Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Հայ գերիների և հատկապես ԼՂ ղեկավարների վերադարձը հնարավոր կլինի միայն միջազգային հանրության ուժեղ ճնշման ներքո․ դեսպան Տիգրան Մկրտչյան

Հայ գերիների և հատկապես ԼՂ ղեկավարների վերադարձը հնարավոր կլինի միայն միջազգային հանրության ուժեղ ճնշման ներքո․ դեսպան Տիգրան Մկրտչյան

Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հարցազրույց է տվել եվրոպական The European Conservative ամսագրին։ Ներկայացնում ենք հարցազրույցը՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության թարգմանությամբ։  «Արցախում էթնիկ զտումները ավելի քան 100 000 մարդու բռնագաղթի պատճառ են դարձել։ Ինչպիսի՞ն է նրանց վիճակը: Ինչպե՞ս է Հայաստանը դիմակայում այս հումանիտար ճգնաժամին։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերը մարդիկ են, որոնք փրկվել են տասնամսյա շրջափակումից և Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայից։ Նրանցից շատերն առողջական լուրջ խնդիրներ ունեն՝ ամիսներ շարունակ թերսնվածության և պատշաճ բուժօգնության բացակայության հետևանքով։ Շատերն ունեն նաև հոգեբանական խնդիրներ։ Այս ամենին գումարվում են նաև սոցիալական խնդիրները, քանի որ շատերը ստիպած են եղել հապճեպորեն լքել են իրենց տները՝ չվերցնելով գումար ու արժեքավոր իրեր։ Տեղահանվածների կարիքները հոգալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն իսկ նախաձեռնել է աջակցության ծրագրեր պետական բյուջեից։ Հայաստանի կառավարությունը հաստատել և ընդունել է բազմաթիվ որոշումներ՝ ուղղված բռնի տեղահանված փախստականների աշխատանքի, կրթության, կրթաթոշակների և կենսաթոշակների խնդիրների լուծմանը։ Այս որոշումներն իրականացվում են կառավարության համապատասխան մարմինների հատուկ ծրագրերով։ Փախստականների համար կայուն ապրուստ ապահովելու համար նախատեսվում են նաև միջնաժամկետ գործողություններ: Լեռնային Ղարաբաղի հայերն այդ տարածքի բնիկներն են և շարունակաբար ապրել են աշխարհի այս հատվածում ավելի քան երեք հազարամյակ: Ո՛չ մենք, ո՛չ միջազգային հանրությունը չեն կարող մոռանալ կամ անտեսել այդ հարցը։ Կսկիծով պետք է նշեմ, որ ամիսներ շարունակ մենք բոլոր հնարավոր հարթակներից և բոլոր հնարավոր պաշտոնական ու ոչ պաշտոնական ուղիներով ահազանգում էինք, որ Ադրբեջանն անելու է ամեն բան՝ Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի հայերին էթնիկ զտումների ենթարկելու համար։ Ցավոք սրտի, միջազգային հանրությունը շոշափելի քայլեր չձեռնարկեց դա կանխելու համար, իսկ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները մնացին թղթի վրա։ Առաջին օրվանից մենք սերտորեն համագործակցում ենք մեր միջազգային գործընկերների, ՄԱԿ-ի գործակալությունների և տարբեր երկրների հետ։ Օգնության մասին հայտարարել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Եվրոպական միությունը, ԱՄՆ կառավարությունը USAID-ի միջոցով և ՄԱԿ-ի գործակալությունները: Մենք երախտապարտ ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին և մասնավորապես ԵՄ-ին և նրա անդամ երկրներին՝ այս դժվարին օրերին Հայաստանին և արցախահայությանն ուղղված մարդասիրական օգնության համար։ Իսկ ի՞նչ կասեք հայկական մշակութային ժառանգության՝ եկեղեցիների, վանքերի, խաչքարերի մասին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արդեն եղե՞լ է որևէ հայտարարություն կամ գործնական աջակցություն այս մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար: Հայաթափված Լեռնային Ղարաբաղում մնացել է հսկայական պատմական, մշակութային և հոգևոր ժառանգություն, որը լուրջ սպառնալիքի տակ է: Ստեփանակերտի եկեղեցու գմբեթների խաչերն արդեն հանվել են. ցավոք, մեր փորձից գիտենք, թե ինչ է կատարվում հայկական պատմամշակութային ժառանգության հետ, երբ այն հայտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Պարզապես վերցրեք Նախիջևանի օրինակը. Նախիջևանի միջնադարյան խաչքարերի ավերումը, ինչպես նաև 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած ցավալի իրադարձությունները՝ Շուշիի Կանաչ ժամի (Կանաչ եկեղեցու) և Սբ. Ղազանչեցոցի, Հադրութի Սպիտակ Խաչի ավերումը, ինչպես նաև մի շարք գերեզմանաքարերի պղծումը, ցավոք, լավատեսություն չեն ներշնչում։ Հարկապես, երբ այս ամենը տեղի է ունենում, երբ առկա է Միջազգային քրեական դատարանի որոշում, որը պարտավորեցել է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների և այլ աղոթատեղիների, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտների նկատմամբ վանդալիզմի և պղծման գործողությունները»։ Եթե անգամ չեն ավիրվել, աղավաղվել է մշակութային և ճարտարապետական կողոթների հայկական ինքնությունը: Հայերից առգրավվել են միջնադարյան հայ քրիստոնեական մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, ինչպիսիք են Ամարասի վանքը (4-5-րդ դար), Դադիվանքը (9-րդ դար), Գանձասարը (13-րդ դար) և բազմաթիվ այլ հայկական սրբատեղիներ։ Ռաֆայել Լեմկինի ներկայացրած Ցեղասպանության սկզբնական սահմանումը առանցքային տեղ է հատկացրել մշակութային ցեղասպանությանը: Որպես միջազգային իրավունքի իրավական հայեցակարգ՝ մշակութային ցեղասպանությունը մշակվել է որպես ցեղասպանության (այն է՝ խմբի համակարգային և դիտավորյալ ոչնչացման փորձ) ենթակատեգորիա կամ ասպեկտ՝ ֆիզիկական և կենսաբանական ցեղասպանությանը զուգահեռ: Այն ենթադրում էր ինչպես նյութական (օրինակ՝ պաշտամունքի վայրեր), այնպես էլ ոչ նյութական (օրինակ՝ լեզվի) մշակութային կառույցների ոչնչացում։ Սա այն է, ինչի ականատեսն ենք եղել Ադրբեջանում վերջին տասնամյակների ընթացքում և ներկայումս՝ Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանը դեռևս հրաժարվում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ մուտքի իրավունք տրամադրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը՝ կատարելու կարևորագույն մշակութային արժեքների գույքագրում, որն առաջարկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կողմից 2020 թվականի նոյեմբերին՝ որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման։ Ես իսկապես հույս ունեմ, որ այս անգամ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ն, իրավամբ կգործեն իրենց մանդատի շրջանակներում և կկարողանան կանխել նոր մշակութային ցեղասպանությունները։ Այս առումով ես ուզում եմ ընդգծել մի էական կետ. Ադրբեջանը պարզապես չի ոչնչացնում պատմամշակութային ժառանգությունը, Ադրբեջանը մաքրում է հայկական հետքը Լեռնային Ղարաբաղից, քանի որ այս պատմամշակութային ժառանգությունն ամենախոսուն վկայությունն է այն բանի, որ հայերը հազարավոր տարիներ ապրել են Ղարաբաղում: Արցախի Հանրապետության ղեկավարներից մի քանիսը ձերբակալվել են Ադրբեջանի կողմից և մեղադրվել ահաբեկչության մեջ։ Կա՞ հնարավորություն նրանց Հայաստան վերադարձնելու։ Այս գործում միջազգային կառույցից որևէ մեկն աջակցո՞ւմ է Հայաստանի կառավարությանը։ Ահաբեկչության մասին խոսելն ուղղակի հիմարություն է և նույնքան կեղծ, որքան Ադրբեջանի մյուս հակահայկական գործիքները։ Կարծում եմ՝ հայ գերիների և հատկապես Լեռնային Ղարաբաղի ղեկավարների վերադարձը հնարավոր կլինի միայն միջազգային հանրության ուժեղ ճնշման ներքո։ Այս հարցում մեզ աջակցում է միայն ԿԽՄԿ-ն (Կարմիր խաչի միջազգային կոմիտեն) այնքանով, որ այցելում է գերիներին և պարբերաբար տեղեկատվություն փոխանցում նրանց առողջական վիճակի մասին։ Հոկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի ձերբակալված նախկին և ներկա ղեկավարներին։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է պայմանավորված միջազգային հանրության և հիմնական լրատվամիջոցների կողմից Արցախում տեղի ունեցածի նկատմամբ լռությունը կամ ակնհայտ անտարբերությունը: Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը սարսափելի հանցագործություն է: Մարդիկ ոչ միայն ենթարկվել են էթնիկ զտումների, այլև հայրենազրկվել են։ Միջազգային հանրության և հիմնական լրատվամիջոցների լռության պատճառները բազմաշերտ են: Նախ, պարզվեց, որ այսօր, ցավոք, միջազգային հանրության համար ադրբեջանական նավթն ու գազն ավելի կարևոր են, քան հայերն և հայերի՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքները («մենք չենք կարող ձմռանը տաքացնել Եվրոպային»): Բայց սրան զուգահեռ, կարծում եմ, ոչ պակաս կարևոր է, որ աշխարհը հայտնվել է փոփոխությունների և հատկապես բացասական զարգացումների սարսափելի հորձանուտում, և միջազգային հանրությունն ու լրատվամիջոցները չեն կարողանում պատշաճ կերպով արձագանքել բոլոր զարգացումներին։ Աշխարհակարգը բավականին արագ է վերաձևվվում, և արդյունքում միջազգային հարաբերությունները փոխակերպվում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում։ Կարծում եմ՝ խնդիրը գալիս է նրանից, որ ուժի միջոցով հարցեր լուծելը դարձել է նորմ և հանդուրժելի, և դա սարսափելի է, քանի որ այն իրականում երբեք խնդիրներ չի լուծել։ Մենք կարող ենք հայտնվել բաց Պանդորայի արկղի առջև, եթե չխոսենք այս հանցագործությունների դեմ: Խաղաղությունը պատերազմով չի հաստատվում, քանի որ պատերազմը՝ ուժի կիրառումը կամ նույնիսկ ուժի սպառնալիքը, ինքնին միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Չես կարող կարգ ու կանոն հաստատել՝ ոտնատակ տալով այդ կարգի արմատները։ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող այն պնդումը, թե ուժը կարող է ծնել խաղաղություն, տրամաբանության և փիլիսոփայության մեջ հայտնի է որպես argumentum ad absurdum (աբսուրդի փաստարկ): Եվ զարմանալի է, որ այդ երկրի ներկայացուցիչները արտասահմանում կրկնում են այդ պնդումը՝ չհասկանալով, թե որքան զավեշտալի է հնչում այն։ Ադրբեջանն այժմ Հայաստանից պահանջում է Սյունիքով անցնող արտատարածքային միջանցք՝ թուրքական աջակցությամբ և ռուսական պասիվությամբ։ Հաշվի առնելով, որ մինչ այժմ ունեցել է քարտ-բլանշ, ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը կարող է ռազմական ճանապարհով փորձել գրավել այդ միջանցքը: Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հռետորաբանությունը շարունակաբար եղել է ագրեսիվ և ռազմատենչ: Դեկտեմբերի 7-ի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը համաձայնել է ազատ արձակել 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանն իր հերթին՝ երկու ադրբեջանցի զինծառայողի։ Կային նաև այլ փոխադարձ պարտավորություններ։ Ավելին, վերահաստատվել է հարաբերությունները կարգավորելու և տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա խաղաղության համաձայնագիր ձեռք բերելու կողմերի մտադրությունը։ Դա պետք է նշանակի Ադրբեջանից բոլոր գերիների ազատում, ադրբեջանական ուժերի դուրսբերում Հայաստանի օկուպացված տարածքներից (այժմ մոտ 200 քառակուսի կիլոմետր հայկական հող գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ), սահմանազատման աշխատանքների հաջող ավարտ և ցանկացած արտատարածքային միջանցքներ պահանջի մերժում: Այն պետք է ենթադրի նաև «Մեծ վերադարձ Արևմտյան Ադրբեջան» քարոզչական արշավի դադարեցում, որը պետության կողմից հովանավորվող տխրահռչակ նախագիծ է: Դրանով կասկածի տակ է դրվում Հայաստանի գոյությունը և առաջ է քաշվում այն թեզը, թե հայերը եկվորներ են տարածաշրջանում՝ ի հեճուկս բոլոր պատմական ապացույցների: Առհասարակ, սա պետք է ենթադրի Ադրբեջանում Հայաստանի նկատմամբ անհեթեթ կեղծ պնդումների ֆինանսավորման դադարեցում։ Մենք հիմա չենք կարող պատմական բանավեճեր սկսել, բայց չենք կարող նաև թույլ տալ, որ որևէ մեկը կասկածի տակ դնի մեր պատմությունը։ Հայաստանի Հանրապետության համար երկրի տարածքային ամբողջականության պահպանումը կարմիր գիծ է հարցերի խաղաղ կարգավորման ճանապարհին: 2500 տարի է անցել այն ժամանակներից, երբ Թուկիդիդեսն ասել է՝ «ուժեղներն անում են այն, ինչ կարող են, իսկ թույլերը տառապում են այն ամենից, ինչից պետք է տառապեն», և պատերազմի ու խաղաղության կանոնները շատ են փոխվել։ Բացի այդ, հիասքանչ հույն պատմաբանի այդ նույն պատմության մեջ հաճախ փոխարինվում են ուժեղներն ու թույլերը։ Չկան հավերժական հաղթողներ և հավերժ պարտվողներ: Պատմությունը դրա վկան է։ Բայց պատմությունը նաև բազմիցս ցույց է տվել, որ խաղաղություն հնարավոր է ձեռք բերել, երբ կա զիջումների և փոխզիջումների գնալու միտում: Մեզ պետք է տևական խաղաղություն, այլ ոչ թե բռնության մշտական շրջապտույտ: Հետագա ագրեսիայի դեպքում, ի՞նչ եք կարծում, միջազգային արձագանքն ա՞յլ կլինի։ Հաշվի առնելով ուժի կիրառմամբ հարցերը լուծելու և մեղավորների անպատժելիության զգացման ծանր հետևանքները՝ միջազգային հանրությունը պետք է գործադրի բոլոր ջանքերը՝ կանխելու Ադրբեջանի կողմից ցանկացած տեսակի էսկալացիա և ռազմական ագրեսիա։ Առաջադեմ աշխարհը պետք է գիտակցի, որ Հարավային Կովկասի հակամարտությունը արժեքային համակարգերի բախման վառ օրինակ է. մի կողմում ժողովրդավարական Հայաստանն է, մյուս կողմում՝ նավթով հարուստ, բայց ավտորիտար Ադրբեջանը։ Ժողովրդավարության յուրաքանչյուր նոր ձախողում նոր ձախողումներ կբերի աշխարհի մյուս անկյուններում և ավելի կսրի միջազգային անարխիկ իրավիճակը։ Սրան պետք է վերջ դրվի. որքան շուտ, այնքան լավ բոլորի համար: Եթե 2016 և 2020 թվականների ադրբեջանական ռազմական ագրեսիաները պատշաճ արձագանք ստանային, աշխարհն այսօր գուցե այլ լիներ ոչ միայն մեր անմիջական հարևանությամբ, այլև Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ մասերում։ Հայկական կողմը շարունակում է հավատալ, որ չնայած բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն կա, որը կարող է իրականացվել, եթե երկու կողմերն էլ քաղաքական կամք դրսևորեն։ Ինչպես նախկինում բազմիցս ի ցույց է դրվել, Հայաստանն ապացուցել է իր պատրաստակամությունը վերսկսելու բանակցություններին ներգրավվածությունը՝ առաջնորդվելով հետևյալ սկզբունքներով. միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում և հարգանք՝ առանց որևէ երկիմաստության, ապագա սահմանազատման գործընթաց՝ Խորհրդային Միության ամենավերջին վարչական քարտեզների և սահմանների հիման վրա, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակում՝ պետությունների ինքնիշխանության և իրավասության նկատմամբ լիարժեք հարգման հիման վրա և իրավահավասարության ու փոխադարձության սկզբունքներ։Այս նպատակներին հասնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Սա մեր տարածաշրջանային երկրները երկաթուղիներով, ճանապարհներով, մալուխներով, գազատարներով, էլեկտրահաղորդման գծերով միացնելու կամ գոյություն ունեցող կապերն ամրապնդելու ծրագիր է։ Այս պահին ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հետ չունենք գործող ճանապարհ, գործող երկաթուղի, մալուխ, խողովակաշար, էլեկտրահաղորդման գիծ, և առաջարկում ենք այս իրավիճակը դրականորեն փոխել։Հարց․ Ռուսաստանը ձախողել է իր դերը՝ որպես ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) անդամ դաշնակից և միավորվել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Որտե՞ղ են գտնվում Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ.Դեսպան Մկրտչյան․ ՀԱՊԿ-ն, ընդհանուր առմամբ, մեղմ ասած, չի արդարացրել Հայաստանի սպասելիքները: Անկախ նրանից, թե տարբեր կողմերից ինչ խաղարկային խոսքեր են հնչում, փաստ է, որ ՀԱՊԿ պայմանագրային պարտավորությունները չի կատարվել։ Մի կողմից, հայկական տարածքի խախտումը և հայկական տարածքների օկուպացումը երբեք չեն ճանաչվել: Դրանով արդարացվել է անգործությունը: Մյուս կողմից՝ 2020 թվականի հրադադարի մասին հայտարարությունը խախտվել է մի քանի կետերով ստորագրումից մեկ ամիս անց՝ ադրբեջանական կողմի խախտումներով։ Իրավիճակի սրումը կանխելու համար չի ձեռնարկվել որևէ գործնական քայլ: Ավելին, Լաչինի միջանցքի վրա հարձակումները և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը իրականացվել են ռուս խաղաղապահների քթի տակ, այն դեպքում, երբ նրանք պետք է երաշխավորեին միջանցքի և Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը։ Այս բոլոր դեպքերում մենք տեսանք վիթխարի ձախողումներ, և այդ ձախողումները արդարացնելու փորձեր։ Ի՞նչ նոր դաշինքներ կարող է ստեղծել Հայաստանը ապագայի համար։ Հայաստանը զարգացնում է հարաբերությունները բազմաթիվ երկրների հետ: Մենք ընդլայնել ենք գործընկերային համագործակցությունը ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ, գործընկերությունը Հնդկաստանի հետ։ Մենք զարգացնում ենք հարաբերությունները արաբական աշխարհի և Լատինական Ամերիկայի երկրների հետ։ Իսկապես, մեր անմիջական հարևանությունը չափազանց կարևոր է: Մենք հիանալի հարաբերություններ ունենք Վրաստանի և Իրանի հետ, և իրապես, հույս ունենք կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ի վերջո, Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնպես պետք է կարգավորվեն»։
20:22 - 30 դեկտեմբերի, 2023
Հունաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հունաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Դեկտեմբերի 22-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության դեսպան Խրիստոս Սոֆիանապուլոսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Սոֆիանապուլոսին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ դեսպանը առավելագույն ջանքեր կներդնի՝ ուղղված Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամական հարաբերությունների էլ ավելի խորացմանը և ամրապնդմանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգին, այդ թվում՝ ԵՄ հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերին։ Հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումները։ Ընդգծվել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգությունները զսպելու համատեքստում: Անդրադարձ է կատարվել տրանսպորտային և տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերին, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:
19:07 - 23 դեկտեմբերի, 2023
Ստորագրվել են Հայաստան-Հունաստան, Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024-ի ծրագրերը

Ստորագրվել են Հայաստան-Հունաստան, Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024-ի ծրագրերը

Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի են ունեցել հայ-հունական և հայ-կիպրական երկկողմ, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից:   Խորհրդակցություններին հունական կողմից մասնակցել են Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների վարչության պետ, բրիգադի գեներալ Վասիլեոս Յամիսի, իսկ կիպրական կողմից՝ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Ալկիվիադիս Ալկիվիադիսի գլխավորած պատվիրակությունները։   Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Կիպրոսի Հանրապետություն և Հունաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցերի արդյունքները, երկկողմ և եռակողմ համագործակցության ընթացքը, նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։   ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը։ Խորհրդակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են Հայաստան-Հունաստան, Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024 թվականի ծրագրերը, որոնք ներառում են մի քանի տասնյակ միջոցառումներ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
19:28 - 18 դեկտեմբերի, 2023
Սուրեն Պապիկյանը Հունաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է հայ-հունական պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանը Հունաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է հայ-հունական պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն դեկտեմբերի 14-ին մեկնարկել է երկրի խորհրդարանի առջև տեղադրված Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Այնուհետև Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր։Երկուստեք արձանագրվել է համագործակցության զարգացման մեծ ներուժը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել այն զարգացնել նոր թափով՝ ներառելով ռազմատեխնիկական, փորձի փոխանակման, կրթական, ուսումնավարժական, մարտավարական պատրաստության և այլ ուղղություններ։ Հանդիպման ավարտին Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը։ Պաշտպանության նախարարները հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։
17:56 - 14 դեկտեմբերի, 2023
Հունաստանի ԱԳ նախարարը մտադիր է առաջիկայում այցելել Հայաստան
 |armenpress.am|

Հունաստանի ԱԳ նախարարը մտադիր է առաջիկայում այցելել Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետիտիսը հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր է այցելել Հայաստան։ Հունաստանի արտաքին գործերի նախարարն այդ մասին հայտարարել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստի մեկնարկին։  «Մենք այսօր արտաքին հարաբերությունների խորհուրդ ենք եկել ծանր ու կարևոր օրակարգով։ Սկսելու ենք Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների հարցից։ Հունաստանը ողջունում է Հարավային Կովկասում ներկայումս ընթացող խաղաղ գործընթացը։ Հունական պետության ջանքերի շնորհիվ Հայաստանն այսօր հրավիրված է Արտաքին գործերի խորհուրդ՝ ներկայացնելու ավելի լայն տարածաշրջանում կայուն խաղաղությանը միտված դիրքորոշումները։ Ես անձամբ երկար զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ և մտադիր եմ մոտ ապագայում այցելել Հայաստան, ինչպես նաև այսօր հնարավորություն կունենամ տեսնելու երկու երկրների՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին»,- հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարարը։
14:49 - 11 դեկտեմբերի, 2023
Արարատ Միրզոյանը Հունաստանի արտաքին գործերի նախարարին հրավիրել է այցելել Երևան

Արարատ Միրզոյանը Հունաստանի արտաքին գործերի նախարարին հրավիրել է այցելել Երևան

Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը հեռախոսազրույց է ունեցել իր հայ գործընկեր՝ Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին տեղեկացրին Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:   «Պարոն Գերապետրիտիսը ողջունել է Հայաստան-Ադրբեջան համատեղ հռչակագիրը, որտեղ նշվում է գերիների փոխադարձ ազատ արձակման և երկու կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների մասին։   Հունաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հունաստանն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերին։   Պարոն Գերապետրիտիսն իր հայ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների վերջին զարգացումները և տեղեկացրել Հունաստանի և Թուրքիայի միջև երեկ կայացած համագործակցության բարձր խորհրդի արդյունքների մասին։   Իր հերթին Հայաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել պարոն Գերապետրիտիսին Հունաստանի աջակցության համար և ողջունել Հունաստան-Թուրքիա հարաբերություններում առաջընթացը` բնութագրելով այն որպես դրական զարգացում, որը դրական հետևանքներ կունենա տարածաշրջանային կայունության համար:   Պարոն Միրզոյանը Հունաստանի արտաքին գործերի նախարարին հրավիրել է Երևան։ Պարոն Գերապետրիտիսն ընդունել է հրավերը՝ նշելով, որ այն առաջիկայում կկազմակերպվի դիվանագիտական խողովակներով։   Երկու նախարարները կհանդիպեն երկուշաբթի օրը Բրյուսելում, որտեղ Արտաքին հարաբերությունների խորհրդի շրջանակներում՝ Հունաստանի նախաձեռնությամբ, տեղի կունենա ԵՄ ԱԳ նախարարների աշխատանքային նախաճաշ, որտեղ Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրավիրված է՝ որպես պաշտոնական հյուր։   Պարոն Գերապետրիտիսն ընդգծել է, որ Հունաստանը մեծ կարևորություն է տալիս տեղահանված բնակչության հումանիտար կարիքները հոգալու անհարժեշտությանը, ԵՄ-ի և Հայաստանի միջև ինստիտուցիոնալ երկխոսության խթանմանը։   Գերապետրիտիսը հավելել է, որ Հունաստանը ակտիվորեն կնպաստի երկու հարցերին, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերի շարունակականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
20:16 - 08 դեկտեմբերի, 2023
Հունաստանը և Թուրքիան բարեկամության մասին հռչակագիր են ստորագրել

Հունաստանը և Թուրքիան բարեկամության մասին հռչակագիր են ստորագրել

Հունաստանը և Թուրքիան բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների մասին հռչակագիր են ստորագրել վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտնել է Հունաստանի կառավարության ղեկավարը Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Հռչակագիրը, որը մենք հենց նոր ստորագրեցինք՝ լիովին հարգելով երկու երկրների ինքնիշխանությունից բխող իրավունքները, վերահաստատում է մեր միջև բարեկամական հարաբերությունները, սահմանում մեր երկխոսության սկզբունքներն ու ուղենիշները, ինչպես նաև մեր համագործակցության հնարավորությունները և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային մակարդակով»,- ընդգծել է Միցոտակիսը: Նրա կարծիքով՝ Հունաստանն ու Թուրքիան հնարավորություն ունեն հետագայում ընդլայնել երկխոսության օրակարգը, տնտեսական համագործակցությունը և ամրապնդել վստահությունը: Հունաստանի ղեկավարի խոսքով՝ հաջորդ քայլը կարող է լինել սահմանազատման հետ կապված խնդիրների լուծումը: Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի և Հունաստանի միջև չկան խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել: Նա Միցոտակիսին առաջարկել է ամրապնդել վստահությունը երկու երկրների միջև:
20:16 - 07 դեկտեմբերի, 2023
Էրդողանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Աթենք |azatutyun.am|

Էրդողանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Աթենք |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Աթենք: Հունաստանի մայրաքաղաքի միջազգային օդակայանում բարձրաստիճան հյուրերին դիմավորել է արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսը: Այցի ընթացքում նախատեսվում է Հունաստանի հետ ստորագրել փոխգործակցության հուշագրեր և համաձայնագրեր։ Թուրքիայի ղեկավարը նախ կհանդիպի Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուի հետ։ Զուգահեռաբար, հույն նախարարները բանակցություններ կվարեն թուրք գործընկերների հետ՝ քննարկելու ստորագրվելիք փաստաթղթերը։ Պաշտպանության նախարարներն առանձին կհանդիպեն։ Ապա վարչապետի նստավայրում՝ Մաքսիմա պալատում, տեղի կունենա Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Երկու ղեկավարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Նախատեսվում է նաև երկու երկրների համագործակցության բարձրագույն խորհրդի լիագումար նիստը՝ Միցոտակիսի և Էրդողանի գլխավորությամբ։ Անկարայում Աթենքի հետ հարաբերությունների ներկա մակարդակը գնահատում են որպես կայուն և երկխոսության ընդարձակման նոր հնարավորություններ ընձեռող: Աթենքը հուսով է առաջ շարժվել Թուրքիայի հետ քաղաքական երկխոսության, վստահության ամրապնդման միջոցների և երկկողմ համագործակցության դրական օրակարգի զարգացման ճանապարհով:
14:23 - 07 դեկտեմբերի, 2023
Համոզված ենք՝ հարևանների հետ կապված ցանկացած խնդիր կարելի է հաղթահարել. Էրդողան
 |tert.am|

Համոզված ենք՝ հարևանների հետ կապված ցանկացած խնդիր կարելի է հաղթահարել. Էրդողան |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աթենք ժամանելուց 24 ժամ առաջ Kathimerini-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի: Էրդողանը կարևորել է երկկողմ հարաբերություններում «նոր էջ» բացելու իր տեսլականը, որը հիմնված է «երկու կողմի շահելու» սկզբունքի վրա։ «Իմ ընկեր Կիրիակոս, մենք ձեզ չենք սպառնա, եթե դուք չսպառնաք մեզ»,- ասել է Էրդողանը՝ դիմելով Հունաստանի վարչապետին: «Ոչ մի մարտահրավեր անհաղթահարելի չէ երկխոսության և փոխադարձ բարի կամքի հիման վրա», - ասել է Էրդողանը: Միևնույն ժամանակ Էրդողանը պարզաբանել է իր «մենք կարող ենք մի գիշեր հանկարծակի գալ» խորհրդավոր հայտարարությունը՝ նշելով, որ այն վերաբերում է «Թուրքիայի անվտանգությունը վտանգող ահաբեկչական տարրերին»։ «Հունաստանը մեր հարևանն է, և մենք կշարունակենք մնալ հարևաններ. մենք ունենք ընդհանուր աշխարհագրություն և կիսում ենք նույն ծովը։ Մենք շնչում ենք նույն օդը։ Մենք փոխկապակցված ենք մեր անցյալով։ Մեր միջև չլուծված խնդիրներ կան. մեր երկու երկրներն էլ ընդունում են այս իրողությունը։ Սակայն մեզնից է կախված՝ թույլ կտա՞նք արդյոք այս հարցերը լարվածություն և տարաձայնություններ առաջացնել մեր կառավարությունների և մեր ժողովրդի միջև։ Հենց այս համատեքստում ես խոսեցի մեր հարաբերություններում «նոր էջի» և «երկու կողմի շահելու» սկզբունքի մասին։ Այս սկզբունքը բնորոշ է միջազգային հարաբերություններին և դիվանագիտությանը Թուրքիայի մոտեցմանը: Երկխոսության միջոցով սահուն կերպով լուծելով տարաձայնությունները և ընդհանուր լեզու գտնելով՝ մենք բոլորս կարող ենք օգուտներ քաղել:Մենք Հունաստանին երբեք չենք ընկալել որպես թշնամի կամ մրցակից։ Ինչպես ցանկացած ազգ, մենք ընկերներ ենք փնտրում, ոչ թե թշնամիներ: Ես հաճախ եմ ընդգծում մեր համոզմունքը, որ մեր հարևանների, հատկապես Հունաստանի հետ կապված ցանկացած խնդիր կարելի է հաղթահարել:Հունաստանը, կարծես, հասկանում է, որ մենք բարեկամության ձեռք մեկնելու ընդունակ ժողովուրդ ենք», -ասել է Էրդողանը:
13:55 - 06 դեկտեմբերի, 2023
Դեսպան Մկրտչյանը Ստավրոս Կալաֆատիսին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Դեսպան Մկրտչյանը Ստավրոս Կալաֆատիսին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության գլխավոր քարտուղար Ստավրոս Կալաֆատիսին։ Այս մասին տեղեկացրին Հունաստանում Հայաստանի դեսպանությունից: Զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում համագործակցության համատեքստում: ՀՀ դեսպանը վստահություն է հայտնել, որ առաջիկայում ձևավորվելիք Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կդառնա երկու խորհրդարանների միջև բազմակողմանի համագործակցությունն ամրապնդող կամուրջ։ Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգային խնդիրներին։ ՀՀ դեսպանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Անդրադարձ է կատարվել նաև հայ-հունական երկկողմ օրակարգը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով առաջիկայում նախատեսվող քայլերին։ Ստավրոս Կալաֆատիսը, իր հերթին, վերահաստատել է հունական կողմի աջակցությունը Հայաստանին՝ խաղաղության հետապնդման իր օրակարգում։ Պարոն Կալաֆատիսն ընդգծել է ակտիվ շփումների կարևորությունը՝ արձանագրելով դեսպանության ակտիվ գործունեությունն ինչպես քաղաքական, այնպես էլ մշակութային դիվանագիտության առաջմղման առումով։
16:39 - 16 նոյեմբերի, 2023
«Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչվելու դեպքում տարածաշրջանում կապահովվի կայուն խաղաղություն. Տիգրան Մկրտչյանը՝ հույն խորհրդարանականին

«Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչվելու դեպքում տարածաշրջանում կապահովվի կայուն խաղաղություն. Տիգրան Մկրտչյանը՝ հույն խորհրդարանականին

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է «Սիրիզա–Առաջադեմ դաշինք» կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Ֆամելոս Սոկրատիսի հետ։ Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ կողմերն անդրադարձել են երկու բարեկամ ժողովուրդների ամուր կապերին, ինչպես նաև երկկողմ խորհրդարանական հարաբերություններին։ Ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության էլ ավելի ամրապնդման անհրաժեշտությունը: Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, բռնի տեղահանվածների խնդիրները և միջազգային ատյաններում նրանց իրավունքների բարձրացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցերը, ռազմագերիների և մյուս գերեվարված անձանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկի» հայկական տեսլականը, որը կյանքի կոչվելու դեպքում կապահովի կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Այս համատեքստում երկկողմ ընդգծվել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և սուվերենության անձեռնմխելիության հրամայականը։ Իր հերթին հույն խորհրդարանականն ընդգծել է իր կուսակցության պատրաստակամությունը` ակտիվ աջակցելու և սատարելու հայկական կողմին՝ վերջինիս հուզող հարցերի շուրջ՝ ամրապնդելով երկկողմ խորհրդարանական հարաբերությունները: Հանդիպմանը ներկա էին նաև կուսակցության արտաքին հարաբերությունների համար պատասխանատու տիկին Ռենա Դուրուն, ինչպես նաև կուսակցության առաջնորդ՝ Ստեֆանոս Կասսելակիսի դիվանագիտական գրասենյակի ղեկավար պարոն Էվանգելոս Կալպադակիսը։
17:43 - 14 նոյեմբերի, 2023