Ընտանեկան բռնությունից ինքնապաշտպանություն․ Խաչատուրյան քույրերի պատմությունը
14:52 - 19 հունիսի, 2019

Ընտանեկան բռնությունից ինքնապաշտպանություն․ Խաչատուրյան քույրերի պատմությունը

Վերջին օրերին Ռուսաստանում ամենաքննարկվող թեման Խաչատուրյան քույրերի քրեական գործն է, որոնք սպանել են իրենց հորը։

Հունիսի 14-ին քրեական գործով մեղադրանք առաջադրվեց Քրիստինա, Անգելինա եւ Մարիա Խաչատուրյաններին՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ «Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ» հոդվածով։ Այս դեպքում քրեական օրենսգիրքը նախատեսում է ազատազրկում 8-ից 20 տարի կամ ցմահ բանտարկություն, սակայն ցմահ ազատազրկումը Ռուսաստանում չի տարածվում կանանց վրա:

Մեղադրանքի առաջադրումից հետո սոցցանցերում ֆլեշմոբ է սկսվել ի աջակցություն Խաչատուրյան քույրերի՝ Մարիայի, Քրիստինայի և Անգելինայի։ Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել՝ ի պաշտպանություն քույրերի, որտեղ կոչ են անում կասեցնել քույրերի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Ստորագրությունների թիվը այս պահին հասել է 50 868-ի։

Քույրերի պաշտպանությամբ են հանդես եկել մի շարք հայտնի անձինք, ակտիվիստներ, հրապարակախոսներ, գրողներ։ Նրանց թվում է նաև հայտնի գրող Նարինե Աբգարյանը , ով նշել է, որ աղջիկները տարիներ շարունակ ապրել են դժոխքում և մեղադրվում են այն բանի համար, որ թույլ չեն տվել, որ հայրն իրենց ոչնչացնի։

«Եթե օրենքը չունի ընտանեկան բռնությունից պաշտպանելու մասին ենթադրյալ հոդված, ապա այն պետք է շտապ ձեւակերպվի եւ ներկայացվի։ Եվ իր դաժանությամբ ու անարդարությամբ չլսված այդ պատմությունը պետք է դառնա դատական նախադեպ: Խաչատուրյան քույրերը պետք է ազատ արձակվեն: Այս գործից այլ ելք չկա»,- գրել է նա:

Խաչատուրյան քույրերի պատմությունը ամբողջ Ռուսաստանում հայտնի դարձավ անցած տարվա ամռանը։ 2018 թվականի հուլիսի 27-ին Մոսկվայի շենքերից մեկի մուտքի մոտ հայտնաբերել էին հայազգի գործարար Միխայիլ Խաչատուրյանի դին։ Քննչական նյութերում նկարագրված է՝ «57-ամյա մի տղամարդ՝ պարանոցի եւ կրծքավանդակի շրջանում սուր կտրող ու ծակող գործիքով ստացված բազում վերքերով»:

«Նովայա Գազետա» պարբերականը, հղում անելով գործի նյութերին, գրում է , որ հայրը հերթական անգամ պատժել է աղջիկներին, որովհետև «տանը ամեն ինչ իր տեղում չէ», «հատակին մազեր կան» և «բանկային քարտից պակասել է 14000 ռուբլի»։

Միխայիլ Խաչատուրյանը հերթով սենյակ է կանչել աղջիկներին, բարկացել և նրանց դեմքներին արցունքաբեր գազ է փչել։ Այնուհետև պառկել է իր բազմոցին և քնել։
Ամենից շատ գազը լցվել է ավագ աղջկա՝ Քրիստինայի աչքերին և դեմքին։ Նա երկար ժամանակ սրտխառնոց է ունեցել և գտնվել է միայնակ՝ այլ սենյակում։ Հոր քնելուց հետո մյուս երկու քույրերը որոշում են, որ այլևս չեն կարող հանդուրժել հոր բռնությունները և որոշում են հարձակվել նրա վրա մուրճով եւ դանակով:

Առաջին հարվածները քույրերը հասցրել են վզին և գլխին, երբ հայրը դեռ քնած էր։ Չհասկանալով ինչ է կատարվում՝ Միխայիլ Խաչատուրյանը արթնանում է և բղավում։ Հոր ձայնը լսելով՝ Քրիստինան ներս է վազում և, երբ տեսնում է արյունը, մտածում է, որ հայրը քույրերին է հարվածում։ Նա վերցնում է գետնին ընկած արցունքաբեր գազը և փչում է հոր դեմքին և փախչում է սենյակից դուրս։ Հայրը բազմոցից վեր է կենում և վազում նրա հետևից։ Հոր հետևից վազում է միջնեկ քույրը՝ Անգելինան, և դանակով հարվածներ է հասցնում հոր կրծքավանդակին՝ սրտի մոտ։

Քույրերից մեկը ցանկացել է ամբողջ մեղքը վերցնել իր վրա, սակայն նրանք չեն հասցրել «բոլոր մանրամասները հաշվարկել» և որոշել է ամեն ինչ խոստովանել։

Օգոստոսի 2-ին 17, 18 և 19 տարեկան քույրերը սպանության կասկածանքով ձերբակալվում են։ Նրանք խոստովանում են մեղքը: Ինչպես ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ, հարցաքննության ժամանակ աղջիկները պատմել են, որ հոր հանդեպ «անձնական հակակրանք են ունեցել, քանի որ վերջինս տևական ժամանակ նրանց բարոյական տառապանքներ է պատճառել»:

