ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Եվրոպայում ամենալուրջ միգրացիոն ճգնաժամն է Երկրորդ աշխարհամարտից ի վեր.ՄԱԿ |azatutyun.am|

Եվրոպայում ամենալուրջ միգրացիոն ճգնաժամն է Երկրորդ աշխարհամարտից ի վեր.ՄԱԿ |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի տվյալներով՝ ուկրաինացիների գրեթե մեկ քառորդը լքել է իր տունը կամ երկիրը, ռուսական բանակի ռազմական գործողություններն Ուկրաինայում առաջացրել են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենալուրջ միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում։ 2022 թվականի սկզբին Ուկրաինայում ապրում էր 41 միլիոն մարդ։ Նրանցից ավելի քան 3 միլիոնը, ըստ ՄԱԿ-ի, մեկնել է արտերկիր։ 6,5 միլիոն մարդ տեղափոխվել է երկրի ներսում ավելի ապահով տարածքներ: Ռուսական ներխուժման սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 900 մարդ, այդ թվում՝ 75 երեխա։ Մոտ 1500 խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններում ռազմական գործողության ընթացքում զոհվել է մոտ 200 խաղաղ բնակիչ, ավելի քան 500-ը՝ վիրավորվել։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը պնդում է, որ խաղաղ բնակիչների մեծ մասը զոհվել է ծանր հրետանու, հրթիռային և օդային հարվածների հետևանքով։ Զոհերի իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ ինտենսիվ մարտերի շրջաններում զոհվածների մասին տվյալները գալիս են ուշացումով: ՄԱԿ-ի առաքելությունները չեն կարող այցելել այն վայրերը, որտեղ մարդիկ են զոհվել, և այնտեղ զրուցել զոհերի հարազատների և ականատեսների հետ: Վիճակագրական տվյալները հիմնված են բաց աղբյուրների տվյալների վրա, որոնք միշտ չէ, որ հնարավոր է ստուգել պատերազմական պայմաններում: Հնարավոր չէ նաև ասել ռուսական կողմի կորուստների մասին։ Պենտագոնի տվյալներով՝ պատերազմի 25 օրերի ընթացքում զոհվել է շուրջ 7 հազար ռուսաստանցի զինվորական, ռուսական կողմն իր զոհերի մասին տվյալներ հրապարակել է միայն մեկ անգամ՝ մոտ երկու շաբաթ առաջ։  
10:33 - 21 մարտի, 2022
Դատապարտելի է ՄԱԿ ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և մասնակցությունը ադրբեջանական սադրանքին. Արտակ Բեգլարյան

Դատապարտելի է ՄԱԿ ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և մասնակցությունը ադրբեջանական սադրանքին. Արտակ Բեգլարյան

Խիստ դատապարտելի է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում անցկացված միջոցառումը՝ նվիրված ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-րդ տարեդարձին: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:   «Էլ ավելի դատապարտելի է ՄԱԿ մարմինների ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և մասնակցությունը ադրբեջանական սադրանքին:   Եվ ՄԱԿ չափազանց հումանիստ ու արժեքահեն պաշտոնյաները այդ սադրանքը կատարում են հետևյալ պայմաններում՝   1. ՄԱԿ-ի ոչ մի պաշտոնյա այդպես էլ չայցելեց Արցախ՝ պատերազմի ու հետպատերազմյան տառապանքներն ու ադրբեջանական վայրագությունները արձանագրելու և կանխելու նպատակով,   2. 40000 տեղահանված, որից 5000 շուշեցի, զրկված են իրենց հայրենի տներից ու բազմաթիվ այլ իրավունքներից, իսկ ՄԱԿ-ը շարունակում է Արցախի մեկուսացման ադրբեջանական քաղաքականությունը.   3. նույն օրերին նույն Շուշիում վնասված էր Արցախի միակ գազատարը, և ադրբեջանական կողմը դիտավորյալ ձգձգում էր վերականգնումը՝ հարուցելով 100 000 մարդու լրացուցիչ տառապանքներ, իսկ ՄԱԿ-ը լուռ էր:   Սրա՞նք են ձեր դավանած արժեքները, թե՞ խավիարն ու նավթադոլարները»,- գրել է Արցախի պետնախարարը:  
19:11 - 19 մարտի, 2022
ՄԱԿ-ը տեղյակ չէ Ուկրաինայում իրականացվող կենսաբանական զենքի որևէ ծրագրի մասին

ՄԱԿ-ը տեղյակ չէ Ուկրաինայում իրականացվող կենսաբանական զենքի որևէ ծրագրի մասին

ՄԱԿ-ը տեղյակ չէ Ուկրաինայում իրականացվող կենսաբանական զենքի որևէ ծրագրի մասին։ Այս մասին ուրբաթ օրը Անվտանգության խորհրդին ևս մեկ անգամ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զինաթափման հարցերով տեղակալ Իզումի Նակամիցուն՝ պատասխանելով ՌԴ նոր մեղադրանքներին, որ նա հակառակի ապացույցներ ունի: «ՄԱԿ-ը ոչինչ չգիտի Ուկրաինայում կենսաբանական զենքի որևէ ծրագրի մասին»,- ասել է Իզումի Նակամիցուն Մոսկվայի հրավիրած արտակարգ խորհրդակցության ժամանակ։ Նա նաև հիշեցրել է, որ 1972 թվականի Կենսաբանական զենքի կոնվենցիան արգելում է կենսաբանական և թունավոր զենքի մշակումը, արտադրությունը, ձեռքբերումը, փոխանցումը, պահեստավորումը և օգտագործումը: Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան այս համաձայնագրի կողմեր ​​են։ Նշված է ՄԱԿ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչն ընդգծել է, որ 1975 թվականի Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո կենսաբանական զենքն արգելված է եղել: Ավելի վաղ ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը հայտնել էր, որ Ռուսաստանը կարծում է՝ Ուկրաինայի տարածքում կենսաբանական զենքի բաղադրիչներ են ստեղծվել։
17:33 - 19 մարտի, 2022
ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային

ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային։ Այս մասին հայտնում է ՄԻՊ-ի գրասենյակը։ «Հանդիպման սկզբում Լիլա Փիթրս Յահիան շնորհավորել է տիկին Գրիգորյանին այս պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա իր մեծ ավանդը կունենա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատի լավագույնս իրականացման գործում:  Հանդիպման ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն  Լիլա Փիթրս Յահիային ներկայացրել է վերջերս Արցախ կատարած այցի ընթացքում արձանագրված փաստերն ու հետևությունները, խոսել Արցախում առկա հումանիտար իրավիճակի մասին: Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ավելի քան մեկ շաբաթ տևող Արցախի գազամատակարարման փաստացի դադարեցման ու այդ ֆոնին ենթադրյալ  խափանումը վերականգնելուն Ադրբեջանի կողմից խոչընդոտելուն, ինչի արդյունքում ավելի քան 100.000 մարդ եղանակային ցուրտ պայմաններում զրկվել է ջեռուցման հնարավորությունից: Արդյունքում խախտված են անձանց կրթության, առողջության պահպանման իրավունքները: Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ մինչ այս պահը գազամատակարարումը դեռ վերականգնված չէ, և այդ ֆոնին էլեկտրաէներգիայի հաճախակի դադարումներն անտանելի պայմաններ են ստեղծում մարդկանց կյանքի համար:  Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նաև Արցախի սահմանային գյուղերում տիրող իրավիճակը, հատուկ անդրադարձել է կատարվել Խրամորթ և մի շարք այլ գյուղերի բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակվող ահաբեկման գործողություններին, որոնք ուղեկցվում են ինտենսիվ կրակոցներով՝ նաև ցավալիորեն հանգեցնելով խաղաղ բնակիչների շրջանում վիրավորումների: Պաշտպանը նշել է, որ այդ ամենն ադրբեջանական կողմից հետևողական կերպով իրականացվող էթնիկ ատելության քաղաքականություն է՝ միտված Արցախի հայաթափմանը: Պաշտպանը մտահոգություն է հայտնել, որ միջազգային կազմակերպություններին ուղղված իր կոչերն ու փաստերի ներկայացումը համարժեք արձագանք չեն ստանում հատկապես այն ֆոնին, երբ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կազմակերպությունները Արցախում իրավիճակին ծանոթանալու հնարավորություն չունեն, ինչը այլ զարգացումների ֆոնին օբյեկտիվորեն հարցեր է առաջացնում հայ հասարակության շրջանում:  Տիկին Լիլա Փիթրս Յահիան կարևորել է Պաշտպանի կողմից ՄԱԿ մարդու իրավունքների մեխանիզմներն օգտագործելու հետևողականությունը: Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, կանանց տնտեսական ու քաղաքական հզորացման, ինչպես նաև երեխաների ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերում:  Քրիստիննե Գրիգորյանը Լիլա Փիթրս Յահիային ներկայացրել է նաև Պաշտպանի հաստատության առաջնահերթությունները, որոնք ներառում են անվտանգային հարցերով որոշումներում մարդու իրավունքներից բխող մոտեցումների ներդրման, ատելության խոսքի դեմ պայքարի, իրավահավասարության համապարփակ իրավական շրջանակի ստեղծման, ինչպես նաև կանանց իրավազորման հարցերը:  Հանդիպման վերջում կողմերը վերահաստատել են հանձնառությունը շարունակելու սերտ համագործակցությունը, մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի վերաբերյալ և ձեռք բերել կոնկրետ հարցերի վերաբերյալ պայմանավորվածություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:   
18:45 - 18 մարտի, 2022
Շուշիում կազմակերպվող միջոցառմանը ՄԱԿ ներկայացուցիչների մասնակցությունը Ադրբեջանի կողմից օգտագործվելու է իր մարդատյաց քաղաքականության լեգիտիմացման նպատակով․ Արցախի ԱԳՆ

Շուշիում կազմակերպվող միջոցառմանը ՄԱԿ ներկայացուցիչների մասնակցությունը Ադրբեջանի կողմից օգտագործվելու է իր մարդատյաց քաղաքականության լեգիտիմացման նպատակով․ Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը Շուշիում կազմակերպելու կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․«Պաշտոնական Բաքուն, իր ոճին համահունչ, շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի նկատմամբ իր ագրեսիայի արդյունքների օրինականացմանը՝ փորձելով այդ գործընթացում ներգրավել և օգտագործել նաև միջազգային հանրությանն ու տարբեր կառույցների։ Այդ քաղաքականության հերթական դրսևորում է Միավորված ազգերի կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության կազմակերպումը Արցախի օկուպացված Շուշի քաղաքում և միջոցառմանը ՄԱԿ-ի ու նրա կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է նման միջոցառման անցկացումը Շուշիում։ ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը Ադրբեջանի ագրեսիայի և հայատյացության գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող բնակավայրում կազմակերպվող միջոցառմանը հակասում է միջազգային այս կազմակերպության գործունեության հիմնադրույթներին, գաղափարախոսությանն ու առաքելությանը և, անկասկած, օգտագործվելու է Ադրբեջանի կողմից իր մարդատյաց և ագրեսիվ քաղաքականության լեգիտիմացման նպատակով։ Սա նաև լուրջ հարված է ՄԱԿ-ի հեղինակությանը, ինչը բացասական ազդեցություն կունենա կազմակերպության աշխատանքների արդյունավետության վրա»։
16:01 - 18 մարտի, 2022
Հայաստանը տարածաշրջանի ամենաերջանիկ երկիրն է․ հրապարակվել է World Happiness ամենամյա զեկույցը |tert.am|

Հայաստանը տարածաշրջանի ամենաերջանիկ երկիրն է․ հրապարակվել է World Happiness ամենամյա զեկույցը |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների ստորաբաժանումը հրապարակել է ամենամյա World Happiness Report զեկույցը, որը հինգերորդ տարին անընդմեջ գլխավորել է Ֆինլանդիան:Զեկույցում ներառված է աշխարհի 146 երկիր: Դասակարգման ժամանակ մասնագետները հաշվի են առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի տևողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլն։Առաջատար տասնյակում են Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդեռլանդսները, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նորվեգիան, Իսրայելը, Նոր Զելանդիան:Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունեն Լիտվան և Էստոնիան՝ համապատասխանաբար 34-րդ և 36-րդ, Ղազախստանը՝ 40-րդ, Լատվիան՝ 42-րդ, Բելառուսը՝ 65-րդ, Թուրքմենստանը՝ 78-րդ, Ռուսաստանը՝ 80-րդ, Հայաստանը՝ 82-րդ (նախորդ տարի 86-րդ տեղում էր), Ադրբեջանը՝ 92-րդ, Ուկրաինան՝ 98-րդ, Վրաստանը՝ 105-րդ տեղերում։ 
13:12 - 18 մարտի, 2022
ՄԱԿ ԱԽ նիստում քվեարկության չի դրվի ՌԴ նախագիծը, որով կոչ էր արվում Ուկրաինայում օգնությունը հասանելի դարձնել և քաղաքացիական անձանց պաշտպանել

ՄԱԿ ԱԽ նիստում քվեարկության չի դրվի ՌԴ նախագիծը, որով կոչ էր արվում Ուկրաինայում օգնությունը հասանելի դարձնել և քաղաքացիական անձանց պաշտպանել

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհուրդում քվեարկության չի դրվի Ռուսաստանի ներկայացրած նախագիծը, որով կոչ էր արվում Ուկրաինայում օգնությունը հասանելի դարձնել և քաղաքացիական անձանց պաշտպանել։ Պատճառն այն է, որ  ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը մեղադրել է արևմտյան երկրներին այդ միջոցառման դեմ «աննախադեպ ճնշման» համար: Այս մասին հայտնում է «Reuters»-ը։ «Բազմաթիվ պատվիրակությունների շատ գործընկերներ մեզ ասում են արևմտյան գործընկերների կողմից աննախադեպ ճնշման մասին, այդ թվում՝ շանտաժ և սպառնալիքներ»,- հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան:  ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը «Reuters»-ին ասել է. «Միակ մարդիկ, որոնք այստեղ ճնշումներ են գործադրում, ռուսներն են, և նրանք այլ կերպ չեն էլ կարող վարվել, եթե ցանկանում են, որ ինչ-որ մեկը սատարի իրենց»: ՌԴ ներկայացուցիչն ասել է, որ Ռուսաստանը փոխարենը խնդրել է Անվտանգության խորհրդի նիստում քննարկել «Ուկրաինայում ամերիկյան կենսալաբորատորիաների» հարցը։ Նրա խոսքով՝ իրենք «հատուկ ռազմական գործողության ընթացքում» այդ մասով նոր փաստաթղթեր են ձեռք բերել։ Ռուսաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ ԶՈՒ-ն փաստեր է բացահայտել «Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագրի իրականացման մասին, որը ֆինանսավորում է ԱՄՆ-ն»։ Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին էլ հայտնել էր, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները «Քիմիական զենքի» կոնվենցիայի  և «Կենսաբանական զենքի» կոնվենցիայի շրջանակներում, որևէ վայրում չի մշակում կենսաբանական զենք կամ չի տիրապետում դրան։ Գլխավոր լուսակնարը՝ «Reuters»-ի
10:52 - 18 մարտի, 2022
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՌԴ-ին կոչ է արել զորքերը դուրս հանել Ուկրաինայից

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՌԴ-ին կոչ է արել զորքերը դուրս հանել Ուկրաինայից

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, ելույթ ունենալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, Ռուսաստանին կոչ է արել զորքերը դուրս հանել Ուկրաինայից։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչության պաշտոնական կայքից։ «ԱՀԿ Գլխավոր տնօրենից լսեցինք, որ Ռուսաստանի կողմից հարձակման է ենթարկվել 43 հիվանդանոց և առողջապահական հաստատություն: AP-ի լրագրողներն աշխարհին ցույց տվեցին Մարիուպոլում գտնվող զանգվածային գերեզմանը՝ փոքրիկ խրամատ՝ լցված երեխաների մարմիններով»,- ասել է նա: ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի խոսքով՝ ռուսական կողմի նետած ռումբը հարվածել է Մարիուպոլի թատրոնին, որտեղ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են թաքնված եղել։ «Թատրոնի դրսի հատվածում՝ և՛ դիմացից, և՛ հետևից ռուսերեն մեծ, սպիտակ տառերով գրված է եղել «երեխաներ» բառը, որը կարելի էր տեսնել երկնքից: Ռուսական ուժերն, այնուամենայնիվ, ռմբակոծեցին այն»,- ասել է Թոմաս-Գրինֆիլդը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային։ «Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ում հումանիտար ճգնաժամը լուծելու լավագույն միջոցը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձևն է: Գլխավոր ասամբլեայի բանաձևը կարտացոլի ՄԱԿ անդամ երկրների ճնշող մեծամասնության և հենց Ուկրաինայի տեսակետները»,- ասել է ԱՄՆ ներկայացուցիչը։
10:04 - 18 մարտի, 2022
Ուկրաինայում ռազմական գործողությունը կավարտվի, երբ իրագործվեն նրա նպատակները․ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյա

Ուկրաինայում ռազմական գործողությունը կավարտվի, երբ իրագործվեն նրա նպատակները․ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյա

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կներկայացնի Ուկրաինայի հումանիտար իրավիճակի վերաբերյալ իր բանաձեւի նախագիծը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Մենք կներկայացնենք մեր [բանաձեւի] նախագիծը, որը հումանիտար է․ դրա տեքստը շուտով հասանելի կլինի, և կտեսնենք, թե արդյո՞ք Անվտանգության խորհուրդը կկարողանա կատարել իր առաքելությունը՝ ընդունելով Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ բանաձևը»,- ասել է նա։  Ինչպես նշել է ՌԴ դիվանագիտական ​​առաքելության ղեկավարը, բանաձեւի տեքստը կպարունակի դրույթներ հրադադարի ռեժիմի, խաղաղ բնակչության տարհանման, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների հարգման և խաղաղ բնակչության վրա հարձակումների դատապարտման վերաբերյալ։ Ռազմական գործողություն Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ իրագործվեն նրա նպատակները, ասել է ​​ներկայացուցիչը։ Պատասխանելով հարցին, թե երբ է հայտարարվելու ընդհանուր զինադադարը, Նեբենզիան նշել է, որ «հրադադարն ուժի մեջ կմտնի այն ժամանակ, երբ իրականացվեն Ռուսաստանի կողմից առաջադրված պայմանները»։ «Այդ պայմաններն են Ուկրաինայի ապառազմականացումը, ապանացիստականացումը, որպեսզի Ուկրաինայի տարածքից Ռուսաստանին սպառնացող չլինի և ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարումը»,- հավելել է Նեբենզյան։ Իրավիճակի գնահատում Ռուսաստանը մտահոգված է, թե ինչպես են ՄԱԿ-ի պաշտոնյաները, այդ թվում՝ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, վերաբերվում Ուկրաինայի իրավիճակին, ասել է Նեբենզյան։ «Մենք շատ անհանգստացած ենք, թե ինչպես են ՄԱԿ-ի ներկայացուցիչները, այդ թվում՝ բարձր մակարդակով, ինչպես գլխավոր քարտուղարը, այնպես էլ նրա տեղակալ Դի Կարլոն, գնահատում են իրավիճակը Ուկրաինայում՝ մեղադրելով Ռուսաստանին անկանոն հարձակումների մեջ»,- ասել է նա։  
18:42 - 15 մարտի, 2022