Լարսին այլընտրանքային ծրագիրն անարդյունավետ է եղել. սխալ հաշվա՞րկ, թե՞ թերի աշխատանք |azatutyun.am|
09:48 - 11 հունվարի, 2024

Լարսին այլընտրանքային ծրագիրն անարդյունավետ է եղել. սխալ հաշվա՞րկ, թե՞ թերի աշխատանք |azatutyun.am|

azatutyun.am: Սխալ հաշվա՞րկ, թե՞ թերի աշխատանք։ Իշխանությունները խոստովանում են՝ հարկատուների գրպանից՝ պետբյուջեի հաշվին իրականացված շուրջ 1.2 միլիոն դոլարանոց ծրագիրն անարդյունավետ է եղել։

Հայաստանցի բեռնափոխադրողներին Լարսի ճանապարհին այլընտրանքով ապահովելու տևական խոստումներից հետո կառավարությունն անցած տարի գործարկեց Բաթումի-Նովորոսիյսկ ծովային փոխադրումների ծրագիրը։ Էկոնոմիկայի նախարարությունը 500 միլիոն դրամի պայմանագիր կնքեց «ՍԻ ընդ Էմ Ինթերնեյշնլ» ընկերության հետ՝ բոլոր ծախսերն իր վրա վերցնելով։ Ընդ որում՝ պետբյուջեից գումարն այս ընկերությանը փոխանցվել էր անկախ հանգամանքից, թե քանի տնտեսվարող է օգտվում սուբսիդիայից, ու ինչ ծավալի բեռ է տեղափոխվում. սա կառավարության սահմանած կետերից էր:

Ամռան ամիսներին նավը Սև ծով դուրս եկավ, բայց, ինչպես պարզվեց, կիսադատարկ։ Չնայած հատկացված միջոցներին, հնչեղ գովազդներին ու ելույթներին՝ բեռնափոխադրողներին առաջարկն առանձնապես չհետաքրքրեց, և միայն հիմա՝ ծրագրի ավարտից գրեթե կես տարի անց, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստովանում է՝ անարդյունավետ էր։ Ըստ էության, անտեղի ծախսված միջոցների համար կկրի՞ որևէ մեկը պատասխանատվություն. այս մասին ոչ մի խոսք։

«Լաստանավն, այո, աշխատել է մի քանի ամիս, մեր գնահատմամբ՝ այն չի ապահովել բավարար լցվածություն կամ չի առաջացրել բավարար հետաքրքրություն արտահանողների ու ներմուծողների մոտ, և մենք չենք տեսել, որ արտահանող և ներմուծող ընկերությունները օգտագործում են այն լաստանավը այնպես, որ մենք ինքներս մեզ ու մեր գործընկերներին համոզենք այդ ծրագիրը շարունակելու վերաբերյալ», - ասել է նա։

Այնինչ, դեռ ամիսներ առաջ էր տեսանելի՝ ծրագիրն արդյունավետ չի եղել։ «Ազատությունն» աշնանը դիմել էր Էկոնոմիկայի նախարարություն՝ պարզելու, թե միջինը որքան բեռ է տեղափոխվել Սև ծովի ջրերով, ու խնդրել գնահատական տալ կատարողականին։

Հաշվետվություն այն ժամանակ չփոխանցեցին, բայց նախարար Քերոբյանին հարց ուղղելու հնարավորություն եղավ։ Պատասխանը շեշտակի տարբերվում էր վերջին ելույթից։ Նախարարն այդ ժամանակ գոհ էր։

«Այդ պրոյեկտը աշխատեց, և մենք տեսանք լավ հետաքրքրություն ընկերությունների կողմից։ Եթե չեմ սխալվում, այս պահին նոր ֆինանսավորման խնդիրն ենք փորձում լուծել, որպեսզի վերսկսվի, և կարծում եմ՝ կկարողանանք կառավարության մեր գործընկերներին համոզել, որ այսպիսի այլընտրանքային ճանապարհն անհրաժեշտ է», - ասել էր նա։

Թե ինչու փոխեց իր դիրքորոշումը 2.5 ամսվա ընթացքում, նախարարը չպարզաբանեց, այնինչ, նա առաջինը պետք է մանրամասներն իմանար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել