ՄԱԿ ԱԽ նիստում քվեարկության չի դրվի ՌԴ նախագիծը, որով կոչ էր արվում Ուկրաինայում օգնությունը հասանելի դարձնել և քաղաքացիական անձանց պաշտպանել
10:52 - 18 մարտի, 2022

ՄԱԿ ԱԽ նիստում քվեարկության չի դրվի ՌԴ նախագիծը, որով կոչ էր արվում Ուկրաինայում օգնությունը հասանելի դարձնել և քաղաքացիական անձանց պաշտպանել

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհուրդում քվեարկության չի դրվի Ռուսաստանի ներկայացրած նախագիծը, որով կոչ էր արվում Ուկրաինայում օգնությունը հասանելի դարձնել և քաղաքացիական անձանց պաշտպանել։ Պատճառն այն է, որ  ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը մեղադրել է արևմտյան երկրներին այդ միջոցառման դեմ «աննախադեպ ճնշման» համար: Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

«Բազմաթիվ պատվիրակությունների շատ գործընկերներ մեզ ասում են արևմտյան գործընկերների կողմից աննախադեպ ճնշման մասին, այդ թվում՝ շանտաժ և սպառնալիքներ»,- հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան: 

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը «Reuters»-ին ասել է. «Միակ մարդիկ, որոնք այստեղ ճնշումներ են գործադրում, ռուսներն են, և նրանք այլ կերպ չեն էլ կարող վարվել, եթե ցանկանում են, որ ինչ-որ մեկը սատարի իրենց»:

ՌԴ ներկայացուցիչն ասել է, որ Ռուսաստանը փոխարենը խնդրել է Անվտանգության խորհրդի նիստում քննարկել «Ուկրաինայում ամերիկյան կենսալաբորատորիաների» հարցը։ Նրա խոսքով՝ իրենք «հատուկ ռազմական գործողության ընթացքում» այդ մասով նոր փաստաթղթեր են ձեռք բերել։

Ռուսաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ ԶՈՒ-ն փաստեր է բացահայտել «Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագրի իրականացման մասին, որը ֆինանսավորում է ԱՄՆ-ն»։

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին էլ հայտնել էր, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները «Քիմիական զենքի» կոնվենցիայի  և «Կենսաբանական զենքի» կոնվենցիայի շրջանակներում, որևէ վայրում չի մշակում կենսաբանական զենք կամ չի տիրապետում դրան։

Գլխավոր լուսակնարը՝ «Reuters»-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել