Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Մարիա Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Արայիկ Հարությունյանի հայտարարությունը
 |factor.am|

Մարիա Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Արայիկ Հարությունյանի հայտարարությունը |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Արայիկ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ Քաշաթաղի երեք գյուղերն Ադրբեջանին են հանձնվել ՌԴ խաղաղապահների պարտադրանքով։ «Ես ծանոթ չեմ այդ հայտարարությունների հետ, որոնց մասին Դուք խոսեցիք, ինչպես և ծանոթ չեմ Ձեր հիշատակած պաշտոնների հետ։ Այդ պատճառով էլ դրանք անգամ չեմ մեկնաբանի։ Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության մասին կարող եմ ասել, որ երթուղու փոփոխությունը տեղի է ունեցել եռակողմ ձևաչափով համաձայնության արդյունքներով, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Այնպես որ՝ կոնկրետ այդ հարցի մասին խոսել գործողությունների չհամաձայնեցվածության մասին, մեկ կամ երկու երկրի գործողության մասին՝ առանց հաշվի առնելու երեք կողմերից մեկին, ինձ թվում է՝ արդար չէ»,- ամենշաբաթյա ճեպազրույցում լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է Զախարովան։
16:28 - 06 հուլիսի, 2023
Ըստ Արայիկ Հարությունյանի՝ Քաշաթաղի երեք գյուղերն Ադրբեջանին հանձնվել են ՌԴ խաղաղապահների պարտադրանքով

 |factor.am|

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ Քաշաթաղի երեք գյուղերն Ադրբեջանին հանձնվել են ՌԴ խաղաղապահների պարտադրանքով |factor.am|

factor.am: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 2-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ներքաղաքական խնդիրների համատեքստում անդրադարձել է նաև ՌԴ խաղաղապահների աշխատանքին։ Ըստ Արայիկ Հարությունյանի՝ Քաշաթաղի երեք բնակավայրերն Ադրբեջանին են հանձնվել ՌԴ խաղաղապահների պարտադրանքով։ Նա այդ մասին հայտարարում է Աղավնոյի, Սուսի, Բերձորի՝ Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելուց գրեթե մեկ տարի անց միայն։ Ներկայացնում ենք նախագահ Հարությունյանի խոսքի այդ հատվածը՝ ամբողջությամբ։ «Շարունակում եմ մնալ իմ մտքին, որ պոպուլիզմն է շարունակվում Ազգային ժողովում՝ ինչքան էլ ուզում եմ լինել անկեղծ, երկխոսությունը տանել ոչ քաղաքական տիրույթ։ Կարող եմ նշել, որ իշխանությունը չի ենթարկվում որևէ ճնշման Հայաստանի կողմից և չի ուղղորդվում։ Ընդդիմությունն է ենթարկվում միայն Հայաստանի ընդդիմության քաղաքականությանը։ Երբ դուք խոսում եք, ես լռում եմ, խնդրում եմ լռեք։ Ասում եք՝ ինչո՞ւ Լաչինը, ինչո՞ւ այս մեկը․․․ Այսօր դուք ինձ նորից կոչ եք անում, որ հասարակությունը․․․ քայլեր արվեն այնպես, որ կորուստներ չունենանք։ Այո՛, մենք ստիպված էինք Քաշաթաղի շրջանի երեք գյուղերի հանձնումը, այսպես կոչեցյալ, որը համապատասխանում է․․․ և այլն, կատարել, որպեսզի ահռելի կորուստներ չտանք և վերջնական չբնաջնջվի Ղարաբաղը։ Մենք ամեն ինչ անում ենք՝ խուսափելու լայնածավալ պատերազմից, լայնածավալ մարտական գործողություններից»։ Ապա Արայիկ Հարությունյանը նկարագրել է իր խոսքերի հավաստիությունը հաստատող դրվագ, երբ ինքը ռուսական խաղաղապահների պարտադրանքը հաստատող փաստաթղթեր է ցույց տվել ԱԺ-ի պատգամավորների։ «Եվ ես ազնիվ եմ եղել, ձեզ ցույց եմ տվել բոլոր նամակագրություններն այդ ժամանակ ռուսական կողմի և ադրբեջանական կողմի։ Եթե դուք չեք տեսել, ապա ձեր գործընկերները տեսել են, որ ռուսական կողմը պարտադրում էր մեզ, խաղաղապահ կողմը պարտադրում էր մեզ գնալ դրան։ Դե որ այդպես է, այսօր եկեք գնանք ռուսական կողմին պարտադրենք՝ ինչո՞ւ չի կատարում։ Գիտեք, դուք ձեզ հակասում եք․ մի կողմից՝ ասում եք, որ խաղաղապահ ուժերը չեն մեղավոր և այլն, և այլն։ Այո՛, ես առաջնորդվում եմ բոլոր հարցերում խաղաղապահ ուժերի հետ համագործակցելով և ռուսական կողմի հետ համագործակցելով։ Ի դեպ, նշեմ, որ չեմ ասում ուղղակի, բայց դուք ստիպում եք այս դահլիճում ասել՝ այո՛, մենք համաձայնեցնում ենք մեր քայլերը, համաձայնեցնելով ենք այդքանն անում։ Ոչ թե ուղղորդվում ենք որոշ ուժերի կողմից՝ քաղաքական նպատակներից ելնելով, այլ իրականացնում ենք համաձայնեցված՝ խաղաղապահ ուժերի և անհրաժեշտ մարդկանց հետ՝ այդ ուժերը ղեկավարող, ավելի ճիշտ՝ խաղաղապահ ուժերը ղեկավարող, այո, կառույցների հետ»,- ասել է Արայիկ Հարությունյանը։ Նա անդրադարձել է նաև ադրբեջանական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար դժվարին իրավիճակին, սննդամթերքի մատակարարման և այլ խնդիրներին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
22:13 - 04 հուլիսի, 2023
Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել Արայիկ Հարությունյանի հետ ինտենսիվ շփումների մասին. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարն անդրադարձել է շրջանառվող լուրերին

Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել Արայիկ Հարությունյանի հետ ինտենսիվ շփումների մասին. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարն անդրադարձել է շրջանառվող լուրերին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել Արայիկ Հարությունյանի հետ ինտենսիվ՝ ամենօրյա շփումների մասին: Այս հանգամանքը հրապարակային ելույթներում եւ տարբեր ձեւաչափերում վերահաստատել է նաեւ ԼՂ նախագահը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «Վերջին օրերին տարբեր լրատվականների կողմից շրջանառվում են լուրեր, որ Հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ: Ավելին, նշվում է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը ՀՀ Կառավարության օրակարգից դուրս է: Իրականության հետ աղերս չունեցող այս պնդման առումով կարեւոր ենք համարում ընդգծել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել Արայիկ Հարությունյանի հետ ինտենսիվ՝ ամենօրյա շփումների մասին: Այս հանգամանքը հրապարակային ելույթներում եւ տարբեր ձեւաչափերում վերահաստատել է նաեւ ԼՂ նախագահը: Ցանկանում ենք եւս մեկ անգամ հիշեցնել, որ դեռ 2022թ տարեվերջին Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով հումանիտար ճգնաժամի կառավարման եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի խնդիրը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելն ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ: Աշխատանքային խմբում ընդգրկված են Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ»,- նշված է գրառման մեջ:
13:52 - 03 հուլիսի, 2023
Սամվել Բաբայանն առաջարկում է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ սկսել, փորձել փոխվստահություն ձեւավորել

Սամվել Բաբայանն առաջարկում է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ սկսել, փորձել փոխվստահություն ձեւավորել

