Վրաստանն արևմտյան աշխարհաքաղաքական ճարտարապետության հետևանքների զոհն է դարձել. Լավրովը՝ Թբիլիսիում ստեղծված իրավիճակի մասին |tert.am|
11:06 - 24 հունիսի, 2019

Վրաստանն արևմտյան աշխարհաքաղաքական ճարտարապետության հետևանքների զոհն է դարձել. Լավրովը՝ Թբիլիսիում ստեղծված իրավիճակի մասին |tert.am|

tert.am։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Վրաստանում ստեղծված իրավիճակը, հաղորդում է ria.ru-ն:

Ըստ նրա՝ Վրաստանն արևմտյան աշխարհաքաղաքական ճարտարապետության հետևանքների զոհն է դարձել:

«Ինչի՞ կարող է հանգեցնել արտասահմանից խորհուրդներին և հուշումներին կուրորեն հետևելը՝ վառ օրինակ է մեր հարևան Ուկրաինայի տխուր փորձը: Հսկայական ներուժ ունեցող երկիրը Պորոշենկոյի օրոք միջազգային օգնություն հայցողի մակարդակին էր հասել, զրկվել է արդյունաբերական բազայից, մինչ օրս տառապում է աշխատունակ բնակչության հսկայական արտահոսքից, էլ չեմ խոսում ներքին հակամարտության և հոգևոր ու քաղաքակրթական առումներով հասարակության պառակտման մասին», - ասել է Լավրովը ՌԴ շրջանային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում:

Ըստ նրա՝ արևմտյան աշխարհաքաղաքական ճարտարապետության հետևանքների ևս մի օրինակ է Վրաստանը, «որտեղ արևմտյան կուրատորները պատրաստ են աչք փակել ծայրահեղ ազգայնականների անկարգությունների, ռուսատյացության վրա, միայն թե Վրաստանի ժողովրդի կապերը մեր պետության հետ խզվեն, ջնջեն մեր ընդհանուր պատմությունը»:

«Ուստի մենք սթափ ենք գնահատում միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի և նրա մերձավոր դաշնակիցների դերը, բայց միևնույն ժամանակ չենք մեկուսանում և պատրաստ ենք երկխոսել այն հարցերի շուրջ, որոնք մարդկությանը սպառնացող բոլոր վտանգները չեզոքացնելու համար համատեղ փոխշահավետ աշխատելու հնարավորություններ են ընձեռում»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել