Բրազիլիան չեզոքություն կպահպանի ռուս-ուկրաինական հակամարտությունում
13:30 - 28 փետրվարի, 2022

Բրազիլիան չեզոքություն կպահպանի ռուս-ուկրաինական հակամարտությունում

Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն հայտարարել է, որ չի դատապարտում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, գրում է Reuters-ը։ Այս հայտարարությունը տարբերվում է ՄԱԿ-ում Բրազիլիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումից: Երկրի նախագահը նշել էր, որ Բրազիլիան չեզոքություն կպահպանի։

Ուրբաթ՝ փետրվարի 25-ին, Բրազիլիան կողմ էր քվեարկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևին, որը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ Ռուսաստանը վետո էր դրել բանաձևի վրա։

Կիրակի օրը կայացած ասուլիսին Բոլսոնարուն հայտարարել է, որ Բրազիլիան չեզոքություն կպահպանի հակամարտությունում՝ նշելով, որ Ռուսաստանն ու Ուկրաինան «գործնականում եղբայրական ժողովուրդներ են»։

«Մենք ոչ ոքի կողմը չենք գրավում, շարունակելու ենք չեզոքություն պահպանել և ինչով հնարավոր է, օգնել», - ասել է Բրազիլիայի նախագահը՝ նշելով, որ «Ուկրաինայի բնակչության մեծ մասը խոսում է ռուսերեն»։

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք նա պատրաստ է դատապարտելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները, Բոլսոնարուն պատասխանել է, որ կսպասի իրավիճակի հանգուցալուծմանն իր կարծիքն արտահայտելուց առաջ։

Նա հավելել է, որ դեմ է ցանկացած պատժամիջոցների, որոնք կարող են բացասական հետևանքներ ունենալ Բրազիլիայի համար՝ հիշեցնելով, որ Ռուսաստանից ներկրվող պարարտանյութերը կարևոր նշանակություն ունեն երկրի ագրոարդյունաբերական ոլորտի համար։

Բոլսոնարուն նաև կարծիք է հայտնել, որ Պուտինի զորքերը զանգվածային արյունահեղություն չեն իրականացնելու Ուկրաինայում։

Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Բոլսոնարուն ասել է, որ ուկրաինացիներն «իրենց ազգի ճակատագիրը վստահել են հումորիստի»։

Շաբաթ օրը Բոլսոնարուն «Թվիթերում» գրել էր, որ Բրազիլիայի կառավարությունը չի դադարեցնելու ջանքերն՝ իր քաղաքացիներին Ուկրաինայից տարհանելու համար։ Կիրակի նա հայտնել է, որ արդեն հաջողվել է Ուկրաինայից տարհանել շուրջ 70 բրազիլացու։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել