Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանը Եվրամիության օրենսդիր մարմին, որն ուղղակի ընտրվում է ԵՄ անդամ-պետությունների քաղաքացիների կողմից: Եվրոպական խորհուրդի հետ խորհրդարանը կազմավորում է ԵՄ իշխանության երկպալատ օրենսդրական ճյուղը եւ համարվում է աշխարհի ամենաազդեցիկ օրենսդրական մարմիններից մեկը:

Եվրախորհրդարանը ստեղծվել է 1957 թվականին: Ի սկզբանե անդամները նշանակվում էին ԵՄ անդամ-պետությունների խորհրդարանների կողմից: 1979 թվականից ընտրվում են բնակչության կողմից: Ընտրությունները տեղի են ունենում 5 տարին մեկ անգամ:

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորն այցելել է Սյունիք

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորն այցելել է Սյունիք

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում հանդիպել է Սյունիք ժամանած՝ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանում «Les Républicains - LR» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամինին։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։   Մարզպետը նրան ուղեկցել է Հայաստանը Արցախին կապող ճանապարհի սահմանային անցակետ, ինչպես նաև ճանապարհի փակ լինելու պատճառով Գորիսում ժամանակավորապես ապաստանած արցախցիների հետ հանդիպման։   Պաշտոնյաները նաև առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում ֆրանսիացի հյուրը Ռ․Ղուկասյանից տեղեկացել է մարզում ստեղծված կացության մասին։   «Պարոն Բելամինը առաջիկայում Եվրախորհրդարանում ելույթ պետք է ունենա Բերձորի միջանցքի փակ լինելու և դրա հետևանքների թեմայով ու Սյունիք է եկել, որպեսզի անձամբ տեսնի այստեղ կատարվողը․ նրան հետաքրքրում էր թե՛ Սյունիքի սահմանների, թե՛ Արցախ-Հայաստան ճանապարհի իրավիճակը։ Այցելելով սահմանակետ՝ նա արձանագրել է, որ ճանապարհը փակ է, ու քաղաքացիներն այդտեղով անցնել չեն կարողանում։ Իսկ Գորիսում բնակվող արցախցիները պատգամավորին ներկայացրել են իրենց ամենանվիրական ցանկությունը՝ վերադառնալ հայրենիք՝ չնայած այնտեղ ներկայումս առկա ծանր սոցիալ-տնտեսական կացությանն ու հումանիտար ճգնաժամին։   Ըստ Ռոբերտ Ղուկասյանի՝ Ֆրանսուա-Քզավիե Բելամինը սրանով ցույց է տալիս, որ իր երկիրը հայ ժողովրդի կողքին է․ «Ու սա հստակ ազդակ է, որովհետեև նա առաջին պաշտոնյան չէ, որ այցելում է Սյունիք․ սրանով Ֆրանսիան հստակ ազդարարում է, որ բոլոր մակարդակներում աջակցում է Հայաստանին»», - նշված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։   Մարզպետը նաև հարցազրույց է տվել պատգամավորին ուղեկցող ֆրանսիական լրատվամիջոցներին։  
18:45 - 11 փետրվարի, 2023
ԵԽ նոր զեկույցը Ադրբեջանին կոչ է անում դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից, Հայաստանին էլ որակում տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար
 |armenpress.am|

ԵԽ նոր զեկույցը Ադրբեջանին կոչ է անում դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից, Հայաստանին էլ որակում տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պատրաստել է Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունները վերանայող նոր զեկույց, որը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, ընդգծում է, որ խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի ՀՀ տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձն իրենց տներ և գովաբանում է ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքը, որոնց արդյունքում ՀՀ-ն դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար: Ինչպես տեղեկացնում են Եվրախորհրդարանի կայքից՝ նոր զեկույցում ԵԽ պատգամավորները խստորեն դատապարտում են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա լայնածավալ ռազմական հարձակումը, որը խախտել է խաղաղության հասնելու համար նախկինում ձեռնարկված փորձերը և հանգեցրել ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացմանը: Ընդգծելով, որ այս վերջին ագրեսիան ուղղակի կապ չունի ԼՂ-ի շուրջ երկարաժամկետ հակամարտության հետ՝ զեկույցը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից։ Զեկույցը նաև հորդորում է երկու երկրների կառավարություններին աշխատել համապարփակ և փոխընդունելի խաղաղության պայմանագրի շուրջ, իսկ ԵՄ-ին հորդորում է շարունակաբար ներգրավվել, միջնորդել ու արդյունավետ կերպով նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եվրախորհրդարանի պատգամավորները վերահաստատում են նաև, որ արդյունավետ լինելու համար խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձն իրենց տներ: Զեկույցը ողջունում է 2021 թվականի մարտին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելն ու այն իրականացնելու Հայաստանի հանձնառությունը։ Եվրախորհրդարանի պատգամավորները նաև գովաբանում են Հայաստանին՝ վերջին տարիներին իրականացրած նշանակալի բարեփոխումների, ժողովրդավարացման գործընթացի համար, որոնց արդյունքում երկիրը դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար: ԵԽ պատգամավորները կոչ են անում նաև Եվրամիությանն ու Հայաստանին սերտորեն աշխատել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ընթացիկ և ապագա բարեփոխումների իրականացման վրա՝ շեշտելով, որ այն ընդգրկում է համատեղ աշխատանքի լայն շրջանակ: Զեկույցում նշվում է նաև հանցավորության և կոռուպցիայի դեմ Հայաստանի պայքարի մասին, այն խրախուսում է կառավարությանը շարունակել բարեփոխումները՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության և դատական անկախության համար՝ չնայած միջազգային բարդ համատեքստին և այն մարտահրավերներին, որոնց բախվել է Հայաստանը: Եվրախորհրդարանի պատգամավորները զեկույցով, ողջունելով լրատվամիջոցների ազատության առումով բարելավումները, շեշտում են, որ երկրի մեդիա միջավայրը դեռևս բևեռացված է, ԵԽ պատգամավորները մտահոգված են լրագրողների նկատմամբ ատելության խոսքի և ֆիզիկական բռնության դեպքերով։ ԵԽ պատգամավորները կոչ են անում ջանքեր գործադրել՝ երկրի մեդիա ոլորտի բազմազանության և մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ: Լիովին աջակցելով ապատեղեկատվության դեմ պայքարում Հայաստանի կառավարության ջանքերին՝ ԵԽ պատգամավորները նշել են, որ ոչ մի միջոց չպետք է հանգեցնի լրագրողների կամ խոսքի ազատության սահմանափակումների։ «ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին զեկույցը ևս մեկ անգամ վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության ուղղությամբ Եվրոպական խորհրդարանի հանձնառությունը և մի շարք կարևոր ոլորտներում Հայաստանի ու ԵՄ-ի համագործակցությանը։ Որպես այս ուղղությամբ կարևոր քայլ՝ մենք ողջունում ենք Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը և Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում երաշխավորել գրեթե 2 ամիս արգելափակված Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը»,- քվեարկությունից հետո ասել է զեկուցող Անդրեյ Կովաչևը։ Նշվում է, որ զեկույցն ընդունվել է 55 կողմ, 5 ձեռնպահ ձայներով: Հանձնաժողովի քվեարկությունից հետո տեքստն ամբողջությամբ կներկայացվի Եվրախորհրդարանի հաստատմանը:
21:10 - 09 փետրվարի, 2023
Եվրոպային սպառնում է խորհրդային զենքի խելահեղ պաշարներով մի բռնապետ․ Զելենսկին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում
 |factor.am|

Եվրոպային սպառնում է խորհրդային զենքի խելահեղ պաշարներով մի բռնապետ․ Զելենսկին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում |factor.am|

factor.am: Ուկրաինան և Եվրամիությունը համատեղ պաշտպանվում են ժամանակակից աշխարհի «ամենամեծ հակաեվրոպական ուժից», որն այժմ Ռուսաստանն է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրախորհրդարանում ունեցած ելույթում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նա շնորհակալություն է հայտնել եվրոպացիներին ռուսական ագրեսիան հետ մղելու հարցում ցուցաբերած աջակցության համար։ Զելենսկին ընդգծել է, որ իր նպատակն է՝ Ուկրաինան տանել դեպի Եվրամիություն, այսինքն՝ «տուն»: Եվրոպային և նրա ազատ ապրելակերպին սպառնում է «խորհրդային զենքի խելահեղ պաշարներով» բռնապետը, ասել է Զելենսկին՝ նկատի ունենալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իր երկրի դեմ պատերազմ սկսելու որոշումը։ Ուկրաինայի նախագահը նաև վստահություն է հայտնել, որ իր երկիրը Ռուսաստանի հետ պատերազմում հաղթանակած դուրս գալուց հետո կկարողանա անդամակցել Եվրամիությանը։
17:00 - 09 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ քննարկել է  Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր

Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր

Հունվարի 24-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։    Կողմերն անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն անհապաղ և համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների պետք է վերականգնի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը։   Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում մշտադիտարկման առաքելության տեղակայման վերաբերյալ ԵՄ խորհրդի նախօրեին կայացված որոշումը։
17:13 - 24 հունվարի, 2023
Հուսով ենք՝ բանաձևին կհետևեն գործնական քայլերը. Եվրախորհրդարանի հետ Արցախի ԱԺ-ի բարեկամական խումբը երախտագիտություն է հայտնել ԵԽ գործընկերներին

Հուսով ենք՝ բանաձևին կհետևեն գործնական քայլերը. Եվրախորհրդարանի հետ Արցախի ԱԺ-ի բարեկամական խումբը երախտագիտություն է հայտնել ԵԽ գործընկերներին

Եվրախորհրդարանի հետ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բարեկամական խումբը երախտագիտություն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ Եվրախորհրդարանի բարեկամական խմբի անդամներին և Եվրոպայի ներկայացուցչական բարձրագույն մարմնի բոլոր այն պատգամավորներին, որոնք, անկախ ամեն ինչից, հասցեական գնահատական են տվել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված ծանր կացությանը: Այս մասին հայտնում են Արցախի ազգային ժողովից: ««Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքները» խորագիրը կրող բանաձևով Եվրոպայի մեր գործընկերները Ադրբեջանի իշխանություններից պահանջում են պատանդության մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի 120 000 ազգաբնակչության նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ճնշումները և ընդհանրապես հայ ժողովրդի հանդեպ ոտնձգությունները դադարեցնել, վերադառնալ կառուցողական դաշտ ու իրենց իսկ ստանձնած պարտականությունների շրջանակում ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը՝ դրանով իսկ կանխելով հետագա առճակատումը:   Հուսով ենք՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխելու նպատակով Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին կհետևեն գործնական քայլեր»,- նշված է բարեկամական խմբի շնորհակալական տեքստում:
14:04 - 20 հունվարի, 2023
Հայկ Մամիջանյանն առանձնացրել է ԵԽ-ում շրջանառվող բանաձևի կարևոր դրույթները
 |armenpress.am|

Հայկ Մամիջանյանն առանձնացրել է ԵԽ-ում շրջանառվող բանաձևի կարևոր դրույթները |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի՝ Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքների հարցով շրջանառվող բանաձևը կասկածի տակ է դնում Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «ակտիվիստների» իրական ակտիվիստ լինելու հանգամանքը՝ օգտագործելով «ինքնակոչ բնապահպաններ» ձևակերպումը: Այս մասին ընդգծեց ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ: Պատգամավորը հիշեցրեց, որ Եվրախորհրդարանում հունվարի 19-ին քվեարկվելու է նախորդ օրը քննարկված բանաձևը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված: «Այն տեքստը, որն այս պահին առկա է որպես վերջնական տարբերակ, ունի մի շարք կարևոր արձանագրումներ: Առաջին հերթին՝ այս պահին շրջանառվող տեքստի տարբերակում ԵԽ-ն կասկածի տակ է դնում «ակտիվիստների» իրական ակտիվիստ լինելու տարբերակը՝ օգտագործելով «ինքնակոչ բնապահպաններ» ձևակերպումը»,-ասաց Մամիջանյանը: Բանաձևում շեշտվել է նաև այն փաստը,  որ Լաչինի միջանցքի արգելափակումը Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է: Պատգամավորը ընդգծեց նաև այն փաստը, որ բանաձևում նշվել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների մասին՝ նշելով այդ սկզբունքների հիման վրա բանակցությունների վերսկսման մասին: «Շրջանառվող բանաձևում դա հստակորեն նշվում է որպես հանգուցալուծման հիմնարար տարբերակներից մեկը»,-նշեց պատգամավորը:
11:53 - 19 հունվարի, 2023
Աղետը կանխել է պետք. Լաչինի միջանցքի հարցով քննարկում Եվրախորհրդարանում |1lurer.am|

Աղետը կանխել է պետք. Լաչինի միջանցքի հարցով քննարկում Եվրախորհրդարանում |1lurer.am|

1lurer.am: Իրեն ԵՄ գործընկեր համարող պետությանը նման հայտարարությունները պատշաճ չեն՝ Եվրախորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջին հայտարարություններին` ասաց Եվրապատգամավոր Մարինա Կալյուրանդը: Նա Բաքվին կոչ արեց հարգել միջազգային պարտավորությունները, դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, սկսել բանակցություններ խաղաղության համաձայնագրի շուրջ: Իր դեմ «վհուկների որս» սկսած ադրբեջանցի պաշտոնյաներին նա ասաց. «Ինձ չեք ահաբեկի և չեք լռեցնի, ձեր հարձակումները ձեր թուլությունն են բացահայտում»: Նատալի Լուազոյի կարծիքով` սա անգամ շրջափակում չէ, ավելին է, քան շրջափակումը, շանտաժից ավելի է, էթնիկ զտում է: «Իսկ մենք` եվրոպացիներս, ի՞նչ ենք անում. ոչինչ, ավելին, քան ոչինչ»,- նշեց նա: Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելի խոսքով` բռնությունը ծնում է ավելի շատ բռնություն: «Ինչո՞ւ պետք է Կովկասը թշնամանքի տարածք լինի, եթե կարող է բարեկեցության տարածք լինել: ԵՄ-ն կարող է և պետք է կայուն խաղաղություն բերի երկու երկրին, քանի որ մեր շահն է տեսնել խաղաղ և բարեկեցիկ Կովկաս»,- ասաց նա: Բերտ-Յան Ռայսենը նկատեց՝ իրավիճակը ԼՂ-ում գնալով վատանում է, նշեց` պետք է ավելի շատ դիտորդներ ուղարկել տարածաշրջան, ավելի շատ ճնշում գործադրել Բաքվի կառավարության նկատմամբ, խաղաղության բանակցություններ պետք է լինեն, հստակ երաշխիքներ լինեն ԼՂ բնակչության համար: Նրա գնահատմամբ` ո՛չ Կովկասը, ո՛չ ԵՄ-ն չեն շահի նոր լարվածությունից: «ԼՂ-ում մարդիկ սոված են և ցրտի մեջ, նրանց օդային կամուրջ է պետք ԵՄ կամ ՌԴ կողմից: ՄԱԿ-ի և ԵԱՀԿ հետ պետք է կանխել այս աղետը»,- հայտարարեց Մարտինա Միխելսը: Կլեմեն Գրոշելն առաջարկ հնչեցրեց ռուս խաղաղապահներին փոխարինել ՄԱԿ-ի խաղաղապահներով: «Եթե լինում է բնական աղետ` հրդեհ, ջրհեղեղ, երկրաշարժ, լինում է արձագանք, բայց մենք տեսնում ենք` ինչպիսի խոշտանգման են ենթարկվում հարյուր հազարավոր մարդիկ. հայերը ԼՂ-ում երեք տարբերակ ունեն` հրաժարվել իրենց ինքնությունից, հեռանալ կամ այն նույն ճակատագրին արժանանալ, ինչ 1915-ին Թուրքիայում եղավ հայերի նկատմամբ: Օդային կամուրջը նվազագույնն է, որ մենք պիտի անենք ու պիտի անենք մինչև շաբաթվա ավարտը»,- հայտարարեց Էմանուիլ Ֆրագկոսը: Ավելի մանրամասն` 1lurer.am - ում։ 
10:08 - 19 հունվարի, 2023
Պարույր Հովհաննիսյանը Եվրախորհրդարանի պատվիրակության հետ քննակել է ՀՀ-ԵՄ գործընկերության մի շարք հարցեր

Պարույր Հովհաննիսյանը Եվրախորհրդարանի պատվիրակության հետ քննակել է ՀՀ-ԵՄ գործընկերության մի շարք հարցեր

Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի անդամներ, ԵԽ նախկին փոխնախագահ Ֆաբիո Մասսիմո Կաստալդոյին և Լարս Պատրիկ Բերգին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում և Հայաստանի սահմաններին ստեղծված անվտանգային իրավիճակը և այդ համատեքստում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը։ Նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը, հայ ռազմագերիների հետ կապված խնդիրները։ Քննակվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր՝ ներառյալ միջխորհրդարանական համագործակցության խորացման հեռանկարները։ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը, որն արտացոլված է համապատասխան բանաձևերում և զեկույցներում: Նշելով, որ Հայաստանի հետ բարեկամության հիմքում ընկած է ընդհանուր արժեքային համակարգը` ԵԽ պատգամավորները վերահաստատել են Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու պատրաստակամությունը:
17:37 - 03 նոյեմբերի, 2022
Դադարենք գործ ունենալ այս հանցավոր պետության հետ և դադարեցնենք ֆինանսավորել նրա սպառնալիքները․ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի ելույթը

Դադարենք գործ ունենալ այս հանցավոր պետության հետ և դադարեցնենք ֆինանսավորել նրա սպառնալիքները․ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի ելույթը

 ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի ելույթը, որն ուղեկցվել է բուռն ծափողջյուններով։  «Տիկին նախագահող, հարգելի գործընկերներ, Այս գիշեր՝ կեսգիշերն անց, Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական լայնածավալ հարձակման է անցել։ Հզոր պայթյուններ են եղել, թիրախավորել են մի քանի քաղաքներ և հայկական տարածքում գտնվող գյուղեր, այսինքն՝ ոչ միայն ռազմական նշանակության վայրեր, այլև քաղաքացիական բնակավայրեր, օբյեկտներ։ Այս փուլում զոհերի նվազագույն թիվը հասնում է 49-ի, իսկ քաղաքացիական վիրավոր անձանց թիվը՝ 3-ի։ ՈՉԻՆՉ, ոչինչ չի կարող արդարացնել այս ագրեսիան։ Երկու տարի առաջ, խախտելով միջազգային իրավունքի բոլոր օրենքները, Ադրբեջանը ՝ Թուրքիայի աջակցությամբ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա։ Այս անգամ Ադրբեջանը հարձակվում է արդեն ՀՀ տարածքի վրա։ Հարգելի գործընկերներ, երբ Ռուսաստանը հարձակվեց ուկրաինացի ժողովրդի վրա, մենք առանց վարանելու շատ պարզ ձևով դատապարտեցինք դա, և պետք է նույնը անենք երեկ երեկոյան պարոն Ալիևի ռեժիմի կողմից կազմակերպված հարձակման վերաբերյալ։  Տիկին նախագահող, խնդրում ենք հարգել մեր պառլամենտի ձայնը այս արտակարգ իրավիճակում։ Մեր վճռական դիրքորոշումը կարող է կանխել այս պատերազմը, իսկ Ադրբեջանը հնարավոր է կանգ առնի իր նախագծած ծրագրում։ Վերջապես դադարենք գործ ունենալ այս հանցավոր պետության հետ՝ որպես օրինական գործընկեր և դադարեցնենք ֆինանսավորել նրա սպառնալիքները՝  նրանից գազ գնելով։ Եկեք արագ քայլեր ձեռնարկենք՝ սանկցիաներ նախապատրաստելու համար, որոնք արդյունավետ են։ Անմիջապես հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ. մենք սա պարտավոր ենք անել՝ մեր մայրցամաքը վտանգից պաշտպանելու համար։ Բայց ամենից առաջ մենք պարտավոր ենք կանգնել հայ ժողովրդի կողքին, ում հետ մենք հավասար ապրում ենք այս սգի և վշտի օրերը։ Շնորհակալ եմ շատ»։
16:10 - 13 սեպտեմբերի, 2022
ԵԽ պատգամավորը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել Հայաստանի դեմ հարձակումները


 |armenpress.am|

ԵԽ պատգամավորը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել Հայաստանի դեմ հարձակումները |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան։ Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։ «Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խումբը հնարավոր ամենախիստ ձևով դատապարտում է վաղ առավոտյան Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումը։ Կոչ ենք անում Եվրամիությանը՝ ի դեմս ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, հնարավորինս շուտ միջամտել և կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել այս հարձակումները»,- նշել է Ֆուրլասը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնեց, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։
15:40 - 13 սեպտեմբերի, 2022
Երևանում Եվրախորհրդարանի պատվիրակության հետ քննարկվել են տարածաշրջանային արդի զարգացումները
 |armenpress.am|

Երևանում Եվրախորհրդարանի պատվիրակության հետ քննարկվել են տարածաշրջանային արդի զարգացումները |armenpress.am|

armenpress.am: Տարածաշրջանային այցով Հայաստանում է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ հուլիսի 22-ին Դեյվիդ Մքալիսթերը Երևանում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ փոխխոսնակի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ: Աղաջանյանի խոսքով՝ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Ազգային ժողովում ներկայացված բոլոր երեք քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: «Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային արդի խնդիրները, մասնավորապես՝ տարածաշրջանային զարգացումները հետպատերազմյան ժամանակահատվածում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների, հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, այդ գործընթացներին զուգորդող խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: Արձանագրվել է նաև Եվրոպական խորհրդարանի դրական գործունեությունը և ազդեցությունը տվյալ գործընթացների վրա, մասնավորապես՝ նշվել և առանձնացվել են կոնկրետ հայտարարություններ և բանաձևեր, որոնք առնչվում են հայկական մշակութային ժառանգությանը Լեռնային Ղարաբաղում, ռազմագերին առնչվող հայտարարությանը Եվրախորհրդարանի կողմից, և հայկական կողմը արձանագրել է դրանք և շնորհակալ է մեր գործընկերներից այս սկզբունքային և օբյեկտիվ դիրքորոշման համար», - հաղորդեց Էդուարդ Աղաջանյանը: Ընդունելով Եվրախորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել էր Եվրամիության խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը և նշել, որ Եվրոպական միությունը հանդիսանում է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի արդյունավետ իրականացման կարևորագույն գործընկերներից մեկը: Զրուցակիցներն անդրադարձել էին Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը մանրամասն ներկայացրել էր հայկական կողմի դիրքորոշումները վերոնշյալ ուղղությամբ և պատասխանել ԵԽ պատվիրակության հարցերին:
18:49 - 22 հուլիսի, 2022
Երբեմն տպավորություն է, որ այդ բանաձևերն ընդունվում են Հայաստանի խորհրդարանի կողմից, և կա հայկական լոբբիստական խմբի ազդեցություն, այլապես անհնար է հասկանալ. Ալիևը՝ Եվրախորհրդարանի պատվիրակությանը |tert.am|

Երբեմն տպավորություն է, որ այդ բանաձևերն ընդունվում են Հայաստանի խորհրդարանի կողմից, և կա հայկական լոբբիստական խմբի ազդեցություն, այլապես անհնար է հասկանալ. Ալիևը՝ Եվրախորհրդարանի պատվիրակությանը |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը և դժգոհություն հայտնել խորհրդարանի հակաադրբեջանական դիրքորոշման համար: «Մեր վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2018թ.: Անկեղծ ասած, ես նույնիսկ մի փոքր զարմացա, երբ իմացա, որ դուք ծրագրում եք այցելել Ադրբեջան։ Հիշում եմ մի հանդիպում, որի ժամանակ մենք խոսեցինք համագործակցության զարգացման մասին։ Բայց, ցավոք, դա տեղի չունեցավ։ Պատճառը ոչ թե մեր, այլ Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների դիրքորոշման մեջ էր։ Նման դիրքորոշումը մենք համարում ենք բացարձակապես անհիմն»,- հանդիպման ժամանակասել է Ալիևը։ Ալիևը նշել է՝ մոռացել է «Եվրախորհրդարանի կողմից տարբեր ժամանակներում ընդունված հակաադրբեջանական բանաձևերի ընդհանուր թիվը»։ Ալիևն ընդգծել է, որ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներ են այցելել դեսպանատների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, եվրոպական որոշ երկրների խորհրդարանների խոսնակներ, լրագրողներ։ Նրա խոսքով՝ այժմ կազմակերպվում են ուղևորություններ, և Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է այցելել Շուշի, Ֆիզուլի և Աղդամ և «տեսնել հայկական վանդալիզմի ու բարբարոսության մասշտաբները»։ «Նման պայմաններում բացարձակապես անընդունելի է միակողմանի բանաձևի ընդունումը, որը մեղադրում է Ադրբեջանին այնպիսի արարքների մեջ, որոնք մենք երբեք չենք կատարել, և անտեսում է Հայաստանի և հայերի գործողությունները մեր տարածքներում։ Ցավոք, նման բան տեղի է ունեցել: Գիտեմ, որ ձեր պատվիրակության անդամներից շատերը կողմ են քվեարկել այս բանաձևին»,- ասել է Ալիևը։ Ալիևը նշել է՝ անհասկանալի է Եվրախորհրդարանի նման վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ։ «Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այդ բանաձևերն ընդունվում են Հայաստանի խորհրդարանի կողմից, և կա հայկական լոբբիստական խմբի որոշակի ազդեցություն։ Հակառակ դեպքում դա անհնար է հասկանալ»,- ասել է Ալիևը:   Ավելի մանրամասն` tert.am-ում։ 
18:36 - 19 հուլիսի, 2022
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին։ «Դուք Հայաստանի համար հուսալի գործընկեր եք, ում հետ ջերմ համագործակցություն հաստատվել է դեռեւս մինչեւ Ձեր՝ որպես ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար ընտրվելը: Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված Ձեր գործունեությունը»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը: Կողմերը համակարծիք են եղել Եվրոպայի խորհրդի ծրագրային համագործակցության կարեւորություն շուրջ, ինչը մեծ նշանակություն ունի նաեւ Հայաստանի կառավարության մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացման տեսանկյունից: Այս համատեքստում մասնավորեցվել են ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությունը, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ 2019-2022 թթ. գործողությունների ծրագիրը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը եւ 2020-2022 թթ. գործողությունների ծրագիրը, ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ. ռազմավարությունը եւ գործողությունների ծրագիրը: Անդրադառնալով Արցախում հետպատերազմյան իրավիճակին՝ ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման հարցը:  Անդրադարձ է եղել միջազգային մասնագիտացված կառույցների ահազանգող զեկույցներին: Քննարկվել է վերջերս Human rights watch-ի հրապարակած զեկույցը, ուր զետեղված են փաստեր ադրբեջանական բանտերում հայ ռազմագերիների պահման անմարդկային պայմանների եւ այդ մարդկանց հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումների մասին: Ալեն Սիմոնյանն ափսոսանք է հայտնել 2021 թ. հունվարին Դունյա Միյատովիչի՝ Հայաստան եւ Արցախ նախատեսված այցի չեղարկման վերաբերյալ: Նա  մեծապես կարեւորել  է տիկնոջ այն դիրքորոշումը, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է մուտք ունենա ԵԽ անդամ պետություններն ընդգրկող ամբողջ տարածքը, ներառյալ՝ հակամարտության, այսպես կոչված, «գորշ գոտիներ»: Նա նկատել է, որ Արցախը Եվրոպայի խորհրդի աշխարհագրական տարածք է, որտեղ ապրում են եվրոպացիներ, եւ Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքները: Կողմերն ընդգծել են Արցախի դեմ պատերազմի հումանիտար ավերիչ հետեւանքների լուծման գործում ԵԽ դերի կարեւորությունը: 
16:36 - 11 հունիսի, 2022
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Եվրախորհրդարանի ընդունած զեկույցը, որում նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արվում |factor.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Եվրախորհրդարանի ընդունած զեկույցը, որում նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արվում |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած Թուրքիայի վերաբերյալ 2021 թվականի զեկույցը, գրում է «Անադոլու» գործակալությունը։ ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ զեկույցը հիմնված է «մակերեսային ու անհեռատես մոտեցման վրա»։ «Թուրքիան չի ընդունում և մերժում է  մակերեսային և անհեռատես մոտեցման վրա հիմնված Եվրախորհրդարանի զեկույցում պարունակվող կողմնակալ և անիրատեսական գնահատականները, որոնք անտեսում են մեր երկրի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ամրապնդման ակնհայտ անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։ Նաև նշվում է, որ Թուրքիայի հիմնական ակնկալիքը Եվրախորհրդարանից նրանում չէ, որ այն դառնա «նեղմիտ» շրջանակների օրակարգային գործիք, այլ նրանում, որ այդ կառույցը դրսևորի դիրքորոշում, որը կխթանի դրական վերաբերմունք ԵՄ կառույցների նկատմամբ՝ Թուրքիայի՝ միությանն անդամակցելու բանակցությունները վերակենդանացնելու նպատակով։ «Այդպիսով, Եվրախորհրդարանը թուրք հասարակության աչքում կորցրել է իր վստահությունն ու հեղինակությունը։ Այդ պատճատով զեկույցում տեղ գտած անհիմն հայացքները, որոնք արտացոլում են մեր երկրի նկատմամբ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների վերաբերյալ պնդումները, ինչպես նաև ԵՄ մեկ կամ երկու անդամների անհեռատես ջանքերը Էգեյան ծովի, Արևելյան Միջերկրականի և Կիպրոսի վերաբերյալ, մեզ համար որևէ նշանակություն չունեն»,- ասվում է հայտարարության մեջ։Թուրքիան ակնկալում է, որ ԵՄ բոլոր ինստիտուտները կկատարեն իենց պարտավորությունները Անկարայի նկատմամբ։ ԱԳՆ-ն նշում է, որ առաջին հերթին խոսքը Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի ակտիվացման, վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության արագացման, Մաքսային միության թարմացման շուրջ բանակցություններ սկսելու, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ընդլայնման մասին է։
13:25 - 08 հունիսի, 2022