ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աստանայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
10:54 - 13 հոկտեմբերի, 2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աստանայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 12-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Նիստի շրջանակներում ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի, քննարկել են ԱՊՀ շրջանակներում քաղաքական, առևտրատնեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Տեսադարան

Նիստի ընթացքում ունեցած իր ելույթում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է ղազախական կողմին՝ ԱՊՀ նախագահության իրենց առաջնահերթությունների հաջող իրականացման կապակցությամբ, և արդյունավետ աշխատանք մաղթել ղրղզական կողմին՝ առաջիկա նախագահության ընթացքում։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում փոխգործակցության մեխանիզմների ընդլայնման ու ամրապնդման օգտին՝ ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերում ամրագրված նպատակներին և սկզբունքներին համապատասխան։ 

Տեսադարան

Անդրադառնալով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծությամբ ուղեկցվող ադրբեջանական կողմի վերջին ագրեսիային և շարունակական ռազմատենչ ու առավելապաշտական հայտարարություններին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ նմանատիպ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման ջանքերը։ Նա նաև կարևորել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանի լայնածավալ զինված ագրեսիայի հստակ և թիրախային դատապարտումը։

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը նշել է սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի շրջանակներում տարվող աշխատանքների, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման կարևորությունը։

Արարատ Միրզոյանը գործընկերներին ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ:

ԱԳՆԽ նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր:

Տեսադարան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել