահատակվածների հիշատակը: «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնողները վերահաստատեցին իրենց պահանջներն ու պայքարելու վճռականությունը՝ ազատ ապրելու իրավունքի համար:  Այնուհետև ներկայացվեց օրերս նախաձեռնված ստորագրահավաքի պահանջագրի տեքստը՝ ուղղված ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին ու ՀՀ վարչապետին:  «Արցախի Հանրապետության քաղաքացիները նրանց ուշադրությունն են հրավիրում Ադրբեջանի կողմից 2020 թվականի Նոյեմբերի 9-ին կնքված հայտարարության դրույթների կոպտագույն խախտումների վրա: Ադրբեջանն իր գործողություններով իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն, ժողովրդին իր հայրենիքից զրկելու ցեղասպանական գործողություններ՝ շրջափակման մեջ պահելով 120000 բնակչությանը: Մենք պահանջում ենք կիրառել բոլոր միջազգային մեխանիզմները՝ ապահովելու 2020 թվականի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, ինչպես նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը»,- ասված է հայտարարության մեջ: Ազատամարտիկ Կարմեն Ավետիսյանը, շնորհավորելով Եռատոնի առթիվ, նշեց, որ իրենց սերունդը կատարել է այն, ինչը շատերին անհնարին էր թվում: «Հաղթանակել ենք, որովհետև միասնական ենք եղել: Այսօր էլ միասնության ու բռունցքվելու կարիք կա»,- ընդգծեց ազատամարտիկը: Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր խոսքում համոզմունք հայտնեց, որ հաղթանակները միշտ հիշվելու են և դեռ կերտվելու են նորերը: «Ապրիլի 23-ին Ադրբեջանը խախտեց կարմիր գծերը՝ դնելով անցակետ: Այդ կարմիր գծերի խախտումը, որպես արժանապատիվ մարդ, ստիպում են պայքարել, որովհետև ուրիշ տարբերակ չկա: Ոչ ոք չպիտի սահմանափակի մեր ազատ մուտքն ու ելքը դեպի Հայաստան: Մենք 149-ը օր շրջափակման մեջ ենք, չունենք գազ, լույս, գիտեք Սարսանգի ջրամբարի վիճակը: Ունենք մեծ խնդիրներ, բայց չենք ընկճվում: Այո, ծանր է վիճակը, բայց գիտենք մի բան՝ ոչ մի «ռեինտեգրացիայի» մասին խոսք չի կարող լինել: Մենք պաշտպանում ենք մեր տունը, քաղաքներն ու գյուղերը, գերեզմանները, մեր հողի վրա ապրելու իրավունքը: Մենք չենք ուզում ոչ մեկի վրա հարձակվել, ուզում ենք հանգիստ, երջանիկ ապրել մեր հայրենիքում: Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց այդ բանակցությունները չեն կարող լինել ատրճանակը գլխին դրած, այլ երկկողմանի հարգանքի պարագայում միայն»,-ասաց Վարդանյանը՝ Արցախի շուրջ համախմբման կոչ անելով համայն հայությանը: Հանրահավաքին ներկա էին նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: 
16:57 - 09 մայիսի, 2023
Արցախը եղել է, կա ու պետք է լինի հայկական՝ իր ժողովրդի ազատ կամքով և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքով. ԱՀ նախագահ

Արցախը եղել է, կա ու պետք է լինի հայկական՝ իր ժողովրդի ազատ կամքով և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքով. ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Հարությունյանն ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 31-րդ տարեդարձի առթիվ, որում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենափառավոր ու պանծալի էջերից մեկն է: Հայրենական մեծ պատերազմում մյուս ժողովուրդների հետ միասին մեր պապերի տարած հաղթանակը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորումը, Շուշիի ազատագրումը այն անուրանալի հաղթանակներն են, որոնք իրավամբ այդ օրը դարձրել են ազգային հպարտության խորհրդանիշ: Ես ուզում եմ նախևառաջ գլուխ խոնարհել տարբեր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակների սուրբ հիշատակի, ինչպես նաև կենդանի հերոսների վաստակի առջև: Նրանց սխրանքն ու քաջագործություններն անմահ են և միշտ կլինեն հայրենասիրության ու անձնվիրության վառ օրինակ հետագա սերունդների համար: Այսօր Արցախը կրկին հայտնվել է գոյաբանական պայքարի կիզակետում: Ադրբեջանի իշխանությունների կողմից արդեն հինգ ամիս շարունակվող շրջափակումը նպատակ ունի հոգեբանական ու ֆիզիկական ճնշման միջոցով կոտրել մեր ժողովրդի կամքն ու պայքարի ոգին, անվտանգային սպառնալիքի տակ ստիպել լքել հազարամյակների պատմություն ունեցող մեր պապերի հողը կամ դառնալ հպատակ: Թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումները մեզ համար նորություն չեն: Մենք դա լավ գիտենք, ինչպես և լավ գիտենք հայ ժողովրդի միասնականության ուժն ու զորությունը, որը դրսևորվել է մեր պատմության ամենավճռորոշ շրջափուլերում: Այսօր նորից համազգային միասնությունը դարձել է օրվա հրամայական: Մենք երկմտելու կամ ընկրկելու իրավունք չունենք: Ճանապարհը մեկն է. Արցախը եղել է, կա ու պետք է լինի հայկական՝ իր ժողովրդի ազատ կամքով և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքով ու վճռականությամբ: Այդ նպատակին պետք է ծառայեն բոլորիս ջանքերը՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում, պետք է նորից վերագտնենք ու փայփայենք հաղթական Եռատոնի խորհուրդն ու ոգին՝ որպես մեր կյանքի ուղենիշ: Թող Աստված պահապան լինի մեր հայրենիքին ու ժողովրդին»:
09:20 - 09 մայիսի, 2023
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված, և սրա հետ պետք է հաշվի նստել․ Արայիկ Հարությունյան |armenpress.am|

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված, և սրա հետ պետք է հաշվի նստել․ Արայիկ Հարությունյան |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն արձանագրում է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախի միջազգային կարգավիճակի թեման փակելու որևէ պայմանավորվածություն չի եղել։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Արցախի նախագահը շեշտում է՝  ոչ ոք չպետք է մոռանա, որ հակամարտությունը ծագել է Արցախի կարգավիճակի շուրջ վեճի արդյունքում, ինչն էլ ի սկզբանե ճանաչվել է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Հարցազրույցում Արցախի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, Ադրբեջանի նախագահի վերջին ագրեսիվ հայտարարություններին և Արցախի  ժողովրդին ուղղված սպառնալիքներին, ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե Լաչինի միջանցքը բացառապես հումանիտար բեռների տեղափոխման համար է։ -Պարոն Նախագահ, ինչպե՞ս եք գնահատում Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը։ Նախևառաջ, կարևոր է հստակեցնել, որ Արցախ-Հայաստան ճանապարհին արդեն ադրբեջանական երկու ապօրինի անցակետ է գործում, մեկը՝ Հակարիի կամրջի մոտ ապրիլի 23-ից, իսկ մյուսը՝ Շուշիի մոտ, որտեղ ապրիլի 28-ին ադրբեջանցի ոստիկանները փոխարինել են դեկտեմբերի 12-ից ճանապարհը արգելափակած Ադրբեջանի կառավարության՝ քաղաքացիական հագուստով գործակալներին կամ «էկո-ահաբեկիչներին»: Ուստի, անկախ այն հանգամանքից, որ Հակարիի կամրջի մոտ տեղադրված ապօրինի անցակետում ադրբեջանական կողմը իբր «սահմանային վերահսկողություն» է ձևացնում, Արցախի շրջափակումը ոչ միայն շարունակվում է, այլև՝ ժամանակի ընթացքում անվտանգային ռիսկերն ու հումանիտար հիմնախնդիրները ավելի են սրվում Ադրբեջանի ագրեսիվ վարքի պատճառով: -Իմ գնահատականն արտացոլված է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի ապրիլի 23-ի հայտարարության մեջ, որով բացարձակ անընդունելի ենք համարել ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում գտնվող և միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի արգելափակումը և այնտեղ անցակետի տեղադրումը։ Այդ քայլով Ադրբեջանն Արցախի ժողովրդին վերջնականապես դարձրել է պատանդ իր ձեռքում՝ էթնիկ զտման աճող ռիսկով, իսկ 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության հետագա գործողությունը դրել լուրջ վտանգի տակ։ Դիմել ենք նաև Եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակումը վերացնելու, ադրբեջանական անցակետը հանելու և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներ ապահովելու պահանջներով։ Դեռևս ակնկալում ենք գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծառացած անվտանգային և հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ: Անընդունելի ու ցավալի է, որ Ադրբեջանը ոչ միայն կոպտորեն խախտում է Եռակողմ հայտարարության դրույթները, այլև չի կատարում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումները: Ուստի, մեր հիմնավոր ակնկալիքն է միջազգային հանրության բոլոր պատասխանատու դերակատարներից՝ պատշաճ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա նշված պարտավորությունների անհապաղ ու ամբողջական կատարման նպատակով: -Ադրբեջանական հեռուստատեսությանն օրերս տված հարցազրույցում Իլհամ Ալիևը հերթական անգամ վերջնագիր է ներկայացրել արցախահայությանը, ասելով՝ «Ղարաբաղում ապրող հայերը կամ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ էլ պետք է իրենց համար այլ բնակության վայր գտնեն»։ Վերջնագրային լեզվով տևական ժամանակ խոսելն ինքնին մի կողմից խոսուն կերպով վկայում է այդ երկրի ղեկավարության դավանած ոչ քաղաքակիրթ արժեհամակարգի մասին, բայց, որ ուշագրավ է, մյուս կողմից էլ մերկացնում է հարևան երկրի ղեկավարի հռետորաբանության մեջ լուրջ հակասությունը։ Խոսքն այն մասին է, որ 44-օրյա պատերազմից հետո Ալիևն անդադար պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է։ Միգուցե նրա ագրեսիվությունն ու վերջնագրային ոճը պատճառաբանված են ա՞յն բանով, որ իրենից բացի աշխարհում ոչ ոք նման պնդում չի անում, և որ հիմնախնդիրն ամենևին էլ լուծված չէ։ Այլապես, եթե լուծված է, ինչու՞ է այդքան նյարդայնանում։ -Նախ՝ ինչ վերաբերում է ընդհանրապես ինտեգրմանը, ապա շատ ավելի պահանջված ու ցանկալի է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ինտեգրումը քաղաքակիրթ աշխարհին, քաղաքական մշակույթին, մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեհամակարգին։ Կարծում եմ, դրանով իսկ շատ հարցեր կլուծվեին հարևան պետությունների հետ Ադրբեջանի հարաբերություններում։ Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանա-արցախյան հակամարտությանը, ապա, իրոք, Ադրբեջանի նախագահն արդեն երրորդ տարին շարունակ փորձում է աշխարհին համոզել, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է, և որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն այլևս գոյություն չունի։ Սակայն, այո, խնդիրն այն է, որ այս ամենի շուրջ նա չունի լայն միջազգային հանրության համաձայնություն։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված, և սրա հետ պետք է հաշվի նստել։ Երբեմն կարևոր է հակամարտության պատմության մեջ փնտրել հարցերի պատասխանները: ԽՍՀՄ Սահմանադրության չեղարկման հետևանքով խորհրդային հանրապետությունների ձևավորման և տարածքային բաժանման իրավական հիմքերը վերացել են: Պետությունները հռչակվում էին այդ տարածքներում ապրող առանձին տիտղոսակիր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Գործնականում նախկին Հայկական ԽՍՀ-ն, ԼՂԻՄ-ը և Ադրբեջանական ԽՍՀ-ն միաժամանակ հռչակեցին իրենց անկախությունը՝ միջազգային իրավունքին և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան։ Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը ոչ մի մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության ձևավորմանը։ Սակայն, նորաստեղծ Ադրբեջանական Հանրապետությունն անհիմն հավակնություներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Միևնույն ժամանակ, միջազգային հանրությունն ի սկզբանե արձանագրել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ տարաձայնությունների առկայության փաստը։ Այստեղ գոյություն ունի անչափ կարևոր մի հանգամանք։ 1992 թվականի հունվարի 30-ին Ադրբեջանը, ճանաչված լինելով ընդամենը մի քանի պետությունների կողմից, Հայաստանի հետ նույն օրն անդամագրվեց ԵԱՀԽ-ին։ Այդ պետությունների ինքնիշխանությունը ԵԱՀԽ-ի կողմից ճանաչվել էր այն պայմանով, որ նրանք իրենց հերթին ճանաչում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության շուրջ տարաձայնությունների առկայության փաստը և համաձայնվում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվելու է ԵԱՀԽ հովանու ներքո անցկացվելիք խաղաղության համաժողովի ժամանակ։ Երկու պետություններն էլ տվել են նման համաձայնություն, դրանով իսկ ընդունելով Լեռնային Ղարաբաղի՝ վիճելի տարածքի միջազգային կարգավիճակը և ստանձնելով հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն։ Սակայն, ԵԱՀԽ-ին անդամակցելուց հետո Ադրբեջանն անմիջապես խախտեց իր միջազգային պարտավորությունը։ ԼՂՀ ադրբեջանաբնակ բնակավայրերը վերածելով ռազմական հենակետերի՝ Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ օգտվեց ինքնապաշտպանության իր իրավունքից։ Ադրբեջանի ագրեսիան պսակվեց պարտությամբ իր իսկ համար։ Արցախի Հանրապետությունը (ԼՂՀ-ն) դե-ֆակտո կայացել է 1992-94 թվականներին Ղարաբաղյան առաջին պատերազմում ձեռք բերած հաղթանակի արդյունքում։ Միջազգայնորեն ճանաչվել է ԼՂՀ-ի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը։ Միջազգային բանակցություններում ցայսօր չկա ոչ մի պայմանավորվածություն ինչպես ԼՂՀ կարգավիճակի, այնպես էլ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի սահմանազատման գծի շուրջ։ Կարգավիճակի շուրջ որևէ համաձայնություն չկա նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունում, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը շարունակում է ունենալ հակամարտային կամ վիճելի տարածքի միջազգային կարգավիճակ, բայց ոչ երբեք Ադրբեջանի մաս։ Ավելին, պետք է հաշվի առնել նաև, որ Ադրբեջանի Գերագույն խորհրդի կողմից 1991 թ. օգոստոսին ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրով և նույն տարվա հոկտեմբերին ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտով Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հռչակել 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության իրավահաջորդը: Իսկ նախախորհրդային այդ ժամանակաշրջանում նույնպես Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն համարվում էր որպես վիճելի տարածք՝ պաշտոնապես ընդունված Ազգերի Լիգայի կողմից: Ուշագրավ է նաև, որ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղը շատ ավելի լայն սահմաններ ուներ, և ԽՍՀՄ կազմում գոյության առաջին տարիներին նույնիսկ ընդհանուր սահման է ունեցել Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հետ: Այս փաստերից շատ կարևոր հարց է ծագում, թե արդյ՞ոք Ադրբեջանի անկախության հռչակված հիմնարար փաստաթղթերով չի ընդունվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ու տարածքների վիճելիության փաստը: -Հերթական անգամ խախտելով ռազմական ուժ չկիրառելու մասին իր միջազգային պարտավորությունները՝ Ադրբեջանը 2020 թվականին վերսկսել է Արցախի Հանրապետության դեմ իր նախահարձակ գործողությունները, բայց, այնուամենայնիվ, համաձայնվել է մի շարք պայմաններով ստորագրել զինադադարի մասին Եռակողմ հայտարարությունը։ Մասնավորապես, որքան էլ մեզ համար ցավալի ու անընդունելի լիներ, այնուամենայնիվ, Արցախի Հանրապետության որոշ տարածքներ իրեն հանձնելու դիմաց, ըստ էության, Ադրբեջանը պատասխանատվություն է ստանձնել երաշխավորելու Արցախի և Հայաստանի միջև ցամաքային անվտանգ միջանցքը, ինչպես նաև պարտավորվել է իր զորքերը կանգնեցնել այնտեղ, որտեղ դրանք գտնվում էին հրադադարի հաստատման պահին։ Ադրբեջանն անմիջապես սկսեց անտեսել ոչ միայն ստանձնած պարտավորությունները, այլև այն, թե ինչ հանգամանքներում է դրանք ստանձնել, փորձելով ամեն ինչ տեղավորել իր կողմից իբր բարի կամքի դրսևորման շրջանակներում։ Մինչդեռ եղել են կոնկրետ պայմանավորվածություններ, այնպե՞ս չէ։ -Իհարկե։ Ադրբեջանը շատ շուտ մոռացավ, որ պարտավորություն է ստանձնել երաշխավորելու միջազգայնորեն ճանաչված Լաչինի միջանցքով քաղաքացիների, փոխադրամիջոցների և բեռների երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը։ Ադրբեջանը նաև փորձում է անտեսել այն փաստը, որ պատասխանատվություն է ստանձնել Արցախում զորքերի շփման գծի պահպանման համար։ Մեզ համար կարևոր այլ պայմանավորվածություններ նույնպես չեն կատարվել, այդ թվում՝ ռազմագերիների, պատանդների ու այլ պահվող անձանց ազատումը, բռնի տեղահանված քաղաքացիների վերադարձն իրենց հայրենի տներ: Ադրբեջանն այդ պարտավորությունները ստանձնել է, այո, ի հատուցումն պատերազմի դադարեցման, իր հազարավոր զինվորների կյանքերի փրկման ու այն տարածքների, որոնք իրեն են անցել առանց որևէ կրակոցի։ Արցախի միջազգային կարգավիճակի թեման փակելու որևէ պայմանավորվածություն չի եղել այդ փաստաթղթով։ Ոչ ոք չպետք է մոռանա, որ հակամարտությունը ծագել է Արցախի կարգավիճակի շուրջ վեճի արդյունքում, ինչն էլ ի սկզբանե ճանաչվել է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Միջազգային մակարդակով այդ կարգավիճակը դեռ որոշված չէ։ -Թե՛ հակամարտության սկզբում, թե՛ ռազմական սրացումների ընթացքում, թե՛ բանակցային գործընթացի ժամանակ և թե՛ հետպատերազմական ժամանակաշրջաններում Ադրբեջանը շարունակաբար խեղաթյուրել է ոչ միայն հիմնախնդրի բուն էությունը, այլև հիմնախնդրի կարգավորմանն առնչվող փաստաթղթային հենքը։ Ամենաթարմ օրինակը՝ ադրբեջանական կողմն անընդհատ շարունակում է ջանքեր գործադրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համատեքստից դուրս բերելու «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ» խոսքերը, եւ այդ նախադասությունը ներկայացնելու որպես Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքից հայկական զինված ուժերի (ներառյալ՝ Արցախի Պաշտպանության բանակի) դուրսբերման պահանջ։ -Ադրբեջանն իր ապօրինի պահանջներով ու նախահարձակ գործողություններով փորձում է փլուզել ԱՀ-ի ու նրա ժողովրդի անվտանգության առկա փխրուն համակարգը։ Այդ նպատակին են միտված Արցախի Պաշտպանության բանակը զինաթափելու պահանջները, ինչպես նաև նրա նյութատեխնիկական ապահովումը խոչընդոտելու մտացածին պատճառները։ Պարզ է, որ Ադրբեջանի իրական նպատակները միանգամայն այլ են՝ զրկել Արցախի ժողովրդին անվտանգության բոլոր երաշխիքներից ու ստիպել մարդկանց լքելու իրենց հայրենի հողը՝ դրանով իսկ պաշտոնական Բաքվին հնարավորություն տալով առանց պատերազմի զավթել Արցախը։ Նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 4-րդ կետը հերքում է փաստաթղթի ադրբեջանական մեկնաբանությունը։ Այդ պարբերությունը հստակ սահմանում է ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման, հետեւաբար նաև՝ հայկական զորքերի դուրսբերման աշխարհագրությունը։ Կողմերի շփման գիծը եւ Լաչինի միջանցքը նշված են որպես Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի տեղակայման տարածքներ։ Այսինքն՝ 4-րդ կետը պայմանավորվածություն է մեր զինված ուժերի դուրսբերման մասին ոչ թե ամբողջ Լեռնային Ղարաբաղից, ինչպես դա փորձում է ներկայացնել Բաքուն, այլ՝ այն վայրերից, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Քանի որ խաղաղապահները տեղակայված չեն շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև չունեն միջազգային մանդատ և իրենց գործառույթների իրականացման համար ուժ կիրառելու լիազորություն կամ կարողություն, այդ պատճառով Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն իրավունք ունեն եւ պարտավոր են մարտական հերթապահություն իրականացնել շփման գծում։ Հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Արցախի Հանրապետության ապառազմականացման եւ հանրապետությունից սեփական զինված ուժերի դուրսբերման մասին։ Մինչդեռ, բացի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումից, հենց Ադրբեջանն է շարունակել ագրեսիվ գործողությունները՝ սկսելով գրավված և հանձնված տարածքների անզուսպ ռազմականացումը՝ պայմաններ ստեղծելով Արցախի ու Հայաստանի դեմ հետագա նախահարձակ գործողությունների համար։ Ի դեպ, արժեքավոր է հիշել, որ հակամարտության կարգավորման գրեթե բոլոր փաթեթներով միջազգային հանրությունը նախատեսել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքները պետք է ապառազմականացվեն, իսկ Ադրբեջանը կատարում է ճիշտ հակառակը: Ուստի, հաշվի առնելով, որ տարածաշրջանում վտանգի միակ աղբյուրը հենց ադրբեջանական կողմն է՝ միջազգային հանրությունը պետք է հետևողական լինի կանխելու ադրբեջանական նոր ագրեսիվ գործողությունները, այդ թվում՝ ապառազմականացնելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող նշված տարածքները: Քաջ հասկանալով խաղաղապահների հնարավորությունների սահմանափակությունները՝ նրանք պետք է, այնուամենայնիվ, աջակցեն Արցախի քաղաքացիների համար անվտանգ ու արժանապատիվ կենսապայմանների ստեղծմանը, այդ թվում՝ հարգելով ինքնապաշտպանության մեր իրավունքը։ Էթնիկ զտման վտանգի ենթարկվող ժողովրդին կամ պետք է պաշտպանել՝ «Պաշտպանելու պարտականության» միջազգային հայեցակարգի շրջանակներում, կամ էլ ապահովել ինքնապաշտպանության միջոցներով և հնարավորություններով։ Որքան էլ ուժեղ ու վտանգավոր է Ադրբեջանի կողմից իրականացվող ճնշումը՝ Արցախն ունի ինքնապաշտպանության իրավունք, իսկ միջազգային հանրությունը՝ պաշտպանելու պարտականություն։ Անկախ Արցախի ժողովրդի ձեռքի տակ եղած միջոցներից և հնարավորություններից՝ նա պարտավոր է և իրավունք ունի պաշտպանվելու հանուն իր իսկ փրկության։ Միջազգային հանրությունն էլ պետք է որոշի, թե ինչպես կարող է պաշտպանել Արցախի ժողովրդին՝ քաղաքական-դիվանագիտական ճանապարհո՞վ, թե՞ ինքնապաշտպանության համար անհրաժեշտ միջոցների տրամադրմամբ։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
11:18 - 04 մայիսի, 2023
Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան դավաճանական տանդեմը օրինականացրեց ադրբեջանական մաքսակետը․ Գեղամ Մանուկյան 
 |tert.am|

Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան դավաճանական տանդեմը օրինականացրեց ադրբեջանական մաքսակետը․ Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: ԱԺ-ն իր հերթական քառօրյան է է սկսում և քննարկում հետևյալ նախագծերը՝ գիտական, գիտատեխնիկական գործունեության,  սնանկության և այլ հարցերի շուրջ, այնինչ արբեջանական ագրեսիան Արցախի դեմ նոր սահմաններ է անցել, այնինչ Հակարիի կամրջի վրա Ադրբեջանը դրել է ամբողջական հենակետ։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Բազմաթիվ մեր հայրենակիցներ այս օրերին ցավով, կսկիծով ու զայրույթով ականատես էին լինում ՀՀ իշխանությունների լռության  պայմաններում, թե ինչպես է շարունակում ադրբեջանական կլանումը և օկուպացիան։ Գաղտագողին այն է, երբ որ բանակցությունների հանդիպումից հետո մեկ էլ ԱՄՆ պետդեպարտամենտը ասում է քննարկման կետերից մեկը  երկու երկրների էթնիկ փոքրամասնությունների իրավունքների հարցն է։ Գաղտագողին՝ Արցախի Հանրապետության արցախահայությունը  Ադրբեջանում էթնիկ փոքրամասնություն անվանելու հարցն է, գաղտագողին այն է, որ Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան դավաճանական տանդեմով օրինականացրեցին ադրբեջանական մաքսակետը՝ արցախահայերին այդ մաքսակետով տանել-բերելով ու ամբողջ աշխարհին հայտարարելով, որ սահմանները կարող ենք նորմալացնել»,- ասաց պատգամավորը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:27 - 02 մայիսի, 2023
Արցախի նախագահը միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին

Արցախի նախագահը միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին։ «Այսօր Ստեփանակերտում միացել եմ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրության տարբեր դերակատարների պահանջ է ներկայացվում ապահովել Արցախի ապաշրջափակումը, ինչպես նաև մի շարք այլ քայլերի իրականացումը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի որոշումներին համապատասխան: Ողջունելի է այս քաղաքացիական նախաձեռնությունը, որը մեր հավաքական կամքի ու ձայնի ներկայացման արդյունավետ ձևերից մեկն է: Նախաձեռնությանը կարելի է միանալ ու աջակցել թե՛ Արցախի տարբեր բնակավայրերում կազմակերպված ստորագրահավաքով և թե՛ առցանց պահանջագրով»,- ասված է գրառման մեջ։
13:33 - 30 ապրիլի, 2023
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար Ալեքսանդր Լենցովին

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար Ալեքսանդր Լենցովին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ- գնդապետ Ալեքսանդր Լենցովին: Նախագահ Հարությունյանը, ողջունելով նորանշանակ հրամանատարին, ընդգծել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դերը Արցախի ժողովրդի անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման հարցում: Երկուստեք կարևորվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը: Հանրապետության նախագահը փոխանցել է ԱՀ իշխանությունների ակնկալիքը ՌԴ խաղաղապահ զորակազմից, որ սեղմ ժամկետում կապահովվի Արցախ-Հայաստան երկկողմանի հաղորդակցության բոլոր խոչընդոտների վերացումն ու անվտանգությունը՝ Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան: Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղաղապահ զորակազմի գործունեությանը, Արցախի ապաշրջափակմանը, Լաչինի միջանցքի ռեժիմի պահպանմանը, կենսական ենթակառուցվածքների բնականոն գործունեության երաշխավորմանը վերաբերող և այլ հարցեր:
17:05 - 27 ապրիլի, 2023
Արցախի Անվտանգության խորհուրդը հայտարարությամբ դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես ՌԴ-ին․ Արայիկ Հարությունյան

Արցախի Անվտանգության խորհուրդը հայտարարությամբ դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես ՌԴ-ին․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․   «Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր հրավիրել եմ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ քննարկելու Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից արգելափակման և անցակետի տեղադրման հարցը:   ԱՀ Անվտանգության խորհրդի բոլոր անդամներս միաձայն ընդունել ենք հայտարարություն, որում, մասնավորապես, նշված է.   «Ընդգծելով, որ Արցախի ողջ ժողովուրդը ժամանակին հավատացել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՌԴ կողմից տրամադրված անվտանգության երաշխիքներին և վերադարձել Հայրենիք ու անցել բնականոն կյանքի կազմակերպմանը,   Շեշտադրելով, որ Եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը բազմաթիվ անգամ խախտել է տվյալ փաստաթղթի տարբեր դրույթներ՝ սպանելով Արցախի բնակիչների, բռնազավթելով նոր տարածքներ, իսկ 2022թ. դեկտեմբերի 12-ից՝ արդեն 133 օր շարունակ Արցախի ժողովրդին պահելով շրջափակման, 104 օր շարունակ՝ էլեկտրամատակարարումից, իսկ 67 օր շարունակ՝ գազամատակարարումից զուրկ պայմաններում,   Ողջունելով ՌԴ ղեկավարության կողմից բազմիցս արտահայտված դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների շարունակականության ու ամրության, ինչպես նաև Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման անընդունելիության վերաբերյալ,   Բացարձակորեն անընդունելի համարելով Արցախը Հայաստանի հետ կապող՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը և ապրիլի 23-ին այնտեղ անցակետի տեղադրումն Ադրբեջանի կողմից,   Արձանագրելով, որ այդ քայլով Արցախի ժողովուրդը վերջնականապես դարձել է պատանդ Ադրբեջանի ձեռքում՝ էթնիկ զտման աճող ռիսկով, իսկ Եռակողմ հայտարարության հետագա գործունեությունը լրջորեն վտանգված է՝   Դիմում ենք Եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ.   Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծագած անվտանգային և հումանիտար հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, որոնց բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները»»,- ասված է նախագահի գրառման մեջ։
17:41 - 23 ապրիլի, 2023