Ռուսաստանի դեմ մինչ այս պահը սահմանված պատժամիջոցները․ ամփոփ
22:01 - 28 փետրվարի, 2022

Ռուսաստանի դեմ մինչ այս պահը սահմանված պատժամիջոցները․ ամփոփ

Ուկրաինա ներխուժելուց հետո աշխարհի տասնյակ երկրներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։ Ինչպես նշում է РБК-ն, դրանք վերաբերում են տնտեսությանը, ֆինանսական և ավիահաղորդակցության ոլորտին, մշակույթին և սպորտին։ Ներկայացնում ենք այս ժամի դրությամբ հիմնական պատժամիջոցները։

 

Պետական պարտք և ներդրումներ

Ռուսաստանի կողմից ԴԺՀ և ԼԺՀ ճանաչումից անմիջապես հետո ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է ռուսական պետական պարտքին առնչվող պատժամիջոցները։ Ամերիկյան ֆինանսական ինստիտուտներին արգելված են ռուբլիով բոլոր գործարքները (առաջնային և երկրորդային շուկաներում) դաշնային փոխառության պարտատոմսերով կամ արտարժութային սուվերեն եվրաբոնդերով, որոնք թողարկվել են 2022 թ-ի մարտի 1-ից հետո։

Եվրամիությունը սահմանափակել է եվրոպական բանկերում ավանդներ ունենալու իրավունքը հարուստ ռուսաստանցիների և ռուսական ընկերությունների համար (մեկ բանկում՝ €100 հազարից ավելի գումարի արգելք)։ Եվրոպական դեպոզիտարիաներին արգելված է նաև ցանկացած ծառայություն մատուցել Ռուսաստանի քաղաքացիներին և ընկերություններին արժեթղթերի վաճառքի մասով, որոնք կթողակվեն 2022 թ-ի ապրիլի 12-ից հետո։

Մեծ Բրիտանիան արգելել է ռուսաստանցիներին £50 հազարը գերազնացող ավանդներ ունենալ բրիտանական բանկերում։

Երկուշաբթի ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի դեմ։

Եվրամիությունը սահմանափակել է Եվրոպայում ռուսաստանցիների ավանդներն ու եվրոյով արժեթղթերի գնումները։

 

Արտահանում և ներկրում

ԱՄՆ-ն հայտարարել է, որ առևտրի ոլորտում պատմության մեջ խոշորագույն պատժամիջոցներն է կիրառել, որոնք կզրկեն Ռուսաստանի պաշտպանական, արդյունաբերական, ինքնաթիռաշինության և նավաշինության ոլորտները կարևորագույն տեխնոլոգիական տարրերից։

Եվրամիությունը նույնպես էմբարգո է սահմանել Ռուսաստան այն ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վրա, որոնք օգտագործվում են ավիացիոն և տիեզերական ոլորտներում։ ԵՄ-ն արգելել է նաև նոր ինքնաթիռներ վաճառել Ռուսաստանին․ խոսքը «Airbus» ինքնաթիռների մասին է։

Գերմանական «Daimler Truck» կոնցեռնը կասեցրել է համագործակցությունը «ԿամԱԶ»-ի հետ․ նրանց համատեղ ձեռնարկություններում այլևս բեռնատարներ չեն արտադրվի։

Մեծ Բրիտանիան արգելել է էլեկտրոնային այն բաղադրիչների արտահանումը Ռուսաստան, որոնք կարող են օգտագործվել բեռնատարների, նավթի արդյունահանման սարքավորումների և «Rolls-Royce» ավիաշարժիչների արտադրության համար։

ԱՄՆ-ն սեկտորալ պատժամիջոցներ է սահմանել ռուսական մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Ռոսնեֆտի», «Գազպրոմ նեֆտի», «Տրանսնեֆտի», «Ռոստեխի» դեմ 14 օրից ավելի ցանկացած ֆինանսավորման ներգրավման առնչությամբ։

Հարավային Կորեան փետրվարի 28-ին որոշում է կայացրել արգելելու ռազմավարական նշանակության նյութերի արտահանումը Ռուսաստան։

 

Ավիահաղորդակցություն

Եվրամիությունը, Կանադան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան և մի քանի այլ երկրներ  արգելել են ռուսական ինքնաթիռների թռիչքներն իրենց ողջ տարածքի վրայով։

Ի պատասխան՝ Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել Մեծ Բրիտանիայի, Բուլղարիայի, Լեհաստանի և Չեխիայի ավիաընկերությունների թռիչքների, այդ թվում՝ տարանցիկ թռիչքների համար։

 

Բանկեր

ԱՄՆ ամենախիստ պատժամիջոցների տակ են ընկել ռուսական «ՎՏԲ», «Օտկրիտիե», «Սովկոմբանկ», «Պրոմսվյազբանկ» և «Նովիկոմբանկ» բանկերը։ Նրանց ակտիվներն ու դոլարային հաշիվներն արգելափակված են։ Այս հինգ բանկերի քարտերի համար չեն աշխատելու «Apple Pay» и «Google Pay» վճարային համակարգերը։

«Սբերբանկի» դեմ նույնպես սահմանափակումներ են կիրառվել, բայց ավելի մեղմ։ «Գազպրոմբանկի», «ՌՍԽԲ», «Ալֆա» բանկի և Մոսկվայի վարկային բանկի դեմ սեկտորալ պատժամիջոցներ են գործում։

Փետրվարի 27-ին Եվրամիությունը հայտարարել է, որ ռուսական բանկերի մի մասին անջատում  է SWIFT միջբանկային վճարային համակարգից։ Այս որոշումը համաձայնեցված է ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ։ Դրան են միացել նաև Ճապոնիան և Հարավային Կորեան։

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հաղորդել են նաև Ռուսաստանի բանկի դեմ սահմանափակումներ մտցնելու մասին, որոնք վերաբերում են դրա միջազգային պահուստների օգտագործմանը։ Փետրվարի 28-ին նրանց է միացել նաև Ճապոնիան։ Նույն օրը ԵՄ-ն պաշտոնապես արգելել է գործարքները, որոնք կապված են Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստների և ակտիվների կառավարման հետ։

 

Անհատական պատժամիջոցներ

ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Ավստրալիան պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի դեմ։ Պատժամիջոցները ենթադրում են, որ նրանց ակտիվները, եթե այդպիսիք կան, այդ երկրներում արգելափակվում են։

ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված է 98 ֆիզիկական անձ, այդ թվում՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեվդեդևը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։ Ավելի վաղ պատժամիջոցների տակ էին ընկել Պետդումայի 351 պատգամավորներ, որոնք քվեարկել էին ԴԺՀ և ԼԺՀ ճանաչման օգտին։

Պատժամիջոցները տարածվել են նաև ռուսական բանկերի և ընկերությունների թոփ-մենեջերների վրա։

 

Մեդիա և համացանց

«Meta» ընկերությունը, որին պատկանում է «Ֆեյսբուքը», արգելել է ռուսական պետական լրատվամիջոցներին գովազդ հրապարակել սոցցանցում և դրամայնացում իրականացնել։ Ի պատասխան՝ Ռոսկոմնադզորը հայտարարել է ռուսաստանցի օգտատերերի համար Ֆեյսբուքի հասանելիության մասնակի սահմանափակման մասին։ «Google»-ը նույնպիսի որոշում է կայացրել իր ծառայությունների մասով։

Տարբեր երկրներ սկսել են սահմանափակել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։ Լեհաստանում կկասեցվի հինգ հեռուստալիքների, Լատվիայում՝ երկու, Ավստրալիայում՝ մեկ հեռուստաալիքի հեռարձակում։

Արգելված է «Russia Today»-ի և «Sputnik»-ի հեռարձակումը ԵՄ երկրներում։

Բացի այդ՝ այս տարի Ռուսաստանը չի մասնակցի «Եվրատեսիլին»՝ մրցույթի կազմակերպիչների որոշման համաձայն։

 

Վիզաներ և դիվանագիտական հարաբերություններ

Ուկրաինան խզել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները։

Եվրոպական մի քանի երկրներ դադարել են ռուսաստանցիների վիզա տրամադրել։ Առաջինն այդ մասին հայտարարել է Չեխիան։ Միաժամանակ երկիրը որոշել է փակել Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունները Կարլովի Վարիում և Բռնոյում, ինչպես նաև իր դիվանագիտական ներկայացուցչությունները Սանկտ Պետերբուրգում և Եկատերինբուրգում։ Պրահան նաև հետ է կանչել իր դեսպաններին Ռուսաստանից և Բելառուսից։

Վիզա չտրամադրելու որոշմանն են միացել նաև Լատվիան, Լիտվան։ Մուտքի թույլտվության տրամադրման ընտրովի կասեցման մասին են հայտարարել Նոր Զելանդիան և Ճապոնիան։

Փետրվարի 27-ին Պորտուգալիան հայտարարել է ռուսաստանցիներին «ոսկե» (ներդրումային) վիզաների տրամադրման կասեցման մասին։

Փետրվարի 28-ից չի գործում Եվրամիության և Ռուսաստանի միջև պարզեցված վիզային ռեժիմը, որը տարածվում էր պաշտոնական պատվիրակությունների, կառավարությունների և խորհրդարանների, դատարանների ներկայացուցիչների, դիվանագիտական անձնագրեր ունեցողների և գործարարների վրա։ Երկուշաբթի ԵՄ ղեկավարությունը հստակեցրել է, որ ռուսական դիվանագիտական անձնագրեր ունեցողները պետք է վիզա ստանան միության երկրներ այցելելու համար։

Չեխիայի, Ֆինլանդիայի և Գերմանիայի ԱԳՆ-ներն իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Ռուսաստանն ու Բելառուսը։ Ամերիկյան դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Ռուսաստանը։

 

Մարզական իրադարձությունների չեղարկում

Ռազմական գործողություններն ազդել են նաև մարզական իրադարձությունների վրա։ Միջազգային օլիմպիական կոմիտեն կոչ է արել չցուցադրել Ռուսաստանի և Բելառուսի դրոշներն, ինչպես նաև չկատարել այդ երկրների օրհներգերը ցանկացած մակարդակի միջազգային մրցաշարերի ժամանակ Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով։

Սանկտ Պետերբուրգը զրկվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու իրավունքից․ այն կանցկացվի Փարիզում։ ՈՒԵՖԱ-ն նույնպես արգելել է ակումբների և հավաքականների՝ իր հովանու ներքո կայացող խաղերն անցկացնել Ռուսաստանում։

Բասկետբոլի Եվրալիգան որոշել է, որ ռուսական «ՑՍԿԱ», «Զենիթ» և «ՈՒՆԻԿՍ» ակումբները չեն կարող տնային խաղերն անցկացնել Ռուսաստանի տարածքում։

Չեղարկվել է նաև «Ֆորմուլա-1»-ի Գրան պրի մրցաշարի անցկացումը Սոչիում սեպտեմբերի վերջին։

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան կասեցրել է Վլադիմիր Պուտինի՝ որպես այդ կազմակերպության պատվավոր նախագահի և դեսպանի լիազորությունները։

ՖԻՖԱ-ն արգելել է հավաքականների խաղերի անցկացումը Ռուսաստանի տարածքում և մտադիր է քննարկել բոլոր միջազգային մրցաշարերից Ռուսաստանին դուրս թողնելու հարցը։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել