Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

ՀՀ իշխանության որևէ պաշտոնատար անձ չի արձագանքել հայանպաստ այս կարևորագույն իրադարձությանը․ ԱԺԲ-ն՝ Ֆրանսիայի Սենատի բանաձեւի մասին

ՀՀ իշխանության որևէ պաշտոնատար անձ չի արձագանքել հայանպաստ այս կարևորագույն իրադարձությանը․ ԱԺԲ-ն՝ Ֆրանսիայի Սենատի բանաձեւի մասին

Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է «Հայաստանի Հանրապետության գործադիր և օրենսդիր մարմինների անգործությունը»։ Հայտարարության մեջ ասված է․   «Հայաստանի Հանրապետության գործադիր և օրենսդիր մարմինների անգործությունը դատապարտելու մասին   Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 295 կողմ և 1 դեմ ձայներով ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ բանաձև, որով մասնավորապես`   - պահանջում է անհապաղ և առանց պայմանների դեպի սկզբնական դիրքեր դուրս բերել ադրբեջանական և նրանց դաշնակիցների ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և Լաչինի միջանցքից,   - պահանջում է ապագայի համար Ադրբեջանի իշխանություններին և տարածաշրջանում նրանց բոլոր գործընկերներին, մասնավորապես Թուրքիային, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը,   - կոչ է անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել և հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին,   - առաջարկում է Կառավարությանը բոլոր միջոցներով ցուցադրել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, մասնավորապես, դիտարկելով Հայաստանի պաշտպանունակության կարողությունների հզորացումը՝ նրա տարածքային ամբողջականությունը ապահովելու համար,   - առաջարկում է Կառավարությանը անհապաղ ձեռնարկել ցանկացած նախաձեռնություն՝ երաշխավորելու համար հայ բնակչության և Հայաստանի անվտանգությունը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և այդ նպատակով պահանջել միջազգային հանրության հովանու ներքո միջդիրքային ուժերի տեղակայում,   - վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնելու անհրաժեշտությունը՝ տեւական խաղաղություն հաստատելու նպատակով:   Օրեր են անցել, սակայն Հայաստանի Հանրապետության գործադիր կամ օրենսդիր իշխանության որևէ պաշտոնատար անձ չի արձագանքել հայանպաստ այս կարևորագույն իրադարձությանը: Տվյալ փաստը ևս մեկ անգամ հիմնավորում է Ազգային-ժողովրդավարական Բևեռի հնչեցրած այն համոզմունքը, որ մեր երկրի կառավարիչները պարզապես կոլաբորացիոնիստ (թշնամու հետ համագործակցող) են, բնականաբար և չեն առաջնորդվում պետական և ազգային շահերով:   Մոտ օրերս հակապետական և հակազգային կոլաբորացիոնիստ այս կառավարիչների կողմից ականատես ենք լինելու մեր երկրին թշնամաբար տրամադրված ՀԱՊԿ կառույցը ներկայացնող պետությունների ղեկավարների, այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմագին ընդունելությանը: Ազգային-ժողովրդավարական Բևեռը, խստորեն դատապարտելով ներկայացված իրականությունը, հույս է հայտնում, որ հայ ժողովուրդը համապատասխան հետևություններ կանի ու կձգտի օր առաջ ձերբազատվել կոլաբորացիոնիստ կառավարիչներից:   Միաժամանակ դիմում ենք Հայաստանի արևմտյան բարեկամ երկրների, մասնավորապես Ֆրանսիայի Հանրապետության իշխանություններին՝ խնդրելով ի վերջո ըմբռնել, որ Հայաստանի Հանրապետությունը կառավարում են կրեմլահպատակ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը, որոնք չեն կարող քաղաքակիրթ Արևմուտքի հետ կառուցել դաշնակցային և ռազմավարական հարաբերություններ, իսկ իրականացվող կիսաքայլերը պարզապես իմիտացիոն բնույթ են կրում»:
14:14 - 19 նոյեմբերի, 2022
Պաշտոնական Բաքուն դատապարտում է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը

Պաշտոնական Բաքուն դատապարտում է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը արձագանքել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևին։ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե «բանաձևը լիովին հեռու է իրականությունից, արտացոլում է կեղծ և զրպարտչական դրույթներ ու, ունենալով բացահայտ պրովակատիվ բնույթ՝ ուղղված է խաթարելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»։ «Սենատի կողմից ընդունված և որևէ իրավական ուժ չունեցող բանաձևը ակնհայտորեն ցույց է տալիս Ֆրանսիայի կողմնակալ և միակողմանի քաղաքական դիրքորոշումը՝ որպես երկրի, որը հայտարարում է խաղաղ գործընթացին նպաստելու իր մտադրության մասին։ Ընդհանրապես, բանաձևում նշված բոլոր անհեթեթ պնդումները ցույց են տալիս, որ դրա հեղինակները տեղյակ չեն պատմական փաստերին և տարածաշրջանում տիրող իրավիճակին»,- նշված է հաղորդագրության մեջ։  Անդրադառնալով այն կետին, որով բանաձևը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը՝ ԼՂ-ում հիմնել հումանիտար գրասենյակ, Ադրբեջանի ԱԳՆ-ից կրկին նշել են, թե «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է»։  «Այդ տարածաշրջանում ապրող հայ բնակչության անվտանգությունը Ադրբեջանի ներքին գործն է, և դրանք ապահովվելու են Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության համաձայն։ Հայաստանում ռեւանշիստական ​​ուժերին խրախուսելով՝ Սենատի այս բանաձեւը չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը եւ առաջընթացին եւ հեռու է բանաձևում նշված «տեւական խաղաղության խթանումից»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։  ԱԳՆ-ից նշել են՝ «մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված հերթական բանաձեւը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։
13:10 - 16 նոյեմբերի, 2022
Արցախի պատգամավորները երախտագիտության խոսք են հղել Ֆրանսիայի Սենատին Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև ընդունելու համար

Արցախի պատգամավորները երախտագիտության խոսք են հղել Ֆրանսիայի Սենատին Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև ընդունելու համար

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակի անդամ պատգամավորները երախտագիտության խոսք են հղել Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԺ-ն։ Արցախցի պատգամավորները «Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման, հայաստանյան տարածքից վերջինիս անհապաղ նահանջի, 2020 թ.նոյեմբերի 9-ի համաձայնագրի հարգման ստիպման և երկու երկրների միջև խաղաղության հաստատմանը միտված ցանկացած նախաձեռնության կոչ անող» բանաձևի համատեղ առաջարկության համար երախտիքի խոսք են հղել Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոյին, Արտաքին Գործոց և Պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնին, Կոմունիստական խմբակցության նախագահ Էլիանս Ասսասսին, Սոցիալիստական խմբակցության նախագահ Պատրիկ Կաններին, «Կենտրոնական ուժերի Միություն» խմբակցության նախագահ Հերվե Մարսելին, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին: Նոյեմբերի 16-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։
11:31 - 16 նոյեմբերի, 2022
Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև
 |1lurer.am|

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև |1lurer.am|

Քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը.   - պահանջում է հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. - կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել նրանց վերադարձը հայրենիք. - առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիվանագիտական և տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժելու նպատակով, այդ թվում կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաև կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի և նավթի ներկրման հարցում. - վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ. - առաջարկում է կառավարությանը՝ դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը։   Բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը։   Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։
21:06 - 15 նոյեմբերի, 2022
Սենատում Հայաստանին պաշտպանող բանաձևի քննարկմանն ընդառաջ արցախցիները խնդրագիր հանձնեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

 |armenpress.am|

Սենատում Հայաստանին պաշտպանող բանաձևի քննարկմանն ընդառաջ արցախցիները խնդրագիր հանձնեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն |armenpress.am|

armenpress.am: Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվածները նոյեմբերի 15-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև խաղաղ ակցիա իրականացրեցին, ապա  խնդրագիր հանձնեցին դեսպանատանը՝ ի աջակցություն Ֆրանսիայի Սենատի կողմից նոյեմբերի 15-ին քննարկվելիք բանաձևի: «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրիյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խնդրագրի տակ  ստորագրել է Արցախի ու Հայաստանի ավելի քան  1700 քաղաքացի, ներառյալ սփյուռքից: «Մենք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս, մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Սենատին, երկրի քաղաքական ուժերին և անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում իրենց դիրքորոշման համար: Մենք ողջունում ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ բացելու մտադրությունը: Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը վերջինը չի լինի, հատկապես, որ դա պահանջում է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Մենք վստահ ենք, որ Ֆրանսիայի Սենատի բանաձևն ամուր հարթակ կդառնա ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի կարգավորման համար»,- նշված է խնդրագրի մեջ: Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատում քննարկվելու է Հայաստանի օկուպացված տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերման, 2020թ.նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի պահպանման եւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով բանաձեւը: Այս բանաձևի նախագծով Սենատը Ֆրանսիայի կառավարությանը նաև առաջարկում է քննարկել Արցախում հումանիտար գրասենյակ ստեղծելու հնարավորությունը:
13:32 - 15 նոյեմբերի, 2022
Ֆրանսիայի Սենատն այսօր կքննարկի հայ - ադրբեջանական հակամարտության վերաբերյալ նոր բանաձև
 |azatutyun.am|

Ֆրանսիայի Սենատն այսօր կքննարկի հայ - ադրբեջանական հակամարտության վերաբերյալ նոր բանաձև |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի Սենատն այսօր կքննարկի հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ նոր բանաձև, որը կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ սեպտեմբերյան վերջին հարձակման կապակցությամբ։ Փաստաթուղթը նաև կոչ է անում Բաքվին դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից ու երաշխավորել, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը մնա անփոփոխ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ «Կոչ ենք անում կառավարությանը եվրոպացի դաշնակիցների հետ համատեղ դիտարկել ադրբեջանական նոր հարձակումներին ամենաուժգին, համարժեք արձագանքը տալու միջոցները, այդ թվում՝ ադրբեջանցի առաջնորդների ունեցվածքի բռնագանձումն ու ադրբեջանական գազի և նավթի ներմուծման վրա արգելանք դնելու հնարավորությունը», - ասված է փաստաթղթում։ Խորհրդարանը նաև խնդրում է Ֆրանսիայի կառավարությանը դիտարկել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը, ինչպես նաև բոլոր միջոցներով ցույց տալ Փարիզի աջակցությունը Երևանին՝ քննարկելով Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդումը։ Բանաձևը խորհրդատվական բնույթ ունի և պարտադիր չէ կատարման համար։ Այն հեղինակել է սենատորների նույն խումբը, որը երկու տարի առաջ՝ 44-օրյա պատերազմից հետո էլ բանաձև էր ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ։ Այդ բանաձևը 2020 թվականին ընդունվել էր գրեթե միաձայն՝ ձայների 305 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ, ու այդպես էլ մնացել թղթի վրա։ Ավելին, քննարկումների ժամանակ կառավարության ներկայացուցիչը՝ Ֆրանսիայի փոխարտգործնախարարը դեմ էր արտահայտվել, պնդելով, թե «միակողմանիորեն ընդունված նման որոշումը կարող է արդյունավետ չլինել Արցախի կարգավիճակի որոշման համար»։ Թե ինչ դիրքորոշում ունի Ֆրանսիայի կառավարությունն այսօր քվեարկության դրվելիք բանաձևի հարցում, հստակ չէ։ Հայտնի է, որ քննարկումներից օրեր առաջ՝ անցած շաբաթավերջին, Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Զրույցը կայացել էր ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, և ինչպես Ելիսեյան պալատն էր հաղորդել՝ Էմանյուել Մակրոնը վերահաստատել էր Ֆրանսիայի պատրաստակամությունը հայ - ադրբեջանական հակամարտության կարգավորմանն աջակցելու, քաղաքական լուծման հասնելու ուղղությամբ։ Ադրբեջանի նախագահն էլ ընդգծել էր այդ գործընթացում «չեզոքություն, անաչառություն և հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը»։ Նշենք, որ արցախցիները ակցիա են իրականացնում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց։ Նրանք նամակ կհանձնեն դեսպանին՝ հաջակցություն Ֆրանսիայի Սենատի կողմից քննարկվելիք բանաձևի։
11:16 - 15 նոյեմբերի, 2022
Մակրոնն Ալիևին տեղեկացրել է Փաշինյանի հետ առաջիկա հանդիպման մասին

Մակրոնն Ալիևին տեղեկացրել է Փաշինյանի հետ առաջիկա հանդիպման մասին

Երեկ՝ նոյեմբերի 12-ին հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ու Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Էմանուել Մակրոնը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Ըստ ադրբեջանական կողմի հայտարարության՝ Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է նոյեմբերի 19-ին անցկացվող Ֆրանկոֆոնիայի կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին ու ևս մեկ անգամ հայտնել է Ֆրանսիայի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու մտադրությունը։ «Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, ԵՄ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ քառակողմ հանդիպման արդյունքների ու դրանից հետո տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում չեզոք, անկողմնակալ և հավասարակշռված մոտեցման կարևորությունը։ Ալիևը նաև ուշադրություն է հրավիրել հայկական կողմից վերջին օրերին հնչեցված հայտարարություններին՝ նշելով, որ դրանք հակասում են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգին»,- նշված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
11:25 - 13 նոյեմբերի, 2022
Քննարկվել են Հայաստանում իրականացվող տնտեսական և ներդրումային ծրագրերին ֆրանսիական կողմի մասնակցության հարցեր

Քննարկվել են Հայաստանում իրականացվող տնտեսական և ներդրումային ծրագրերին ֆրանսիական կողմի մասնակցության հարցեր

 Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին առևտրի, տնտեսական գրավչության և արտերկրում բնակվող ֆրանսիացիների հարցերով լիազոր նախարար Օլիվիե Բեշտին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանն ու առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերին: Այս համատեքտում երկուստեք կարևորվել է նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը, որտեղ ուղենշվում են ենթակառուցվածքների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների գյուղատնտեսության, առողջապահության և զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության զարգացման հեռանկարները:  Քննարկվել է նաև Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական և ներդրումային ծրագրերին ֆրանսիական կողմի հնարավոր մասնակցության հարցերը: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են հայ-ֆրասիական ապակենտրոնացված համագործակցության բնագավառում հաստատված սերտ կապերը:     
12:33 - 12 նոյեմբերի, 2022
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ

Նոյեմբերի 11-ին Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարուստ օրակարգին վերաբերող հարցեր:  Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման հետ կապված վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի և Ադրբեջաի միջև սահմանազատման գործընթացի, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը:  Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Կատրին Կոլոննային սեպտեմբերի 13-14 ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջնական ագրեսիայի հետևանքների վերացման առնչությամբ ֆրանսիական կողմի սկզբունքային դիրքորոշման համար: Միաժամանակ բարձր է գնահատվել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման գործում։  Երկուստեք կարևորվել է հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը:  Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության և կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելության գործունեությանը վերաբերող հարցերի:
19:25 - 11 նոյեմբերի, 2022
Ֆրանսիայի ԱԺ նախագահը վերահաստատել է համերաշխությունը Հայաստանին և հայ ժողովրդին

Ֆրանսիայի ԱԺ նախագահը վերահաստատել է համերաշխությունը Հայաստանին և հայ ժողովրդին

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին նոյեմբերի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն: ԱԺ-ից հայտնում են, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ երախտիքի խոսքեր հղելով ծանր մարտահրավերներին դիմակայող Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ Ֆրանսիայի դրսեւորած բացառիկ համերաշխության ու սատարման համար: Նա գոհունակությամբ է ընդգծել ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային Ֆրանսիայի՝ պետական ամենաբարձր մակարդակով հասցեական արձագանքն ու իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ կարեւոր հանձնառությունը: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել նաեւ դարավոր բարեկամության վրա խարսխված հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կարեւոր ոլորտներից մեկը հանդիսացող միջխորհրդարանական համագործակցությունը: Այդ համատեքստում նա առանձնահատուկ արժեւորել է Ֆրանսիայի Ազգային ժողովի, ֆրանսիացի խորհրդարանականների ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ անվտանգային սպառնալիքների մասին միջազգային հանրությանն ահազանգելու եւ ի պաշտպանություն Հայաստանի եւ հայ ժողովրդի՝ միջազգային գործուն քայլեր ձեռնարկելու հարցում: Անդրադարձ է կատարվել սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիային, դրա աշխարհաքաղաքական եւ հումանիտար հետեւանքներին, Ադրբեջանի իշխանությունների ծավալապաշտական եւ ագրեսիվ քաղաքականությանը, բանակցային գործընթացին: Փոխադարձաբար կարեւորվել է տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատման ուղղությամբ միջազգային միջնորդական դերակատարությունը, ներառյալ՝ Ֆրանսիայի նախագահի առաջնորդությամբ իրականացող ԵՄ միջնորդական ջանքերը եւ ՀՀ սահմանային իրավիճակի գնահատման նպատակով ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության գործունեությունը: Տարածաշրջանում անվտանգային միջավայրի վերականգնման եւ կայուն խաղաղության հաստատման տեսանկյունից Հակոբ Արշակյանը կարեւորել է միջազգային աջակցությամբ Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդումը՝ որպես ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական նկրտումները զսպելու իրական երաշխիք: Հանդիպման ավարտին Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն վերահաստատել է Ազգային ժողովի եւ ամբողջ Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անունից Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
09:51 - 10 նոյեմբերի, 2022
Ֆրանսիայի Սենատում կքննարկվի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձև |civilnet.am|

Ֆրանսիայի Սենատում կքննարկվի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձև |civilnet.am|

civilnet.am: Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատում քննարկվելու է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու և Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման կոչով բանաձև: Սենատի կայքում հրապարակված բանաձևի նախագծով նախատեսվում է, որ օրենսդիր մարմինը դատապարտելու է օգոստոսի սկզբին Լաչինի միջանցքում և սեպտեմբերի 13-ին և 14-ին Հայաստանի արևելյան շրջաններում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիաները։ Կոչ է արվելու Ադրբեջանի իշխանություններին և տարածաշրջանում նրանց բոլոր գործընկերներին, մասնավորապես Թուրքիային, ապագայում հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը։ Ֆրանսիայի Սենատը կոչ է անելու անհապաղ ազատ արձակել և վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին։ Սենատը կառավարության առաջարկում է նաև քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ ստեղծելու հնարավորությունը։
16:58 - 03 նոյեմբերի, 2022
Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած բնակավայրեր

Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած բնակավայրեր

Երկօրյա այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հոկտեմբերի 29-ին այցելել են Սյունիքի մարզ: Օրենսդիրները Գորիսում հանդիպել են Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ: Վերջիններս հյուրերին մանրամասն ներկայացրել են սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով մարզում ստեղծված իրավիճակը, խնդիրները: Նշվել է, որ հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակչությանը, վիրավորվել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիներ: Բարձրաձայնվել են ՀՀ ինքնիշխան տարածքից գյուղացիների` խոշոր եղջերավոր մեծաքանակ անասուններ գողանալու դեպքեր: «Այս ամենին զուգընթաց ոչ մի գյուղացի չի լքել իր բնակավայրը»,- ասել է Գորիս համայնքի ղեկավարը: Հայկական կողմը կարեւորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վարած քաղաքականության հասցեական դատապարտումը: Հյուրերը նշել են, որ Ֆրանսիայի խորհրդարանում իրենք ներգրավված են հայկական հարցերի բարձրաձայնմանը վերաբերող գործընթացներում եւ այսօր էլ ցանկանում են տեղեկացնել թե' Ֆրանսիայի եւ թե' միջազգային հանրությանն ու գործընկերներին Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ ադրբեջանական ագրեսիայի մասին: Հյուրերը նշել են, որ առաջիկայում Ֆրանսիայի խորհրդարանում նախատեսում են ընդունել ադրբեջանական ագրեսիան դատապարտող եւ տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատում պահանջող բանաձեւ: Սյունիքի փոխմարզպետի ուղեկցությամբ ֆրանսիացի օրենսդիրներն այցելել են նաեւ Ադրբեջանի ռազմական գործողություններից տուժած Վերիշեն ու Վաղատուր գյուղեր, ծանոթացել ագրեսիայի հետեւանքով առաջացած ավերածություններին: Անդրադարձ է կատարվել տեւական ժամանակահատվածում դիտորդական առաքելության տեղակայմանը, տնտեսական փոխգործակցությանը, ինչպես նաեւ քույր-քաղաքներ Գորիսի եւ Վիենի միջեւ համագործակցությանը:
18:15 - 31 հոկտեմբերի, 2022
Մարզային իշխանության ներկայացուցիչները ֆրանսիացի պատգամավորներին ներկայացրել են ադրբեջանական ագրեսիայից հետո Սյունիքում իրավիճակը

Մարզային իշխանության ներկայացուցիչները ֆրանսիացի պատգամավորներին ներկայացրել են ադրբեջանական ագրեսիայից հետո Սյունիքում իրավիճակը

Հոկտեմբերի 29-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանը Գորիսում հանդիպել են Սյունիք ժամանած՝ Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության անդամներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Այդ մասին ասված է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ։   «Պատվիրակության այցի նպատակն էր տեղում ծանոթանալ մարզում ստեղծված կացության մանրամասներին։   Մարզային իշխանության ներկայացուցիչները ֆրանսիացի պատգամավորներին են ներկայացրել սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո Սյունիքում առկա իրավիճակն ու դրա հետևանքով առաջ եկած խնդիրները՝ անվտանգային, տնտեսական և այլն։   Մարզպետի տեղակալը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ Սյունիքի հանդեպ հետաքրքրվածության ու խնդիրներին արձագանքելու համար։   Ֆրանսիացի պատգամավորները նշել են, որ իրենք խորհրդարանում ներգրավված են հայկական հարցերի մասին բարձրաձայնելու գործընթացներում և վերջին ագրեսիայից հետո նպատակ ունեն այս հարցում ակտիվացնել ֆրանսիական ու միջազգային հանրությանը՝ տեղ հասցնելով Հայաստանի շուրջ կատարվողի մասին իրականությունը։   Ն․ Ղազարյանն ու Ս․Քեսեջյանը պատվիրակության անդամներին ուղեկցել են նաև ռազմական գործողություններից տուժած Վերիշեն ու Վաղատուր գյուղեր, որտեղ նրանք տեղում ծանոթացել են ագրեսիայի հետևանքներին»,- նշված է գրառման մեջ
22:04 - 30 հոկտեմբերի, 2022