Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

ՀՀ ՄԻՊ-ը Նաթիա Նացվլիշվիլիին է ներկայացրել Արցախում ադրբեջանական կողմի հրահրած գործողությունների հետևանքները

ՀՀ ՄԻՊ-ը Նաթիա Նացվլիշվիլիին է ներկայացրել Արցախում ադրբեջանական կողմի հրահրած գործողությունների հետևանքները

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Պաշտպանը, ողջունելով միջազգային գործընկերներին ՄԻՊ գրասենյակում, բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԻՊ աշխատակազմի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը՝ միաժամանակ ընդգծելով նոր մարտահրավերներով պայմանավորված առաջնահերթություններով համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը: Նաթիա Նացվլիշվիլին իր հերթին շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձման կապակցությամբ և նշել, որ մեծ հնարավորություն է տեսնում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ ամրապնդման տեսանկյունից: Համագործակցային հարցերի քննարկումից առաջ Պաշտպան Գրիգորյանը Նաթիա Նացվլիշվիլիին ներկայացրել է Արցախում տիրող փաստացի իրադրությունը՝ կապված ադրբեջանական կողմի հրահրած սադրանքներով, որի հետևանքով հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: Քրիստիննե Գրիգորյանն շեշտել է, որ մարդու իրավունքները համընդհանուր են։ Պաշտպանը, ներկայացնելով ադրբեջանական կողմի հանցավոր ու էթնիկ ատելությամբ մոտիվացված գործողությունների ժամանակագրությանը, ընդգծել է, որ Արցախում ապրող 100 000-ից ավելի հայ ազգաբնակչությունն ըստ էության զրկված է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային բոլոր երաշխիքներից, ինչը թերևս դրդում է Ադրբեջանին էլ ավելի սանձարձակ ու հակամարդկային գործողությունների: Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել Պաշտպանի ներկայացրած մանրամասն  դիտարկումների համար և նշել, որ բարձրացված մտահոգությունները կհաղորդվեն ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ: Համագործակցային օրակարգի շրջանակում Պաշտպան Գրիգորյանն ու Նաթիա Նացվլիշվիլին քննարկել են ՄԻՊ աշխատակազմի կարողությունների (մարզային ծառայությունների ընդլայնման) զարգացման, հետազոտական կարողությունների հզորացման, գենդերային հավասարության, խտրականության բոլոր ձևերի, ինչպես նաև ատելության խոսքի բացառմանն ուղղված մի շարք հարցեր: Ամփոփելով հանդիպումը՝ կողմերն առկա համատեղ ծրագրերը շարունակելու և համագործակցության նոր ուղղություններ նախանշելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել:
18:44 - 25 մարտի, 2022
Արման Թաթոյանը ՄԱԿ-ի և ԵԽ-ի գրասենյակներ գրավոր փաստեր է փոխանցել Արցախում ադրբեջանական զինված ուժերի գործողությունների մասին

Արման Թաթոյանը ՄԱԿ-ի և ԵԽ-ի գրասենյակներ գրավոր փաստեր է փոխանցել Արցախում ադրբեջանական զինված ուժերի գործողությունների մասին

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դիմել է ՄԱԿ-ի ու ԵԽ գրասենյակներ ու փաստեր է ներկայացրել Արցախում ադրբեջանական զորքերի գործողությունների առնչությամբ։ Թաթոյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակներ գրավոր ձևակերպված փաստեր եմ փոխանցել, այդ թվում` քննարկմամբ այն մասին, որ Արցախում ադրբեջանական զինված ուժերը` 1) թիրախային կրակոցներ են արձակում գյուղերի, մարդկանց տների վրա՝ որպես համակարգված քաղաքականություն. 2) ուժ կիրառելու սպառնալիքով ստիպում են մարդկանց լքել իրենց հայրենի տները, բնակավայրերը, տեղի են ունենում խաղաղ բնակիչների հոգեբանական ահաբեկումներ. 3) դիտավորությամբ գազից, ջեռուցումից ու տաք ջրից զրկել են ողջ Արցախը, 100,000-ից ավել խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, երեխաների ու տարեցների հաստատություններ: Տեղադրել են փական՝ մարդկանց շանտաժի ենթարկելու համար. 4) այս արարքների և ներխուժումներով, բնակավայրերի անվտանգության խաթարումով առաջ են բերել նոր բռնի տեղահանված խաղաղ բնակիչներ: Ամեն ինչ անում են, որ խաղաղ կյանքը բնակավայրերում չվերականգվի. 5) այսօր արդեն սպանել են Արցախի պաշտպանության բանակի երկու և վիրավորումներ հասցրել մի շարք զինծառայողների, որոնք պաշտպանում են խաղաղ բնակիչներին ադրբեջանական հանցավոր արարքներից և այլն:Այս փաստերը հիմնավորում են Արցախում ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը: Հիմա հատկապես պետք է միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից: Չի կարելի անտեսել մարդու իրավունքները, մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական իշխանություններն իրենց ցեղասպան քաղաքականությունն իրականացնում են հենց Արցախի մեկուսացումով»:
18:38 - 25 մարտի, 2022
Ադրբեջանի սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը. Էդուարդ Աղաջանյան

Ադրբեջանի սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը. Էդուարդ Աղաջանյան

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մարտի 25-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ հատկապես ՀՀ անկախության ձեռք բերումից հետո բազմաթիվ հարցերում մեր երկրին ու հայ ժողովրդին մշտապես աջակցելու համար: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ բանաձևերն ու կոչերը: Խոսելով երկկողմ փոխգործակցությունից` կողմերը փաստել են, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Այս համատեքստում Էդուարդ Աղաջանյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված` «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի անցկացումը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը: Որպես ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ` Էդուարդ Աղաջանյանը արժևորել է բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցության զարգացումը: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին` հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը: Էդուարդ Աղաջանյանի խոսքով` Ադրբեջանի սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը, ինչպես նաև Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ամրագրված պարտավորությունները: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ օրակարգային կարևորագույն խնդիրներից է ռազմագերիների և այլ գերեվարված անձանց վերադարձը հայրենիք, որը մարդասիրական խնդիր է: Դեսպանը վերահաստատել է, որ երկու երկրների իշխանությունների միջև առկա է արդյունավետ երկխոսություն: Անն Լույոն խոսել է խորհրդարանների միջև համագործակցության խորացման կարևորության մասին, բարձր գնահատել Հայաստանում ժողովրդավարացման գործընթացը:
15:56 - 25 մարտի, 2022
Էդուարդ Աղաջանյանը ՌԴ-ից ակնկալում է գործնական արդյունք՝ փարատելու հանրության շրջանում որոշ կասկածները

 |armenpress.am|

Էդուարդ Աղաջանյանը ՌԴ-ից ակնկալում է գործնական արդյունք՝ փարատելու հանրության շրջանում որոշ կասկածները |armenpress.am|

armenpress.am: Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում Ռուսաստանի հետ հարաբերվելու կամ համագործակցելու հնարավորությունները սպառված չեն և գործնականում աշխատանքները շարունակվում են: Մարտի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: «Առնվազն սպառված չի ՌԴ խաղաղապահների արդիականությունը վերջիններիս պատասխանատվության ներքո գտնվող տարածքում: Եվ, կարծում ենք, որ վերջիններիս հետ հնարավոր է, այնուամենայնիվ, լուծումներ գտնել և հասնել այն կետին, որպեսզի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից բխող պարտավորվածությունները բոլոր կողմերը իրականացնեն, այդ թվում` ՌԴ խաղաղապահները»,- ասաց Աղաջանյանը: Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյոք Արցախում ՌԴ խաղաղապահների ներկայությունը որևէ ազդեցություն գործնականում չի ունենում, Աղաջանյանն ասաց, որ , առնվազն սոցիալական ցանցերին հետևելով,  տպավորություն ունի, որ հանրության բավականին լայն շերտերի մոտ որոշ կասկածներ կան այդ գործընթացների հետ կապված: «Այդ թվում նաև կան հարցեր և հարցադրումներ առ այն, թե արդյոք հնարավոր է, որ սա տեղի է ունենում ադրբեջանցիների և խաղաղապահների միջև որոշակի պայմանավորվածությունների արդյունքում: Ես անձամբ չէի ուզի այդպես կարծել և որևէ հիմք կամ նույնիսկ ցանկություն չունեմ այդ ուղղությամբ մտածել, բայց ,կարծում եմ, որ սա ևս մի խնդիր է, որը պետք է փարատվի մեր ռուս գործընկերների կողմից կոնկրետ գործողությունների գործադրման արդյունքում, որի հետևանքով ադրբեջանական զինված ուժերը կվերադառնան ելման դիրքեր և այս լարվածությունը կնվազի: Դրա արդյունքում ,կարծում եմ, որ մեր հանրության ընկալումները կփոխվեն և նշվածս կասկածները կամ մտավախությունները կփարատվեն»,- ընդգծեց Աղաջանյանը: Շարունակությունը՝ armenpress.am-ում
15:46 - 25 մարտի, 2022
Արցախի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների առնչությամբ

Արցախի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների առնչությամբ

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ Արցախի քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) նախատեսված հանցանքի հատկանիշներով և նախաքննության կատարման համար ուղարկվել Արցախի քննչական կոմիտե: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի գլխավոր դատախազությունը, նշելով, որ 2022 թվականի մարտի 24-ին ժամը ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ ծառայողներ ապօրինի մուտք են գործել ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմող Ասկերանի շրջանի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք, զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ զավթել այն և տիրացել դրա մոտակայքում գտնվող բարձունքին, այդպիսով խախտելով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: 
15:40 - 25 մարտի, 2022
Ռուսական խաղաղապահ զորակազմին չի հաջողվել լուծել իր առաքելության շրջանակում գտնվող հիմնական խնդիրը․ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ տեղերում․ Արցախի տեղեկատվական շտաբ

Ռուսական խաղաղապահ զորակազմին չի հաջողվել լուծել իր առաքելության շրջանակում գտնվող հիմնական խնդիրը․ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ տեղերում․ Արցախի տեղեկատվական շտաբ

Ինչպես արդեն հայտնել է ԱՀ պաշտպանության նախարարությունը, այսօր՝ մարտի 25-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառված Բայրաքթար տիպի ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ և 2 զոհ (անցած գիշեր՝ ևս 5 վիրավոր): Ուստի, Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ և՛ ներխուժման, և՛ հրադադարի ռեժիմի խախտումների տեսքով, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։  «Չնայած բարձրագույն մակարդակի բանակցություններին՝ արձանագրում ենք, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմին հաջողվել է այս փուլում միայն դադարեցնել Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի հատվածում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը և նրանց կողմից տարբեր տրամաչափի զենքերից իրականացվող կրակոցները: Սակայն, միևնույն ժամանակ, ընդգծում ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմին չի հաջողվել լուծել իր առաքելության շրջանակում գտնվող հիմնական խնդիրը, քանի որ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ու հարակից տարածքներ ներխուժած ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ տեղերում:  Արցախի իշխանություններն, այնուամենայնիվ, հույս են հայտնում, որ ռուսական կողմի վճռական ջանքերի շնորհիվ կհաջողվի ադրբեջանական զորքերին վերադարձնել ելման դիրքեր, իսկ Արցախի խաղաղ բնակչությանը՝ իրենց տներ, հակառակ պարագայում լուրջ կերպով կասկածի տակ են դրվում Արցախում ապրող խաղաղ բնակչությանը տրված անվտանգային երաշխիքները»։
15:35 - 25 մարտի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախում գազամատակարարման խափանումը կապել է «բարդ եղանակային պայմանների հետ»

Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախում գազամատակարարման խափանումը կապել է «բարդ եղանակային պայմանների հետ»

Ադրբեջանի արտգործնախարարությունն Արցախում իրավիճակի սրացման և գազատամակարարման խափանման վերաբերյալ հայտարարություն է տարածել։ «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալության փոխանցմամբ՝ գերատեսչությունը նշել է, որ Հայաստանի ԱԳՆ մարտի 24-ի հայտարարությունը, «որում Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ են հնչել «տարածաշրջանում իրավիճակի սրացման» համար, միջազգային հանրությանը մոլորեցնելու այդ երկրի հերթական փորձն են»։ Հայաստանի արտգործախարարությունը մարտի 24-ի իր հայտարարությունում նշել էր, որ «Եվրոպայում անվտանգային իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ Բաքվի նմանօրինակ գործողությունները [ներխուժումն Արցախի Փառուխ գյուղ և գազատարի աշխատանքի խափանումը – խմբ․] լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը»։ Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Փառուխ գյուղ ներխուժմանն՝ Ադրբեջանի ԱԳՆ նշել է․ «Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ տարածաշրջանում հստակեցվում են դիրքերն ու տեղակայման կետերը, հիսթերիայի առիթներ չկան»։ Արցախում գազի մատակարարման խափանման վերաբերյալ գերատեսչությունը հայտարարել է, որ «գազամատակարարման հետ կապված խնդիրը կապված է եղանակային բարդ պայմանների հետ»․ «Ինչ վերաբերում է բարդ եղանակային պայմանների պատճառով տարածաշրջանում գազատարների հետ կապված տեխնիկական խնդիրներին, որոնք մի քանի օր է՝ առկա են, ապա Հայաստանը մտադիր է իրավիճակն օգտագործել որպես քաղաքական մանիպուլյացիայի գործիք», - ասված է հայտարարությունում։ «Այս պահի դրությամբ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման միակ միջոցը ստորագրված համատեղ հայտարարությունների դրույթների լիարժեք իրականացումն է, ադ թվում՝ տարածաշրջանից հայկական ապօրինի կազմավորումների մնացորդների լիակատար դուրսբերումն ու հարաբերությունների կարգավորումը՝ միջազգային իրավական սկզբունքների հիման վրա», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։   Նորա Վանյան
15:21 - 25 մարտի, 2022
Տարածքը խաղաղապահների պատասխանատվության գոտում է, ակնկալում ենք հստակ պատասխան ՌԴ-ից. Էդուարդ Աղաջանյան

 |armenpress.am|

Տարածքը խաղաղապահների պատասխանատվության գոտում է, ակնկալում ենք հստակ պատասխան ՌԴ-ից. Էդուարդ Աղաջանյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ մարտի 24-25-ի իրադարձությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները գտնվել են Ռուսաստանի Դաշնության պատասխանատվության գոտում. Աղաջանյանն ընդգծեց՝  ակնկալում են ռուս գործընկերներից հստակ պատասխաններ, թե ինչի արդյունքում են այդ իրադարձությունները տեղի ունեցել: Մարտի 25-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ  Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացում է արցախահայության իրենց հայրենիքում ապրելու իրավունքից զրկելու քաղաքականություն, և տեղի ունեցողը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման հերթական դրսևորում է, որին ականատես ենք լինում հակամարտության մեկնարկից ի վեր: «Վերջին շրջանում` հետպատերազմյան ժամանակահատվածում, այս գործընթացը ձեռք է բերել առանձնահատուկ և գործնական կոնկրետ տեսք, որի մասին Հայաստանի Հանրապետության իշխանությունները բազմիցս տեղեկացրել են և ահազանգել են միջազգային հանրությանը: Այս գործընթացի գնահատականը բազմիցս տրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, վարչապետի կողմից և նաև Ազգային ժողովի պատգամավորների և, մասնավորապես, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների կողմից»,- շեշտեց Աղաջանյանը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընդգծեց`Ադրբեջանը հերթական անգամ խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: «Տվյալ պարագայում խոսքը այն կետի մասին է, որ կողմերը պարտավորվում են դադարեցնել ռազմական գործողությունները, մնալ իրենց զբաղեցրած դիրքերում և այդ սահմանագծով ռուս խաղաղապահները պետք է տեղակայվեին, որոնք  տեղակայվել են»,- հավելեց Աղաջանյանը: Էդուարդ Աղաջանյանը ուշադրությունը հրավիրեց մի կարևոր հանգամանքի վրա ` խոսքը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տիրույթում գտնվող տարածքի մասին է: «Այստեղ մեր հիմնական հարցը և աշխատանքը տվյալ պարագայում մեր ռուս գործընկերների հետ է: Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այս առաջխաղացումը, որովհետև փաստացի առաջխաղացման հետևանքով  ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում, այսինքն՝ շրջանցել են նրանց: Կրկնում են, որ սա, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթի, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է, և, հետևաբար, մեր ակնկալիքն է ստանալ հստակ պատասխաններ մեր ռուս գործընկերներից, թե ինչի արդյունքում է տեղի ունեցել սա: Մենք ակնկալում ենք, որ ամենասեղմ ժամկետներում այս խնդիրը կվերացվի և ադրբեջանական զինված ուժերը կվերադառնան այն ելման դիրքերից, որտեղից այդ առաջխաղացումը տեղի է ունեցել»,- ասաց Աղաջանյանը:  
15:15 - 25 մարտի, 2022
Արարատ Միրզոյանը Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպմանը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը

Արարատ Միրզոյանը Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպմանը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։  Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժմանը, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին, էթնիկ զտմանն ուղղված այլ քայլերին: Շեշտվել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը:
14:25 - 25 մարտի, 2022
Չենք տեսնում, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը ներխուժած ադրբեջանական ուժերին իր պատասխանատվության գոտուց դուրս մղելու գործողություններ է կատարում․ Եղոյան

Չենք տեսնում, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը ներխուժած ադրբեջանական ուժերին իր պատասխանատվության գոտուց դուրս մղելու գործողություններ է կատարում․ Եղոյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասված է․  «Այս իրադրությունը հիշեցնում է 2020 թվականի դեկտեմբերի Խծաբերդի հայտնի դեպքերը, որը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությամբ նույնպես խաղաղապահների պատասխանատվության գոտի էր: Բայց մինչև օրս այդ հատվածում խաղաղապահների գործողությունների կամ անգործության մասին նույնպես պատասխաններ չունենք: Այս պահին կարող ենք ասել, որ գործողությունները ավելի խոսուն են, քան բառերը, որովհետև մենք չեն տեսնում, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումներին իր պատասխանատվության գոտուց դուրս մղելու գործողություններ կատարում է»:
14:12 - 25 մարտի, 2022
Սերգեյ Շոյգուն Զաքիր Հասանովի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Սերգեյ Շոյգուն Զաքիր Հասանովի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում սրված իրադրության կայունացման ուղիները։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, գրում է TACC-ը։ «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ մարտի 25-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։ Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման և Անդրկովկասում անվտանգության պահպանման ուղիները»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։
14:09 - 25 մարտի, 2022
Արցախում տարբեր աստիճանի վիրավորում է ստացել ՊԲ հինգ պայմանագրային զինծառայող․ ԱՀ ՊՆ

Արցախում տարբեր աստիճանի վիրավորում է ստացել ՊԲ հինգ պայմանագրային զինծառայող․ ԱՀ ՊՆ

Ճշտված տեղեկություններով այսօր գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել ՊԲ հինգ պայմանագրային զինծառայող: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։ «Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշված է հաղորդագրության մեջ։ Այսօր առավոտյան ՊՆ-ից հայտնել էին, որ «ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր»։
13:01 - 25 մարտի, 2022
ԱՀ իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են

ԱՀ իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ այս ընթացքում Արցախի Հանրապետության իշխանությունները Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են: Գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմն իր առաքելության շրջանակում բոլոր մակարդակներում համապատասխան միջոցներ կիրառի՝ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատված ներխուժած ադրբեջանական զորքին ելման դիրքեր վերադարձնելու համար:  Դրան զուգահեռ՝ Արցախի զինված ուժերը լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում հարակից գյուղերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Ակնկալում ենք, որ հետևողական աշխատանքի արդյունքում ռուս խաղաղապահ առաքելությանը կհաջողվի իր վերահսկողության տիրույթում ծագած խնդիրները կարգավորելու և, ադրբեջանական կողմի հետ քաշումից հետո, անվտանգային լրացուցիչ երաշխիքների տրամադրմամբ խաղաղ բնակչությունը կվերադառնա իրենց տներ»:
12:55 - 25 մարտի, 2022
Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի ԶՈՒ անհապաղ դուրսբերումը ապահովելու համար․ ՀՀ ԱԳՆ

Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի ԶՈՒ անհապաղ դուրսբերումը ապահովելու համար․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈՒ շարունակվող ներխուժման վերաբերյալ․ «Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է: Ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները նախորդ գիշեր կրակ են բացել Պաշտպանության բանակի հենակետերի ուղղությամբ: Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ: Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի զինված ուժերի ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար, ինչը պիտի նշանակի ադրբեջանական ստորաբաժանումների վերադարձ մարտի 23-ի ելման դիրքեր»:
11:04 - 25 մարտի, 2022