Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններ

«Mastercard»-ն ու «Visa»-ն միանում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

«Mastercard»-ն ու «Visa»-ն միանում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Ամերիկյան «Mastercard» ֆինանսական կորպորացիան արգելափակել է իր վճարային համակարգի հասանելիությունը ռուսական մի շարք ֆինանսական հաստատությունների համար Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով, հաղորդում է Reuters-ը։ Ընկերության հայտարարությունում նշված է, որ նա մոտակա օրերին կշարունակի աշխատել կարգավորիչների հետ։ «Mastercard»-ը նաև խոստացել է երկու միլիոն դոլար տրամադրել մարդասիրական օգնության համար։ Պատժամիջոցների ենթարկված բանկերի քարտերը չեն գործի Ռուսաստանից զատ այլ երկրներում և առցանց խանութներում վճարումներ կատարելիս, բայց կշարունակեն գործել Ռուսաստանում, հայտնում է РБК-ն։ «Visa» միջազգային վճարային համակարգն էլ հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի դեմ գործող և սահմանվելիք պատժամիջոցների կատարման համար։ Ընկերությունը հաղորդել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ին երկու միլիոն դոլար կտրամադրի՝ որպես մարդասիրական օգնություն Ուկրաինայի ժողովրդին։ Նորա Վանյան
11:12 - 01 մարտի, 2022
ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ վերջին թարմացումները

ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ վերջին թարմացումները

ՌԴ Պաշտպանության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի ճեպազրույցի ընթացքում ներկայացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ վերջին թարմացումները։ «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորամիավորումը օրվա ընթացքում շարունակել է հարձակողական գործողություններ իրականացնել Կրեմենոյե բնակավայրի ուղղությամբ՝ առաջ շարժվելով ևս 3 կիլոմետր։ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները մեկ օրում 16 կիլոմետր առաջ են շարժվել և գրավել Զամոժնոյե բնակավայրը»,- հայտնել է Կոնաշենկովը։ Ըստ վերջինիս ներկաայցրած տվյալների՝ Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից ի վեր՝ ՌԴ զինված ուժերը հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1146 օբյեկտների։  «Ոչնչացվել է 311 տանկ և այլ զրահատեխնիկա, 42 ինքնաթիռ և ուղղաթիռ (այդ թվում՝ ցամաքում), 51 բազմակի հրթիռային համակարգ, 147 դաշտային հրետանի և ականանետ, 263 միավոր հատուկ ռազմական մեքենա։ Անցած 24 ժամվա ընթացքում ևս 110 ուկրաինացի զինծառայող ինքնակամ վայր է դրել զենքերը»,- նշել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը։
22:13 - 28 փետրվարի, 2022
Ռուսաստանի դեմ մինչ այս պահը սահմանված պատժամիջոցները․ ամփոփ

Ռուսաստանի դեմ մինչ այս պահը սահմանված պատժամիջոցները․ ամփոփ

Ուկրաինա ներխուժելուց հետո աշխարհի տասնյակ երկրներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։ Ինչպես նշում է РБК-ն, դրանք վերաբերում են տնտեսությանը, ֆինանսական և ավիահաղորդակցության ոլորտին, մշակույթին և սպորտին։ Ներկայացնում ենք այս ժամի դրությամբ հիմնական պատժամիջոցները։   Պետական պարտք և ներդրումներ Ռուսաստանի կողմից ԴԺՀ և ԼԺՀ ճանաչումից անմիջապես հետո ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է ռուսական պետական պարտքին առնչվող պատժամիջոցները։ Ամերիկյան ֆինանսական ինստիտուտներին արգելված են ռուբլիով բոլոր գործարքները (առաջնային և երկրորդային շուկաներում) դաշնային փոխառության պարտատոմսերով կամ արտարժութային սուվերեն եվրաբոնդերով, որոնք թողարկվել են 2022 թ-ի մարտի 1-ից հետո։ Եվրամիությունը սահմանափակել է եվրոպական բանկերում ավանդներ ունենալու իրավունքը հարուստ ռուսաստանցիների և ռուսական ընկերությունների համար (մեկ բանկում՝ €100 հազարից ավելի գումարի արգելք)։ Եվրոպական դեպոզիտարիաներին արգելված է նաև ցանկացած ծառայություն մատուցել Ռուսաստանի քաղաքացիներին և ընկերություններին արժեթղթերի վաճառքի մասով, որոնք կթողակվեն 2022 թ-ի ապրիլի 12-ից հետո։ Մեծ Բրիտանիան արգելել է ռուսաստանցիներին £50 հազարը գերազնացող ավանդներ ունենալ բրիտանական բանկերում։ Երկուշաբթի ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի դեմ։ Եվրամիությունը սահմանափակել է Եվրոպայում ռուսաստանցիների ավանդներն ու եվրոյով արժեթղթերի գնումները։   Արտահանում և ներկրում ԱՄՆ-ն հայտարարել է, որ առևտրի ոլորտում պատմության մեջ խոշորագույն պատժամիջոցներն է կիրառել, որոնք կզրկեն Ռուսաստանի պաշտպանական, արդյունաբերական, ինքնաթիռաշինության և նավաշինության ոլորտները կարևորագույն տեխնոլոգիական տարրերից։ Եվրամիությունը նույնպես էմբարգո է սահմանել Ռուսաստան այն ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վրա, որոնք օգտագործվում են ավիացիոն և տիեզերական ոլորտներում։ ԵՄ-ն արգելել է նաև նոր ինքնաթիռներ վաճառել Ռուսաստանին․ խոսքը «Airbus» ինքնաթիռների մասին է։ Գերմանական «Daimler Truck» կոնցեռնը կասեցրել է համագործակցությունը «ԿամԱԶ»-ի հետ․ նրանց համատեղ ձեռնարկություններում այլևս բեռնատարներ չեն արտադրվի։ Մեծ Բրիտանիան արգելել է էլեկտրոնային այն բաղադրիչների արտահանումը Ռուսաստան, որոնք կարող են օգտագործվել բեռնատարների, նավթի արդյունահանման սարքավորումների և «Rolls-Royce» ավիաշարժիչների արտադրության համար։ ԱՄՆ-ն սեկտորալ պատժամիջոցներ է սահմանել ռուսական մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Ռոսնեֆտի», «Գազպրոմ նեֆտի», «Տրանսնեֆտի», «Ռոստեխի» դեմ 14 օրից ավելի ցանկացած ֆինանսավորման ներգրավման առնչությամբ։ Հարավային Կորեան փետրվարի 28-ին որոշում է կայացրել արգելելու ռազմավարական նշանակության նյութերի արտահանումը Ռուսաստան։   Ավիահաղորդակցություն Եվրամիությունը, Կանադան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան և մի քանի այլ երկրներ  արգելել են ռուսական ինքնաթիռների թռիչքներն իրենց ողջ տարածքի վրայով։Ի պատասխան՝ Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել Մեծ Բրիտանիայի, Բուլղարիայի, Լեհաստանի և Չեխիայի ավիաընկերությունների թռիչքների, այդ թվում՝ տարանցիկ թռիչքների համար։   Բանկեր ԱՄՆ ամենախիստ պատժամիջոցների տակ են ընկել ռուսական «ՎՏԲ», «Օտկրիտիե», «Սովկոմբանկ», «Պրոմսվյազբանկ» և «Նովիկոմբանկ» բանկերը։ Նրանց ակտիվներն ու դոլարային հաշիվներն արգելափակված են։ Այս հինգ բանկերի քարտերի համար չեն աշխատելու «Apple Pay» и «Google Pay» վճարային համակարգերը։ «Սբերբանկի» դեմ նույնպես սահմանափակումներ են կիրառվել, բայց ավելի մեղմ։ «Գազպրոմբանկի», «ՌՍԽԲ», «Ալֆա» բանկի և Մոսկվայի վարկային բանկի դեմ սեկտորալ պատժամիջոցներ են գործում։Փետրվարի 27-ին Եվրամիությունը հայտարարել է, որ ռուսական բանկերի մի մասին անջատում  է SWIFT միջբանկային վճարային համակարգից։ Այս որոշումը համաձայնեցված է ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ։ Դրան են միացել նաև Ճապոնիան և Հարավային Կորեան։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հաղորդել են նաև Ռուսաստանի բանկի դեմ սահմանափակումներ մտցնելու մասին, որոնք վերաբերում են դրա միջազգային պահուստների օգտագործմանը։ Փետրվարի 28-ին նրանց է միացել նաև Ճապոնիան։ Նույն օրը ԵՄ-ն պաշտոնապես արգելել է գործարքները, որոնք կապված են Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստների և ակտիվների կառավարման հետ։   Անհատական պատժամիջոցներ ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Ավստրալիան պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի դեմ։ Պատժամիջոցները ենթադրում են, որ նրանց ակտիվները, եթե այդպիսիք կան, այդ երկրներում արգելափակվում են։ ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված է 98 ֆիզիկական անձ, այդ թվում՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեվդեդևը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։ Ավելի վաղ պատժամիջոցների տակ էին ընկել Պետդումայի 351 պատգամավորներ, որոնք քվեարկել էին ԴԺՀ և ԼԺՀ ճանաչման օգտին։ Պատժամիջոցները տարածվել են նաև ռուսական բանկերի և ընկերությունների թոփ-մենեջերների վրա։   Մեդիա և համացանց «Meta» ընկերությունը, որին պատկանում է «Ֆեյսբուքը», արգելել է ռուսական պետական լրատվամիջոցներին գովազդ հրապարակել սոցցանցում և դրամայնացում իրականացնել։ Ի պատասխան՝ Ռոսկոմնադզորը հայտարարել է ռուսաստանցի օգտատերերի համար Ֆեյսբուքի հասանելիության մասնակի սահմանափակման մասին։ «Google»-ը նույնպիսի որոշում է կայացրել իր ծառայությունների մասով։ Տարբեր երկրներ սկսել են սահմանափակել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։ Լեհաստանում կկասեցվի հինգ հեռուստալիքների, Լատվիայում՝ երկու, Ավստրալիայում՝ մեկ հեռուստաալիքի հեռարձակում։ Արգելված է «Russia Today»-ի և «Sputnik»-ի հեռարձակումը ԵՄ երկրներում։ Բացի այդ՝ այս տարի Ռուսաստանը չի մասնակցի «Եվրատեսիլին»՝ մրցույթի կազմակերպիչների որոշման համաձայն։   Վիզաներ և դիվանագիտական հարաբերություններ Ուկրաինան խզել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Եվրոպական մի քանի երկրներ դադարել են ռուսաստանցիների վիզա տրամադրել։ Առաջինն այդ մասին հայտարարել է Չեխիան։ Միաժամանակ երկիրը որոշել է փակել Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունները Կարլովի Վարիում և Բռնոյում, ինչպես նաև իր դիվանագիտական ներկայացուցչությունները Սանկտ Պետերբուրգում և Եկատերինբուրգում։ Պրահան նաև հետ է կանչել իր դեսպաններին Ռուսաստանից և Բելառուսից։ Վիզա չտրամադրելու որոշմանն են միացել նաև Լատվիան, Լիտվան։ Մուտքի թույլտվության տրամադրման ընտրովի կասեցման մասին են հայտարարել Նոր Զելանդիան և Ճապոնիան։ Փետրվարի 27-ին Պորտուգալիան հայտարարել է ռուսաստանցիներին «ոսկե» (ներդրումային) վիզաների տրամադրման կասեցման մասին։ Փետրվարի 28-ից չի գործում Եվրամիության և Ռուսաստանի միջև պարզեցված վիզային ռեժիմը, որը տարածվում էր պաշտոնական պատվիրակությունների, կառավարությունների և խորհրդարանների, դատարանների ներկայացուցիչների, դիվանագիտական անձնագրեր ունեցողների և գործարարների վրա։ Երկուշաբթի ԵՄ ղեկավարությունը հստակեցրել է, որ ռուսական դիվանագիտական անձնագրեր ունեցողները պետք է վիզա ստանան միության երկրներ այցելելու համար։ Չեխիայի, Ֆինլանդիայի և Գերմանիայի ԱԳՆ-ներն իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Ռուսաստանն ու Բելառուսը։ Ամերիկյան դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Ռուսաստանը։   Մարզական իրադարձությունների չեղարկում Ռազմական գործողություններն ազդել են նաև մարզական իրադարձությունների վրա։ Միջազգային օլիմպիական կոմիտեն կոչ է արել չցուցադրել Ռուսաստանի և Բելառուսի դրոշներն, ինչպես նաև չկատարել այդ երկրների օրհներգերը ցանկացած մակարդակի միջազգային մրցաշարերի ժամանակ Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով։ Սանկտ Պետերբուրգը զրկվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու իրավունքից․ այն կանցկացվի Փարիզում։ ՈՒԵՖԱ-ն նույնպես արգելել է ակումբների և հավաքականների՝ իր հովանու ներքո կայացող խաղերն անցկացնել Ռուսաստանում։ Բասկետբոլի Եվրալիգան որոշել է, որ ռուսական «ՑՍԿԱ», «Զենիթ» և «ՈՒՆԻԿՍ» ակումբները չեն կարող տնային խաղերն անցկացնել Ռուսաստանի տարածքում։ Չեղարկվել է նաև «Ֆորմուլա-1»-ի Գրան պրի մրցաշարի անցկացումը Սոչիում սեպտեմբերի վերջին։ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան կասեցրել է Վլադիմիր Պուտինի՝ որպես այդ կազմակերպության պատվավոր նախագահի և դեսպանի լիազորությունները։ ՖԻՖԱ-ն արգելել է հավաքականների խաղերի անցկացումը Ռուսաստանի տարածքում և մտադիր է քննարկել բոլոր միջազգային մրցաշարերից Ռուսաստանին դուրս թողնելու հարցը։ Նորա Վանյան
22:01 - 28 փետրվարի, 2022
Միջուկային զենքի վերաբերյալ Պուտինի զգուշացումներն ուշադրություն շեղելու փորձ են․ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար

Միջուկային զենքի վերաբերյալ Պուտինի զգուշացումներն ուշադրություն շեղելու փորձ են․ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է Ռուսաստանի միջուկային ուժերը մարտական բարձր պատրաստականության բերել՝ փորձելով շեղել մարդկանց ուշադրությունն Ուկրաինայում կատարվող իրադարձություններից: BBC-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։ Նրա պնդմամբ՝ Պուտինը փորձում է «աշխարհին հիշեցնել», որ զսպիչ ուժեր ունի։ Սակայն Ռուսաստանն Ուկրաինա ներխուժման հարցում «հետ է ընկել ժամանակացույցից», իսկ ուկրաինացիները «ողջ ուժով դիմադրում են»։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը կարծում է, որ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ միջուկային զենքի մասին, չի նշանակում, որ Ռուսաստանը մտադիր է կիրառել այն։ Նա հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան նույնպես միջուկային տերություն է և նշել․ «Նախագահ Պուտինը պետք է իմանա, որ միջուկային զենքի հետ կապված ցանկացած բան համարժեք կամ ավելի մեծ պատասխանի է արժանանալու Արևմուտքի կողմից»։ Ուոլեսն ընդգծել է, որ իրենք ոչինչ չեն անելու այս հարցում սրացում թույլ տալու համար։ «Մենք սխալներ թույլ չենք տալու։ Այս հարցին շատ լուրջ ենք վերաբերվում»,- ասել է նա։ Նշենք, որ երեկ՝ փետրվարի 27-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել էր ռուսական բանակի միջուկային ուժերում հայտարարել մարտական հերթապահության հատուկ ռեժիմ։ Միջազգային հանրությունը դատապարտել էր նրա այս քայլը․ ԱՄՆ-ն այն անվանել էր «անընդունելի սրացում», իսկ ԵՄ-ն ավելի ուշ հայտարարել էր Ռուսաստանի դեմ աննախադեպ պատժամիջոցների կիրառման մասին։ Նորա Վանյան
15:52 - 28 փետրվարի, 2022
Բրազիլիան չեզոքություն կպահպանի ռուս-ուկրաինական հակամարտությունում

Բրազիլիան չեզոքություն կպահպանի ռուս-ուկրաինական հակամարտությունում

Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն հայտարարել է, որ չի դատապարտում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, գրում է Reuters-ը։ Այս հայտարարությունը տարբերվում է ՄԱԿ-ում Բրազիլիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումից: Երկրի նախագահը նշել էր, որ Բրազիլիան չեզոքություն կպահպանի։ Ուրբաթ՝ փետրվարի 25-ին, Բրազիլիան կողմ էր քվեարկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևին, որը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ Ռուսաստանը վետո էր դրել բանաձևի վրա։ Կիրակի օրը կայացած ասուլիսին Բոլսոնարուն հայտարարել է, որ Բրազիլիան չեզոքություն կպահպանի հակամարտությունում՝ նշելով, որ Ռուսաստանն ու Ուկրաինան «գործնականում եղբայրական ժողովուրդներ են»։ «Մենք ոչ ոքի կողմը չենք գրավում, շարունակելու ենք չեզոքություն պահպանել և ինչով հնարավոր է, օգնել», - ասել է Բրազիլիայի նախագահը՝ նշելով, որ «Ուկրաինայի բնակչության մեծ մասը խոսում է ռուսերեն»։ Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք նա պատրաստ է դատապարտելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները, Բոլսոնարուն պատասխանել է, որ կսպասի իրավիճակի հանգուցալուծմանն իր կարծիքն արտահայտելուց առաջ։ Նա հավելել է, որ դեմ է ցանկացած պատժամիջոցների, որոնք կարող են բացասական հետևանքներ ունենալ Բրազիլիայի համար՝ հիշեցնելով, որ Ռուսաստանից ներկրվող պարարտանյութերը կարևոր նշանակություն ունեն երկրի ագրոարդյունաբերական ոլորտի համար։ Բոլսոնարուն նաև կարծիք է հայտնել, որ Պուտինի զորքերը զանգվածային արյունահեղություն չեն իրականացնելու Ուկրաինայում։ Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Բոլսոնարուն ասել է, որ ուկրաինացիներն «իրենց ազգի ճակատագիրը վստահել են հումորիստի»։ Շաբաթ օրը Բոլսոնարուն «Թվիթերում» գրել էր, որ Բրազիլիայի կառավարությունը չի դադարեցնելու ջանքերն՝ իր քաղաքացիներին Ուկրաինայից տարհանելու համար։ Կիրակի նա հայտնել է, որ արդեն հաջողվել է Ուկրաինայից տարհանել շուրջ 70 բրազիլացու։ Նորա Վանյան
13:30 - 28 փետրվարի, 2022
Ռուբլու պատմական անկում, պատժամիջոցներ Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմ

Ռուբլու պատմական անկում, պատժամիջոցներ Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմ

«Forex» շուկայում ռուբլին պատմական անկում է գրանցել։ Եվրոյի փոխարժեքը ռուբլու նկատմամբ փետրվարի 28-ին` ժամը 06:44-ի դրությամբ, հասնում էր 127 ռուբլու, դոլարը վաճառվում էր 113․5 ռուբլով, հաղորդում է BBC-ն։ Հայաստանյան բանկերում այսօր մեկ ռուբլին արժե 2.50-3 դրամ, միջին փոխարժեքը տատանվում է 3․30 դրամի սահմաններում։ ՀՀ Կենտրոնական բանկում 1 ռուբլին գնահատվում է 5.78 դրամ։ Ռուբլու այս անկմանը նախորդել են Եվրամիության պատժամիջոցները Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմ. սառեցվել են բանկի ակտիվները։ Այս մասին որոշումը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում այս գիշեր։ Եվրամիությունն արգելել է ՌԴ ԿԲ արժութային պահուստների հետ ցանկացած գործարք, որի միջոցով հնարավոր է ազդել ռուբլու փոխարժեքի վրա։ Արգելված են գործարքները, որոնք կապված են պահուստների և ակտիվների կառավարման հետ։  Եվրոպական դիվանագիության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ պատժամիջոցների հետևանքով կսառեցվի Ռուսաստանի ֆինանսական պահուստների շուրջ կեսը։ Ռուսաստանի ԿԲ-ն այսօրվանից բրոքերներին արգելում է արժեթղթերի վաճառքի գործարքներ իրականացնել ոչ ռեզիդենտների՝ օտարերկրյա խաղացողների հանձնարարությամբ։ Միաժամանակ, բանկը մի շարք մեղմացումներ է կիրառել մինչև 2022 դեկտեմերի 31-ի պահուստների մասով։ ԿԲ-ն խորհուրդ է տվել բանկերին տուգանքներ չգանձել վարկերի համար, եթե վարկառուի ֆինանսական վիճակը վատթարացել է պատժամիջոցների հետևանքով։ Նորա Վանյան
12:07 - 28 փետրվարի, 2022
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորախմբերն առաջ են անցել ևս 19 կիլոմետրով. ՌԴ ՊՆ

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորախմբերն առաջ են անցել ևս 19 կիլոմետրով. ՌԴ ՊՆ

Գլխավոր լուսանկարը՝ РИА Новости Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորախմբերն առաջ են անցել ևս 19 կիլոմետրով, վերահսկողություն է հաստատվել Խվորոստյանկա, Սուխանովկա, Արտեմ, Նովիյ Այդար բնակավայրերի վրա, Վոլնովախայի կենտրոնն արգելափակվել է։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Գրում է ria.ru-ն։ «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերը ռուսական զինված ուժերի կրակային աջակցությամբ իրականացրել են հաջող հարձակողական գործողություններ և վերահսկողություն հաստատել Խվորոստյանկա, Սուխանովկա, Արտեմ բնակավայրերի վրա։ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, շարունակելով գրոհը, առաջ են շարժվել եւս 19 կիլոմետրով։ Նոր Այդարը վերցվել է հսկողության տակ, իսկ Վոլնովախան ամբողջությամբ արգելափակվել է»,- ասել է նա։
12:01 - 28 փետրվարի, 2022
Ռուսական ստորաբաժանումները հրաման են ստացել շարունակելու գրոհը բոլոր ուղղություններով

Ռուսական ստորաբաժանումները հրաման են ստացել շարունակելու գրոհը բոլոր ուղղություններով

Այն բանից հետո, երբ Կիևը հրաժարվել է բանակցություններից, բոլոր ստորաբաժանումները հրաման են ստացել գրոհ զարգացնելու բոլոր ուղղություններով՝ համապատասպան հատուկ գործողության պլանի։ Ինչպես փոխանցում է «РИА Новости» գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայցուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Նա նաև տեղեկացրել է, որ Կիևը զանգվածաբար և անվերահսկելիորեն զենք է բաժանում ուկրաինական բնակավայրերի բնակիչներին։ «Ուկրաինայի ժողովրդին կոչ ենք անում լինել գիտակից, չտրվել Կիևի ռեժիմի այս սադրանքներին և իրենց ու իրենց հարազատներին չենթարկել անհարկի տառապանքների», - հավելել է Կոնաշենկովը։ Վերջինս նաև հայտնել է, որ Լուգանսկի զորքերը հատուկ գործողության մեկնարկից հետո առաջ են անցել 46 կիլոմետր խորությամբ և գրավել Շչասծյե և Մուրատովո բնակավայրերը։ Իսկ Դոնեցկի զորքերի մի խումբ, առաջանալով Պետրովսկոյեի ուղղությամբ, առաջ է անցել ևս 10 կիլոմետրով և գրավել Ստարոգնատովկա, Օկտյաբրսկայա և Պավլոպոլ բնակավայրերը։
19:51 - 26 փետրվարի, 2022
Աբխազիան ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը

Աբխազիան ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրամանագրեր է ստորագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին։ Այդ մասին պետության ղեկավարը հայտարարել է աբխազական հեռուստաընկերության եթերում։ «Հետևելով ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ժողովուրդների հետ մեր բարեկամության ոգուն, անհրաժեշտ համարելով ապագայում ներգրավվել նրանց ճակատագրում, անկեղծորեն մաղթելով մեր եղբայրներին անվտանգ և կայուն զարգացում, այսօր ստորագրեցի Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը ճանաչող հրամանագրեր: Ես միանգամայն վստահ եմ, որ ողջ աբխազական հասարակությունը սատարում է այս որոշմանը»,- ասել է նախագահը։ Բժանիան ընդգծել է, որ ինչպես Աբխազիայի բոլոր քաղաքացիները, ինքը նույնպես բոլոր տեսակետներից արդարացի է համարում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը, իսկ սկսված հատուկ ռազմական գործողությունը միանգամայն արդարացված է։ «Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը մեր անվտանգությունն է ձեզ հետ, հարգելի՛ Աբխազիայի քաղաքացիներ»,- հավելել է նախագահը։
00:15 - 26 փետրվարի, 2022