3 ամիս անց Բասմանի շրջանի դատարանն ազատում է քույրերին քննչական մեկուսարանից, որտեղ նրանք 2 ամիս էին անցկացրել: Բոլորի հանդեպ կիրառվում է խափանման նոր միջոց՝ որոշակի գործողությունների արգելք, այդ թվում բջջային կապի և ինտերնետի կիրառման: Քույրերը մեղադրվում են նախնական պայմանավորվածությամբ կատարած սպանության մեջ, թեեւ պաշտպանական կողմը պնդում է, որ աղջիկները կանխամտածված չեն գործել եւ ծայրահեղ զգացմունքային վիճակում են եղել՝ հոր կողմից երկարատեւ ոտնձգությունների պատճառով:

Գործի հրապարակային դառնալուց հետո հայտնի են դառնում ընտանեկան բռնության սարսափելի մանրամասներ: Աղջիկների մայրը , Աուրելիա Դունդուկը, պատմել է, որ ամուսինը ծեծել է նրան ամուսնական առաջին օրվանից և թույլ չի տվել տնից դուրս գալ։

«Ես մոտ 5 տարի փողոց դուրս չեկա: Փոքրս՝ Մարիամը, մեկ տարեկան էր, երբ նա քիչ թե շատ սկսեց ինձ թույլ տալ տնից դուրս գալ։ Ես նաև իրավունք չունեի խոսել հեռախոսով՝ առանց նրա թույլտվության», - ասել է մայրը։

Սպանությունից երեք տարի առաջ, բռնություններին չդիմանալով, մայրը հեռացել է տնից։ Մոր մեկնելուց հետո քույրերը մնացել են հոր մոտ։

«Նա մեզ ծեծի էր ենթարկում ամեն փոքր բանի համար։ Նրա պատկերացմամբ կինը ստրուկ է», - պատմում է աղջիկներից մեկը։

Ֆիզիկական բռնությունից բացի քույրերը պատմում են նաև սեռական բռնության մասին։ Միջնեկ քույրը նշել է, որ իր նկատմամբ սեռական բռնությունները հոր կողմից սկսվել են 14 տարեկանում։ Հայրը հիմնականում սեռական բռնությունների է ենթարկել մեծ և միջնեկ աղջիկներին։ Քույրերը իրենց մորը չեն պատմել այդ մասին՝ վերջինիս չանհանգստացնելու համար։

Ավելի ուշ քննությունը պարզել է, որ Միխայիլ Խաչատուրյանը բռնի սեռական հարաբերություններ էր ունեցել դուստրերի հետ։ Փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են հոր և աղջիկներից մեկի ԴՆԹ հետքերը անկողնու վրա։ Քույրերի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը պատմել է, որ Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրգործ էր հարուցվել «մանկապղծության» «սեռակն բնույթի գործողությունների պարտադրման», «բռնաբարության» կամ «անչափահասների հանդեպ սեռական բնույթի գործողությունների» մեղադրանքով:

Այս պահին մեղադրանքը տարածվում է ավագ և միջնեկ քույրերի վրա և նրանց սպառնում է 8-20 տարվա ազատազրկում։ Կրտսերն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել է քրեական պատասխանատվությունից։

«Մեղադրյալների գործողությունները գնահատելիս՝ հաշվի է առնվել, որ հանցագործության դրդապառճառը եղել է անձնական հակակրանքը, որը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հայրը տևական ժամանակ ֆիզիկական և հոգեկան տառապանքներ է պատճառել իր դուստրերին»,-ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի հայտարարության մեջ։

Քույրերի փաստաբանները նշում են, որ համաձայն չեն մեղադրանքի հետ։ «Աղջիկների գործողություններում որևէ պայմանավորված սպանություն չի եղել։ Եղել է մշտական բռնություն թե՛ ֆիզիկական, թե՛ սեռական։ Քրիստինան վազել է սենյակ՝ մտածելով, որ հայրը կրկին բռնության է ենթարկում քրոջը և փորձել է պղպեղը շփել երեսին։ Սակայն անգամ դա չի հաջողվել և դուրս է վազել։ Այդ մասին վկայում են քննության նյութերը և մյուս քրոջ վկայությունը։ Սակայն Քրիստինայի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու բողոքը մերժվեց»,- նշել է պաշտպան Ալեքսեյ Լիպցերը։

Փաստաբանի խոսքով, հաշվի առնելով այն փաստը, որ աղջիկները ենթարկվել են մշտական բռնության, նրանք պետք է ազատված լինեն քրեական պատասխանատվությունից եւ քրեական գործ հարուցվի Խաչատուրյանի դեմ:

Քույրերի փաստաբանները երեկ բողոք են ներկայացրել նախաքննական մարմնի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի՝ մեղադրանքի վերջնական ձեւակերպման դեմ: Նրանք պահանջում են, որպեսզի գործը վերաձևակերպվի որպես ինքնապաշտպանություն աղջիկների կողմից կամ ընդհանրապես վերացվի նրանց նկատմամբ քրեական հետապնդումը։

Աստղիկ Գաուդյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել