Սահման

Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստան

 |factor.am|

Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստան |factor.am|

factor.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, դեռ Հայաստան չի ժամանել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ոչ, [ՀԱՊԿ առաքելությունը] դեռ չի ժամանել՝ որքան ես գիտեմ։ Ի վերջո, որոշումը կայացվել է միայն երեկ ուշ երեկոյան, այն (առաքելությունը) դեռ պետք է ձևավորվի, և պետք է հասնել այնտեղ»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Հիշեցնենք՝ երեքշաբթի ՀԱՊԿ խորհուրդը տեսակոնֆերանսի միջոցով անցկացված արտահերթ նիստում որոշել է կազմակերպության առաքելություն ուղարկել Հայաստան՝ գնահատելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրման հետ կապված։ Հաղորդվում է, որ առաքելության կազմում պետք է լինեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներ։
14:40 - 14 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը. վիրավորների թիվն այս պահին 4-ն է. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը. վիրավորների թիվն այս պահին 4-ն է. ՀՀ ՄԻՊ

Առավոտից շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ադրբեջանական հարձակման ենթարկվող համայնքներում։   Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը։ Ըստ ՄԻՊ հավաքագրած տվյալների՝ քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, որոնցից երկուսին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հիվանդանոցում։ Ըստ Պաշտպանի գրասենյակի հավաքագրած տվյալների՝ ադրբեջանական հարձակումից մինչ այս պահը առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ, Ազատ, Այրք, Տրետուք, Կուտակավան, Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Աղիտու, Ակներ, Վերին Շեն համայնքներից։ Տեղահանվածների գերակշիռ մեծամասնությունը կանայք են, երեխաներ, տարեցներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք։   Նշված համայնքների երեխաները, բացի տեղահանմանն ու հոգեբանական դժվար իրավիճակին, զրկված են կրթության իրավունքի իրացման հնարավորությունից։ Ինչպես տեղեկացրել էինք նախորդիվ, Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել էին շտապօգնության տրանսպորտային միջոցների թիրախավորման դեպքեր։     Մեծաթիվ են ապացույցները նաև քաղաքացիական ենթակառուցվածքների՝ անձանց տների, հաղորդակցության, էլեկտրականության ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքների հրետակոծելու, գնդակոծելու և խափանելու վերաբերյալ։   Հատկապես շատ են ավերածությունները Սոթք, Կութ, Քարաշեն, Վերիշեն համայնքներում, համանման փաստեր են հավաքագրվել նաև Գեղամասար, Աղիտու, Սրաշեն ու Նորավան համայնքներում։   Բազմաթիվ են շարունակաբար հարձակման ենթարկվող անձանց նյութական վնասները, մասնավորապես՝ շարժական ու այլ գույքին և ընտանի կենդանիների տեսքով։     Ադրբեջանական հրետակոծության հետևանքով հրդեհներ են բռնկվել մի շարք համայնքներում, հատկապես՝ Սոթքում և Ջերմուկ քաղաքի անտառային հատվածներում՝ ներառելով ավելի քան 9 հա տարածք։ Փրկարարների աշխատանքն առավելապես բարդացնում է փաստը, որ հրդեհի որոշ օջախներ գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության գոտում, իսկ որոշ դեպքերում այդ հատվածներն ակտիվ հրետակոծվում են։     Ադրբեջանական մեդիա տիրույթում հայատյացության արձանագրված մակարդակը, այդ թվում՝ պետական պաշտոնյաների կողմից, շատ վտանգավոր է, և ըստ նախորդիվ փորձի՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից պատերազմական հանցագործությունների կատարման մեծ ռիսկ է գեներացնում։     Պաշտպանի աշխատակազմում ինտենսիվորեն ստացվող ու վերլուծվող տվյալներն ու ապացույցները՝ միջազգային իրավական հիմնավորումներով գրավոր կերպով ուղարկվում են միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարների։  
14:35 - 14 սեպտեմբերի, 2022
Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

Սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության կապակցությամբ՝ նշելով, որ ԵՄ ղեկավարությունը մշտական ​​կապի մեջ է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։  «Իլհամ Ալիևը նշել է, որ լայնածավալ սադրանքն իրականացրել է Հայաստանը, և ընդգծել, որ դրա ողջ պատասխանատվությունն ուղղակիորեն կրում է Հայաստանի քաղաքական-ռազմական ղեկավարությունը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը աջակցում է խաղաղության օրակարգին՝ որպես Բրյուսելում անցկացված քննարկումների շարունակություն: Իլհամ Ալիևը հավելել է, որ չնայած Ադրբեջանը ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր իրավիճակը կայունացնելու և լարվածությունը թուլացնելու համար, Հայաստանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը»,- նշված է հաղորդագրության մեջ; 
14:16 - 14 սեպտեմբերի, 2022
Մևլութ Չավուշօղլուն «կոչ է արել Երևանին երկխոսություն սկսելու Բաքվի հետ»

Մևլութ Չավուշօղլուն «կոչ է արել Երևանին երկխոսություն սկսելու Բաքվի հետ»

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն «կոչ է արել Երևանին երկխոսություն սկսելու Բաքվի հետ»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։  Նրա խոսքով՝ «Երևանը պետք է հրաժարվի նման սադրանքներից՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար»։ Նա հավելել է, որ Բաքուն չէր կարող չպատասխանել Ադրբեջանի հետ սահմանին Հայաստանի գործողություններին, հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։ Թուրքական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում բավականին փխրուն է և հիշեցրել է համապարփակ համաձայնագիր ստորագրելու ադրբեջանական կողմի առաջարկը։ Նա ընդգծել է, որ այդ համաձայնագրին Երևանը երկար ժամանակ չէր համաձայնվում։ Դիվանագետը նշել է, որ Թուրքիայի և Եվրամիության մասնակցությամբ այս հարցով կապ է հաստատվել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև, քննարկումներ են սկսվել սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ։
13:48 - 14 սեպտեմբերի, 2022
Ղազախստանում այլ շահեր էին. Ադրբեջանը ռազմավարական դաշնակից է ՀԱՊԿ անդամ գրեթե բոլոր երկրների հետ. Եղոյան
 |news.am|

Ղազախստանում այլ շահեր էին. Ադրբեջանը ռազմավարական դաշնակից է ՀԱՊԿ անդամ գրեթե բոլոր երկրների հետ. Եղոյան |news.am|

news.am: ՀԱՊԿ-ը իր անդամ յուրաքանչյուր պետության տարածքի նկատմամբ ագրեսիան պետք է դիտարկի որպես իր տարածքի նկատմամբ ագրեսիա եւ պետք է արձագանքի համապատասխանաբար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: «Թե ինչպիսին է ՀԱՊԿ-ի արձագանքը, դուք տեսել եք, ես չեմ ցանկանա շատ պերճախոս գնահատականներ տալ, բայց դա այնպիսին է, ինչպիսին է: Միգուցե այնպիսին է, ինչպիսին կարող էր լինել, այլ ոչ այնպիսին, ինչպիսին չէր էլ կարող լինել»,-ասաց նա: Դիտարկմանը, որ երբ ՀԱՊԿ-ը զորքեր ուղարկեց Ղազախստան, հնչում էին հայտարարություններ, թե առաջին անգամ գործարկվեց ՀԱՊԿ մեխանիզմները, իսկ այս դեպքում ինչու Հայաստանը չկարողացավ նույնը անել, Եղոյանը պատասխանեց. «Միջազգային հարաբերություններում պետությունները, միջազգային կառույցները գործում են իրենց շահերին համապատասխան: Ղազախստանում այլ շահեր էին, այլ դեպք էր, Հայաստանում այլ շահեր են»: Հարցին, թե Հայաստանը ՀԱՊԿ–ին պայմանագրի ո՞ր կետով է դիմել` 2-րդ, թե՞ 4-րդ, Եղոյանը չպատասխանեց` առաջարկելով հարցն ուղղել Անվտանգության խորհրդին. «Դա էական չի, կան միջազգային կառույցներ, որ առանց դիմելու էլ են արձագանքում: Միջազգային հարաբերությունները շահերի մասին են, ոչ թե կետերի: Միջազգային դերակատարները ցանկացած իրավիճակի արձագանքում են ըստռ իրենց շահերի, ոչ թե ըստ դասագրքային կանոնների: Դուք գիտեք, որ Ադրբեջանը ռազմավարական դաշնակից է ՀԱՊԿ անդամ գրեթե բոլոր երկրների հետ»: Ինչ վերաբերում է ռազմական դրություն մտցնելուն, Եղոյանն ասաց, որ ռազմական դրությունը մտցվում է ըստ ռազմական կարիքների: Նա ընդգծեց, որ այս իրավիճակում պետք է բարձրացնել մեր դիմադրողականությունը որպես հասարակությունը, բարձրացնել բանակի մարտունակությունը եւ շարունակել աշխատել բոլոր խաղացողների հետ: Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ միջազգային արձագանքին` Եղոյանը նշեց, որ թե՛ ԱՄՆ–ի, և թե՛ ԵՄ–ի արձագանքն այս անգամ շատ ավելի հասցեական են. դրանցում հստակ արձանագրվում է, որ Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի նկատմամբ ագրեսիան ու Ալիևից պահանջում են դադարեցնել ռազմական գործողությունները։ Նա բավական դրական գնահատեց նաեւ Իրանի, Հնդկաստանի արձագանքները: Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։ Որոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:
13:41 - 14 սեպտեմբերի, 2022
Քաղաքացիների՝ հոսպիտալներին օգնություն փոխանցելու գործընթացը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում․ ՊՆ հայտարարությունը

Քաղաքացիների՝ հոսպիտալներին օգնություն փոխանցելու գործընթացը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում․ ՊՆ հայտարարությունը

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի ֆոնին հաճախակի են դարձել դեպքերը, երբ բազմաթիվ քաղաքացիներ և մասնավոր ընկերություններ, փորձելով օգտակար լինել մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին, սեփական նախաձեռնությամբ տարբեր դեղամիջոցներ և սնունդ են ձեռք բերում՝ այն զինվորական հոսպիտալներին փոխանցելու նպատակով։ Պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում մեր համաքաղաքացիների պատրաստակամությունը՝ հնարավորության սահմաններում օգտակար լինել բանակին։ Այդուհանդերձ, վստահեցնում ենք, որ բոլոր հոսպիտալներն ապահովված են զինծառայողների բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։ Միևնույն ժամանակ, քաղաքացիների՝ հոսպիտալներին օգնություն փոխանցելու գործընթացը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում բուժհաստատության անձնակազմի համար, ինչն այս պահին անցանկալի է, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ 
13:17 - 14 սեպտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին

Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին

ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին՝ տեղեկացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հարձակումների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից: «Նրանք գնդակոծում են հայկական դիրքերը Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի, Ջերմուկի և հարակից բնակավայրերի ուղղությամբ՝ անօդաչու թռչող սարքերի և ականանետների կիրառմամբ»,- մասնավորապես նշված է նամակներում:  ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ադրբեջանական ուժերը նաև միտումնավոր թիրախավորում են քաղաքացիական ենթակառուցվածքները և գնդակոծում: «Հայկական կողմն ունի զոհեր, այդ թվում խաղաղ բնակիչներ են զոհվել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հարձակվելու փորձերը»,- ընդգծված է նամակներում: ԱԺ նախագահը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը համառորեն տեղեկատվական բազա է ստեղծել այդ ռազմական սադրանքի համար՝ ամեն օր կեղծ տեղեկատվություն տարածելով «հայկական կողմի ենթադրյալ գնդակոծության» մասին: Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ այդ պահվածքն ադրբեջանական հայտնի ոճ է, որն ապացուցվել է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո: «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ Հայաստանի կառավարությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) և Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով հղում կատարել Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին երկկողմ պայմանագրին: Ակնհայտ է, որ Ադրբեջանի այսօրինակ աղաղակող և ապօրինի գործողությունները հնարավոր են դարձել  միջազգային հանրության լռության հետևանքով նաև: Նպատակաուղղված արձագանքի և համարժեք գործողությունների բացակայությունն այսօր հանգեցրել է Ադրբեջանի իշխանությունների ավելի սանձարձակ ագրեսիային»,- ամփոփել է Ալեն Սիմոնյանը՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել այդ կենսական հարցը լուծելու համար և նպաստել Ադրբեջանի ագրեսիայի դադարեցմանը, որը խաթարում է ամբողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է Միջխորհրդարանական միության նախագահ Դուարտե Պաչեկոյին և գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին, ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային:
13:16 - 14 սեպտեմբերի, 2022
Լաչինի միջանցքով նոր ճանապարհը կսկսի գործել ապրիլի 1-ից. այնտեղ կտեղակայվեն ռուս խաղաղապահները. Դենիս Գոնչար
 |tert.am|

Լաչինի միջանցքով նոր ճանապարհը կսկսի գործել ապրիլի 1-ից. այնտեղ կտեղակայվեն ռուս խաղաղապահները. Դենիս Գոնչար |tert.am|

tert.am: Մոսկվան ակնկալում է, որ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան աշխատանքային խմբի հաջորդ հանդիպմանը հնարավոր կլինի ձեռք բերել փաթեթային համաձայնություն ճանապարհների կառուցման վերաբերյալ` կենտրոնանալով Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային և ճանապարհային կապի գործարկման վրա՝ հարևան երկրներ հնարավոր մուտքով:Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։Իսկ Հայաստանն ու Արցախը կապող Լաչինի միջանցքով նոր ճանապարհը կսկսի գործել ապրիլի 1-ից. այս մասին ևս ասել է Գոնչարը։ Նրա խոսքով՝  օգոստոսի 30-ից երթևեկությունն ընթանում է Լաչինը (Բերձոր) շրջանցող ժամանակավոր ճանապարհով։«Առանցքային նշանակություն ունի այն, որ Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը չի փոխվի։ Ռուս խաղաղապահները տեղափոխվել են ժամանակավոր ճանապարհին, և մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը նրանք կանցնեն նոր երթուղուն»,- ասել է Գոնչարը։
13:11 - 14 սեպտեմբերի, 2022
Միջազգային արձագանքը չափազանց էական է Ադրբեջանի ագրեսիան զսպելու գործում. Արման Եղոյան


 |armenpress.am|

Միջազգային արձագանքը չափազանց էական է Ադրբեջանի ագրեսիան զսպելու գործում. Արման Եղոյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը վստահեցնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն Ադրբեջանի հարձակման առնչությամբ կապի մեջ են միջազգային գործընկերների հետ, պատգամավորը հատկապես հասցեական է համարում  ԵՄ-ի, Եվրախորհրդարանի գործընկերների արձագանքը: ԱԺ սեպտեմբերի 14-ի նիստում Եղոյանն ասաց, որ նախորդ օրը գիշերվանից պատգամավորներից ամեն մեկն մեր մասով կապի մեջ է միջազգային գործընկերների հետ: «Մասնավորապես ԵՄ-ի մեր գործընկերների, ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահող Մարինա Կալյուրանդի, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերի, ԵԽ Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի և ԵԽ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի արձագանքներն առավել քան հասցեական էին, առավել քան մանրամասն էին»,-ասաց Եղոյանը: Նա համոզված է, որ մասնավոր խոսակցություններում դրանք եղել են էլ ավելի կոշտ, էլ ավելի սուր:  Պատգամավորը միջազգային մյուս գործընկերներին կոչ արեց հետևել այդ ոգուն, թույլ չտալ ագրեսորին հասնել իր նպատակներին: «Իսկ այն, որ միջազգային արձագանքը չափազանց էական է նման ագրեսիա զսպելու գործում, դրանում ես որևէ կասկած չունեմ»,-ասաց նա՝ հորդորելով պահել միջազգային ճնշման մակարդակը:
13:06 - 14 սեպտեմբերի, 2022
Աղոթեք Հայաստանի համար. Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային

Աղոթեք Հայաստանի համար. Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջի միջոցով անդրադարձել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային: Քարդաշյանը «Սթորի» բաժնում կիսել է jkplatinum-ի գրառումը, որում ասվում է, որ մարդիկ կարող են սովորականի պես սկսել օրը. համբուրել երեխաներին և կնոջն ու գնալ աշխատանքի, սակայն, երեկոյան տուն վերադառնալով՝ ստիպված լինել վերցնել ընտանիքի անդամներին և հեռանալ՝  նրանց և սեփական կյանքը փրկելու համար: «Պատկերացրեք՝ ստիպված եք դա անել՝ առանց ֆինանսական միջոցների, տրանսպորտի, առանց ռեսուրսների և որևէ օգնության: Հայաստանը ստիպված չէ պատկերացնել վերոնշյալ իրավիճակը, քանի որ երեկվանից այդ ամենը նրա համար իրականություն է: Եվ միակ նախազգուշացումը բնակիչների տան բակերում  ընկած հրթիռներն են: Աղոթեք Հայաստանի համար»,-ասվում է գրառման մեջ:
13:02 - 14 սեպտեմբերի, 2022
Վերիշենում լույս տասներեքի գիշերը հակառակորդի հրետակոծությունից մի քանի տներ են վնասվել, այսօր գյուղի ուղղությամբ կրակ չի եղել

Վերիշենում լույս տասներեքի գիշերը հակառակորդի հրետակոծությունից մի քանի տներ են վնասվել, այսօր գյուղի ուղղությամբ կրակ չի եղել

Գորիս համայնքի Վերիշեն գյուղի ուղղությամբ հակառակորդն այսօր հրետանի չի կիրառել, կրակոցներ էլ չեն եղել մինչեւ այս պահը։ Հրետանու պայթյուններ գյուղում լսվում են, բայց դրանք հարեւան Ակներ գյուղից ուղղությամբ են, որտեղից ավելի ուշ կհաղորդենք իրավիճակը այդ պահի դրությամբ։ Հակառակորդը Վերիշենը հրետակոծել է լույս տասներեքի գիշերը։ Գյուղում մի քանի տներ են վնասվել։ Հենց պայթյունների ձայները լսվել են, Սամվել Դադունցն իր ընտանիքի հետ պատսպարվել է տան նկուղում, ու արկը ընկել է հենց նկուղի վրա․ Սամվել Դադունցը «Քշերը, որ սկսել ա, հելել ենք նկուղ՝ ապահով տեղ, սպասել ենք, տեսնենք՝ ոնց կլինի, ինչ կլինի, մեկ էլ մի դմբոց եկավ, մառախուղ, թոզ, իրար չէինք տեսնում, մի ձեւ փախանք ուրիշ կողմ»,- պատմում է Սամվել Դադունցը, նրա կինն էլ՝ Եփրասյա Զադայանը, շարունակում․ «Հարսս նկուղի դռան մոտից գոռաց՝ վայ, էս ինչ թափվեց մեր վրա, էդտեղից հեռացանք, արդեն որ մի քիչ հանգստացան, ասինք՝ գնանք, տեսնենք՝ ինչ ա կատարվում։ Էնա մոտիկացանք, լույսը վառեցինք, տեսանք՝ քանդվել ա»։ Եփրասյա Զադայանի նկուղը, որտեղ ընկել է արկը Ընտանիքի անդամները վնասվածքներ, բարեբախտաբար, չեն ստացել։ Վնասվել է տունը, կոտրվել են տան պատուհանները, քանդվել է նկուղի պատը, վնասվել են մեքենաները։ Դադունցը ցույց է տալիս մեքենայի ջարդված մասերը։ Մեր զրույցի պահին մյուս հարեւաններն են դուրս գալիս․ այդ պայթյունից վնասվել են նաեւ կողքի տները, հարեւանների մեքենաները։ Սաիդա ու Սպարտակ Դադունցներն են մոտենում, ցույց են տալիս իրենց մեքենան, որ շարքից դուրս է եկել։ Տիկինը մատնացույց է անում նաեւ ջրի երկաթ մեծ բաքը՝ ամեն թիթեղը՝ մոտ երեք մմ հաստությամբ, որի մի պատից արկի բեկորը ծակել, մյուս կողմից դուրս է եկել․ պատկերացրեք՝ այդ բեկորը հանդիպեր մեկի մարմնին։ Սաիդա եւ Սպարտակ Դադունցները ու նրանց վնասված մեքենան Դադունցների նկուղ ընկած արկի պայթյունի ալիքից շատ է տուժել դիմացի հարեւանի՝ Ռաֆիկ Բակունցի տունը։ Պատկերները նույնն են՝ կոտրված լուսամուտներ, գետնին թափված ապակիներ, ճաքած պատեր, կիսախարխուլ դուռ։ Բակունցը պատմում է, որ ժամը տասներկուսի կողմերը, երբ հակառակորդը սկսել է կրակել, երեխաներին շուտ տարել են ապահով վայր․ «Գիշերը քնից հանեցի, շուտ տարանք երեխեքին, ես ու հարսս էինք մնացել, մենք էլ գնացինք»։  Ռաֆիկ Բակունցը ցույց է տալիս իր վնասված մեքենան Հետո ինքը շուտ բարձրացել է տուն, որ լույսը հանգցնի՝ վառ թողնել չէր կարելի, ու տաք շոր վերցնի, որովհետեւ շատ ցուրտ է եղել գիշերը, ու հենց այն պահին, երբ դռնից դուրս գալիս է եղել, արկն ընկել է Դադունցենց տան մոտ։ Բակունցն ասում է․ «Ես չգիտեմ՝ ինչ կատարվեց իմ հետ էդ պահին, զնգոցը մինչեւ հիմա ականջներիս մեջ ա, գլխիս մեջ էր զնգում, մի կերպ, մի կերպ հասցրի դուրս գամ, վազեմ ապահով տեղ»։ Հետո, երբ խաղաղվել է, եկել է տուն, տեսել՝ ամենը կոտրված, քանդված։ Ռաֆիկ Բակունցի տան պատուհանները Ռաֆիկ Բակունցը ցույց է տալիս բեկորները Վերիշենում մարդիկ շարունակում են ապրել իրենց առօրյայով։ Փոքրիկներ էլ են երեւում բակերում, թեեւ ոմանք անվտանգությունից ելնելով իրենց երեխաներին հանել են գյուղից։ Մեզ ճանապարհելիս Ռաֆիկ Բակունցն ասում է՝ այնպիսի զինվորներ ունենք, որ էլ չասած․ «Մալադեց մեր տղաներին, ամեն ինչ անում են»,- ասում է նա՝ շնորհակալ լինելով, որ եկել ենք, ու մաղթելով՝ «հաջորդ անգամ հարսանիք նկարելու գնաք»։   Գլխավոր լուսանկարում՝ Սամվել Դադունցը   Հայարփի Բաղդասարյան
12:49 - 14 սեպտեմբերի, 2022
Բացի Ջերմուկից և Վերին Շորժայից՝ մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունը էապես թուլացել է․ ՊՆ

Բացի Ջերմուկից և Վերին Շորժայից՝ մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունը էապես թուլացել է․ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե իբր սեպտեմբերի 13-ի, լույս 14-ի գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը։ Սա հերթական ապատեղեկատվությունն է, որը, ինչպես արդեն համոզվել ենք, ծառայում է որպես տեղեկատվական հենք ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ  ռազմական ագրեսիա իրականացնելու համար։ Այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։  Այս գիշեր ադրբեջանական ԶՈՒ-ն, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ, իսկ առավոտից սկսել նաև ինտենսիվ հրետակոծություն, մասնավորապես՝ թիրախավորելով Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը։  Ժամը 12։00-ի դրությամբ հակառակորդի ագրեսիայի մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունը էապես թուլացել է։  Հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում՝ նաև կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութերը, կոչ ենք անում ձեռնպահ մնալ դրանք որևէ կերպ անդրադառնալուց, առավել ևս՝ հրապարակելուց։ 
12:40 - 14 սեպտեմբերի, 2022
«ՄԱԿ-ը երկակի ստանդարտներ է կիրառում»․ բողոքի ակցիա՝  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև
 |hetq.am|

«ՄԱԿ-ը երկակի ստանդարտներ է կիրառում»․ բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև |hetq.am|

hetq.am: Այսօր՝ սեպտեմբերի 14-ի առավոտյան ժամը 9։00-ից ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի առջև քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նրանք պահանջում էին, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչությունն ընդունի նրանց ու լսի իրենց պահանջը։  Ակցիայի մասնակից Էդուարդ Պողոսյանը նշեց, որ իրենց բողոքը հիմանակնում ՄԱԿ-ի կողմից երկակի ստանդարտներ կիրառելու ու լռելու պատճառով է։ Գրասենյակից ակցիայի մասնակիցներին տեղեկացրին, որ պատրաստ են ընդունել 3 ներկայացուցի ու լսել նրանց պահանջը։ «Այսօրվա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը լինելու է բացառապես Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ագրեսիայի մասին, մեր ակնկալիքները չբավարարվեց նրանով, որ մենք կարծում էինք, որ այսօրվա նիստը լինելու է սանկցիաների կիրառման մասին, բայց այն լինելու է զուտ փաստերի ներկայացման ու քննարկման մասին»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից դուրս գալով՝ նշեց ցույցի մասնակից Արմինե Մելքոնյանը։ Շարունակությունը՝ hetq.am-ում  
12:28 - 14 սեպտեմբերի, 2022