Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Ադրբեջանի ներկայացրած այսպես կոչված 5 սկզբունքները Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնական փակելու մասին են․ Վանեցյան

Ադրբեջանի ներկայացրած այսպես կոչված 5 սկզբունքները Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնական փակելու մասին են․ Վանեցյան

Ադրբեջանի ներկայացրած այսպես կոչված 5 սկզբունքները Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնական փակելու մասին են։ Այս մասին այսօր՝ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ընթացքում, հայտարարեց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «2020 թ․-ի սեպտեմբերի ագրեսիայից հետո, որը սանձազերծվեց Ադրբեջանի կողմից, Ադրբեջանը խաղաղության համար նոր պահանջներ է առաջ քաշում, այսպես կոչված 5 սկզբունքներ է ներկայացնում։ Այն, թե ինչի մասին են այդ սկզբունքները, վստահ եմ, բոլորդ ծանոթ եք։ Իմ համոզմամբ՝ դրանք Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնական փակելու մասին են։ Միաժամանակ, չենք կարող ուշադրություն չդարձնել այն միջավայրին, որի ներքո Ադրբեջանի կողմից ձևակերպվում են այս պահանջները․ հոգեբանական ահաբեկում սահմանամերձ գյուղերի մեր հայրենակիցների նկատմամբ, հումանիտար աղետ Արցախում, սահմանային լարվածության աճ, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներ,  տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառում հայկական բնակավայրերի և դիրքերի ուղղությամբ»։ Վանեցյանի խոսքով՝ սա  դասական իմաստով հարկադրանքի քաղաքականություն է՝ զինանոցում առկա գրեթե բոլոր տարբերակների օգտագործմամբ․ «Բաքվի կողմից իրականացվող այս հարկադրանքի քաղաքականությանը սահուն կերպով միացել է և աջակցում է նաև Ադրբեջանի ավագ եղբայրը՝ Թուրքիան, ինչի ամենաթարմ վկայությունը Հայաստանի արտգործնախարարի այցն էր Անթալիա և այդ այցին հաջորդած Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները առ այն, որ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի առաջարկները»։ Վանեցյանը նշեց՝ այս ամենին ի պատասխան Երևանը շարունակում է խոսել այսպես կոչված խաղաղության դարաշրջան բացելու մասին․ «Առավել քան զավեշտալի են իշխանությունը ներկայացնող տարբեր պաշտոնյաների արձագանքները սահմանային խախտումներին և Արցախում ստեղծված սոցիալական հումանիտար անելանելի իրավիճակին։ Նույնքան զավեշտալի և անընդունելի է Հայաստանի այսօրվա իշխանությունների դիրքորոշումը Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերի կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ պահանջների վերաբերյալ։ Տրամաբանական հարց է առաջանում․ պատասխանե՞լ եք այդ հինգ պահանջներին, թե՞ ոչ։ Եթե պատասխանել եք ադրբեջանական առաջարկին, ի՞նչ տրամաբանությամբ եք հրաժարվում հանրայնացնել այն, ո՞րն է նպատակը։ Ավելին՝ ՀՀ իշխանությունները պատրատակամություն են հայտնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերալ բանակցությունները կազմակերպելու համար դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ Չգիտե՞ն արդյոք մեր պաշտոնյաները, որ ԵԱՀԿ ՄԽ-ն չունի նման մանդատ, չե՞ն հասկանում  արդյոք, որ այդկերպ Արցախը գործընթացից դուրս թողնելով անդառնալի սխալ են գործում, թե՞ հերթական անգամ ադրբեջանական օրակարգն են սպասարկում»։ Խոսելով «Պատիվ ունեմ»-ի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության մասին՝ Վանեցյանն ասաց՝ անհրաժեշտ է լուծումներ գտնել մի իրավիճակում, երբ «Հայաստանում ամենօրյա կտրվածքով ճակատագրական որոշումներ են կայացնում, բանակցություններ են վարում, պայմանավորվածություններ են ձեռք բերում մարդիկ, որոնք մեզ բոլորիս միգուցե միտումնավոր, միգուցե չհասկանալով բերեցին և հասցրեցին այս աղետալի վիճակին»։ Վանեցյանի խոսքով՝ կա այդ  գործընթացների մասին պարբերաբար թարմացվող հաշվետվություն ստանալու հիմնավորված ու արդարացի պահանջ․ «Այս օրենսդրական նախաձեռնությունը կոչված է ծառայելու հենց այս նպատակին։ Կփոխվի՞ արդյոք սրանով հանրության թիկունքի հետևում գաղտնի պայմանավորվածությունների գնալու իշխանությունների քաղաքականությունը։ Գուցե և ոչ ամբողջապես, բայց այս գործիքակազմը նախ հնարավորություն կստեղծի հաշվետվողականության նոր էլեմենտ առաջ բերելու, և ամենակարևորը՝ այն հնարավորություն կընձեռի նաև հանրության համար այս կամ այն  չափով մասնակիցը դառնալու տեղեկացված լինելու իր ճակատագրին, ապագային վերաբերվող գործընթացներին»։ Պատգամավորն ընդգծեց՝ օրինագիծը չի կարող լուծել այսօր առկա բոլոր խնդիրները․ «Բազմիցս ենք նշել, որ դրանց լիարժեք լուծումը հնարավոր է միայն մի տարբերակով․ այս իշխանությունների հեռացմամբ և Հայաստանի ու  Արցախի ազգային-պետական շահերով առաջնորդվող նոր իշխանության ձևավորմամբ։ Այնուամենայնիվ, այսօրվա պայմաններում օրենքը թույլ կտա լրացուցիչ մեխանիզմներ կյանքի կոչել՝ հայության թիկունքում որոշումներ կայացնելու և պայմանավորվածությունների գնալու իշխանությունների ձեռագիրը նվազագույնի հասցնելու նպատակով»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով առաջարկում է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարել։ Այդ նախագծով նախատեսվում է, որ արտաքին գործերի նախարարը տարեկան չորս, իսկ վարչապետը երկու անգամ Ազգային ժողով ներկայացնեն զեկույց՝ ՀՀ անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների, վարվող բանակցությունների և ձեռք բերված կամ հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ: Նախագծի քննարկմանն էլ վերաբերում են խորհրդարանական լսումները։
13:12 - 21 մարտի, 2022
Արցախի նախագահն ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նախագահն ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, խորհրդակցությունը նվիրված է վերջին օրերին Հանրապետության տարածքում ձյան աննախադեպ տեղումների հետևանքով առաջացած խնդիրներին։ Մայրաքաղաք Ստեփանակերտում տիրող իրավիճակը, խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները ներկայացրել է քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Քաղաքապետի խոսքով՝ համայնքային և մասնավոր ընկերությունների ռեսուրսների համատեղմամբ քաղաքային իշխանություններն անում են հնարավորը ձնամաքրումն արդյունավետ իրականացնելու համար, սակայն մայթերի՝ ձյունից և սառույցից մաքրումը շարունակում է մնալ ամենադժվար մարտահրավերներից մեկը։ Դավիթ Սարգսյանը նշել է նաև, որ մարտի 21-ից, երկօրյա դադարից հետո, մայրաքաղաքի հանրային տրանսպորտը նորից աշխատում է բնականոն ռեժիմով։ Համապատասխան ոլորտներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։ Նախագահը հատուկ անդրադարձ է կատարել կրթական ոլորտին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում դպրոցներում դասապրոցեսի մեկնարկը պետք է հետաձգվի։ Երկրի ղեկավարը հանձնարարել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ակտիվացնել համայնքներ տանող ճանապարհների անցանելիությունն ապահովելու ուղղությամբ աշխատանքները, իսկ քաղաքաշինության նախարարին՝ ձնամաքրման գործընթացին առավելագույնս ընդգրկել նաև մասնավոր շինարարական կազմակերպություններին։ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ուժերով։ Այս առումով երկրի ղեկավարը հանձնարարել է, որ մարտի 21-ից ձնամաքրման միջոցառումներին միանան պետական համակարգի աշխատակիցները, և կոչ արել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին ու քաղաքացիներին ևս ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն՝ ներգրավվելով իրականացվող աշխատանքներին։
12:14 - 21 մարտի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն  պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի հղած բողոքի նոտային՝ Շուշիում կազմակերպված միջոցառմանը ՄԱԿ գրասենյակի ներգրավման վերաբերյալ

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի հղած բողոքի նոտային՝ Շուշիում կազմակերպված միջոցառմանը ՄԱԿ գրասենյակի ներգրավման վերաբերյալ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի հղած բողոքի նոտային՝ Շուշիում կազմակերպված միջոցառմանը ՄԱԿ գրասենյակի ներգրավման վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, Աբդուլաեւան նշել է, որ «Արդրբեջանի ինքնիշխան տարածքներում» ցանկացած միջոցառման կազմակերպումը եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչների մասնակցությունը Հայաստանի իրավասության մեջ չէ։  «Հայաստանի միջամտությունն այլ պետության ներքին գործերին անհիմն է եւ անընդունելի»,-ասել է Աբդուլաեւան։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն մարտի 19-ին Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային հրավիրել էր ՀՀ արտաքին գործերի նախարարություն եւ պահանջել Միավորված ազգերի կազմակերպությունից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։ Սրան արձագանքել էր նաեւ Արցախի Հանրապետության Պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ դատապարտելով ՄԱԿ ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի եւ մասնակցությունը ադրբեջանական սադրանքին։
21:09 - 20 մարտի, 2022
Ստեփանակերտում գրանցվել է շմոլ գազից թունավորման դեպք

Ստեփանակերտում գրանցվել է շմոլ գազից թունավորման դեպք

Մարտի 20-ին ժամը 14:20-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 14:10-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ Ն.Հ.-ն (ծնված 1951թ.) և Մ. Պ.-ն (ծնված 1992 թ.) իսկ ժամը 14:20-ին նույն հասցեի բնակիչ՝ Մ. Հ.-ն (ծնված 1969թ.): Այդ մասին ասված է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության Ֆեյսբուքի էջում։   «Մեկնած տեղամասային տեսուչ Հ. Ադամյանը պարզվել է, որ նշված անձինք թունավոորումը ստացել են նույն օրը ժամը 13:40-ի սահմաններում իրենց տան բաղնիքում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից: Նրանցից 2-ի առողջական վիճակը բավարար է, իսկ Ն.Հ.-ին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:   ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է՝   Մշտապես պահպանել բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները, առավելապես ջեռուցման ժամանակաշրջանում, իսկ գազասպառման համակարգի կամ գազօգտագործող սարքերի հետ կապված ցանկացած խնդրի առաջացման դեպքում անմիջապես դիմել շուրջօրյա գործող վթարակարգավարական ծառայություն ՝1–04 հեռախոսահամարով»- նշված է գրառման մեջ:  
18:29 - 20 մարտի, 2022
Արցախը ՀՀ-ի հետ կապող միջպետական մայրուղու Սիսիան-Զանգեր-Սարավան հատվածը փակ է

Արցախը ՀՀ-ի հետ կապող միջպետական մայրուղու Սիսիան-Զանգեր-Սարավան հատվածը փակ է

Արցախի ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումները Հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում են: Ասկերան քաղաքի ճանապարհը բաց է: Փակ են Խաչմաչ, Սարդարաշեն, Ներքին Սզնեք, Ռև, Հիլիս, Վարդաձոր համայնքների ճանապարհները, մյուս համայնքներում՝ երթևեկությունը՝ դժվարանցանելի է:Ձյան շերտը շրջանում կազմում է 80-100 սմ: Մարտակերտի շրջանում միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, ձյան շերտն այստեղ կազմում է 40-50 սմ, իսկ Մարտակերտ քաղաքում՝ 10 սմ: Մարտունու շրջանում փակ են Կարմիր շուկա, Հացի, Հերհեր, Սոս, Մուշկապատ, Ավդուռ, Գիշի, Բերդաշեն, Ծովատեղ, Խերխան, Կաղարծի, Կավահան, Կոլխոզաշեն և Հաղորտի համայնքների ճանապարհները: Ձյան շերտի բարձրությունն այստեղ կազմում է 1մ- 1,50 մ: Մարտունի քաղաքը և մյուս համայնքները դժվարանցանելի են: Ստեփանակերտը շրջաններին կապող միջշրջանային ճանապարհները տեղ-տեղ անանցանելի է, առկա է նաև ցածր հորիզոնական տեսանելիություն: Փակ է ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սիսիան-Զանգեր-Սարավան հատվածը: Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում հնարավորինս սահմանափակել երթևեկությունը, բացառել դժբախտ ելքով դեպքերն ու պատահարները:
14:03 - 20 մարտի, 2022
Դատապարտելի է ՄԱԿ ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և մասնակցությունը ադրբեջանական սադրանքին. Արտակ Բեգլարյան

Դատապարտելի է ՄԱԿ ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և մասնակցությունը ադրբեջանական սադրանքին. Արտակ Բեգլարյան

Խիստ դատապարտելի է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում անցկացված միջոցառումը՝ նվիրված ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-րդ տարեդարձին: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:   «Էլ ավելի դատապարտելի է ՄԱԿ մարմինների ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և մասնակցությունը ադրբեջանական սադրանքին:   Եվ ՄԱԿ չափազանց հումանիստ ու արժեքահեն պաշտոնյաները այդ սադրանքը կատարում են հետևյալ պայմաններում՝   1. ՄԱԿ-ի ոչ մի պաշտոնյա այդպես էլ չայցելեց Արցախ՝ պատերազմի ու հետպատերազմյան տառապանքներն ու ադրբեջանական վայրագությունները արձանագրելու և կանխելու նպատակով,   2. 40000 տեղահանված, որից 5000 շուշեցի, զրկված են իրենց հայրենի տներից ու բազմաթիվ այլ իրավունքներից, իսկ ՄԱԿ-ը շարունակում է Արցախի մեկուսացման ադրբեջանական քաղաքականությունը.   3. նույն օրերին նույն Շուշիում վնասված էր Արցախի միակ գազատարը, և ադրբեջանական կողմը դիտավորյալ ձգձգում էր վերականգնումը՝ հարուցելով 100 000 մարդու լրացուցիչ տառապանքներ, իսկ ՄԱԿ-ը լուռ էր:   Սրա՞նք են ձեր դավանած արժեքները, թե՞ խավիարն ու նավթադոլարները»,- գրել է Արցախի պետնախարարը:  
19:11 - 19 մարտի, 2022
Ստեփանակերտում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքը

Ստեփանակերտում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքը

Արցախի Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով Ստեփանակերտում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքը: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից: Նշվում է, որ մարտի 19-ի վաղ առավոտից Ստեփանակերտում սկսվել են ձնամաքրման աշխատանքները, որոնցում ընդգրկված են քաղաքապետարանին ենթակա համապատասխան համայնքային ընկերությունները՝ իրենց մարդկային ու տեխնիկական ներուժով: «Քաղաքային իշխանությունները խնդրում և հորդորում են անշարժ գույքի բոլոր սեփականատերերին մասնակցել այդ աշխատանքներին՝ մաքրելով իրենց տնօրինության տակ գտնվող օբյեկտների և դրանց հարակից ընդհանուր օգտագործման տարածքները: Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների՝ առաջիկա օրերին ևս սպասվում է առատ ձյուն, ուստի, յուրաքանչյուր քաղաքացու ներգրավումը ձնամաքրման միջոցառումներին՝ ցանկալի և ողջունելի է»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:08 - 19 մարտի, 2022
Մարտի սկզբից բարձրաստիճան որևէ պաշտոնյա, անվտանգային նկատառումներից ելնելով, իր ընտանիքը Հայաստան չի տեղափոխել․ Արցախի ԱԱԾ

Մարտի սկզբից բարձրաստիճան որևէ պաշտոնյա, անվտանգային նկատառումներից ելնելով, իր ընտանիքը Հայաստան չի տեղափոխել․ Արցախի ԱԱԾ

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը Արցախի նախագահի համապատասխան հանձնարարականի կատարման արդյունքների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, սույն թվականի մարտի 12-ից սկսած՝ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը ուսումնասիրություններ է կատարել արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում վերջին օրերին ձևավորված լարվածության շրջանում տարածված այն տեղեկությունների իսկությունը պարզելու ուղղությամբ, համաձայն որոնց՝ անվտանգությունից ելնելով որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց ընտանիքները Արցախից տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սույն թվականի մարտ ամսվա սկզբներից առ այսօր բարձրաստիճան որևէ պաշտոնատար անձ անվտանգային նկատառումներից ելնելով ժամանակավոր կամ երկարատև բնակության համար ընտանիքը Հայաստանի Հանրապետություն չի տեղափոխել: Պարզվել են բացառիկ մի քանի դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընտանիքի անդամներից մեկը ՀՀ էր մեկնել ուսման, մեկ ուրիշը՝ բուժման, մեկ այլ դեպքում աշխատանքային գործուղման նպատակով, սակայն դրանք որևէ առնչություն չեն ունեցել Արցախի շուրջ ձևավորված լարվածության հետ: Հատկանշական է, որ պաշտոնատար անձանց կողմից ընտանիքները Արցախից հանելու ենթադրյալ դեպքերի մասին հրապարակումների հիման վրա ուսումնասիրություն սկսելու մասին ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը նախապես իրազեկել էր հանրությանը, սակայն նույնիսկ դրանից հետո որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ծառայությանը նման բնույթի տեղեկություններ չեն հաղորդել: Վերոգրյալի հիման վրա՝ ազգային անվտանգության ծառայությունը կրկին անգամ խնդրում և հորդորում է զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է բերել ներքին պառակտման, հանրության շրջանում անհամերաշխության կամ միմյանց նկատմամբ թշնամության կամ ատելության ձևավորման:
16:51 - 18 մարտի, 2022
Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է «2022-ի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» զեկույց

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է «2022-ի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» զեկույց

Հրապարակել ենք «2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) միջանկյալ զեկույցը, որն ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Զեկույցում հակիրճ անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության կյանքի, առողջության, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ կատարված ոտնձություններին։ Առաջին բաժնում ներկայացվել են փաստեր 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Արցախի Հանրապետության սահմանային դարձած բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ 2022թ. մարտի 7-ից մինչև 12-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմն Արցախի տարբեր հատվածներում կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ՝ արցախյան կողմի ուղղությամբ արձակելով 57 արկ: Այդ ընթացքում հրադադարի ռեժիմը շարունակաբար խախտվել է նաև հրաձգային միջոցներից՝ թիրախավորելով նաև բնակելի տներ ու այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ: Վիրավորում է ստացել մեկ քաղաքացիական անձ։ Երկրորդ բաժնում ներկայացվել են Արցախի տարածքում Ադրբեջանի կողմից գազամատակարարման խափանման հումանիտար հետևանքները։ Հանրապետության դպրոցների 65 %-ը ջեռուցվում են գազի օգտագործմամբ, որում կրթություն է ստանում աշակերտների ընդհանուր թվի 60%-ը։ Պատշաճ ջեռուցում ապահովելու անհնարինությամբ պայմանավորված՝ դադարեցվել են դասերը բոլոր հանրակրթական դպրոցներում։ Մանկապարտեզներում երեխաների հաճախելիությունը կազմում է 22%: 12 մանկապարտեզներ ընդհանրապես դադարեցրել են գործունեությունը, իսկ մի մասը աշխատում է կես օրով։ Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, արվեստի դպրոցների, բժշկական և երաժշտական քոլեջների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների 90%-ը ևս ջեռուցվում են գազի օգտագործմամբ, որոնք ևս ամբողջովին դադարեցրել են իրենց գործունեությունը։ Առողջապահական կազմակերպությունների և հիվանդանոցների 70%-ը ջեռուցվում են գազի կիրառմամբ, որոնցում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 419 քաղաքացի, այդ թվում մանկական հիվանդանոցում 46 երեխա, իսկ ծննդատանը 51 նորածին և մայրերը։ Տնտեսական գործունեություն ծավալող հարյուրավոր ձեռնարկատերեր ևս մեծ կորուստներ են ունենում գազամատակարարման խափանման հետևանքով։ Հատկապես մեծապես տուժել են գազալցակայանները, իսկ նրանց աշխատակիցները մատնվել են պարապուրդի, տուժել են նաև գազամատակարարման օգտագործմամբ աշխատող ջերմոցներն ու ջերմատները։Երրորդ բաժնում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող հոգեբանական ահաբեկչության դրսևորումներն ու տեղեկատվական հարձակումները, որոնք միտված են ուժի կիրառման սպառնալիքի ներքո վախի և հուսալքության մթնոլորտ ձևավորելու խաղաղ բնակչության շրջանում և հարկադրելու մարդկանց լքելու իրենց բնակավայրերը։ Զեկույցը պատրաստվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների, տարբեր համայնքներ, կրթական ու առողջապահական հիմնարկներ, քաղաքացիների բնակավայրեր կատարած այցերի, քաղաքացիների հետ ունեցած առանձնազրույցների, պետական լիազոր մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա և նպատակ է հետապնդում փաստագրելու Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտման դեպքերն ու դրանց տարաբնույթ դրսևորումները և միջազգային կառույցների ու իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելու Արցախում ստեղծված իրավիճակին։ Զեկույցը՝ այստեղ։
16:07 - 18 մարտի, 2022
Խրամորթը վերադառնում է բնականոն կյանքին |azatutyun.am|

Խրամորթը վերադառնում է բնականոն կյանքին |azatutyun.am|

azatutyun.am: Խրամորթից տեղահանված կանայք, երեխաները քիչ-քիչ վերադառնում են գյուղ, լարվածությունը թուլացել է, ասում է Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը։ «Հիմա էս քանի օրը հանգիստ ա, վերադառնում են երեխաները, մեծերը, կանայք։ Գյուղում էլ կյանքը բնականոն հունով, նորմալ իրանց բնականոն կյանքով ապրում են», - նշեց Ապրեսյանը։ Շուրջ մի ամիս է Արցախի այս գյուղն ադրբեջանցիների թիրախում էր՝ Խրամորթի ուղղությամբ կրակում էին նաև ականանետից։ Մեկ շաբաթ առաջ իր տան բակում խաղաղ բնակիչ վիրավորվեց ադրբեջանական ականի պայթյունից. կանայք, երեխաները ստիպված հեռացան գյուղից։ Խրամորթցիներին հատկապես տագնապի էր մատնել այն, որ ադրբեջանական կողմն իրենց դիրքերին զինտեխնիկա էր մոտեցրել: Օրեր առաջ գյուղում ռուս խաղաղապահները մշտական հենակետ տեղակայեցին, վարչակազմի ղեկավարի խոսքով՝ դրանից հետո լուրջ միջադեպեր չեն եղել։ Միայն ձայնագրված սպառնալիքներն է, որ չեն լռում․ - «Լինում են՝ արանքում երգեր-բան միացնում են իրանք, բայց արդեն ուշադրության չի էլի արժանանում»։
10:55 - 18 մարտի, 2022
Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել

Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել

 Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքներն Արցախում դեռևս չեն ավարտվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը: «Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ մեկնարկել են վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։  Առաջիկա ժամանակահատվածում հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ»,- նշված է հաղորդագրության մեջ: Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ գազամատակարարումը վերականգնվելու է հնարավորինս կարճ ժամանակահատվածում:
20:05 - 17 մարտի, 2022