Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Մինչև 3 մլրդ դրամ անտոկոս վարկ՝ թարմ գյուղմթերք արտահանողների համար. պետությունը կկիսի նաև վարկի երաշխիքի բեռը |armenpress.am|

Մինչև 3 մլրդ դրամ անտոկոս վարկ՝ թարմ գյուղմթերք արտահանողների համար. պետությունը կկիսի նաև վարկի երաշխիքի բեռը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանից պտուղ-բանջարեղեն արտահանողներն արդեն հնարավորություն ունեն մինչև 3 մլրդ դրամի անտոկոս վարկ ստանալ՝ ֆերմերից գյուղմթերքը ձեռք բերելու նպատակով. բացի այդ՝ պետությունն իր վրա է վերցնում վարկային երաշխիքի բեռի մի մասը: Այս ծրագրի մանրամասները ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը: Պետությունը արտահանողներին ընձեռել է այս հնարավորությունը՝ ընդլայնելով վերջին տարիներին գործող ծրագիրը: Այդ ծրագրի շրջանակում հումք ձեռք բերելու համար անտոկոս վարկ է առաջարկվում վերամշակողներին: Նախորդ տարի ծրագրի շրջանակում վարկային միջոցներով հնարավորություն է ընձեռվել նաև ձեռք բերել ներդրանքներ՝ պահածոյացման համար տարաներ, կափարիչներ, ասեպտիկ փաթեթներ: «Այս ծրագրի շրջանակներում այս տարի հնարավորություններն ընդլայնվեցին, նախկինում գործող մինչև 1.8 մլրդ դրամ վարկային ծավալը բարձրացվեց մինչև 3 մլրդ դրամի»,-ասաց Խոջոյանը: Պետությունը նախորդ տարի փորձել է արտահանողներին նույնպես ընդգրկել ծրագրում, բայց միայն մեկ մշակաբույսի՝ խաղողի համար: «Եվ մենք տեսանք, որ դա մեզ հնարավորություն տվեց թարմ խաղողի արտահանումը մոտ 1.7 անգամ՝ շուրջ 10 հազար տոննայով ավելացնել: Այս տարի նույնպես արդեն անցյալ տարվա մթերված խաղողը շուրջ 10 տոննայով ավելի շատ է արտահանվել, քան նախորդ տարի նույն ժամանակաշրջանում: Եվ որոշեցինք արտահանման խթանման այս հաջող ծրագիրը կիրառել նաև բոլոր մշակաբույսերի համար: Այսինքն՝ թարմ պտուղ-բանջարեղեն արտահանողները նույնպես կարող են ծրագրի մաս դառնալ»,-ասաց փոխնախարարը: Արտահանողը պարզապես բանկ է ներկայացնում իր և ֆերմերի միջև կնքվող պայմանագիրը, ինչի  հիման վրա էլ բանկը հաստատում է վարկի չափը, վաճառքն իրականացնելուց հետո բանկը գումար փոխանցում է միանգամից ֆերմերին: «Ֆերմերն իր արտադրածի համար ժամանակին ստանալով գումարը՝ կարողանում է ճիշտ կազմակերպել իր գյուղատնտեսական աշխատանքները»,-ասաց փոխնախարարը: Բանկերում տնտեսավարողների ունեցած գրավի խնդիրը լուծելու նպատակով պետությունը նաև կիրառում է մեկ այլ դրույթ՝ իր վրա վերցնելով վարկային երաշխիքի բեռի մի մասը: «Դա նախատեսում է 2020 թվականի արտահանման ծավալով, բայց ոչ ավել, քան վարկի գումարի 50 տոկոսի չափով պետական երաշխիքի տրամադրում: Պետությունը ձեռք է մեկնում վերամշակող և արտահանող կազմակերպություններին, որոնք գումարի ներգրավման խնդիր ունեն: Բանկերի կողմից կար զգուշավորություն՝ գույքի գրավադրման, գույքի գնահատման առումով: Կառավարությունը հնարավորություն տվեց, որ այդ գնահատման ռիսկը մեղմվի՝ 50 տոկոս պատասխանատվություն վերցնելով իր վրա»,-ասաց փոխնախարարն ու հավելեց, որ պետական երաշխիքի տրամադրման կարգի հաստատումից հետո արդեն կարող են դիմել նաև պետական երաշխիք ստանալու համար: Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:02 - 09 հուլիսի, 2021
Վարոս Սիմոնյանը մասնակցել է Էկոնոմիկայի նախարարության և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրված  փոխըմբռնման հուշագրով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստին

Վարոս Սիմոնյանը մասնակցել է Էկոնոմիկայի նախարարության և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստին

Հունիսի 28-30-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ մասնակցելու ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև մայիսի 24-ին ստորագրված  փոխըմբռնման հուշագրով ստեղծված հայ-իրանական աշխատանքային խմբի առաջին նիստին։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը: Աշխատանքային խմբի հայկական կողմի ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն էր, իրանական կողմինը՝ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի  տեղակալ Դարյուշ Ամանին։ Պատվիրակության կազմում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը։ Աշխատանքային խմբի անդամները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման, երկկողմ առևտրային հարաբերությունների զարգացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև դրանց զարգացմանը խոչընդոտող ընթացակարգերի պարզեցման կամ վերացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։ Այցի ընթացքում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Դարյուշ Ամանիի, ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Համիդ Զադբումի, Իրանի Առևտրի պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիի, Հյուսիսային Խորասանի նահանգապետ Մոհամմադ Ալի Շոջայիի հետ։ Հանդիպումներ են տեղի ունեցել նաև ԻԻՀ նախագահի աշխատակազմին կից Նորարարությունների ազգային հիմնադրամի և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարության հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական փոխգործակցության օրակարգային հարցեր, այդ թվում՝ երկկողմ առևտուրը խոչընդոտող բեռնափոխադրման խնդիրները, երկու երկրների միջև ապրանքափոխանակման հնարավոր մեխանզմների ձևավորումը, իրանական գործարարների՝ Մեղրի ԱՏԳ-ում մասնակցությունը, մաքսայն փաստաթղթաբանությունը և տեղեկատվության փոխանակումը, ՀՀ և ԻԻՀ Հյուսիսային Խորասանի նահանգի միջև  համագործակցության հհեռանկարները, նախանշվել առաջիկայում իրականացվելիք ծրագրերը։ Կողմերը պայմանավորվեցին՝ աշխատանքային խմբի հաջորդ, երկրորդ նիստը գումարել մինչև ս․թ․ օգոստոսի 15-ը Երևանում։
18:43 - 03 հուլիսի, 2021
Անհրաժեշտ է, որ կարողանանք ավելի մատչելի և մասսայական դարձնել ոռոգման արդիական տեխնոլոգիաները. Արման Խոջոյան

Անհրաժեշտ է, որ կարողանանք ավելի մատչելի և մասսայական դարձնել ոռոգման արդիական տեխնոլոգիաները. Արման Խոջոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ ոռոգման գործընթացում ներգրավված շուրջ երկու տասնյակ կապալառուների, արտադրողների, մատակարարների և ֆերմերների հետ քննարկել է ոռոգման համակարգերի արդիականացման, պետական աջակցության ծրագրերի ընդլայնման, ոռոգման համակարգերի ներդրման և առավել կիրառելի դարձնելու առկա խոչընդոտները հաղթահարելու հնարավոր ուղիները։   «Շատ եմ կարևորում Հայաստանում ոռոգման համակարգերի առավել մասսայական կիրառելիությունը։ Կլիմայական փոփոխություններով պայմանավորված՝ բարձր ջերմաստիճանի պատճառով ջրօգտագործման, ոռոգման գործընթացում խնդիրներ միշտ էլ կարող են առաջանալ։   Անհրաժեշտ է, որ մենք կարողանանք ադապտացվել, ավելի մատչելի և մասսայական դարձնել ոռոգման արդիական տեխնոլոգիաները և ապահովել դրանց կիրառելիությունը մեր իրականության մեջ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Խոջոյանը:  
17:33 - 03 հուլիսի, 2021
Անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում և խնդրում ենք բարձր պատասխանատվությամբ մոտենալ գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներին․ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

Անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում և խնդրում ենք բարձր պատասխանատվությամբ մոտենալ գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներին․ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում և խնդրում է բարձր պատասխանատվությամբ մոտենալ  գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներին:Հորդորում ենք աջակցել անասնաբույժներին, հետևել, որ պատվաստվի պատվաստման ենթակա ամբողջ գլխաքանակը, իսկ hամայնքի ղեկավարներին` առանց ստուգելու չստորագրել ոչ մի փաստաթուղթ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը պատվաստումների մասին հավաստիանում է նաև իրենց ստորագրություններով:Նշենք նաև, որ խոշոր և մանր եղջերավորների շրջանում սիբիրախտի դեմ կրկնակի պատվաստումներ են իրականացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Վանևան և Տորֆավան համայնքներում հունիսի 24-25-ը, ինչպես նաև Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան համայնքում հուլիսի 1-ին:Ցանկացած հարցի ու բողոքների դեպքում կարող եք զանգահարել 012595939 հեռախոսահամարին:
13:35 - 03 հուլիսի, 2021
Աղմուկը խիստ գերազանցում է վնասի չափին. Քերոբյանը՝ ոռոգման ջրի հետ կապված վիճակի մասին |armenpress.am|

Աղմուկը խիստ գերազանցում է վնասի չափին. Քերոբյանը՝ ոռոգման ջրի հետ կապված վիճակի մասին |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն անդրադարձավ շոգ եղանակի հետևանքով ոռոգման ջրի ոլորտում առաջացած իրավիճակին: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քերոբյանը նշեց, որ այս տարվա հունիսը ռեկորդային շոգ ամիս է եղել. 3 աստիճանով նորմայից ավելի շոգ է եղել: Դրա պատճառով առաջացել է աննախադեպ դժվար իրավիճակ: «Ջրային կոմիտեն աշխատում է նորմալ հունով: Խնդիրն այն է, որ անջրդի տարածքներում ջրելու կարիք է առաջացել, և դա վտանգել է անջրդի հողատարածությունների բերքը: Մյուս խնդիրն այն է, որ ֆերմերներն, ըստ էության, սխալ տեղեկատվություն են փոխանցում ջրային կոմիտեին և մի  բույսի փոխարեն ցանում են այլ բույս, որի ջրի պահանջարկն այլ է:  Օրինակ կարտոֆիլին ավելի շատ ջուր է պետք: Այդուհանդերձ, այս խնդիրը պահանջում է արմատական լուծում, և  մենք երկու օր առաջ պայմանավորվել ենք, որ պետք է սկսենք ջրային ռեֆորմը, փոխենք համակարգն այնպես, որ անցնենք նոր արդյունավետ համակարգի»,- ասաց Քերոբյանը: Անդրադառնալով դիտարկմանը, թե կաթիլային ոռոգման անցնելը թանկ է, ու ոչ բոլոր գյուղացիները կարող են դա անել՝ նախարարի պաշտոնակատարը նշեց. «Կառավարությունը կաջակցի: Եթե մենք ասում ենք, որ այս տարի շոգ է, ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ տարի հով է լինելու: Աշխարհը տաքանում է»: Հարցին, թե ինչո՞ւ չեն կանխատեսել, որ նման բան կարող է լինել, ու ջրամբարները չեն լցվել, Քերոբյանը նշեց, որ ինքն այդ հարցին չի կարող պատասխանել, քանի որ ջրամբարների խնդիրներով իրենք չեն զբաղվում: Նրա խոսքով՝ գյուղացիների վնասների փոխհատուցման վերաբերյալ որևէ գործողություն դեռ արված չէ, բայց կարվի: «Գյուղմթերքի ապահովագրություն երաշտից չի եղել: Երաշտ բառը պետք չէ օգտագործել, խոսքը սակավաջրության մասին է: Ամեն դեպքում աղմուկը պետք է համեմատել իրականության հետ: Սովորաբար, աղմուկը խիստ գերազանցում է վնասի չափին»,- նկատեց նախարարի պաշտոնակատարը:
15:01 - 01 հուլիսի, 2021
Սամվել Ալեքսանյանի և Դավիթ Սեդրակյանի ընկերությունները բավարարում են նորացված չափանիշներին. Վահան Քերոբյանը՝ 2 ընկերություններին տրամադրվող արտոնությունների մասին |tert.am|

Սամվել Ալեքսանյանի և Դավիթ Սեդրակյանի ընկերությունները բավարարում են նորացված չափանիշներին. Վահան Քերոբյանը՝ 2 ընկերություններին տրամադրվող արտոնությունների մասին |tert.am|

tert.am: Մասքատուրքը գնում է ԵԱՏՄ բյուջե, վերջերս, եթե հիշում եք, մենք խիստ սահմանափակել ենք արտոնությունների տրամադրման կարգը և ձևը: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ հանրության համար չզեկուցվող 2 նախագծի մասին, որով Կառավարությունը որոշում կայացրեց գործարարներ Սամվել Ալեքսանյանին և Դավիթ Սեդրակյանին պատկանող ընկերություններին արտոնություններ տալ, Ալեքսանյանի ընկերությանը՝ 106 մլն դրամի, Սեդրակյանի ընկերությանը՝17մլն դրամի չափով: «Փորձել ենք սահմանափակել այդ արտոնությունների տրամադրումը միայն սարքավորումների մասով և միայն այնպիսի հումքի մասով, որը մեծամասամբ արտահանվելու է, ներքին շուկայում սպառման տեսանկյունից աշխատում ենք այնպես անել, որ չտուժի մրցակցությունը և լինեն նույն պայմանները, հումքի արտահանման մասով ենք օգնում, իսկ այդ տեսանկյունից 2 ընկերությունները լիովին բավարարում են նորացված չափանիշներին»,- ասել է Քերոբյանը: Նախարարը նշել է՝ աշխատում են օրենքի սահմաններում, և եթե որևէ ընկերության պետք է արտոնություններ տալ, տալիս են. «Այսինքն մեր գործողությունների տրամաբանությունը ոչ թե մեկին ճնշելն է կամ օգնելը, այլ գործելը օրենքի սահմաններում»: Քերոբյանը նշել է, որ շատ արտոնություններ են տալիս տարբեր ընկերություններին, բայց կոնկրետ այս արտոնությունը տրվում է հումքի համար, որը արտահանվելու է:
14:33 - 01 հուլիսի, 2021
Հուլիսի 1-ից ստարտափները հնարավորություն կունենան Հայաստանում արտոնագրելու իրենց ստեղծած համակարգչային ծրագրերը․ Էկոնոմիկայի նախարարություն

Հուլիսի 1-ից ստարտափները հնարավորություն կունենան Հայաստանում արտոնագրելու իրենց ստեղծած համակարգչային ծրագրերը․ Էկոնոմիկայի նախարարություն

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է գյուտերի ստեղծման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված գույքային և անձնական հարաբերությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Նոր օրենքի ընդունմամբ Հայաստանը դառնում է աշխարհում երկրորդ երկիրը ԱՄՆ-ից հետո, որն իրականացնում է համակարգչային ծրագրերի արտոնագրում։ Համակարգչային ծրագրերի հուսալի պաշտպանությունը բարենպաստ պայմաններ կստեղծի Հայաստանում ստարտապների, նորարար հեղինակների համար մտավոր արժեքներ ստեղծելու և դրանք Հայաստանում արտոնագրելու համար։ Արված փոփոխությունները և Հայաստանում արտոնագրման գործընթացի կազմակերպման արագությունն ու հեշտությունը նախադրյալներ կստեղծեն տարածաշրջանում Հայաստանի ավելի բարենպաստ դիրքավորման և երկրում նորարարության ու կայուն տեխնոլոգիական զարգացման, ինչպես նաև տնտեսական աճի խթանման համար»,- նշեց ՀՀ ԷՆ Մտավոր Սեփականության գործակալության պետի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանը։ ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, քանի որ կայուն զարգացած տնտեսության կայացման նախադրյալներից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաներն ու նորարարություններն են։ Դեռևս 2019 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը հռչակել է ռազմավարական ուղղություն․ կայուն և ներառական տնտեսական աճի խթանման նպատակով Կառավարությունը վերջին մի քանի տարիների ընթացքում հստակ գործողություններով բարենպաստ պայմաններ է ստեղծում բարձր տեխնոլոգիաների ոլորտում տեղական և օտարերկրյա ներդրումների համար, նպաստում նորարարական ստարտափ էկոհամակարգերի ակտիվ ներդրմանը։  Վերոնշյալ ուղղությունների կատարելագործման գործում մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված համապարփակ և ժամանակակից օրենսդրական բարեփոխումների մշակման գործում Հայաստանի Կառավարությանը իրենց փորձով և գիտելիքով աջակցում են սփյուռքի ոլորտի լավագույն փորձագետները։  Դեռևս 2018 թվականի նոյեմբերին ԱՄՆ Հայ իրավաբանների միության (Armenian Bar Association) կողմից ձևավորվել է ՄՍ/ՏՏ կոմիտե, որի նպատակն է դյուրացնել առաջարկությունների և լուծումների մշակման գործընթացը ոլորտում օրենսդրական թերությունները վերացնելու համար: Աշխատանքային խումբը կազմված էր սփյուռքի և Հայաստանի ոլորտի լավագույն փորձագետներից, իրավաբաններից, պետական և մասնավոր հատվածի, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներից, Ազգային ժողովի պատգամավորներից։ Աշխատանքային խմբի կողմից «Արտոնագրերի մասին» օրենքում արված փոփոխությունների և առաջարկների շուրջ իրականացված համատեղ աշխատանքների արդյունքում  այսօր արդեն հնարավոր է Հայաստանում իրականացնել համակարգչային ծրագրերի արտոնագրումը։ Արտոնագրերին դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ Մտավոր Սեփականության գործակալության պաշտոնական կայքէջում։
11:51 - 01 հուլիսի, 2021
Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի գիտության և տեխնոլոգիայի հարցերով փոխնախագահ Մեհդի Էլիասիի գլխավորած պատվիրակությանը

Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի գիտության և տեխնոլոգիայի հարցերով փոխնախագահ Մեհդի Էլիասիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հունիսի 29-ին ընդունել է ԻԻՀ Նախագահի գիտության և տեխնոլոգիայի հարցերով փոխնախագահ, քաղաքականության և զարգացման գծով տեղակալ Մեհդի Էլիասիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև ԻԻՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարի տեղակալ և տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպության նախագահ Ամիր Նազեմի Աշանին, ԻԻՀ խորհրդարանի պատգամավորներ, իրանական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայ-իրանական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին։                                     Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը նշել է․ «Հայ-իրանական օրակարգը մեր առաջնահերթություններից է։ Երկկողմ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար կարևոր է տրամաբանական ավարտի հասցնել և իրականացնել մեր բոլոր համատեղ նախատեսված ծրագրերը»։ Հանդիպման սկզբում պատվիրակության անդամները նշել են, որ համաժողովի ընթացքում իրանական ընկերությունները մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերել հայկական կողմի հետ տնտեսության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության, սննդի, տեքստիլի, դեղագործության և բժշկական սարքավորումների արտադրության ոլորտներում արդյունավետ համագործակցություն ծավալելու հարցում:Այնուհետև պատվիրակության ղեկավար Մեհդի Էլիասին, ամփոփելով համաժողովի ընթացքում քննարկված հարցերը, ներկայացրել է իրանական կողմի մի շարք առաջարկներ։ Տեղեկացնելով, որ իրանական կողմն ունի տարբեր երկրներում բարձր տեխնոլոգիական կենտրոնների ստեղծման հարուստ փորձ՝ նա առաջարկել է Հայաստանում հիմնել նմանատիպ կենտրոն, որտեղ կկազմակերպվեն երկկողմ B2B հանդիպումներ և կանցկացվեն ոլորտին առնչվող քննարկումներ։Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև «Մեղրի» և «Արաս» ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը։ Նկատի ունենալով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ կողմերը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրությունների կազմակերպման և պատրաստի արտադրանքը դեպի ԵԱՏՄ և այլ երկրներ արտահանելու հնարավորությունները։Իրանական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել համագործակցել Հայաստանի բժշկական հաստատությունները իրանական սարքավորումներով վերազինելու ուղղությամբ։ Քննարկվել են նաև դեղագործության ոլորտում համագործակցության հեռանկարները։Պատվիրակության անդամներն առաջարկել են ուսումնասիրել համատեղ ջանքերով «խելացի» քաղաքի ստեղծման հնարավորությունները։Տնտեսության ոլորտում հայ-իրանական փոխգործակցության շրջանակում աշնանը նախատեսվում է Իրանում անցկացնել գործարար համաժողով, որի ընթացքում կքննարկվի հայ-իրանական տնտեսական համագործակցությանը վերաբերող խնդիրների լայն շրջանակ։    
10:44 - 30 հունիսի, 2021
Անասնահամաճարակային վիճակը մարզերում կայուն է, կենդանիները պատվաստվել են ըստ պլանի. ԷՆ-ի պարզանումը

Անասնահամաճարակային վիճակը մարզերում կայուն է, կենդանիները պատվաստվել են ըստ պլանի. ԷՆ-ի պարզանումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան այն հրապարակումների՝ ըստ որոնց ՀՀ մարզերում առկա է անասնահամաճարակային ոչ կայուն վիճակ, արձանագրվել են կենդանիների անկումներ: Նախարարությունից մասնավորապես տեղեկացրել են, որ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը  2021 թվականի հունիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի համաճարակաբանից ստացել է ահազանգ այն մասին, որ Վանևան և Տորֆավան համայնքներում արձանագրվել են խոշոր եղջերավոր կենդանիների անկումներ:   «Նույն օրը ՊՈԱԿ-ի մասնագիտական խումբը՝ տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանի, անասնաբուժության և բուսասանիտարիայի բաժնի պետ Լևոն Եղոյանի գլխավորությամբ, անմիջապես այցելել է նշված համայնքներ և տեղում ծանոթացել իրավիճակին: Կենդանիների մոտ, ըստ ախտանատոմիական ընթացքի, արձանագրվել են բնախոսականից շեղումներ եւ, համաձայն կլինիկայի մասնագետների, կենդանիները մինչև անկումն ունեցել են ջերմության բարձրացում, թուլություն, հրաժարվել են կերից և այլն: Իրավիճակը մասնագետների կողմից գնահատվել և ներկայացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին։ Արդյունքում՝ որոշում է կայացվել սկսել լայնածավալ բուժման գործընթաց, իսկ կլինիկապես առողջ կենդանիներին՝ կրկնակի պատվաստել»,-հայտնել են նախարարությունից: ՊՈԱԿ-ի տնօրենը 24-ժամյա ռեժիմով խորհրդակցել և վիճակը ներկայացրել է փոխնախարար Տիգրան Գաբրիելյանին, անձամբ հսկել և կազմակերպել իրականացվող միջոցառումները: Նախարարությունից վստահեցրել են, որ անասնաբույժների կողմից իրականացված գործողությունների արդյունքում՝ կլինիկական նշաններ ունեցող անասնագլխաքանակի  շուրջ 85-90 տոկոսի մոտ ժամեր անց արձանագրվել է հիվանդության կլինիկական նշանների նահանջ և վիճակի բարելավում:  «Այսօր կենդանիների անկումներ չեն գրանցվել և անասնահամաճարակային վիճակը մարզերում գնահատվում է կայուն և վերահսկվող։ Իրավիճակը գտնվում է տնօրենի անմիջական վերահսկողության տակ, իսկ աշխատանքները տարվում են ըստ անհրաժեշտության։ Հարկ ենք համարում նշել, որ ՊՈԱԿ-ի կողմից պատշաճ կերպով իրականացվել են անհրաժեշտ բոլոր պատվաստումներն ու հակահամաճարակային միջոցառումները։ Նշված համայնքներում մանր և խոշոր եղջերավոր կենդանիները պատվաստվել են  ապրիլի սկզբին, իսկ ընթացիկ տարում ծնված հորթերը՝ հունիսին, ինչպես և նախատեսված է հակահամաճարակային պլանով»,-ասված է պարզաբանման մեջ:
14:50 - 29 հունիսի, 2021
Վահան Քերոբյանը և Նարեկ Տերյանը մասնակցել են հայ-իրանական գործարար համաժողովին

Վահան Քերոբյանը և Նարեկ Տերյանը մասնակցել են հայ-իրանական գործարար համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հունիսի 28-ին մասնակցել են Prom Expo և IPM ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հայ-իրանական գործարար համաժողովին։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԲՏԱ նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, հայկական և իրանական շուրջ 80 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։   Համաժողովին մասնակից ընկերությունները ներկայացնում էին տարբեր ոլորտներ՝ արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, սննդի, տեքստիլի, դեղագործության, բժշկական սարքավորումների արտադրություն և այլ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներ։   Համաժողովի նպատակն է խթանել հայ-իրանական առևտրային հարաբերությունների զարգացումը, գործարկել ներկրման և արտահանման նոր ձևաչափեր, ինչպես նաև նպաստել երկու երկրների միջև գործարար կապերի ամրապնդմանն ու խորացմանը: Ողջունելով համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ նմանատիպ միջոցառումները հավասար կարևորություն ունեն երկու երկրների համար․ իրանցի գործընկերների համար սա լավ հնարավորություն է բացահայտելու Հայաստանի միջոցով Եվրասիական տնտեսական միության և այլ երկրների շուկաներ դուրս գալու հնարավորություններ։ «Մենք պատրաստ ենք միավորել մեր ուժերը իրանցի գործընկերների հետ և միասին նոր շուկաներ գրավել։ Իրանը ակտիվ խրախուսում է գիտելիքահեն ընկերությունների ստեղծումը և առաջխաղացումը, մենք նույնպես մեր տնտեսական քաղաքականության մեջ որդեգրել ենք այդ մոտեցումը,և այստեղ նույնպես մեր մոտեցումներն ու հայացքները խաչվում են»,- հավելել է Վահան Քերոբյանը։ Միաժամանակ նախարարի պաշտոնակատարն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու հայ-իրանական տնտեսական կապերի ու առևտրային հարաբերությունների ակտիվացմանն ու ընդլայնմանը։   ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր խոսքում նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում ձևավորվել է կայուն համագործակցություն, և իրանական գիտահեն կազմակերպությունները պատրաստ են իրենց գիտելիքը, փորձն ու տեխնոլոգիաները փոխանցել հայկական կողմին՝ բարձրագույն տեխնոլոգիաների և նանոտեխնոլոգիաների ոլորտում ևս փոխգործակցելու նպատակով։ «Նմանատիպ համաժողովների կազմակերպումը հնարավորություն է ընձեռում ներկայացնել  այն ներուժը, որն առկա է իրանական կողմում և բարենպաստ հող պատրաստել այս ուղղությամբ երկկողմ համագործակցություն ձևավորելու համար»,- նշել է դեսպանը։  Համաժողովի ընթացքում հայ և իրանցի գործարարների միջև կազմակերպվել են B2B հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են գործարար նոր կապերի ստեղծման հնարավորությունները։
18:54 - 28 հունիսի, 2021
Վահան Քերոբյան․ «Գնաճի հիմնական բաղադրիչը Հայաստանից դուրս է» |hetq.am|

Վահան Քերոբյան․ «Գնաճի հիմնական բաղադրիչը Հայաստանից դուրս է» |hetq.am|

hetq.am: «Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 86 000 տոննա թարմ գյուղմթերք, որը կրկնակի ավել է, քան անցած տարի։ Մինչ այս պահը 12 800 տոննա ծիրան է արտահանվել, ընդ որում՝ լավ գնով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։   Խոսելով գնաճի մասին՝ Քերոբյանը նշեց, որ դրա համար էկոնոմիկայի նախարարությունը ուղիղ պատասխանատվություն չի կրում, պատասխանատվություն կրում է Կենտրոնական բանկը։ «Դա նաև անհանգստացնում է էկոնոմիկայի նախարարությանը, քանի որ մեր աշխատանքի իմաստը պետք է լինի մարդկանց բարեկեցության ավելացումը։ Նայում ենք՝ որտեղ կա էական գնաճ, փորձում ենք զսպել էդ գնաճը նաև ոչ դրամավարկային գործիքներով՝ սուբսիդավորումով, օգնելով, որ ավելի էժան ապրանքը հասնի Հայաստան և այլ մեխանիզմներով։ Կենտրոնական բանկի գործողությունները բերել են նրան, որ համարյա մտել ենք գնաճի թույլատրելի միջակայք։ Աշխարհում սարսափելի գնաճ է։ Գնաճի հիմնական բաղադրիչը ոչ թե Հայաստանում է, այլ Հայաստանից դուրս։ Եթե, օրինակ՝ ձեթը Ռուսաստանը թանկացրել է երկու անգամ, մենք ինչ էլ անենք, չենք կարող ձեթի գինը իջեցնել, եթե Հայաստանում ձեթ չենք արտադրում»,- ասաց Քերոբյանը։ Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ պետք է փոխվի տնտեսության կառուցվածքը և ավելի քիչ կախված լինի միջազգային շուկայի գներից։  Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի այն խոսքին, որ վերջին 4 ամսվա ընթացքում 70 000  մարդ է արտագաղթել Հայաստանից, Քերոբյանն ասաց, որ պետք է հանել սեզոնային աշխատողներին, որոնք գնացել են և սեզոնի վերջում վերադառնալու են․ «Արտագաղթը պետք է տարեկան կտրվածքով հաշվել, որպեսզի ճիշտ պատկեր ունենանք, բայց ես չեմ ժխտում, որ կա այդ միտումը։ Իհարկե, մարդկանց մի մասը հիասթափված է 44-օրյա պատերազմի արդյունքից»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։ Լրագրողի այն հարցին, թե կառավարության աշխատանքից հիասթափված չե՞ն մարդիկ, Վահան Քերոբյանն ասաց․ «Հիմնականում պատերազմի արդյունքից, միգուցե՝ նաև կառավարության աշխատանքից, չեմ ժխտում։ Պետք է այնպիսի միջավայր ստեղծենք, որպեսզի այդ հիասթափությունը գնալու առիթ չդառնա»։
15:44 - 24 հունիսի, 2021
Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ևս 6 ամսով երկարաձգվեց |1lurer.am|

Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ևս 6 ամսով երկարաձգվեց |1lurer.am|

1lurer.am: Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի ժամկետն ավելացվեց ևս 6 ամսով. Կառավարությունն այսօր հաստատեց որոշման նախագիծը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հիշեցրեց՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարությունն ընդունեց Հանրապետություն թուրքական ապրանքների ներմուծման արգելքի մասին որոշումը, որով սահմանվեց վեցամսյա արգելք ՀՀ թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա:  «Վեցամսյա ժամկետ սահմանվել է՝ հիմք ընդունելով ԵԱՏՄ համապատասխան դրույթը, համաձայն որի՝ ԵԱՏՄ անդամ-պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով: Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը սահմանող իրավական կարգավորումն ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից, հետևաբար 6-ամսյա ժամկետը լրանում է հուլիսի 1-ին»,- ասաց Քերոբյանը: Քերոբյանի խոսքով՝ նոր որոշման անհրաժեշտություն կա, որով կնախատեսվի ևս 6 ամսով երկարաձգել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծումը ՀՀ: «Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը պետք է դիտարկել ոչ միայն որպես Թուրքիայի նկատմամբ տնտեսական բնույթի սանկցիա, այլև անվտանգության տեսանկյունից հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսավորման դադարեցում»,- ասաց Քերոբյանը:
11:50 - 24 հունիսի, 2021
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել Էկոնոմիկայի նախարարության նկատմամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել Էկոնոմիկայի նախարարության նկատմամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2021 թվականի հունիսի 09-ի դռնբաց նիստում որոշել է վարույթ հարուցել Էկոնոմիկայի նախարարության նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) կայքէջում հրապարակված որոշումից։ Հանձնաժողովի որոշման մեջ մասնավորապես նշվում է, որ «Սիլիկոն Թրեյդ» և «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերությունները դիմել են Հանձնաժողով նշելով, որ սպիտակ շաքարի ներմուծումը ազատվում է ներմուծման մաքսատուրքից, ընդ որում, նշված ժամանակահատվածի համար ներմուծման լիցենզիա տրամադրվում է այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք 2020 թվականի ընթացքում ներմուծել են ինչպես սպիտակ շաքար, այնպես էլ շաքարի հումք։ Ընկերությունները նշում են, որ սահմանված պահանջը տրամաբանական չէ, քանի որ կառավարության որոշմամբ շաքարի հումքի ներմուծումն արդեն իսկ ազատվել է մաքսատուրքի վճարումից։ Ըստ Ընկերությունների՝ ստեղծված իրավիճակը հանգեցնելու է սպիտակ շաքարի շրջանառության ոլորտում մրցակցության սահմանափակմանը, քանի որ սահմանված պահանջին բավարարում է միայն մեկ տնտեսավարող սուբյեկտ։ Որոշման մեջ նշվում է նաև, որ Հանձնաժողով ներկայացված դիմումներով բարձրացվող հարցերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից Կառավարության քննարկմանը ներկայացված՝ Թիվ 838-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու ընթացակարգը, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների ընտրության գործընթացը կարող է պարունակել պետական մարմնի կողմից տնտեսական մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման հատկանիշներ։ Որոշման մանրամասները՝ այստեղ։
23:00 - 09 հունիսի, 2021
Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման համար նախատեսված գումարը վերադարձվել է պետբյուջե |armenpress.am|

Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման համար նախատեսված գումարը վերադարձվել է պետբյուջե |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի համար նախատեսված գումարները, 2020-ի պատերազմական իրավիճակով պայմանավորված, վերադարձվել են պետբյուջե: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը՝ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում համատեղ նիստում «2020 թ. պետական բյուջեի կատարան մասին» տարեկան հաշվետության ներկայացմանը՝ զեկուցելով գյուղատնտեսական ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների մասին: Գյուղատնտեսության ոլորտի ճշտված բյուջեն կազմել է 15.9 մլրդ դրամ, որոնցից արտաքին աղբյուրներով ֆինանսավորված միջոցառումների մասով ՝ 4.5 մլրդ դրամ: Փաստացի օգտագործվել է 12.1 մլրդ դրամ կամ նախատեսվածի 76 տոկոսը: Անդրադառնալով գյուղատնտեսության խթանման ծրագրին՝ փոխնախարարը նշեց, որ 2020 թվականի ծրագրով տարեսկզբին հատկացվել է 4 մլրդ դրամ: ՀՀ կառավարության մի շարք որոշումներով իրականացված ավելացումների արդյունքում ճշտված բյուջեն կազմել է 6 մլրդ դրամ, փաստացի ծախսը՝ 5 մլրդ 951 մլն դրամ: «Ծրագրի շրջանակում իրականացվել է 4 միջոցառում, դա մասնավորապես խաղողագործության, գինեգործության ոլորտում վարվող պետական քաղաքականության զարգացման ծրագրի իրականացումն է, գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը և Գերմանիայի զարգացման բանկի հետ համատեղ գյուղոլորտում  ապահովագրական ծրագրերի իրականացման համար պետական աջակցություն ծրագիրը»,-ասաց Գաբրիելյանը:  Երկրորդ խումբ միջոցառումը սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունն է, դրա հիմնական նպատակն է սննդամթերքի ոլորտում իրականացնել մոնիթորինգային գործընթաց, լաբորատոր փորձաքննություն: Երրորդ խումբը բուսաբուծության խթանաման և բույսերի պաշտպանություն ծրագիրն է: Դրա հիմնական նպատակն է մոնիթորինգի ընթացքում ձեռք բերված արդյունքների հիման վրա գյուղացիական տնտեսություններին տրամադրել մկնասպան թունանյութեր, մորեխների դեմ պայքարի միջոցներ: «Չորրորդ խումբ միջոցառումները անասնաբուժական ծառայություններ կոչվող միջոցառումն է, որը ներառում է գյուղկենդանիների պատվաստումը և հիվանդությունների՝ հիմնականում բրուցելոզ հիվանդության մոնիթոինգային աշխատանքները: Միջոցառումների այս խմբի մեջ է մտել նաև «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրը: Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ գումարները վերադարձվել են պետբյուջե»,-ասաց փոխնախարարը:
12:03 - 07 հունիսի, 2021
Վահան Քերոբյանն անդրադարձել է Պետերբուրգում տեղի ունեցած իր հանդիպումներին

Վահան Քերոբյանն անդրադարձել է Պետերբուրգում տեղի ունեցած իր հանդիպումներին

«Ամփոփելով միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում այս երկու օրերի հանդիպում-քննարկումներս՝ անդրադառնամ դրանցից մի քանիսին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:   «Երեկ մասնակցել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած լիագումար նիստին, որի ընթացքում նախագահը ներկայացրեց ՌԴ գործարար օրակարգի առաջնահերթությունները։ Սա մեզ կօգնի ճիշտ ուղիներ ընտրել Ռուսաստանի հետ գործարար հարաբերություններն էլ ավելի ամրացնելու և խորացնելու գործում։   Հանդիպել եմ Չիլիի ԱԳ նախարարի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով տեղակալ Ռոդրիգո Յանյես Բենիտիսին։ Քննարկել ենք երկկողմ առևտրատնտեսական համագործակցության նոր ուղիներն ու հնարավորությունները։ Չիլիական կողմը հետաքրքրվածություն հայտնեց Հայաստանը դիտարկել որպես հարթակ Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու համար։   «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկիի հետ հանդիպումս բավականին արդյունավետ էր։ Քննարկել ենք Փոթի-Կովկաս նավահանգիստներով լաստինավային կանոնավոր բեռնափոխադրումների ակտիվացման հնարավորությունները և նախանշել դրա վերագործարկմանն ուղղված քայլերը։   Այսօր ֆորումի վերջին օրն է։   Վերադառնում եմ Երևան՝ ձեռք բերված նոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու»,- գրառման վերջում նշել է նախարարի պաշտոնակատարը:
14:27 - 05 հունիսի, 2021