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը «Ազատության» հետ զրույցում նշում է՝ Ադրբեջանի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղի հետ ուղիղ հարաբերվելն է, որին ինքը՝ Բաբայանը, դեմ չէ։ Բաբայանն առաջարկում է Ադրբեջանի հետ խոսել փաթեթով․ «Նշել էն բոլոր կետերը, որոնք կողմերիս հետաքրքրության գոտում են, փոխվստահություն ձեռք բերենք իրար նկատմամբ՝ օրինակ, հետ քաշի իր զորքերը, կանաչ գոտի ստեղծի, եւ այլն»։  Նրա խոսքով՝ Արցախն իր քաղաքական ուժերի հետ պիտի ձեւավորի այդ փաստաթուղթը, առաջարկի Ադրբեջանին, Ադրբեջանն ուսումնասիրի ու առաջարկի իր տարբերակը․ «Որտեղ ոչ թե կարգավիճակ, Ղարաբաղի հարց կլինի, այլ փոխվստահություն, ես բառն իզուր չեմ օգտագործում, այսինքն՝ էդ քայլերով մենք իրար վստահում ենք, սկսում ենք նոր փուլ, որտեղ արդեն եւ կարգավիճակի, մյուս բոլոր խնդիրները կլինեն։ Եթե առաջին հարցում մենք իրար չենք հասկանում, այլեւս դադարում ենք բանակցությունները, և շարունակում խրամատավորվել», - ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը «Ազատության» հետ զրույցում։ Բաբայանի խոսքով, իրենք հակադիր կարծիք ունեն եւ Արցախի իշխանության, եւ ընդդիմության հետ․ «Երկուսն էլ առաջարկում են, որ պետք է միջազգային միջնորդ լինի, հավասարը հավասարի հետ նստել, Ադրբեջանն էլ ասում ա՝ դուք ընդհանրապես ոչ մի կառույց-մառույց չպիտի ունենաք, մեր մի փոքր համայնքն եք, այսինքն՝ մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունը»։  Բաբայանը նշում է՝ Արցախի իշխանությունն ու ընդդիմությունը չեն ուզում պատասխանատվություն վերցնել․ «Խուսափելով պատասխանատվությունից՝ պահանջ ես դնում, դու էլ գիտես, որ չի լինելու, ինքն էլ, բայց դու մոռանում ես, որ 120 հազար մարդու պատասխանատուն ես ներկա վիճակում ու պետք ա խնդիրները լուծես․ լավ, ի՞նչ եք անում, պատերա՞զմ եք անում, սկսենք պատերազմ, քաղաքակա՞ն լուծման եք գնում, ես ասում եմ՝ քաղաքական լուծումը էդ ա։ Իհարկե, քո ժողովուրդը քեզ ճակատից չի պաչելու, որ դու 30 տարի ասել ես՝ դու անկախ ես, ու հանկարծ իրան բերել ես պարտության քո անխելքությամբ, ոչ կազմակերպվածությամբ, հիմա դրել փաստի առաջ, հիմա պետք ա ելք գտնես, ժողովուրդը չի կարա ելք գտնի»։  Հարցին, թե ինչպես է իր դիրքորոշումն իրականացնելու, Բաբայանը պատասխանեց․ «Ես ասում եմ՝ սիրելի ժողովուրդ, 35 հազար մարդ ընտրել ա Արայիկ Հարությունյանին, 35 հազար մարդ պետք ա դուրս գաք հրապարակ, եթե կցանկանաք, որ ես զբաղվեմ, պահանջեք, որ ծառայեմ ձեզ, ես կծառայեմ», - ասաց Սամվել Բաբայանը։
22:30 - 02 հուլիսի, 2023
Արամ Ա-ն  հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ. կարևորվել է Արցախի ինքնորոշման իրավունքն ամուր պահելու հրամայականը

Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ. կարևորվել է Արցախի ինքնորոշման իրավունքն ամուր պահելու հրամայականը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն  հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։ «Ուրբաթ օրը՝ հունիսի 30-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի և Արցախի Հանրապետության նախագահա Արայիկ Հարությունյանի միջև։ Նորին Ս․ Օծությունը ևս մեկ անգամ վերահաստատել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ամբողջական զորակցությունը Արցախի մեր ժողովրդին։ Ապա, Վեհափառ Հայրապետը տեղյակ է պահել նախագահին վերջին շրջանում Հունաստանի ու Կանադայի վարչապետների ու Կիպրոսի նախագահի հետ Արցախի հարցի գծով իր ունեցած խորհրդակցությունների ու հատկապես հիշյալ անձնավորությունների մոտեցումների մասին։ Նախագահ Հարությունյանը իր հերթին անդրադարձել է Արցախին դիմագրաված ներկա մարտահրավերներին։ Երկու կողմերն էլ կարևորությամբ շեշտել են Արցախի ինքնորոշման իրավունքն ամուր պահելու հրամայականը»,- ասվում է հաղորդագրությունում։
12:33 - 01 հուլիսի, 2023
Մեր ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունն է մեզ պահում Արցախում. նախագահ Հարությունյանն՝ Ազգային ժողովի նիստում

Մեր ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունն է մեզ պահում Արցախում. նախագահ Հարությունյանն՝ Ազգային ժողովի նիստում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի հունիսի 29-ին հրավիրված եզրափակիչ նիստի օրակարգի առաջին հարցը Արցախի Հանրապետության նախագահի 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2023 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումն է եղել: Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, Արայիկ Հարությունյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերի, որոնք առնչվում էին ինչպես հաղորդմանը, այնպես էլ երկրում ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի սադրանքներին, բանակցային գործընթացին: Ըստ աղբյուրի՝ պատասխանելով Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին հարցին՝ նախագահն ասել է. «Մեր ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունն է մեզ պահում այստեղ»: Նա շեշտել է, որ բազմաթիվ զրկանքներ են դեռ սպասվում, բայց եթե կա միասնական նպատակ, բոլոր ուժերը պիտի միավորվեն այդ նպատակի շուրջ: Արայիկ Հարությունյանը խոսել է երկիրը պառակտող երևույթներից՝ անթույլատրելի համարելով խուճապային տրամադրությունների տարածումը: «Նման երևույթների դեմ պայքարը կխստացվի, անվստահության մթնոլորտ ստեղծողները պիտի պատժվեն», - ասել է նա: Արցախի նախագահն անդրադարձել է շրջափակման դժվարությունները հաղթահարելու ծրագրերին և ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ կառավարության աշխատանքը  բավարար է գնահատել: «Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Մետաքսե Հակոբյանն ու Դավիթ Գալստյանը: Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է կառավարության հետ հարց ու պատասխանով: 13 պատգամավորի կողմից հնչել է 24 հարց: Դրանք պարենային անվտանգության, ինտերնետ կապի հասանելիության, բերքահավաքի կազմակերպման հնարավորությունների, ներկրվող ապրանքների ու դրանց գների վերահսկման, ջրի անվտանգության ապահովման, աղանդների դեմ պայքարի, կրթական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ էին: Հարցերին պատասխանել են պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ու տարբեր գերատեսչությունների  ղեկավարներ»,- ասվում է հաղորդագրության մեջ, ըստ որի՝ այնուհետև խորհրդարանը 25 կողմ ձայնով ընդունել է երկրորդ ընթերցման ներկայացրած «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման հետ կապված հարաբերությունները» օրենքի նախագիծը: Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ 2023թ. հունիսի 28-ին ԱԺ հերթական նիստում «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը» հարցի քվեարկության ժամանակ պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին քվեարկությանը չի մասնակցել, ուստի  որոշման քվեարկությունը համարվել է չկայացած: Նոր քվերակության արդյունքներով՝ 16 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ  «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Ազգային ժողովի որոշումն ընդունվել է: Նշվում է, որ հայտարարություններով հանդես են եկել պատգամավորներ Արթուր Մոսիյանը, Արթուր Թովմասյանը և Արամայիս Աղաբեկյանը: Նիստի ավարտին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի փակման մասին:
20:49 - 29 հունիսի, 2023
Արցախի նախագահը օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը

Արցախի նախագահը օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 28-ին օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Խորհրդակցության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են անցած գիշեր Ադրբեջանի հարձակման զոհ դարձած ՊԲ չորս զինծառայողների հիշատակը: Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի և ժողովրդի դեմ շարունակվող ադրբեջանական ագրեսիան և բռնաճնշումները հակասում են խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու՝ միջազգային հանրության կոչերին և 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին և չեն կարող նպաստել տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը: Նախագահն ընդգծել է Արցախի մշտական պատրաստակամությունը՝ խաղաղ կերպով լուծելու առկա հիմնախնդիրները և զերծ մնալու փխրուն իրավիճակի լարումից: Ադրբեջանի հետ շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին զեկուցումով հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Հանրապետության նախագահը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ նպատակաուղղված Արցախի ժողովրդի անվտանգության ապահովմանը:
19:23 - 28 հունիսի, 2023
Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. քննարկվել են պարենային ապահովմանն առնչվող խնդիրներն ու լուծումները

Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. քննարկվել են պարենային ապահովմանն առնչվող խնդիրներն ու լուծումները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում պարենային ապահովմանն առնչվող խնդիրներն ու լուծումները: Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը զեկուցել է հումանիտար բեռնափոխադրումների կասեցման պատճառով ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ կատարվող միջոցառումները և ներկայացրել այն ծրագրերը, որոնք մեկնարկել են անցած ամիսներին և ուղղված են պարենային անվտանգության ոլորտում կանխատեսելի ռիսկերի նվազեցմանը: Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը ներկայացրել է վառելիքի սղության պայմաններում բերքահավաքի կազմակերպման և գյուղատնտեսական արտադրանքի հավաքագրման ու մատակարարման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները: Ներկայացված հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Նախագահ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ ուշադրություն հրավիրելով ստեղծված ճգնաժամային պայմաններում բնակչության կենսապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի հասցեականության ու արդյունավետության ապահովման վրա:
22:19 - 23 հունիսի, 2023
Ադրբեջանական անցակետով անցնելու որոշումը Արայիկ Հարությունյանը բացատրել է հանրային պահանջով. Դավիթ Գալստյան |azatutyun.am|

Ադրբեջանական անցակետով անցնելու որոշումը Արայիկ Հարությունյանը բացատրել է հանրային պահանջով. Դավիթ Գալստյան |azatutyun.am|

azatutyun.am: Ինչո՞ւ է Արցախի իշխանությունը խախտել իր իսկ սահմանած կարմիր գիծը և որոշել, որ արցախցիները պետք է օգտվեն Լաչինի միջանցքում տեղակայված ադրբեջանական անցակետից։ Այս հարցի պատասխանը «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամները նախօրեին կայացած հանդիպման ժամանակ փորձել են պարզել հենց նախագահ Արայիկ Հարությունյանից։ Հանդիպմանը մասնակցած Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի խոսքով Արայիկ Հարությունյանը ադրբեջանական անցակետից օգտվելու որոշումը բացատրել է հանրային պահանջով. «Քննարկել ենք, թե որն այն դրդապատճառը, երբ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ դա կարմիր գիծ է և մեր համար անընդունելի, չգիտենք ինչ-ինչ պատճառներով այսօր դա կարմիր գիծ չէ, և արդեն իշխանության կողմից որոշում է ընդունվել, որպեսզի քաղաքացիները անցնեն։ Արայիկ Հարությունյանը փորձեց դա ներկայացնել որպես հանրային պահանջ, փորձել է մեզ բացատարել, որ դա հանրային պահանջ է, շատ մարդիկ տարբեր հարցեր ունեն, խնդիրներ ունեն։ Չնայած մինչև այդ էլ Կարմիր խաչը... մեր համար էն ժամանակ ընդունելի էր, որ Կարմիր խաչի միջոցով մեր հիվանդներին տեղափոխենք։ Սակայն տեսնում ենք, որ արդեն շատ ավելի լայն շրջանակներ են սկսել օգտվել, որը անընդունելի է մեր համար»։ Հանրային շարժման անդամները, որտեղ ընդգրկած են Արցախի խորհրդարանի չորս ուժերը, տարբեր հասարակական գործիչներ, նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, չեն համաձայնել Արայիկ Հարությունյանի պնդմանը, թե ադրբեջանական անցակետով անցնելու հանրային պահանջ կա Արցախում։ Դավիթ Գալստյանի փոխանցմամբ դա է վկայում նաև Արցախում իրականացրած ստորագրահավաքը, որին միացել է 60 հազար արցախցի։ Այլ հարց է, որ իր որոշումը արդարացնելու համար Արայիկ Հարությունյանը, ըստ պատգամավորի, փորձում է մեղքը կրկին բարդել հանրության վրա. «Չհամաձայնեցինք, բերեցինք այնտեղ շեշտադրումները, որ 60 հազարից ավել քաղաքացիներ «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժմանը երբ որ նույն Արայիկ Հարությունյանը միացել է և իր ստորագրությունն է դրել, էնտեղ ևս գրված է որպես կարմիր գիծ այդ անցակետը։ Եվ 60 հազար Արցախում բնակվող մեր հայրենակիցները ստորագրել են, որ այո, դա անընդունելի է, դա կարմիր գիծ է։ Բայց այսօր իշխանությունները դա հանրային պահանջ են ձևակերպում, որը այնքան էլ չի համապատասխանում իրականությանը»։ Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը, այսօր արձագանքելով ընդդիմությունից հնչող մտահոգություններին, «Ազատության» հետ զրույցում վստահեցրել է՝ ռուս խաղաղապահների կամ Կարմիր խաչի ուղեկցությամբ արցախցիները միայն խիստ անհրաժեշտության դեպքում են անցնում ադրբեջանական անցակետով, մասնավորապես Հայաստանում շտապ բուժօգնություն ստանալու և ընտանիքների հետ վերամիավորվելու նպատակով։ Սերգեյ Ղազարյանը վստահեցրել է, որ Արցախի համար ադրբեջանական անցակետից չօգտվելը շարունակում է մնալ կարմիր գիծ. «Նման մտահոգությունը հիմքեր ունի՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը անում է ամեն ինչ, որպեսզի լեգիտիմացնի այդ անցակետը, ինչը մեր տեսակետից անընդունելի է»։ Շարունակությունը՝ azatutyun.am-ում
11:57 - 10 հունիսի, 2023
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել՝ առկա մարտահրավերների քննարկման նպատակով

Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել՝ առկա մարտահրավերների քննարկման նպատակով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում: Քննարկվել են Արցախի շուրջ ռազմաքաղաքական և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր: Ոլորտային գերատեսչությունների ղեկավարները զեկուցել են Հանրապետության նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Արցախի նախագահը, խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով տարածաշրջանային վերջին զարգացումները, նշել է, որ երկրում իրականացվող բոլոր աշխատանքների ու մշակվող ծրագրերի հիմքում պետք է լինեն անվտանգային ռիսկերը, շրջափակման, էներգետիկ ճգնաժամի և այլ հանգամանքների երկարատև առկայությունը: Այդ համատեքստում նախագահը տվել է մի շարք նոր կարճաժամկետ ու երկարաժամկետ հանձնարարականներ՝ անվտանգային ռիսկերի դիմակայման, շրջափակման ու էներգետիկ ճգնաժամի հարուցած հիմնախնդիրների հաղթահարման նպատակով:
15:54 - 01 հունիսի, 2023
Արցախի նախագահը տարբեր բնագավառների ներկայացուցիչների հետ հանդիպմանը տեղեկացրել է առկա մարտահրավերների մասին և քննարկել անելիքները

Արցախի նախագահը տարբեր բնագավառների ներկայացուցիչների հետ հանդիպմանը տեղեկացրել է առկա մարտահրավերների մասին և քննարկել անելիքները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին այցելել է Արցախի Գերագույն դատարան և հանդիպել դատավորների և դատական համակարգի ծառայողների հետ։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանը խոսել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, առկա պայմաններում իրավապահներից և դատական համակարգից ունեցած ակնկալիքների մասին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ դատական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպումը հերթականն էր մայիսի 23-ից մեկնարկած հանդիպումների շարքում, որոնք նպատակ ունեն հանրության տարբեր խմբերի տեղեկացնելու առկա մարտահրավերների մասին և քննարկելու իշխանությունների ու հասարակության անելիքները: Այս ընթացքում նախագահ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել լրագրողական համայնքի, Ստեփանակերտի կրթօջախների տնօրինության, սպորտի ոլորտի ներկայացուցիչների և շրջանների ու համայնքների ղեկավար կազմերի հետ: Դրանց ընթացքում նախագահ Հարությունյանը մեկնաբանել է մայիսի 23-ի ուղերձի դրույթները և ձևակերպել հիմնական անելիքները տվյալ ոլորտներում։ Արայիկ Հարությունյանը շարունակում է հանդիպումների շարքը:
16:22 - 31 մայիսի, 2023
Այսօր մենք կրկին ապրում ենք վճռորոշ ժամանակաշրջանում և կրկին ստիպված ենք պայքարել մեր լինելության համար. Արցախի նախագահ

Այսօր մենք կրկին ապրում ենք վճռորոշ ժամանակաշրջանում և կրկին ստիպված ենք պայքարել մեր լինելության համար. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, 105 տարի է անցել այն օրից, երբ, շուրջ վեց դար մնալով առանց պետականության, հայ ժողովուրդը հռչակեց իր անկախ պետությունը, վերականգնեց սեփական հողում ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը: Հայաստանի Առաջին Հանրապետությունը դարձավ Մայիսյան փառավոր հաղթանակների արգասիքը: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մինչև այսօր էլ առեղծված են մնում շատերի համար: Շատ-շատերի, բայց ոչ մեզ համար: Իր բազմադարյա պատմության ողջ ընթացքում հայ ժողովուրդը բազում անգամներ է հայտնվել անդունդի եզրին, կանգնել անելանելի թվացող փակուղու առջև, երբ փրկության նշույլ անգամ չէր ուրվագծվում: Սակայն, իր քաջազուն զավակների խիզախության ու սխրանքի, անձնուրացության ու իմաստնության շնորհիվ կարողացել է դիմակայել ճակատագրի հարվածներին, հաղթահարել բոլոր փորձություններն ու շարունակել կառուցել իր ապագան: Այսօր մենք կրկին ապրում ենք վճռորոշ ժամանակաշրջանում և կրկին ստիպված ենք պայքարել մեր լինելության, ազգային ինքնության պահպանման, հայոց ամուր պետականության ապագայի համար: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր անկախ պետականության համար և պետք է աչքի լույսի պես պահենք ու փայփայենք այն և փոխանցենք հետագա սերունդներին։ Ուրեմն, եկեք անհրաժեշտ դասեր քաղենք անցյալից, բոլորս միասին տեր կանգնենք մեր Հայրենիքին, զարգացնենք ու զորացնենք այն, քանի դեռ կարող ենք, քանի դեռ չենք կորցրել մեր սուրբ նահատակներին արժանի լինելու, աշխարհի հնագույն քաղաքակրթությունը կերտողների ժառանգորդը լինելու հնարավորությունը։ Փա՜ռք հայոց պետականությունը կերտած քաջ հայորդիներին։ Փա՜ռք հերոսական հայ ժողովրդին»:
10:31 - 28 մայիսի, 2023