ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Քույրերին պաշտպանելիս, մենք մեզ ենք պաշտպանում․ ցույց Ռուսաստանի դեսպանատան դիմաց |epress.am|

Քույրերին պաշտպանելիս, մենք մեզ ենք պաշտպանում․ ցույց Ռուսաստանի դեսպանատան դիմաց |epress.am|

epress.am: Հունիսի 24-ին միջազգային սոլիդարության ակցիայի շրջանակներում մի քանի տասնյակ մարդիկ բողոքի ցույցի էին դուրս եկել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելու Մոսկվայում հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերին։ Ցուցարարների պահանջն է՝ ազատել Անգելինա, Քրիստինա և Մարիա Խաչատուրյաններին, նրանց դեմ հարուցված քրեական գործը վերաորակավորել որպես ինքնապաշտպանություն։Ցույցի մասնակիցները պաստառներ էին բերել՝ «Մենք Խաչատուրյան քույրերն ենք․ Ազատություն Խաչատուրյան քույրերին», «8-20 տարի անպատժելիության և պետության անգործության համա՞ր», «Ինքնապաշտպանությունը հանցագործություն չէ», «Երեխաները չպիտի դառնան ընտանեկան բռնության զոհ։ Բռնությունը արդարացում չունի։ Ես Խաչատուրյան քույր եմ։», «Պահանջում ենք ընտանեկան բռնության մասին օրենք», «Կանայք հրաժարվում են մեռնել» գրառումներով։Ցուցարարներից երկուսին հարվածելուց հետո ոստիկաննությունը ակցիայի վայրից բերման ենթարկեց երկու քաղաքացիների՝ տարեց մի կնոջ, ով ցույցի ողջ ընթացքում վիրավորանքներ էր հնչեցնում ցուցարարների և Խաչատուրյան քույրերի հասցեին և հարցազրույցներ տալիս իր շուրջը հավաքված լրագրողներին, և մի տղամարդու, ով միացավ նրան վերջում։ Ոստիկանական բաժանմունք հրավիրվեցին նաև հարձակման ենթարկված ցուցարարները։ Հիշեցնենք, որ Խաչատուրյան քույրերին, ովքեր մեղադրվում են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ,, հունիսի 13-14-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել․ նրանց մեղսագրվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 105 հոդվածի 8-րդ կետով նախատեսված հանցանքը, այն է՝ խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ, որը ենթադրում է 8-ից 20 տարի ազատազրկում։ Այսինքն՝ քրեական գործի նախնական որակավորումը մնացել է անփոփոխ․ քույրերի փաստաբաններն ու մեծաթիվ աջակիցները լիահույս էին, որ քննչական մարմինը՝ հաշվի առնելով նախաքննության ընթացքում ի հայտ եկած բազմաթիվ փաստերը, կփոխի հոդվածը առնվազն «ինքնապաշտպանության սահմանազանցման»։ Արդյունքում փոխվեց միայն հանցագործության դրդապատճառը, որն այժմ պաշտոնապես ձևակերպված է որպես «անձնական թշնամանք՝ պայմանավորված հոր կողմից դուստրերին պատճառված երկարատև ֆիզիկական և հոգեբանական տանջանքներով»։Փաստացի, Խաչատուրյան քույրերի հարևանների, համադասարանցիների, դպրոցի աշխատակիցների, մոր և եղբոր վկայությունները՝ մշտական բնույթ կրող սպառնալիքների, բռնությունների և խոշտանգումների մասին, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննությունները, որոնք հաստատեցին հոր կողմից սեռական շահագործման և սեռական բռնությունների ենթարկվելու մասին քույրերի վկայությունները, ի վերջո՝ փորձաքննությունները, որոնք հաստատեցին հոր կախվածությունը ծանր թմրանյութերից և հոգեմետ դեղերից, տեղեկությունները քրեական աշխարհի հետ սպանվածի կապերի մասին, ինչպես նաև՝ պետական ծառայողի՝ հատուկ ծառայությունների աշխատակցի կեղծ վկայականները, որոնք հայտնաբերվեցին Միխայիլ Խաչատուրյանի տանը և որոնցով, ըստ դպրոցի աշխատակիցների, նա լռեցնում և կասեցնում էր բոլոր ահազանգների և դիմումների ընթացքը, ինչպես նաև վկայություններն առ այն, որ տարիներ շարունակ քույրերը օգնություն են խնդրել ծանոթներից, անցանոթներից, դպրոցի աշխատողներից, իսկ նրանց մայրը՝ նաև ոստիկանությունից, բայց բոլոր դեպքերում հայտնվել են պետական և հանրային պաշտպանությունից դուրս, անգամ հոգեբուժական եզրակացությունները քույրերի հոգեկան անկայությունյան և քույրերից ամենափոքրի՝ Մարիայի, անգիտակից լինելու մասին, ամեն դեպքում, հիմք չդարձան գործի վերաորակավորման համար։ Աղջիկները դատվելու են քրեական օրենսգրքի ամենածանր հոդվածներից մեկով։ Նախաքննությունը հայտարարվել է ավարտված, գործի նյութերը սեղմ ժամկետներում կփոխանցվեն դատարան։Ռուսաստանում ի աջակցություն Խաչատուրյան քույրերի օրեր շարունակ բողոքի ցույցեր և պիկետներ են տեղի ունենում․ մարդիկ դուրս են գալիս փողոց նույն պահանջներով՝ փոխել քրեական գործի որակավորումը, բացառել քույրերի կալանավորումը, ընտանեկան բռնության մասին օրենք ընդունել։ Սոցիալական ցանցերում սկսվել է «Մենք Խաչատուրյան քույրերն ենք» խորագրով արշավ, որը հղվում է վերջերս Ռուսաստանում ի աջակցություն հետաքննող լրագրող Իվան Գոլունովի բարձրացած բողոքի ալիքին, որի շնորհիվ կասեցվեց նրա նկատմամբ շինծու քրեական հետապնդումը։ Երևանում այսօր տեղի ունեցած բողոքի ցույցը, ըստ մասնակիցների, մաս է կազմում այս արշավի։
06:48 - 25 հունիսի, 2019
Վրաստանն արևմտյան աշխարհաքաղաքական ճարտարապետության հետևանքների զոհն է դարձել. Լավրովը՝ Թբիլիսիում ստեղծված իրավիճակի մասին |tert.am|

Վրաստանն արևմտյան աշխարհաքաղաքական ճարտարապետության հետևանքների զոհն է դարձել. Լավրովը՝ Թբիլիսիում ստեղծված իրավիճակի մասին |tert.am|

tert.am։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Վրաստանում ստեղծված իրավիճակը, հաղորդում է ria.ru-ն: Ըստ նրա՝ Վրաստանն արևմտյան աշխարհաքաղաքական ճարտարապետության հետևանքների զոհն է դարձել:«Ինչի՞ կարող է հանգեցնել արտասահմանից խորհուրդներին և հուշումներին կուրորեն հետևելը՝ վառ օրինակ է մեր հարևան Ուկրաինայի տխուր փորձը: Հսկայական ներուժ ունեցող երկիրը Պորոշենկոյի օրոք միջազգային օգնություն հայցողի մակարդակին էր հասել, զրկվել է արդյունաբերական բազայից, մինչ օրս տառապում է աշխատունակ բնակչության հսկայական արտահոսքից, էլ չեմ խոսում ներքին հակամարտության և հոգևոր ու քաղաքակրթական առումներով հասարակության պառակտման մասին», - ասել է Լավրովը ՌԴ շրջանային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում: Ըստ նրա՝ արևմտյան աշխարհաքաղաքական ճարտարապետության հետևանքների ևս մի օրինակ է Վրաստանը, «որտեղ արևմտյան կուրատորները պատրաստ են աչք փակել ծայրահեղ ազգայնականների անկարգությունների, ռուսատյացության վրա, միայն թե Վրաստանի ժողովրդի կապերը մեր պետության հետ խզվեն, ջնջեն մեր ընդհանուր պատմությունը»:«Ուստի մենք սթափ ենք գնահատում միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի և նրա մերձավոր դաշնակիցների դերը, բայց միևնույն ժամանակ չենք մեկուսանում և պատրաստ ենք երկխոսել այն հարցերի շուրջ, որոնք մարդկությանը սպառնացող բոլոր վտանգները չեզոքացնելու համար համատեղ փոխշահավետ աշխատելու հնարավորություններ են ընձեռում»,- հավելել է նա:Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
11:06 - 24 հունիսի, 2019
Խաչատուրյան քույրեր. ի՞նչ է սպասվում նրանց և ի՞նչու են նրանք զոհեր, ոչ թե մեղավորներ |forrights.am|

Խաչատուրյան քույրեր. ի՞նչ է սպասվում նրանց և ի՞նչու են նրանք զոհեր, ոչ թե մեղավորներ |forrights.am|

forrights.am։ 2018 թվականի հուլիսի 2-ին Մոսկվայում Կրիստինա, Մարիա և Անգելինա Խաչատուրյանները (19, 18 և 17 տարեկան) սպանել էին իրենց հորը՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին։ Քույրերն իրենց հորը հասցրել էին դանակի բազմաթիվ հարվածներ կրծքավանդակի և վզի շրջանում, ընդ որում, քննությունը պարզել էր, որ 17-ամյա Անգելինա Խաչատուրյանը հորը 35 դանակի հարված էր հասցրել, իսկ մյուս երկու քույրերը հարվածելուց բացի նաև պղպեղի սփրեյ էին ցանել Միխայիլ Խաչատուրյանի դեմքին։ Սպանությունից հետո քույրերից ամենամեծը՝ Կրիստինան, զանգահարել էր ոստիկանություն և հայտնել կատարվածի մասին։ Ո՞վ էր Միխայիլ Խաչատուրյանը 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը ոչ մի տեղ չէր աշխատում, սակայն սոցցանցերի նրա էջից երևում է, որ վերջինս բավականին լավ ֆինանսական վիճակում էր։ Խաչատուրյանի նկարներից նաև երևում է, որ նա հավատացյալ էր, ինչպես նշել են նրան ճանաչող մարդիկ, նա տարվա մեջ մի քանի անգամ այցելում էր Երուսաղեմ, քահանա էր հրավիրում տունը օրհնելու համար և այլն։ Սպանված Միխայիլ Խաչատուրյանի ավտոմեքենայում քննիչները հայտանբերել էին հերոին տեսակի թմրանյութ իսկ տանը՝ զենք։ Խաչատուրյանը նաև խնդիրներ ուներ հոգեկան առողջության հետ, դա ապացուցում են նրա բժշկական փաստաթղթերը։ Խաչատուրյանի նկարներից նաև երևում է, որ վերջինս բավականին կապված էր Հայաստանի և Ռուսաստանում հայ համայնքի հետ, դա է վկայում նաև Մոսկվայի հայկական եկեղեցու բակում նրա լուսանկարը Ռուբեն Վարդանյանի հետ։ Բավականին հիմնավոր կասկածներ կան, որ Միխայիլ Խաչատուրյանը սերտ կապերի մեջ է եղել քրեական աշխարհի հետ, և ապրուստ էր «վաստակում» ուղղակի քրեական աշխարհից եկող նվիրատվությունների շնորհիվ։Միխայիլ Խաչատուրյանն ամուսնացած էր եղել մոլդովացի Աուրելիա Դունդուկի հետ, որին տնից վռնդել էր մի քանի տարի առաջ, իսկ իր 3 աղջիկներին և տղային՝ արգելել շփվել մոր հետ։ Բայց տղան չէր կատարել հոր պահանջը, ինչի պատճառով էլ Միխայիլը 2013 թվականին վռնդել էր տնից նաև սեփական որդուն և ամբողջովին խզել կապերը նրա հետ։Խաչատուրյանների հարևանների և բարեկամների կարծիքներն այս ընտանիքի մասին խիստ իրարամերժ են։ Հարևանները պնդում են, որ քույրերի վրա նկատել են կապտուկներ, տնից ճչոցներ ու գոռոցներ են լսել։ Բարեկամները, մասնավորապես Միխայիլ Խաչատուրյանի քույրը, մայրը և նրան հայր անվանող ոմն Արսեն անունով տղան, Միխայիլի մասին խոսում են որպես պատվի մարդ, ով չափազանց շատ էր սիրում իր երեխաներին և ոչինչ չէր խնայում նրանց համար։Միխայիլ Խաչատուրյանի նախկին կնոջ՝ Աուրելիա Դունդուկի պնդմամբ, ամուսինը նաև իրեն էր ծեծում և նվաստացնում, անտանելի խանդոտ էր և փորձել էր նույնիսկ սպանել իրեն, երբ ինքը՝ չդիմանալով ծեծին, փախչում էր տնից։Աղջիկների և հոր փոխհարաբերությունները Սպանությունից հետո Խաչատուրյան ընտանիքի մասին ի հայտ եկան բազմաթիվ զարհուրելի հանգամանքներ։ Քննության ժամանակ ասված մի քանի փաստեր դեռ ապացուցման կարիք ունեն, սակայն ՌԴ քննչական մարմինները հրապարակեցին նաև մի քանի աուդիոձայնագրություն, որտեղ աստվածավախ և պատվարժան Միխայիլ Խաչատուրյանը վիրավորում է իր դստրերին վերջին վատ բառերով, սեռական բնույթի հայհոյանքներ տալիս և սպառնում, նրանց անվանելով անբարոյական, անդաստիարակ և փողոցային։ Խաչատուրյան քույրերն իրենց տված ցուցմունքներում նշում են ոչ միայն ծեծի, նվաստացման և հայհոյանքների, այլև հոր կողմից սեռական բռնության մասին, որը կատարվել է պարբերաբար, և ինչի պատճառով քույրերը նույնիսկ տնից փախուստի փորձեր են կատարել։ Սեռական բռնության մասով վկայություն է տվել նաև Միխայիլի որդին՝ Սերգեյը, ում խոսքով մի անգամ մեծ քույրը զանգահարել է իրեն և պատմել, որ հայրը փոքր քրոջը ստիպել է իր հետ լոգանք ընդունել։ Հատկանշական է նաև այն, որ հայրը արգելում էր աղջիկներին դպրոց հաճախել և նրանք շատ բացակայություններ ունեին։ Քույրերի համադասարանցիների խոսքով՝ նրանք խնդրում էին ոչ ոքի չասել կապտուկների մասին և թաքցնում էին կատարվածը, որովհետև վախենում էին իրենց հորից։Սպանության օրը քույրերից ամենափոքրը՝ Անգելինան, նամակագրություն էր ունեցել իր ընկերուհիներից մեկի հետ, որում կարծես թե ինչ-որ ակնարկ էր արել սպանության մասին։ Այս նամակագրությունը որպես ապացույց բերելով, Միխայիլի մտերիմները պնդում են, որ սպանությունը նախօրոք պլանավորված էր, և քույրերը գիտակցաբար են սպանել իրենց հորը։Շարունակությունը՝ forrights.am
07:41 - 24 հունիսի, 2019
ՌԴ-ում ձերբակալվել է գործարար Ալբերտ Խուդոյանը. փաստաբանները կարծում են, որ գործը «պատվիրված» է․ |tert.am|

ՌԴ-ում ձերբակալվել է գործարար Ալբերտ Խուդոյանը. փաստաբանները կարծում են, որ գործը «պատվիրված» է․ |tert.am|

tert.am։ Անցած շաբաթ Մոսկվայում ձերբակալվել է Optima Development ընկերության սեփականատեր, հայազգի գործարար Ալբերտ Խուդոյանը, որի նկատմամբ դատարանը մինչ օգոստոսի 14-ը տնային կալանք է սահմանել: Խուդոյանը մեղադրվում է խարդախության, մի ընկերությունից երեք հողատարածք գողանալու և այդպիսով 2 մլրդ ռուբլու վնաս պատճառելու համար: Նրան սպառնում է տասը տարվա ազատազրկում: Ալբերտ Խուդոյանն իր մեղքը չի ընդունում, իսկ նրա պաշտպանության կարծիքով՝ քրեական գործն ունի «պատվիրված» բնույթ: «Քրեական գործը հարուցվել է բացառապես որպես գործարարի ակտիվների բռնազավթման գործիք: Այդ գործողությունների հիմնական նպատակը գործարարի վրա ճնշում գործադրելն է, որպեսզի նա իր համար տնտեսական տեսանկյունից ոչ շահեկան որոշումներ կայացնի և փոխանցի բիզնեսը»,-հայտարարել է Խուդոյանի փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը: Նա մանրամասնել է, որ գործը հարուցվել է՝ ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Իլդար Սամիևի և գործարար Սերգեյ Գովյադինի շահերից ելնելով: Հատկանշական է, որ դատարանում հանգուցյալ գործարար Լևոն Հայրապետյանի շահերը պաշտպանած փաստաբան Ռուբեն Մարգարյանը զուգահեռներ է անցկացրել Հայրապետյանի և Խուդոյանի գործերի միջև: «Օրերս առիթ եղավ հիշելու Լևոն Հայրապետյանին: Գործընկերս հիմնավոր բողոքում էր այն մասին, որ Խուդոյանի դեմ քրեական գործը հարուցվել է հետախուզման մեջ գտնվող անձի բողոքի հիման վրա: Դա ինձ բացարձակապես չզարմացրեց, քանի որ իմ պաշտպանյալ Լևոն Հայրապետյանին դատապարտեցին մի գործով, որի շրջանակում տուժողը սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված սենատոր Իզմեստևն էր»,- rusarminfo.ru-ի հետ զրույցում ասել է Մարգարյանը: Աղբյուրը նկատում է, որ գործի «պատվիրված» բնույթի մասին է վկայում հենց դատավարության ընթացքը: Ի սկզբանե դատական նիստը պետք է բաց լիներ, հետո դատավորի վճռով այն դռնփակ դարձավ: Նույնիսկ վկաներին սկսեցին թույլ չտալ մասնակցել դրան: Գործին անդրադարձել է հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, որի համոզմամբ՝ դա ընթացակարգային բոլոր նորմերի խախտում է: Շարունակությունը՝ tert.am
07:13 - 24 հունիսի, 2019
Ռուս հատուկջոկատայինի սպանության մեջ մեղադրվող հայն անհետ կորել է |shantnews.am|

Ռուս հատուկջոկատայինի սպանության մեջ մեղադրվող հայն անհետ կորել է |shantnews.am|

shantnews.am: Մոսկվայի մարզի Պուտիլկովո գյուղում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկն անհետ կորել է: Նշենք, որ այդ միջադեպի հետևանքով մահացել է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը: Կորած երիտասարդի հայրը՝ Ռոմիկ Հայրապետյանը, դիմել է ոստիկանություն՝ որդու նկատմամբ հետախուզում հայտարարելու համար։Հովհաննես Հայրապետյանը, որը կասկածվում է նախկին հատուկջոկատայինի սպանության մեջ, միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք է ստացել։«Չի բացառվում, որ նա մահացել է ստացած վնասվածքներից։ Հնարավոր է, նրան ձերբակալել են, բայց թաքցնում են։ Քննչական մարմինները, հնարավոր է, սպասում են մինչև հանրային հետաքրքրությունը նվազի։ Վնասվածքները թաքցնել անհնար է, դրանք կատարվածի պատկերն ամբողջությամբ փոխում են»,- «Московский комсомолец»-ին մեկնաբանել է Հովհաննես Հայրապետյանի փաստաբան Կարեն Ներսիսյանը։Փաստաբանի խոսքերով՝ Հովհաննես Հայրապետյանին, ամենայն հավանականությամբ, կրակել է մահացած հատուկջոկատայինը, քանի որ միայն նա է զենք ունեցել։Հովհաննես Հայրապետյանը միջադեպին մասնակցել է իր եղբայրների՝ Համլետի և Հրանտի հետ։ Նրանք նշելիս են եղել Հրանտի ծննդյան օրը։Համլետ և Հրանտ Հայրապետյանները ներկայումս կալանավորված են։
05:41 - 20 հունիսի, 2019
Ընտանեկան բռնությունից ինքնապաշտպանություն․ Խաչատուրյան քույրերի պատմությունը

Ընտանեկան բռնությունից ինքնապաշտպանություն․ Խաչատուրյան քույրերի պատմությունը

Վերջին օրերին Ռուսաստանում ամենաքննարկվող թեման Խաչատուրյան քույրերի քրեական գործն է, որոնք սպանել են իրենց հորը։ Հունիսի 14-ին քրեական գործով մեղադրանք առաջադրվեց Քրիստինա, Անգելինա եւ Մարիա Խաչատուրյաններին՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ «Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ» հոդվածով։ Այս դեպքում քրեական օրենսգիրքը նախատեսում է ազատազրկում 8-ից 20 տարի կամ ցմահ բանտարկություն, սակայն ցմահ ազատազրկումը Ռուսաստանում չի տարածվում կանանց վրա: Մեղադրանքի առաջադրումից հետո սոցցանցերում ֆլեշմոբ է սկսվել ի աջակցություն Խաչատուրյան քույրերի՝ Մարիայի, Քրիստինայի և Անգելինայի։ Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել՝ ի պաշտպանություն քույրերի, որտեղ կոչ են անում կասեցնել քույրերի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Ստորագրությունների թիվը այս պահին հասել է 50 868-ի։ Քույրերի պաշտպանությամբ են հանդես եկել մի շարք հայտնի անձինք, ակտիվիստներ, հրապարակախոսներ, գրողներ։ Նրանց թվում է նաև հայտնի գրող Նարինե Աբգարյանը , ով նշել է, որ աղջիկները տարիներ շարունակ ապրել են դժոխքում և մեղադրվում են այն բանի համար, որ թույլ չեն տվել, որ հայրն իրենց ոչնչացնի։ «Եթե օրենքը չունի ընտանեկան բռնությունից պաշտպանելու մասին ենթադրյալ հոդված, ապա այն պետք է շտապ ձեւակերպվի եւ ներկայացվի։ Եվ իր դաժանությամբ ու անարդարությամբ չլսված այդ պատմությունը պետք է դառնա դատական նախադեպ: Խաչատուրյան քույրերը պետք է ազատ արձակվեն: Այս գործից այլ ելք չկա»,- գրել է նա: Խաչատուրյան քույրերի պատմությունը ամբողջ Ռուսաստանում հայտնի դարձավ անցած տարվա ամռանը։ 2018 թվականի հուլիսի 27-ին Մոսկվայի շենքերից մեկի մուտքի մոտ հայտնաբերել էին հայազգի գործարար Միխայիլ Խաչատուրյանի դին։ Քննչական նյութերում նկարագրված է՝ «57-ամյա մի տղամարդ՝ պարանոցի եւ կրծքավանդակի շրջանում սուր կտրող ու ծակող գործիքով ստացված բազում վերքերով»: «Նովայա Գազետա» պարբերականը, հղում անելով գործի նյութերին, գրում է , որ հայրը հերթական անգամ պատժել է աղջիկներին, որովհետև «տանը ամեն ինչ իր տեղում չէ», «հատակին մազեր կան» և «բանկային քարտից պակասել է 14000 ռուբլի»։ Միխայիլ Խաչատուրյանը հերթով սենյակ է կանչել աղջիկներին, բարկացել և նրանց դեմքներին արցունքաբեր գազ է փչել։ Այնուհետև պառկել է իր բազմոցին և քնել։Ամենից շատ գազը լցվել է ավագ աղջկա՝ Քրիստինայի աչքերին և դեմքին։ Նա երկար ժամանակ սրտխառնոց է ունեցել և գտնվել է միայնակ՝ այլ սենյակում։ Հոր քնելուց հետո մյուս երկու քույրերը որոշում են, որ այլևս չեն կարող հանդուրժել հոր բռնությունները և որոշում են հարձակվել նրա վրա մուրճով եւ դանակով: Առաջին հարվածները քույրերը հասցրել են վզին և գլխին, երբ հայրը դեռ քնած էր։ Չհասկանալով ինչ է կատարվում՝ Միխայիլ Խաչատուրյանը արթնանում է և բղավում։ Հոր ձայնը լսելով՝ Քրիստինան ներս է վազում և, երբ տեսնում է արյունը, մտածում է, որ հայրը քույրերին է հարվածում։ Նա վերցնում է գետնին ընկած արցունքաբեր գազը և փչում է հոր դեմքին և փախչում է սենյակից դուրս։ Հայրը բազմոցից վեր է կենում և վազում նրա հետևից։ Հոր հետևից վազում է միջնեկ քույրը՝ Անգելինան, և դանակով հարվածներ է հասցնում հոր կրծքավանդակին՝ սրտի մոտ։ Քույրերից մեկը ցանկացել է ամբողջ մեղքը վերցնել իր վրա, սակայն նրանք չեն հասցրել «բոլոր մանրամասները հաշվարկել» և որոշել է ամեն ինչ խոստովանել։ Օգոստոսի 2-ին 17, 18 և 19 տարեկան քույրերը սպանության կասկածանքով ձերբակալվում են։ Նրանք խոստովանում են մեղքը: Ինչպես ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ, հարցաքննության ժամանակ աղջիկները պատմել են, որ հոր հանդեպ «անձնական հակակրանք են ունեցել, քանի որ վերջինս տևական ժամանակ նրանց բարոյական տառապանքներ է պատճառել»: 3 ամիս անց Բասմանի շրջանի դատարանն ազատում է քույրերին քննչական մեկուսարանից, որտեղ նրանք 2 ամիս էին անցկացրել: Բոլորի հանդեպ կիրառվում է խափանման նոր միջոց՝ որոշակի գործողությունների արգելք, այդ թվում բջջային կապի և ինտերնետի կիրառման: Քույրերը մեղադրվում են նախնական պայմանավորվածությամբ կատարած սպանության մեջ, թեեւ պաշտպանական կողմը պնդում է, որ աղջիկները կանխամտածված չեն գործել եւ ծայրահեղ զգացմունքային վիճակում են եղել՝ հոր կողմից երկարատեւ ոտնձգությունների պատճառով: Գործի հրապարակային դառնալուց հետո հայտնի են դառնում ընտանեկան բռնության սարսափելի մանրամասներ: Աղջիկների մայրը , Աուրելիա Դունդուկը, պատմել է, որ ամուսինը ծեծել է նրան ամուսնական առաջին օրվանից և թույլ չի տվել տնից դուրս գալ։ «Ես մոտ 5 տարի փողոց դուրս չեկա: Փոքրս՝ Մարիամը, մեկ տարեկան էր, երբ նա քիչ թե շատ սկսեց ինձ թույլ տալ տնից դուրս գալ։ Ես նաև իրավունք չունեի խոսել հեռախոսով՝ առանց նրա թույլտվության», - ասել է մայրը։ Սպանությունից երեք տարի առաջ, բռնություններին չդիմանալով, մայրը հեռացել է տնից։ Մոր մեկնելուց հետո քույրերը մնացել են հոր մոտ։ «Նա մեզ ծեծի էր ենթարկում ամեն փոքր բանի համար։ Նրա պատկերացմամբ կինը ստրուկ է», - պատմում է աղջիկներից մեկը։ Ֆիզիկական բռնությունից բացի քույրերը պատմում են նաև սեռական բռնության մասին։ Միջնեկ քույրը նշել է, որ իր նկատմամբ սեռական բռնությունները հոր կողմից սկսվել են 14 տարեկանում։ Հայրը հիմնականում սեռական բռնությունների է ենթարկել մեծ և միջնեկ աղջիկներին։ Քույրերը իրենց մորը չեն պատմել այդ մասին՝ վերջինիս չանհանգստացնելու համար։ Ավելի ուշ քննությունը պարզել է, որ Միխայիլ Խաչատուրյանը բռնի սեռական հարաբերություններ էր ունեցել դուստրերի հետ։ Փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են հոր և աղջիկներից մեկի ԴՆԹ հետքերը անկողնու վրա։ Քույրերի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը պատմել է, որ Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրգործ էր հարուցվել «մանկապղծության» «սեռակն բնույթի գործողությունների պարտադրման», «բռնաբարության» կամ «անչափահասների հանդեպ սեռական բնույթի գործողությունների» մեղադրանքով: Այս պահին մեղադրանքը տարածվում է ավագ և միջնեկ քույրերի վրա և նրանց սպառնում է 8-20 տարվա ազատազրկում։ Կրտսերն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել է քրեական պատասխանատվությունից։ «Մեղադրյալների գործողությունները գնահատելիս՝ հաշվի է առնվել, որ հանցագործության դրդապառճառը եղել է անձնական հակակրանքը, որը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հայրը տևական ժամանակ ֆիզիկական և հոգեկան տառապանքներ է պատճառել իր դուստրերին»,-ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի հայտարարության մեջ։ Քույրերի փաստաբանները նշում են, որ համաձայն չեն մեղադրանքի հետ։ «Աղջիկների գործողություններում որևէ պայմանավորված սպանություն չի եղել։ Եղել է մշտական բռնություն թե՛ ֆիզիկական, թե՛ սեռական։ Քրիստինան վազել է սենյակ՝ մտածելով, որ հայրը կրկին բռնության է ենթարկում քրոջը և փորձել է պղպեղը շփել երեսին։ Սակայն անգամ դա չի հաջողվել և դուրս է վազել։ Այդ մասին վկայում են քննության նյութերը և մյուս քրոջ վկայությունը։ Սակայն Քրիստինայի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու բողոքը մերժվեց»,- նշել է պաշտպան Ալեքսեյ Լիպցերը։ Փաստաբանի խոսքով, հաշվի առնելով այն փաստը, որ աղջիկները ենթարկվել են մշտական բռնության, նրանք պետք է ազատված լինեն քրեական պատասխանատվությունից եւ քրեական գործ հարուցվի Խաչատուրյանի դեմ: Քույրերի փաստաբանները երեկ բողոք են ներկայացրել նախաքննական մարմնի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի՝ մեղադրանքի վերջնական ձեւակերպման դեմ: Նրանք պահանջում են, որպեսզի գործը վերաձևակերպվի որպես ինքնապաշտպանություն աղջիկների կողմից կամ ընդհանրապես վերացվի նրանց նկատմամբ քրեական հետապնդումը։ Աստղիկ Գաուդյան
14:52 - 19 հունիսի, 2019
Խաչատրյան քույրերին վերջնական մեղադրանք են առաջադրել․ ակցիաներ ի սոլիդարություն քույրերի

Խաչատրյան քույրերին վերջնական մեղադրանք են առաջադրել․ ակցիաներ ի սոլիդարություն քույրերի

Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ Խաչատրյան քույրերին հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործով վերջնական մեղադրանք են առաջադրել։Քննության համաձայն՝ 2018-ի հունիսի 27-ին Խաչատրյան 3 քույրերը դանակով եւ մուրճով հարձակվել են հոր վրա՝ նրան բազմաթիվ հարվածներ հասցնելով, ինչի հետեւանքով տղամարդը մահացել է։ Նշվում է նաեւ, որ հետաքննության ժամանակ հաշվի են առել փաստը, որ հանցագործության պատճառ է դարձել հոր կողմից դուստրերին երկարատեւ ժամանակ ֆիզիկական եւ հոգեկան բռնության ենթարկելը, սակայն քույրերին սպասվում է մինչև քսան տարի ազատազրկում։Արդեն երկու օր է Ռուսաստանում ակցիաներ են անց կացվում ի սոլիդարություն քույրերի։ Ակցիայի մասնակիցները բարձրաձայնում են ընտանեկան բռնության մասին օրենքի բացակայության մասին։
06:41 - 17 հունիսի, 2019
Հայաստանը ռուս-չինական նախաձեռնությունների շրջագծում

Հայաստանը ռուս-չինական նախաձեռնությունների շրջագծում

acnis.am: Արդեն վաղուց նկատելի է, որ հայկական ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում քննարկումներն առավելապես կենտրոնացած են երկրի ներքին գործընթացների վրա: Այնպիսի տպավորություն է, որ լրագրողների եւ հանրության ուշադրությունն ուղղված է երկրի ներսում ամեն մի մանրուքի, որոնց համեմատ այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանից դուրս, որեւէ հետաքրքրություն չի առաջացնում: Նույնիսկ՝ Հայաստանի հետ ուղղակիորեն կապված իրադարձությունները: Իսկ եթե անգամ առաջացնում են, ապա առավել հաճախ, որպես թեմաներ, որոնք ուռճացնում են երկրի ներքին ինտրիգները:Բնորոշ օրինակ էր Հայաստանի հանրության արձագանքը Սանկտ Պետերբուրգում հունիսի 6-8-ը կայացած միջազգային տնտեսական համաժողովին: Հայաստանում այս համաժողովի իրադարձությունների մասին տեղեկատվության ամբողջ շերտից նկատեցին միայն Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի մեջբերումը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից մի արտահայտություն էր: Միեւնույն ժամանակ շատերը, չգիտես ինչու, այս մեջբերման մեջ տեսան Հայաստանի նկատմամբ խայտառակ վերաբերմունքի վկայություն եւ միահամուռ դատապարտեցին Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակին: Համաժողովի հանդեպ ցուցաբերված հետաքրքրությունն այսքանով մարեց:Հայաստանում ոչ ոք այդպես էլ չհասակացավ, թե ինչ տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում: Համենայնդեպս՝ այս թեմայի շուրջ շատ քչերը խոսեցին: Արդյունքում միջազգային քաղաքականության մեջ կազմավորվող չափազանց կարեւոր քաղաքական գիծը, որտեղ Հայաստանը զգալի դեր է ստանձնում, մնաց աննկատ:Խոսքը Ռուսաստանի եւ Չինաստանի աննախադեպ հայտի` համաշխարհային տնտեսական ռազմավարության ամրապնդման գործում համապարփակ գործընկերության ձեւավորման մասին է: Այն ճոխ ընդունելությունը, որ ՌԴ ղեկավարության կողմից ցույց տրվեց այս երկիր ժամանած՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, ինչպես նաեւ շրջադարձային բնույթի հայտարարությունները, կասկած չեն թողնում երկու երկրների հեռուն գնացող մտադրությունների առնչությամբ: Չինաստանի ու ԱՄՆ-ի միջեւ կոշտ առեւտրային պատերազմի խորապատկերին Ռուսաստանի եւ Չինաստանի այդօրինակ մտադրությունները ճակատագրական են թվում ողջ աշխարհի համար:Իսկ մեզ պետք է հատկապես հետաքրքրի այն, որ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային տնտեսական համաժողովի նախօրեին ու դրա ընթացքում երկու գերտերությունները Հայաստանի հանդեպ բարեհաճության կարեւորագույն նշաններ էին ցուցաբերում: Սի Ծինփինի հայտարարությունը, թե Չինաստանի «քաղաքակրթական» քաղաքականության մեջ Հայաստանը նրա կարեւոր գործընկերն է, այդ երկրի արտաքին գործերի նախարարի Հայաստան կատարած այցը եւ երկու երկրների միջեւ մուտքի վիզայի ազատականացման համաձայնագրի ստորագրումը վկայում են Հայաստանի նկատմաբ Չինաստանի ղեկավարության մեծ հետաքրքրության մասին:Հետաքրքիր էր նաեւ համաժողովի նախօրեին Ռուսաստանի վարմունքը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հատուկ ընդգծեց, որ Չինաստանի ժողովրդական հանրապետության նախագահից բացի, սպասում են Հայաստանի վարչապետին: Եվ, ինչպես ցույց տվեցին համաժողովի օրերին ՀՀ վարչապետի նկատմամբ ցուցաբերված «սիրալիրության» ցուցադրական գործողությունները, «ամրությունը ստուգելու» նպատակով բոլոր ուղղություններով նրան տրվող հարցերը, Սանկտ Պետերբուրգում Հայաստանին հենց այնպես չէին սպասում: Բավական պարզորոշ տեսանելի եղավ, որ Ռուսաստանի ու Չինաստանի համապարփակ գործընկերության ձեւավորման հայտում Հայաստանին առաջարկվել է հատուկ տեղ զբաղեցնել:Իր ելույթներում վարչապետ Փաշինյանը չէր էլ թաքցնում, որ Հայաստանն իրոք առաջարկելու բան ունի ձեւավորվող միջազգային փոխդասավորությանը: Եվ նույնիսկ «համընդհանուր երջանկության» բանաձեւ առաջարկեց: Հատկանշական է, որ այս քննարկումներում բացակայում էին հետխորհրդային այլ երկրների սովորաբար կարեւորվող անձինք: Ըստ երեւույթին, նոր հեռանկարում նրանց հետ քիչ հույսեր են կապվում:Ահա այսպիսի բաներ... Թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները՝ արժե ավելի ուշադիր հետեւել, քան դա եղավ այս անգամ:
05:59 - 17 հունիսի, 2019
Հարցում. ՀՀ-ն բարեկամ երկիր է համարում ռուսաստանցիների 22%-ը |panarmenian.net|

Հարցում. ՀՀ-ն բարեկամ երկիր է համարում ռուսաստանցիների 22%-ը |panarmenian.net|

panarmenian.net: Ռուսաստանցիների 22 %-ը բարեկամ երկիր է համարում Հայաստանը՝ ՀՀ-ն ընդգրկվել է ՌԴ դաշնակից, բարեկամ երկրների 5-յակում: Այդ են վկայում «Լևադա կենտրոնի» սոցհարցման արդյունքները:ՀՀ-ից բացի, որը 4-րդ տեղում է, ՌԴ բարեկամ երկրների առաջին 5-յակում են Բելառուսը (62%), Չինաստանը (42%), Ղազախստանը (38%): ՌԴ-ում բարեկամ ընկալվող երկրների հնգյակը եզրափակում է Ադրբեջանը 16%-ով,գրում է «Վեդոմոստին»:2018-ին ՀՀ-ն բարեկամ երկիր էր համարում ռուսաստանցիների 11 տոկոսը: ԱՊՀ մյուս երկրների դրական ընկալումը ՌԴ-ում մեկ տարում ևս աճել է՝ Բեալռուսինը 49%-ից մինչև 62%, Ղազախստանինը՝ 32-ից մինչև 38%, Ադրբեջանինը՝ 8-ից 16%:Ռուսաստանի համար թշնամի երկրների ցանկը գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Լատվիան և Լիտվան:«Վերաբերմունքն ԱՊՀ երկրներին առաջին հերթին բացատրվում է նրանով, որ թշնամանքի բացակայությունը, այդ թվում ԶԼՄ-ներում, արդեն դիտարկվում է որպես բարեկամություն: Ասնեք, բանակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տպավորություն են ստեղծում, որ Հայաստանը բարեկմական երկիր է»,-ասել է «Լևադա կենտրոնի» տնօրեն Լև Գուդկովը:Ըստ քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինի, այն մասին, որ Լուկաշենկոյի դեմ երբեմն քարոզարշավ է գնում, կամ որ Փաշինյանը եկել է իշխանության Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում, գիտի ռուսաստանցիների միայն մի քանի տոկոսը: «Մյուսները տեսնում են, որ այդ երկրները չեն անդամակցում ՆԱՏՕ-ին, հեռուստատեսությամբ այդ երկրները չեն քննադատվում, իսկ նրբությունները շարքային մարդկանց չեն հետաքրքրում: Ուստի ցանկություն է առաջանում ավելի քիչ թշնամիներ որոնել և ավելի շատ զբաղվել ներքին գործերով՝ դաշնակիցներով շրջապատված»,-ասել է նա:
09:51 - 14 հունիսի, 2019
Մոսկվայում երեկվա ակցիայի ժամանակ բոլոր բերման ենթարկվածները բաց են թողնվել՝ բացի 4-ից. ՌԴ ՆԳՆ |tert.am|

Մոսկվայում երեկվա ակցիայի ժամանակ բոլոր բերման ենթարկվածները բաց են թողնվել՝ բացի 4-ից. ՌԴ ՆԳՆ |tert.am|

tert.am։ Մոսկվայի ոստիկանական բաժանմունքներից ազատ են արձակվել երեկ ՌԴ մայրաքաղաքում հաջակցություն «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի անցկացված ակցիայի ժամանակ բոլոր բերման ենթարկվածները՝ բացի 4 հոգուց, գրում է meduza.io-ն՝ ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությանը հղումով: Դեռ 4 մարդ գտնվում է ոստիկանությունում: Միևնույն ժամանակ, որոշ բերման ենթարկվածներ ասել են, որ բաժանմունքներում ավելի շատ մարդ կա, քան նշվում է:Հաղորդվում է, որ երեկ բերման է ենթարկվել առնվազն 513 մարդ: Մոսկվայի կենտրոնում երեկ հաջակցություն օրերս կալանավորված և 2 օր առաջ կալանքից ազատված ռուսական «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի և ընդհանուր առմամբ քրեական գործերի կեղծման դեմ երթ էր անցկացվել, որի ժամանակ մասնակիցներին բերման էին ենթարկել՝ զանգվածային միջոցառումների անցկացման կարգի խախտման համար: Նշվում է, որ երթի անցկացումը չի համաձայնեցվել քաղաքային իշխանությունների հետ: Ոստիկանությունը նաև հայտնել է, որ ակցիային մասնակցել է մոտ 1200 մարդ:
06:52 - 13 հունիսի, 2019