Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Արարատ Միրզոյանը ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ քննարկել է մշտադիտարկման առաքելության լիազորությունները, տեղակայման վայրերը

Արարատ Միրզոյանը ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ քննարկել է մշտադիտարկման առաքելության լիազորությունները, տեղակայման վայրերը

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հանդիպման ընթացքում առաքելության անդամները ներկայացրել են մինչ այս Հայաստանում տեղի ունեցած հանդիպումների ու այցելությունների արդյունքները։ Կողմերը քննարկել են հոկտեմբերի 6֊ի պրահյան հայտարարության համաձայն Հայաստան-Ադրբեջան սահմանի երկյանքով տեղակայվելիք ԵՄ մշտադիտարկման առաքելության լիազորությունների, տեղակայման վայրերի և այլ մանրամասները։ ԵՄ մշտադիտարկման առաքելության նպատակն է լինելու նպաստել տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության կառուցմանը և սահմանային անվտանգության ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին։ Կարևորելով ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայումը՝ նախարար Միրզոյանը կարծիք է հայտնել, որ դրա դիտարկումները և վերլուծությունները կարևոր դեր կկատարեն նաև իրավիճակի վերաբերյալ ԵՄ անդամ երկրներին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու գործում։
16:02 - 17 հոկտեմբերի, 2022
ԱԳ նախարարների հանդիպմանը կարևորվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման ու վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը․ ԱԳՆ

ԱԳ նախարարների հանդիպմանը կարևորվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման ու վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը․ ԱԳՆ

Հոկտեմբերի 14-ին Աստանայում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների շրջանակներում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ: Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման, բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։ Կարևորվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման ու վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը՝ նոր ագրեսիաները կանխարգելելու նպատակով։ Եռակողմ հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել նաև ՌԴ ԱԳՆ-ն։ Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ քննարկվել են նաև Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, ինչպես նաև հասարակության ներկայացուցիչների և երեք երկրների փորձագետների երկխոսության վերաբերյալ հարցեր։
13:52 - 14 հոկտեմբերի, 2022
ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների քննարկումների մասին
 |1lurer.am|

ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների քննարկումների մասին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ: «Նախարարներն առարկայական քննարկում են անցկացրել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ, որոնք իրականացնում է եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ»,- նշված է հայտաարության մեջ: Աղբյուրի համաձայն՝ քննարկվել են նաև Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, ինչպես նաև հասարակության ներկայացուցիչների և երեք երկրների փորձագետների երկխոսության վերաբերյալ հարցեր։ «Հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
12:30 - 14 հոկտեմբերի, 2022
Աստանայում տեղի է ունենում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը |factor.am|

Աստանայում տեղի է ունենում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը |factor.am|

factor.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այսօր Աստանայում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ մեկնարկած հանդիպման ընթացքում ինքը հույս ունի քննարկել երեք երկրների նախագահների 2020 և 2021 թվականների պայմանավորվածությունների կատարման հարցը՝ հասկանալու համար, թե «ինչպես շարժվել առաջ», գրում է ՏԱՍՍ-ը։ Ըստ աղբյուրի՝ ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին նշել է, որ այս տարվա մայիսին եռակողմ ձևաչափով վերջին հանդիպումից ի վեր զգալի թվով շփումներ են տեղի ունեցել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմունքներով։ Նա հավելել է, որ օգտակար կլինի խոսել «խաղաղ կարգավորման այլ հարցերի շուրջ, այդ թվում՝ պետական սահմանի սահմանազատման, հաղորդակցությունների բացման», ինչպես նաև մարդասիրական բնույթի հարցերի։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև եռյակի նախագահների հայտարարություններին համահունչ ԼՂ հիմնախնդրի լուծումներ գտնելու համար։
12:08 - 14 հոկտեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աստանայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աստանայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 12-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նիստի շրջանակներում ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի, քննարկել են ԱՊՀ շրջանակներում քաղաքական, առևտրատնեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նիստի ընթացքում ունեցած իր ելույթում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է ղազախական կողմին՝ ԱՊՀ նախագահության իրենց առաջնահերթությունների հաջող իրականացման կապակցությամբ, և արդյունավետ աշխատանք մաղթել ղրղզական կողմին՝ առաջիկա նախագահության ընթացքում։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում փոխգործակցության մեխանիզմների ընդլայնման ու ամրապնդման օգտին՝ ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերում ամրագրված նպատակներին և սկզբունքներին համապատասխան։  Անդրադառնալով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծությամբ ուղեկցվող ադրբեջանական կողմի վերջին ագրեսիային և շարունակական ռազմատենչ ու առավելապաշտական հայտարարություններին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ նմանատիպ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման ջանքերը։ Նա նաև կարևորել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանի լայնածավալ զինված ագրեսիայի հստակ և թիրախային դատապարտումը։ Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը նշել է սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի շրջանակներում տարվող աշխատանքների, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը գործընկերներին ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ: ԱԳՆԽ նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր:
10:54 - 13 հոկտեմբերի, 2022
Հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում. Միրզոյան

Հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում. Միրզոյան

Հոկտեմբերի 12-ին Աստանայում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցերի։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի շուրջ։Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը վերահաստատել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ընդգծվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։Առանձնահատուկ շեշտվել է Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման և հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման հետ կապված խնդիրներին։ Նսխարար Միրզոյանը շեշտել է, որ հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի, միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում․ Հումանիտար խնդիրների կարգավորման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման հրամայականը: Հայկական կողմը կարևորել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների մեղավորների ու կազմակերպիչների պատասխանատվության ենթարկումը։ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են նաև երկու երկրների դաշնակցային հարաբերությունների լայն օրակարգը։
19:55 - 12 հոկտեմբերի, 2022
ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ խորհրդի որոշումը. Լավրով |armeniasputnik.am|

ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ խորհրդի որոշումը. Լավրով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշումը: Այս մասին Աստանայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Այն բանից հետո, երբ Հայաստանը խնդրեց հրավիրել ՀԱՊԿ արտահերթ գագաթաժողով, անմիջապես այն տեղի ունեցավ, որոշումներ կայացվեցին Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, Միացյալ շտաբի պետին։ Նրանք այնտեղ են գնացել, առաջարկություններ են բերել, այդ առաջարկությունները մեզ մոտ արդեն ավելի քան մեկ ամիս է։ Դրանք են ՝ Հայաստանի տարածք Ադրբեջանի հետ սահմանին ուղարկել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն: Միակ բանը, որ պահանջվում է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որը պետք է գումարվի ՀԱՊԿ նախագահի կողմից, իսկ նախագահող երկիրը չէ՞ որ Հայաստանն է»,- ասել է Լավրովը:
18:45 - 12 հոկտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը ֆրանսիացի պաշտոնյաների հետ քննարկել է ԵՄ առաքելության աշխատանքներին առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը ֆրանսիացի պաշտոնյաների հետ քննարկել է ԵՄ առաքելության աշխատանքներին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի:Զրուցակցիները մտքեր են փոխանակել հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման վերաբերյալ:Ընդգծվել է ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը, հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաև սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը: Այս համատեքստում քննարկվել են ԵՄ քաղաքացիական առաքելության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը և առաքելության աշխատանքներին առնչվող հարցեր:Արարատ Միրզոյանը կարևորել է ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերյալ ֆրանսիական կողմի սկզբունքային դիրքորոշումը և Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի ներդրած ջանքերը:
19:36 - 10 հոկտեմբերի, 2022